Հեղինակ

Բաժին

Թեմա

Դժգոհութիւնները տարերային ընդվզումի են վերածւում

Կացութիւնը անտանելի էր դարձել։ Յեղկոմը կարծես իր տնտեսութիւնը հիմնել էր ժողովրդից բռնագրաւուած ունեցուածքի վրայ, իսկ երկիրը ղեկավարում էր լրտեսական ուժեղ ցանցի վրայ յենուած։ Փետրուար 2-6-ը տեղի ունեցաւ ազգաբնակչութեան բնակարանների խուզարկութիւնը, որ կազմակերպուած էր երկրում պարէնի ճգնաժամը թեթեւացնելու նպատակով։ Խուզարկողները բռնագրաւում էին հացահատիկ, պանիր, իւղ եւ այլն։ Նրանց գաղտնի հրահանգուած էր միաժամանակ փնտրել նաեւ թաքնուած դաշնակցականներին եւ լուր տալ Չեկային։ Խուզարկութիւնը իրական թալանի էր վերածուել։ Աթարբէկեանը Հայաստան էր եկել որպէս Չեկայի նախագահ եւ զանգուածային ձերբակալութիւններ ձեռնարկել։ Միեւնոյն ժամանակ բանտից սարսափելի լուրեր էին հասնում։ «Վարձկան թուրքերը, Կարմիր Բանակի զինուորները երեկոյեան ժամը 8-ից սկսում էին բանտերի մէջ իրենց ոճիրը՝ կացիններով, դաշոյնով, քարերով, այնպէս էին այլանդակում մեր գործիչներին, որ անկարելի էր նոցա դիակները զանազանել…», - նկարագրում է թիւ 4 շրջաբերականը։ Նոյն շրջաբերականը զեկուցում է զանազան վայրերում գնդակահարուած ընկերների մասին եւ աւելացնում, որ բոլոր գնդակահարութիւնների հրամանները ստորագրել էին զինուորական կոմիսար Աւետիս (Աւիս) Նուրիջանեանը, ներքին գործերի կոմիսար Դովլաթեանը եւ Չեկայի նախագահ Աթարբէկեանը։

Յատկանշական է, որ այդ ժամանակուայ Հայաստանի արդարադատութեան նախարարն էր թուրք Սուլէյման Նուրի բէյը, որը 1917-1918 թուերին Թուրքիայում կազմուած «Ելտըրըմ Օրտուս»ի սպաներից էր։ Զօրամասը կազմուած էր քրիստոնեաներին եւ մասնաւորապէս հայերին վնասելու նպատակով։ Զինադադարից յետոյ զօրամասը մնում է Անդրկովկասում։ Այստեղ Նուրի բէյը ճարպկօրէն միանում է բոլշեւիկներին, «որպէսզի ղասապութիւնը գործադրէ Տաճկահայաստանից յետոյ Անդրկովկասում եւ Հայաստանում»։ [1] Հայաստանի խորհրդայնացմանը յաջորդող օրերին, երբ անդադար հանրահաւաքներ էին կազմակերպւում եւ ճառեր էին արտասանւում ու Դաշնակցութեան հասցէին անէծք ու լուտանք թափւում, Նուրի բէյը մէկն էր այդ հռետորներից։ Առանց հայերէն կամ ռուսերէն իմանալու, Նուրի բէյը վարում էր իր պաշտօնը. նա փոխարինում էր Ս. Բաղդադեանին, որը, մի քանի օր միայն պաշտօնի վրայ մնալուց յետոյ, հրաժարուեց՝ ասում են թէ, չկարողանալով հանդուրժել Հայաստանում տեղի ունեցող բռնարարքները։ Ընդհանուր կարծիքն այն էր, եւ այդ մասին գրում է նաեւ Զ. Աշխարունին, որ Նուրի բէյը Քեմալի գործակալն էր Խ. Հայաստանի կառավարութեան մօտ։ [2]

Այսպէս, ժողովուրդը կարծես բնազդաբար, որպէս հակազդեցութիւն բռնութիւններին, ձերբակալութիւններին ու կողոպուտին, զանազան վայրերում ինքնապաշտպանութեան խմբեր էր կազմել։ Տեղի էին ունենում նաեւ զինուած ընդհարումներ Յեղկոմի գործակալների հետ։ Վրացեանը վկայում է, որ Փետրուար 9-ի լոյս 10-ի գիշերը արտակարգ զինուորական վիճակ էր տիրում Երեւանում։ Կատարուել էին զանգուածային ձերբակալաութիւններ. ձերբակալուածների մէջ էին նաեւ նախկին վարչապետ Քաջազնունին, նախկին նախարար Նիկոլ Աղբալեանը եւ նախկին խորհրդարանի երկրորդ փոխնախագահ Լեւոն Շանթը։ Այս վերջին ձերբակալութիւնները խթան դարձան՝ դժգոհ ժողովրդին ապստամբութեան մղելու։

Զանազան շրջաններում ապստամբում էր ժողովուրդը եւ Յեղկոմի պաշտօնատարներին դուրս շպրտում։ Մտահոգ էր Հայաստանի Կոմիտէն. եթէ ժողովրդային շարժումը համատարած բնոյթ ստանար, Յեղկոմը ի պատասխան կարող էր անմիջապէս ոչնչացնել բանտարկեալներին։ Վտանգուած էր բանտարկուած դաշնակցական գործիչների եւ այլ հայ ղեկավարների կեանքը։ Արդէն տեղական աննշան ապստամբութիւնները Յեղկոմի մեկնաբանութեամբ՝ արդիւնք էին Դաշնակցութեան քարոզչութեան եւ գաղտնի գործունէութեան։ Եւ երկիրը ողողւում էր կոչերով՝ «Նրանց պէտք է ոչնչացնել», «Եթէ քաղցած էք, վառելիք չունիք, շոր չունիք, տեղ չունիք այդ բոլորի պատճառը դաշնակներն են», «Պէտք է յաղթենք դասակարգային թշնամիներին՝ կապիտալիստներին ու նրա շներին եւ հաստատենք կոմունիստական կարգեր»։ [3] Հայաստանի Կոմիտէն կամայ թէ ակամայ ներքաշուած էր ժողովրդային տարերքի մէջ։

Կացութիւնը գնալով աւելի էր ծանրանում։ Երեւանի, Էջմիածնի, Ախտայի եւ Նոր-Բայազետի բանտերը լեցուած էին։ Կ. Սասունին վկայում է, թէ ինչպէս «Մասնաւոր տները կը բռնագրաւէին նոր բանտերու վերածելու համար։  2000-է աւելի բանտարկեալներ դժոխային կեանք մը կ՚ապրէին։ Եթէ վայրկեան մը յուսադրուէինք, թէ ոմանց վերաբերմամբ գնդակահարութիւն տեղի պիտի չունենար, որոշ էր, որ ցուրտէն եւ անտանելի պայմաններէն պիտի մեռնէին բոլորը»։ [4] Վրացեանը յիշում է իր մէկ տեսակցութիւնը Աթարբէկեանի եւ Աւիսի հետ 1920-ի Փետրուար 4-ին Երեւանում։ Սրանք Վրացեանին կանչել էին Հայաստանի Յեղկոմի կողմից իբրեւ պատուիրակ Զանգեզուր գնալու եւ Նժդեհին համոզելու, որ զէնքերը վար դնի եւ ընդունի բոլշեւիկ իշխանութեան տիրապետութիւնը Զանգեզուրում։ Հաւանաբար Նժդեհի դէմ որեւէ դաւադրութիւն կար նրանց մտքում, որ ցանկանում էին Վրացեանի պատուիրակութեան ետին քօղարկել, քանի որ դրանցից ոչ մէկը այնքան միամիտ չէր հաւատալու համար, որ կարելի է Զանգեզուրին խաղաղ միջոցներով տիրանալ։ Վրացեանի բանագնացութիւնը, ի հարկէ չիրականացաւ, թէեւ նա գնալու պատրաստակամութիւն էր յայտնել։ Այնուամենայնիւ, տեսակցութեան ընթացքում, Վրացեանը բողոքել էր գործադրուող բռնի միջոցառումների դէմ եւ խօսել էր հայ ժողովրդին սպառնացող կործանման վտանգի մասին, իսկ Աւիսը յիշեցրել էր նրան, թէ «հայ ժողովուրդ» յղացքը ինքնին բուրժուական է եւ իրենց նպատակը «դասակարգային պայքարի խորացումն է»։ [5]

Ժողովրդային դժգոհութեան ալիքները տարածուել էին ամէն կողմ եւ ընդհանուր ապստամբութեան տեսք ստացել։ Հայաստանի Կոմիտէն զգում էր ճակատագրական պահը, որ կարող էր ժողովրդին կործանման տանել. հնարաւոր չէր անգլուխ թողնել ծաւալուած շարժումը։

Եւ յարաբերութիւններ են հաստատւում փախստական ապստամբների հետ, դրանց մէջ նաեւ՝ մի քանի անկուսակցականներ ու սոցիալ-յեղափոխականներ, որոնք նոյնպէս ընդգրկւում են Հայաստանի Կոմիտէի մէջ, եւ կեանքի է կոչւում «Հայրենիքի Փրկութեան Կոմիտէ»ն։ Հայաստանի Կոմիտէն նպատակ ունէր հաւաքական մի նոր մարմին կեանքի կոչել, որ զերծ լինի Դաշնակցութեան սեփականութիւնը համարուելուց, այլ, իւրովի, ապստամբութեան դիմած ժողովրդի ներկայացուցչութիւնը լինի։ Եւ այսպէս, առաջին անգամ Փետրուար 10-ին, Կոտայքի Զառ գիւղում «Հայրենիքի Փրկութեան Կոմիտէ»ի եւ ապստամբ խմբերի ներկայացուցիչների միջեւ մի խորհրդակցութիւն է տեղի ունենում։ Որոշւում է երկրում ծաւալուած ընդվզումի գործողութիւնները համադրել, «ընդհանուր ապստամբութիւն առաջ բերել ալեկոծուած տարերքին որոշ ուղղութիւն տալու»։ [6]

 


[1] Հ. Յ. Դ. Արտասահմանեան Պատասխանատու Մարմնի կողմից Հ. Յ. Դ. մարմիններին յղուած թիւ 4 Շրջաբերական (նշուած սոյն գլխի թիւ 8 ծանօթագրութեան մէջ)։

[2] Տես՝ Զ. Աշխարունի, «Դրուագներ Մեր Ազատութեան Պայքարից», «Հայրենիք» ամսագիր, Գ. տարի, թիւ 9, Յուլիս, 1925, էջ 131։

[3] «Հոկտեմբերեան», փաստաթուղթ թիւ 336, էջ 479։ Նման բազմաթիւ կոչեր յղուած զանազան շրջաններին, ինչպէս նաեւ ապստամբութիւնները ճնշելու միջոցառումների մասին տես՝ նոյն տեղում, էջ 473-492-ի փաստաթղթերը։

[4] «Փետրուարեան Ապստամբութիւնը», էջ 78-79։

[5] Սիմոն Վրացեան, «Էջեր Մօտիկ Անցեալից», «Հայրենիք» ամսագիր, Ա. տարի, թիւ 4, Փետրուար, 1923, էջ 40։

[6] «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 527։