Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Հայաստանի խորհրդայնացման համաձայնագիրը

1920-ի Դեկտեմբեր 2-ին կնքուեց Հայաստանի խորհրդայնացման համաձայնագիրը՝ Խ. Ռուսաստանի ու Ռուսաստանի Կոմկուսի Կենտկոմի լիազօր ներկայացուցիչ Լեգրանի եւ Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան ներկայացուցիչներ Դրոյի եւ Համբարձում Տէրտէրեանի ստորագրութեամբ։ Ըստ այդ համաձայնագրի՝ 1) Հայաստանը յայտարարւում էր անկախ սոցիալիստական խորհրդային հանրապետութիւն. 2) Մինչեւ Հայաստանի խորհուրդների համագումարի հրաւիրումը, կազմւում էր ժամանակաւոր Ռազմա-Յեղափոխական Կոմիտէ՝ երկրի իշխանութիւնը ստանձնելու համար. 3) Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան հողերի մէջ մտնում էին՝ Երեւանի նահանգը իր բոլոր գաւառներով, Կարսի նահանգի մի մասը, որ զինուորական տեսակէտից ապահովում էր երկաթուղու տիրապետութիւնը՝ Ջաջուռ կայարանից Արաքս կայարանը, Գանձակ նահանգի Զանգեզուր գաւառը եւ Ղազախ գաւառի մի մասը Օգոստոս 10-ի համաձայնութեան սահմաններում, եւ Թիֆլիս նահանգի այն մասերը, որոնք Հայաստանի տիրապետութեան տակ էին գտնւում մինչեւ 1920-ի Սեպտեմբեր 28-ը. 4) Հայկական բանակի հրամանատարական կազմը չպիտի ենթարկուէր պատասխանատւութեան այն գործերի համար, որ կատարել է բանակի շարքերում մինչեւ Հայաստանի խորհրդայնացումը. 5) Դաշնակցութեան եւ ուրիշ սոցիալիստական կուսակցութիւնների (Սոց. -դեմ., Սոց. -յեղ. ) անդամները ոչ մի հալածանքի չպիտի ենթարկուէին կուսակցութեան պատկանելու եւ Կոմունիստական Կուսակցութեան դէմ մղուած կռիւներին մասնակցելու համար. 6) Ռազմա-Յեղափոխական Կոմիտէն կազմւում էր հինգ կոմունիստներից եւ երկու ձախ դաշնակցականներից՝ համաձայնելով Կոմունիստական Կուսակցութեան հետ։ [1] Համաձայնութիւն էր կայացել, որ Դեկտեմբեր 2-ի գիշերուայ կէսին իշխանութիւնը յանձնուի նշանակուած զօրահրամանատարութեան՝ Դրոյին եւ Լեգրանի ներկայացուցիչ Սիլինին, մինչեւ Յեղկոմի Երեւան ժամանումը։

Հայաստանի Հանրապետութեան նախարարական խորհուրդը, 1920-ի Դեկտեմբեր 2-ին յայտարարում էր. «Ի նկատի ունենալով արտաքին հանգամանքների շնորհիւ ստեղծուած կացութիւնը, Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը իր 1920 թուի Դեկտեմբեր 2-ի նիստում որոշեց՝ հրաժարուել իշխանութիւնից եւ «Զինուորական եւ Քաղաքացիական բովանդակ իշխանութիւնը [յանձնել] զօրաբանակի Ընդհ. Հրամանատարին, որպիսի պաշտօնում նշանակել Ռազմական Նախարար՝ Դրոյին» (ստորագրուած Նախարարների Խորհրդի Նախագահ՝ Սիմոն Վրացեանի եւ նախարարներ՝ Ա. Խոնդկարեանի, Հ. Տէրտէրեանի եւ Դ. Կանայեանի կողմից)։ [2] Կարգ ու կանոն պահելու վճռականութիւնից մղուած, վերջին վայրկեանին կատարուած այս կարգադրութիւնները ցոյց են տալիս, թէ որքան կազմակերպուած էր երկրի վարչական կառոյցը եւ հիմնաւորում է որոշ թրծուած հայ բոլշեւիկների այն համոզումը, թէ ներսից ոչինչ կարելի չէր փոխել. պէտք էր դրսից յարձակում կատարել։

 

 


[1] Համաձայնագրի բնագիրը տես՝ «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 501-503, «Հայաստան Եւ Հայ Դատը», էջ 263-264, Հ. Տէրտէրեանի յօդուածը, «Հայրենիք» ամսագիր, 1954, Մայիս, թիւ 5, (339), էջ 8-9։

[2] Պատճէնը տես՝ ՀԽՍՀ Պետական Կենտրոնական Պատմութեան Արխիւ, Ֆոնտ 199, ցուցակ 1, գործ 248։