Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Հակադաշնակցական պայքար

Ստալինի անհանդուրժողութիւնը Անդրկովկասը ղեկավարող ազգային կուսակցութիւնների հանդէպ օգտագործուեց հայ բոլշեւիկների, մասնաւորապէս նրանց կենտրոն՝ Հայկական Գործերի Կոմիսարիատի կողմից։ Գործի դրուեցին հակադաշնակցական մի շարք միջոցներ։ Նախ՝ քարոզչական գետնի վրայ պարբերաթերթեր էին հրատարակւում, ինչպէս՝ «Կոմունիստ»ը եւ «Կարմիր Դրօշակ»ը, լեցուն «հակաբուրժուական», հակազգային, հակադաշնակցական յօդուածներով ու լոզունգներով. հայ աշխատաւորներին ուղղուած թռուցիկներ էին ցրւում թէ՛ Կովկասում, թէ՛ Թրքահայաստանում՝ «մերկացնելու» համար Դաշնակցութեան «իմպերիալիստական» նպատակներն ու «բուրժուական» բնոյթը։ Յետոյ, քաղաքական գործնական մարզում, հենց հայ բոլշեւիկների միջոցով սաբոտաժի էին ենթարկւում Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան, այլ խօսքով, Դաշնակցութեան փորձերը՝ համաձայնութեան եզրեր գտնելու Լենինի կամ Չիչերինի հետ։

Արդարեւ, բոլշեւիկեան յեղաշրջման առաջին ամիսներին աւելի մեծ էր Դաշնակցութեան համագործակցութեան կարելիութիւնը բոլշեւիկեան իշխանութեան հետ։ Լիպարիտ Նազարեանցը վկայում է, որ Տրոցկու միջոցով նոյնիսկ հնարաւոր էր եղել ապահովել Լենինի հաւանութիւնը՝ բանակցութիւններ սկսելու Դաշնակցութեան հետ, որը, Տրոցկու բառերով, «ղեկավար դեր կը խաղայ հայ իրականութեան մէջ»։ [1] Բանակցութիւնները չէին իրականացել. Տրոցկին դիտել էր տուել, թէ՝ «Դժբախտաբար մենք ի վիճակի պիտի չլինենք իրագործելու պայմանաւորուած խորհրդակցութիւնը, վասնզի համաձայն մեր ստացած տեղեկութիւնների, Դաշնակցութիւնը կը հետեւի անգլիական օրիենտասիոնի, որով մեր ընդհանուր աշխատանքը անհնարին կը դառնայ»։ [2] Ըստ Նազարեանցի, հայ բոլշեւիկներն էին այդ «տեղեկութիւնները» փոխանցել եւ բողոքել՝ Հայկական Գործերի Կոմիսարիատին շրջանցած ու արհամարհած լինելու համար։

Բաքուի անկումից յետոյ եւ ի հետեւանք Ստեփան Շահումեանի եւ Բաքուի միւս 25 կոմիսարների սպանութեան, Մոսկուայի իշխանաւորները աւելի անհանդուրժող դարձան Հայաստանի կառավարութեան, մանաւանդ՝ Դաշնակցութեան հանդէպ։ 26 կոմիսարների սպանութեան մէջ մեղադրուեցին անգլիացիները եւ իբրեւ թէ դրանց հետեւորդ՝ Դաշնակցութիւնը։ Սպանութիւնը դիտուեց որպէս մէկ օղակը՝ Մոսկուայի բոլշեւիկեան իշխանութիւնը տապալելու Դաշնակիցների հակաբոլշեւիկեան հարուածների։ Այդ հոսանքը չէզոքացնելու համար Մոսկուան խիստ քայլերի դիմեց եւ աւելի անհանդուրժող ու մերժողական կեցուածք որդեգրեց ոչ-բոլշեւիկ կազմակերպութիւնների ու կառոյցների հանդէպ։ Հայկական Գործերի Կոմիսարիատն էլ իր հերթին օգնեց Շահումեանի սպանութեան մեղադրանքից Դաշնակցութեանը բաժին հանելու։ Վարլամ Աւանէսովը 1918, Դեկտեմբեր 1-ի (մօտաւոր թուական) «Դաշնակցութեան պարտիայի Կենտրոնական Կոմիտէին եւ Արեւելեան Բիւրոյին» ուղղուած մի ռադիոգրով Շահումեանի սպանութեան յանցանքը բարդում էր Դաշնակցութեան վրայ։ [3]

Ընդհանրապէս անկախ Հայաստանի գոյութիւնը, իբրեւ հայ բոլշեւիկներին անընդունելի մի երեւոյթ, ինչպէս նաեւ Բաքուի բոլշեւիկեան իշխանութեան կրած ջախջախիչ պարտութիւնը առիթ էին տուել Հայկական Գործերի Կոմիսարիատին՝ աւելի ընդլայնելու հակադաշնակցական պայքարը։ [4] Այս բոլորով հանդերձ, Դաշնակցութեան Մոսկուայի ներկայացուցիչները շարունակում էին հետապնդել իշխանութիւնների հետ բանակցելու փորձերը։

Առաջին ձախող փորձից չյուսահատուելով՝ Հայաստանի կառավարութիւնը այս անգամ Սահակ Տէր-Գաբրիէլեանի միջնորդութեան էր դիմել՝ հաւատալով, որ նա էլ մտահոգուած է Հայաստանի իրավիճակով։ Եւ իրօք, նուիրուած բոլշեւիկ լինելով հանդերձ, Տէր-Գաբրիէլեանը լաւ հայ էր եւ համոզուած, որ ռուս-հայկական գոնէ առժամեայ համաձայնութիւնը օգտակար կլինի Հայաստանին։ Այնուամենայնիւ, նրա միջնորդութեամբ կազմակերպուած հանդիպումը եւս սաբոտաժի ենթարկուեց։ 1918, Օգոստոս 27-ին նշանակուած առաջին նիստին Զաւրիեւը, Նազարեանցը եւ Արտաշէս Չիլինգարեանը Աւանէսովի գրասենեակում իզուր սպասեցին բոլշեւիկ ներկայացուցիչներին՝ Կամենեւին, Աւանէսովին եւ Տէր-Գաբրիէլեանին։ Նազարեանցը յիշում է այդ ապարդիւն սպասումը. բոլշեւիկները չեն ներկայանում ժամադրութեան, իսկ երեք դաշնակցական գործիչները ձերբակալւում են նոյն գիշերը։ Եւ հակառակ այն իրողութեան, որ Զաւրիեւը համագործակցութեան պատգամաբեր էր Մոսկուայում, որ նա գնացել էր Շահումեանի կիսատ թողած բանակցութիւնները շարունակելու, Մակինցեանի մատնութեամբ միւսների հետ բանտարկւում եւ պատանդ է պահւում Շահումեանի դիմաց։ Այս ձերբակալութիւնը արձագանք է գտնում Երեւանում. Բեռլինի եւ Պոլսի հայկական պատուիրակութիւնները՝ Համօ Օհանջանեանի եւ Աւետիս Ահարոնեանի նախագահութեամբ, եւրոպացի դիւանագէտների ու արտասահմանի խորհրդային ներկայացուցիչների միջնորդութեան են դիմում, սակայն՝ անօգուտ։ [5] Ապարդիւն է անցնում նաեւ անուանի բոլշեւիկ Արշաւիր Մելիքեանի միջնորդութիւնը։ [6] Բաքուի դէպքերին որպէս հակադարձ, Մոսկուայի մի շարք բոլշեւիկ գործիչներ պահանջել էին իբրեւ պատանդ Մոսկուայում ձերբակալել մենշեւիկ, էսէռ եւ դաշնակցական գործիչներին։ «Այս պահանջը փութաց կատարել միայն Հայկական Կոմիսարիատը ու ձերբակալել տուաւ դաշնակցականները», գրում է Լիպարիտ Նազարեանցը։ [7] Կալանքի տակ առնուած դաշնակցականները վերջապէս ազատւում են 1919-ի Մարտին, բայց մէկ ամբողջ տարի իրաւունք չի տրւում նրանց Մոսկուայից դուրս գալու։ Այսպէս, Զաւրիեւը, որ հիւանդանոցում էր աշխատում, վարակւում է բծաւոր տիֆով ու մահանում, իսկ միւսները, մեծ դժուարութիւններից յետոյ, կարողանում են արտասահման անցնել։

Յատկանշական է, որ Բաքւում պատանդ պահուած Շահումեանի զաւակի եւ Ջափարիձէի կնոջ ազատութեան դիմաց պահանջւում էր Զաւրիեւին ու Նազարեանցին ազատ արձակել։ Պատանդների փոխանակման համար եղած նամակագրութիւնը ցոյց է տալիս, թէ Հայաստանի կառավարութիւնը ինչ քայլերի էր դիմել զանազան միջոցներով, օրինակ՝ Յովհաննէս Թումանեանի, Դանիայի Կարմիր Խաչի եւ այլ ազդեցիկ անհատների ու կազմակերպութիւնների միջնորդութեան դիմելով, Մոսկուայի իր ներկայացուցիչների ազատ արձակումը յաջողեցնելու։ [8]

Հայ բոլշեւիկների պայքարը դաշնակցականների եւ ընդհանրապէս Անդրկովկասում ստեղծուած ազգային հանրապետութիւնների դէմ շարունակւում է։ 1919-ի Մարտին Մոսկուայում գումարուած 3-րդ Միջազգայնականին, Գուրգէն Հայկունին օգտագործում է առիթը թշնամական եւ ատելութեամբ լի արտայայտութիւններ ուղղելու բոլշեւիզմի դէմ դուրս եկած դաշնակներին եւ մուսաւաթականներին։ «Ազգային անկախութիւն» պիտակի տակ դրանք «գիւղացիութեան արիւնն են ծծում», յայտարարում է նա ու համոզուած եզրակացնում, թէ «Հայաստանի կառավարութիւնը աւազակային խումբ է», իսկ Հայաստանի Կոմունիստական Կուսակցութիւնը՝ միակ ուժը, որ կարող է ապահովել բոլշեւիզմի յաղթանակը Հայաստանում։ [9]

Հայկական Գործերի Կոմիսարիատի եւ հայ անհատ բոլշեւիկների այս վարկաբեկիչ գործունէութեան պատճառով հայ մեծ բանաստեղծ, հաւատաւոր բոլշեւիկ եւ Հայկական Գործերի Կոմիսարիատի վարիչի օգնական Վահան Տէրեանը 1919-ի Մայիսին իր հրաժարականն է ներկայացնում թէ՛ բոլշեւիկ կուսակցութիւնից եւ թէ՛ Հայկական Գործերի Կոմիսարիատից։ Տէրեանը իր բացատրողականի մէջ յիշում է, ի միջի այլոց, որ կուսակցութեան եւ Կոմիսարիատի մէջ են խուժել մի շարք հայ պատեհապաշտներ, յանձին Գուրգէն Հայկունու, եւ անընդունելի գործունէութիւն են ծաւալել։ [10]

Գուրգէն Հայկունին իր փոքրաթիւ «Հայաստանի Կոմունիստական Կուսակցութիւն»ով մեծ աղմուկ էր հանել Կովկասում եւ Մոսկուայի իշխանութիւնների վստահութիւնն էր շահել։ Նա կենտրոնից ստացած հսկայ գումարները արեւմտահայ գաղթականների մէջ բոլշեւիզմ քարոզելու համար ծախսելու փոխարէն, դրանք հակադաշնակցական պայքարին էր յատկացրել։ Հայաստանի Կոմունիստ Կուսակցութեան գործունէութիւնը վերլուծելով՝ Րիչըրդ Յովհաննիսեանը մէջբերում է կատարում Ռուսաստանի Կենտկոմի քարտուղար Էլենա Ստասովայի 1919-ի Օգոստոսին Կովկասի Երկրային Կոմիտէին ուղղած նամակից, ուր նշուած էր, թէ Հայաստանի Կոմունիստ Կուսակցութիւնը լիազօրուած է գործիչներ (ագենտներ) ուղարկելու Հայաստան՝ հակադաշնակցական պայքարը այնտեղ ընդլայնելու համար։ Գուրգէն Հայկունին կարողացել էր Մոսկուայում ազդեցիկ հովանաւորներ շահել, եւ դրանցից մէկն էլ Հայկական Գործերի Կոմիսարիատի վարիչ Աւանէսովն էր։ Այդու, պատահական չէր, որ Վահան Տէրեանի հրաժարումից յետոյ նրա պաշտօնին նշանակուեց Հայկունին։ Իսկ նրա ստեղծած «Հայաստանի Կոմունիստական Կուսակցութիւն»ը, որ շփոթ էր առաջացնում Հայաստանում գործող բոլշեւիկների մէջ եւ Կովկասի Երկրային Կոմիտէի թշնամութիւնն էր հրահրում, գոյատեւեց մինչեւ 1920-ի ամառը եւ աստիճանաբար ներքաշուեց Կովկասի Երկրային կառոյցների մէջ։ Բայց կենտրոնը երբեք նրա լուծարման հրահանգը չարձակեց։

Հայկական Գործերի Կոմիսարիատի անզիջում կեցուածքը Հայաստանի անկախութեան գաղափարի եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան նկատմամբ, արգելեց Մոսկուա-Երեւան համագործակցութեան ամէն հաւանականութիւն։ Խափանուեց Հայաստանի կառավարութեան եւ Դաշնակցութեան ճիգը՝ ապահովելու Մոսկուայի իշխանութեան հանդուրժողութիւնը անկախ Հայաստանի հանդէպ։ Վրացեանը ցաւով է արտայայտւում հայ բոլշեւիկների կատարած դերի մասին. «ստերով ու չարախօսութիւններով զինուած հայ բոլշեւիկները Մոսկուա էին դիմում այն պահուն, երբ Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութիւնը Լեւոն Շանթի գլխաւորութեամբ բանակցութիւններ էր վարում Խորհրդային Կենտրոնական կառավարութեան հետ»։ [11] Եւ մի այլ առիթով այն համոզումն է արտայայտում, թէ «Եթէ Հայաստանի վարիչները ազատ լինէին իրենց յարաբերութիւնների մէջ ռուսների հետ եւ ամէն րոպէ չհանդիպէին հայ բոլշեւիկների չարախօսութեանց ու դաւերին, հայ ժողովրդի գլխին եկած աղէտների մի կարեւոր մասը տեղի չէր ունենայ։ [12]

Յատկանշական է Հայկական Գործերի Կոմիսարիատի կատարած դերը համեմատել իթթիհատականների Մոսկուայում ստանձնած միջնորդութեան հետ։ Հայ բոլշեւիկների ընթացքի ճիշտ հակառակ ուղղութիւնը որդեգրած՝ Թուրքիոյ նախկին տէրերը, ինչպէս պիտի տեսնենք, թէկուզ ինչ նպատակներով էլ որ լինէր, փորձում էին ամէն գնով յաջողեցնել քեմալական Թուրքիոյ բարենպաստ յարաբերութիւնները Ռուսաստանի հետ։



[1] Նազարեանց, «Դրօշակ»ի յօդուած, էջ 233։

[2] Նոյն տեղում։ Հայկական Գործերի Կոմիսարիատի կատարած դերի մասին, տես նաեւ՝ Գ. Լազեանի «Քաղաքական Յարաբերութիւններ՝ Ռուսաստանի Ճակատի Վրայ (1917-1918)» յօդուածը՝ «Պատմագրութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան» հատոր 4-ի մէջ տեղադրուած։

[3] Տես՝ «Հոկտեմբերեան», փաստաթուղթ թիւ 161, էջ 256-258։

[4] Տես՝ The Republic of Armenia, vol. I, էջ 395-396։

[5] Այս առիթով կատարուած դիմումները եւ յղուած նամակները, տես՝ Հ. Հ. Կ. Պ. Պ. Ա. ֆոնտ 200, ցուցակ 1, գործ 80, էջ 63-91։

[6] Նրա յղած նամակը տես՝ Հ. Հ. Կ. Պ. Պ. Ա. ֆոնտ 200, ցուցակ 1, գործ 141, էջ 20-21։

[7] Նազարեանց, «Դրօշակ»ի յօդուած, էջ 233։

[8] Գրութիւնները պահուած են Հ. Հ. Կ. Պ. Պ. Ա. ֆոնտ 200, ցուցակ 1, գործ , թերթ 23 եւ 30։

[9] The Republic of Armenia, vol. I, էջ 412։

[10] Գուրգէն Հայկունու եւ Հայաստանի Կոմունիստական Կուսակցութեան մասին, տես՝ նոյն տեղում, էջ 409-414։

[11] Սիմոն Վրացեան, «Հայաստանը Բոլշեւիկեան Մուրճի Եւ Թրքական Սալի Միջեւ», (Բոստոն, Հրատ. Հ. Յ. Դ. Ամերիկայի Կեդր. Կոմիտէի, 1941), էջ 152։

[12] Նոյն տեղում, էջ 146։