Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Հայ բոլշեւիկները՝ նոր ազդակ Հայաստանում

Ինչպէ՞ս հալածել կամ ձերբակալել «մեզ պէս ընկերվարական կոմունիստներին», «մեր երէկուայ ընկերներին»։ [1] Այս էր վերաբերմունքը Հայաստանի կառավարութեան, նաեւ շատ դաշնակցական ղեկավարների, Հայաստանի անկախութեան հռչակումից ի վեր երկրում խռովութիւն եւ գրգռութիւններ նիւթող հայ բոլշեւիկների հանդէպ։

Կովկասի բոլշեւիկները ընդհանրապէս Կովկասում կազմուած երեք ազգային հանրապետութիւնները նկատում էին որպէս ժամանակաւոր իրադրութիւն, որ պիտի փոխուէր, եւ Կովկասը պիտի դառնար մէկ անբաժան միաւորը Ռուսաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեան։ Այս տրամադրութիւնը իր խօսուն արտայայտութիւնը գտաւ 1918-ի Նոյեմբեր 15-ին Թիֆլիսի արուարձաններից մէկում գումարուած բոլշեւիկեան համագումարում ու դարձաւ բոլշեւիկեան գործունէութեան ուղեգիծը Կովկասում։ «Ռուսաստանի կոմունիստական պարտիայի անդրկովկասեան կազմակերպութիւնների» այդ «կոնֆերանս»ից հանուած բանաձեւը Ազրբէյջանի, Հայաստանի եւ Վրաստանի կառավարութիւններին համարում է «հասարակապետութիւններ», որոնք կեանքի են կոչուել՝ կռուելու Անդրկովկասի բանուորութեան եւ գիւղացիութեան դէմ եւ ջլատելու նրանց միացած ուժը։ Բանաձեւում յարձակման են ենթարկւում ազգային խորհուրդները, ազգային բանակները եւ այլն։ Որոշում է կայանում բուռն պայքար սկսել այդ բոլորի դէմ մինչեւ խորտակումը Անդրկովկասի հակայեղափոխական բոյների։ [2] Ու երբ Վրաստանի կառավարութիւնը հատու քաղաքականութեամբ վերջ տուեց նրանց խափանարար գործունէութեան, Հայաստանի կառավարութիւնը ո՛չ միայն ապաստան տուեց ու փրկեց կեանքը Սարգիս Կասեանի, Ասքանազ Մռաւեանի, Սարգիս Խանոյեանի, Եգոր Երզնկեանի, Աւիս Նուրիջանեանի եւ այլ բոլշեւիկ ղեկավարների, այլեւ զանազան պաշտօններ վստահեց նրանց։ Այնուամենայնիւ, թէեւ նրանք խոստացել էին ո՛չ մի քաղաքական գործունէութիւն չտանել, առաքելութիւն էին համարում ներթափանցել հայ զանգուածների մէջ եւ հակակառավարական ու հակադաշնակցական սերմեր ցանել։ Նրանք շահագործում էին տրուած ազատութիւնը։ Ուսուցչական իրենց պաշտօններն անգամ օգտագործում էին դպրոցներում նոր սերնդի մէջ բոլշեւիկեան քարոզչութիւն կատարելու։

Հայաստանի կառավարութիւնը չհակազդեց, երբ 1919-ի Մարտին Թիֆլիսից տեղեկացնում էին, թէ Թիֆլիսի բանտից ազատուած եւ Հայաստանում ապաստան գտած Բագրատ Ղարիբջանեանը Ալեքսանդրապոլում բոլշեւիկեան բջիջներ է կազմում եւ հակակառավարական քարոզչութիւն կատարում։ Կառավարութիւնը չանսաց Անդրկովկասի բրիտանական ուժերի հրամանատարի տեղակալ, զօր. Ստաֆֆի պահանջին՝ բոլշեւիկ ղեկավարութեանը պատժելու եւ այդ կազմակերպութիւնը վերացնելու Հայաստանից։ Հայաստանի կառավարութեան այս վերաբերմունքի բերումով հայ բոլշեւիկ գործիչներին յաջողուեց 1919-ի ամառը վերջապէս ի մի բերել ստեղծուած բոլշեւիկեան բջիջներին եւ նրանց մէջ կապ հաստատել։

Այս բոլորով հանդերձ, այնքան աննշան էր բոլշեւիկների գործունէութիւնը Հայաստանում, որ երկու տարի ուշացումով հազիւ հնարաւոր էր եղել կատարել Լենինի հրամանը՝ մենշեւիկներից բաժանուելու եւ բոլշեւիկեան առանձին կազմակերպութիւններ ստեղծելու։ Գործի յաջողութեանն օգնեցին Բաքուի ճարտարարուեստական կենտրոններից եկած բանուորները, որոնք կենդանի քարոզչութիւնն էին կատարում իրենց հոգիներում բոյն դրած, բանուորների պաշտպան բոլշեւիզմի գաղափարաբանութեան, իսկ Հայաստանում տիրող ծայր աստիճան աղքատութիւնն ու տնտեսական դժուարութիւնները պատրաստի հող էին մանաւանդ իդէալիստ երիտասարդութեանը կառավարութեան երբեմն անբաւարար կամ անճարակ միջոցառումների դէմ հանելու եւ նրան համայնավար դրօշի ներքոյ բերելու։ Երիտասարդութեան այս հակակառավարական, համայնավարական շարժումը համախմբուեց «Սպարտակ» երիտասարդական կազմակերպութեան մէջ, որի ղեկավարն էր նուիրուած ու եռանդուն երիտասարդ Ղուկաս Ղուկասեանը։ Հայաստանի կառավարութիւնը, ճիշտ է, արգելեց նրա հրատարակած «Սպարտակ» պարբերաթերթը, բայց Ղուկասեանը մնաց ազատ՝ աւելի լայն տարածելու հակակառավարական իր գործունէութիւնը։

1919-ի Սեպտեմբերին Երեւանում հրաւիրուեց բոլշեւիկ բջիջների առաջին ներկայացուցչական-խորհրդակցական ժողովը։ Ժողովին ներկայացել էին, սակայն, 10-12 անհատներ միայն. ներկաները ընդունել էին համագումարը կազմակերպող Ասքանազ Մռաւեանի թելադրանքները ապագայ գործունէութեան մասին, իրենց միջից ընտրել էին մի մարմին, որ Ռուսաստանի Կոմունիստական պարտիայի Հայաստանի Կոմիտէ՝ Արմէնկոմ կոչուեց եւ բաղկացած էր հետեւեալներից՝ Մռաւեան, Կասեան, Մելիքեան, Սարգիս Խանոյեան, Դանուշ Շահվերդեան եւ Ղուկաս Ղուկասեան։ [3] Հետաքրքրական է, որ հենց այս նոյն ժողովին նիւթ էր դարձել խորհրդարանական ընտրութիւններին մասնակցելու հարցը, եւ ժողովը եկել էր այն եզրակացութեան, որ «նկատի ունենալով, որ Հայաստանի կոմունիստների մասնակցութիւնը պառլամենտական ընտրութիւններին եւ լեգալ հնարաւորութիւնների օգտագործումը կարող են հասկացուել այն իմաստով, որ իբրեւ թէ հայ կոմունիստները ընդունում են գոյութիւն ունեցող Հայաստանը եւ նրա անջատումը յեղափոխական Ռուսաստանից, մենք չպէտք է մասնակցենք պառլամենտական ընտրութիւններին»։ [4]

Ազգային հանրապետութիւնների նկատմամբ անհանդուրժող ու թշնամական կեցուածքով գործունէութիւն էին տարածել նաեւ Թիֆլիսի հայ բոլշեւիկները, իսկ Թիֆլիսում հաստատուած Դաշնակցութեան Բիւրոյի անդամները եւ Թիֆլիսի Կենտրոնական Կոմիտէն այդ գործիչների հանդէպ ցուցաբերում էին նոյն մեղմ քաղաքականութիւնը, ինչ որ Երեւանում։ Վրացական կառավարութեան հալածանքների դէմ նրանք բանտերից ազատում ու պաշտպանում էին հայ բոլշեւիկներին։ Այս վերաբերմունքը շարունակուեց նոյնիսկ, երբ բոլշեւիկների դէմ հալածանքները շեշտուեցին 1919-ի վերջերին։

Այս մեղմ քաղաքականութիւնը չպիտի միայն մարդասիրական մղումների վերագրել։ Ինչպէս Ռուբէնն է հաստատում, կար նաեւ դիւանագիտական նկատառում։ Հայաստանի կառավարութիւնը միտում էր բոլշեւիկ ղեկավարների միջնորդութեամբ շահել Մոսկուայի բարենպաստ վերաբերմունքը եւ վերջապէս համոզել նրան՝ հանդուրժելու գոյութիւնը մի ոչ-համայնավար անկախ հանրապետութեան։ [5] Այսօր, հեռուից դատելով այդ օրերի հայ բոլշեւիկների հանդէպ որդեգրուած մեղմ քաղաքականութիւնը, ուզում ենք հարց տալ. ի՞նչն էր այս ծայր աստիճան վստահութեան պատճառը, պարզ անձնական կապե՞րը, վստահութի՞ւնը ընկերվարական գաղափարակցի հանդէպ, թէ՞ քաղաքական տհասութիւնը… Ինքը Ռուբէնը, յետադարձ հայեացքով դա համարում է ո՛չ թէ քաղաքական հեռատեսութիւն, այլ ծայրայեղութիւն, որն արտաքին քաղաքական ձգտումները շփոթել էր ներքին քաղաքական զիջումների հետ։

 



[1] Այս ու նման արտայայտութիւնները տես՝ «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 378։

[2] Այս համագումարի բանաձեւը տես՝ «Հոկտեմբերեան», փաստաթուղթ թիւ 157, էջ 244-247։

[3] Այս խորհրդակցութեան մասին, տես՝ «Հոկտեմբերեան», փաստաթուղթ թիւ 182, էջ 289-292 եւ ծանօթ. թիւ 54, էջ 621։

[4] Նոյն տեղում, էջ 291։ Մէջբերումը կատարուած է Արշաւիր Մելիքեանի յուշերից։

[5] Ռուբէն, էջ 266-267։