Գեղարուեստական արձակ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Բ

Միջահասակ, կնճռադէմ եւ անշնորհք անիծեալ դեւը, անցաւ բոլոր բազմութիւնից եւ յառաջ եկաւ դժոխատիրոջ դիմաց:

Այս դեւը զինուորական ճարտարապետ էր յառաջ. սա մի հիւսիսային երեւելի քաղաքի մէջ շինեց մի աւագ եկեղեցի, որի երեք պատը գողացաւ. հաւատացնելով հաշուապահանջ իշխաններին, թէ այս պատերի համար պատրաստուած աղիւսները, անդադար անձրեւի տակ մնալով հալուեցան, եւ յետոյ, արեգակի ջերմութիւնից շոգիանալով, դէպի ամպը բարձրացան:

Ահա այս քաջագործութեան համար ընդունուեցաւ նա պալատական ճարտարապետ տէր սատանայի մօտ: Պիտոյ է ծանօթաբանել, որ դժոխքումը մի դեւի պաշտօն տալու համար չկայ կողմնապահութիւն, կաշառառութիւն. 52 օր դեւերի բարեխօսութիւնը եւս յարգութիւն չունի տէր սատանայի աչքումը, նա ինքը իւր ընտրութեամբ տալիս է այդ պաշտօնքը իսկապէս արժանաւորներին:

Աւազա՛կ, գոռաց սատանան բարկացած (նա միշտ այսպիսի բացագանչութեամբ դառնում է դէպի իւր պաշտօնեայքը), ամենայն օր ահագին հաշիւներ ցոյց ես տալիս իմ ապարանքի նորոգութեան համար, բայց, որ կողմը եւ նայես, ամենայն տեղ երեւում են անհամար ծակեր ու ճեղքուածներ:

Հին շինուածք է, պատասխանեց անիծեալը, գլուխ տալով եւ անամօթաբար ժպտելով, հին շինուածքները միշտ խոնարհում են դէպի կործանումն. այս ծակը յառաջացաւ վերջին երկրաշարժութիւնից: Ես քանի մի անգամ առաջարկեցի Ձեր մռայլութեանը, միանգամայն քանդել այս շինուածը եւ նորից շինել նոր ձեւով....

Հարկաւոր չէ՛, գանչեց սատանան, դու այդ շինութեան ժամանակ մտքումդ ունիս գողանալ նիւթեր, եւ մի այլ տեղում շինել մի առանձին դժոխիկ, քո սիրեկանի անունով, եւ բնակել այնտեղ իբրեւ երկրորդական սատանայ. չէ՛, հարկաւոր չէ՛, այս դժոխքը դեռեւս շատ լաւ է իմ համար, առաջինը, որ տաք է, երկրորդը` խաւար եւ գլխաւոր՝ խաւար լինելը, որովհետեւ դա մեր բոլորի ծնողն էր. դու ուրուագիծ եւ հաշիւ կազմիր միայն առաստաղի վերանորոգութեան համար:

Ուրուագիծը եւ հաշիւը վաղուց ահա պատրաստ է. տեսէ՛ք ահա, հարկաւոր է կանգնել երկու հազար գոթիական սիւներ, որ այժմ շատ գործածական է աշխարհի երեսին, կապել յունական եռանկիւնի կամար, առանց սորան չէ կարելի գամել արեւելեան փոքրիկ դռնակը, եւ երթեւեկ առնել քամակի կողմից շուրջանակի, յատակը փոխել, պատերը զարդարել զանազան քանդակներով, քանդել հին ապարանքը Sարտարոսի կողմից ճանապարհ բանալու համար, կրով ծեփել առաստաղի ճեղքուած ծակը. այդ ժամանակ ահա, Ձեր մռայլութիւն, ազատ կը մնաք արեւի անախորժ ազդեցութիւնից:

Ինչպէ՞ս, ի՞նչ. այդքան շինութիւն միայն մի ծակի համա՞ր:

Այո՛, Ձեր մռայլութիւն, մի ծակի համար. ճարտարապետական կանոնը ստիպում է մեզ, մի ծակը փակելով, բանալ միւսը եւ զանազան փոփոխութիւնք առնել զանազան մասների չափակցութեան եւ զուգապատշաճութեան համար:

Լսի՛ր, լակոտ, դադարի՛ր ինձ խաբելուց. ես քո հիւսիսային հաշուապահանջ իշխանների ընկերը չեմ, ես կատակ չեմ սիրում. կը հրամայեմ շաղախել քեզ հողի հետ եւ աղիւս շինել Գեհենի հնոցները նորոգելու համար...:

Անիծեալը կրկնեց իւր երկրպագութիւնը ու ժպիտը:

Ցանկալի էր ինձ իմանալ, շարունակեց սատանան, թէ ի՛նչ են արժում այդ բոլորը քո կարծիքով։

Չնչին բան, Ձեր մռայլութիւն. եթէ սրտցաւութեամբ եւ Ձեր մռայլութեան գանձին խնայելով գործ կատարենք, այն ժամանակ, գլուխ կը գայ 77, 501, 496, 007, 123, 998, 101, 532, ոսկով, 99 արծաթով եւ 47 1/8 դրամով: Հաւատացէ՛ք ինձ, Ձեր մռայլութիւն. որ սորանից արժան ո՛չ ո՛ք չէ կարող   վերանորոգել ինչպէս պատշաճ էր:

Սատանան վերին աստիճանի բարկացած գանչեց գլուխը քերելով.

  Փող չկայ այժմ, դժուար ժամանակ է, եւ չնայելով այդ դժուարութիւնների վերայ` մեր ծախքը անչափ. մօտ տեղերում կամ մօտ ժամանակներում հրիտակ եւս չէ երեւում չորս կողմը ստանալու....

Այս խօսքերից յետոյ, պարզեց ձեռքը դէպի տակառը, բոլոր պալատականքը անչափ հետաքրքրութեամբ նայում էին նորա վերայ, հանեց տակառից Տեցելի ձեռքով Գերմանիայում վաճառուած Լեւոն X-ի ինդուլգենցիաներից մինը, նայեցաւ նորա վերայ եւ ձգեց դէպի ճարտարապետի ճակատը, ասելով. վեր առ այս ներողութեան կոնդակը եւ փակիր սորանով առաստաղի ծակը. կան մարդիկ, որ հաւատում են, թէ սորա գրողը կարո՛ղ է երկինքը փակել․ տարակոյս չկայ ուրեմն, որ նորա ձեռքի գիրը կարող է փակել դժոխքի մի ծակը. մանաւանդ այդքան խաւար եւ անթափանցելի մտքերի միջով, որ պարունակում է իւր մէջ այդ կոնդակը, չեն կարող անցանել արեգակի ճառագայթքը, որ անհանգիստ առնէին իմ աչքերը:

Այս սաստիկ ձգուած կոնդակը մտաւ անցաւ ճարտարապետի դատարկ գլխից ամենեւին այնպէս, ինչպէս թռչում եւ անցանում է համալսարանի բովանդակ ուսման ընթացքը մի քանի ուսանողների պարապ գլխից, հետքը մինչեւ անգամ չթողնելով, եւ ընկաւ ճարտարապետի քամակում յատակի վերայ: Ճարտարապետը ժպտեցաւ, գլուխ տուեց եւ վեր առաւ քաւութեան մագաղաթը առաստաղի ծակը փակելու համար:

Մի անապատական, որ աշխարհի փորձութիւններից ազատուելու համար դժոխք էր գնացել, որպէսզի ապահովէ իւր անձը, ականջին ասաց մի դեւի, որ կանգնած էր իւր մոտում, թէ այս ժլատ սատանան այնպիսի կարծիք ունի ճարտարապետութեան վերայ, ինչպէս Ս.... ուսումնականութեան վերայ:

Զարմանք չէ, պատասխանեց դեւը, նա առհասարակ թշնամի է ամենայն լուսաւորութեան....

Ին՜չ... ձայն արձակեց սատանան, որ ամենայն տեղ ունի իւր լրտեսները եւ ամենայն բան տեսնում է եւ լսում է, ինչ ասացի՜ք... դեռեւս համարձակւում էք դատողութի՜ւն առնել.... եկէ՛ք իմ մօտ, թշուառականք, ես ձեզ ցոյց կը տամ դատողութիւն առնել իմ դժոխքի մէջ:

Այն դեւերը, որ կարգուած էին դահլիճի բարեկարգութիւնը պահպանելու համար, բերեցին սատանայի մօտ այս իմաստասիրութեան աշակերտները: Սատանան բռնեց առաջինի մազերից, բարձրացրեց օդի մէջ, փչեց նորա քթումը եւ ասաց:

Գնա՛, անպիտան, դէպի գեհեանը եւ այստեղ ամենայն վայրկեան երկու անգամ փռնգա 3333 տարի. եւ դո՛ւ, աներկիւղ փիլիսոփայ, ասաց նա դառնալով դէպի երկրորդը, նստի՛ր նորա մօտ եւ ամենայն փռնգալուն առողջութիւն ասա՛ նորան: Գնացէ՛ք կորէ՛ք, յիմարներ:

Uատանան սորանից յետոյ դարձաւ դէպի իւր Բէհեղզեբուղ վէզիրը եւ հարց արեց օրական կարգի մասին: Վէզիրը յայտնեց, թէ այն օրին պարտական էին յայտարարութիւնք կատարել․ արհի նախագահը, ապստամբութեան եւ խռովութեան առաջին դուքսը, օրագրութեան ոստիկանը, գրականութեան մեծ դեւը եւ ամուսնական գործերի գլխաւոր կառավարիչը: Բացի սորանից այսօր տարեգլուխ է մի քանի նզովեալների, որոնց հաւատարիմ եւ գովանի ծառայութիւնքը դժոխքին պիտոյ է հրատարակուէին պաշտօնական կերպով, եւ արժան էր վարձատրել այդ նզովեալները:

Յառաջ թո՛ղ յայտարարութիւնքը կատարուեն, ասաց սատանան, արդեօք այն պատճառով, թէ ցանկանում էր նոր-նոր եւ զանազան ծանօթութիւնք ստանալ, թէ շատ ժլատ լինելով պարգեւատրելու մասին, այնքան սրտով չէր կատարելու յիշուած տարեգլուխը:

Վէզիրը գլուխ տուեց խոնարհութեամբ եւ համբուրեց տէր սատանայի պոչի ծայրը:

Թո՛ղ հանդէս գայ ապստամբութեան եւ խռովութեան արհի նախագահը, ասաց սատանան: