Հեղինակ

Բաժին

Թեմա

Բանակցութիւնների ապարդիւն վախճանը

Հայաստանի կառավարութեան պատասխանը դեռ պատուիրակութեան չհասած, Յուլիս 1-ին Չիչերինը յայտնում է, թէ բանակցութիւնները ընդհատուած են եւ պիտի սկսուեն Երեւանում՝ Մոսկուայի կառավարութեան եւ Կոմունիստական Կուսակցութեան Կենտրոնական Կոմիտէի լիազօր ներկայացուցիչ Բորիս Լեգրանի հետ: [1] Չիչերինը ուղղակի հեռագրել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարութեան եւ, Ռուսաստանի միջնորդութեան մի շարք բարեմասնութիւնները թուելուց յետոյ, յայտնել, թէ «Ռուսաստանի լիազօր ներկայացուցիչ Լեգրանի ժամանումը Երեւան կնպաստի կուտակուած բոլոր թիւրիմացութիւնները պարզելուն, եւ Սովետական կառավարութիւնը յուսով է, որ հայկական կառավարութիւնը կհամոզուի այն ուղու արդարացիութեանը, որով ընթանում է Սովետական կառավարութիւնը»: [2] Այդ վերջին օրերի ընթացքում Չիչերինը իզուր էր փորձել համոզել Կովկասի քաղաքական ու զինուորական ղեկավարութեան՝ զսպելու Հայաստանի իշխանութեան դէմ ունեցած իրենց ցասումն ու Հայաստանի հողերի պահանջը, մանաւանդ, որ Սովնարկոմը եւ բոլշեւիկեան կուսակցութեան Քաղբիւրոն (Պոլիտբիւրօ) առայժմ համաձայն էին բուրժուական Հայաստանի եւ Վրաստանի գոյութեան: Կովկասի բոլշեւիկ ղեկավարութեան անդրդուելի կեցուածքը եւ կենտրոնի դէմ նրանց մէջ առաջացած բացասական տրամադրութիւնները պարտադրեցին Մոսկուային՝ փոխելու իր ռազմավարութիւնը եւ բանակցութիւնները առկախելու: Այսպիսով, Ռուսաստանը կարող է նաեւ ժամանակ շահել նախ՝ իրականացնելու ռուս-թրքական համաձայնութիւնը եւ ապա Հայաստանի հարցը լուծելու:

Բանակցութիւնների առկախումից յետոյ էլ հանգիստ չէին Ազրբէյջանի ղեկավարները: Նրանք ցանկանում էին օր առաջ, նոյնիսկ առանց Կարմիր Բանակի մասնակցութեան, Ղարաբաղին ու Զանգեզուրին տիրանալ: Անօգուտ էին Ազրբէյջանի կոմունիստ ղեկավարներին ուղղուած Չիչերինի նախատական հեռագրերը: Չիչերինը մինչեւ անգամ ամբաստանում էր նրանց մուսաւաթական, այսինքն՝ մահմեդական-ազգայնական քաղաքականութիւն եւ նպատակներ հետապնդելու մէջ: Բայց միայն նրանք չէին այդ հարցի վրայ պնդողները:

Յուլիս 10-ին Համառուսական Կոմունիստական Կուսակցութեան Կենտկոմը Մոսկուայում մի բողոք-դիմումագիր է ստանում, որի մէջ Հայաստանին առաջարկած հողային բաժանումները (Ղարաբաղ, Զանգեզուր, Նախիջեւան) համարւում էր անարդար եւ կովկասեան յեղափոխութեան շարժումի ոգուն հակընդդէմ: Գրութեան մէջ նշուած էր նաեւ, որ թէ՛ Ղարաբաղի եւ թէ՛ Զանգեզուրի հայ գիւղացիութիւնը ցանկանում է օր առաջ Հայաստանի դաշնակ իշխանութեան լծից ազատուել: Բողոք-դիմումնագրի տակ ստորագրել էին Բուդու Մդիվանին (Կաւբիւրօ), Նարիմանովը (Ազրբէյջանի Յեղկոմ), Միկոյեանը եւ Նանէյշվիլին (Կենտկոմ) եւ Լեւանդովսկին, Վեսնիկն ու Միխայլովը (11-րդ Կարմիր Բանակի Ռազմայեղափոխական Կոմիտէ): [3]

Բանակցութիւնների ընդհատման մասին պատուիրակութիւնը հեռագրով տեղեկացնում է Երեւան: Ապա տեղի է ունենում ձեւական մի հանդիպում Լեգրանի հետ: Մասնակցում էր նաեւ Լեգրանի հայ խորհրդականը՝ յայտնի ղարաբաղցի բոլշեւիկ Սահակ Տէր-Գաբրիէլեանը: [4] Պատուիրակութիւնը անգործութեան մատնուած՝ Մոսկուան թողնելու համար Երեւանից արտօնութիւն է սպասում: Դարձեալ հարց է ծագում. եթէ Հայաստանի լիազօր ներկայացուցիչները ընդունէին առաջարկուած պայմանները եւ անմիջապէս, առանց ձգձգելու ստորագրէին պայմանագիրը, գուցէ դէպքերի ընթացքը փոխուէր, գուցէ Հայաստանի Հանրապետութեան համար նոր հորիզոններ բացուէին: Բայց որքա՞ն կարեւորութիւն ունէին այս բանակցութիւնները ռուսների համար, եւ որքա՞ն կշարունակէին ի զօրու մնալ թէկուզ վերջաւորուած եւ ստորագրուած համաձայնագրի պայմանները: Տէրտէրեանի վկայութեամբ, հանդիպումներն ընդհանրապէս տեղի էին ունենում գիշերով, անպաշտօն զրոյցի ձեւով: Արձանագրութիւններ չէին պահւում: Բանակցութեան սեղանի վրայ միշտ դրուած էին լինում երկու նագան ատրճանակներ: Ընդհանուր պատկերը ինքնին ապացոյց չէ՞, թէ որքան անկարեւոր էին այս հանդիպումները բոլշեւիկ կառավարութեան համար եւ, թէ Հայաստանի ճակատագիրը այլ սեղանների շուրջ էր որոշւում:

Լեգրանը արդէն վաղուց Բաքու էր հասել ու այնտեղ իր գործունէութիւնը ծաւալել, երբ Օգոստոսի սկզբին վերջապէս Մոսկուա է հասնում համաձայնագրի վերջին տարբերակի նկատմամբ Հայաստանի կառավարութեան կեցուածքը բնորոշող հեռագիրը: Կառավարութիւնը, կարծես հեռու եւ անտեղեակ իրականութիւնից, կարգադրում էր պնդել ո՛չ միայն Լեռնային, այլ նաեւ Դաշտային Ղարաբաղի վրայ: Մի երկրորդ հեռագրով, որը ըստ երեւոյթին յապաղուած չէր, պատուիրակութեան տեղեկացւում էր, թէ Կարմիր Բանակը գրաւել է Զանգեզուրի կենտրոն Գորիսը, եւ բոլշեւիկների ձեռքով սպանուել են դաշնակցական գործիչներ ու խորհրդարանի անդամներ՝ Վահան Խորէնին եւ Արշակ Շիրինեանը: Պահանջւում էր այդ մասին բողոքել Չիչերինին: Բանակցութիւնները, սակայն, վաղուց դադարած էին, եւ ժամանակավրէպ էին դարձել թէ՛ բողոքը, թէ՛ պահանջները:

Իրականութեան մէջ Կովկասի ճակատագիրը որոշւում էր Բաքւում, որ դարձել էր մէկ կարեւոր կենտրոն Անգարա-Մոսկուա-Բաքու եռանկիւնու, այսինքն՝ թուրք-բոլշեւիկ-թաթար համաձայնութեան մէջ: Այստեղ Լեգրանը, որ Չիչերինի կողմից նշանակուած էր տեղի վրայ ուսումնասիրելու Զանգեզուրի բնակչութեան ցանկութիւնը եւ վարելու բանակցութիւնները, իր օգնական Սահակ Տէր-Գաբրիէլեանի եւ Մուստաֆա Քեմալի ներկայացուցիչ Խալիլ փաշայի ընկերակցութեամբ, Բաքու էր գտնւում: Րիչըրդ Յովհաննիսեանը դիտել է տալիս, թէ Լեգրանը Օրջոնիկիձէի հետ տեսակցելուց յետոյ յանձնարարում է Մոսկուային՝ առանց որեւէ պայմանի Ղարաբաղը կցել Ազրբէյջանին եւ Զանգեզուրը վիճելի նկատել, իսկ իբրեւ զիջում հայերին, յետ կանգնել Նախիջեւանի, Շարուր-Դարալագեազի եւ Օրդուբադի պահանջից: Այս յանձնարարութեան յաջորդ օրը, սակայն, Լեգրանը համոզւում է իր համաձայնութիւնը տալ Ազրբէյջանի Կոմունիստական Կուսակցութեան Կենտրոնական Կոմիտէի, Օրջոնիկիձէի եւ 11-րդ Կարմիր Բանակի Ռազմայեղափոխական Կոմիտէի միացեալ բանաձեւին, որը Ղարաբաղն ու Զանգեզուրը պահանջում էր միացնել Ազրբէյջանին, իսկ Նախիջեւանի եւ միւս շրջանների գրաւման համար Կարմիր Բանակը շարժել: Այդ նոյն բանաձեւում յանձնարարուած էր Լեգրանին՝ առայժմ Հայաստանի հետ որեւէ համաձայնութիւն չկնքել եւ Հայաստանից զինադադար պահանջել: [5]

Քաղաքական ու ռազմական այս բարդ իրադարձութիւնների մթնոլորտում, Յուլիս 21-ին Լեգրանը իր խմբով դէպի Երեւան է շարժւում, սակայն անսպասելի կերպով Երեւանի կառավարութիւնը արգելում է նրա մուտքը Հայաստան եւ առարկում, թէ տիրող պայմաններում նա իր խմբով Ռուսաստանի պաշտօնական պատուիրակութիւն չի կարող համարուել եւ սովորական ճամբորդների պէս սահմանի վրայ քննութեան պիտի ենթարկուի: Այս վերաբերմունքը Երեւանի Բիւրօ-կառավարութեան անվստահութիւնն էր ցոյց տալիս բոլշեւիկների հանդէպ: Փաստը այն էր, որ մի կողմից Չիչերինը խոստումներ էր տալիս Հայաստանին, միւս կողմից Կարմիր Բանակը Հայաստանի սահմաններն էր բախում: Կառավարութիւնը կասկած ունէր նաեւ, որ խումբը իր հետ բոլշեւիկ գործիչներ ու քարոզչական նիւթեր է բերում: Յետոյ կար մի այլ վերապահութիւն. դեռ Շանթի պատուիրակութիւնը Երեւան չէր հասել եւ կառավարութիւնը, նախքան Լեգրանի հետ բանակցութիւններ վերսկսելը, ցանկանում էր իր պատուիրակութիւնից մանրամասն զեկուցում լսել:

Լեգրանին ցոյց տուած վերաբերմունքից անհանգստացած եւ այն մտավախութեամբ, որ Երեւանի այս ընթացքը կարող է վնասել հայկական շահերին, Թիֆլիսում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Բէկզադեանը դիմում է Վրաստանի կառավարութեան՝ Լեգրանին Թիֆլիս հրաւիրելու: Նա նաեւ այս գծով զգուշացնում է Համօ Օհանջանեանին, Երեւան: Բէկզադեանը Երեւան էր ճամբել նաեւ Չիչերինի վերջին հեռագիրը, ուր նա Կարմիր Բանակի գործողութիւնները Հայաստանի սահմաններում բացատրում էր իբրեւ խաղաղութեան պաշտպանութիւն Հայաստանի եւ հարեւանների միջեւ: Չիչերինը այդ հեռագրում յիշեցնում էր նաեւ, թէ Մոսկուայի իշխանութիւնը փորձում է Թրքահայաստանի հողերից գոնէ մի մասը կորզել Թուրքիայից եւ Հայաստանին միացնել: Հեռագրում կատարուած հաստատումներին եւ տրուած խոստումներին հաւատք չընծայեց Հայաստանի կառավարութիւնը, քանի որ միանգամայն հակառակ ուղղութեամբ էին ծաւալւում իրադարձութիւնները թէ՛ Հայաստան-Թուրքիա եւ թէ՛ Հայաստան-Ազրբէյջան սահմաններում: Հայաստանի թերթերը գրում էին ռուս-թրքական մօտիկ յարաբերութիւնների, շուտով կնքուելիք համաձայնութեան եւ ի հետեւանս այդ համաձայնութեան՝ Հայաստանին սպառնացող վտանգների մասին: Օհանջանեանի պատասխան-հեռագիրը Չիչերինին լարուած մթնոլորտն է արտացոլում: [6]

Դիւանագիտական այս հաղորդակցութիւններին զուգընթաց կռիւ էր գնում Զանգեզուրում: Իրականութեան մէջ, Կարմիր Բանակի ուղղակի մասնակցութիւնը կռուին, նրա յարձակումները Հայաստանի վրայ եւ միեւնոյն ժամանակ Մոսկուայում տարուող բանակցութիւնները մի նոր փուլի մէջ էին դրել հայեւռուս յարաբերութիւնները: Այդ փուլը ընդգրկում էր թէ՛ դիւանագիտական, թէ՛ ռազմական գործողութիւններ եւ արտացոլում էր իրական պատկերը բոլշեւիկեան քաղաքականութեան:

 


[1] Բորիս Լեգրանը իրաւաբան էր եւ Թիֆլիսում ուսանած լինելով՝ ծանօթ էր կովկասեան իրավիճակին ու մթնոլորտին: Նա 1906-ից միացել էր բոլշեւիկներին եւ ղեկավարութեան աստիճանները բարձրանալով՝ 1920-ին պաշտօն էր ստացել արտաքին գործոց կոմիսարիատում: Տես՝ The Republic of Armenia, vol. IV, էջ 61:

[2] «Հոկտեմբերեան», փաստաթուղթ թիւ 230, էջ 352-353:

[3] Տես՝ The Republic of Armenia, vol. IV, էջ 74:

[4] 1920-ի Օգոստոսին, ՌԿ(բ)Պ Կենտկոմի Կովկասեան Բիւրոյի որոշումով, Սահակ Տէր-Գաբրիէլեանը նշանակւում է լիազօր ներկայացուցիչ Հայաստանում: Տես՝ «Հոկտեմբերեան», փաստաթուղթ թիւ 236, էջ 361:

[5] Տես՝ The Republic of Armenia, vol. IV, էջ 75-76:

[6] Մանրամասները տես՝ նոյն տեղում, էջ 72-80: