Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ղարաբաղը ձեռքից ձեռք է անցնում

Յետ-պատերազմեան քաղաքական շփոթ պայմաններում, Ղարաբաղի ղեկավարութիւնը փորձում էր պահել տարածաշրջանի ուրոյն դիրքը՝ մինչեւ վերջնական միացումը Հայաստանին։ Բայց դա դիւրին չէր։ Ազգային Խորհրդի ղեկավարութեամբ կազմակերպուած հայկական դիմադրութիւնը, միանգամայն անջատուած Երեւանից, չէր կարողացել տոկալ ազրբէյջանական ռազմական գործողութիւններին եւ անգլիական ճնշումներին։ Անգլիացիները այնտեղ ազրբէյջանամէտ քաղաքականութիւն էին վարում եւ ջանք չէին խնայում չէզոքացնելու հայկական ղեկավարութեանը, որ կարող էր ժողովրդին կազմակերպել եւ հակաթուրք ուժ առաջացնել։ Միւս կողմից, Երեւանի կառավարութիւնը բաւարար ուշադրութիւն չէր կենտրոնացնում այս շրջանի վրայ գէթ իր ներկայացուցիչը չէր ուղարկում, ինչպէս արել էր Զանգեզուրի պարագային՝ իր պետական ազդեցութիւնը այնտեղ ամրապնդելու համար։ Արտաշէս Բաբալեանը քննադատում է այս երեւոյթը եւ Յ. Քաջազնունու թուլութեան վերագրում այն։ [1]

Կարմիր Բանակի եւ ազրբէյջանցիների ռազմական միացեալ գործողութեամբ գրաւուած էր Հայկական Ղարաբաղը, ուր ամիսներ առաջ բոլշեւիկներից մեծ գումարներ ստանալով՝ քարոզչական գործունէութիւն էին սկսել տեղի գործակալները։ Հայ բոլշեւիկ գործիչները իրօք որ մեծ դեր էին ստանձնել Ղարաբաղը Հայաստանից անջատ պահելու եւ, դեռ աւելին, այդ շրջանը Ազրբէյջանի կազմի մէջ առնելու գծով։ Նրանք տրամաբանում էին, թէ Շուշի-Եւլախ խճուղով «Ղարաբաղի հայութիւնը տնտեսապէս աւելի կապուած կլինի համեմատաբար հարուստ Ազրբէյջանի հետ, քան Զանգեզուրի լեռների վրայով՝ աղքատ Հայաստանի հետ»։ [2]

Պարզ է, որ հայ բոլշեւիկների համար ազգային բաժանումը իմաստ չունէր. նրանց մեկնակէտը տնտեսական ազդակն էր ու մանաւանդ՝ կարեւորը ապազգայնութեան կամ միջազգայնութեան մէջ իրենք իրենց փաստելն էր։ Բացի այդ, Ղարաբաղը կարող էր Հայաստանի դաշնակցական կառավարութեան համար ուժեղ յենարան դառնալ, եւ դա ցանկալի չէր հայ բոլշեւիկներին։

Րիչըրդ Յովհաննիսեանը գրում է, թէ Ղարաբաղի բոլոր դաշնակցական ղեկավարները, ոչ-բոլշեւիկ սոցիալ-դեմոկրատների մեծ մասը եւ մի քանի սոցիալ-յեղափոխականներ Ղարաբաղը Հայաստանին միացնելու պայքար էին տանում. նրանք անմիջական կապի մէջ էին Զանգեզուրի կառավարական ներկայացուցիչների հետ եւ համադրուած աշխատանք էին կատարում։ Դրանց հակառակ, Ղարաբաղի բոլշեւիկները, սոցիալ-յեղափոխականների մեծ մասը եւ ժողովրդականները Ղարաբաղի բնական տնտեսական կապը արեւելեան Կովկասի հետ էին տեսնում եւ փորձում էին Ազրբէյջանի հետ համաձայնութեան գալ։ Յովհաննիսեանի կարծիքով, այս երկրորդ հոսանքին պատկանող ղեկավարների կողմնորոշման դրդապատճառներից մէկը նրանց խորը ատելութիւնն էր Դաշնակցութեան հանդէպ, որ իր ձեռքն էր առել Հայաստանի ղեկը։ [3]

Դրոյի Ղարաբաղ ժամանումը, 1920-ի Ապրիլ 12-ին, եւ Նժդեհի ու նրա մէկ զօրամասի ներկայութիւնը Ղարաբաղում որոշ չափով յաջողում են փոխել տեղի տխուր իրավիճակը, բարձրացնել ղեկավարութեան տրամադրութիւնը եւ Ղարաբաղի դիմադրութեան կազմակերպման գործին մղել նրանց։ Ոգեւորութեան շրջանը կարճ է տեւում։ Ազրբէյջանի խորհրդայնացումով նոր շրջան է սկսւում Ղարաբաղի պայքարի մէջ։

Արդարեւ, Ազրբէյջանի խորհրդայնացումը որոշիչ ազդակ դարձաւ Ղարաբաղի համար։ 1920-ի Ապրիլ 29-ին Սուլթանովը, ինչպէս տեսանք, ինքն իրեն Ղարաբաղի Յեղկոմի նախագահ յայտարարած, մի նամակով յայտնում է Ղարաբաղի հայ ղեկավարներին, որ Ղարաբաղը բոլշեւիկ վարչակարգ է ընդունել եւ մաս է կազմում Ազրբէյջանին։ Միւս կողմից, Մայիս 4-5-ին Վարանդա են գալիս Օրջոնիկիձէի ներկայացուցիչները եւ հայ ղեկավարութիւնից ու Դրոյից պահանջում են յանձնուել։ Ղարաբաղը, միանգամայն կտրուած Հայաստանից, այնուամենայնիւ, շարունակում է դիմադրել, նոյնիսկ երբ լուրեր են տարածւում, թէ Մայիս 2-ին արդէն Հայաստանը բոլշեւիկացել է եւ ուրիշ ճամբայ չկայ Ղարաբաղի համար։ Այսպիսի մի իրավիճակում, Մայիս 24-ին Չանախչի գիւղում գումարւում է խորհրդակցական ժողով՝ Դրոյի, Նժդեհի, գնդ. Միրիմանեանի եւ Արսէն Միքայէլեանի միջեւ։ Արսէն Միքայէլեանը այդ հանդիպման մասին գրում է, թէ նկատի ունենալով, որ ժողովրդի մէջ հայ ղեկավարների դէմ տրամադրութիւններ են խմորւում, որ Հայաստանից որեւէ լուր կամ հրահանգ չկայ, որ մեծ մասամբ Ղափանի գիւղացիներից կազմուած Նժդեհի զօրամասը իր գիւղերը պիտի վերադառնայ դաշտային աշխատանքի լծուելու եւ Ղարաբաղում երկար չի կարող մնալ, ժողովը որոշում է Ղարաբաղի իշխանութիւնը յանձնել հայ բոլշեւիկներին եւ անցնել Զանգեզուր։

Մայիս 26-ին իշխանութիւնը յանձնւում է բոլշեւիկ բժ. Համբարձումեանին։ [4] Ղարաբաղը դառնում է մէկ մասնիկը Ազրբէյջանի. շարունակւում են ժողովրդի կեղեքումն ու խտրականութիւնը։ Ղարաբաղի ազգայնական ղեկավարները, Զանգեզուրից ու Հայաստանից կտրուած, դեռ սպասում էին յուսալով, եւ այդ յոյսը իրականացաւ, երբ բոլշեւիկ իշխանութեան դէմ շղթայազերծուած Հայաստանի զանգուածային ապստամբութեան լուրը Ղարաբաղ հասաւ։ Մարտ 8-ին ազատագրուեց Լեռնային Ղարաբաղը եւս. բայց այդ իրավիճակը կարելի եղաւ պահել մէկ ամիս միայն։ Հայաստանի վերախորհրդայնացումից յետոյ Կարմիր Բանակը Լեռնային Ղարաբաղը նոյնպէս գրաւման տակ առաւ։

 


[1] Արտաշէս Բաբալեան, «Էջեր Հայաստանի Անկախութեան Պատմութենէն», «Հայրենիք» ամսագիր, Ա. տարի, թիւ 9, Յուլիս, 1923, էջ 103-104։

[2] Արսէն Միքայէլեան, «Ղարաբաղի Վերջին Դէպքերը», «Հայրենիք» ամսագիր, Ա. տարի, թիւ 8, Յունիս, 1923, էջ 117։

[3] The Republic of Armenia, vol. III, էջ 133։

[4] Արսէն Միքայէլեան, «Ղարաբաղի Վերջին Դէպքերը», «Հայրենիք» ամսագիր, Ա. տարի, թիւ 12, Հոկտեմբեր, 1923, էջ 127։