Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Դաշնակիցների պարտքը հայ ժողովրդին

Հետաքրքիր զուգադիպութեամբ, նոյն օրը, երբ Թիֆլիսում կնքւում էր հայ-ռուսական համաձայնագիրը, Փարիզի հաշտութեան խորհրդաժողովում ստորագրւում էր Սեւրի դաշնագիրը, ուր Դաշնակիցները եւ պարտուած Թուրքիայի ներկայացուցիչը ճանաչում էին Հայաստանի անկախութիւնն ու հողային ամբողջութիւնը:

Ո՞ւր էր իրականութիւնը, Փարիզո՞ւմ, որտեղ Դաշնակիցները Հայաստանի անկախութեան մանդատը ստորագրած, իրենց պարտքը հայ ժողովրդին հատուցած էին համարում եւ հանգիստ խղճով յետ քաշւում, թէ՞ Կովկասի ճակատներում, որտեղ Խորհրդային Ռուսաստանի զօրքը թիզ առ թիզ Հայաստանի հողերն էր խլում:

Մէկ կողմից, Սեւրի դաշնագրի տարածած ոգեւորութիւնը եւ եւրոպական շրջանակներում աշխատող հայ դիւանագէտների՝ Երեւան փոխանցած լաւատեսութիւնը, միւս կողմից Ռուսաստանից եկող վտանգի ու Մոսկուայի արհամարհոտ վերաբերմունքի առաջացրած կասկածն ու անորոշութիւնը, հակասական մթնոլորտ էին ստեղծել Երեւանում: Նման մի իրավիճակի մէջ Հայաստանի կառավարութիւնը պիտի որոշում կայացնէր՝ կա՛մ ուրանալ Սեւրը, ինչ որ պահանջում էին ռուսները, եւ կառչել ռուսների խոստումներին, կա՛մ հաւատալ Դաշնակիցներին, յենուել նրանց բարի կամեցողութեան վրայ եւ սպասել: Սեւրի դաշնագրին կառչելու պարագային էլ Հայաստանը չէր կարող անտեսել ռուսական գործօնը: Դաշնագրի ստորագրութիւնից հազիւ մի քանի օր յետոյ, Օգոստոս 13-ին, «Le Temps» թերթում, «La note du gouvernement des Etas Unis» գրութեամբ, ԱՄՆի պետական քարտուղար Բէյնբրիջ Քոլբիի ստորագրութեամբ, ներկայացնում էր Միացեալ Նահանգների տեսակէտը Սեւրի մասին: Քոլբին շեշտում էր, որ Հայաստանի սահմանների վերջնական հաստատումը պիտի լինի Ռուսաստանի համաձայնութեամբ եւ օգնութեամբ: [1]

  Հայաստանի կառավարութեան համար ճանապարհի կէսից յետ դարձ չէր կարող լինել: Նա ստորագրել էր Սեւրի դաշնագիրը, որոշած լինելով՝ զէնքի ուժով պահել իր անկախութիւնը: Այս ուղղութեամբ, 1920-ի Օգոստոսին, Հայաստանի կառավարութիւնը Վրաստանի իր դիւանագիտական ներկայացուցչի՝ Տիգրան Բէկնազարեանի միջոցով մի յուշագիր յղեց անգլիական կառավարութեան ներկայացուցչին Թիֆլիսում եւ նրա միջոցով նաեւ Դաշնակիցներին: Յուշագիրը պարզում էր Հայաստանի վտանգաւոր իրավիճակը, եւ քաղաքական ու դիւանագիտական օգնութիւն խնդրում: Իբրեւ պատասխան այս դիմումին, Անգլիան որոշ քանակութեամբ զինուորական համազգեստ, զէնք ու ռազմամթերք է ուղարկում, եւ միայն այդքանը: Հայաստանը յաւելեալ ո՛չ մի օգնութիւն չստացաւ Դաշնակիցներից: [2]

Այս առիթով Արտաշէս Բաբալեանը դիտել է տալիս, թէ հայութեան զոյգ պատուիրակութիւնները Եւրոպայում ի վիճակի չեղան Դաշնակիցների այնքան կարեւոր օժանդակութիւնը ապահովել Հայաստանին՝ իր թշնամիներին դիմադրելուհամար: Նրա կարծիքով ուղարկուած զէնքն ու ռազմամթերքը ո՛չ թէ արդիւնք էին պատուիրակութեան բարեխօսութեան, այլ Անդրկովկասի անգլիական ներկայացուցիչ Լիւքի ջանքերի եւ մանաւանդ այն հանգամանքի, որ Հայաստանի կառավարութիւնը կարողացել էր ճնշել բոլշեւիկեան շարժումը: [3] Այս կարծիքի մէջ ճշմարտութիւն կայ անշուշտ, բայց կայ նաեւ մէկ այլ իրողութիւն, որ առնչւում է այդ օրերի միջազգային դիւանագիտական խճճուած հարցերին, Դաշնակիցների ներքին մրցակցութեան եւ վերջապէս աշխարհաքաղաքական նոր իրադրութեան սաղմնաւորման հետ: Դաշնակիցները, որքան էլ բարեկամական տրամադրութիւն եւ մարդասիրական նպատակներ ունենային, յոգնած ու քայքայուած, փորձում էին ամենախաղաղ ու դիւրին միջոցներով Միջին Արեւելքի իրավիճակը կարգաւորել: Իսկ անկախ Հայաստան, առանց նրանց զինուորական ուղղակի մասնակցութեան, այսինքն՝ առանց նոր պատերազմների մէջ ներքաշուելու հնարաւոր չէր:

Այնուամենայնիւ, իրականութիւն էր Սեւրի դաշնագիրը, եւ այդ լոյսի տակ ու Անգլիայից հասած զինական օգնութեամբ ոգեւորուած, Հայաստանի կառավարութիւնը եւ դաշնակցական ղեկավարութիւնը մէկ անգամ եւս թեքւում էին դէպի Դաշնակիցները ու հրաժարւում Հայկական հարցը ամբողջովին Խ. Ռուսաստանի հետ կապելու տարբերակից: Հայաստանի կառավարութիւնը վճռել էր շարունակել կռիւը՝ ի խնդիր Հայաստանի անկախութեան պահպանման, մինչդեռ Խորհրդային Ռուսաստանը թէ՛ իր բանակով եւ թէ՛ իր դիւանագիտական առեւտրով արդէն դարձել էր միակ որոշիչ ազդակը Հայաստանի ապագայի:



[1] ՀԽՍՀ Պետական Կենտրոնական Պատմութեան Արխիւ, Ֆոնտ 100, գործ 529, թուղթ 85:

[2] Դաշնակիցների օգնութեան մասին, տես՝ «Հայաստանի Հանրապետութեան Ծագումն Ու Զարգացումը», էջ 253: Յուշագրի բնագիրը տես՝ նոյն տեղում, էջ 272-276:

[3] Տես՝ Արտաշէս Բաբալեան, «Էջեր Հայաստանի Անկախութեան Պատմութենէն», «Հայրենիք» ամսագիր, Ա. տարի, թիւ 9, Յուլիս, 1923, էջ 108: