Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Բաքուի կոմունայի վերջին օրերը

Գնալով սրւում էր դրութիւնը: Տաճկական նոր օգնութիւն էր հասել տեղի թաթարներին: Հայոց Մեծ Եղեռնի պատասխանատու Էնվէրի եղբայրը՝ Նուրի փաշան էր այս անգամ, որ նոյն հայատեաց մոլուցքով իր հրամանատարութեան տակ գտնուող զօրքը դէպի Բաքու էր շարժում, իսկ Շահումեանի յենարանը հանդիսացող Բիչերախովի զօրքը, ինչպէս տեսանք, մեծ շահագրգռութիւն չունէր կռուելու եւ հենց առաջին առիթին լքեց ճակատն ու հեռացաւ: Միւս կողմից Լենինը հաւատացած էր, թէ համաձայն Բրեստ-Լիտովսկի պայմանագրի, տաճիկները չեն գայ Բաքու. իսկ եթէ գան էլ, մեծ վտանգ չկայ, քանի որ նրանց հետ կլինեն նաեւ գերմանացիները, որ քարիւղ ստանալու պայմանագիր ունեն: Այս համոզումը հիմնուած էր ռուս-գերմանական գաղտնի բանակցութիւնների եւ կատարուած փոխադարձ զիջումների վրայ: Գերմանիան համաձայն էր ընդունել Ռուսիոյ իշխանութիւնը հարաւային եւ արեւելեան Կովկասում, եթէ իրեն Բաքուի քարիւղից բաժին հասնէր, եւ եթէ Սովնարկոմը ընդունէր Գերմանիոյ հովանաւորութիւը Վրաստանին:

Ստալինը այս բոլորի մասին տեղեկացրել էր Շահումեանին եւ հաւաստիացրել, որ գերմանացիները չպիտի խառնուեն Հայաստանի եւ Ազրբէյջանի գործերին: Օգոստոս 8-ին Շահումեանին գրած նամակում նա իր եւ Լենինի կողմից յայտնում էր, թէ խորհրդային իշխանութիւնը պիտի ստիպի գերմանացիներին ընդունել, որ Վրաստանի, Հայաստանի եւ Ազրբէյջանի հարցերը Ռուսաստանի ներքին հարցերն են, եւ եթէ Ռուսաստանը պարտադրուած լինի Վրաստանը զիջելու, ապա միւս երկուսը չի զիջի: [1] Ստալինը, ի հարկէ, չէր բացատրել, որ Հայաստանի գործերին չխառնուելը Գերմանիայի կողմից, չէր նշանակում Հայաստանի անկախութեան ճանաչում: Դա միայն կատարւում էր ըստ ռուս-գերմանական գաղտնի համաձայնութեան եւ Կովկասում նրանց ազդեցութեան գօտիների պայմանաւորուած սահմանների:

Հետաքրքրական է, որ հենց նոյն օրերին, երբ տեղի էին ունենում ռուս-գերմանական գաղտնի բանակցութիւնները, Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութիւնը Օհանջանեանի ղեկավարութեամբ Գերմանիոյ արտաքին գործոց նախարարութեան հայցում էր ճանաչել Հայաստանի անկախութիւնը: Դա, պարզ է, Գերմանիան չէր անի, բայց դիւրին էր խոստանալ, թէ պիտի պարտադրի թուրքերին պարպել Երեւանի եւ Թիֆլիսի նահանգները:

Յստակ էր այլեւս, որ Բաքուն միայնակ չէր կարող դիմադրել թրքական ուժին. օգնութիւն պիտի գար դրսից, մի «երրորդ ուժից», որ կարող էին անգլիացիները լինել, իսկ դրան համաձայն չէր Շահումեանը: Չէ՞ որ այդ քայլի դէմ նրան ազդարարել էին նաեւ Լենինն ու Ստալինը: Շահումեանը պնդում էր պահպանել միասնական ճակատը՝ «յանուն Ռուսաստանի, Բաքուի եւ Անդրկովկասի անկախութեան: Օտարերկրացիներին հրաւիրելու ամէն մի փորձ կնշանակէր հրաժարում մեր քաղաքական անկախութիւնից»: [2] Մի այլ առիթով դարձեալ անգլիական միջամտութեան մասին խօսելով, Շահումեանը կասկած է յայտնում, թէ անգլիացիները կարո՞ղ են մեծ ուժ տրամադրել, կամ, Բաքուի պաշտպանութեան մասնակցելու պարագայում, արդեօք նրանք շահագրգռութիւն կունենա՞ն Անդրկովկասում խորհրդային իշխանութիւն ստեղծելու սիրոյն առաջին շարքերում կռուելու եւ առաջանալու: [3]

Ընդլայնուած Սովետի Յուլիս 25-ի արտակարգ նիստում Շահումեանը միանգամայն դէմ է արտայայտւում նախապէս ընդունուած բանաձեւին, ըստ որի անգլիացիները պիտի հրաւիրուէին, Բաքուի իշխանութիւնը պիտի հրաժարուէր Կենտրոնական Սովետական Իշխանութիւնը ճանաչելուց եւ կոալիցիոն կառավարութիւն պիտի կազմուէր: [4] Շահումեանի բուռն ընդդիմութիւնը անտեսւում է: Որոշւում է հրաւիրել անգլիական զօրամասին, որ զօր. Դանստըրվիլի հրամանատարութեան տակ Պարսկաստան էր գտնւում: Սոսկալի բարկացած, Շահումեանը ներկայացնում է կառավարութեան հրաժարականը, որ նիստում ընդունւում է լռելեայն: Իսկ Ալեօշա Ջափարիձէն յայտարարում է, թէ բոլշեւիկները կմնան մարմնի մէջ եւ կը պայքարեն: Շահումեանը Լենինին եւ Ստալինին ուղղուած հեռագրում զեկուցում է համագումարի արդիւնքի մասին եւ եզրակացնում. «Դաշնակցականները իրենց քուէարկութեամբ մեր նկատմամբ դաւաճանութիւն կատարեցին»: [5] Նա այդ քայլի մէջ տեսնում էր դաւաճանութիւն Ռուսաստանի դէմ եւ քայքայումը Բաքուի խորհրդային իշխանութեան: Խորհրդային պատմագրութեան մէջ համայնավար պատմաբանները մոլեռանդօրէն քննադատել են այն երեւոյթը, որ Բաքուի բոլշեւիկ իշխանութիւնը չկարողացաւ չէզոքացնել ընդդիմադիր ուժերին եւ իշխանութիւնը ամբողջովին իր ձեռքն առնել: Ռանըլդ Սիւնին անդրադառնալով սրան՝ դիտել է տալիս, թէ այդ քննադատները իրազեկ չեն Բաքւում գործող ուժերի կարողութիւններին: Շահումեանը գիտէր, որ չէր կարող միայն կառավարական ուժերով քաղաքը պաշտպանել եւ պէտք ունէր Դաշնակցութեան զինեալ ուժին ու սոցիալ-յեղափոխականների համագործակցութեան: Բացի այդ, ըստ Սիւնիի, Բաքուի բանուորները այնքան հաստատուն բոլշեւիկներ չէին, որպէսզի հանդուրժէին միւս կուսակցութիւնների ոչնչացումը: [6]

Դրութիւնը ճակատագրական էր Բաքւում, իսկ Մոսկուայի խոստացած օգնութիւնը չէր իրականանում: Շահումեանը Մոսկուայի այս անտարբերութիւնից չէր յուսահատուել: Նա հաւատում էր, թէ Ռուսաստանը Բաքու կվերադառնայ, իսկ Ռուսաստանը ուշանում էր: Փաստօրէն այդ վերադարձը իրականացաւ շատ ուշ, եւ այն էլ ո՛չ թէ պրոլետարիատին փրկելու, այլ Բաքուի նաւթահորերին տիրանալու համար:

Յաջորդ մի քանի օրերի ընթացքում, կացութեան վատթարացման հետ Բաքուի Ժողովրդական Կոմիսարների Սովետը գաղտնօրէն սկսում է փախուստի պատրաստութիւններ տեսնել: Շահումեանի յոյսը՝ կենտրոնից շուտափոյթ օգնութիւն ստանալու, ի դերեւ էր անցել: Յուլիս 29-ին Լենինից ստացել էր մի հեռագիր, ուր ասւում էր. «Զօրքեր ուղարկելու նկատմամբ միջոցներ ձեռք կառնենք, բայց հաստատապէս խոստանալ չենք կարող»: [7] Յաջորդ օրը, երբ արդէն թուրքերը մօտենում էին քաղաքին եւ կոտորածի անմիջական վտանգը սպառնում էր Բաքուի 160, 000 քրիստոնեայ բնակիչներին, Ժողովրդական Կոմիսարների Սովետը, փոխանակ ժողովրդի հետ մնալու եւ ինքը առաջինը կուրծք դէմ տալու վտանգին, որոշում է հեռանալ քաղաքից եւ Բանուորա-զինուորա-նաւաստիների Խորհրդի արտակարգ նիստ է հրաւիրում: Ըստ Մելիք-Եօլչեանի վկայութեան, շնորհիվ քաղաքում տիրող խուճապին, խորհրդի 300 անդամներից ներկայանում են 70-80 հոգի միայն: [8] Շահումեանը, որ հրաժարուած լինելով հանդերձ դեռ մասնակից էր մարմնի գործունէութեան, մի երկար ճառով մեկնաբանում է իրավիճակը եւ դրա պատասխանատւութիւնը բարդում է Դաշնակցութեան վրայ՝ նրան դաւաճան համարելով: Չէ՞ որ Լենինն էլ իր հեռագրի մէջ տեղեկացրել էր Սովետների 5-րդ համագումարի որոշման մասին՝ «դաշնակների ամէն տեսակ գործողութիւնները դիտել որպէս դաւաճանութիւն»: [9] Դա էժան պատճառաբանութիւն էր՝ Բաքուի բոլոր դժուարութիւնները եւ բոլշեւիկեան իշխանութեան կրած անյաջողութիւնները մեկնաբանող:

Մնում էր ժողովրդին բացատրել, թէ ինչու է հրաժարւում սովետական իշխանութիւնը եւ ցանկանում հեռանալ քաղաքից: Շահումեանը դա էլ է ձեւակերպում, յայտարարելով, թէ քանի որ քաղաքը յանձնելը անխուսափելի է եւ «չցանկանալով խանգարել բնակչութեանը՝ օգտագործել վերջին միջոցը՝ յաղթողի գթասրտութեանը անձնատուր լինելու ցանկութիւնը, Ժողովրդական Կոմիսարիատի Սովետը որոշեց հրաժարուել»: [10] Մելիք Եօլչեանը յիշում է իր բողոքը Շահումեանին՝ նախքան նրա մեկնելը եւ Շահումեանի պատասխանը, թէ՝ «Մենք կատարում ենք համաշխարհային յեղափոխութիւն, որի ժամանակ ժողովուրդներ եւ ազգեր կարող են ոչնչանալ: Ի՞նչ ցաւ, եթէ սոցիալիզմը իրագործելու համար անգամ հայ ազգը զոհուի»: [11] Նոյնանման արտայայտութիւն վկայագրում է նաեւ Գրիգոր Ամիրեանը: Սեպուհի եւ Մուրատի հետ ունեցած հանդիպման ընթացքում Շահումեանը դարձեալ դէմ էր արտայայտուել անգլիացիներին հրաւիրելու եւ պատճառաբանել, որ եթէ անգլիացիները Բաքու մտնեն, այլեւս չեն հեռանայ, իսկ եթէ թուրքերը մտնեն, ռուսները դիւրութեամբ կարող են հանել նրանց: Երբ Սեպուհն ու Մուրատը հարցապնդում էին կատարել, թէ այդ դէպքում ի՞նչ կլինի հայերի վիճակը, Շահումեանը պատասխանել էր. «Համաշխարհային Յեղափոխութեան յաղթանակի համար ի՞նչ նշանակութիւն ունի հայ ժողովրդի գոյութիւնը»: [12]

Որքան էլ որ Շահումեանը զերծ չէր ազգային զգացումներից, նա զոհ գնաց լենինեան քաղաքականութեան՝ բոլշեւիզմի յաղթանակի համար զոհել ամէն ինչ. այս ծիրում կարելի էր նաեւ բոլշեւիկների նահանջի դէպքում հրկիզել Բաքուն եւ նրա բնակչութիւնը: [13] Արդեօք Շահումեանը տեղեա՞կ էր այս հրահանգից: Ռուբէն Խուրշուդեանը լենինեան քաղաքականութեան հիմքում տեսնում է Լենինի անձնական յատկանիշները, որոնք ըստ Պուգաչեւի, խտանում են մի քանի բառի մէջ՝ «ծայրայեղ դաժան մարդատեաց», իսկ Լենինի քաղաքական դէմքը Խուրշուդեանը բնութագրում է ըստ Վոլկոգոնովի, որը ընդգծում է Լենինի մէկ խօսքը իբրեւ արտացոլքը նրա համոզումների. «Թքել եմ Ռուսաստանի վրայ, քանի որ բոլշեւիկ եմ»: Ռուբէն Խուրշուդեանը այս յատկանիշներով է բացատրում Լենինի անտարբեր վերաբերմունքը դէպի հայոց ցեղասպանութիւնն ու Բաքուի հայ բնակչութեան ջարդը ու դիտել է տալիս. «Հայ բոլշեւիկները կուրօրէն հետեւեցին լենինեան քաղաքականութեանը եւ օբիեկտիւօրէն ուղի հարթեցին սեփական ժողովրդի կործանման համար»:

Բաքուի բանուորներին ուղղուած վերջին կոչում Շահումեանը այլ պատճառաբանութիւն է տալիս իր եւ իր կառավարութեան հրաժարման մասին: Նա յայտարարում է, թէ Դաշնակցութիւնը խոստացել էր յաւելեալ օգնական ուժեր հասցնել ճակատ եւ իր խոստումը չկատարեց: Այդու, բանակի հրամանատարութիւնը այլընտրանք չունէր բացի քաղաքի յանձնումը թշնամիներին: Եւ քանի որ Հայոց Ազգային Խորհրդի նախագահ Աբրահամ Գիւլխանդանեանն էլ եկաւ հաստատելու, թէ Հայոց Ազգային Խորհուրդը վճռել է «սպիտակ դրօշ բարձրացնել եւ անձնատուր լինել յաղթողների գթասրտութեան», ուրեմն այս «դաւաճանութիւնից» յետոյ ուրիշ ելք չէր մնում եւ «Ժողովրդական Կոմիսարների Սովետը որոշեց հրաժարուել իր լիազօրութիւններից եւ նաւերով էւակուացիայի ենթարկել Ռազմական ուժերն ու Սովետական Ռուսաստանին պատկանող պետական գոյքը»: [14] Ինչպէս Աբրահամ Գիւլխանդանեանն է վկայում, այդ գոյքերի մէջ էին «ոչ միայն բանկային հարստութիւններ ու ռազմամթերք, այլ եւ զօրքին պատկանող հագուստեղէն, ուտելիք, մաքսատան հազարաւոր հակերով մասնաւոր անձնաւորութիւնների եւ ընկերութիւնների պատկանող ապրանքներ»: [15]

Նոյն գիշերը Դաշնակցութեան Կ. Կ. ն ժողով է գումարում՝ իրավիճակին ելք գտնելու համար: Մասնակցում էր նաեւ Ռոստոմը: Նիստի ընթացքում լուր է ստացւում, թէ անգլիական ուժերը պատրաստ են Պարսկաստանի Էնզելիից դէպի Բաքու շարժուելու: Այդ լոյսի տակ որոշւում է քաղաքի պաշտպանութիւնը շարունակել եւ չյանձնուել Նուրի փաշայի զօրքերին, որոնք 15 մղոն հեռու կանգնած՝ քաղաքը յանձնելու պահանջով վերջնագիր էին ներկայացրել: Այս նոյն ժամանակ, Կասպից Ծովի ռազմական նաւատորմի կենտրոնական կոմիտէն հրաւիրում է Բաքուի նաւահանգստում մնացած ռազմանաւերի ներկայացուցիչներին եւ Բաքուն անգլուխ չթողնելու համար, որոշում է ղեկը իր ձեռքն առնել: Ստեղծւում է «Դիկտատուրա Կասպիան Նաւատորմի» (Ցենտրօկասպիայի Դիկտատուրա), որը սակայն զգալով, որ առանձին չի կարող վարել շրջանը, կազմի մէջ է հրաւիրում երեքական ներկայացուցիչներ երեք կուսակցութիւններից: Դաշնակցութեան կողմից իբրեւ հայկական ներկայացուցչութիւն մասնակցում են Ալեքսանդր Առաքելեանը, Սերգէյ Մելիք-Եօլչեանը եւ Աւետիս Օհանջանեանը: Մէկ շաբաթ յետոյ որոշւում է կազմի մէջ հրաւիրել երեք հոգի եւս, որոնց մէջ նաեւ Ռոստոմը: [16]

Նոր իշխանութիւնը կարգադրում է հետապնդել փախչողներին եւ առած աւարի հետ միասին վերադարձնել Բաքու: Հրահանգը կատարւում է. ափ է իջեցւում աւարը, եւ նախկին կառավարութեան անդամները կալանքի տակ են առնւում: Իրենց փախուստը արդարացնելու համար կոմունիստները ուժեղ քարոզչութիւն են սկսում: Շահումեանը կոչեր է ուղղում «իշխանութիւնը զաֆթած գեադա դաշնակցականների եւ վերակենդանացած մեռելներ՝ մենշեւիկների…», մանաւանդ՝ «մենշեւիկ Սադովսկու եւ դաշնակ Եօլչեանի» դէմ: Կոչերը հրատարակւում են «Բակինսկիյ ռաբոչիյ» թերթում:

Սեպտեմբեր 14-ին, երբ ծանր ռազմական անյաջողութիւններից ելնելով՝ Դիկտատուրան որոշում է Բաքուն յանձնել օսմանեան բանակին եւ հեռանալ, Միկոյեանին յաջողւում է ստանալ բանտարկեալների ազատագրման իրաւունքը: Բաքուի ջարդը սկսելուց քիչ առաջ կոմիսարները նաւահանգիստ են հասնում: Սիւնին գրում է, թէ դաշնակցական հրամանատար Թադէոս Ամիրեանը բանտարկեալներին առաջարկում է մտնել «Թուրքմեն» նաւը, որով նա իր զօրաբաժինն էր Աստրախան տանում: [17] Նա նոյնիսկ նաւի պաշտօնեաների յարձակումներից պաշտպանում է կոմիսարներին: Մէկ այլ վկայութեամբ, նաւի պաշտօնեաները մերժում են Աստրախան գնալ, պատճառաբանելով որ իրենց ընտանիքները Պետրովսկ կամ Կրասնովոդսկ են տարուած. բացի այդ, Աստրախանը բոլշեւիկների տիրապետութեան տակ էր: Այս կէտից տարբերւում են Մելիք Եօլչեանի, Ռանըլդ Սիւնիի, Ֆիրուզ Քազեմզադեհի եւ Ջորջ Բրինքլիի նկարագրածները: Իրականութիւնը պարզ չէ: Այն, ինչ որ յայտնի է՝ 26 կոմիսարները Կրասնովոդսկ են տարւում, ուր եւ ձերբակալւում են քաղաքի իշխանութեան կողմից: Միջամտում է անգլիացի զօր. Մալլըսոնը՝ Թիգ-Ջոնզի միջոցով, նպատակ ունենալով բանտարկեալներին իր հսկողութեան տակ առնել՝ յետագայում անգլիացի բանտարկեալների հետ փոխանակելու համար: Մի շարք թիւրիմացութիւններից յետոյ, ասւում է, թէ Աշխաբադի իշխանութեան գլուխ Ֆունտիկովը հարբած ժամանակ հրաման է ուղարկում Կրասնովոդսկի իշխանութեան պետ Քունին՝ բանտարկեալներին Աշխաբադ ուղարկելու փոխարէն գնդակահարել: Սեպտեմբերի 19-ին կոմիսարները գնացք են նստեցւում իբրեւ թէ Աշխաբադ տարուելու համար: Յաջորդ առաւօտ լուսաբացին մի անյայտ վայրում նրանք ցած են իջեցւում եւ կատարւում է սպանութիւնը՝ խողխողումով ու գնդակահարութեամբ: Յետագայում Ֆունտիկովը, որ բանտարկուած էր արդէն, իրեն արդարացնելու համար մի թղթակցի յայտնում է, թէ անգլիացիների հրամանով է կատարուել սպանութիւնը: Դա բաւական էր, որ բոլշեւիկեան իշխանութիւնները ամբողջ յանցանքը բարդէին անգլիացիների վրայ եւ նրանց դէմ նոր քարոզչութիւն սկսէին: Այս մեղադրանքից անմասն չմնաց նաեւ Դաշնակցութիւնը, եւ հայ բոլշեւիկները օգտագործեցին պարագան՝ վարկաբեկելու եւ զրպարտելու Դաշնակցութեան:

 



[1] Սիմոն Վրացեանը մէջբերում է կատարում Շահումեանին ուղղուած Ստալինի նամակից եւ նշում աղբիւրը: Տես՝ «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 159:

[2] Շահումեան, «Երկեր», էջ 360:

[3] Նոյն տեղում, էջ 369:

[4] Նոյն տեղում, էջ 387-389:

[5] Նոյն տեղում, էջ 390: Ըստ Շահումեանի Լենինին եւ Ստալինին ուղղուած զեկոյցին, աջ էսէռները (սոցիալ-յեղափոխականներ), դաշնակցականների եւ մենշեւիկների հետ, 259 ձայնով դէմ էին գնացել բոլշեւիկներին եւ ձախ էսէռներին, որոնք ստացել էին 236 ձայն: Հետաքրքրական է այն երեւոյթը, որ գնդ. Բիչերախովը, որ սկզբից էլ համարւում էր անգլիացիների բարեկամ, դեռ նախքան Բաքու գալը, պնդել էր անգլիացիների ուժը օգտագործելու եւ նրանց Բաքուի պաշտպանութեան մասնակից դարձնելու վրայ: Շահումեանը քննադատել էր այդ դիրքորոշումը, բայց նրան հաւատացրել էին, որ Բիչերախովը փոխել է իր արեւելումը եւ կարելի է նրան վստահել: (տես՝ Շահումեանի 7 Յունիս, 1918 թուակիր նամակը Ժողկոմսովետին, «Երկեր», էջ 268-272):

[6] The Baku Commune, 1917-1918, էջ 322-323:

[7] Գաբրիէլ Լազեան, «Հայաստան Եւ Հայ Դատը», էջ 196:

[8] Եօլչեան, «Բագուի Հերոսամարտը», «Հայրենիք» ամսագիր, Գ. տարի, թիւ 9, Յուլիս, 1925:

[9] Տես՝ սոյն գլխի ծանօթ. թիւ 13:

[10] Շահումեան, «Երկեր», էջ 397:

[11] «Բագուի Հերոսամարտը», «Հայրենիք» ամսագիր, Գ. տարի, թիւ 9, Յուլիս, 1925, էջ 70:

[12] Տես՝ Գրիգոր Ամիրեանի յօդուածը «Ռոստոմ» հատորում, էջ 389:

[13] Տես՝ Ռուբէն Խուրշուդեանի «Եղեռնը եւ Բոլշեւիզմը» յօդուածը «Հայոց Ցեղասպանութիւն, Պատճառներ եւ Դասեր» հատորում՝ «Անլռելի Զանգակատուն» մատենաշար, (Երեւան, հրատարակութիւն Ազգային Հարցի եւ Գենոցիդի Ուսումնասիրութեան Կենտրոնի, 1995), էջ 21-35: Հրահանգի մասին տես՝ էջ 30:

[14] Կոչը տես՝ Շահումեան, «Երկեր», էջ 393-400:

[15] Տես՝ Աբրահամ Գիւլխանդանեան, «Բագուի Հերոսամարտը եւ Օգոստոս 5-ը» յօդուածը «Պատմագրութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան», (յօդուածների ժողովածու) դ. հատոր, (հրատարակութիւն Հ. Յ. Դաշնակցութեան Բիւրոյի, 1995), էջ 35: Յօդուածը հրատարակուած է եղել «Վէմ» պարբերագրքում, Փարիզ, Ա. տարի (1933), թիւ 2, «Օգոստոս Հինգ» խորագրով:

[16] Եօլչեան, «Բագուի Հերոսամարտը», «Հայրենիք» ամսագիր, Գ. տարի, թիւ 10, Օգոստոս, 1925, էջ 97: Նաեւ՝ «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 170-171:

[17] The Baku Commune, 1917-1918, էջ 336: