Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Հանրային կարծիք Հայաստանի կառավարութեան դէմ

Մայիսեան խռովութիւններն ու ապստամբութիւնը վերջ գտան, սակայն անկախ Հայաստանի եւ Դաշնակցութեան պատմութեան մէջ մնաց ցաւոտ մի կէտ՝ եղբայրասպան կռիւ, թէկուզ ուղղուած օտարամէտ, բոլշեւիկեան գաղափարաբանութիւնը ազգից ու հայրենիքից վեր դասած, հայ բոլշեւիկների դէմ։ Ճիշտ է՝ ճնշուեցին խռովութիւնները, բայց դրանց հետեւանքով առաջացած յուսալքումը ժողովրդի եւ նոյնիսկ կառավարութեան ու ղեկավարութեան մէջ խորն էր ու տեւական։ «Երկու տարի անց բանակը դեռեւս լիակատար յանձնառութիւն չունէր հանդէպ ազգային անկախութիւնը. իսկ սպայակոյտը ցուցաբերել էր անկարողութիւն եւ անվճռականութիւն», - գրում է Րիչըրդ Յովհաննիսեանը. «Այն իրողութիւնը, որ Հայաստանի բանակայինները կարող էին մէկ օր բոլշեւիկ նշանախօսքեր բացականչել եւ յաջորդ օրը «Մեր Հայրենիք» երգել, ցոյց էր տալիս, թէ նրանք որքան անկամ ու անվճռական էին պատեհապաշտ սադրանքների առջեւ»։ [1] Սիմոն Վրացեանն է ակնարկում այս դէպքին, Հայաստանի խորհրդայնացման երեկոյեան, երբ ինքը Հայր Աբրահամի (Աւետիք Սահակեան) եւ Պապաշայի (Լեւոն Թադէոսեան) հետ տխուր նստած էին Վրացեանի գրասենեակում։ «Յանկարծ, դրսից ներս խուժեցին «ինտերնացիոնալ»ի հնչիւնները։ Մեր զինուորական նուագախումբն էր, որ դեռ առաւօտեան «Մեր Հայրենիք» էր նուագում։ [2]

Մայիսեան խռովութիւնները պատճառ դարձան կառավարութեան վարկաբեկման թէ՛ երկրում եւ թէ՛ արտասահմանի դիւանագիտական շրջանակներում։ Դրանք ունեցան նաեւ երկարատեւ հետեւանքներ, որոնց մասին խօսում է Վրացեանը 1920, Յուլիս 31-ին Երեւանից Ուաշինգթըն, Արմէն Գարոյին յղած նամակում։ Նա նկարագրում է, որ Մայիսեան դէպքերի պատճառով, մի ամբողջ ամիս երկրի տնտեսական զարգացումը կանգ առաւ, ցանքսը թերի մնաց, դրսից մթերք չհասաւ, շինարարական ձեռնարկները խանգարուեցին։ Հայաստանի կառավարութեանը ներքին հարցերով կլանուած տեսնելով՝ թրքական ու ռուսական բանակները աւելի մօտեցան Հայաստանին, բոլշեւիկեան քարոզչութեան հետեւանքով բանակի կարգապահութիւնը խանգարուեց, մարտունակ ոգին թուլացաւ։ [3] Եւ այսպիսի մի իրադրութեան մէջ դեռ Հայաստանը պիտի պատրաստուէր աւելի մեծ խոչընդոտներ դիմագրաւելու համար։

Թէեւ բոլշեւիկեան ապստամբութիւնները սանձահարուեցին, սակայն հայ կոմունիստները, այս անգամ Բաքուից ուղղուած, խորհրդայնացած Ազրբէյջանի օգնութեամբ շարունակեցին իրենց պայքարը՝ տապալելու Հայաստանի դաշնակ կառավարութիւնը եւ վերջին հաշուով Հայաստանի անկախութիւնը։ Այս պայքարի իբրեւ մէկ երեսակը՝ ուժգնօրէն եւ յարատեւ կերպով պատրաստւում էր հասարակական կարծիքը Հայաստանի կառավարութեան դէմ։ Հաղորդակցութիւններ էին տրւում հայ բոլշեւիկների, հայ գիւղացու եւ աշխատաւորի դէմ դաշնակցական մաուզերիտսների թոյլ տուած անխիղճ հալածանքների ու սպանդի մասին։ Հազարաւոր սպանուածների, բանտերում գնդակահարուածների, «դաշնակցական կառավարութեան դահճական արարքներից փախած» եւ Խորհրդային Ազրբէյջան ապաստանած գիւղացիների ամբողջ ընտանիքների թուեր եւ անուններ էին հրապարակւում։

Բանտից գրած նամակում Մուսայէլեանը ակնարկում է Լեւոն Շանթի՝ Մոսկուայից Երեւան յղած հեռագրին, ուր իբրեւ թէ Շանթը խորհուրդ էր տալիս կառավարութեան՝ հաշուի չառնել Չիչերինի բողոքագրերը եւ խեղդել բոլշեւիկներին, քանի որ հայ պատուիրակութեան դրութիւնը ամուր է Մոսկուայում։ Մուսայէլեանը խորհուրդ է տալիս չհաւատալ Լեւոն Շանթին, որը իբրեւ թէ Յունիս 7-ին Չիչերինին վստահեցրել էր, թէ դաշնակները կոմունիստներին չեն գնդակահարել։ [4] Եւ այս զեկոյցները առատօրէն արտատպւում էին Ռուսաստանի կառավարական օրգանների մէջ։

Հայաստանի դաշնակցական կառավարութեան դէմ շղթայազերծուած այս ընդարձակ պայքարի մէջ յատկանշական է 1920-ի Յունիս 20-ին «Ազրբէյջանի Կոմունիստ Պարտիայի նոտան Հայաստանի կառավարութեան», որ դատապարտում է հալածանքներն ու գնդակահարութիւնները եւ նշում, թէ «Խորհրդային Ազրբէյջանում ամենուրեք, խորհրդային Ռուսաստանի կարմիր զօրքերի օգնութեամբ մենք անխնայ կերպով խեղդում ենք մուսաւաթիստ հակայեղափոխականներին, իսկ ձեր կառավարութիւնը Հայաստանում խեղդում է բանուորների եւ գիւղացիների կոմունիստական յեղափոխութիւնը… Ադրբ. Կոմուն. կուսակցութեան Կենտրոնական Կոմիտէն, Ռուս. Կոմ. կուսակցութեան Հայաստանի կոմիտէի ներկայացուցիչը եւ Հայաստանի զինուորա-յեղափոխական կոմիտէի Բաքուի ներկայացուցիչը, վրդովուած այն դահճային անսրտութիւնից, որ ցուցահանում էք Հայաստանում մեր ընկերների նկատմամբ, որոշել է դիմել Մոսկուա, որտեղ անամօթաբար դիմել էք նաեւ դուք՝ ուղարկելով ձեր ներկայացուցիչներին եւ միաժամանակ Հայաստանում անխնայ կոտորելով կոմունիստներին։ Մենք համոզուած ենք, որ Խորհրդային Ռուսաստանը ձեռք կառնի բոլոր միջոցները վերջ տալու ձեր արիւնոտ վարմունքին»։ [5]

Ս. Վրացեանը նկարագրում է բոլշեւիկեան մամուլի վեր հանած պատկերը եւ փորձում է պարզել իրականութիւնը։ Ըստ Վրացեանի, ձերբակալուել են 234 հոգի, որոնցից 120-ը ազատ են արձակուել, 3-ը մահապատժի են ենթարկուել։ [6] Երեւանի կառավարութիւնը եւ կամ Հ. Յ. Դաշնակցութիւնը հաւանաբար չէին պատկերացնում հայ բոլշեւիկների ստեղծած անբարենպաստ կարծիքի ազդեցութեան խորութիւնը իր եւ բոլշեւիկեան Ռուսաստանի կամ քեմալական Թուրքիայի յարաբերութիւնների մէջ։ Կառավարութիւնը կարծում էր, թէ հայ բոլշեւիկների ընթացքը անլուրջ է եւ Մոսկուայի հովանաւորութիւնը չի վայելում։ Այս բովանդակութեամբ նշանակալից է Թերեքի (Վլադիկաւկազ) հայկական հիւպատոս՝ Յակոբ Քհնյ. Սառիկեանի զեկոյց-նամակը Համօ Օհանջանեանին ուղղուած։ Գրութիւնը թուագրուած է Յուլիս, 1920, յղուած է Թիֆլիսից եւ Երեւանում ստացուած է Յուլիս 15-ին։ Զեկոյցի մէջ ասւում է՝ «Սովետական պատասխանատու գործիչների մէջ որեւէ թշնամանք դէպի մեր երկիրը չի երեւում, սակայն այլ են հայ կոմունիստները այստեղ Բաքւում։ Մի կողմից խորին ատելութիւն դէպի մեր երկրում տիրող կառավարութիւն, միւս կողմից իշխանութիւն ձեռք ձգելու կոյր ձգտումը դրդում են այդ մարդկանց, որոնց մէջ ի դէպ պիտի ասել լուրջ քաղաքական հասունութիւն ունեցողները շատ են պակասում, անվերջ յարձակում գործել մամուլի էջերում ու միտինգներում Հայաստանի եւ նրա կառավարութեան վրայ։ Կասկածից դուրս է, որ արեւմտեան ու ներքին ճակատներում յաջողութիւն ունենալու դէպքում դարձեալ հայ կոմունիստների դրդմամբ Հայաստանն անախորժութիւններ պիտի ապրի իր նոր հարեւանի երեսից։ Այդ անախորժութիւնները կանխելու միջոցներից մինն էլ հայ ժողովրդի միահամուռ կամք առաջ բերելն է բոլոր քաղաքական կուսակցութիւնների համերաշխ գործակցութեամբ, որ այնքան բարերար կազդէր նաեւ գաղութային հայութեան վրայ [ընդգծումը հեղինակինն է]։ Իմ համեստ կարծիքով, տէր նախարար, մեր կառավարութիւնը անտես չպիտի առնի այդ տրամադրութիւնն իր ներքին քաղաքականութեան մէջ գոնէ առժամապէս։ Այժմ աւելի քան երբեւիցէ անհրաժեշտ է, որ հայ ժողովուրդն իր բոլոր խաւերով իր կառավարութեան հետ լինի, նրան թեւ ու թիկունք դառնայ»։ [7]

Յամենայնդէպս, այդ զրպարտութիւնները, եթէ այնուհետեւ իրենց անմիջական ազդեցութիւնը չունեցան, սակայն որպէս դատապարտելի ու նուաստացնող փաստեր գործածուեցին Հայաստանի կառավարութեան դէմ՝ թէ՛ ներքին եւ թէ՛ արտաքին հարցերում նրան ծունկի բերելու նպատակով։



[1] The Republic of Armenia, vol. III, էջ 247։

[2] Ս. Վրացեան, «Հայաստանի Խորհրդայնացումը», առնուած «Կեանքի Ուղիներով» Ե. հատորից. տեղադրուած «Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Պատմագրութիւն», Դ. հատոր, էջ 126։

[3] Վրացեան, «Հին Թղթեր Նոր Պատմութեան Համար», էջ 318-319։

[4] «Հոկտեմբերեան», փաստաթուղթ թիւ 227, էջ 350-351։

[5] Նոյն տեղում, փաստաթուղթ թիւ 222, էջ 346-347։

[6] «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 452։

[7] Զեկոյց-նամակը կրում է 167 համարը եւ Յուլիս 1920 թուականը, ստորագրուած՝ Հիւպատոս Յ. Սառիկեան, Երեւան մուտքի համարն է 3491. տես՝ ՀՀԿՊՊ Արխիւ, ֆոնտ 200, ցուցակ 1, գործ 465, էջ 28-29։