Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Լեռնային Հայաստան՝ վերջին ամրութիւնը բոլշեւիկեան բռնապետութեան դէմ

Լեռնահայաստանը իր անկախ իրավիճակով Խորհրդային Հայաստանի համար առիւծների բերդ էր դարձել, որից նա պիտի փորձէր ազատուել։ Յետոյ կար «կարեւոր» մի հարց. Լեռնային Ղարաբաղում ամրացած հակաբոլշեւիկ հայերը թոյլ չէին տալիս թուրք քոչուորներին ամառը լեռները բարձրանալու, եւ դա մեծ մտահոգութիւն էր Ազրբէյջանի հետ եղբայրացած Հայաստանի բոլշեւիկ իշխանութեան համար։ Թաթար քոչուորների հարցը, որի համար հաւանաբար Մոսկուայից էլ էր ճնշում բանեցւում, ըստ երեւոյթին այնքան կարեւոր էր, որ որպէս մտահոգութիւն եւ հաշտութեան պայման Խորհրդային Հայաստանի պատուիրակութեան կողմից ներկայացուեց Լեռնահայաստանի իշխանութեան հետ ունեցած բանակցութեան ընթացքում։ [1]

Բոլշեւիկ իշխանութիւնը Երեւանում վերահաստատուելուց յետոյ, Ալեքսանդր Մեասնիկեանի գլխաւորութեամբ կազմուած նոր յեղկոմը Լեռնահայաստանի կնճռոտ հարցին խաղաղ լուծում տալու, Լեռնահայաստանի կառավարութեան վստահութիւնը շահելու եւ բանակցութիւնների համար հող պատրաստելու նպատակով, 1921-ի Մայիսին մի պատուիրակութիւն է ուղարկում այնտեղ։ Անդամ են ընտրւում հեղինակաւոր հրապարակագիր, սոցիալ-դեմոկրատ Դաւիթ Անանունը եւ Ժողովրդական կուսակցութիւնից Յովհ. Մելիքեանը։ Պատուիրակութեան մաս էր կազմում ռուս Վ. Մելնիկովը, նախագահն էր Արտաշէս Կարինեանը։ Խորհրդային Հայաստանի այս պատուիրակութեանը ընդունելու համար Լեռնահայաստանի կողմից նշանակուած էին Գ. Տէր-Մինասեանը (նախագահ), բժ. Մինաս Մինասեանը, Լեւոն Միքայէլեանը եւ Ա. Արշակունին։ 1921-ի Մայիս 12-ին Սիսիանի Ղալաջուղ գիւղում սկսւում են բանակցութիւնները։ Արտաշէս Կարինեանը կարդում է Լեռնահայաստանին յղուած գրաւոր դիմումը, ուր պահանջւում էր ընդունել խորհրդային իշխանութիւնը՝ որպէս պայման միւս հարցերի լուծման։ Գրութիւնը հաւաստիացնում էր, թէ անպայման Զանգեզուրը եւ Լեռնային Ղարաբաղը կը կցուեն Խորհրդային Հայաստանին, իսկ խորհրդային վարչակարգի դէմ ըմբոստացածները որեւէ հալածանքի չեն ենթարկուի։ [2] Ամբողջ Խորհրդային Ռուսաստանի տարածքում իբրեւ փոքրիկ մի կղզի անկախ մնացած Զանգեզուրն ու Լեռնային Ղարաբաղը մտահոգում էին բոլշեւիկ իշխանութեան։ «Զանգեզուրն ու Լեռնային Ղարաբաղը մնալով անկախ», ասում էր Կարինեանը, «փաստօրէն դառնում են գործիք իմպերիալիզմի համար, մի գործիք, որ ամէնից առաջ ուղղւում է Խորհրդային Հայաստանի դէմ»։ Պէտք էր ամէն գնով այդ գործիքը չէզոքացնել։

Բանակցութիւնների ընթացքում, հենց այնպէս, ի միջի այլոց, պատուիրակութիւնը յայտնում է, թէ Խորհուրդների որոշմամբ Նախիջեւանը յայտարարուած է Ազրբէյջանին ենթակայ կիսանկախ միաւոր։ Լեռնահայաստանի ներկայացուցիչների բողոքին Կարինեանը պատասխանում է. «Այն երկիւղը, որ դուք ունէք թուրքերից եւ աւտոնոմ Նախիջեւանից պէտք է ձեզ վստահեցնեմ, որ այնտեղ տիրում է եւ տիրելու է սովետական իշխանութիւն։ Ճիշտ է Նախիջեւանը դառնում է կարծես մի նացիոնալ միաւոր, բայց մի մոռանաք, որ ըստ էութեան նա սովետական իշխանութիւն է եւ պէտք է ղեկավարուի սովետական իշխանութեան հրամանքներով ու վարած քաղաքականութեամբ»։ Բացատրութիւնները, ի հարկէ, չեն բաւարարում հարցապնդողներին, բայց այստեղ կարեւորը հայ բոլշեւիկների մտայնութեան դրսեւորումն է, մտայնութիւն, որ հիմքն էր կազմում նրանց որդեգրած անդրկովկասեան ռազմավարութեան։

Բանակցութիւնները ապարդիւն են անցնում։ Լեռնահայաստանի ներկայացուցիչները անորոշ թողնելով խորհրդայնացման հարցը՝ պատճառաբանում են, թէ ժողովուրդը իր քուէով պիտի որոշի խորհրդային վարչակարգ ընդունե՞լ, թէ՞ ոչ։ Եւ Լեռնահայաստանը բոլշեւիկների համար շարունակում է մնալ իբրեւ խոչընդոտ Նախիջեւանի թուրքերին հասնելու ճամբին։ Բայց հենց այս պատուիրակութեան ներկայութիւնը Սիւնիքում իր ազդեցութիւնն է գործում։ Երկու ոչ-բոլշեւիկ ծանօթ մտաւորականները, իբրեւ Խորհրդային Հայաստանի ներկայացուցիչներ, աշխատանք են տանում Մեասնիկեանի կողմից, հաւաստիացնելով գաղթականներին, թէ ամէն ինչ փոխուել է Հայաստանում, թէ այդ պատուիրակութիւնը «Արարատեան հայութեան ձայնն է» բերում Լեռնային Հայաստանում սոսկալի վիճակի մատնուած հայ գաղթականութեան։

Միեւնոյն ժամանակ, երբ բանակցութիւններ էր գնում խորհրդային պատուիրակութեան հետ, Լեռնահայաստանի իշխանութիւնը որոշում է զինուորական գործողութիւններ սկսել Վայոց Ձորի բոլշեւիկների դէմ՝ Լեռնահայաստանի դիրքը աւելի կայունացնելու համար։ Որոշումը գործադրւում է արագ, եւ յանկարծակի յարձակումով հնարաւոր է լինում բոլշեւիկ ուժերից մաքրել Վայոց Ձորը։ Այս գործողութիւնը, սակայն, դիւանագիտական գետնի վրայ Խորհրդային Հայաստանի իշխանութեան առիթ է տալիս ներկայանալու իբրեւ խաղաղասէր, բանակցութիւնների կողմնակից, իսկ Դաշնակցութիւնը ներկայացւում է, ինչպէս կատարուած յայտարարութիւնն է նշում, իբրեւ կռուազան, որ չի մտածում արիւնաքամ հայ գիւղացու եւ աշխատաւորի մասին։ [3] Յայտարարութիւնը կոչ է անում վար դնել զէնքերը եւ ընդունել խորհրդային իշխանութիւնը։

Տիրող պայմանների մէջ զինուորական գործողութիւնները շարունակելը Լեռնահայաստանի իշխանութեան համար անկարելի էր դարձել։ Ուստի որոշում է տրւում այդ գործողութիւնները դադարեցնել։ Յակոբ Տէր-Յակոբեանը վկայում է, թէ ինչպէս զօրքը, որ առանց բաւարար զէնքի, զինամթերքի, պարէնի ու հագուստի, մեծ քաջութեամբ առաջանում էր Երեւան հասնելու եւ այն վերագրաւելու տեսլականով, թեւաթափւում եւ յուսալքւում է, երբ հրաման է ստանում կանգ առնել։ Խորհրդային Հայաստանի կառավարութիւնը տեսնելով իրավիճակը՝ սկսում է արդէն ծրագրած առաջխաղացքը՝ զէնքի ուժով վերացնելու Լեռնահայաստանի անկախութիւնը։ Արդիւնքը լինում է խուճապ թէ՛ ճակատներում եւ թէ՛ արդէն յուսահատուած կառավարութեան մէջ։ Իսկ Կարմիր կանոնաւոր զօրքերը անդադար առաջանում են։ Յունիս 24-ին կառավարութիւնը մի նամակով իր առաջարկներն ու պայմաններն է ուղարկում եւ բանակցութիւնները վերսկսելու դիմում է կատարում։ Կառավարութեան նամակի պատասխանը չի ստացւում։ Յայտնի չէ արդեօք՝ դիմումը տեղ հասե՞լ էր, թէ ոչ։ Յուլիս 2-ին ընկնում է մայրաքաղաք Գորիսը։

Միակ ելքը մնում էր հեռանալ քաղաքից դէպի Հանքերը, ուր ամրացած էր Նժդեհը։ Բայց այնտեղից էլ կարճ ժամանակից յետոյ, դրութեան աւելի վատթարացումով, ղեկավարութիւնը պարտադրւում է դէպի Պարսկաստան գաղթել, իր հետ տանելով տարագրութեան հոսանքը։

 


[1] Բանակցութեան ընթացքի եւ առաջարկուած պայմանների մասին տես՝ «Էջեր Մօտիկ Անցեալից», էջ 120-121։

[2] Բանակցութեան մանրամասների մասին տես՝ Ա. Արշակունի, «Սիսիանի Բանակցութիւնները», «Հայրենիք» ամսագիր, Դ. տարի, թիւ 8, Յունիս, 1926։

[3] Յայտարարութիւնը, 1921, Յունիս 30 թուագրուած, տես՝ «Հոկտեմբերեան», փաստաթուղթ թիւ 396, էջ 540-541։