Գեղարուեստական արձակ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Թ.

 

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

 

Ամենամռայլապատուելագունեղ տէր,

Այս ուրուականը, շնորհ ունիմ ներկայացնել ձեզ, տէր հնդկական ծայրագոյն Բրամին, որդի մի հասարակ Բրամինի, որ շառաւիղում էր պարիաների ցեղից: Ճակատագիրը պատրաստել էր նորան անօթ ընտրութեան լինիլ դժոխքի համար: Նա լինելով այնպիսի ազգի մէջ, ինչպէս հնդկացիք են, որ փախչելով ամենայն լուսաւորութիւնից, ամենայն կերպ աշխատում են մնալ խաւարի մէջ, եւ մեծ կարծիք ունին իւրեանց Բրամինների վերայ, արդէն յիսուն-վաթսուն տարի սորանից առաջ նշանաւոր էր գտանուած իւր դժոխային խռովասիրութեամբ. նա շաբաթներով քունը կոտրում էր եւ հաց չէր ուտում, եթէ իմանար, որ մի տեղ խռովութիւն կար, ու ջանում էր ապա գիշեր ցերեկ, որ այդ խռովութիւնը բորբոքուի, վէճը, կռիւը, բողոքը, որ դժոխքի եւ ձեր մռայլութեան զաւակներն են, ծաղկին եւ զուարթանան:

Սա մի լաւ պաշտօնեայ էր ստութեան, դորա մէջ ոչինչ ճշմարտութիւն տեսնուած չէ, ամենայն կերպով հաւատարիմ կացաւ իւր դժոխային հոգու պարտականութեանը:

Ագահութեան կողմից, հիանալի ագահ մարդ էր. կողոպտեց բոլոր մեհեանները եւ յափշտակեց նոցա կալուածքը, իւր պաշտօնակալութեան մէջ դորա ձեռքը չմաքրուեցաւ կաշառքից. ե՛ւ ստացաւ, ե՛ւ տուեց:

Բղջախոհութեան դեւը, մինչեւ դորա մահը չբաժանուեցաւ դորանից. դա ամենայն քաղաքի մէջ, ուր նստում էր, որպէս պաշտօնակալ, պահում էր մի սիրական եւ բոլոր գողութեան եւ կաշառքի արդիւնքը վատնում էր նոցա վերայ: Թէպէտ շատ մարդիկ կան, որ ունին իւրեանց մէջ այդ դեւը, միայն հաւատացէ՛ք, մռայլագոյն տէր, որ դորա անառակութեանը միմիայն կարող են հաւասարուիլ այն երկու եգիպտացի քոյրերը Ոողայ եւ Ոողիբայ անունով, որ պահում էք Ձեր կանանոցի մէջ, որպէս վարդապետութիւն դժոխային ամուսնութեան, կամ ինչպէս մի ազգ ասաց, որպէս աստուած բանականութեան:

Հպարտութեան եւ փառամոլութեան կողմից, շատ նշանաւոր է դա. կան աշխարհի երեսին ծերունիք, որ գիտեն թէ ինչպէս պատրաստ էր դա զոհել ամենայն ինչ մի պարգեւի համար: Վերջին անգամը խոստացել էր Ասմոդեյին հոգին տալ, եթէ Ասմոդեյը կը տար նորան մի պարգեւ, բայց Ասմոդեյը առաւել խորամանկ լինելով, ստացաւ նորա հոգին, առանց պարգեւ տալու, թէ ինչպէ՛ս պատահեցաւ այս, կ’իմանաք յայտարարութեանս վերջումը:

Խաւարասիրութեան կողմից իւր նախագահութիւնը ոչովին չէ տալիս Հնդկաստանի մէջ. դորա ծայրագոյն Բրամին դառնալուց յառաջ, լաւ ու վատ կային դպրոցներ, ուր մի քանի բան սովորում էին, բայց այն օրից, երբ նա ստացաւ ծայրագոյն իշխանութիւնը, նախանձաւոր լինելով դժոխքի փառքին, քանդեց եւ կործանեց այդ վարժատունքը, ցրուեց աշակերտքը, հալածեց վարժապետքը եւ խաբեց մի քանի յիմարի, թէ այն պատճառով լինում են դոքա, որ ունի մի հոյակապ դպրոց բանալ, որպէս այդ հոյակապ դպրոցի բացուելուն արգելք էր այն, ինչ որ ներկայումը․ տարակոյս չկայ, որ այդպէս չէ, բայց նորա հարազատութիւնը եւ ջերմեռանդութիւնը դէպի ձեր գահը հարկադրեցին այդպէս գործ կատարել:

Խարդախութեան եւ դաւաճանութեան կողմից այնպէս անուն ունէր դա, որ ոչինչ մարդ բարեկամ չմնաց դորան. այն ամենասիրելի Բրամինը, որին սիրում էր եւ հաւատում էր, այն կտրիճ որդին դժոխքի, վերջապէս մահադեղ տուեց իւր բարերար ծայրագոյն Բրամինին եւ տանը գտանուած ինքը յափշտակելով, շահուեցաւ իւր համար փոքր ի շատէ ազատ կեցութեան հնարք: Ահա այս էր պատճառը, որ առանց Ասմոդեյի կողմից պարգեւի, նորա հոգին եկած է ձեր խաւար տէրութեան մօտ, որպէս արժանի զօրական արժանի թագաւորի:

Երբ աւարտեց վէզիրը իւր յայտարարութիւնը, սատանան եւ բոլոր հանդիսականքը ծափ զարկեցին, զմայլելով այսպիսի դէպի դժոխքը ջերմեռանդութեան վերայ, որ ցուցել էր ծայրագոյն Բրամինը, որ այն րոպէին ներկայացաւ տէր սատանայի առաջեւ: Մահադեղից պատճառուած փրփուրը դեռեւս թափում էր նորա չորացած շրթունքի վերայից. գլուխը գտանւում էր ակամայ եւ տենդային ցնցողութեան մէջ, ոտքերը եւ ձեռքերը, մանաւանդ այս անդամների մատերը, ցնցողութեամբ կարկամւում էին:

Ծերունի Քամը, ծայրագոյն Բրամինի նախահայրը, որ կանգնած էր սատանայի գահի աջ կողմից, ձեռքին բռնած գալարած մի թերթ թուղթ, յառաջ դուրս եկաւ հրապարակ եւ գլուխ տալով տէր սատանային, սկսեց իւր ճառը այսպէս.

Այս ուրախ հանդիuի մէջ, ուր ամենների սիրտը լցուած է ուրախութեամբ, ի՛նչ մնում է ինձ ասել, եթէ ոչ սրտիս խորքիցը օրհնել այս օրը: Ձեր մռայլութիւն, եւ դուք, դժոխային հոգիք, դուք, պարոններ, որ տէր սատանայի շնորհքով այսօր արժանի էք եղած դժոխքի որդի կոչուիլ, ինքներդ լսում էք ահա, թէ ի՛նչ արժանաւորութիւնք ունի իմ զաւակը, որ շնորհ բերեց մեր մօտ, որի մասին այս րոպէիս խօսեցաւ նորին մռայլութեան խաւարափայլ վէզիրը: Եթէ դուք ամենեքին ուրախանում էք դորա այդ կարգից դուրս արժանաւորութիւնների վերայ, որի հետ բացի հոգեկան առնչութենից ոչինչ ունիք հասարակաց, հապա՛ չափեցէք իմ ուրախութիւնը, ուրախութիւնը, ասում եմ, նախահօրս եւ այնպիսի բազմարդիւն զաւակի սկզբնապատճառիս:

Խնդացէք ուրեմն, խնդակից եղիք ծերունուս, դժոխքի զօրութիւնք, որ այսօր տեսանում ենք մի հաստապինդ սիւն աւելի կանգնած դժոխքի կամարների տակ: Այսօր նոր դարագլուխ է դժոխքի համար, որովհետեւ լրանում է, իմ զաւակի գալովը, դժոխքի զօրութեան չափը, ես յոյս ունիմ, որ այն դժուար խնդիրներում մինչ տէր սատանան պիտոյ է կապուէր մնար հնար չգտանելով որպիսի եւ իցէ կերպով ազատուել մի որեւիցէ դժուար գործից, իմ որդին կը հասուցանէ նորան իւր փրկարար խորհուրդը եւ կը սրբէ տէր սատանայի տգիտութեան եւ թուլամորթութեան ամօթը դժոխքի պայծառ դրօշակի վերայից, այո, իմ որդին արժանի էր շատ մեծ պատիւների, բայց իմ հպատակական պարկեշտութիւնը թոյլ չի տալիս ինձ չափից անցուցանել իմ խօսքերը ( ծափահարութիւնք ):

Իսկ դու, իմ զաւակ, քեզ եմ դառնում այժմ, իմ հարազատ զաւակ, որ քո շատ տարեկան կեանքումդ երբեք ամօթ չբերեցիր իմ եւ իմ ազգատոհմի վերայ, բարեաւ լինի քո գալը, ողջամբ եկիր. գոհ եմ քեզանից, որ մեր ցեղի թշնամիներից, որ սպանել էին իմ թոռը, հանեցիր մեր վրէժը: Եկ գրկախառնիր ինձ, տէր սատանայի պոչը անպակաս լինի բերանիցդ, ամէ՛ն:

Երբ որ աւարտել էր Քամը իւր ճառը, Քանանը եւ Նեբրովթը Կայէնի աղջկերքի հետ միասին սկսեցին երգել այս տաղը, որ շարադրել էր յատկապէս այս դիպուածի համար պ. Նաենափետս անունով փողոցի բանաստեղծը, եւ որ սրբագրել էր մեծ աշխատութեամբ եւ զգուշութեամբ գրականութեան դիւապետը:

Գնա՛ դժոխք յաւիտեան,

Ցնծա՛, քեզ փառք յաւիտեան,

Կաց հաստատուն անխռով

Ի քում խաւար զօրութեան:

Նոր բնակիչն դժոխոց

յԱրեւելից եկաւոր,

Մերոյս ցեղի շառաւիղ

Է Բրամին գլխաւոր.

Յաւուրց անտի մանկութեան

Առ դրան կացեալ մեհենին`

Նա դիւական նենգութեամբ

Զսիրտ որսաց խուժանին:

Ցնծա՛, դժոխք, յաւիտեան,

Ցնծա՛, քեզ փառք յաւիտեան,

Կաց հաստատուն անխռով

Ի քում խաւար զօրութեան:

Նա հարազատ նախահօրն,

Ծերոյն Քամայ նոյածնի,

Խայտառակեաց զիւր զհայր

Գերծեալ զմօրուսն ծնօտի:

Ո՛չ զիւր զդաժան գէթ հոգի

Ետ յողջակէզ դժոխոց,

Այլ եւ բազմաց առաջնորդ

Հանդիսացաւ յայս հուր, բոց:

Ցնծա՛, դժոխք, յաւիտեան,

Ցնծա՛, քեզ փառք յաւիտեան,

Կաց հաստատուն անխռով

Ի քում խաւար զօրութեան:

 

Այս երգեցողութեան հետ միասին լսւում էին շատ կողմերից զանազան դժոխային գովասանական խօսքեր ծայրագոյն Բրամինի մինչեւ այժմ ջատագովուած արժանաւորութեան վերայ: Այս խօսակցութիւնքը վերջացան տաղի հետ միասին: Տիրեց րոպէական լռութիւն: Դժոխքի այն ահագին տարածութեան մէջ, բորբոքուած ծծմբալճի լուսովը միմիայն, տեսանելի էր տէր սատանայի աշտարակաձեւ սեւացած գահը եւ դեւերի անհամար բազմութիւն նորա չորս կողմում. ծայրագոյն Բրամինը իւր հասակի կարճութեամբ չէր երեւում նոցա մէջ, որովհետեւ հանդիսապետը [1] հրամայել էր նորան ծունկ չոքել տէր սատանայի գահի ոտքումը: Ոչինչ տեղից չէր լսւում ձայն կամ աղաղակ, ամենեքին լռուել էին դժոխային լռութեամբ, որովհետեւ խօսելու կարգը հասել էր տէր սատանային:

Եւ ահա վեր կացաւ անդնդապետը նստած տեղից. նա իւր ներքին ուրախութիւնը ծածկում էր երեսի արտաքին թթու կերպարանքի տակ. շատ ուրախ էր, որ այս ծայրագոյն Բրամինը չէր այն սատանայապետը, որ խոստանում էր աւանդութիւնը: Դժոխքի թագաւորը ձեռքը ձգելով, այսպէս սկսեց խօսել. Ընդունեցէ՛ք այդ ծայրագոյն Բրամինը այն օթեւանի մէջ, ուր բնակւում է նորա նախահայր Քամը, արժանի՛ զաւակ արժանի հօր. գնա՛, որդեակ, գնա՛ հանգստացիր այն չարչարանքների փոխանակ, որ չարչարուեցար դժոխքի փառքին համար աշխարհի երեսին:

Այն դեւերը, որ կանգնած են կատարելու մեր սատանայի հրամանը, իսկոյն վեր առեցին ծայրագոյն Բրամինը, տարեցին դէպի այն բնակարանը, որի շինութեան համար հաւաքել էր այնքան արծաթ:

Սատանան աւարտելով այս հանդէսը, ձեռք ձգեց չորս կողմը եւ ահա դժոխքի բոլոր փառքը անյայտացաւ, եւ ինքը գտանուեցաւ իւր առանձնարանի մէջ:

Վէզիրը ահ ու դողով կանգնած էր տէր սատանայի առաջեւը: Սատանան բոլորովին վաստակած այսքան աշխատանքից, ընկած էր սոֆայի վերայ: Մեր հաշուով առաւօտը լուսանալու վերայ էր:

Մռայլագոյն տէր, ասաց վէզիրը, բարեհաճել էիք հրամայել, որ կը կատարէք այսօր այն մի քանի անիծեալ հոգիների տարեգլուխը:

Շատ բան ասել էի. միթէ՞ պիտոյ է ամենայն ասած բան կատարուի. այժմ վաստակած եմ. շուտով երեկոյ է, Հռովմումը կը սկսեն առաւօտեան ժամը. հանգստանալու ժամանակ է. գնա եւ դու հանգստացիր: Մնացածը ուրիշ անգամ:



[1] Церемонимейстер