Գեղարուեստական արձակ

Հեղինակ

Բաժին

Թեմա

X

Առաւօտեան ինն ժամը զարկեց:

Մանուշակը, առողջ եւ մի անսովոր ուրախութենով, նստած էր իւր տեղում պատուհանի տակ եւ կարում էր իւր կարը:

Թիւթիւնճի-օղլուն ծխափողը լցրած թաբակով նոր ահա վառում էր, իսկ կինը նստած բազմոցի վերայ, մաքրում էր մի ունդեղէն, պահոց կերակուր պատրաստելու համար:

Բարկացուցինք մեր պարոն փեսային, ասաց Թիւթիւնճի–օղլուն, ընդհատուած արտաբերելով խօսքերը, պատճառ, թաբակը վառելու համար կարճ եւ ստեպ էր շունչ քաշում, բայց ի՛նչ առնես, այդ եւս մի յիմարութիւն է, ոչ այս, ոչ այն, յանկարծ հարսանիք պահանջել. ես ստանալիք ունիմ, պատրաստութիւններ ունիմ տեսանելու, եւ չկամիմ ինչպէս եւ իցէ հարսն առնել մի հատիկ Մանուշակս. ի՛նչ կայ, կարող է վեց եօթն ամիս եւ համբերել. եւ ինչպէս կարծում եմ, գիր չգրածի պատճառն այն է, որ փոքր ինչ վիրաւորուեց, թէ չէ, մի ամիս եղաւ գնացածը, ի՛նչ քաղաքավարութիւն է մի նամակ չգրել:

Ի հարկէ, այդ է պատճառը, պատասխանեց կինը, բայց այդտեղ, ե՛ւ նա մեղաւոր է, ե՛ւ մէք մեղաւոր ենք. եթէ նա այնպէս շուտ չպահանջէր, մէք եւս այնքան չհեռացնէինք, ո՛չ այս կը լինէր եւ ո՛չ այն, եւ ամենայն ինչ կ՚անցանէր խաղաղութեամբ, բայց այժմ, ո՛վ գիտէ, գուցէ...

Ինչ գուցէ, ի՞նչ է. ես կամեցայ իմ Մանուշակս տալ նորան, իսկ նա դեռեւս պիտի կոտրատուի՞. նա չեղաւ, ուրիշը կը ճարեմ: Մանուշակս չէ բարկանում իմ վերայ:

Ամենեւին ոչ, հայրի՛կ, ես...

Գիտեմ զաւա՛կս, քո հնազանդութիւնը: Աստծոյ օրհնութիւնը լինի քո վերայ:

Այս խօսքի ժամանակ արտասուքը փայլեցաւ Մանուշակի աչքերում:

Ի՞նչ է, Մանուշակս, լաց ես լինում, ի՛նչ պատճառով:

Ո՛չ, մայրիկ, ասեղով ծակեցի ձեռքս, նորա համար աչքերս լցուեցան, պատասխանեց Մանուշակը, հարկադրելով ցոյց տալ իւրեան ուրախ եւ անշփոթ:

Այս միջոցին Շահումեանց Գէորգի ծառան ներս մտաւ` մի նամակ ձեռքին:

Դո՞ւք էք պարոն Թիւթիւնճի-օղլուն:

Ես եմ, - պատասխանեց Թիւթիւնճի-օղլուն, մօտենալով ծառային

Պարոնս ուղարկեց ձեզ այս նամակը, եւ նամակը տուած անյայտացաւ:

Թիւթիւնճի-օղլուն բացեց նամակը եւ կարդաց բարձր ձայնով. Մանուշակի ասեղը դադարեց եւ նորա բոլոր զգայարանքը լսելիք դարձան:

 

Պատուելի Թիւթիւնճի-օղլու.

Ինքս փոքր ինչ տկար լինելով չեմ կարող դուրս գալ տանից. բայց շատ հարկաւոր բան ունենալով ձեզ ասելու, խնդրում եմ, որ դուք անպատճառ շնորհ բերէք իմ մօտ. յոյս ունեմ, որ կը կատարէք իմ խնդիրս, եւ կատարելով, չէք զղջալու ձեր ցոյց տուած ներողամտութեան վերայ դէպի իմ հրաւէրը: Ողջ եղիք:

Խ. Ծ. Գէորգ Շահումեանց:

 

Մանուշակը շատ ուրախացաւ, բայց աշխատեց ծածկել իւր ուրախութիւնը, որ յայտնի չլինի տրտմութենից դէպի ուրախութիւն փոխանցումը: Նա ուրախանում էր այն պատճառով, որ այս նամակը ճշմարտում էր Շահումեանց Գէորգի միւս նամակը, որ Մանուշակը ստացել էր առաւօտը նորանից. որով խոստանում էր սիրականը այսօր իսկ վերջացնել խօսքը, եւ ստանալ Թիւթիւնճի-օղլուի ճակատագրական համաձայնութիւնը:

Տիկին Թիւթիւնճի-օղլուն ոչինչ բան չառեց այս նամակից. իսկ ինքը Թիւթիւնճի-օղլուն կարծում էր, թէ պարոն Շահումեանցը կամենում է դարձեալ մի նոր խնդրի վերայ խօսել, իւրեանց սովորական կերպով: Բայց ինչեւիցէ, Թիւթունճի-օղլուն այնչափ յարգում էր եւ պատւում էր պարոն Շահումեանցին, որ եւ ամենաչնչին բանի համար եւս պատրաստ էր կատարել նորա խնդիրը:

Նախիջեւան քաղաքի նման տեղում, մի հարուստ եւ անուանի մարդ, ինչպէս Շահումեանցը էր, թողումք նորա ուսումը եւ կրթութիւնը, ոչ թէ այսպիսի քաղաքավարի նամակ գրէ եւ հրաւիրէ, այլ եթէ լոկ ծառայի բերանով հրամայական ձեւերով եւս իւր մօտ կանչելու չինի մի հասարակ մարդ, վերջինս մի պատիւ կը համարի իւրեան գնալ նորա տուն եւ լսել նորա ասելիքը, թէեւ Թիւթիւնճի-օղլուի յարաբերութիւնը այսպէս չէր պարոն Շահումեանցի հետ:

Նա իսկոյն գլխարկը վեր առեց եւ գնաց, խոստանալով ուղղակի տուն դառնալ նորա մօտից:

Մնացին տան մէջ տիկին Թիւթիւնճի-օղլուն եւ Մանուշակը:

Տիրեց լռութիւն:

Պատուարի ժամացոյցի ամէն մի գնալ գալը, ամէն մի զարկը շատ  երկար էր թւում. իւրաքանչիւր րոպէի մէջ խեղճ Մանուշակը ի՞նչ օդեղէն ամրոցնէր էր շինում. երեւակայում էր իւրեան հարսնացած Շահումեանցին, երջանիկ եւ ուրախ. հարստութիւնը նորա աչքում բան չէր թւում, որովհետեւ անմեղ էր նորա կուսական սիրտը աշխարհի չնչին եւ անմարդի կեղտերից, նա երջանկութիւնը համարում էր գտանել սրտի մէջ, եւ ոչ մի ժանգոտած ութը փութանոց եւ երեք չորս փակով կղպած արկղի մէջ, ուր պահւում էին հարուստների արծաթը, ոսկին եւ ստացուածքը: Բայց աւա՜ղ, սորա հակառակ գալիս էին նորա աչքի առաջեւ, որպես թէ հայրը հրաժարւում էր պարոն Շահումեանցի առաջարկութենից, եւ կամենում էր ճիշտ պահել իւր խօսքը, որ տուել էր ուխտաւոր Մկրտչին:

Մանուշակը ոչինչ չունէր, բայց թէ նորանն էին եղած աշխարհի բոլոր հարստութիւնը, նա բոլորը միասին պատրաստ էր ահա բաշխել այն մարդուն, այն միջնորդին, որ այս րոպէիս ասէր նորան իւր հօր համաձայնութեան լուրը:

Այսպիսի զանազան եւ միմեանց ներհակ խորհուրդների մէջ ալեկոծուելով, նորա շնչառութիւնը շուտացել էր, սիրտը արագ-արագ զարկում էր, եւ կարը ակամայ խիստ արագութեամբ կարում էր բնական ազդեցութենով, որպէս թէ այս շուտութենովը կարող էր եւ ժամանակի ընթացքը շուտացնել:

Մայրը, խօսելու ժամանակ Մանուշակի հետ, հազիւ թէ երկու խօսքին ստանում էր մի պատասխան, եւ այն անիմաստ, կցկտուր եւ, որքան կարելի է, կարճ, ամենայն կերպ փախչելով երկար եւ կապակից խօսակցութենից, որ իւր մտածողութիւնը չհեռանայ այն առարկայից, որ պիտոյ է վճռէր նորա կեանքի բոլոր որպիսութիւնը:

Մի ժամ անցաւ, Թիւթիւնճի-օղլուն չէր երեւում: Մանուշակը համարեա՛ թէ կորուսել էր ինքն իւրեան:

Միշտ այսպէս է պատահում, եթէ մի երկբայելի բանի մասին մարդ մի տեղից լուրի սպասէ եւ այդ լուրը ուշանայ, անպատճառ այն մարդը վատ կողմը կը սկսի մտածել, եւ այդ վատ կողմը այնպէս մեծ կ՚երեւի, որ անկարելի է նկարագրել: Այսպէս եւ Մանուշակը կարծում էր, որպէս թէ ինքը զրկուած է պարոն Շահումեանցի կին լինելուց: Նա մտածում էր, որ հայրը չհամաձայնելով պարոն Շահումեանցին, անպատճառ պիտոյ է կտրուէր նոցայ բարեկամութիւնը եւ եթէ սա ուխտաւոր Մկրտչին գնար, Մկրտիչը ճանաչած լինելով պարոն Շահումեանցը իւր հակառակորդ, ամենեւին թողելու չէր, որ Մանուշակը գնայ հօր տուն, ինչ ժամանակ պարոն Շահումեանցը այնտեղ կը պատահէր, եթէ հօր բարեկամութիւնը եւս կտրուած չլինէր պարոն Շահումեանցի հետ: Բացի սորանից, ի՞նչ կը լինէր նորա վիճակը, այս մտածելու ժամանակ, որ պարոն Շահումեանցը համոզել  կամենալով Թիւթիւնճի-օղլուին, ասէր նորան, որ ինքը շատ վաղուց ստացած էր Մանուշակի համաձայնութիւնը, որ իւրեանք սիրում էին միմեանց, կամ, լաւ եւս ապացուցանելու համար ասածը, ցոյց տար իւր նամակի պատասխանները, որ ստացած էր Մանուշակից, եւ եթէ Թիւթիւնճի-օղլուն այսուամենայնիւ կամակոր մնալով, ետ դառնար պարոն Շահումեանցից, իմացած լինելով Մանուշակի գաղտնիքը: Տարակոյս չկայ, որ մեծ վշտերի եւ ցաւերի պատճառ պիտոյ է լինէր այս գրագրութիւնը, եւ անշուշտ Մկրտիչը եւս իմանալու էր այս բանը:

Մանուշակը մտածում էր, թէ ի՛նչ կեանք պիտոյ է լինի իւր կեանքը այնպիսի կոշտ եւ սոպռ վաճառականի հետ, որ բացի իւր գործից, ոչինչ գաղափար չունէր, ոչինչ բանի տեղեկութիւն չունէր աշխարհի երեսին, եւ սկզբից ահա, մի սիրելու սիրտ չունենալով, որքա՞ն պիտոյ է ատէր եւ նախատէր իւր կինը նորա այս յարակցութենների մասին մի օտար մարդու հետ։ Նա մտածում էր, եթէ այո ամէնը ճշմարտուին, անպատճառ դուրս գնալ գիշերով տանից եւ անյայտ կորսուիլ Դօնի հոսանքի մէջ: Նա ասում էր ինքն իւրեան, թո՛ղ իմ մարմինը բռնուի ձկնորսների ուռկանով եւ թաղուի մի անշուք գերեզմանում. քան թէ ընկնեմ այսպիսի անվերջանալի ցաւերի մէջ, նա հաւատում էր, որ պարոն Շահումեանցի թափելու արտասուքը կարող էին մխիթարել նորա ոսկերքը եւ այն անշուք եւ աննշան գերեզմանի մէջ, եւ թէ ինքն երջանիկ էր լինելու այս դիպուածում առաւել, քան թէ ամուսնանալով Մկրտչի հետ:

Տղայական մտածութի՜ւնք. ինչպէս թոյլ է մարդկային ազգը, մանաւանդ կանայք, եւ մանաւանդ աղջիկները: Դեռ մէջտեղումը ոչինչ չկար, բայց Մանուշակը արդէն մտածում էր մահի վերայ: Այս միջոցին ժամացոյցի տասն եւ մինը զարկելու հետ, բացուեց տան դուռը եւ ներս մտաւ Թիւթիւնճի-օղլուն: Մանուշակը գունաթափուեց ինչպէս մարմարիոն. պատճառ, հասել էր ահա ճակատագրական րոպէն, կամ պիտոյ է անչափ ուրախանար կամ ստանար մի խորտակիչ հարուած: Հօր երեսը չէր ցոյց տալիս ոչ դրական եւ ոչ բացասական նշան: Նա բաւական սառն կերպով եւ համարեայ թէ իւր սովորական անհոգութենովը հանեց գլխարկը, իսկոյն վերարկուն վազեց Մանուշակը որ առնու, հայրը մի անթարգմանելի կերպով նայելով նորա վերայ, ասաց նորան, որ հեռանայ իւր սենեակը եւ միայն թողու իւր հայրը մօր հետ: Մանուշակը հնազանդուեցաւ հօր հրամանին եւ հեռացաւ իւր սենեակը, բայց նորա սիրտը կարո՞ղ էր մի րոպէում հարիւրներով չզարկել, այո՞, եւ դուրս չգալ կուրծքի վանդակից, եթէ չէր լսած հօր խօսակցութիւնը մօր հետ:

Գիտե՞ս, ասաց Թիւթիւնճի-օղլուն իւր կնոջը, ինչ պատճառով էր կանչել ինձ պարոն Շահումեանցը

Ի՞նչ տեղից պիտի իմանամ, պատասխանեց կինը, որ արդարեւ չէր կարող մտքից եւս անցուցանել, որովհետեւ աղջիկը խօսք արած էր Մկրտչի հետ, ուրեմն եւ այդ մտածելու բան եւս չէր տիկինի կողմից, մանաւանդ սորա կողմից որ աշխարհը տանէին, հոգս չունէր, եւ այդպիսի անհոգ լինելը, գուցէ եւ այն պատճառից էր, որ գլուխը փոքր-ինչ բարակ չլինելով շատ բան չէր հասկանում, եւ այս պատճառով եւ չէր խառնւում եւս բանի մէջ:

Պարոն Շահումեանցը... ասաց Թիւթիւնճի-օղլուն զարմացած, պարոն Շահումեանցը...

Պարոն Շահումեանցը ի՞նչ, հարցրեց կինը:

Պարոն Շահումեանցը, պատասխանեց Թիւթիւնճի-օղլուն, խնդրում է մեր Մանուշակի հետ ամուսնութիւն եւ մեր ծնողական օրհնութիւնը:

Ի՞նչ ես ասում, ո՛վ մա՛րդ:

Ճշմարիտ, եւ ես ինքս զարմացած եմ, թէ ի՞նչ տեղից գլուխն է եկել այս բանը, նորա նման հարուստ, ուսումնական մարդու համար աղջի՞կ է պակաս Նախիջեւանի մէջ, որ խնդրում է Մանուշակին:

Դու ի՞նչ պատասխանեցիր, հարցրեց կինը:

Կարօտութիւն կա՞յ հարցնելու... պատասխանեց Թիւթիւնճի– Օղլուն:

Մանուշակը այնպէս կպել էր դուռին, որ ամենայն սրտի զարկելը բացարձակւում էր դուռի վերայ, այնպէս, որ լաւ նկատողը, դուռից կարող էր իմանալ նորա կուրծքի խռովութեան աստիճանը. նա սպասում էր վերջին րոպէին, որ պիտոյ է յայտնէր նորան կամ աւետիք կամ բօթ:

Ի հարկէ հրաժարուեցա՛ր, որովհետեւ խօսք ենք տուած Մկրտչին տալ մեր Մանուշակը:

Քիչ մնաց որ Մանուշակը դուրս վազէ ննջարանից եւ յայտնէ հրապարակաւ, թէ ամենեւին Մկրտիչի կին դարձողը չէր. բայց Թիւթիւնճի-Օղլուի պատասխանը ցրեց նորա կասկածները եւ երկիւղը, ինչպէս սաստիկ մրրիկները մի րոպէի մէջ հալածում են ամպերի բազմութիւնը:

Ամենեւին ո՛չ, պատասխանեց Թիւթիւնճի-օղլուն, ես շատ ուրախութենով յոժարեցայ եւ օրհնեցի այդ լինելու ամուսնութիւնը, եւ ահա՛ մատանին, որ ստացայ պարոն Շահումեանցից, իբրեւ գրաւական:

Այս ասելով հանեց մատանին եւ տուեց կնոջը:

Կինը, թէեւ զարմացաւ մատանու բռիլլիանտի վերայ, որ, քիչ-քիչ արժում էր երեք հարիւր մանէթ, բայց չգիտեմ ի՛նչ անձնասիրութենով ասաց.

Ինչպէս կարելի է այդպիսի բան. մինին խօսք տալ, միւսին` հարսն:

Մանուշակը կարողութիւն չունէր այլեւս լսելու, նա չգիտէր ինքն իւրեան, եւ վեր թռած մահճակալի վերայ, թէ ի՞նչ ջերմեռանդութենով համբուրում էր Աստուածածնի պատկերը, որ կախած էր նորա ննջարանի անկիւնում մահճակալի վերայ, չէ կարելի նկարագրել. արտասւում էր, փայփայում էր պատկերը եւ այնքան մոռացել էր ինքն իւրեան, որ չլսելով հօր երկու անգամ ձայն տալը, հարկադրեց իւր հօրը ներս մտանել Մանուշակի ննջարանը, երբ դուռը բացուեց, այս ձայնը տպաւորութիւն գործելով նորա ջլերի վերայ, ետ բերեց նորա զգայութիւնը: Նա տեսաւ իւր հօրը կանգնած ննջարանի շեմքի վերայ:

Ի՞նչ ես առնում այդտեղ, Մանուշակ:

Փոշին մաքրում եմ պատկերի վերայից, հայրի՛կ, պատասխանեց դուստրը:

Ե՛կ այստեղ, ասաց հայրը ելանելով ննջարանից:

Երբ Մանուշակը ներս մտաւ հիւրընդունարանը, Թիւթիւնճի-օղլուն հպարտ–հպարտ բերեց մատանին, եւ հագցրեց Մանուշակի մատը եւ ասաց.

Այս մատանին քո նշանածինն է, որի հետ այսօր նշանուեցար. նա տալիս է քեզ այս գրաւական, որ դու նորանն էիր, իսկ ես քո կողմից երաշխաւոր եմ կացած իմ ազնիւ խօսքովը:

Մանուշակը արտասուքը աչքերում փաթաթուեց հօր վզին, բիւր անգամ համբուրեց նորան, յետոյ վազեց դէպի մայրը, նորան եւս նոյնպէս գրկախառնեց եւ քանի անգամ փոխ առ փոխ կատարեց այս ամբոխուած գրկախառնութիւնը բոլորովին մեքենաբար եւ առանց գիտակցութեան:

Այս միջոցին, աղախինը ներս մտաւ մի նամակ ձեռքին, Թիւթիւնճի-օղլուն շտապեց բանալ եւ կարդաց այսպէս.

 

Գերապատիւ Թիւթիւնճի-օղլու.

Ես Ղրիմում եմ ահա, իմ գործը սկսել եմ ինչպէս արժանն էր, եւ կը մնամ այստեղ մինչեւ յունիսի վերջը, իսկ յունիսի վերջին ղրիմցի տղայոց հետ կ՚երթամ շոգեշարժ նաւով Կոստանդնուպոլիս, այնտեղից նոյնպէս նաւով Տրապիզոնտ, իսկ Տրապիզոնտից իմ ուխտը կատարելու համար Մշու Սուրբ Կարապետ, որտեղից Կովկասու վերայով կը վերադառնամ Աստուծով մինչեւ օգոստոսի 15:

Այսքան ծանօթութիւն տալուց յետոյ արժան եմ համարում այս եւս  ասել, որ եթէ իմ տեղը այլ մարդ լինէր, ձեր արած բանի համար բոլորովին կը հրաժարուէր ձեր աղջկայ հետ ամուսնանալուց․ բայց ես այնպէս վատ սրտով մարդ չեմ․ խօսք տուել եմ, կը կատարեմ: Ուրեմն ողջունեցէք իմ հարսը եւ զոքանչը եւ պատրաստ եղիք գալոց տարու վերափոխման տօնից յետոյ հարսանիքը առնելու: Ողջ եղիք:

Ձեր խոնարհ ծաոայ Մկրտիչ:

18 նոյեմբ․ 18...

Սուդաղ

 

Մէք հարսանիքը եւ առանց քեզ կ՚առնենք, ասաց Թիւթիւնճի–Օղլուն, եւ ո՛չ գալոց տարու օգոստոսին, այլ այս տարի: Տեսանո՛ւմ ես, յաւելացրեց նա դառնալով դէպի իւր կինը, այս պարոնը մտածում է եղած, որ շնորհ է ցուցանում մեզ մեր աղջիկը առնելով․ նորան նայի՛ր, նորա սրտին. . Այդպիսի նեղսիրտ փեսայ մեզ հարկաւոր չէ:

Այս խօսքը աւարտած, նետեց նամակը սեղանի վերայ:

Մանուշակի ուրախութեանը սահման չկար, որովհետեւ հասած էր իւր նպատակին: