Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Հայաստանը խորհրդայնացնելու միտում, թէ՞ կառավարութեան վարկաբեկում

Անդրկովկասում խորհրդային հանրապետութիւններ հաստատելու եւ այդպիսով խորհրդային կարգեր պարտադրելու Մոսկուայի անդրկովկասեան ուղեգիծը յստականում էր աստիճանաբար։ Այն գործի վերածելու համար իրենց հետ խոշոր գումարներ բերած նոր բոլշեւիկներ մտան Հայաստան եւ ընդլայնուեց բոլշեւիկեան հակակառավարական գործունէութիւնը։ Այնուամենայնիւ, Հայաստանի մէջ բոլշեւիկեան կարգեր հաստատելու որոշումը անգործադրելի եւ կանխահաս էր թւում նոյնիսկ որոշ հայ փորձառու բոլշեւիկներին։ Ալեքսանդրապոլում բոլշեւիկեան քարոզչութիւն տանող եւ կուսակցական-կազմակերպական աշխատանք ծաւալած Բագրատ Ղարիբջանեանը դեռ կանխահաս էր համարում ընդհանուր ապստամբութիւնը դաշնակցական կառավարութեան դէմ։ Նրա կարծիքով, երկիրը դեռ պատրաստ չէր համայնավար վարչակարգ ընդունելու։ Նոյն կարծիքին էր նաեւ բոլշեւիկ ղեկավար Արշաւիր Մելիքեանը, որը ինչպէս տեսանք, դեռ Հայաստանի անկախութեան նախօրեակին միջնորդի դեր էր կատարում Մոսկուայի իշխանութեանց մօտ՝ Դաշնակցութեան անունից հայ ժողովրդի համար օգնութիւն հայցելու։ Մնալով հանդերձ Դաշնակցութեան ընդդիմադիր ճակատում, նա հաւատացած էր, որ Հայաստանի ներկայ վարչակարգը պիտի շարունակուի մինչեւ Հայաստանում քաղաքական, դասակարգային յարմար պայմաններ ստեղծուեն։ Այս կեցուածքի բերումով էր, որ Դաշնակցութիւնը փորձեց օգտուել Արշաւիր Մելիքեանից եւ Ռուսաստանի մօտ միջնորդի դեր տալ նրան։ [1]

1919-ի աշնան, երբ Հայաստանում լուրեր էին տարածւում նախկին իթթիհատական ղեկավարների եւ բոլշեւիկեան իշխանութեան միջեւ Հայաստանի հարցով ձեւակերպուած համաձայնութեան մասին, երբ որոշակիօրէն նպատակադրուած բոլշեւիկեան քարոզչութիւն էր տարւում Հայաստանում, Արշաւիր Մելիքեանը մտահոգուած որոշում է գնալ Մոսկուա՝ համոզելու, որ իշխանութիւնը առայժմ հրաժարուի իր ծրագրից։ Նա անհեթեթութիւն էր համարում Հայաստանում բանուորական դիկտատուրա ստեղծելը, քանի որ Հայաստանում բանուոր համարեա չկար։ Դաշնակցութիւնը օգտագործում է Մելիքեանի այդ տրամադրութիւնը եւ նրա միջոցով դարձեալ փորձ է անում համոզելու Մոսկուայի իշխանաւորներին, որ նախ՝ Դաշնակցութիւնը Շահումեանի սպանութեան մէջ դեր չի ունեցել, յետոյ՝ Հայաստանի ներկայ իշխանութիւնը համապատասխանում է ժողովրդի պահանջներին, եւ բոլշեւիկեան յեղաշրջումը միայն քաոսի պիտի մատնի երկիրը։ Եւ վերջապէս՝ թուրք-ռուսական համաձայնութիւնը կորստաբեր կլինի հայերի համար։ Մելիքեանի փորձերը Մոսկուայում ապարդիւն անցան։ Իթթիհատականների համաձայնութիւնը ռուսների հետ իրականութիւն էր արդէն։ [2] Ռուբէնը յիշում է Մելիքեանի այս առաքելութեան մասին, ու հաստատում դրա ապարդիւն լինելը։ Իսկ թէ նա էլ Մակինցեանի ճամբան բռնեց եւ կամ լռեց ու մեկուսացաւ՝ յայտնի չէ։ Պարզ է միայն, որ յետագայում զոհ գնաց ստալինեան մաքրագործումներին։

1919-ի վերջերին արդէն հակակառավարական քարոզչութիւնը Հայաստանում հայ բոլշեւիկների գործունէութեան առանցքն էր դարձել։ Նրանք թռուցիկներ էին ցրում, զինուորներին հրահրում էին չկռուել թուրք ապստամբների դէմ, ապստամբութեան էին մղում Հայաստանի մահմեդականներին ու ռուսներին, վստահեցնում էին ժողովրդին, որ Հայաստանը հաց ու շաքարով պիտի լցուի, երբ որ խորհրդային կարգեր հաստատուեն։ [3]

Պարզ է, որ երկրում տնտեսական բարօրութիւն ստեղծելու համար Հայաստանի կառավարութիւնը, հսկայ դժուարութիւնների առջեւ կանգնած, կատարում էր գերմարդկայինը։ Պարզ է, որ գիւղացիութիւնը դեռ սոսկալի աղքատութեան մէջ էր տառապում, իսկ անցած մէկուկէս տարին բաւական չէր աւերուած, դրսի աշխարհից կտրուած եւ անգործ ու անօգնական գաղթականներով ծանրաբեռնուած մի երկրի տնտեսութիւնը վերականգնելու համար։ Ժողովրդի մէջ առկայ էին դժգոհութիւնն ու անհամբերութիւնը։ Եւ հայ բոլշեւիկները ամբողջ Հայաստանի տարածքում վարպետօրէն օգտագործում էին գանգատի ու դժգոհութեան ամէն ելոյթ՝ դրանց բոլշեւիկեան շարժման դրսեւորումների երեւոյթ տալով եւ հակակառավարական, հակադաշնակցական լծակների վերածելով։

Այդ օրերի խռովարար գործունէութեան ամենախօսուն պատկերը նկարագրուած է 1920-ական թուականներին Խորհրդային Հայաստանի մամուլում հրատարակուած, Սարգիս Կասեանի, Աշոտ Յովհաննիսեանի, Շաւարշ Ամիրխանեանի, Աղասի Խանջեանի եւ ուրիշ շատ բոլշեւիկ գործիչների յուշ-յօդուածներում կամ նրանց առանձին աշխատութիւններում։ Իսկ «Հոկտեմբերեան Սոցիալիստական Մեծ Ռեւոլիւցիան Եւ Սովետական Իշխանութեան Յաղթանակը Հայաստանում» հատորը, որ մի հաւաքածոյ է պաշտօնական գրութիւնների, հրահանգների եւ բանաձեւերի, լեցուն է այն օրերի բոլշեւիկ գործիչների կողմից Հայաստանի «գիւղացիներին եւ բանուորներին» ուղղուած ապստամբութեան կոչերով։ Բոլշեւիկները օգտագործում էին ամէն առիթ։ Օրինակ՝ 1920-ի Յունուարին Երեւանում, մենշեւիկ միջազգայնական Զոհրաբեանի յուղարկաւորութեան ընթացքում, Մռաւեանն ու Ալլահվերդեանը հակադաշնակցական, գրգռիչ ելոյթներ են ունենում եւ յուղարկաւորութեան մասնակիցներին հակակառավարական, աղմկոտ ցոյցի են առաջնորդում։ Երբ արդէն «ակնյայտնի դարձաւ, որ Արմէնկոմի սկզբնական խոհեմ քաղաքականութիւնը անզօր է զսպելու ծայրայեղների դաւադրութիւնները, կառավարութիւնը դիմեց խիստ միջոցների եւ 1920 թ. Յունուարին ձերբակալութիւններ արաւ Երեւանում եւ Դիլիջանում», գրում է Վրացեանը։ [4]

Նոյն 1920-ի Յունուարին, Ալեքսանդրապոլում հացի սղութեան պատճառով դրսեւորուած դժգոհութիւնները բոլշեւիկ գործիչներ Սարգիս Խանոյեանը, Եգոր Սեւեանը եւ Բագրատ Ղարիբջանեանը փորձել էին զանգուածային ցոյցի վերածել ու քաղաքի կարգը խանգարել։ Կառավարութիւնը միջամտել ու ձերբակալել էր նրանց։ Այս միջադէպից վրդովուած՝ Ալեքսանդրապոլի բոլշեւիկեան արհեստակցական միութիւնների խորհուրդը կոչ է անում բոլոր միութիւններին բողոքի ձայն բարձրացնել։ Ալեքսանդրապոլի ուսանողական միութեան վարչութիւնը, որ բոլշեւիկեան հակակշռի տակ էր, տեղի բոլշեւիկեան կոմիտէի օրգան «Ալիք»ում հրատարակում է իր բողոքը. «Այդպիսի ոստիկանական վերաբերմունքը եւ հին ռեժիմական բռնութիւնները մենք գտնում են զազրելի… Յայտնում ենք մեր բողոքը եւ դիմում միութիւնների միութեանը միացնել իր բողոքը հակադեմոկրատական այդ քայլերի դէմ»։ [5] Իսկ Բաքուի «Կոմունիստ» թերթը 1920-ի Ապրիլին գրում էր. «Թերեւս աշխարհի ո՛չ մի անկիւնում այնպիսի արագութեամբ չի աճում թշուառների, խեղճերի, շահագործուողների բանակը, որպիսի արագութեամբ այդ կատարւում է Հայաստանի գիւղում…»։ Եւ դրա պատասխանատուն, ի հարկէ, «դաշնակների կառավարութիւնն է»։ [6]

Հայ բոլշեւիկների սակաւաթիւ փաղանգը ամբողջութեամբ տրուել էր հակադաշնակցական քարոզչութեան, իսկ դրա դէմ շատ թոյլ էր Դաշնակցութեան հակազդեցութիւնը։ Իրականութեան մէջ, Հ. Յ. Դաշնակցութիւնը իր լաւագոյն ուժերը տրամադրել էր երկրի կառավարութիւնը զօրացնելու գործին։ Շարքային մտաւորականները լծուել էին խորհրդարանական կամ շրջանների վարչական աշխատանքներին՝ երկրի վարչական կառոյցը ուժեղացնելու։ Բոլշեւիկեան հսկայ գործունէութեան դէմ դնելու համար կուսակցութիւնը զրկուած էր զուտ կուսակցական գործիչներից։ Դաշնակցութեան այս վարքագիծը եւ այդ շրջանում Բիւրոյի գործունէութիւնը խստօրէն քննադատուեցին 1921-ի Ապրիլին Բուքրէշում կայացած խորհրդակցական ժողովում։ Եզրակացութիւնն այն էր, որ «Բիւրոն չէ աշխատած ստեղծելու կուսակցական ուժեղ կազմակերպութիւն», այլ «մտած է կառավարութեան մէջ, լքելով կազմակերպական շահերը»։ [7]

 


[1] Դաշնակցութեան յարաբերութիւնների մասին Արշաւիր Մելիքեանի հետ, տես՝ նոյն տեղում, էջ 264-265։

[2] Տես՝ նոյն տեղում, էջ 266, նաեւ՝ «Ուրուագիծ Հ. Յ. Դ. պատմութեան 1919-1924 Հնգամեակի», էջ 41։

[3] Տես՝ ներքին գործոց նախարար՝ Աբրահամ Գիւլխանդանեանի ելոյթը խորհրդարանի 1920, Փետրուար 20-ի նիստում. «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 380-381։ Բոլշեւիկների գործունէութեան մանրամասները տես՝ նոյն տեղում, էջ 378-414։ Նաեւ՝ «Հայաստանը Բոլշեւիկեան Մուրճի Եւ Թրքական Սալի Միջեւ», էջ 60-157։

[4] «Հայաստանը Բոլշեւիկեան Մուրճի Եւ Թրքական Սալի Միջեւ», էջ 71։ Այս ձերբակալութիւնների հետեւանքով խորհրդարանում բարձրացած բանավէճի առիթով էր, որ Գիւլխանդանեանը զեկուցեց բոլշեւիկների գործունէութեան տարողութեան եւ կառավարութեան միջոցառումների անհրաժեշտութեան մասին։

[5] Յովհաննէս Ս. Կարապետեան, «Մայիսեան Ապստամբութիւնը Հայաստանում» (Երեւան, Հայկական ՍՍՌ ԳԱ Հրատ., 1961), էջ 67։

[6] Նոյն տեղում, էջ 69։

[7] Հրաչ Տասնապետեան, «Հ. Յ. Դաշնակցութիւնը Իր Կազմութենէն Մինչեւ Ժ. Ընդհ. Ժողով», էջ 159։