Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Յարձակում Հայաստանի վրայ

Թէեւ Մուստաֆա Քեմալի կողմից յստակ ուղղութիւն էր տրուած առանց Անգարայի համաձայնութեան Հայաստանի դէմ գործողութեան չդիմել, այնուամենայնիւ, նոյնիսկ դիտողութիւն ստանալու գնով, Կարաբեքիրը շարունակում էր սահմանային ոտնձգութիւններն ու յարձակումները: Միւս կողմից, Մուստաֆա Քեմալը պատեհ առիթի էր սպասում, նախ՝ վստահ լինելու, թէ ընդհանուր յարձակման պարագայում պիտի ունենայ բոլշեւիկեան Ռուսաստանի օժանդակութիւնը. յետոյ՝ Հայաստանի վրայ Թուրքիոյ յարձակումը չպիտի զայրացնի Դաշնակիցներին:

Սեպտեմբերի սկզբներին Օլթիի գրաւումը Դաշնակիցների անտարբերութեան էր հանդիպել, իսկ Մոսկուայի հետ ստորագրուած համաձայնագիրը եւ յետագայ բանակցութիւնները արդէն ապահով գրաւականներ էին Ռուսաստանի համագործակցութեան: Արեւելեան Ազգերի Համագումարին մասնակցած թուրք պատուիրակները եւս նոյն հաւաստիացումն էին տալիս ու պնդում Հայաստանի դէմ յարձակուելու անյետաձգելիութեան վրայ: Վախ կար, որ եթէ նախքան Թուրքիոյ յարձակումը Հայաստանի վրայ եւ նախքան այն, որ Թուրքիան առիթն ունենայ իր ցանկացած սահմաններին հասնել, Հայաստանը խորհրդայնանայ, այդ դէպքում ռուսներից զիջում ստանալը աւելի դժուար պիտի լինի: Այս բոլորից բացի, դադարել էր նաեւ Յունաստանի յարձակողականը: Կարաբեքիրը ամբողջ ուժով պատրաստ էր Հայաստանի դէմ ընդհանուր յարձակման դիմելու: Եւ Մուստաֆա Քեմալը, որ Մայիսից ի վեր քաղաքական հաշիւներով փորձել էր Կարաբեքիրին յետ պահել, այլեւս պատճառ չունէր չհամաձայնուելու:

Սեպտեմբեր 24-ին, խիստ գաղտնի պայմաններում, տրուել էր ընդհանուր յարձակման որոշումը, որ պիտի գործադրուէր Սեպտեմբեր 28-ի լուսաբացին՝ յանկարծակի բերելով հայկական ուժերին: Սեպտեմբեր 27-ին, դարձեալ գաղտնօրէն գումարուած Ազգային Մեծ Ժողովում, Քեմալը յայտնում է որոշման մասին, որ ընդունւում է մեծ ոգեւորութեամբ: Սեպտեմբեր 28-ին, դեռ լոյսը չբացուած, սկսւում է Թուրքիոյ ազգային բանակի ընդհանուր յարձակումը արեւմուտքից: Առաջին հարուածով գրաււում է Սարիղամիշը, իսկ Կարմիր Բանակի հարուածը իջնում էր Իջեւանից եւ Նախիջեւանից: Ինչպէս Կարօ Սասունին է նկատում, «Մէկուն կողմէ սկսուած խռովութիւնները կ’օգնէին միւսին՝ նորաստեղծ հանրապետութեան դէմ պատերազմ սկսելու. եւ այս պատերազմը՝ քայքայելով մեր բանակը, կը բանար Դիլիջանի դռները հիւսիսի աշխարհակալներուն առջեւ»: [1]

Հայաստանի կառավարութիւնը շփոթի էր մատնուել: Մէկ կողմից, Փարիզի ու Թիֆլիսի իր ներկայացուցիչների միջոցով զէնքի, զինամթերքի ու պարէնի օգնութիւն ստանալու դիմում էր կատարում Դաշնակիցներին, միւս կողմից Լեգրանի միջամտութիւնն էր հայցում: Դաշնակիցները որեւէ գործնական օժանդակութիւն չէին հասցնում: Հայերին թղթի վրայ միացեալ Հայաստան պարգեւած՝ նրանք մտադիր չէին Հայաստանի կենաց մահու պայքարին մասնակցելու. շռայլում էին կարեկցական խօսքեր ու խոստումներ միայն:

Թուրքիոյ վտանգին դէմ դնելու համար Հայաստանի Բիւրօ-կառավարութիւնը մէկ անգամ եւս զօրաշարժի ենթարկեց Դաշնակցութեան շարքերը: Սեպտեմբեր 29-ին հրատարակած «Բոլոր ընկերների մոբիլիզացիա»ն կոչ է անում «Դէպի գործ.... Դէպի ֆրոնտ»: [2] Կառավարութեան կոչին էին միացել նաեւ Հայաստանում գործող տարբեր կուսակցութիւններ: Կամաւորները դէպի ճակատ էին շտապում: Թուրք բանակի մերձեցումը դէպի Հայաստանի սիրտը եւ նոր կոտորածների հեռանկարը սարսափի էր մատնել բոլորին:

Հոկտեմբեր 23-ին հրատարակած մի հաղորդագրութեամբ, Անգարայի կառավարութիւնը իր ձեռնարկած զինուորական գործողութեան պատճառը համարում էր Հայաստանի դաշնակցական կառավարութեան երկու տարուայ ընթացքում երկրի թուրք բնակչութեան հանդէպ ի գործ դրած վայրագութիւնները եւ սպանդով կամ տեղահանութեամբ Հայաստանը թուրքերից մաքրելու քաղաքականութիւնը: Իսկ այս վերջին գործողութեան մէջ Անգարայի կառավարութիւնը հայերին ներկայացնում էր որպէս նախայարձակ: «Սեպտեմբեր 24-ին» սկսած ռազմական գործողութիւններով, - բացատրում էր հաղորդագրութիւնը, - հայերը նպատակ ունէին մինչեւ Էրզրում առաջանալ: Ուստի, թրքական բանակը պարտաւոր էր պաշտպանութեան դիմելու: [3]

 


[1] Կարօ Սասունի, «Փետրուարեան Ապստամբութիւնը», (Բէյրութ, Տպարան Համազգային, 1970), էջ 13:

[2] Կոչի բնագիրը, տես՝ Հ. Յ. Դ., Արխիւ, Բոստոն, Մաս Ե., թղթածրար թիւ 120, փաստաթուղթ թիւ 16:

[3] Հաղորդագրութեան բնագիրը տես՝ «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 466-468: