Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Հայաստանը օր առաջ խորհրդայնացնելու մոլուցքով

Լեգրանը դիւանագիտական եւ քարոզչական միջոցներով փորձում էր Հայաստանը դէպի խորհրդայնացում տանել։ Դաշնակիցների կասկածը չհրաւիրելու եւ նրանց միջամտութիւնից խուսափելու համար կենտրոնից կարգադրուած էր զգուշութիւն։ Պէտք էր դանդաղ, խաղաղ եւ անշտապ գործունէութիւն տանել։ Հակառակ հրահանգուած զգուշութեան, անհամբեր էին Կովկասի բոլշեւիկ ղեկավարները՝ օր առաջ հաշուի նստելու իրենց անձնական թշնամիների՝ Հայաստանի դաշնակների եւ Վրաստանի մենշեւիկների հետ։ Հայաստանի խորհրդայնացումը իրականացնելու համար, Կաւբիւրոյի հաւանութեամբ, Նոյեմբեր 22-ին Բաքւում կազմուել էր Հայաստանի ռազմայեղափոխական կոմիտէն՝ Սարգիս Կասեանի նախագահութեամբ։ Կոմիտէի միւս անդամներն էին Ասքանազ Մռաւեանը, Սահակ Տէր-Գաբրիէլեանը, Ալեքսանդր Բէկզադեանը, Իսահակ Դովլաթեանը եւ Աւիս Նուրիջանեանը։ 11-րդ Կարմիր Բանակը պատրաստ էր ամէն վայրկեան զէնքի ուժ ցոյց տալու։ Դեռ Նոյեմբեր 26-ին, Կարմիր Բանակի հրամանատարներից Սեմեոնովը Զանգեզուրի ապստամբ զօրամասերի հրամանատար գնդ. Նժդեհին լուր է ուղարկում դադարեցնել կռիւը եւ յանձնուել, քանի որ Երեւանում պետական հարուած է տեղի ունեցել եւ այլեւս անօգուտ էր Զանգեզուրին կառչել։ [1]

Նախապատրաստական աշխատանքները լրանում էին Հայաստանից դուրս՝ Բաքւում։ Կարմիր Բանակի հրամանատար Անատոլի Գէկկէրը Նոյեմբեր 28-ին հրանհանգում էր բանակին՝ աջակցել Աւիս Նուրիջանեանի տրամադրութեան տակ դրուած «հայկական յատուկ խնդիր ունեցող գնդին… եթէ հայկական գնդի համար անհնարին լինի կատարել իր վրայ դրուած խնդիրը»։ [2] Նոյեմբեր 29-ին Հայաստանի ռազմայեղափոխական կոմիտէն Օրջոնիկիձէի հաւանութեամբ, Ազրբէյջանից մտնում է Հայաստան, առանց մեծ դիմադրութեան հանդիպելու գրաւում է Քարուանսարան (Իջեւանը) եւ խորհրդային կարգեր յայտարարում։ [3] Հայաստանի Յեղկոմի յայտարարութիւնը, որ պատրաստ էր արդէն, Կասեանի կարգադրութեամբ ցրւում է ժողովրդի մէջ եւ հրատարակւում Ազրբէյջանի բոլոր թերթերում։ Յայտարարութիւնը համակ թոյն ու լուտանք էր Դաշնակցութեան հասցէին եւ գովեստ՝ բոլշեւիկեան Ռուսաստանին ու Կարմիր Բանակին, որ գալիս էր հայ ժողովրդին կապանքներից փրկելու։ Միւս կողմից Օրջոնիկիձէն հաղորդում է Մոսկուա, թէ Հայաստանում պայմանները հասունացած են արդէն, բանակը կազմալուծուած է, եւ ժողովուրդը գրկաբաց Կարմիր Բանակին է սպասում։

Յեղկոմի այս գործողութեան դէմ Վրացեանի բողոքի վրայ, Լեգրանը ներողութիւն է խնդրում եւ գրաւումը համարում թիւրիմացութիւն։ Ըստ երեւոյթին այս գործողութիւնը յանկարծակիի էր բերել ո՛չ միայն Հայաստանի կառավարութեան, այլեւ Լեգրանին։ Որոշւում է Սեպուհի գլխաւորութեամբ հայկական մի զօրամաս ուղարկել ներխուժողներին դուրս հանելու համար։ Մի քանի հարիւր զինուորից բաղկացած այս զօրամասը ճանապարհին, 6000-անոց Կարմիր Բանակի յարձակման ենթարկուելով, տեղի է տալիս, իսկ զօրականները կա՛մ ցրւում են, կա՛մ միանում ապստամբներին։ Միւս կողմից, Լեգրանն էլ ռուս զինուորական կցորդ Բոբրիշչեւին էր ուղարկել՝ Կարմիր Բանակի այդ յատուկ գնդի նահանջը կարգադրելու։ Նա նոյնպէս լուր էր ուղարկել Օրջոնիկիձէին, թէ ստեղծուած երեւոյթը տգեղ է ու անցանկալի, զինուորական ուժի պէտք չկայ, եւ ինքը արդեն Հայաստանը խաղաղ ճամբով խորհրդայնացնելու բանակցութիւններ է վարում։ Յաջորդ օրը, Նոյեմբեր 30-ին, Լեգրանը Վրացեանին ներկայացնում է մի վերջնագիր, որի մէջ յայտնուած էր Ռուսաստանի Կոմունիստական Կուսակցութեան Կենտր. Կոմիտէի որոշումը՝ Հայաստանում խորհրդային կարգեր մտցնելու։

Ըստ Դաշնակցական աղբիւրների, Հայաստանի խորհրդայնացումը վաղուց որոշուած էր արդէն կենտրոնից եւ դա միայն հայ բոլշեւիկների ուժով հնարաւոր պիտի չլինէր, եթէ կենտրոնից հրաման չգար Կարմիր Բանակին՝ օգնել Հայաստան խուժող բոլշեւիկներին։ Լեգրանը Հայաստան էր եկել հենց այդ առաքելութեամբ, եւ նրա վարած բանակցութիւններն ու Կարմիր Բանակի ներխուժման առիթով ներողութիւն յայտնելը անկեղծ չէին։ Սակայն Րիչըրդ Յովհաննիսեանի ուսումնասիրութիւնները փաստում են, թէ կենտրոնից Հայաստանը անմիջապէս խորհրդայնացնելու հրահանգ դեռ չկար։ Հայաստանի Յեղկոմի հապճեպ, առանց կենտրոնի գիտութեան եւ Օրջոնիկիձէի հաւանութեամբ, Հայաստան մտնելն ու նոյն ժամանակ հայկական զօրքերի անդադար պարտութիւնը թրքական ճակատների վրայ, Կարսի ու Ալեքսանդրապոլի անկումը պատճառ դարձան, որ Մոսկուայի իշխանութիւնը փոխի իր ռազմավարութիւնը եւ հրահանգի Լեգրանին այլեւս ժամանակ չկորցնել։ Մոսկուայում վախ կար, որ Թուրքիոյ ազգային բանակը կարող է Հայաստանը ոտքի տակ տալով դէպի Ազրբէյջան քայլել, իսկ այնտեղ հակախորհրդային անհանգստութիւններ էին երեւում։ Թրքական բանակի մերձեցումը կարող էր ոգեւորութիւն ստեղծել եւ անհանգստութիւնները ապստամբութեան վերածել։

Վրացեանի եւ Դրոյի բողոքները անօգուտ էին այլեւս. Մոսկուայի հրահանգը յստակ էր եւ պիտի գործադրուէր։ Եւ ինչպէս Վրացեանն է խոստովանում յետագային, «Հայաստանը ընկել էր երկու կրակի միջեւ։ Կառավարութեան ուրիշ ելք չէր մնում, բայց եթէ ընտրելով փոքրագոյն չարիքը, տեղի տալ եւ հասկացողութեան գալ Խորհրդ. Ռուսաստանի ներկայացուցչի հետ։ Հայաստանի Խորհրդայնացումը այլեւս անխուսափելի էր դառնում»։ [4]

Նոյն գիշեր Խորհրդարանի դիւանը, Դաշնակցական ֆրակցիան, կառավարութեան անդամները, Հ. Յ. Դ. Բիւրոն ամբողջ կազմով եւ մի շարք գործիչներ ու զինուորականներ ժողով են գումարում իրավիճակը քննելու համար։ Մեծամասնութեան կարծիքով, պէտք էր իշխանութիւնը առանց կռուի յանձնել բոլշեւիկներին ու հեռանալ։ Միայն այդ միջոցով կարելի կլինէր նաեւ կասեցնել թուրքերից սպառնացող վտանգը։ Նոյն կարծիքը, ի հարկէ տարբեր նկատառումով, պաշպանում էին «ձախ» դաշնակցականները։ Փոքրամասնութեան մէջ գոյութիւն ունէր, սակայն, այն կարծիքը, թէ իշխանութիւնը պէտք չէր առանց կռուի յանձնել բոլշեւիկներին, որոնք ամէն պարագայի ո՛չ միայն երկիրը չէին պաշտպանելու թուրքերի դէմ, այլ ներսում նոր խլրտումներ առաջացնելով՝ աւելի էին քայքայելու Հայաստանը։ Բացի այդ, նրանք հնարաւորութիւն էին տեսնում թուրքերի հետ հաշտութեան եզրեր գտնելու։ Ուրեմն, պէտք էր պահել այդ բարեկամութիւնը, եւ նոյնիսկ, օգնութիւն ստանալով թուրքերից, մինչեւ վերջին շունչ կռուել բոլշեւիկեան հոսանքի դէմ։ Այս կարծիքի վրայ պնդում էին Օհանջանեանը, Արշակ Յովհաննիսեանը, Եփրեմ Սարգսեանը, Նաւասարդեանը, Արտաշէս Չիլինգարեանը եւ Սարգիս Արարատեանը։ [5]

 


[1] Սեմեոնովի նամակի մասին տես՝ «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 556։

[2] Հրամանագրի հայերէն թարգմանութիւնը տես՝ «Հոկտեմբերեան», փաստաթուղթ թիւ 252, էջ 399։

[3] Հայաստանի մէջ խորհրդային իշխանութիւն յայտարարող Յեղկոմի «դեկլարացիան» տես՝ «Հոկտեմբերեան», փաստաթուղթ թիւ 254, էջ 403-406։

[4] «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 500։

[5] «Ուրուագիծ Հ. Յ. Դ. Պատմութեան 1919-1924 Հնգամեակի», էջ 48։