Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ռուսաստանի ստոյգ ներկայութիւնը Անդրկովկասում

Ռուսաստանը Հայաստանում եւ ընդհանրապէս Անդրկովկասի մէջ մի նոր ազդակ դարձաւ Դենիկինի վերջնական պարտութեամբ, 1920-ի Ապրիլին։ Կարմիր Բանակը, իր դէմ բարձրացած պատնէշը քանդելով, Անդրկովկաս իջաւ։ Եւ այն ժամանակ, երբ անկախ Ազրբէյջանի կառավարութիւնը իր զինուորական ուժի մէկ մեծ մասը կենտրոնացրել էր Ղարաբաղի մէջ հայերի ապստամբութիւնը ջախջախելու եւ Ղարաբաղը վերջնականօրէն Ազրբէյջանին միացնելու, Կարմիր Բանակը Բաքու մտաւ։ Նրա այս առաջխաղացքին իրենց հաւանութիւնն էին տուել Ազրբէյջանի խորհրդարանը, մուսաւաթական ղեկավարները ու Ազրբէյջանում գործող նախկին իթթիհատական եւ նոր քեմալական թուրքերը։ Ազրբէյջանը խորհրդայնացաւ 1920, Ապրիլ 28-ին։

Հայաստանի խորհրդարանի դաշնակցական անդամ եւ յետագայում Մոսկուայի պատուիրակութեան մաս կազմող Համբարձում Տէրտէրեանը վկայում է, թէ Երեւանի հայ բնակչութիւնը, ինչպէս եւ շատ դաշնակցական ղեկավարներ ոգեւորութեամբ ընդունեցին լուրը։ Տապալուել էր մուսաւաթականների իշխանութիւնը, ուրեմն պիտի վերջանային նաեւ Ղարաբաղի եւ Զանգեզուրի ազգամիջեան կռիւները, եւ այդ շրջանները պիտի միացուէին Հայաստանին։ Այս լաւատեսութեան մթնոլորտում, Հայաստանի արտաքին գործոց նախարարութիւնից Բաքու յղուած հեռագիրը դատապարտում էր նախորդ մուսաւաթական բանակի վայրագութիւնները Ղարաբաղում եւ պահանջում էր Ղարաբաղն ու Նախիջեւանը պարպել այդ բանակներից՝ Հայաստանին միացուելու համար։ Նոյնանման հեռագիր յղուել էր նաեւ Մոսկուա, յոյս ունենալով, որ Մոսկուային կապուած Ազրբէյջանի նոր կառավարութիւնը բարեացակամ վերաբերմունք պիտի ցուցաբերի Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդէպ։

Դէպքերի ընթացքը կարծես աւելի իրատեսօրէն էին ընկալել հայ բոլշեւիկները։ Ազրբէյջանի խորհրդայնացման առիթով, Ռուսաստանի Կոմունիստական Պարտիայի Հայաստանի կոմիտէն՝ Արմէնկոմը, ողջունագիր յղելով Ազրբէյջանի ռազմայեղափոխական կոմիտէի նախագահ Նարիմանովին, յայտարարում էր. «Հայաստանի պրոլետարիատը, գիւղացիութիւնը եւ յեղափոխական զինուորները ոգեւորուած այդ յաղթանակով հաւատում են իրենց յաղթանակի մօտիկութեանը ընդդէմ իրենց մուսաւաթների, դաշնակների դաւաճան կառավարութեան»։ Մայիս 3-ին խմբագրուած այս պատգամը արտացոլում էր թէ՛ հայ բոլշեւիկների ընկալումը նոր քաղաքական իրադարձութեան եւ թէ՛ մայիսմէկեան ապստամբութիւնների ստեղծած մթնոլորտը Հայաստանում։ Յովհաննիսեանի կարծիքով եւ ըստ նորայայտ աղբիւրների, հակառակ մինչ այժմ տիրող համոզման, այդ պատգամը, որի հեղինակն էր Աւիս Նուրիջանեանը, չուղարկուեց Բաքու։

Ազրբէյջանի խորհրդայնացումից յետոյ յաճախակի դարձան հայ բոլշեւիկների դիմումները Ազրբէյջանի ռազմայեղափոխական կոմիտէին, զանազան օգնութիւններ, մանաւանդ քարիւղ եւ պարէն ստանալու՝ Հայաստանի դաշնակ կառավարութեանը տապալելու համար։ Փաստօրէն, ստեղծուած անմիջական եւ ուժեղ կապը Հայաստանի բոլշեւիկ գործիչների եւ Ազրբէյջանի կառավարութեան հետ աւելի ու աւելի էր խոչընդոտում Հայաստանի կառավարութեան աշխատանքը։ Իսկ Հայաստանի եւ Կարմիր Ազրբէյջանի թշնամական յարաբերութիւնները իրենց նախընթացը արձանագրեցին հենց առաջին 24 ժամուայ ընթացքում։ Խորհրդայնացած Ազրբէյջանի դեռ նոր իշխանութեան եկած Յեղկոմը (Յեղափոխական Կոմիտէ) մի վերջնագիր յղեց Երեւանի կառավարութեան, որով պատերազմ էր յայտարարում Հայաստանի դէմ, եթէ հայկական զօրքերը անմիջապէս, մինչեւ 3 օր, չդատարկէին Ազրբէյջանի «անվիճելի հողամասերը»։ Յեղկոմը նոյնիսկ կարիք չէր զգում այդ հողամասերի անունը յիշատակելու։ Ազրբէյջանի բանակը վերակազմակերպւում էր 11-րդ Կարմիր Բանակի հրամանատարութեան տակ եւ կուտակումներ էր կատարում Ղարաբաղի ու Նախիջեւանի սահմաններում՝ այդ շրջանների վրայով Թուրքիայի հետ կապուելու նպատակով։

Կարմիր Բանակի կեցուածքը Հայաստանի նկատմամբ աւելի յստակ է դառնում Կովկասի Ռազմա-յեղափոխական Խորհրդի՝ Հայաստանի կառավարութեանը յղած վերջնագրով։ Ազրբէյջանի Յեղկոմի վերջնագրի նմանութեամբ խմբագրուած այս վերջնագիրը յղուել էր Մայիս 1-ին, ստորագրել էին Գրիգորի (Սերգօ) Օրջոնիկիձէն, Կիրովը, Մէխանոշինը եւ Լեւադովսկին։ Վերջնագրում նշուած էր, թէ Ռուսաստանի բանուորագիւղացիական կառավարութիւնը անհրաժեշտ է համարում օգնութեան հասնել Խորհրդային Ազրբէյջանին՝ վերջ տալու համար Անգլիայի եւ Դաշնակցութիւն ու Մուսաւաթ կուսակցութիւնների գրգռումով տեղի ունեցող պատերազմին։ Առաջարկւում էր Հայաստանին դադարեցնել ռազմական գործողութիւնները, հակառակ դէպքում դա կլինի մարտահրաւէր Ռուսաստանի Սոցիալիստական Դաշնակցային Խորհրդային Հանրապետութեան։

Ի պատասխան այս անսպասելի վերաբերմունքի, Երեւանի կառավարութիւնը մի բացատրողական գրութիւն է յղում Մոսկուա եւ պարզում իրողութիւնը, որ բոլորովին այլ էր, ինչ ներկայացւում էր երկու վերջնագրերում։ Երեւանի կառավարութիւնը պատրաստ էր Հայաստանի եւ Ազրբէյջանի անհամաձայնութիւնների եւ մանաւանդ Ղարաբաղի ու Նախիջեւանի չլուծուած հարցերի մասին բանակցութիւններ սկսելու Մոսկուայի իշխանութեան հետ։ Հայաստանի կառավարութեան այս կեցուածքը չփոխեց իրադարձութիւնների ընթացքը։ Հայաստանի ու Ազրբէյջանի յարաբերութիւնները աւելի լարուեցին, մանաւանդ՝ երբ Ազրբէյջանի Յեղկոմը Բաքւում ձերբակալեց Հայաստանի դիւանագիտական ներկայացուցչութեանը։

Իբրեւ արձագանք այդ երկու վերջնագրերին, Ղարաբաղի ազերի նահանգապետ Սուլթանովը եւս մի վերջնագիր է յղում Շուշի եւ պահանջում է զինուորական ղեկավարութիւնից՝ անմիջապէս հեռանալ Ղարաբաղից ու իշխանութիւնը Ղարաբաղի Յեղկոմին յանձնել։ Ղարաբաղի հայ ղեկավարութիւնը, իբրեւ հակադարձ Սուլթանովին, Մոսկուայի եւ Բաքուի իշխանութիւններին գրութիւններ յղելով՝ իր վճռականութիւնն է յայտնում շարունակելու պայքարը՝ մինչեւ այնքան ժամանակ, քանի դեռ ինքն իրեն կոմունիստ եւ Ղարաբաղի Յեղկոմի նախագահ յայտարարած Սուլթանովը կը շարունակի ճնշել ու կեղեքել տեղի հայերին։

Սակայն վիճակը սոսկալի ծանր էր Ղարաբաղի հայութեան համար։ Ընդհանուր յուսալքութիւն էր տիրում։ Ղարաբաղի միացումը Հայաստանին, որ այնքան մօտիկ էր թւում, չէր իրականացել, ընդհակառակը, Երեւանից միանգամայն կտրուած Ղարաբաղի հայութիւնը ապրում էր թուրքերի եւ հիմա էլ Կարմիր Բանակի յարձակումների ամենօրեայ վտանգի ներքոյ։ Եւ քիչ չէին նրանք, որոնք այս բոլորի համար մեղադրում էին Երեւանից ուղարկուած գործիչներին, այսինքն՝ Դաշնակցութեան։ Դրոն գիտակցում էր այս բոլորը։ Ժողովրդի մէջ արմատ նետած բոլշեւիկ քարոզչութիւնը, պայքարը շարունակելու նրա վճռականութեան վրայ էլ էր ազդել։ Այժմ նրա դիմաց Կարմիր Բանակն էր, որ գալիս էր «խաղաղութիւն հաստատելու»։ Նոյնիսկ լուրեր էին տարածւում, որ Հայաստանը եւս խորհրդայնացած է, եւ Ղարաբաղի առանձին պայքարը իմաստ չունի այլեւս։

Այս մթնոլորտի մէջ, հակառակ Երեւանի կառավարութեան կարգադրութեան եւ Ղարաբաղի ժամանակաւոր վարիչների որոշման՝ ապստամբութիւնը շարունակելու եւ բոլշեւիկների հետ բանակցութիւնների մէջ չմտնելու, Դրոն հանդիպումներ է ունենում բոլշեւիկ ներկայացուցիչներ Լեւանդովսկու եւ Սահակ Տէր-Ղազարեանի հետ։ Իսկ Երեւանում կառավարութիւնը բողոքագրեր էր յղում Մոսկուա։ Նրա համար անընդունելի էր այն երեւոյթը, որ նոյն ընթացքում, երբ Հայաստանի ներկայացուցիչները դէպի Մոսկուա էին ուղղուել՝ հարցերը բանակցութիւններով լուծելու, Ղարաբաղի հայ ղեկավարութեանը վերջնագիր էր ներկայացւում Ղարաբաղը յանձնելու։

Այնուամենայնիւ, դէպքերը Ղարաբաղում արագ ընթացքով իրար էին յաջորդում։ Մայիս 24-ին Դրոն, Նժդեհը եւ Արսէն Միքայէլեանը հանդիպում են՝ տիրող իրավիճակը կշռադատելու եւ ըստ այնմ յաջորդ քայլի որոշում տալու։ Ուրիշ ելք չկար. Դրոյի զօրքը պիտի նահանջէր, եւ Ղարաբաղը խորհրդային վարչակարգ պիտի ընդունէր։ Մայիս 27-ին Դրոն նահանջում է դէպի Զանգեզուր, իսկ դրամն ու զինամթերքը յանձնում Ղարաբաղի ժամանակաւոր յեղկոմի ղեկավար, բոլշեւիկ պարագլուխ բժ. Սաքօ Համբարձումեանին։