Մի պտոյտ Ճապոնում

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԴԷՊԻ ՈՒՆԶԷՆ

Որոշեցինք մի քանի օրով գնալ Ունզէն, որ յայտնի է իր գեղանկար դիրքով եւ ծծմբի ջերմուկներով։

Սրա հռչակը տարածւած է ոչ միայն Ճապոնում, այլ եւ այն եւրոպացոց մէջ, որոնք ապրում են Հեռաւոր Արեւելքում։ Այնտեղ գնում են բժշկւելու յօդացաւից, կամ պարզապէս շնչելու նրա լեռնային կազդուրիչ օդը։

Գալիս են նոյն իսկ Սիբիրից. թէեւ Ամուր գետի հովտում բաւական լաւ տեսակի հանքային ջրեր կան, բայց նրանք այնպէս երեսի վրա են թողւած եւ կեանքը այնքան թանգ է, որ հիւանդները գերադասում են երկար ճամփորդութեան դժւարութիւնները, անց են կենում հազարաւոր վերստեր, գետով ու ծովով, խոյս տալու համար Սիբիրի բուժարանների անյարմարութիւններից։

Ջինրիկիշաները հոտ էին առել մեր գնալու դիտաւորու­թեան մասին եւ մէկը միւսի ետեւից գալիս էին իրանց ծառայութիւնը առաջարկելու։ Բոլոր պատրաստութիւնները վերջացնելով, մեր փոքրիկ խումբը նախաճաշից յետոյ բարձրացաւ իր կառքերը եւ առաջ շարժւեց։

Խառն ու աղմուկով անցնում ենք փողոցները։ Մեզ հետ վազում են ուրիշ ջինրիկիշաներ, հրելով ետեւից մեր կառքերը ու խնդրելով իրանց օգնական վերցնել, մինչեւ որ, մեր անտարբերութիւնից յուսահատուած, մնում են ետ։

Իսկ մեր ջիները վազում էին մի առանձին ոգեւորութեամբ, թափահարելով ոտները իսկական ձիու պէս, կարծես ճամփի հեռաւորութիւնը նրանց աշխոյժ էր տւել։ Կին ու մարդ, խանութ ու ապրանք արագ փախչում էին մեր աչքի տակով ու ձուլւում իրար, մութ ու անորոշ մի զանգւած դառնում։

Քաղաքի ծայրում մեր դէմ եկաւ մի անորոշ աղմուկ, որ զգալի կերպով մեծանում ու շեշտւում էր։ Թմբուկի միօրինակ զարկերը դուրս էին խուժում մի փոքրիկ փայտաշէն տնակից եւ գրաւում բազմաթիւ անցորդներ, որոնք բերանաբաց կանգ էին առել պատերին նկարած տարօրինակ պատկերների առաջ։ Իսկ մի ծերուկ նստած դրան մօտ, մի բարձր տեղ հրաւիրում էր ներս։

Մինչդեռ թմբուկը խուլ որոտում էր անընդհատ, մենք դուրս նետւեցինք ժխորից։ Եւ երբ քաղաքը ետ մնաց իր յատուկ հոտովն ու նեղ փողոցներովը, ու մեզ մէջ առին դալար սարերը, ակամայ թեթեւացման մի խոր հառաչ դուրս թռաւ մեր կրծքիցը։

Գնում էինք ձորի գեղեցիկ լանջով, որի վրա մեր ուղին նկատելի կերպով վեր էր սողում։

Ամեն կողմ, ուր նայում ես, թարմ ու կանաչ, որ աչք է շոյում։

Ճամփի երկու կողմը մեզնից վերեւ ու ներքեւ փռւած էին բրնձի արտեր, որոնք անվերջ հարթակներով սանդուխի աստիճանների պէս իջնում էին վար։ Ջուրը առատօրէն ոռոգում էր ու ողողում նրանց եւ աղմկոտ առւակներով հոսում էր ձորը ու մի գետակ կազմում։

Ամբողջ սարի լանջը բաժանւած էր փոքրիկ քառակու­սիների, որոնց մէջ ամեն տեղ եռում էր աշխատանքը։

Կանաչի մէջ սպիտակին էին տալիս գեղջկուհիների գլխի թաշկինակները եւ գիւղացիների յարդէ սընկաձեւ գլխարկները։ Նրանք՝ մարդ ու կին՝ մէջքը երկտակ ծալած ու մինչեւ ծունկները մածուծիկ ցեխի մէջ կանգնած ձեռքով շուռ էին տալիս հողը ու փափկացնում, որ բրինձը լաւ աճի, արդէն աճած ցողունները փոխադրում էին մի ուրիշ, աւելի ազատ տեղ ու նորից տնկում։

Մի քիչ դէնը դեռ նոր են վարում հողը։

Ծանրամարմին եզը ջրի մէջ չըփչըփացնելով քաշում է թեթեւ արօրը. նրա ետեւից վազում է փոքրիկ երեխան՝ արօրին ուղղութիւն տալով։

Հողի մշակութիւնը Ճապոնում խիստ բարձր աստիճանի է հասած, թէեւ գործիքները չափազանց պարզ են եւ նախնական։ Ճապոնը իրաւամբ կարելի է անւանել «մանր հողաբաժինների» երկիր։ Պետութեան գլխաւոր եկամուտն էլ ստացւում է հողի արդիւնագործութինւից։

Մեր ճամփան շարունակ բարձրանում էր վեր։ Գնացող եկողների թիւն էլ շատանում էր։ Մենք շարունակ պատահում էինք վազող ջիների ու նրանց կառքերի, կամ գիւղացիների, որոնք ուսին դրած երկար ձողերից կախած զամբիւղները, պտուղ ու բանջարեղէն էին տանում քաղաք։

Մեր ճամփին կից յաճախ մեր հանդէպն էր գալիս մի տօրի, սրբավայրերի այդ սովորական նախադուռը, եւ իսկապէս որոնող հայեացքը գտնում էր շուտով այս կամ այն փոքրիկ բլրակի գլխին միայնակ Բուդդհայի միայնակ արձան, մի ծածկի տակ իր բոլոր ստացած նւէրներով քաշւած։

Հասանք ջինրիկիշաների կայանը։ Նրանք արդէն շատ էին յոգնել շարունակ սարը բարձրանալուց։ Իսկոյն նետւեցին ստւերնոցի տակ ու սկսեցին իրենց պարզ նախաճաշը, որ պինդ եփած բրինձ էր։

Շնորհալի տանտիկինը մեզ էլ ուտելիք բերեց ու դրեց փոքրիկ սեղանների վրա։

Ամբողջ դադարը հազիւ մի-երկու վայրկեան տեւեց։

Սայնարա՛, սայնարա՛ (ցտեսութիւն), փոխադարձ խոր բարեւներով բաժանւեցինք ու արդէն սկսեցինք իջնել դէպի ձորը։

Ծովը բոլորովին անհետացաւ մեր աչքից, փոխւեց նոյնպէս շրջապատի բնաւորութիւնը, դառնալով աւելի վայրի ու գեղեցիկ։


ԲԱՄԲՈՒԿԻ ԱՆՏԱՌ

Անտառները գալիս, բռնում են բրնձի հարթակների տեղը եւ շքեղ ու ձիգ տարածւում ճանապարհի երկու կողմից։ Արմաւենիների ճկուն ու թեթեւ պուրակները ու բամբուկի խիտ ու բարձր ծմակները սքանչեցնում են մարդուն իրանց թարմ դալարով։

Հազիւ էինք դուրս եկել անտառից, որ յանկարծ երեւացին կղմինդրէ կտուրները։

Հասել էինք Մօգի։

Դա մի ձկնորսական գիւղ է, որ քմահաճ անփթութեամբ փռւել է ծովի ափին։

Ճապոնում գիւղը ընդհանրապէս շատ քչով է տարբերւում քաղաքից. նոյն փայտէ շէնքերը, նոյն կղմինդրէ կտուրներով եւ նոյն մաքրութիւնը ամեն տեղ։

Գրեթէ բոլոր պատերից կախած էին ուռկաններ, իսկ հեռւում՝ ծովում օրօրւում ու սպիտակին էին տալիս ձկնորսների մակոյկները։

Ճապոնացի ձկնորսը խիստ յայտնի է իր անվեհերութեամբ։ Նրանք թեթեւ, խարխուլ նաւակներով գնում են շարունակ հեռո՜ւ, հեռո՜ւ բաց ովկիանոսը, թէեւ շատերն էլ զոհ են դառնում սարսափելի տալֆունեն քամուն։

Յանկարծ լսւեց շոգենաւի սոյլը, եւ մենք ուրախ շտապեցինք դէպի ծով։

Ծովի տեղատւութեան ժամանակն էր։ Շոգենաւը, ի հարկէ, կանգնած էր հեռուն. նաւակն անգամ չէր կարողանում մօտենալ, այնքան ծանծաղ էր ափը։ Եւ շոգենաւը հասնելու համար ստիպւած էինք դիմելու ամենանահապետական միջոցին։ Տղամարդկանց գիւղացիք տանում էին իրանց ուսերին, իսկ կանանցս համար երկու-երկու ճապոնացի իրանց ձեռքերը միացնելով, նստարան էին հիւսում։ Նստողը ամուր բռնւում էր իր երկու բեռնակիրների վզիցը ու սուր քրքիջով աշխատում էր ծածկել իր վախը։ Ծիծաղելի էին նոյնպէս եւ պարոնները այդ կարճլիկ ուժեղ ճապոնացիների ուսին։

Այսպէս այդ կենդանի պատգարակներով հասանք նաւակին, որը մեզ շոգենաւ փոխադրեց։

Շոգենաւը շատ փոքր էր, եւ այն էլ ամբողջապէս բռնւած էր մեքենայով, ուղեւորների համար կար մի փոքրիկ խցիկ միայն։

Այս խցիկում էլ խռնւեցինք մինչեւ Օբամա, որ երկու-երեք ժամւայ ճամփայ է։

Մօտենալիս, Օբաման ծովի կողմից շատ գեղեցիկ է։ Ափը ժայռոտ. սեպ ու խիստ բարձր։

Տները կարծես կախւած լինեն օդի մէջ անդնդի գլխին ու նայելիս ներքեւ, որտեղ ծովը անընդհատ քծնում է, մռնչում ու փրփրում։

Այստեղից ուղին շարունակ բարձրանում է մինչեւ Ունզէնը, եւ այնպէս ցից, որ ջինրիկիշաները տանել չեն կարող։ Հաղորդակցութիւնը կատարւում է պատգարակներով, եւ այս անգամ արդէն իսկական պատգարակներով։

Մտանք հիւրանոց նախաճաշելու, թէեւ դա բաւական բարդ գործ դարձաւ։ Եւրոպացիների գալը բոլորովին անակընկալ էր. եւ մեր սիրուն տանտիրուհին ուղղակի չը գիտէր՝ մեզ ինչ առաջարկի։ Իսկ մենք խիստ անօթի էինք եւ լաւ ախորժակ ունէինք մի հիւթալի խորովածի։

Սակայն ամբողջ գիւղում միս գտնել անկարելի եղաւ, եւ մենք ճարահատւած ստիպւած եղանք մի կերպ բաւականանալու ձուով եւ բանջարեղէնով։

Այդ միջոցին դուրսը խռնւել էին արդէն պատգարակ կրողները, ու ամեն-ինչ պատրաստ էր մեր ճամփան շարունակելու։

Եւրոպացուն յատկացրած պատգարակը պարզապէս մի աթոռ է, երկու կողքերին մի-մի երկար ձող կպցրած տանելու համար։

Ես շատ էլ չօգտւեցի այդ պատգարակից, որի մէջ նստելը ուղղակի մի տանջանք է անսովոր մարդու համար, կարելի է մինչեւ անգամ ծովային հիւանդութիւն ստանալ, այնքան մարդ ճօճւում է աջ ու ձախ, առաջ ու ետ։

Գրեթէ ամբողջ ճանապարհը ես ոտով անցայ եւ բնաւ չը յոգնեցի. այնքան հրապուրիչ էին դէմս բացւող ու անդադար փոփոխւող լեռնային տեսարանները։

Արեւն արդէն մայր էր մտել, երբ հասանք Կօջիգոկու եւ իջանք մի զուտ ճապոնական հիւրանոց։ Աւանում կային նոյնպէս ուրիշ հիւրանոցներ, արդէն յարմարեցրած եւրոպացու ճաշակին, բայց մենք այս անգամ ուզեցինք ճապոնականի համն առնել։

Մեզանից ամեն մէկին յատկացրին մի փոքրիկ գողտրիկ սենեակ, որի գլխաւոր տարօրինակութիւնն ու հրապոյրն է՝ պատուհան չունենալը։

Ամբողջ պատը ներկայացնում է մի շարք շարժական դռներ ճապոնական թղթով կպցրած։ Այդ շարժուն դռները կարելի է քաշել աջ կամ ձախ, միացնել ու բաժանել, տալով սենեակին քո ուզած մեծութիւնն ու ձեւը։

Կարելի է բոլորովին հեռացնել պատերը, եւ այն ժամանակ սենեակը դառնում է մի պատշգամբ, որից կարող ես վայելել բնութեան գեղեցկութիւնը առանց աշխատանքիդ սեղանից հեռանալու։ Բայց կա արդէն մի նեղ ու իսկական պատշգամբ էլ, որ գօտիի պէս գրկում է ամբողջ տնակը։ Գիշերը այդ գօտին էլ է պատեր ստանում, փայտէ ծանր տախտակներ, որ բերում են ամրացնում պատշգամբի եզերքին։

Այնպէս որ տունը դրսից մի ամուր կողպւած փայտէ սնդուկի տեսք է ստանում։ Այդ սնդուկը ես մինչեւ այդ տեսել էի միայն դրսից. իսկ այժմ յանկարծ ինքս ընկել էի մէջը։

Առաւօտը արեւը ծագելուն պէս տախտակները հանում են մեծ դղրդոցով ու աղմուկով։

Ինձ զարթնեցնողը հէնց այս դղրդոցն էր։

Ես վախեցած բացի աչքերս։

Մեր տունն արդէն թափ էր տւել իր պատեանը, արեւի մեղմ ու տաք ճառագայթները թափանցել էին սենեակս, այնպիսի մի գեղեցիկ վարդագոյն փայլ տալով թղթէ պատերին, որ ես իրականութիւնը մոռացած՝ ինքս ինձ մի վայրկեան հէքիաթային մի էակ երեւակայեցի, որ ով գիտէ ի՜նչ կախարդանքով եկել ընկել էր այս բոցավառ լապտերի ծոցը։

Վեր թռչելս ու հագնւելս մի ակընթարթի գործ եղաւ. ետ հրեցի իսկոյն պատը ու սքանչացած՝ կանգ առայ։

Ուղիղ ոտներիս տակ բացւում էր մի խոր անդունդ թարմ կանաչով ծածկած. դէմս կուտակւել էին անտառախիտ սարերը իրար ուսին. իսկ հեռո՜ւն, հեռո՜ւն, հորիզոնի մօտ երեւում էր կապոյտ ծովի մի կտոր։

Աջ կողմս ցրիւ էին եկած գիւղի տները լերան լանջին, որ քանի ետ, այնքան վեր էր բարձրանում։ Եւ այդ բարձրութեան վրա օձի պէս ոլորւում էր արահետը, որ տանում էր դէպի Սինբուի եւ Ունզէնի ծծմբային ջրերը։

Ահա դէպի այդ արահետը շտապեցինք մենք գիւղի միջով, մի կերպ արագ նախաճաշը վերջացնելով։

Գիւղում բարքերը շատ պարզ են, իսկ ինչ վերաբերում է սիրալիրութեանը, գիւղացիք գերազանցում են քաղաքացի ­ ներին անգամ։ Ամեն մի գիւղացի օտարին հանդիպելիս, պարտք է համարում մի քաղցր խօսքով նրան բարեւելու։ Իսկ երեխաները բոլորը դուրս են թափւում փողոց ու բարձրաձայն բղաւում «օխայօ, օխայօ (բարեւ)», ջանալով իրանց փոքրիկ իրանները կռացնելու իսկ եւ իսկ մեծերի նման։ Երեխաները Ճապոնում շատ գրաւիչ են ու կայտառ. բնաւ չունեն մեր երեխաներին յատուկ ամաչկոտութիւնը օտարի առաջ։

Գիւղը վաղուց արդէն ետ էինք թողել։

Երբ սարի գլուխը հասած՝ թեքւեցի դէպի ձորը ու աչք ձգեցի ցած, ինձ թւաց, թէ Դանտի դժոխքից մի տեսարան էր փռւել առջեւս իր ամբողջ չարագուշակ գեղեցկութեամբ։

Գոլորշու ահագին մռայլ քուլաները դուրս էին ժայթքում ամեն կողմից ձորի յատակին, եւ պատում ամբողջ շրջակայքը. յետոյ ծանր-ծանր բարձրանում էին վերեւ եւ կազմում թանձր, քաւթառ ամպեր, որոնք ծոյլ-ծոյլ սահում էին կանաչազգեստ լեռների վրայով ու խիստ աչքի ընկնող մի հակապատկեր էին կազմում նրանց մատաղ ու կենսալից թարմութեան հետ։

Ձորում ամեն-ինչ եռում էր, ծխում ու աղմկում։

Ջուրը թափով դուրս է ցայտում ու բարձրանում ٣-ից մինչեւ ٥ ոտնաչափ, տարածելով շուրջը ծծմբի խեղդող հոտը։

Չորս կողմը, ժայռերից, գետնից, քարերից եւ մինչեւ անգամ ճամփի եզերքից ջրի փոքրիկ չարաճճի շատրւաններ են դուրս նետւում։

Պիտի գնաս մեծ զգուշութեամբ, քարէ քար թռչելով, թէ չէ հողը փուլ կը գայ ոտքիդ տակ ու կընկնես փոսը եւ կայրես ոտներդ։

Ջրի տաքութիւնը շատ է բարձր, հասնում է մինչեւ ٢٠٤ աստիճան ըստ Ֆարենհեյտի։

Բամբուկի խողովակներով նա վազում է դէպի լողարանը, ուր եւրոպացիների համար վաննաներ են շինւած։

Իսկ իրանք ճապոնացիք լւացւում են մի ուրիշ առանձին շէնքի մէջ, որի պատերը այնքան մեծ ճեղքեր ունեն, որ փողոցից ազատ կերպով կարելի է տեսնել հոսող ջուրը եւ միասին լողացող կանանց ու տղամարդկանց խումբը։

Արդէն յիշեցի, որ ճապոնացիք մեզանից բոլորովին տարբեր գաղափար ունեն բարոյականութեան մասին եւ բնաւ չեն ամաչում իրանց մերկութիւնից։ Բայց այդ ոչ մի տեղ այնքան աչքի չէր ընկնում, ինչպէս Ունզէնում։ Գիւղում շատ եւ շատ յաճախ կարելի է պատահել բոլորովին մերկ մարդկանց, որոնք լողանալուց յետոյ հանգիստ ու խաղաղ տկլոր վերադառնում են տուն, ճամփին կանգ են առնում մի ծանօթի պատահելիս եւ խօսում են կատարեալ պարզութեամբ ու այնպէս բնական կերպով, կարծես դա իրանց մշտական ու սովորական վիճակը լինէր։

Հրաբուղխային այդ ջերմուկները բնականաբար ազդել են ժողովրդի երեւակայութեան վրա, եւ գուցէ դա է պատճառը, որ Ունզէնն ու իր շրջակայքը դարձել են բազմաթիւ աստւածների բնակավայր։

Ամեն քայլիդ մի աստծու կը հանդիպես կա՛մ բազմած մի բլրակի գլխին, կամ քաշւած ձորի մի անկիւնը՝ ցայտող ջերմուկի կողքին։

Քիչ այն կողմ աստւածների ամբողջ մի ատեան է, որ կիսաշրջան կազմած՝ նստել են խոր մտածկոտ դէմքերով, ու ո՞վ գիտէ բնութեան ի՜նչ գաղտնիքների մասին են խորհրդածում։

Բոլորն էլ տարբեր-տարբեր կերպարանք ունեն եւ շինւած են բաւական կոպիտ ձեւով. կան եւ այնպիսիները, որոնք պարզապէս մանր քարերի մի կոյտ են ներկայացնում, միայն այնպէս վարպետ դիզւած, որ որոշակի երեւում է աստծու բնաւորութիւնը։ Միւսները տաշած քարից են ու ներկայացնում են մի այր կամ կին՝ բաւական կանոնաւոր դիմագծերով։

Ճամփիս աջ կողքին երկու բարակ ձողերի վրա կանգնած էր խուփը բաց արկղի պէս մի բան, որի առաջ մի զառամեալ փոքրիկ պառաւ կուչ եկած ջերմեռանդ աղօթում էր։

Արկղի մէջ իրար դէմ նստած էին չորս փոքրիկ աղւէս, ատամները սրած ու մազոտ պոչերը տնկած դէպի վեր։ Ամեն մէկի առջեւ եփած բրինձ էր դրւած իբրեւ նախաճաշ։

Աղւէսը, կամ ինչպէս նրան անւանում են «կետսնէ», մի առանձին յարգանք է վայելում հասարակ երկրագործ ժողովրդից. նրանից վախենում են, իբրեւ մի խորամանկ ու նենգամիտ էակից, որ միշտ աշխատում է մարդկանց վնասել։

Նրանց քարէ արձաններին մարդ յաճախ հանդիպում է բրնձի աստծուն, Ինարիին, նւիրւած տաճարի մօտ։ Սակայն խորամանկ կենդանին հետզհետէ կարողացել է անկախութիւն ձեռք բերել ու ստանալ իր մասնաւոր պաշտամունքը։

Աղւէսի պաշտամունքի հետ կապւած են անթիւ սնապաշ­տութիւններ, որովհետեւ նրան երեւակայում են ամենակարող, նրա առաջ բաց է ապագան, նա գիտէ մարդու ամենագաղտնի մտածմունքները եւ հեշտութեամբ կարող է վնաս հասցնել։ Այդ պատճառով էլ ամեն կերպ աշխատում են նրա սիրտը միշտ շահել։

Սնապաշտ ժողովուրդը աղւէսին է վերագրում մի շարք ջղային հիւանդութիւններ, որոնց մէջ մեծ դեր է խաղում ինքնհիպնոզը-ինքնաներշնչումը։ Այնպէս որ, Ճապոնը ունի իր աղւէսից բռնւածները, ինչպէս որ Միջին դարերը իրանց դիւահարներն ունէին։

Հիւանդութիւնը մօտաւորապէս նոյնն է, ինչ մեր ընկնաւորներինը։ Նրան առհասարակ աւելի ենթակայ են գիւղացի կանայք, իբրեւ աւելի սնահաւատ տարր։

Անհատի եսը, որի մէջ մտել է աղւէսը, դառնում է երկու։ Մէկը հիւանդն է, միւսը աղւէսը, որ շարունակ խօսում է նրա բերանով ու վիճում է նոյն իսկ նրա հետ մի տարբեր, օտարոտի ձայնով։ Նա է, որ հիւանդին խելքիցը հանում է, վազել է տալիս փողոցով վայրի ճիչերով, կամ նետում է գետին՝ փրփուրը բերնին։

Բայց ինչպէս որ աղւէսը ինքն է մտնում ու տիրում մարդուն, այնպէս էլ սնահաւատ ժողովրդի հաւատով կան մարդիկ, որ մի մասնաւոր իշխանութիւն ունեն աղւէսների վրա։ Եւ ահա դրանց է, որ դիմում է սնահաւատ ճապոնացին իրեն բռնող աղւէսից ազատւելու համար։ Այդ տեսակէտից մասնաւոր մեծ հռչակ ունեն նիշիրեն աղանդի քուրմերը, որոնք գալիս են հիւանդի մօտ, սկսում են խօսակցել աղւէսի հետ ու պարգեւներ խոստանալով մի կէրպ ստիպում են, որ աղւէսը թողնի հիւանդի մարմինը։ Եւ հիւանդը իսկապէս բժշկւում է, ի հարկէ՝ նորից հիպնոզով։

Անշուշտ քաղաքակրթութեան ոյժի առաջ այդ սնապաշ­տութիւնը հետզհետէ կորցնում է իր նախկին թափը։ Գիւղական դպրոցը նրա ամենաառաջին թշնամին է։