Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Հայաստանի խորհրդայնացման ընթացքը

Դեռ Հայաստանի խորհրդայնացման համաձայնագիրը չստորագրուած, երբ տակաւին շարունակւում էին բանակցութիւնները, Բաքուի բոլշեւիկները արդէն խորհրդայնացած էին համարում Հայաստանը։ Դեկտեմբեր 1-ին, Բաքուի Սովետների նիստում, Ազրբէյջանի Յեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովը ողջունելով Հայաստանի խորհրդայնացումը՝ յայտարարում է, թէ Խորհրդային Ազրբէյջանը եղբայրական Հայաստանին է զիջում Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջեւանը։ Սրանք, ի հարկէ, միայն խօսքեր էին, եւ Ղարաբաղն ու Նախիջեւանը մնացին Ազրբէյջանի տիրապետութեան տակ։ [1]

Վրացեանը յիշում է, թէ խորհրդայնացումից առաջ, Դեկտեմբեր 1-ին, Լեգրանի կողմից իրեն էր դիմել խորհրդային պատուիրակութեան պաշտօնեայ Աշոտ Յովհաննիսեանը եւ առաջարկել էր արձակել Հայաստանի բանտերում պահուող բոլշեւիկներին։ Վրացեանը ընդունել էր առաջարկը եւ իր հերթին պայման էր դրել արձակել Ազրբէյջանի եւ Ռուսաստանի դաշնակցական կալանաւորներին։ Ստորագրուել էր գրաւոր ձեւակերպումը։ Դեկտեմբեր 2-ին ազատ էին արձակուել բոլշեւիկ բանտարկեալները, բայց խորհրդային պատուիրակութիւնը դրժել էր պայմանը։ [2]

Համաձայնագրի մէջ Հայաստանի կառավարութեան ներկայացուցիչները, տիրող իրավիճակի պարտադրանքի տակ, կարողացել էին հնարաւորին չափ նպաստաւոր պայմաններ ապահովել Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։ Հայաստանը խորհրդայնացւում էր, բայց մնում էր որպէս անկախ հանրապետութիւն։ Գծուած էին նրա սահմանները եւ ընդունուած Խորհրդային Ռուսաստանի կողմից։ Խ. Ռուսաստանը խոստանում էր պաշտպանել այդ սահմանները։

Իշխանութեան փոխանցումը պիտի կատարուէր Դեկտեմբեր 2-ի կէս գիշերին, բայց Լեգրանը առաջարկում է առաջաձգել ժամկէտը՝ երեկոյեան ժամի 6-ին։ Ըստ Բախշի Իշխանեանի, եւ ինչպէս այդ մի քանի ժամուայ դէպքերն են ցոյց տալիս, նպատակը արագ ձերբակալութիւնների անցնելն էր՝ կանխելու համար հակաբոլշեւիկ ղեկավարութեան հեռացումը երկրից։ [3]

Դեկտեմբեր 2-ի երեկոյեան ժամի 6-ին, երկրի իշխանութիւնը փոխուեց եւ անմիջապէս սկսուեցին ձերբակալութիւնները։ Իսկ Լեգրանը Հայաստանի խորհրդայնացման լուրը Օրջոնիկիձէին յայտնելով, արդէն խորհուրդ էր տուել, որ Յեղկոմն ու Կարմիր Բանակը Դիլիջանից Երեւան շարժուեն։

Դեկտեմբեր 3-ին Կարմիր Բանակը Մոսկուայից արտօնութիւն է ստանում դէպի Երեւան շարժուելու, բայց Մոսկուան զգուշացնում է որեւէ աւելորդ քայլ կամ անկարգութիւն թոյլ չտալ՝ նոր ընդհարումների առաջն առնելու համար։ Դեկտեմբեր 4-ին, պաշտօնական անձանց մի խումբ, դրանց մէջ նաեւ Դրոն, Սիլինը, Տէրտէրեանը եւ Լեգրանը, դէպի Սեւան են շարժւում Հայաստանի Յեղկոմին դիմաւորելու համար։

Մինչ այդ, Դեկտեմբեր 3-ին, տեղի է ունենում ձախ դաշնակցականների համագումարը, ուր Զ. Աշխարունու վկայութեամբ, Աւալեանը, Գրիգորեանը եւ Տէր-Ղազարեանը իրենք իրենց նշանակում են ներկայացուցիչներ՝ ողջունելու համար Կասեանի Յեղկոմի ժամանումը Երեւան։ Նոյն օրը Աւալեանի կարգադրութեամբ վար է բերւում խորհրդարանի շէնքի վրայ ծածանուող եռագոյն դրօշը եւ փոխարինւում կարմիր դրօշով։ [4]

«Հայաստանի Ռեւոլիւց. Կոմիտէի նախագահին»՝ ընկ. Կասեանին ուղղուած Դեկտեմբեր 2-ի թուակիր շնորհաւորական հեռագրով, Ժողովրդական Կոմիսարների Սովետի նախագահ Վ. Ի. Լենինը գրում էր «Յանձին ձեզ, ողջունում եմ իմպերիալիզմի ճնշումից ազատագրուած աշխատաւորական Սովետական Հայաստանին։ Չեմ կասկածում, որ դուք կգործադրէք բոլոր ջանքերը՝ Հայաստանի, Թուրքիայի Ադրբեջանի աշխատաւորների միջեւ եղբայրական համերաշխութիւն հաստատելու համար»։ [5]

Փոխանցումը կատարուել էր խաղաղ, առանց մի գնդակ անգամ արձակուելու, սակայն բոլշեւիկեան մամուլը յայտարարում էր ամենուրեք, թէ Հայաստանի մէջ «բռնկուեց բանուորա-գիւղացիական յեղափոխութիւն եւ տապալեց դաշնակների իշխանութիւնը»։ [6]

Կեցցէ՛ Խորհրդային Հայաստանը» խորագիրը կրող, «Պրաւդա» թերթի Դեկտեմբեր 4-ի համարում հրատարակած մի յօդուածով Ստալինը հաղորդում էր Հայաստանի խորհրդայնացման ուրախ լուրը եւ աւետում, թէ Հայաստանի եւ շրջապատի մահմեդական երկրների մէջ գոյութիւն ունեցող դարաւոր թշնամութիւնը մէկ հարուածով վերջ է գտել, եւ համերաշխութիւնը տիրել է Հայաստանի, Թուրքիայի եւ Ազրբէյջանի աշխատաւորների մէջ։ Ստալինը յիշեցնում էր, թէ Հայկական Հարցը, որ լուծել չկարողացան «աշխարհակալ դիւանագիտութեան հին գայլերը, ի վիճակի եղաւ լուծելու ՄԻԱՅՆ [մեծատառերի գործածութիւնը բնագրից] Խորհրդային իշխանութիւնը։ [7] Իրականութիւնն այն է, որ խորհրդային իշխանութեան միջոցառումը՝ Հայկական Հարցը լուծելու եւ համերաշխութիւն ստեղծելու, կայանում էր Հայաստանը մասնատելու եւ Թուրքիային ու Ազրբէյջանին առիւծի բաժին հանելու մէջ։

 


[1] «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 500։

[2] Առնուած է Վրացեանի «Հայաստանի Խորհրդայնացումը» յօդուածից. տես՝ 6-րդ գլխի ծանօթ. 47։

[3] Բախշի Իշխանեան, «Երկու Ամիս Բոլշեւիկեան Բանտում», (Գահիրէ, տպարան «Յուսաբեր», 1924), էջ Հեղինակը մարքսիստ, Պլեխանովի հետեւորդ, մօտիկ գործակցութիւն ունէր Հայաստանի դաշնակցական ղեկավարութեան հետ։ Նա սիրուած ազգային ու մշակութային գործիչ էր Երեւանում։

[4] Այդ օրերի իրադարձութիւնների մանրամասնութիւնները՝ ականատեսի գրառումով, տես՝ Զ. Աշխարունի, «Դրուագներ Մեր Ազատութեան Պայքարից», «Հայրենիք» ամսագիր, Գ. տարի, թիւ 9, Յուլիս, 1925։

[5] Տես՝ Վ. Ի. Լենին, «Երկեր», հատոր 31, էջ 550։

[6] Տես՝ «Փետրուարեան Ապստամբութիւնը», էջ 34։

[7] Տես՝ «Հայաստան Եւ Հայ Դատը», էջ 286-287։ Յօդուածի բնագիրը տես՝ «Հոկտեմբերեան», փաստաթուղթ թիւ 262, էջ 414-415։