Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Հ. Հ. պատուիրակութիւնը Մոսկուայում

1920-ի Ապրիլ 30-ին Հայաստանի կառավարութիւնը Մոսկուա ճամբեց իր պաշտօնական պատուիրակութեանը, որի անդամներն էին Լեւոն Շանթը՝ նախագահ, Համբարձում Տէրտէրեանը եւ Լեւոն Զարաֆեանը խորհրդականներ: [1] Նրանց ուղեկցում էին Ղարաբաղի Հայրենակցական Միութեան ներկայացուցիչներ Արամայիս Երզնկեանը եւ Սիմոնիկ Փիրումեանը, որոնք պիտի իրենց ներդրումը ունենային Ղարաբաղը Հայաստանին միացնելու հարցում: Երկուսն էլ յայտնի մենշեւիկներ էին, որոնք արդէն փոխուել եւ իրենց սոցիալիստ-ինտեռնացիոնալիստներ էին համարում:

Պատուիրակութիւնը պարտականութիւն էր ստանձնել Ռուսաստանին համոզելու՝ ճանաչել Հայաստանի անկախութիւնը (ներառեալ Լեռնային Ղարաբաղը), գոնէ սկզբունքով ընդունել Թրքահայաստանի կցումը Հայաստանին, Հայաստանի ներքին գործերին չխառնուել, Հայաստանում կոմունիստական գործունէութիւն չտանել եւ վերջապէս թոյլատրել Հիւսիսային Կովկասում եւ Ռուսաստանում ցրուած հայ գաղթականներին Հայաստան վերադառնալու: [2] Պատուիրակութեան ուղեւորութեան մասին Հայաստանի Հանրապետութեան կողմից հեռագիր յղուեց Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործոց նախարար (կոմիսար) Գրիգորի Վ. Չիչերինին:

Փոխադրական միջոցների չգոյութեան պատճառով ճամբորդութիւնը տեւում է աւելի քան երեք շաբաթ: Վերջապէս Մոսկուա հասնելով՝ պատուիրակութիւնը ընդունւում է արտաքին գործոց կոմիսար Չիչերինի եւ նրա օգնական, հայազգի Կարախանի կողմից: Առաջին հանդիպումը տեղի է ունենում Մայիս 28-ին: Չիչերինը յայտնում է, թէ Ռուսաստանը թուրքերի հետ պիտի համագործակցի ի խնդիր երկու ժողովուրդների ընդհանրական շահերի, գլխաւորապէս եւրոպացի իմպերիալիստներին Թուրքիայից դուրս վռնդելու գործում: Այս համագործակցութեան մէջ Մոսկուայի մտահոգութիւնն այն է, որ Հայաստանը, որպէս Դաշնակիցների կողմնակից, կարող է թուրքերին թիկունքից հարուածել: Ուրեմն, Հայաստանի ներկայացուցիչների հետ բանակցելով՝ Խորհրդային Ռուսաստանի կառավարութիւնը նպատակ ունի նախ հաւաստիք ստանալ, որ հայերը թիկունքից չեն հարուածի թուրքերին եւ ապա միջնորդել՝ հաշտեցնելու երկու կողմերին: Բոլշեւիկ ղեկավարները առաջարկում են նաեւ, որ Հայաստանի կառավարութիւնը յարաբերութիւնները խզի Դաշնակիցների հետ եւ արտօնի Ռուսաստանի ներկայացուցչին՝ Հաշտութեան Խորհրդաժողովի օրակարգից հանելու Հայկական Հարցը: Այսպիսով, Հայկական հարցի լուծումը մնում էր միայն Ռուսաստանի հայեցողութեան:

Բանակցութիւնների հենց սկզբից հայոց պատուիրակութեան տպաւորութիւնն այն էր, որ Ռուսաստանը գոնէ առժամապէս հետաքրքրուած չէ Հայաստանի մէջ խորհրդային կարգեր հաստատելու: Իսկ Արեւմտահայաստանի որոշ շրջանները Հայաստանին կցելու հարցում Չիչերինը բացասական կեցուածք էր ցուցաբերում: Նա հարցին մօտենում էր «հողը աշխատաւորին» բոլշեւիկեան բնաբանով, ո՛չ թէ այդ հողի պատմական պատկանելութեամբ: Եւ այդ հողերը մշակող աշխատաւորութեան «թուական քանակը» իբրեւ հիմք եւ տրամաբանութիւն գործածելով՝ դրանք համարում էր այդտեղ այժմ ապրող ու աշխատող թուրքինը: Չիչերինի կարծիքը փոխելու համար հայոց պատուիրակութիւնը զանազան փաստեր է բերում՝ հաւատալով, թէ կարողացել է շահել նրա բարի տրամադրութիւնները: Համաձայնագրի կնքման ճամբին թւում էր, թէ մնում է միայն Հայաստան-Ազրբէյջան սահմանների հարցը լուծել: Իսկ այս խնդրով շահագրգռուած, Մոսկուայում աշխատանք էին տանում ազրբէյջանցիները եւս: Եւ իրօք, Լեւոն Շանթի վկայութեամբ, մեծ էր ազրբէյջանցիների եւ հայ բոլշեւիկների, մանաւանդ՝ Բաքուից յատուկ Մոսկուա եկած հայ բոլշեւիկ պատուիրակութեան պայքարը՝ ձախողութեան մատնելու հայեւռուս բանակցութիւնները: [3]

Երզնկեանի եւ Փիրումեանի ընդարձակ զեկոյցը, Թիֆլիսի «Սլօվօ» թերթի թղթակցի յօդուածում բերուած, յստակ գաղափար է տալիս Մոսկուայում այդ օրերի մթնոլորտի մասին: Ակնարկելով այդ զեկոյցին՝ յօդուածագիրը գրում է, թէ թուրք-թաթարական սադրանքների պատճառով «Իզուեստիա»ի եւ «Պրաւդա»ի մէջ տպւում էին լուրեր, իբրեւ թէ Հայաստանում Դաշնակիցները ռազմամթերք են ամբարում, Հայաստանի դաշնակ կառավարութիւնը ճնշում ու կեղեքում է հայ գիւղացուն, իսկ Հայաստանի մահմեդականները սոսկալի վիճակի են մատնուած: Յօդուածագիրը նկարագրում է նաեւ Մոսկուայի հայ բոլշեւիկների տարածած լուրերը Հայաստանի մասին, որոնք չափազանցուած էին դիտաւորեալ: [4]

Վերջապէս, նախնական հանդիպումներից յետոյ, Հայաստանի պատուիրակութիւնը ընդունում է Մոսկուայի միջնորդութիւնը Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ եւ նրա առաջարկով սկսում է Թրքահայաստանի մասին տեղեկագիր պատրաստել: Համբարձում Տէրտէրեանը վկայում է, որ Յունիսի կէսերին բանակցութիւնները վերսկսուեցին աւելի գործնական ընթացքով: Մեծ մասամբ գոհացում էր տրւում Հայաստանի պահանջներին՝ Թրքահայաստանի որոշ հողատարածքները միացնելու Հայաստանին: Ըստ համաձայնուած Հայաստան-Ազրբէյջան սահմանների, Հայաստանին էին մնում Նախիջեւանն ու Զանգեզուրը, իսկ Ղարաբաղը նկատւում էր վիճելի՝ մինչեւ յետագայում ժողովրդական հանրաքուէն հարցը կլուծէր: [5] Խորհրդային Ռուսաստանը նոյնիսկ խոստանում էր օգնել Հայաստանին՝ վերականգնելու նրա քայքայուած տնտեսութիւնը եւ իբրեւ բարեկամութեան նշան առաջարկում էր նուիրել կտաւագործութեան երկու գործարաններ, 2. 5 միլիոն ռուբլի, տասն լոքոմոթիւ եւ վառելանիւթ: [6]

Այս նոյն ժամանակ Մոսկուայում էր գտնւում նաեւ քեմալական Թուրքիոյ պատուիրակութիւնը: Պարզ է, որ Քեմալն էլ հաշտ աչքով չէր նայում հակաթուրք այն փոքրիկ կղզուն, որ ստեղծուել էր Երեւանի նահանգի շուրջ՝ մահմեդական Ազրբէյջանի ճամբին, եւ դեռ օրէ օր ընդլայնւում էր: Համբարձում Տէրտէրեանը վկայում է, որ ինքն ու Լեւոն Զարաֆեանը առաջարկել են Լեւոն Շանթին՝ թուրքերի ներկայութիւնից օգտուել եւ առանձնաբար տեսակցութիւն ունենալ նրանց հետ, սակայն Շանթը չի համաձայնուել՝ առարկելով, թէ իրենք նման լիազօրութիւն չունեն եւ յետոյ էլ ինքը թուրք ջարդարարների հետ բանակցութեան չի նստի: [7] Իսկ եթէ՞ արուեստագէտի զգայուն հոգու փոխարէն Շանթը ունենար ճարպիկ ու ճկուն դիւանագէտի մօտեցում եւ այս հանդիպումը իրագործուէր: Եթէ՞ հայ եւ թուրք պատուիրակները, առանց ռուսների միջնորդութեան, փորձէին իրենց հարցերը լուծել, մանաւանդ՝ այն ժամանակ, երբ հայ-թրքական հակադրութիւնները դեռ սաղմնային էին, գուցէ կարելի կլինէր յետագայ արիւնահեղութեան առաջն առնել. գուցէ հայերը կարողանային ի շահ Հայաստանի օգտագործել բոլշեւիկների հանդէպ ունեցած քեմալական թուրքերի անվստահութիւնը:

Դարձեալ նոյն ժամանակ, Մոսկուայում ընթանում էին վրացիների եւ ռուսների բանակցութիւնները: Վրացական հարցի վերաբերեալ Թուրքիայից վախ չկար. Ռուսաստանը վրացիների մասին հաշիւ չունէր թուրքերին ներկայացնելիք եւ առայժմ իր համար հանդուրժելի էր Վրաստանի անկախութիւնը: Ուստի, Յունիս 7-ին կնքւում է համաձայնագիրը, որով Ռուսաստանը երաշխաւորում էր Վրաստանի անկախութիւնն ու անձեռնմխելիութիւնը: [8] Այս համաձայնագրի մասին արտայայտուելով՝ Լեւոն Շանթը դիտել է տալիս, թէ հայ պատուիրակութեան մօտ այն տպաւորութիւնն էր ստեղծուել, որ ռուսների համար դաշնագիր, համաձայնագիր ստորագրելը լուրջ կարեւորութիւն չունէր. «Նոր էին ստորագրեր վրացիներու հետ դաշինքը եւ մեր իսկ ներկայութեան կը խնդային դաշինքին վրայ, «այո՛, ամսուան մը համար», ինչպէս կ՚ըսէին կէս կատակ, կէս լուրջ»: [9]

 


[1] Համբարձում Տէրտէրեանը ռոստովցի էր եւ Ալեքսանդր Մեասնիկեանի դասընկերն էր եղել: Լեւոն Զարաֆեանը ղարաբաղցի էր եւ Տէրտէրեանի պէս ուժեղ ընկերվարական: Երկուսն էլ իրենց այդ հակումներով Դաշնակցութեան ձախ թեւին էին պատկանում: Այս երկուսը մեծ դեր կարող էին վերցնել բանակցութիւնների մէջ, իսկ Լեւոն Շանթի փոխարէն նախապէս Վահան Փափազեանն էր նկատի առնուած, բայց այս երկուսի ընդդիմութեան բերումով որոշումը խափանուեց: Պատուիրակութեան նախագահ նշանակուեց Լեւոն Շանթը, որ արեւմտահայ լինելով հանդերձ, Թիֆլիս էր ուսանել եւ ծանօթ էր կովկասեան մտայնութեան: Այս մասին տես՝ Րիչըրդ Յովհաննիսեան, The Republic of Armenia, vol. IV, Between Crescent and Sickle: Partition and Sovietization, (Berkeley, Los Angeles, London, University of California Press, 1996), էջ 46-47:

[2] Հ. Տէրտէրեան, էջ 4 (տես ծանօթ. թիւ 196): Տես նաեւ՝ «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 453:

[3] Լեւոն Շանթի զեկոյց-հեռագրի բովանդակութիւնը տես՝ «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 455:

[4] Նոյն տեղում, էջ 454-455:

[5] Հ. Տէրտէրեան, «Հայրենիք» ամսագիր, 1954, Փետրուար, թիւ 2 (336), էջ 14:

[6] The Republic of Armania, vol. IV, էջ 52:

[7] Հ. Տէրտէրեան, «Հայրենիք» ամսագիր, 1954, Յունուար, թիւ 1 (335), էջ 12-13:

[8] «Հայաստանի Հանրապետութեան Ծագումն Ու Զարգացումը», էջ 253:

[9] Տես՝ Լեւոն Շանթի նամակը Վրացեանին, «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 611: