Հեղինակ

Բաժին

Թեմա

Պայքար բոլոր ճակատներում

Հայաստանի անկախութիւնը վտանգուած էր: Բոլոր կուսակցութիւններն ու ժողովրդական խաւերը թիկունք էին կանգնել կառավարութեան՝ քեմալական Թուրքիայի յարձակումները դիմագրաւելու: Հ. Յ. Դ. Բիւրոն յայտարարում էր «բոլոր ընկերների զօրաշարժ . ամէն ընկեր պարտական է իրեն դնել կուսակցութեան տրամադրութեան տակ»: Հայաստանի կառավարութիւնը «Ի զէ՛ն քաղաքացիներ. դէպի ռազմաճակա՛տ, դէպի յաղթանա՛կ» կարգախօսով զօրաշարժի էր ենթարկել ամբողջ Հայաստանը: [1] Իսկ Թիֆլիսի ու Բաքուի բոլշեւիկ օրգանները գովեստներ էին շռայլում Մուստաֆա Քեմալի հասցէին եւ անհամբեր սպասում, թէ վերջապէս երբ պիտի տապալուի Հայաստանի դաշնակ իշխանութիւնը: Այդ տապալումը աւելի դիւրացնելու համար Կարմիր Ազրբէյջանը շրջափակման էր ենթարկել Հայաստանը եւ մանաւանդ՝ կասեցրել էր վառելանիւթի առաքումը: Վառելանիւթի սոսկալի պակասը անկանոն էր դարձրել գնացքների երթը եւ դանդաղեցրել զինուորների ու զինամթերքի փոխադրութիւնը դէպի ճակատ: [2]

Շրջափակման հետ միասին նոր թափ էր ստացել բոլշեւիկների քարոզչութիւնը Հայաստանի կառավարութեան դէմ: Յատկանշական էր Հայաստանի Կոմունիստական Կուսակցութեան կենտրոնական կոմիտէի եւ սրան միացած Ազրբէյջանի Կոմունիստական Կուսակցութեան կոչ-բողոքը Բաքուից յղուած՝ «Հայաստանում իշխող սպիտակ տեռորի դէմ»: Կոչը ուխտել էր տալիս Հայաստանի «արիւնաքամ եղած բանուորա-գիւղացիական զանգուածներին չենթարկուել աւազակային խմբերի... », որոնք «գնդակահարում են Հայաստանի լաւագույն զաւակներին»: [3]

Հայաստանում պատերազմական դրութիւն էր յայտարարուել: Բայց զօրահաւաքը սահուն չէր ընթանում: Ներքին կռիւները վերջացած լինելով, շատ զինուորներ իրենց գիւղերն էին ուղարկուել հունձք անելու: Յետոյ կառավարութիւնը պարտաւոր էր բանակի մի մասին Ղազախի, Զանգեզուրի եւ Նախիջեւանի ճակատների վրայ պահել՝ Կարմիր Բանակի յառաջխաղացքի դէմն առնելու համար: Դժուարութիւններ կային նաեւ բանակի բարձր հրամանատարութեան մէջ. տարբեր ռազմական ոճեր, տարբեր հասկացողութիւններ, ռազմական վարժանքներ ու դաստիարակութիւններ իրար բախուելով՝ անհամաձայնութիւնների տեղիք էին տալիս, որոնք ազդում էին ռազմական գործողութիւնների վրայ: Այս բոլորից բացի, ժողովուրդը յոգնել էր անդադար պատերազմներից, եւ տնտեսական այդ վատթարացած մթնոլորտում «հայ տառապեալ ժողովրդին», «դաշնակների ճիրաններում տառապող հայ աշխատաւորին»՝ ուղղուած բոլշեւիկ գործիչների քարոզչութիւնն ու գրաւիչ խօսքերը՝ կառավարութեան չանսալու, կռուի չգնալու, չէին կարող ազդեցութիւն չունենալ: Բոլշեւիկները խոստանում էին խաղաղութիւն եւ հանգիստ կեանք, եթէ երկրում տիրէր խորհրդային իրաւակարգ եւ թուրքերի դէմ պատերազմելու փոխարէն նրա հետ հաշտութիւն կնքուէր: Թուրք բանակի առաջխաղացքը եւ Հայաստանի գրաւման վտանգը փոխանակ անհանգստացնելու, ուրախացրել էր նրանց: Թիֆլիսի «Կոմունիստ» թերթը Հոկտեմբեր 24-ի համարում գրում էր. «Մնում է միայն ուրախանալ, դաշնակցական Հայաստանը գտնւում է այն պոզահարող կովի վիճակում, որին Աստուած եղջիւրներ չի տուել»: [4]

Այս իրավիճակում մեծ պատասխանատւութեան առջեւ էր կանգնած կառավարութիւնը: Զինուորական նախարարութեան տրուած էին արտակարգ լիազօրութիւններ: Նախարարներն ու գործիչները ռազմաճակատ էին մեկնել պաշտպանութեան գործը կազմակերպելու եւ ժողովրդի ոգին բարձրացնելու համար: Յ. Իրազեկը (Յակոբ Տէր-Յակոբեան) վկայում է Քաջազնունու, Լեւոն Շանթի, Սիրական Տիգրանեանի եւ Վահան Նաւասարդեանի հետ իր ուղեւորութիւնը դէպի Ալեքսանդրապոլ: Յիշում է, թէ Քաջազնունին պնդում էր, որ ինքը իբրեւ հասարակ զինուոր ռազմաճակատ գնայ՝ կռուողներին խրախուսելու եւ նրանց կողքին կռուելու համար: [5]

Միաժամանակ մարտեր էին ընթանում Կարսում, Իջեւանում, Սուրմալույում, Նոր-Բայազետում եւ Աշտարակում: Այս իրավիճակում, Հայաստանի կառավարութեան պարտականութիւնները փաստօրէն մնացել էին վարչապետի եւ զինուորական նախարարի ուսերին: Միւս կողմից Բիւրօ-կառավարութեան դէմ ծաւալուել էին լայն դժգոհութիւններ: Քննադատութեան ալիք էր անցնում նաեւ Դաշնակցութեան շարքերում: Անհասկանալի եւ անընդունելի էր մի կուսակցութեան մենատիրութիւնը, պահանջւում էր, որ երկիրը վերադառնայ խորհրդարանական իրավիճակին:

Յետագայում, 1921-ի Ապրիլին Բուքրէշում տեղի ունեցած Դաշնակցութեան խորհրդաժողովը, 10-րդ Ընդհ. Ժողովին յղելու նպատակով քննարկում է Բիւրոյի գործունէութիւնը եւ հաստատում, որ Բիւրոն «հակառակ կանոնագրի եւ Ընդհ. Ժողովի որոշման, մտաւ կառավարութեան մէջ՝ լքելով կազմակերպութեան շարքերը»։ Հաստատում է միաժամանակ, որ Մայիսեան ապստամբութեան օրերին Բիւրոյի կեցուածքը «մի հոյակապ ժեստ էր», բայց ապստամբութիւնը ճնշելուց յետոյ Բիւրոն իշխանութիւնից չհրաժարուեց։ Իսկ Հ. Յ. Դ. 10-րդ Ընդհանուր Ժողովը (1924-25) դիտել է տալիս, թէ Բիւրոն կառավարութեան ղեկը իր ձեռքն է պահել աւելի, քան անհրաժեշտ էր։ [6] Եթէ այդ օրերին կուսակցութիւնը ունենար ամուր կազմակերպութիւն, Դաշնակցութեան նպատակների իրագործմանը նուիրուած միակամ շարքեր, պիտի կարողանա՞ր դիմագրաւել բոլշեւիկեան վարկաբեկիչ քարոզչութեան։ Պիտի կարողանա՞ր ուժեղ ու կազմակերպուած զօրք հանել թուրքերի դէմ։

Իսկ ի՞նչ իմաստով պիտի հասկանալ Դաշնակցութեան դիքտատուրան Հայաստանում. միթէ՞ այն գործում էր նպատակ ունենալով երկրի ներքին գործերում կուսակցական մենատիրութիւն տարածել եւ երկրի բոլոր կառոյցները կուսակցութեան հսկողութեան տակ պահել. չէ՞ որ աշխարհի միակուսակցական վարչակարգերը շատ դէպքերում այդ ճամբան են բռնել։ Իմ կարծիքով, Դաշնակցութեան հաստատած դիքտատուրան կարելի է մեկնաբանել իբրեւ հակազդեցութիւն երկրի անկախութեան հիմերը քայքայող հայ բոլշեւիկների խափանարար գործունէութեան եւ ռուս-թրքական համաձայնեցուած քաղաքական ու ռազմական կործանիչ ճնշումների դէմ։ Իսկ ներքին իմաստո՞վ։ Բաւական է մէջբերում կատարել Հայաստանի Հանրապետութեան պատմութեան Րիչըրդ Յովհաննիսեանի քառահատոր աշխատութեան վերջին հատորի վերջընթեր էջից, ուր հեղինակը իր եզրափակիչ խօսքն է ասում՝ փակելու համար խորհրդայնացումի անխուսափելի վտանգի դէմ կանգնած անկախ Հայաստանի երկուսուկէս տարուայ պատմութիւնը։ Յովհաննիսեանը տնտեսական ու ընկերային բնագաւառների մէջ արձանագրուած յառաջադիմութիւնների կողքին դիտել է տալիս, թէ «Մայիսեան խռովութիւններից յետոյ ժամանակաւորապէս հաստատուած կուսակցական դիքտատուրայով հանդերձ, երկրի մէջ տեղադրուած էր կառոյցը ժողովրդավարական հասատատութիւնների եւ համապարփակ դատական համակարգի»։ [7]

 


[1] Հ. Յ. Դ. Բիւրոյի կոչը, տես՝ Կ. Սասունի, «Հայ-թրքական Պատերազմ (1920-ին)» (այսուհետ՝ «Հայ-թրքական Պատերազմ») (Բէյրութ, Տպարան Համազգային, 1969), էջ 51: (Այս աշխատութիւնը առաջին անգամ տպագրուել է «Հայրենիք» ամսագրի մէջ, 1926-ին: ) Նոյն տեղում մէջբերուած է նաեւ Հ. Հ. Կառավարութեան կոչը՝ Համօ Օհանջանեանի ստորագրութեամբ (էջ 51-52):

[2] «Հայաստանի Հանրապետութեան Ծագումն Ու Զարգացումը», էջ 267:

[3] Կոչի բնագիրը տես՝ «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 474-475:

[4] Մէջբերումը տես՝ Սիմոն Վրացեան, «Հայաստանը Բոլշեւիկեան Մուրճի Եւ Թրքական Սալի Միջեւ», էջ 167:

[5] Յ. Իրազեկ, «Մօտիկ Անցեալից» (Բէյրութ, Տպարան Համազգայինի, 1956), էջ 72:

[6] Հ. Յ. Դ. Արխիւ, Բոստոն, Մաս Դ., թղթածրար թիւ 1549, փաստաթուղթ թիւ 13։

[7] The Republic of Armenia, vol. IV, էջ 407։