Մի պտոյտ Ճապոնում

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԿԻՕՏՕ

Արևի տակ երկար թափառելուց սաստիկ ցաւում էր գլուխս։

Հիւրանոցում հրաժարւեցի ընդհանուր ընթրիքից պատշ­գամ­բում, որովհետեւ անգլիական սովորութեամբ բոլոր կա­նայք ներկայանալու են զուգւած դեկօլտէով, ինչպէս եւ տղամարդիկ ֆրակով։ Անկողնիս շղարշէ ծածկոցը հրաւի­րում էր ինձ հանգստանալու իր հովանու տակ օրւայ տպա­ւորութիւններից եւ մոծակների խայթերից, որոնցով վխտում է գեղեցիկ Ճապոնը։

Այդ վայրկեանին էր, որ բաղխեցին դուռս։

Մտէ՛ք։

Սեմի վրա երեւաց ճապոնացու կերպարանքը, թեւի տակ մի կապոց սեղմած, ու դեռ դուռը բոլորովին չը փակած, սկսեց իր բարեւները։ Վերջը մի քայլ առաջ գալով մեկնեց ինձ իր քարտը, որտեղից իմացայ, թէ նա զանազան հազւագիւտ առարկաների վաճառական է։ Վաճառականը հէնց այնտեղ էլ բաց արեց իր կապոցը, ուր խիտ իրար կից դարսւած էին փոքրիկ արկղիկներ, թէյամաններ ու պնակներ եւ ուրիշ այս տեսակ իրեր։

Այս բոլորը դուրս հանեց նա հանգիստ ու անվրդով, շարեց կարգով յատակի վրա ու վերջն էլ դարձաւ դէպի ինձ հարցական նայւածքով։

Բայց հէնց այդ վայրկեանին կրկին լսեցի, որ դուռս ծեծեցին։

Մտէ՛ք, գոչեցի ես, զարմանալով, թէ սա ո՞վ է լինելու։

Դրանը երեւաց մի նոր կերպարանք, իր նոր կապոցով, որ դեռ հեռուից ինձ էր մեկնում իր քարտը։ Նա էլ ներս մտաւ. եւ հազիւ էր իր կապոցը ցած դրել, որ նորից դուռը բաղխեցին։ Եւ այսպէս շարունակաբար։ Մէկ այցելուի ետեւից փակւում էր դուռը իսկոյն յաջորդի առաջ բացւելու համար։

Շուտով սենեակս լցւեց վաճառականներով, իսկ սենեակիս յատակը նրանց մանրիկ ապրանքներովը։ Ի պատիւ նրանց պէտք է ասեմ, որ նրանք չէին աշխատում ապրանքը անպատ­ճառ վզիս փաթաթել։ Ցոյց տալով ինձ իրանց արկղիկները, թողնելով մօտս իրանց քարտերը, նրանք մէկը միւսի ետեւից չքացան սենեակիցս, անձայն ու հանդարտ, ինչպէս որ եկել էին։

Առաւօտը վաղ պարտք համարեցի իմ նախորդ երեկոյեան այցելուներիս վիզիտը վերադարձնելու։ Արդէն ինձ շատ էին հետաքրքրել նրանց սիրուն մինիօն իրերը։

Խանութում ճապոնացին պատկառանքով դիմաւորում էր ինձ ժպիտն երեսին ու խնդրում, որ սանդուխով բարձրանամ վերեւ։ Այնտեղ ցուցադրւած էին նրա ապրանքները։

Շատ գեղեցիկ կտորներ կային դրանց մէջ, մետաքսով, ու ոսկէ թելով բանած, փափուկ ու նուրբ, գույներն էլ չափազանց մեղմ ու քնքոյշ, իսկ գործւածքը ուղղակի հրաշալի։

Ինձ մի մեծ անկողնի ծածկոց ցոյց տւին, որի վրա ասեղնագործած էր ծով։ Այնտեղ ալիքների ծոցում բարձրանում էր միայնակ ժայռը, որի վրա փառահեղ բազմած էր արծիւը։ Ի՛սկ որ գեղարւեստական մի ստեղծագործութիւն էր դա. հեռուից հնար չկար ենթադրելու, որ դա ոչ թէ նկարւած, այլ ասեղնագործած է։

Ճապոնացին ոչ աչքն է խնայում, ոչ էլ ջանք այդ տեսակ մանրակրկիտ աշխատանքի համար։ Դա է պատճառը անշուշտ, որ ես ոչ մի տեղ այնքան շատ ակնոցաւոր չեմ տեսել, ինչպէս Ճապոնում։

Մանւածքների վաճառականի մօտից ես ընկայ հազւագիւտ իրեր ծախողի խանութը։ Նա նորից շարեց առջեւս իր բրօնզէ ու կլուազօնէ իրերը եւ սկսեց բացատրութիւններ տալ։ Հէնց այդտեղ իսկ դուք տեսնում էք կլուազօնի պատրաստութեան ամբողջ բարդ ու մանր աշխատանքը։ Մարդ ուղղակի հիանում է խանութպանների թէ ձեզ եւ թէ իրար հետ ունեցած սիրալիր վարմունքից։ Ոչ մի կոպիտ խօսք չի հասնիլ ձեր ականջին, ու ձեր աչքերը կը տեսնեն միայն զւարթ դէմքեր։ Ձեր բոլոր ցանկութիւնները կատարում են։ Մի տեսակ իրանք են ներողութիւն խնդրում, եթէ ձեր պահանջած զիջումը չեն կարող անել եւ ստիպւած են մերժելու։

Կանգնած սպասում էի տրամւային, էլեքտրաքարշին։

Նա դուրս սլացաւ յանկարծ մօտակայ փողոցից։ Կօնդուկտօրը յամառ նայում էր առաջ, իր տեղը կանգնած, ակնոցը քթին, որ նրա առանց այն էլ կենդրոնացած դէմքին մի ինչ-որ պրօֆէսօրական արտայայտութիւն էր տալիս։

Նստեցի։

Տրամւայում ծանօթութիւնը հեշտ է կապւում։

Օհայօ՛, օհայօ՛ (բարեւ), լսւում է երկու կողմիցդ, եւ ուրախ ժպիտներ դիմաւորում են քեզ, հէնց որ ներս ես մտնում։

Եւ սկսւում է խօսակցութիւն, ուրախ ու ծիծաղկոտ, եւ գրաւում ու միացնում է բոլոր ուղեւորներին։ Հարեւանդ, կամ մանաւանդ հարեւանուհիդ, որ ի հարկէ աւելի աչքի է ընկնում իր հետաքրքրութեամբ, խաբւելով քո արտասանած մի քանի ճապոներէն խօսքերից, անվերջ հարցեր է թափում գլխիդ, թէ ո՞վ ես, ո՞րտեղից եւ ի՞նչ բանի ես։

Ես մեծ ճիգ էի գործ դնում մի կերպ տակից դուրս պրծնելու. տալիս էի հիւրանոցիս անունը, արտասանում էի իրար ետեւից իմ անցած քաղաքների շարքը եւ զանազան շեշտերով կրկնում էի ճապոնացու սովորական բացականչութիւնը. «սօ՛ու-դեսկա՛, սօ՛ու-դեսկա՛» գերմաներէն եօ-ի պէս մի բան, որով, նայած արտասանութեանդ եղանակին, արտայայտւում է թէ ուրախութիւն, թէ վիշտ, թէ զարմանք, թէ հարց ու թէ ամեն բան։

Բայց իմ սխալ շեշտադրութիւնս, հարցի ու բացականչութեանս մէջ եղած յաճախ անհամաձայնութիւնը ամբողջ հասարակութեանը մեծ զւարճութիւն էր պատճառում։

Այնպէս որ հին բարեկամներ էինք արդէն, երբ ոտքի ելայ իջնելու համար. խոր ու խոր բարեւներով անջատւեցինք միմեանցից։

Ճապոնացու պարզութիւնն ու սրտաբացութիւնը մի մասնաւոր հրապոյր է տալիս նրան։ Ես գոնէ մի անչափ վստահութիւն ունէի միշտ դէպի նրանք։ Մի նոր քաղաք հասնելիս անփոյթ ընկնում էի փողոցները մեն-մենակ, եւ երբէք չեմ զգացած շփոթութիւն կամ երկիւղ, ինչ որ շատ յաճախ զգում է կինը եւրոպական մի նոր քաղաքում։ Ես բացարձակ կերպով համոզւած էի, որ այդտեղ ինձ ոչ ոք չի վիրաւորի, այլ ընդհակառակը՝ պատահած դէպքում ամեն մի անցորդ պաշտպան կը կանգնի։

Սխալւում էի գուցէ, ինչպէս հիմա ասում է ինձ իմ դատողութիւնս, բայց գլխաւորն այն է, որ այնտեղ նրանք ինձ կարողացել էին ներշնչել այդ վստահութիւնը։

Ճապոնում ես ինձ երբէք օտար չեմ զգացել. մարդ կարծես կորցնում է այնտեղ ծանօթի ու անծանօթի գաղափարը, այն աստիճան բաց ու սիրալիր է այն ժպիտը, որով ամեն կողմից դիմաւորում են քեզ մանկական պարզամտութեամբ։

Երբէք եւ ոչ մի տեղ ես այնպէս խոր չեմ զգացել սիրոյ եւ եղբայրութեան զգացումը դէպի ինձ շրջապատողները, ինչպէս Ճապոնում։ Այդ աստիճան կախարդիչ է ճապոնացու ժպիտը։

Անհաշիւ են տաճարները պագօդաները սրբազան Կիօտօյում։ Նա ամբողջովին շրջապատւած է այդ սրբավայրերով, որոնք կառուցւած են քաղաքի ամենաբարձր դիրքերի վրա։

Քաղաքի երկու հակառակ ծայրերին բարձրանում է մի-մի հինգյարկանի պագօդա Իէսակա եւ Տօջի։ Նեղ սանդուխը տանում է քեզ վեր, մինչեւ գագաթը, որտեղից հրաշալի տեսարան է բացւում ամբողջ քաղաքի վրա։

Յայտնի է շատ Սանջու-սան-գենդօ տաճարը, ուր կանգնած են իրար կողքին գթութեան աստւածուհու, Կւաննօնի 33, 333 արձանները։

Մէջտեղում բազմած է իր գահին աստւածուհու ամենախոշոր արձանը, իսկ նրա երկու կողմից խիտ շարքերով կանգնած են նոյն աստւածութեան աւելի փոքր մարմնացումները։

Կւաննօն այնտեղ «հազարաձեռն» տիտղոս է կրում, թէեւ իրօք 40 ձեռք ունի միայն։

Իր այդ 40 ձեռքերում բռնած է բուդդհայական նշանները, էմբլեմները՝ լոտոսի ծաղիկը, օրէնքի անիւը, արեւն ու լուսին եւ այլն։ Նա կարծես իր ձեռքերը պարզում է ամեն կողմ, աշխարհի բոլոր կարօտեալներին. միայն երկուսը բռնած է կրծքին աղօթքի համար։ Մի խիստ յուզիչ աւանդութիւն պատմում է, թէ նա մերժել է նիրւանա մտնելը՝ միշտ մարդկանց հետ մնալու ու նրանց օգնութեան ձեռք մեկնելու համար։ Շարունակ քաշած վարագոյրների շնորհիւ մշտական աղջամուղջ է տիրում արձանների այդ սրահում եւ մի առանձին խորհրդաւորութիւն է տալիս աստւածների այդ ժողովին։

Հետաքրքիր է նոյնպէս Բուդդհայի փայտակերտ հսկայ արձանը, Դայ-Բուտսու, այսինքն Մեծ Բուդդհա, որ գտնւում է Կւաննօնի տաճարին կից։ Արձանը ներկայացնում է միայն Բուդդհայի գլուխն ու ուսերը եւ հասնում է մօտ վաթսուն ոտնաչափ բարձրութեան։

Երկու կողմից սանդուխը տանում է նրա գլխի ետեւը, ուր խորան է շինւած։

Բոլոր տաճարներից աւելի ես Գիօնը սիրեցի, ուր եւ յաճախ գնում էի։ Սրբատեղիի չորս կողմից գեղեցիկ սրբազան դռները (տօրի) տանում էին ներս։ Գիօնը բաղկացած է իրար դէմ կառուցւած մի շարք շէնքերից։ Հրապարակի մէջտեղում գեղեցիկ ծածկի տակ զետեղւած էին սրբութիւնները, որ մի քանի օրից յետոյ պէտք է տանէին ամբողջ քաղաքը թափոր տալու։

Ինքը բուն տաճարը մեծ չէ. աղօթողները ներս չեն մտնում։ Առաջակողմի վանդակի մօտ դրած էր մի մեծ գանձանակ, ուր փող էին ձգում։ Այդ փողը սովորական գործածական դրամը չէ. դրանք կլոր փոքրիկ մետաղի կտորներ են, մէջտեղում քառակուսի ծակովը, եւ գործ են ածւում միայն կրօնական նւիրաբերութիւնների համար։


ՊԱԳՕԴԱ

Ես սիրում էի երկար կանգնել ու դիտել եկող-գնացողներին, տաճարի պատին թեթեւակի յենւած։ Անց ու դարձ անողների թիւը շատ մեծ էր։

Ահա մի շինտօ քահանայ գլխից ցոտ սպիտակ հագած. նրա ետեւից՝ շինականներ իրանց մեծ սնկաձեւ գլխարկներով, եւ կամ զարդարուն մի քաղաքացի՝ հովանոցն ուսին։ Նրանք մէկը միւսի ետեւից մօտենում են տաճարի վանդակին, իրանց լուման գցում գանձանակը ու պինդ-պինդ քաշում զանգի թելը, որ կախ է ընկած տաճարի կտրից գանձանակի գլխին։ Զանգը մի խուլ հնչիւն է հանում։ Աղօթողը երեք անգամ ծափ է տալիս, կարծես աստծոյ ուշադրութիւնը իր վրա գրաւելու համար, եւ սկսում է փսփսալ իր աղօթքը, ձեռքերը իրար շփելով։ Նորից մի զանգ, 3 հատ ծափ, եւ ճապոնացին, վերցնելով պատին թինգ տւած հովանոցը, գնում է իր ճամփով։

Տաճարի մօտ մի այլ շէնքում կարելի է տեսնել քրմուհու պարը։

Բօնզան դանդաղ զարկերով թմբկահարում է իր առաջը դրւած մեծ թմբուկը։ Քրմուհին ամբողջովին սպիտակ հագած պտտւում է հանդարտ ու սահուն շարժւածքով, դէմքի սառն ու անվրդով արտայայտութեամբ։ Վերջապէս դնում է ձեռքերը ճակատին ու քարանում, որից յետոյ բերում-տալիս է ձեզ իր թալիսմանը. դա մի ոստիկ է սրբազան ծառից, եւ փաթաթւած է սրբազան բառերը գրոտած մի թղթի մէջ։

Այդ պարը, որ կագուրա է կոչւում, փոխաբերական, սիմբօլիկ նշանակութիւն ունի, որի հետ կապւած է հետեւեալ բանաստեղծական աւանդութիւնը։ Արեւի աստւածուհին, Ամատերասու, վիրաւորւած իր չար եղբայր Սուզանօից, որ լուսին է, քաշւում է մի քարայր, ամբողջ աշխարհը խորին խաւարի մէջ թողնելով։ Բոլոր աստւածներն ու աստւածուհիները, խմբւած այրի մուտքի դէմ, պաղատում են, որ դուրս գայ, բայց նա խուլ է մնում ու անհաշտ։ Այն ժամանակ աստւածները դիմում են խորամանկութեան. սկսում են նւագել ու պարել։ Ամատերասու չի համբերում ու գլուխը դուրս է հանում հետաքրքրութիւնից։ Աստւածները ճարպիկ շարժումով մի հայելի են դնում նրա առաջ, եւ մինչդեռ նա զմայլւում է ինքն իր դէմքով, միւսները արագ խցկում են քարայրի մուտքը։ Այդպիսով նա նորից մնում է դուրսը եւ լոյս է տալիս բոլորին։

Իսկ հայելին ու պարը դառնում են այդ օրից տաճարներում մի սիմբօլ, մի նշան ի յիշատակ այդ դէպքի։

Ճապոնական Ոլիմպոսում աստւածները շատ են։ Դրանցից արդէն յիշել եմ Իզանագի ու Իզանամի, որոնցից առաջացած է Ճապոնում ամեն կեանք ունեցող բան, Ամատերասու, որ միկադօյի նախամայրն է, Ամիդա, որ գաղափարական ու յաւիտենական լոյսի աստւածն է եւ Բուդդհայի մարմնացումնեից մէկը եւ որի անունը պէտք է յիշել միւս աշխարհն անցնելիս, Կւաննօն, գթութեան աստւածուհին, եւ Ժիզօ, որ երեխաների, յղի կանանց ու ճամփորդների հովանաւորն է ու պաշտպանը։

Բացի սրանցից պէտք է յիշել եւ հետեւեալները. Ֆուդօ, իմաստութեան աստւածը, ոգեւորութեան ճաճանչներով շրջանակւած, մի ձեռքին հատու սուր՝ կրքի ոգիների հետ կռւելու համար, եւ միւսում պարան, այս կրքերն ու ցանկութիւնները շղթայելու համար։ Յետոյ գալիս են բաղդաւորութեան եօթն աստւածները, որոնք են՝ Եբիսու աշխատասիրութիւն, Դայկօկու, հարստութիւն, Բենտեն ընտանիք եւ պտղաբերութիւն, Ֆուկուրօկուժու երկարակեցութիւն, Ժիրուժին տաղանդ, Յօտեյ բարեկեցութիւն, Բիզժամեն փառք։

Հետաքրքիր են նոյնպէս որոտի եւ քամու աստւածները։ Վերջինս քամիներով լիքը տոպրակը դրած է շալակին ու պինդ պահում է բերանը, իսկ որոտի աստւածը պղնձի ձողերով խփում է պղնձի թմբուկներին։ Երկուսի դէմքն էլ սարսափելի է, մի հազւագիւտ երեւոյթ, քանի որ ճապոնական աստւածները խիստ բարի ու մեղմ դէմք ունեն ընդհանրապէս։

Իսկ չար դեւերին ներկայացնում են պոզերով, գզգզւած մօրուքով, որ իհարկէ միայն երեխաներին է վախեցնում։

Որքան էլ բազմաթիւ լինեն այդ աստւածները, անկարելի է ճապոնացիներին կոպիտ հեթանոս համարել։ Այդ աստւածների արձանները իմ վրաս ճիշտ նոյն տպաւորութիւնն էին անում, ինչ որ Աստւածածնի ու սրբերի արձանները կաթոլիկ եկեղեցիներում։ Դրանք նոյն սիմբօլներն են եւ ոչ կուռք։ Սրանք էլ նոյնպէս կանգնեցրած են տաճարների պատերի մէջ եւ յաճախ նոյնպէս զարդարւած նոյն լուսապսակներով։

Ճապոնի հասարակ ժողովուրդը շատ է սիրում ուխտ գնալ իր սրբավայրերին։

Գիւղերում բազմաթիւ կրօնական ընկերութիւններ կան, որոնց անդամները որոշ վճար են տալիս. դաշտային աշխատանքից ազատ եղած ժամանակ նրանք ամեն տարի այդ փողով ուղարկում են իրանց միջից ընտրած մի խումբ, սրբավայրերն այցելելու համար։

Ճապոնացին ոտով շրջել շատ է սիրում, եւ այդ ճամփորդութիւնը թանգ չէ նստում նրան։ Բացի դրանից կան եւ յարմարութիւններ։ Ամեն աւանում ուխտաւորների համար կայ մի յատուկ պանդոկ, ուր նրանք միայն վառելիքի վճարն են տալիս իրանց կերակուրը եփելու համար։


ՈՒԽՏԱՒՈՐԸ

Այս թափառումների շարժառիթը յաճախ միայն կրօնական չէ. նրանք գնում են աշխարհ տեսնելու, իրանց հայրենիքի հետ մօտիկից ծանօթանալու եւ իրանց սրբազան տաճարները նայելու նպատակով, քանի որ տաճարները միեւնոյն ժամանակ գեղարւեստի ու հազւագիւտ իրերի թանգարաններ են ներկայացնում։

Նրանք նոյնպէս շատ են սիրում ուխտ գնալ բարձր սարերը, մանաւանդ իրանց սիրած սրբազան Ֆուջի, ուր բարձրացողների թիւը ١٠-١٥ հազարի է հասնում ամեն տարի։ Այդ Ֆուջին մի մասնաւոր սէր ու յարգանք է վայելում եւ զարմանալի նման է մեր Փոքր Մասիսին։

Հասաւ ժողովրդական Մատսուրի կոչւած տօնի օրը։

Թմբուկի անընդհատ զարկը վաղ առաւօտից ոչ ոքի հանգիստ չէր տալիս։

Ես իջայ քաղաք իմ հաւատարիմ ջին Չիւդաի հետ։ Բոլոր տների պատերը բաց էին, եւ այնտեղ, ինչպէս օթեակներում, բազմած էին գեղեցիկ ճապոնուհիները։ Յանկարծ դէպի ինձ վազեց եւրոպական տարազով զուգւած մի ճապոնացի երիտասարդ եւ առաջարկեց ինձ անգլիերէն, որ երթանք իր մի ծանօթի տունը, որի առջեւից անցնելու էր թափորը։

Նախ ուզում էի հրաժարւել, այնքան անսպասելի էր այդ առաջարկը, բայց իմ Չիւդաի յանդիմանող հայեացքը զգացրեց ինձ, որ ես իզուր էի անվստահութեամբ վերաբերւում այդպիսի սիրալիր ու պարզ հիւրասիրութեանը։ Ես յօժարւեցի, ու մենք միասին առաջ շարժւեցինք խիտ բազմութիւնը ճեղքելով, մինչեւ որ երիտասարդը կանգ առաւ մի փոքրիկ տնակի առաջ։


ՄԱՏՍՈՒՐԻ

Խնդրեմ սպասեցէք մի վայրկեան, ասաց նա խորհրդաւոր ձայնով. գնամ տանտիրոջը յայտնեմ ձեր գալը։

Եւ իսկոյն էլ վերադարձաւ ու ինձ վեր հրաւիրեց։

–Միայն խնդրեմ, հանէք կօշիկներդ, յիշեցրեց ինձ սեմի վրա։

Ես հնազանդեցի ու գուլպաներով ոտք դրի ձիւնի պէս մաքուր խսիրի վրա։ Ներս մտայ թէ չէ, մի հայեացք ձգեցի շուրջս, տեսայ, որ գտնւում եմ մի ընդարձակ սենեակում, լիքը հիւրերով։

Ինձ աթոռ բերին։ Բայց ես իմ մասնաւոր յարգանքը ցոյց տալու համար հրաժարւեցի ու նստեցի նրանց նման փոքրիկ կաշւէ բարձի վրա։

Իմ կաւալէրս ամեն ճիգ գործ էր դնում եւրոպացի լինելու. շարունակ գնում, գալիս էր ու ամեն անգամ նստելով կողքիս ներողութիւն էր խնդրում ու հարցնում, արդեօ՞ք իր սիգարը ինձ չի խանգարում։ Վերջը, չը գիտեմ ինչու, յանկարծ սկսեց պատմել թէ առ այժմ առեւտրական է, թէեւ իր միակ փափագն է անպատճառ անցնել Ամերիկա մի քիչ աշխարհ տեսնելու։

Այդ խօսակցութեան միջոցին մտաւ տանտէրը, մի վայելչահասակ գեղեցիկ ճապոնացի։

Մենք փոխադարձ տւինք մեր բարեւները, այսինքն ձեռները դրած մեր ծնկներին՝ խոր գլուխ տւինք միմեանց։

Նախ նա յայտնեց իր ջերմ ուրախութիւնը, որ ես պատւել եմ իր տունը իմ այցելութեամբ, յետոյ հարցրեց ազգութիւնս, եւ երբ իմացաւ, թէ հայ եմ, խիստ զարմացած աչքերը չռեց ու հարցրեց վարանումով.

«Ա՞յն հայերից, որոնք շարունակ թուրքերի դէմ կռում են»։

Հիմա էլ զարմանալու հերթը իմս էր։

–Ախ, մի՞թէ դուք լսել էք հայերի մասին։

–Ինչպէս չէ. յիշում եմ մի քանի տարի առաջ կոտորածներ կային, եթէ չեմ սխալւում։ Այստեղ մի ինչ որ միսիօնար փող էր հաւաքում ձեզ ուղարկելու համար։ Հիմա ի՞նչ վիճակի մէջ է ձեր երկիրը։

Ես նայում էի նրա երեսին ու չը գիտէի, ինչ պատաս­խանեմ, ուրախանամ թէ՞ տխրեմ, որ մեր մեծ ցաւերի ալիքները մինչեւ ճապոնական կղզիներն էին հասել։

Մինչ այդ՝ ամբոխը աւելանում էր. բոլոր տների պատշգամբները ծածկւած էին մարդկային գլուխներով։ Ահա­գին բազմութիւն էր եկել շրջակայ գիւղերից։ Գեղջկուհի­ները զուգւել էին, զարդարւել, որ ետ չը մնան քաղքուհիներից։ Ամեն կողմ կարծես գօտիների ցուցահանդէս լինէր. բոլորն էլ մրցում էին իրանց գօտիների կտորներով ու գեղեցկութեամբ։

Փողոցում տղայքը ծախում էին կայանալիք թափորի կոպիտ գոյներով նկարւած պատկերը։ Իսկ թափորը ինքը ուշանում էր։ Բոլորը լարւած ուշադրութեամբ նայում էին դէպի այն անկիւնը՝ որտեղից գալու էր։

Վերջապէս երեւաց առաջին կառքը վրան երկյարկանի մի շէնքով, գրեթէ մի տան մեծութեամբ։ Վերեւի յարկում տեղաւորւած էին երաժիշտները ու նւագում էին անդադար իրանց տարօրինակ գործիքներով մեր քայլերգի նման մի ինչ-որ եղանակ։ Գործիքը պարզապէս մի մետաղի պնակ էր, որի եզերքին խփում էին նոյնպէս մետաղի բարակ ձողերով, ու առաջացնում մի մեղմ ու արծաթի հնչիւն ունեցող ելեւէջ։ Երաժիշտների առաջ կանգնած էր մի տղայ ճերմակեցրած դէմքով ու փայլուն թագը գլխին. ասացին, որ դա մի աստւածութիւն էր ներկայացնում։

Կառքը դանդաղ առաջ էր շարժւում. նրան քաշում էին երկար հաստ թոկերով մի քանի շարք մարդիկ։ Տարօրինակ էր տեսնելը, թէ ինչպէս նրանք դանդաղ ու միակերպ կռանում ու ճիգ էին անում, բոլորն էլ շարքով պինդ կպած իրանց պարանին։ Իսկ կառքի ներքեւի յարկում կանգնած էին երկու կառապան, լայն բացած հովհարները ձեռներին։ Նրանք անդադար թեքւում էին մի աջ, մի ձախ, հովհարները ճօճելով օդի մէջ մերթ դանդաղ, մերթ արագ, եւ հետն էլ երգում էին միակերպ մի երգ, կարծես իրանց կառքը քաշող բազմամբոխ լուծը քաջալերելու համար։

Դժւար տեղերում կամ կառքը անկիւնից ծռելիս նրանց օգնութեամբ էին վեր ցատկում ուրիշ երկու հոգի էլ, նոյնպէս հովհարներով զինւած, եւ չորսը միասին աւելի եռանդուն կերպով շարժում էին իրանց իրաններն ու հովհարները, ու խումբն էլ ցածում աւելի եռանդուն կերպով ձգում էր իր պարանը։

Առաջին կառքին հետեւեցին բազմաթիւ զարդարուն պատգարակներ զանազան այլաբանական իրերով ու սրբութիւններով. մէկի մէջ մի փոքրիկ տնակ ու մի գեղջկուհու խրտւիլակ, միւսի մէջ մի ինչ որ աստւած, եւ այսպէս անընդհատ։ Ետեւից գալիս էր մի նաւ անիւների վրա դրւած, մէջը նորից երաժիշտներ, այնուհետեւ մի խումբ նաւաստիներ նաւապետի առաջնորդութեամբ։

Սրանով էլ վերջացաւ թափօրը, որը՝ որչափ հասկանալ կարողացայ, ամառւայ ու պտղաբերութեան յաղթանակն էր ուզում ներկայացնել։