Մի պտոյտ Ճապոնում

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՀԻՆ ՃԱՊՈՆ

Մի քանի վայրկեանից յետոյ մտնելու էինք սրբազան Կիօտօն, Ճապոնի հին սրբավայրերից մինը ու միկադօյի նախկին մայրաքաղաքը։

Եւրոպայի միապետներից ոչ մէկի հարստութիւնը չունի այն հնութիւնը, ինչ որ միկադօյինն է։

Նա իր նախորդների ծագումը անընդհատ գծով հասցնում է մինչեւ աստւածները. նրա անմիջական նախամայրը Ամատերասուն է, արեւի աստւածուհին, որ ինքն էլ ծնւած է Ճապոնի արարիչ Իզանագիի ձախ աչքից։

Միկադօների, ինչպէս եւ ընդհանրապէս Ճապոնի վա­ւե­րական պատմութիւնը սկսւում է հինգերորդ դարից Քրիստոսից յետոյ։

Սկզբներում միկադօն էլի բաւական մատչելի է եղած ժողովրդին. բայց ժամանակի ընթացքում քիչ-քիչ շրջապատել է իրան փառահեղութեամբն ու ծէսերով, եւ քաշւել է բոլոր աշխարհական գործերից։ Հազիւ էր պատահում, որ ժողովրդին երեւար եւ այն ժամանակ ամենքն ընկնում էին գետին երեսնիվայր, չը համարձակւելով աչք ձգել նրա աստւածային երեսին։

«Մեր կայսրները, ասում է ճապոնացի մի պատմագիր, անցնում էին իրանց կեանքը ծածկոյթի ետեւ. նրանց ոտքը երբէք հողին չէր դիպչում։ Դրսի ոչ մի ձայն չէր հասնում նրանց ականջին ու չէր վրդովում նրանց հանգիստը»։

Միկադօյի այդպիսի առանձնացման շնորհիւ սկսեց ուժեղանալ դայմիօսների ազդեցութիւնը. այդպէս էին կոչւում Ճապոնի աւատական իշխանները, որոնք բացարձակ անկախութեամբ կառավարում էին միկադօյից աւատ ստացած իրանց հողը։ Ապրում էին նրանք իրանց ամուր բերդերի մէջ, անընդհատ կռիւ էին մղում իրար հետ, քարուքանդ անելով երկիրը։ Այդ անվերջ կռիւների մէջ հետզհետէ ուժեղացաւ Իօրիտօմօի ցեղը, որ բոլոր միւս դայմիօսներին յաղթելով ստիպում է ճանաչել իր վերին իշխանութիւնը եւ այսպէս էլ հիմք է դնում սիօգունի (զօրավար) իշխանութեանը։ Նա իր բնակութիւնը նախ հաստատում է Կամակուրայում, վերջն էլ Իէդօ, եւ դառնում է Ճապոնի իսկական բացարձակ տէրը։


ԴԱՅՄԻՕՍԻ ԱՄՐՈՑԸ

Միկադօն ստիպւում է եղածի հետ հաշտւել. իր կորցրած ոյժը ետ խլելու փորձը բոլորովին անաջող է անցնում. բայց եւ այնպէս սիօգունը շարունակում է որոշ օրերին ներկայանալ միկադօյին, նրան երկրպագելու համար։ Այսպիսով առաջա­նում է հոգեւոր եւ աշխարհական իշխանութեան բաժանումը, որ եւ տեւեց ١٢-րդ դարից սկսած մինչեւ Ճապոնի վերջին յեղաշրջումը ١٨٦٨-ին։

Սիօգունը թէեւ ուժեղ էր իր զէնքի զօրութեամբ, բայց հաստատ չէր նրա դիրքը. մի ուրիշ զօրեղացած դայմիօսը խլում էր նրա ձեռքից իշխանութիւնը եւ բռնում էր նրա տեղը։ Մինչդեռ միկադօն թէեւ արտաքուստ անզօր, բայց դարէ դար իր աստւածային իշխանութեան մի ինչ-որ առանձին հրապոյրի մէջն էր պահում երկիրը իր Կիօտօյի պալատի ոսկի բանտից։

Դայմիօսների իշխանութեանը ենթակայ էին սամուրայ­ները, այսինքն ազնւականները. նրանցից յետոյ գալիս էին ազգաբնակչութեան մնացած մասերը՝ երկրագործները, ար­հեստաւորները եւ վաճառականները։ Վաճառականը ամե­նաստորին աստիճանն էր կազմում Ճապոնի ազգաբնա­կու­թեան մէջ, մինչեւ անգամ երկրագործներից էլ ստոր։ Դա խիստ բնորոշ է Ճապոնի նման մի իսկական ռազմիկ ազգի համար եւ միեւնոյն ժամանակ բացատրում է, թէ ինչու եւրոպացիք շարունակ գանգատւում են Ճապոն առեւտրականի անբարե­խղճութեան վրա։ Դարեւոր ստորացումը անշուշտ խորին դրոշմ պիտի դրած լինէր նրա բնաւորութեան վրա։

Հետաքրքրական է յիշել, որ նրանց ցեղակից ու դրացի չինացիք բոլորովին հակառակ են. վաճառականները միշտ համարւում են ամենաազդեցիկ դասակարգ. մինչդեռ զինւորականները մինչեւ այժմ ետին տեղն են բռնում։


ՍԱՄՈՒՐԱՅՆԵՐԸ

Դասակարգերի բաժանումը շատ խիստ էր Ճապոնում։ Զէնք կրելը միայն սամուրայներին էր թոյլ տրւում։ Կրում էին երկու սուր, որ խրում էին գօտկի մէջ։ Նրանք ընդհանրապէս մեծ արտօնութիւններ էին վայելում։ Օրինակ՝ միեւնոյն յանցանքի համար տարբեր աստիճանի պատիժներ էին նշանակւած սամուրայի եւ ստորին դասից մէկի համար։

Ամենախիստ էտիկետ ձեւականութիւն էր պահ­պան­ւում տարբեր դասակարգերի յարաբերութեանց ժամանակ։ Քաղաքացիք սամուրային հանդիպելիս փռւում էին գետին երեսի վրա, նոյն կերպով էր բարեւում պաշտօնեան իր մեծաւորին, ինչպէս եւ դայմիօսը միկադօյին ներկայանալիս։


ՃԱՊՈՆԻ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԸ

Դայմիօսները անձնական սուրհանդակներ ունէին, որոնք տանում բերում էին նրանց նամակները. այդ սուրհանդակների մերկ մարմինները ծածկւած էին դաճած գունաւոր նկարներով։ Միեւնոյն ժամանակ սովորութիւն էր, որ տօն օրերին նրանք իրար նւէր էին բերում զանազան գեղարւեստական առարկաներ. դրա համար ամեն դայմիօսը իր պալատում պահում էր մի արւեստագէտ, որ իր բոլոր ջանքը գործ էր դնում գեղեցիկ իրեր հնարելու եւ ուրիշներից այդ բանի մէջ գերազանց լինելու համար. պարզ է, որ այդ հանգամանքը ճապոնական արւեստի զարգացմանը շատ է նպաստել։

Ֆէօդալական կարգերի անկման հետ արւեստագէտները զրկւեցին իրանց խրախուսող մեկենասներից եւ հետզհետէ դառնում են սոսկ արհեստաւորներ։

Կիօտօն ընդհանուր ճապոնական տիպ ունի, միայն աւելի մեծ չափերով։

Փողոցները քիչ աւելի լայն են. տներն աւելի գեղեցիկ եւ կեանքն էլ աւելի եռուն։ Աջ ու ձախ արագ սլանում է էլեքտրական տրամւայը. հեռախօսի թելերի խիտ ցանցը վազում է ամեն ուղղութեամբ. ու ամեն կողմ տիրում է էլեքտրական լուսաւորութիւնը։ Եւրոպական կառք գրեթէ չկայ. փողոցներում վազ են տալիս ջինրիկիշաները։

Քաղաքի կեդրոնումն էինք արդէն, երբ հանդիպեցինք մի գեղեցիկ միաձի կառքի, որի առջեւից վազում էին երկու արագավազ սպասաւորներ ի պատիւ կառքում նստած բարձրաստիճան անձնաւորութեան։

Աւագ քահանայապետն է, բացատրեց ինձ ջինը։

Դա իմ տեսած միակ կառքն էր։

Շուտով հասանք Ja-Amy հիւրանոցը, որ մեզ յանձնարարել էին նրա բարձր դիրքի համար։ Հիւրանոցը կառուցւած էր Մարու-Եամայի (լեռ Մարու) լանջին, որտեղից մի սքանչելի տեսարան է բացւում ամբողջ քաղաքի վրա, սկսելով կանաչի մէջ կորած մօտակայ տաճարներից մինչեւ հեռաւոր պագօդները։

Դէպի պատշգամբ տանող երկար սանդուխով անընդհատ բարձրանում էին անգլուհիները, բոլորն էլ սպիտակ հագած եւ բոլորը զւարթ կատակ անելով իրանց ջենտլմէնների հետ։ Նախաճաշի ժամն էր, եւ ամենքը շտապում էին պատշգամբ, ուր սեղաններ էին բացւած եւ ուր մեղմ ճօճւում էր պանկերը, կարծես այցելուներին վեր կանչելով։

Տօթ օր էր։

Ուղեկիցներս գնացին քիչ հանգստանալու։

Իսկ ես հանգիստ մնալ չէի կարողանում։ Ինչ որ խորհրդաւոր ու անորոշ ձայներ էին հասնում ինձ դրացի սրբավայրերից ու անդիմադրելի կերպով քաշում էին դէպի իրանք։

Իջայ փողոց։

Մուտքի դէմը կանգնած էին ջինրիկիշաները։ Դրանք օրերով մնում են այդտեղ իրանց յատկացրած ծածկի տակ, ուշադիր հետեւում դուրս ելնողներին եւ անմիջապէս ձայն են տալիս ջինրիկիշային, որ եւրոպացուն առաջին անգամ բերել է։

Երեւալուս պէս մօտ վազեց իմ ջինրիկիշաս։

Նա զարմացաւ, երբ ես գլխով բացասական նշան արի եւ քայլերս ուղղեցի դէպի քաղաք։ Այն ժամանակ իր կառքը քշեց ծածկի տակ եւ հետեւեց ինձ նախ բաւական հեռուից, յետոյ աւելի ու աւելի մօտենալով, մինչեւ որ վերջապէս սկսեց քայլել կողքիցս։

Մի առ ժամանակ գալիս էր հետս, առանց մի խօսք ասելու. ինձ մեծ զւարճութիւն էր պատճառում այդ բոբիկ ջենտլմէնիս ընկերութիւնը։

Տեսե՞լ էք մեծ զանգը, դարձաւ նա ինձ վերջապէս՝ լայն ժպիտը երեսին, տեսնելով, որ ես ոչ մի դժգոհութիւն չեմ ցոյց տալիս դէպի ինքը։

Ոչ, պատասխանեցի։

Գնանք, ես ձեզ ցոյց կը տամ։

Մենք շեղւեցինք ճամփից եւ դիմեցինք նորից լերան կողմը։

Մի երկար ծառուղի տանում էր դէպի Չիօ-ինի ընդարձակ վանքը։ Վանքի մօտ, առանձին մի հարթ բարձրութեան վրա, կախւած էր մեծ զանգը մի գոգաւոր ծածկի տակ։

Մեր զանգից նրա ունեցած գլխաւոր տարբերութիւնն այն էր, որ ձայն հանողը նրա միջից կախւած լեզւակը չէր, այլ մի երկար ձող, որ դրսից կախ էր ընկած զանգի մօտ՝ պառկած դիրքով։

Այդ զանգը ամենամեծն է Ճապոնում եւ մեծ յարգանք է վայելում։ Բարձրութիւնը ١٠ ոտնաչափ է, տրամագիծը 9-ը։ Ասում են, որ հրաշալի հնչիւն ունի։ Տաճարներից քչերը միայն զանգ ունեն. զանգը նւիրական է համարւում եւ ուխտագնացութեան առարկայ է։

Քայլերս ուղղեցի դէպի տաճարը։

Chuda, իմ հոգածու ջինրիկիշաս որտեղից որ է կօշիկներիս համար մի զոյգ կտաւէ շապիկ ճարեց, որով ես կարողացայ մտնել տաճարը առանց կօշիկներս հանելու։

Տաճարի ներսը փայտէ վանդակով բաժանւած է երկու հաւասար կէսերի։ Խորքում երեւում էր մի քանի սեղան, ուր կանգնած էին երկար արձաններ տեսքով շատ նման քրիստոնէականներին։ Նրանցից ամենահետաքրքրականը Ամիդայի արձանն էր, իր ամբողջ հասակովը ձիգ կանգնած, բարի ու մեղմ դիմագծերով ու ձեռքերը այնպէս բռնած, կարծես օրհնելիս լինէր։ Նա յաւերժական ու գաղափարական լոյսի մարմնացումն է։

Միջին, ամենամեծ սեղանի առջեւ կախւած էր ոսկի ծոպերով մի ամպհովանի, որի տակը դարսւած էին զանազան զարդեր, յղկած արկղներ, տուփեր. սրանց մէջ պահւում են սրբազան ձեռագիրները։

Փայտէ վանդակի միւս կողմը ծունկ էր չոքած մի բօնզա (քահանայ) եւ ձեռքի փոքրիկ փայտով խփում էր անդադար կաշւէ բարձին, կրկնելով շարունակ միեւնոյն խօսքերը. «ամնա՜, ամնա՜, այդա՜, այդա՜»։ Խօսքերը մնում էին նոյնը, բայց ձայնի ելեւէջը փոխւում էր անընդհատ. մերթ բարձրանում էր, մերթ իջնում, բայց երբէք դադար չէր առնում։ Դրան մօտ նստած էին մի քանի ուրիշ Բօնզաներ, իրանց աղօթքը արդէն վերջացրած։

Նրանցից մէկը ինձ տոմսակ տւեց ٥ ցենտով (կոպէկ), վանքի սրբազան սենեակները դիտելու համար։

Չիօ-ինը բուդդհիստ Ժօդօ կոչւող աղանդի գլխաւոր վանքն է։ Այդ աղանդի հիմնադիրը Ենկօ-Դայշի էր, որ ١٣-րդ դարում քարոզեց «փրկութեան վարդապետութեան» իր նոր ըմբռնումը, որով հաւատացողի համար ճամփայ էր բացւում դէպի ջինջ աշխարհը, դէպի երկինքը, ուր բազմած է Ամիդան։ Այդ տեղից էլ աղանդը կոչւեց Ժօդօ (Pure Zano)։


ԲՕՆԶԱ

Ինձ հետ միասին մտան մի քանի ճապոնացի ճամփորդներ, որոնց նոյնպէս հետաքրքրել էր այդ սրբատեղին։

Մեզ դիմաւորեց մի ուրիշ բօնզա, որ վերցնելով մեր տոմսակները՝ առաջնորդեց մեզ դէպի միջանցքը, որ մի շրջան էր կազմում, պարփակելով բագը։ Միջանցքի մի կողմը մի անընդհատ թղթէ պատ էր, որի ետեւը բագն էր, իսկ արտաքին կողմից անվերջ շարւած էին սենեակները։

Բաց դռնից երեւում էր ամբողջ սենեակը, յատակին մաքուր խսիր, պատերին արագիլներ կամ մի որեւէ սաղարթախիտ ծառ նկարած։ Բօնզան կանչում էր ամեն մէկի մուտքի դիմաց եւ սկսում իր հռետորական ձիգ շեշտերով ճապոներէն ճառը, ցոյց տալով սենեակի ներսը։

Այդ ճառը բացատրում էր սենեակի պատմութիւնը. թէ ինչպէս այս մէկը սրբագործւած է միկադօյի այցելութեամբը, միւսում քահանայ էր ձեռնադրւել արքայորդին. երրորդը մի սուրբի խուցն էր եղած եւ այլն։ Վերջն էլ պատմում էր երկար, թէ որ արւեստագէտի գործն է այդ սենեակի զարդերն ու նկարները։

Ինձ ընկերակցող ճապոնացիները կռանում, նայում էին ուշի-ուշով խորհրդաւոր սենեակի խորքը եւ երկիւղած լռութիւն էին պահում։ Մենք անդադար առաջ էինք շարժւում եւ անվերջ անցնում մէկ սենեակից միւսը։ Իմ համբերութիւնս արդէն հատնելու վրա էր. արդէն յոգնել էի այդ դատարկ սենեակների դռների առաջ կատարած մեր անվերջ այցելու­թիւններից, երբ յանկարծ բագին նայող թղթէ պատի ետեւից ականջիս հասաւ մի ամբողջ խմբերգի ներդաշնակ ու ալիքաւոր ելեւէջը, որ խիստ յիշեցնում էր մեր եկեղեցական երգեցողութիւնը։

Ես հազիւ էի զսպում հետաքրքրութիւնս. ձեռքերս ակամայ դէպի թղթէ պատն էի պարզում մի փոքրիկ ծակ բաց անելու համար։ Բայց յանկարծ երգը լռեց, եւ ես շտապեցի բօնզայի ետեւից։

Հասել էինք լաբիրինտի ծայրը։ Բօնզան եւ ուղեկիցներս դուրս ելան արդէն. ես էլ ուզում էի հետեւել նրանց, երբ նորից հնչեց խմբերգը, արդէն շատ աւելի մօտիկից։ Եւ տեսայ, թէ ինչպէս մի ներքին դռնից դուրս եկաւ մի ամբողջ թափոր։ Երկար շարքերով գալիս էին վանականները իմ կողմը, ձեռքերը աղօթքի համար միացրած, մտասոյզ դէմքերով ու գերեզմանական խորհրդաւորութեամբ։ Հասան ինձ ու անցան առջեւիցս իրանց յուղարկաւոր մեղմ երգեցողութեամբը. անցան ու մտան մօտակայ մեծ դահլիճը, ուր կարգով ու հանգիստ նստոտեցին ծալապատիկ իրար կողքին շարւած փոքրիկ սեղանների առջեւ։

Երգը լռեց։ Կարծես մի աներեւոյթ հրամանով բոլորն էլ հանեցին իսկոյն իրանց գօտիներից մի-մի հովհար եւ սկսեցին դէմքերին հով տալ։ Եւ մի առ ժամանակ ամբողջ դահլիճում լսւում էր միայն մի քանի տասնեակ հովհարների այդ խշրտուքը։ Այդ ամենը այն աստիճան մի թատրոնի տպաւորութիւն էր անում, որ ես քիչ աւելի մօտ գնացի եւ յենւեցի դահլիճը նայող վանդակին։ Ինձ վրա ո՛չ մի ուշադրութիւն այնտեղ կայի, թէ ոչ։

Կողմնակի մի դռնով շուտով դահլիճ մտաւ մի բօնզա եւ ամբողջ խմբի առջեւից անցաւ իր տեղը, նոյնպէս մի փոքրիկ սեղանի առաջ։ Եւ լսեցի իրար խփւող փայտերի յստակ ու կանոնաւոր բաղխումը կարծես չափ էին տալիս։

Թողին հովհարները։ Բոլորը մէկանց, մէկ մարդու պէս վեր ցատկեցին հաւատացեալների խորին մի յափշտակութեամբ, ձեռքերը պարզեցին դէպի երկինք, մինչդեռ քահանան ծունկ չոքեց։ Յետոյ ընդհակառակը բոլորն էլ փռւեցին գետին ամբողջ մարմնով, միայն ձեռքի մատները տարօրինակ կերպով վերեւ դարձրած, ու մնացին անշարժ ու գետնատարած, մինչդեռ բօնզան ոտքի ելաւ ու պարզեց ձեռքերը ջերմեռանդութեամբ դէպի երկինքը. հնչում էր շարունակ նոյն երգի նոյն եղանակը, մերթ քահանայի, մերթ խմբի բերանից։ Նրանք պաղատագին ու յափշտակութեամբ կրկնում էին անդադար իրանց մեծ աստծոյ, Ամիդայի անունը, որի մեծադիր արձանը գթառատ հայեացքով ցած էր նայում խորանից։ Նրա ոտների տակ էր մի քանի ծաղիկ ու մի երկու մոմ։

Վանականների տարօրինակ զգեստը աւելի էր սաստկաց­նում բեմական տպաւորութիւնը։

Նախ կարծես մուրացկանի հագուստ լինէր, գոյնզգոյն կարկատաններով. բայց քանի նայում էի՝ այնքան գեղեցիկ էր դառնում ու անսովոր։

Սպիտակ երկար շապկի վրայից գցած էր մի սեւ թափանցիկ կտոր. սրա վրայով էլ ուսընդանութ կոչկած էր դեղին կրկնոց։

Այս բոլորը սեւի, սպիտակի ու դեղինի մի խառնուրդ էր առաջացնում։

Այն ինչ բօնզայի ու ամբողջ խմբի յաջորդական ու կանոնաւոր երկրպագութիւնները չէին դադարում, նոյնպէս եւ նրանց սրտաբուղխ ջերմ աղօթքն ու կանչերը։

Ես ինձ էլեքտրացած, հիպնոզացած էի զգում ձայնի ու շարժումների այդ միակերպ ու միապաղաղ ելեւէջից. այդտեղ կար ե՛ւ ծովի ալիքների ընթացքը, ե՛ւ կեանքի հոսանքի յարատեւ ու յաջորդական անխուսափելիութիւնը, ե՛ւ մարմնացումը մարդկային անզօր ճիգի, որ ստեղծագործութեան գաղտնիքի խորքն է ուզում թափանցել։

Բայց կրկին լսւեց փայտիկների բաղխումը, եւ ամբողջ խումբը միասին նստեց նորից նախկին տեղերը փոքրիկ սեղանների առաջ ու վերցրեց հովհարները։

Փայտիկների բաղխումին յաջորդեց մի ուրիշ ձայն, որ առաջանում էր մի կաշւէ բարձի վրա տեղացող զարկերից։ Ու հնչեց նոյն մեղեդին, որ մի քիչ առաջ լսել էի թղթէ պատի ետեւից, «ամնա՜, ամնա՜, այդա՜, այդա՜»։

Ամբողջ խումբը դարձեալ ոտքի ելաւ ու վերջին անգամ ձեռքերը պարզելով դէպի Ամիդան, երկար շարքով շարժւեց դէպի դուռը։

Ճիշտ մուտքի առաջը դրւած էր մի վիշապի կերպարանք։ Առաջին վանականները անցան նրա վրայով. իսկ յաջորդները կողքից։

Երկար ժապաւէնի նման ձգւում էր այդ շարքը միջանցքի երկարութեամբ, ձեռքերը միշտ աղօթատարած իրար կցած ու սաղմոսը շրթունքին. «ամնա՜, ամնա՜, այդա՜, այդա՜»։

Մի ակնթարթ միայն կանգ առան. երգը աւելի ուժեղ հնչեց, բայց իսկոյն սկսեց հետզհետէ թուլանալ, մեղմանալ ու հանգչել նրանց հեռացող քայլերի հետ։

Ժօդօյի աղանդը բուդդհիստ բազմաթիւ աղանդներից մէկն է։ Բուդդհայի կրօնը Ճապոն է մտել վեցերորդ դարում եւ մեծ ազդեցութիւն է ունեցել երկրի կուլտուրական կեանքի վրա։ Բուդդհիստներ են եղած երիտասարդութեան դաստիարակը. նրանք էին, որ բժշկութիւն բերին Ճապոն, նպաստեցին արւեստների զարգացմանը եւ ընդհանրապէս մեծ դեր խաղացին ժողովրդի մտաւոր եւ հասարակական կեանքում։

Նոյն իսկ միկադօներ են եղած, որոնք՝ հրաժարւելով իրանց իշխանութիւնից ու փառքից եւ չը նայելով իրանց աստւածային ծագման, ցանկացել են բուդդհիստ վանական դառնալ։ Բուդդհիզմը իր նախնական մաքուր ձեւովը չէր, որ մտաւ Ճապոն, այլ ենթարկւած չինական ու կօրէական գիտնականների մեկնութիւններին։ Յայտնի է, որ բուդդհիզմը մեծ ճկունութիւն ունի եւ ընդունակութիւն տեղական բարքերին ու պայմաններին յարմարւելու։ Ճապոնումն էլ նա, ի հարկէ, նոր փոփոխութիւններ է կրում եւ իւրացնում է տեղական շինտօ կրօնից շատ գծեր եւ նոյն իսկ նրա աստւածները։

Ճապոնի բուդդհիստ բազմաթիւ աղանդները անվերջ վիճում են աստւածաբանական նրբութիւնների մասին։ Նրանց վարդապետութիւններն ու տարբերութիւնները ընդհանրապէս շատ դժւար են հասկացւում, գուցէ այն պատճառով, որ նրանց կարծիքով բարձրագոյն ճշմարտութիւնները մատչելի են միայն սրբութեան գերագույն աստիճանին հասնողների համար։

Բուդդհիստները բացասաբար են վերաբերւում կեանքին։ Կեանքը ինքնին մի չարիք է, եւ այդ չարիքը առաջանում է մեր կրքերից ու տգիտութիւնից։ Փրկւելու համար պէտք է թափ տանք մեզանից զգայարանքների շղթան եւ ճանաչենք գոյութեան ունայնութիւնը, ուրիշ խօսքերով՝ դառնանք «բուդդհա», որ ասել է «զարթնած»։

Այդ «բուդդհա» վիճակին, այսինքն աստւածութեանը կարող է հասնել ամեն մարդ, եթէ իր հոգու մի քանի մարմնափոխութիւնների ընթացքում արդար կեանք վարի եւ ծանր, ծանր քայլերով առաջ շարժւի սրբութեան ճամփով։

Բուդդհիստ տաճարների պատին յաճախ նկարւած են լինում երեք սրբազան կապիկներ։ Դրանցից մէկը իր թաթով խցկում է բերանը, երկրորդը ականջները, իսկ երրորդն էլ աչքերը, այսինքն նրանք ուզում են մնալ համր, խուլ ու կոյր դէպի շրջապատող աշխարհը։ Ուրիշ խօսքով, բուդդհիզմի բնորոշ գիծն է երկրայինից խուսափելը եւ կեանքն արհամարհելը։

Բարեբաղդաբար ճապոնացին բնականից խիստ կենս­ուրախ է եւ երբէք չէ կարողացել այդ՝ կեանք սառեցնող յոռետեսութեանը ամբողջովին ենթարկւել։ Ճապոնացու պէս հեշտ մահւան դէմ գնացող չկայ. բայց միեւնոյն ժամանակ ոչ ոք այնպէս ուրախ սրտով չի փարում կեանքին, ինչպէս ճապոնացին, նոյն իսկ կեանքի բոլոր զրկանքների ժամանակ։ Այս բանի մէջ նրան շատ է օգնում այն հաւատը, թէ նրա բաժին ընկած բոլոր դժբաղդութիւնները հետեւանք են իր նախորդ կեանքի մէջ գործած մեղքերի։ Եւ եթէ իր կեանքի այս ձեւափոխութեան մէջ քաւի իր մեղքը, իր հոգու յաջորդ ձեւափոխութիւնները աւելի երջանիկ կը լինեն։

Այսպիսով ճապոնացին առնում է բուդդհիզմից այն, ինչ որ ուրախութիւն եւ ոյժ է տալիս կեանքին, բաց թողնում նրա յոռետեսութիւնը։

Այս տեսակէտից խիստ յուզիչ ու բնորոշ է ճապոն սիրահարների հոգեբանութիւնը։ Եթէ չեն յաջողում ամուսնանալու, նրանք մեղադրում են ոչ թէ իրանց ծնողներին ու հանգամանքները, այլ միայն իրանց, որ նախորդ կեանքում երեւի խանգարած են եղել ամուսնական սրբութիւնը, կամ մի որեւէ այլ կերպ մեղանչել են իրար դէմ։ Այլ եւ հաւատում են, որ միասին մեռնելուց յետոյ նրանք վերածնւելու են մի այլ աւելի երջանիկ կեանքում, ուր կը միանան իրար հետ։ Եւ մեռնելիս թողնում են սովորաբար յայտնի ձեւ ունեցող մի նամակ, ուր խնդրում են իրանց թաղել միասին։ Եւ այս թաղումը կատարւում է ընդհանրապէս մեծ շուքով։

Եւ առհասարակ մարմնափոխութեան հաւատը շատ է մեղմացնում մահւան մեծ վիշտը. այսպէս, դեռատի մայրը կորցնելով երեխային՝ մխիթարւում է այն մտքով, որ նա նորից իրան է վերադառնալու մահւան խաւարից մի նոր մարմնով։ Երեխայի թաթի մէջ նա գրում է նրա անւան սկզբնատառը եւ նոր երեխայ ունենալիս, որոնում է իր գրած խորհրդաւոր նշանը նրա ափի մէջ եւ անպայման հաւատում է, որ իր մեռած երեխայի հոգին է վերադարձել իրան, իր մայրական սիրտը սփոփելու համար (Lafcadio Hearn)։

Հասարակ ժողովուրդը հաւատում է նոյն իսկ կենդանիների հոգեփոխութեանը։ Գիւղացին իր եզը թաղելու ժամանակ ջերմ աղօթքներ է ուղղում աստւածներին, որ նրա յաջորդ կեանքը այնքան էլ ծանր չը լինի։

Նա հաւատում է որ մինչեւ անգամ անշունչ առարկաները երկար գոյութիւնից յետոյ ընդունակ են հոգի ստանալու։

Այս բոլորի մէջ արտացոլում է ճապոնացու քնքոյշ սէրը դէպի իր շրջապատը եւ դէպի ամեն բան, ինչ ապրում է։ Դա վերին աստիճանի հասցրած մարդկայնացում է, ուր չկայ մարդու այն գոռոզ, յաճախ կոպիտ մեծամտութիւնը, թէ ինքն է միայն կանգնած տիեզերքի կենդրոնում, եւ թէ մնացած ամեն-ինչ միայն իր համար է ստեղծւած։