Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Կոչ ռուսեւթուրք ռազմական միացեալ գործողութեան

Արեւելեան Ազգերի Համագումարի որոշմամբ ընտրուել էր 48 հոգուց բաղկացած քարոզչական եւ գործողութեան մշտական խորհուրդ՝ ներկայացուցիչներ ունենալով համագումարին մասնակցող բոլոր երկրներից: Խորհրդին մաս էին կազմում Կիրովը, Օրջոնիկիձէն, Նարիմանովը, Ստասովան, Պաւլովիչը, Մախարաձէն (Վրաստան), Աւիսը (Հայաստան) եւ ուրիշներ: [1]

Այս խորհրդի նախագահութեան մէկ վերլուծութիւն-եզրակացութիւնը, որ «Թելադրանք Կոմինտերնին» խորագիրն է կրում, կարեւոր մի փաստաթուղթ է քեմալական եւ բոլշեւիկեան բանակների Հայաստանի դէմ կատարած միացեալ գործողութեան վրայ լոյս սփռող: Այս փաստաթուղթը հայերէն թարգմանութեամբ առաջին անգամ լոյս տեսաւ «Գրական Թերթ»ում (Երեւան, 1990 թ., Յունիս 8), որպէս «Հոկտեմբերեան յեղափոխութեան եւ սոցիալիստական շինարարութեան Հայաստանի պետական արխիւի գզրոցներում պահուող» մի «յոյժ գաղտնի» փաստաթուղթ: Գրութիւնը 1920-ի Սեպտեմբեր 17-ին Բաքուից յղուած է եղել երրորդ ինտերնացիոնալի գործադիր նախագահութեան եւ Ռ. Կ. Կ. ի Կ. Կ. ին, պատճենը՝ Ռ. Ս. Ֆ. Ս. Հ. արտգործժողկոմին:

Անվերապահ իրապաշտութեամբ նկարագրուած խորհրդային իշխանութիւնների Մերձաւոր Արեւելքում թոյլ տուած սխալների ու ձախողութիւնների ծիրում, «թելադրանք»ի հեղինակները դատապարտում են Հայաստանի հետ կնքուած զինադադարի պայմանագիրը. դա համարում են թուլութեան վկայութիւն, որ առիթ պիտի տայ Հայաստանի կառավարութեան՝ իր դիրքերը ամրապնդելու: Յատկապէս Ղարաբաղում, Զանգեզուրում ու Ղազախում (որոնք հեղինակները ազրբէյջանական հողեր են համարում) Հայաստանի կառավարութիւնը խորհրդային իշխանութիւնը տապալելու եռանդուն աշխատանք պիտի ծաւալի: Իսկ այդ վայրերում տիրող հակախորհրդային տրամադրութիւնները միայն կարող են սատարել այդ նպատակի իրագործմանը, քանի որ «տեղական ղեկավարների իսկ խոստովանութեամբ Ադրբեջանում խորհրդային իշխանութիւնը պահւում է բացառապէս ռուսական սուինների վրայ»:

Այս իրողութեանը, ըստ հեղինակներին, աւելանում է նաեւ այն պարագան, որ Մուստաֆա Քեմալի Ազգային Շարժումն էլ զուրկ է պայքարը շարունակելու միջոցներից: Եթէ չլինի Խորհրդային Ռուսաստանի «նիւթական օգնութիւնն ու բարոյական աջակցութիւնը», Ազգային Շարժումը կը ճնշուի: Աւելին «Կովկասում ու Թուրքեստանում փանիսլամական հակայեղափոխութեան աշխուժացումը» կարող է նոյնիսկ մինչեւ թուրք սուլթանի իշխանութեան վերականգնման առաջնորդել եւ մահմեդականներին Խորհրդային Ռուսաստանի դէմ «սրբազան պատերազմ»ի մղել:

«Թելադրանք»ը կացութիւնը փրկելու միակ ելքն է համարում «յեղափոխական Թուրքիայի հետ միաւորուելու դրօշի ներքոյ Հայաստանի վրայ յարձակուելը»: Դա կփրկի Թուրքիոյ Ազգային Շարժումը եւ Խորհրդային Ռուսաստանին կընձեռի իր դէմ ելած թշնամիներին «առանձին-առանձին ջարդելու հնարաւորութիւն»:

Հայաստանի դէմ կատարուելիք ռազմական գործողութիւնների մէջ «թելադրանք»ի հեղինակները մեծ դժուարութիւն չեն նախատեսում, քանի որ «Ադրբեջանը բոլշեւիկներից ազատագրելու դրօշի ներքոյ մեր վրայ դաշնակցականների յարձակման պարագայում ադրբեջանական բնակչութեան մի մասը մեր դէմ կլինի, իսկ դաշնակցականներից ազատագրելու դրօշի ներքոյ Հայաստանի վրայ մեր յարձակման դէպքում մեզ հետ կլինի ոչ միայն ադրբեջանական ամբողջ բնակչութիւնը, այլեւ հայերի մի մասը»: Նախատեսւում էր, որ ռազմական գործողութիւնների բեռը ընկնելու էր Թուրքիոյ վրայ, իսկ Խորհրդային Ռուսաստանի դերը լինելու էր աւելի ցուցական: Այսպէս, որպէս քարոզչական միջոցառում, մանաւանդ՝ Արեւմտեան Եւրոպայում ստեղծուելիք հասարակական զայրոյթը չէզոքացնելու համար, առաջարկւում էր «Ամբողջ մամուլով եւ Եւրոպայում հրապարակայնութեան մեր բոլոր օրգանների օգնութեամբ հսկայական աղմուկ կբարձրացնենք հայ-թուրքական կոտորածների եւ դրանց մէկընդմիշտ վերջ տալու անհրաժեշտութեան մասին, եւ այդ կոտորածները դադարեցնելու պատրուակով մեր զօրքերը կմտնեն Հայաստան՝ նրա զօրքերից ամայացած արեւելեան սահմանից . [բնագրային բացթողում] եւ փոխարէնը կհաստատուի խորհրդային իշխանութիւն»:

«Թելադրանք Կոմինտերնին» հետաքրքրական վերլուծութիւն-յանձնարարութիւնը վերջանում է ընդգծելով, որ «Արեւելքում յեղափոխութիւնը փրկելու համար անհրաժեշտ են խորհրդային զօրքերի անյապաղ յարձակումը Հայաստանի վրայ եւ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատում»:

Անվիճելիօրէն պատրաստ էր հողը՝ ռուսեւթուրք միացեալ յարձակումով Հայաստանի անկախութիւնը տապալելու:

 




[1] Ա. Բ. Յարութիւնեան «Արեւելքի Ժողովուրդների Առաջին Համագումարը», էջ 52: