Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Սարսափ ու հալածանք

Խորհրդային իշխանութիւնը Հայաստանում ամրապնդելու համար Յեղկոմը որդեգրել էր մի քաղաքականութիւն, ըստ որի գիւղը պէտք է բաժանել երկու մասի՝ ընչազուրկների եւ կուլակների (հարուստ գիւղացիներ), եւ նրանց դէմ-դէմի բերել արիւնոտ կռուի համար։ Պիտի ոչնչացուէին բոլոր հակառակորդները։ Օրուայ կարգախօսն էր՝ «Մեզ հետ կամ մեզ դէմ»։ [1] Հայ գիւղացին, մանաւանդ՝ արեւմտահայ գաղթականը, համարւում էր յետադէմ ու հակայեղափոխական եւ հալածւում։ Ի վնաս հայ գիւղացուն՝ արտօնութիւններ էին ստանում ռուս մոլականները, որոնք ցարական իշխանութեան օրօք յատուկ քաղաքական նպատակներով Հայաստան էին բերուել։ Նրանց ամենալաւ հողամասերն էին յատկացուել, եւ հիմա էլ բոլշեւիկների օրօք, նրանք բոլշեւիկների յենարանն էին դարձել։

Յեղկոմը չբաւարարուեց միայն յեղափոխութեան «թշնամիներին» բնաջնջելով։ Բռնութիւններն ու ապօրինի արարքները ուղղուած էին նաեւ ամբողջ ժողովրդին, ամենադոյզն ընդդիմացողը ռասխոդ էր տարւում (ռասխոդ բառը, որ լայն գործածութիւն ունէր այդ օրերին, բոլշեւիկեան տերմինով նշանակում է սպանել)։ Եւ այսպէս, բռնագրաւում էին մարդկանց տները, ինչքը, սննդամթերքը, գիւղացիութեան պաշարն ու գրաստը, արհեստաւորների գործիքները։ Կարմիր Բանակի զինուորները տեղաւորւում էին մարդկանց տներում՝ օգտուելով ամէն ինչից։ Նրանք անգամ ընտանիքի պատիւն էին պղծում։ Ռուսաստանից եւ Ազրբէյջանից գալիս էին Յեղկոմի անդամները, կոմիսարներ, չեկիստներ ու բոլշեւիկ գործիչներ եւ լաւագոյն տները բռնագրաւելով՝ տեղաւորւում էին Երեւանում։ Սիմոն Վրացեանը գրում է. «Հայաստան եկած բոլշեւիկները, ճնշող մեծամասնութեամբ տգէտ ու անբարոյական, շատերը՝ քրէական անցեալի տէր, գիշատիչ անգղների պէս յարձակուեցին հայ ժողովրդի ու պետութեան ստացուածքի վրայ ու սկսեցին առանց խնայելու խժռել»։ [2] Ռուսաստանից պարէն գալու փոխարէն, Հայաստանի մէջ եղածն էլ Մոսկուա էր ուղարկւում, դրանց մէջ նաեւ մի քանի վագոն ապակի, Մերձաւոր Արեւելքի Նպաստամատոյցի կողմից Հայաստան ուղարկուած ալիւր, խտացած կաթ, կակաօ եւ ուրիշ ուտելիքներ։ Այս բոլորը կատարւում էր յանուն «յեղափոխական օրէնքի», իսկ ով դիմադրէր, «հակայեղափոխական» էր եւ թշնամի «բանուորա-գիւղացիական իշխանութեան»։ [3]

Եւ «Երեւանի փողոցները կողողենք հակայեղափոխականների հոտած արիւնով» կարգախօս դարձած սպառնալիքով Չեկան ղեկավարում էր սարսափի ու համատարած լրտեսութեան մթնոլորտը, պատժում «անհնազանդներին»։ Նոյնիսկ աշակերտ-աշակերտուհիներից լրտեսական խմբեր էին կազմուել, որոնք Չեկային տեղեկութիւններ էին տալիս ո՛չ միայն իրենց ընկերների եւ ուսուցիչների «հակայեղափոխական» արարքների կամ մտածումների, այլ նաեւ իրենց հօր, մօր, քրոջ ու եղբօր մասին։ [4]

Խիստ գործունէութիւն էին ծաւալել նաեւ ձախ դաշնակցականները՝ «Հայաստանի Ինտերնացիոնալ Ձախ Դաշնակցականների Խորհուրդ» միաւորումով։ Նրանք հաւատացած էին, որ նոր իշխանութեան պայմաններում իրաւունք պիտի ստանան ազատ աշխատելու։ Այդ առումով նոյնիսկ իրենց ծրագիրն ու գործունէութեան նախագիծն են ներկայացնում Յեղկոմին առ ի վաւերացում։ Յեղկոմը մերժում է օրինականացնել նրանց։ Ասւում է, որ Աւիսը հեգնանքով յարել է, թէ ձախ եւ աջ դաշնակցական չկայ, բոլորն էլ նոյնն են։ Այսպիսով լուծարւում է «Ձախ Դաշնակցութիւն»ը։ Ծայրայեղները միանում են կոմունիստներին, իսկ միւսները հիասթափուած յետ են քաշւում։ Հայ բոլշեւիկները Հայաստանում տարածել էին այն լուրը, թէ Դաշնակցութիւնը պառակտուած է եւ ձախ ու աջ դաշնակցականները իրար են սպանում։ Միւս կողմից էլ յայտարարում էին, թէ նրանք Թիֆլիսում Խորհրդային Հայաստանի դէմ հակայեղափոխութիւն են կազմակերպում։ Դաշնակցութեան ստուերը դեռ հալածում էր նրանց։ Այնուամենայնիւ, պէտք չէ ուրանալ, որ մատնիչների ու հալածողների շարքերին էին միացել գունափոխուած դաշնակցականներ։ Նոր վարչակարգի ստեղծած իրավիճակում իրենց բախտը փնտրելու կամ հին հաշիւներ մաքրելու եւ կամ իրենց կաշին փրկելու մոլուցքով կատարած նրանց տգեղ արարքները մի արտայայտիչ դրսեւորումն է Դաշնակցութեան երկարամեայ պատմութեան մէջ կրկնուած, տագնապների ընթացքում իրենց դաշնակցական կոչող թուլամորթների ու բախտախնդիրների բռնած դիրքի։

Բազմաթիւ են նկարագրութիւնները, յուշագրութիւններն ու փաստագրութիւնները Հայաստանում խորհրդայնացման առաջին ամիսներին տիրող սարսափի, շփոթի ու դժգոհանքի, դրանց շարքում՝ Կարօ Սասունու «Փետրուարեան Ապստամբութիւնը», Սիմոն Վրացեանի «Հայաստանի Հանրապետութիւն» հատորը եւ «Էջեր Մօտիկ Անցեալից», «Յուշեր Մօտիկ Անցեալից» յօդուածաշարերը «Հայրենիք» ամսագրում, Խորհրդահայ պատմաբան Բագրատ Բորեանի «Հայաստան, Միջազգային Դիւանագիտութիւն Եւ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւնների Միութիւն»ը, Գաբրիէլ Լազեանի «Հայաստան Եւ Հայ Դատը», Յ. Իրազեկի «Մօտիկ Անցեալից»ը, Բախշի Իշխանեանի «Երկու Ամիս Բոլշեւիկեան Բանտում»։ [5] Բոլոր նկարագրութիւններն էլ այն եզրակացութեան են յանգում, որ այդ իրավիճակը երկրի ներքին կեանքի իմաստով կարեւոր մի պատճառն էր Փետրուարեան Ապստամբութեան։ Բայց սակաւ չէին նաեւ Յեղկոմի ձախողութիւնները արտաքին քաղաքականութեան մէջ։ Հայաստանի խորհրդայնացումով Ռուսաստանը խոստանում էր «հաց եւ մանուֆակտուրա», խոստանում էր միջամտել կարգադրելու Հայաստանի հողային վէճերը հարեւանների հետ եւ բարեկամական յարաբերութիւն՝ Թուրքիայի հետ։ Դրանցից եւ ո՛չ մէկը չկատարուեց։

Փաստօրէն Վրաստանը աւելի սեղմեց Հայաստանի շրջափակումը՝ արգիլելով Բաթումից Հայաստան պարէնի փոխադրութիւնը երկաթուղով։ Յեղկոմի եւ Խ. Ռուսաստանի դիմումները արդիւնք չունեցան։ Նոյնն էր իրավիճակը նաեւ հողային վէճերի պարագային. վրացիները չհամաձայնուեցին դատարկել Լոռու չէզոք գօտին։ Նոյն վերաբերմունքն ունեցաւ եւ «եղբայրական» Ազրբէյջանը։ Նարիմանովի կատարած «մեծահոգի» նուէրը՝ Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջեւանը Հայաստանին, մնաց խօսքի սահմաններում։ Իսկ Թրքահայաստանի վերաբերեալ Յեղկոմի քաղաքականութիւնը «եղբայրական յեղափոխականի ոգիով» էր առաջնորդւում։ Յունուարի սկիզբներին «Կոմունիստ» թերթում լոյս տեսած «Միացեալ եւ Անկախ Հայաստանի Խնդիրը» խմբագրականը պարզում էր, թէ Թրքահայաստանի մասին խօսք չի կարող լինել։ [6] Արդէն ուրիշ ձեւակերպում էլ անիմաստ էր։ Թուրքերի կողմից գրաւուած հողերը դատարկելու համար Ռուսաստանը միտք չունէր միջամտելու։ Յեղկոմը դիմեց թուրքերին՝ Ալեքսանդրապոլը դատարկելու. դա էլ անօգուտ։ Նրանք մերժեցին հեռանալ Ալեքսանդրապոլից եւ Կարսից ու շարունակեցին սպանդը, բռնութիւնն ու հալածանքը։ Թուրքերը բռնագրաւում էին հացահատիկ, պետական գոյքեր, անասուններ, գիւղատնտեսական եւ փոխադրական մեքենաներ եւ այլն։ Այնինչ հայ բոլշեւիկները համոզել էին ժողովրդին, թէ թուրքերի թշնամութիւնը միայն դաշնակցականների հանդէպ է։

Խորհրդահայ պատմաբան Բորեանը այսպէս է բնութագրում թուրքերի ներկայութիւնը Ալեքսանդրապոլում. «Ժողովուրդը «համոզուած» էր, որ թուրքերը եկել են Խորհրդ. Ռուսաստանի գիտութեամբ եւ օգնութեամբ, որպէսզի տապալեն դաշնակցականների կառավարութիւնը եւ Խորհրդ. Հայաստանի վրայով կապ հաստատեն Ռուսաստանի հետ։ Մինչդեռ պարզուեց, որ թուրքերը եկել են իբրեւ նուաճողներ, եւ երկրի վիճակը վատթարացաւ մի բան, որ ժողովուրդը չէր կարող սպասել խորհրդային իշխանութեան «գալուց» Հայաստան»։ [7] Եւ իրապէս, նրանք միտք չունէին իրենց գրաւած հողերը պարպելու։ Ու երբ վերջապէս համաձայնուեցին թողնել Ալեքսանդրապոլը իսկ դա կատարուեց 1921-ի Ապրիլ 21-ին, այսինքն՝ Հայաստանի խորհրդայնացումից շուրջ 5 ամիս յետոյ նախքան դուրս գալը կոտորեցին քաղաքի եւ շրջակայ գիւղերի հազարաւոր հայ բնակիչների։ Թուրքերը չէին խնայում նոյնիսկ բոլշեւիկներին։ Կոտորած էր տեղի ունենում Ալեքսանդրապոլում, ուր բոլշեւիկեան յեղկոմ կար։ Այս «բարբարոսութիւնների» մասին գրում էին նաեւ բոլշեւիկները եւ չէին թաքցնում իրենց դաշնակիցների արարքները։ Նոյնը տեղի էր ունենում Կարսում։ Ջարդի ու հալածանքի էին ենթարկուած դեռեւս տեղում մնացած փոքրաթիւ հայերը եւ գերի ընկած հայ զինուորները, իսկ Հայաստանի Յեղկոմը ո՛չ մի հետաքրքրութիւն ցոյց չէր տալիս նրանց ճակատագրի նկատմամբ։

Այս բոլորը կարեւոր չէին Մոսկուայի կառավարութեան համար. կարեւորը թուրքերի հետ բարեկամութիւն հաստատելն էր, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականութեան եւ յարաբերութիւններին պիտի նպաստէր։ Եւ առանց Հայաստանի Խորհրդային իշխանութեան գիտութեան, Մոսկուայում բանակցութիւններ էր գնում Մուստաֆա Քեմալի ներկայացուցիչների հետ՝ ռուս-թրքական բարեկամութեան վերջնական դաշինքը ձեւակերպելու համար։ Այս բանակցութիւնները պիտի յանգէին 1921-ի Մարտ 16-ի պայմանագրին, որ Հայաստանի համար աւելի աննպաստ էր, քան նոյնիսկ Ալեքսանդրապոլի պայմանագիրը։

 


[1] Իրադարձութիւնների մասին տես՝ «Փետրուարեան Ապստամբութիւնը», էջ 38-40։
Հայաստանում կատարուած բոլշեւիկեան վայրագութիւնների մասին պատկերացում է տալիս նաեւ Հ. Յ. Դ. մարմիններին յղուած Թիւ 4 Շրջաբերականը։ (Շրջաբերականը անթուակիր է, բայց պիտի գրուած լինի 1921-ի Ապրիլի կէսերին, երբ «Հայաստանի Փրկութեան Կոմիտէ»ն արդէն Տաթեւ էր հասել եւ կազմուել էր Երեւանից դուրս նոր կառավարութիւնը։ Շրջաբերականը տես Հ. Յ. Դ. Արխիւ, Բոստոն, Մաս Ե., թղթածրար թիւ 183, փաստաթուղթ թիւ

[2] Տես՝ Սիմոն Վրացեան, «Էջեր Մօտիկ Անցեալից», «Հայրենիք» ամսագիր, Բ. տարի, թիւ 4, Փետրուար, 1924, էջ 101։

[3] Նոյն տեղում, էջ 102։

[4] Տես՝ Սիմոն Վրացեան, «Յուշեր Մօտիկ Անցեալից», «Հայրենիք» ամսագիր, Բ. տարի, թիւ 3, Յունուար, 1924։

 

[5] Հայաստանի Խորհրդայնացումից յետոյ երկրում ստեղծուած իրավիճակը ամենաիրապաշտ կերպով ներկայացուած է «Հայաստանի Փրկութեան Կոմիտէ»ի զեկուցում-նամակում, ուղղուած ՀՀ Պատուիրակութեան, Փարիզ 1921, Մարտ։ Նամակի մէջբերումը տես՝ «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 615-617։ Վրացեանը նշում է, թէ նամակը գրուած է Յ. Քաջազնունու ձեռքով եւ գտնւում է ՀՀ Պատուիրակութեան թղթերում։ Տես նաեւ՝ «Յիշատակագիր Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Եւրոպայի Հատուածի Տեղեկատու Պիւրոյի», հրատարակուած Թեհրան, 1922-ին (Արխիւային նիւթ Հ. Յ. Դ. Արխիւ, Բոստոն, Մաս Ե., թղթածրար թիւ 607, փաստաթուղթ թիւ

[6] «Փետրուարեան Ապստամբութիւնը», էջ 41։

[7] Մէջբերումը կատարուած է Բ. Բորեանի «Հայաստան, Միջազգային Դիւանգիտութիւն Եւ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւնների Միութիւն» ռուսերէն աշխատութիւնից . հատոր, էջ 135-136), տես՝ «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 522։