Յիշատակարան Կոմս Էմմանուէլի

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԺԲ.

Ներածութիւն Բէգզադէի եօթն հրաշալիքը Խառն լուրեր Մի աբեղայի ֆանատիկոսութիւն:

 

Թող ինչ կամին խօսեն, բայց Բէգզադէն համը տարաւ: Յիշատակարանս պարտակա՛ն է նորա հրաշագործութիւնքը պատմել: Այնպիսի գործեր, որպիսիք օր ու ցերեկով գործւում են Բէգզադէի ձեռքով, եթէ նիւթ չլինին հրապարակախօսութեան, եթէ այդպիսի անքրիստոնեայ եւ անբարոյական մարդիկ դպրութեան ձեռքով չպատուհասուին, բանականութիւնը, արդարութիւնը մեզ՝ գրողներիս, կը դատապարտէ:

Մեք հրաւիրում ենք բոլոր Հայոց վաճառականքը ուշադրութեամբ կարդալ այս տողերը եւ ամենայն արդարութեամբ դատաստան կատարել: Եթէ այդ դատաստանի մէջ լինի այնքան բարեխղճութիւն, այնքան արդարամտութիւն, որքան կայ մեր առնելու պատմութեան մէջ, ապա ուրեմն, Յիշատակարանս կը հասանի իւր նպատակին, եւ ես կատարած կը լինիմ իմ խորհրդաւոր պարտականութիւնը:

Թող չսրտնեղին տղայաբար այն մարդիկը, որոնց ծանր է տեսանել բաց աչքով որեւիցէ պակասութիւն մեր ազգի անդամների վերայ. առողջ բանականութիւնը պահանջում է հանդէս հանել դորանց եւ խայտառակել եւ դատապարտել, որպէսզի օրէ օր վերանան եւ անհետանան այդպիսի բարբարոս գործողութիւնք:

Թո՛ղ նոյնպէս Բէգզադէի նման մարդիկ չուրախանան, թէ ինքեանք, ազատ մնալով, առիթ ունէին զուարճանալու՝ տեսանելով Բէգզադէի բրդգզութիւնը, այլ դորա փոխանակ թող մաքրեն խղճմտանքները եւ մի փոքր մտածեն՝ լա՞ւ են արդեօք այն գործերը, որոնց մասին դատապարտւում է Բէգզադէն, արդեօք չունէի՞ն ինքեանք եւս այդպիսի գործեր, արդեօք ապականուած չէի՞ն նոյնպիսի կամ եւս աւելի վատթար կեղտերով: Յիշատակարանիս աչքերը բա՛ց են եւ ականջները սո՛ւր… Բարւոք է իւր անձը մաքրել, քան թէ բարկանալ այն մարդու վերայ, որ, տեսանելով ապականութիւնը, ասում է յայտնի, թէ ապականուած ես:

Տարակոյս չկայ, մեր ազգի հիւանդութիւնը դարաւոր է. այն ապականութիւնքը, որով նա պղծել է իւր հայութեան անունը, մեծ հնարների են կարօտ, որ սրբուէին, բայց մեք մեր կարողութեան չափ պարտական ենք սպասաւորել այս սուրբ պաշտօնին: Մեր համար ազգութիւնը եւ ամբողջ ազգի կատարելութեան գաղափարը այնքան ծանր կշիռ ունի, որ դորան պահպանելու եւ օգնելու մտքով պատրաստ ենք ամենայն զոհաբերութեան, ինչ որ միայն կարող էր մի մատենագիր մարդ: Այս բաների մէջ ոչինչ են մեր աչքում մի քանի կռապաշտ Հայերի պատուասիրութիւնը եւ անձնասիրութիւնը, ուստի մաքուր խղճմտանքով եւ ձեռքերս սրտերիս վերայ դրած, ոչ միայն զոհում ենք նորանց, այլ, որպէս քաղդէական սերմից յառաջացած ծնունդներ, քարին ենք զարկում:

Շատ լաւ գիտենք, որ մեք այս ճանապարհով ատելի ենք կացուցանում մեր անձը, եւ այս է պատճառը, որ «Հիւսիսափայլը» փուշ է շատերի աչքին։ Բայց միշտ մտածում ենք, թէ պատասխանատու ենք Աստուծոյ առաջեւ, պատասխանատու՝ խղճմտանքի եւ առողջ դատողութեան առաջեւ:

Եթէ մեր խորհուրդը լինէր գնալ օգտի եւ շահաստացութեան քամակից, եթէ մեր ցանկութիւնը լինէր սուրբ համարել ամենայն հնար, որ ձեռնտու էր թէ՛ մեզ սիրելի կացուցանելու ազգին եւ թէ՛ «Հիւսիսափայլի» ճանապարհը հարթելու, այն ժամանակ, իհարկէ, մեք եւս կը զոհէինք ազգի օգուտը մեր շահին, մեք եւս կեղծաւորութիւնը կը շինէինք մի յաղթակիր գործիք: Բայց թող հեռի մնան այդ դժոխային հնարքը. նոքա սեպհական են օբսկուրանտներին եւ ճիզուիթներին, որոնց հետ չունինք մասն եւ բաժին: Եւ ոչ միայն այսչափ, այլեւ չենք ցանկանում, որ այդ դիւախորհուրդ մարդիկը գովէին մեզ, մեր գործը, մեր ուղղութիւնը, ըստ որում մեք ինքնին պիտի կասկածելի երեւէինք մեր աչքին:

Ազգի անդաստանի մէջ հինգ ցորենաբոյս չկայ, բայց փուշ եւ որոմ՝ բիւրաւոր։ Աղաչում ենք ամենակալ Տէրը սրտացաւ գործաւորներ ուղարկել, որ խնամով խլէին այդ փուշերը, որպէսզի ազնիւ բոյսերը հնար ստանային աճելու եւ զօրանալու: Ժամանակ է, որ Հայերը դուրս գան երեխայութենից եւ մի փոքր այրութիւն ստանան, սովորեն դատել եւ ճանաչել սեւը եւ սպիտակը. մինչեւ այժմ նոքա դատել են միայն գինու եւ պանրի արժանաւորութիւնը: Ժամանակ է, որ մի փոքր մտածել ուսանին, որովհետեւ մինչեւ այժմ գտանուել են նոյն դրութեան մէջ, ինչ վիճակում էր Նաբուգոդոնոսորը երազից յետոյ։ «Եւ բանն վերացաւ յինէն», ասում էր նա մարգարէին:

Ամաչում ենք մի օտար մարդու առաջեւ, երբ պատմելով մեզ մեր ազգի անսրտութիւնը, նիւթականութիւնը եւ երեխայական դատողութիւնքը, խնդրում են պատասխանել, թէ ի՛նչ աղբիւրից յառաջանում էին դոքա եւ թէ կարելի՞ է արդօք մինչեւ այդ աստիճան անարգել իւր անձը: Մեզ շատ անգամ բռնադատում են կարմրել եւ ամաչել, բայց մեր հոգով չափ սիրելի Հայերը չկամին, որ եղբայրաբար խօսելով նոցա հետ, խնդրէինք վերացնել այն տգեղութիւնքը, որոնց համար ամօթապարտւում էինք օտարների առաջեւ:

Մեր ազգի խոցերը եւ ցաւերը քաջ յայտնի են մեզ, բայց ինքը՝ ազգը, չկամի խոստովանել իւր հիւանդութիւնը, նա փախչում է բժշկից, նա կարծում է, թէ, թագուցանելով փտած եւ ապականուած վէրքերը ընկերի աչքից, կարող էր պարտակել իւր ողորմելի դրութիւնը. այդ վէրքերը ճարակում են նորա հոգին, եւ այս պատճառով եւս Հայը մարմնով միայն ապրում է առողջ:

Մի քանի թեթեւամիտ օրագրերի եւ լրագրերի խելացնոր կարծիքներ եւ գաղափարք հասանում են մեր ականջին, բայց դոքա կոտրած զանգակի ձայնից աւելի չունին ուրիշ արժանաւորութիւն: Մեք ծիծաղում ենք դոցա վերայ, բայց այդ ծիծաղը արտասուքից դառն է մեր համար, ըստ որում, այդ բաները գործւում են մեր ազգի մէջ:

Այդ երեխայամիտ օրագիրքը եւ լրագիրքը մինչեւ ուխտ են դրել բամբասել մեզ եւ մեր ասածի հակառակը պնդել, մինչեւ այն աստիճան մոլորութեան հասանելով, որ եթէ «Հիւսիսափայլի» մէջ գրուի, թէ Աստուած կայ, նոքա պատրաստ են եւ այդ ուրանալ: Մի քանի հոգեւորների կողմից նզովքի շանթեր եւս տեսանում ենք՝ դէպի մեզ արձակուած, բայց այդպիսի շանթերը փութով շիջանողք են եւ վաղուց արդէն կորուսել են մարդկեղէն աշխարհում իւրեանց գաղտնածածուկ խորհուրդը:

Մեր սիրտը լցուած է արիւնով։ Մեք այստեղ չենք ծառայում մեր ախտերին, ինչպէս մի քանի գիշերադէմ մարդիկ հայհոյեցին մեզ, այլ սպասաւորում ենք ազգի օգտին։ Գուցէ մեղաւոր ենք նորանով, որ մեր աչքի առաջեւ են Հայոց ազգի համար սորանից հարիւր տարի յետոյ գալոց օրերը…

Հրաւիրում ենք կեղծաւորները շարել իւրեանց գործարանքը եւ արդարացնել Բէգզադէի գործերը, որ պիտի նկարագրենք եւ որոնց համար ուրիշ յարմարաւոր անուն չգտանելով՝ անուանեցինք «Բէգզադէի եօթն հրաշալիքը»:

Առաջին՝ Բէգզադէն, մի մեծ քաղաքում ունենալով մի վաճառանոց, առել էր իւր մօտ մի պատուական երիտասարդ՝ տարեկան վարձ տալով նորան եւ խանութի բոլոր ապրանքը հաշուով յանձնելով: Երիտասարդը, ինչպէս վերեւում գրածներիցս պարզ երեւում է, ընկեր չէր, ուրեմն եւ ոչ բաժանորդ Բէգզադէի շահին կամ վնասին։ Նա պարտակա՛ն էր վաճառած ապրանքի արծաթը եւ մնացած ապրանքը ցոյց տալ Բէգզադէին նոյն հաշուով, ինչ հաշուով ստացել էր:

Մի քանի տարի ծառայում է այս երիտասարդը, խանութի ապրանքները օրէ օր սկսանում են հատանիլ, այս պատճառով եւս տեսակի պակասութենից առուտուրը սկսում է թուլանալ: Արի երիտասարդը նկատում է այս բանը եւ վնասի ճանապարհը փակելու համար գրում է Բէգզադէին նոր ապրանք ուղարկել: Բէգզադէն, սկզբումը այսօր էգուց ասելով, վերջապէս բոլորովին լուռ է մնում: Երիտասարդը գրում է, աղաղակում է տարիներով, բայց լսող չկայ։ Գրում է նա եւ շատ անգամ, եթէ չէ կամենում Բէգզադէն նոր ապրանք հասուցանել, որպէսզի կա՛մ ինքը գնայ այդ քաղաքը, կա՛մ մի այլ մարդու յանձնէ, հաշիւը եւ ապրանքը ստանայ իւրեանից եւ գործը աւարտել:

Բէգզադէն, երկար ժամանակ այս աղաչանքին եւս ականջ չդնելով, թողնում է երիտասարդը վերջին յուսահատութեան մէջ: Մի օր, երբ սաստիկ զայրացել էր Բէգզադէի մարդ զրկելու ծարաւը (տարու մէջ 366 անգամ զարթնում է նորանում այս կիրքը), 1118 վերստ ճանապարհ կատարելով, յանկարծ երեւում է այն քաղաքի մէջ, ուր էր նորա վաճառանոցը կամ գանգատաւոր գործակատար երիտասարդը: Սա սկսում է իսկոյն հաշիւ տալ: Օրինակի համար ասենք, թէ երիտասարդի ձեռքը յանձնել էր Բէգզադէն 30. 000 մանէթի ապրանք, գործակատարը ժամանակ առ ժամանակ հասուցանել է Բէգզադէին 25. 000 մանէթ: Ներկայ ցոյց է տալիս 10. 000 մանէթի ապրանք՝ հաշուելով այն գնով, ինչ գնով Բէգզադէն յանձնել էր երիտասարդին: Բայց Բէգզադէն մի մանէթով երիտասարդին տուած ապրանքը յետ չէ ընդունում մի մանէթի տեղ, այլ հաշւում է 75 կոպէկով՝ պատճառելով, թէ հնացած էին: Երիտասարդը պատասխանում է. «Պարո՛ն, թէ նոր է, թէ հին է, ահա քո՝ ինձ տուած ապրանքը, ես չեմ կերել, չեմ վատնել, այլ որքան վաճառել եմ, նոցա բոլորի արծաթը քեզ հասացանելով եւ այն քսան հազարին հինգ հինգ հազար եւս շահ հանելով, ուստի արժա՛ն է, որ մնացած ապրանքը յետ առնուս նոյն գնով, ինչ գնով ես քեզանից ստացել էի: Եթէ մի մանէթի բանը պիտոյ է 75 կոպէկով յետ տալ, պակաս մնացած 25 կոպէկը որտեղի՞ց պիտի դուրս գայ»:

Քո վարձից, շուտով պատասխանում է Բէգզադէն:

Իմ ռոճիկը հերիք չէ այդ պակասը լցուցանելու համար, կցորդում է երիտասարդը հեգնութեամբ:

Մնացածի համար մուրհակ կը տաս, ասում է Բէգզադէն:

Ես այսքան տարի ծառայեմ, քեզ այնքան շահ ցոյց տամ, հերիք չէր այս, ոչինչ վարձ չառնում, այլեւ պարտակա՞ն մնամ, այս ո՛ր աշխարհի կամ ինչ կրօնից թոյլ տրուած գործ է, հարցանում է երիտասարդը:

Ես փիլիսոփայ չեմ, պատասխանում է Բէգզադէն՝ թաբակը քաշելուց յետոյ տուփի կողքին զարկելով: Ապրանքը հնացած է եւ այժմ չէ արժում մի մանէթ:

Այս կերպով եւս վերջացնում է Բէգզադէն իւր հաշիւը. մնացորդ ապրանքը յետ է ընդունում ցած գնով, չէ տալիս երիտասարդի վարձը եւ պակաս մնացած արծաթի փոխարէն առնում է մուրհակ: Երիտասարդը չէ կամենում դատաստան մտանել՝ քաջ իմացած լինելով Բէգզադէի սովորութիւնը, որ ծառայողի 100 մանէթ վարձը կտրելու եւ իւր անխիղճ կամքը յառաջ տանելու համար պատրաստ է, 1000 մանէթ կաշառք տալով, դատաստանը թիւրել:

Այս գործողութենից յետոյ մի քանի մարդիկ տեսնում են Բէգզադէին, որ նա քաղաքի նշանաւոր փողոցի մէջ՝ իւր վաճառանոցի առաջեւ, օր ու ցերեկով, գիշերազգեստը հագած, ման է գալիս մի Հրէայի հետ՝ աշխատելով խաբել, կամենալով մի մուշտակ գնել նորանից:

Երկրորդ՝ Բէգզադէն սովորութիւն ունէր ապրանք ուղարկել մի մեծ քաղաք, երբ վաճառի հանդէս էր լինում այնտեղ: Մի այլ վաճառական պարոն, որ նոյնպէս պարապում էր այդ առուտուրով, գնում է Բէգզադէի մօտ եւ ասում է, որ եթէ այդ անգամը Բէգզադէն յօժարի մարդ եւ ապրանք չուղարկել այդ վաճառահանդէսը, ինքը՝ պարոնը, պատրաստ է մի քանի ամիս ժամանակով գնել Բէգզադէից մօտ իբր 15. 000 մանէթի ապրանք՝ հարիւրին 10 շահով: Բէգզադէն համաձայնում է, տալիս է ապրանքը եւ ստանում է պարոնից կանոնաւոր մուրհակ: Երբ գնող պարոնը իւր ապրանքի հետ միասին հեռացած էր քաղաքից դէպի վաճառահանդէսը, Բէգզադէն միւս օրը գնում է վաճառափողոցը (биржа) եւ այնտեղ խօսում է այսպէս.

Մի մարդ, որ ինձ յիմար անուանէ, իրաւունք ունի:

Ի՞նչ պատճառով, հարցանում են վաճառականք:

Այս ինչ պարոնի այսքան արծաթի ապրանք հաւատացի, բայց թէ նորան վաճառած, թէ ծովը ձգած, միեւնոյն է: Ո՞վ մի կոպէկ կը տայ այժմ նորա մուրհակներին:

Ինչո՞ւ այդպէս կոտորում էք այն պարոնի անունը, նա ոչ ոքի արծաթ կերած չէ, ոչինչ խարդախութիւն արած չէ, ասում են մարդիկ:

Խօսքս այն չէ, պատասխանում է Բէգզադէն, արել է կամ չէ արել, այլ այսքան միայն գիտեմ, որ արծաթս կորած է:

Այս բանի մէջ Բէգզադէի խորհուրդը այն էր, որ այն պարոնի անունը կոտրուի վաճառանոցում, որ, հաւատարմութիւնը կորուսանելով, չկարողանայ շարունակել իւր առեւտրական գործողութիւնքը, որպէսզի ասպարէզը մնա միմիայն Բէգզադէին:

Մի փոքր ժամանակից յետոյ վերադառնում է վաճառահանդէսից պարտական պարոնը եւ, իմանալով Բէգզադէի արած տմարդութիւնը, իսկոյն ժամանակից յառաջ վճարում է իւր պարտքը Բէգզադէին՝ մտածելով, թէ այսպիսի ազնուութեամբ կարող էր հանել իւր վրէժը եւ խայտառակել Բէգզադէի ստախօսութիւնը եւ անբարոյականութիւնը:

Բայց ի՞նչ բանով արդեօք կարելի է ամաչեցնել Բէգզադէին. Աստուծոյ ստեղծած նիւթական եւ իմացական բաների մէջ չկայ մի այնպիսի բան, որ կարողանար նորան ամաչեցնել: Բէգզադէի երեսը վաղուց դարձել է շինականի տրեխ:

Երրորդ՝ Բէգզադէն ունէր մի սիրական գործակատար, որ վերջին ժամանակներում շինել էր իւր հետ մասնաւոր ընկեր (այս գործակատարի եւ Բէգզադէի՝ շատ վաղ ժամանակներից սկսած, իրեարու մէջ ունեցած յարաբերութեան մասին չար լեզուներ խօսած են շատ կեղտոտ բաներ…): Ինչեւիցէ: Ահա այդ գործակատարին նշանում է մի օրիորդի հետ: Մարդիկ, տեսանելով, որ Բէգզադէն մեծ ուշադրութիւն եւ խնամք է ցոյց տալիս հարսնացու օրիորդի վերայ, զարմանում են: Բայց այդ զարմանքը հասանում է մինչեւ ի սարսափ, երբ մի անգամ մի պատուաւոր մարդ, տեսանելով հարսնացու օրիորդը, մինչդեռ ման էր գալիս Բէգզադէի կառքով, ասում է Բէգզադէին:

Այս ի՞նչ պատիւ է, որ ցոյց ես տալիս գործակատարիդ հարսնացուին կառքերով, բաներով…

Հը՛մ, դո՞ւ եւս չես հասկացել, պատասխանում է Բէգզադէն, գիտե՞ս, թէ ինչ խորհրդով առնում եմ ես այդ բաները:

Ո՞րտեղից պիտի իմանամ:

Քեզ քաջ յայտնի է իմ գործակատարի նիւթական կարողութիւնը, շարունակում է Բէգզադէն: Լաւ գիտես, որ նա կարողանալու չէ կառք պահել իւր կնոջ համար, այս պատճառով ես սովորեցնում եմ հարսնացուն կառքերի եւ այլ այսպիսի շռայլութենների, որ ամուսնութենից յետոյ նոյն բանը պահանջէ իւր ամուսնուց: Տարակոյս չկայ, որ նորա ամուսինը կարողանալու չէ առնել այդ բաները, ուստի պիտի բորբոքուի նոցա մէջ անմիաբանութեան եւ գժտութեան բոցը… Այդտեղ ունիմ ես իմ խորհուրդը… Ամուսինը, չկարողանալով կատարել իւր կնոջ կամքը, անշուշտ, կորուսանելու է իւր յարգը նորա աչքում… Ինձ հարկաւոր է այդ, ես… դեռեւս կը ծիծաղեմ նոցա երկուքի վերայ եւս:

Չորրորդ՝ Բէգզադէն բարերարութեան անունով իւր մնացորդ եւ փտած ապրանքը, որ եթէ վաճառելու լինէր, անշուշտ, իւրաքանչիւր մանէթից 40 կոպէկ պիտի վնասուէր, տալիս է իւր սիրական գործակատարին, որի մասին վերեւում յիշեցինք՝ անուանելով նորան անկախ վաճառական: Եւ այսպէս, 60 կոպէկանոց բանը մի մանէթի տեղ տալով՝ առնում է խեղճ մարդուց 33. 000 մանէթի մուրհակ, որի զօրութեամբ պարտական է մնում հատուցանել այդ գումարը:

Գտանւում են մարդիկ, որ հարցանում են Բէգզադէից, թէ ի՛նչպէս այդքան արծաթ հաւատացիր, մինչդեռ խանութը եւս քո անունով չէր: Ծիծաղում է Բէգզադէն եւ ասում է.

Դուք գաղափար եւս չունիք վաճառականաթեան վերայ. եթէ ես խանութը նորա անունով չշինէի, նա երբէք կարողանալու չէր վճարել ինձ պայմանեալ արծաթը:

Այդ ինչպէ՞ս, հարցանում են մարդիկ:

Շատ հասարակ կերպով, պատասխանում է Բէգզադէն, նա՝ որպէս անկախ մարդ, եւ այդքան ապրանքի տէր երեւելով վաճառականների մէջ, կարո՛ղ է հաւատարմութիւն ստանալ: Այս հաւատարմութեամբ գնելով նա օտարազգիներից հետզհետէ զանազան ապրանք եւ, վաճառելով նորանց, կարողութիւն կը ստանայ վճարել ինձ իմ 33. 000 մանէթը՝ օտարներին մնալով 55. 000 մանէթ պարտական:

Բայց այդ օտարքը ի՛նչպէս ապա պիտի ստանան իւրեանցը քո մարդ շինած գործակատարից:

Բանդը ունի շատ սենեակներ…

Բայց այդ անխղճութիւն է քո կողմից. այդքան տարի ծառայելու վարձը…

Նոցա ծնունդը չորանայ, նոքա իմ տունն են քանդել, ասելով լցնում է քիթը թաբակով եւ, գլխին քարշելով գլխարկը, հեռանում է խօսողներից, որ մի այլ անօրէնութիւն յղանայ:

Հինգերորդ՝ Բէգզադէն մի անգամ հրաւիրում է մի մարդ անդամ շինել մի ընկերութեան, որ կազմել էին Բէգզադէն եւ այլ նորա համախոհ մարդիկ: Պարոնը հարցանում է.

Ի՞նչ ընկերութիւն է այդ, ազգային բաների վերայ խորհելո՞ւ, թէ…

Չէ՛, ընդհատում է խօսքը Բէգզադէն, մեր ընկերութիւնը բամբասանքի ընկերութիւն է: Մեք հաւաքւում ենք, որ սորան բամբասենք, նորան հայհոյենք, միւսին դաւ դնենք, սորա տունը քանդենք, միւսին գլխակոր վայր ձգենք…

Աստուած ազատէ այդպիսի դիւական ընկերութենից, ասելով հեռանում է բարեպաշտ Հայը:

Վեցերորդ՝ Բէգզադէն պատուիրում է իւր մի գործակատարին, որ նոյնպէս շատ տարիներով ծառայում էր՝ բերել տալ իւր քեռորդին Բէգզադէի խանութի մէջ ծառայելու համար: Գործակատարը գրում է, եւ պատանին յայտնւում է Նիժնիյ-Նովգորոդի վաճառահանդէսը: Մի փոքր ժամանակից տղան հիւանդանում է, եւ այդ պատճառով եւս Բէգզադէն սկսում է ծուռ աչքով նայել ողորմելու վերայ:

Հայհոյանք, թուք ու մուր եւ այլ անասելի եւ անխելք խօսքեր թափւում են Բէգզադէի կողմից աղքատ պատանու վերայ: Բանը այնտեղ է հասնում, որ Բէգզադէն ասում է, թէ չկամէր ունենալ նորան իւր խանութի մէջ: Տղան աղաղակում է, եթէ չկամիս իմ ծառայութիւնը, ուրեմն իմ տեղը ուղարկի՛ր ինձ: Այս խօսքերի վերայ Բէգզադէն եւս առաւել բարկանում է: Այս միջոցին տղայի մայրը ուղարկում է իւր որդուն Բէգզադէի անունի վերայ 30 մանէթ արծաթ՝ մի վերարկու գնելու համար: Բայց Բէգզադէն պահում է արծաթը իւր մօտ: Երբ որ դրականապէս ասել էր պատանուն, թէ չկամէր ունենալ նորան իւր խանութի մէջ, այլեւ հրաժարւում էր յետ իւր տեղը ուղարկելուց, տղան, բոլորովին անօգնական մնալով, կամենում է գնալ Պօլիցմէյստերի մօտ գանգատելու (Բէգզադէն բնակւում էր Պօլիցմէյստերի տան դէմուդէմ): Բէգզադէն, լսելով տղայի սպառնալիքը, սկսում է ջարդել ողորմելի տղայի քիթը բերանը՝ դժոխային խօսքեր դուրս ժայթքելով բերանից։ Պօլիցմէյստերը պատուանից տեսանում է այս հանդէսը: Տղան գնում է գանգատ: Պօլիցմէյստերը կանչում է Բէգզադէն եւ ասում է, թէ կա՛մ հետդ տար քո ծառան, կա՛մ իւր տեղը ուղարկիր նորան: Բէգզադէն պատասխանում է, թէ չէր կարող գողը եւ աւազակը ընդունել իւր մօտ ծառայութեան համար, եւ թէ այդ տղայի ցեղը տանով տեղով գող են: Այս ասելով՝ հանում է ծոցից մի նամակ տղայի մօր բերանից իւր որդու վերայ, որով որպէս թէ ուղարկում էր վերոյիշեալ 30 մանէթը եւ ասում էր, թէ գողացած արծաթ էր:

Տղան հերքում է բոլորովին այս զրպարտութիւնը եւ քննութիւնը ստուգում է, որ այդ նամակը շինովի էր եւ խարդախած Բէգզադէի ձեռքով: Պօլիցմէյստերը ասում է Բէգզադէին, թէ լաւ չէ նորա ընթացքը ծառայի հետ եւ թէ այդպիսի խարդախութիւնք կարող են մեծ անպատուութիւնք ծնուցանել: Այսպիսի խօսքերով համոզում է Բէգզադէին, որ կա՛մ հետը տանի տղան, կա՛մ ճանապարհի արծաթ տայ մինչեւ Կովկաս: Բէգզադէն խոստանում է հետը տանել:

Տղան ընկնում է հիւանդանոց, աղքատութիւնը հասանում է մինչեւ ի կատաղութիւն: Մի քանի օրից յետոյ գալիս է Բէգզադէն տղայի մօտ եւ, տալով նորան 5 մանէթ, ասում է, թէ կարգադրութիւն էր արել նորա մասին: Երբ տղան մի փոքր հանդարտել էր, Բէգզադէն տալիս է ուրիշներին հետեւեալ պատուէրները:

Գանչում է իւր գործակատարը, այսինքն՝ տղայի քեռին, եւ ասում է, որ չհամարձակուի ուղարկել տղան դէպի իւր վաճառանոցը կամ դէպի իւր աշխարհը: Եթէ, որեւիցէ կարեկցութիւն ցոյց տալով, գործակատարը խնամ տանէր տղային, այնուհետեւ Բէգզադէն տալու չէր գործակատարին պատկանած 2000 մանէթը, որ գտանւում էր Բէգզադէի մօտ: Կանչում է իւր ապրանքի համար վարձուած սայլորդները, նոցա եւս պատուիրում է, որ չհամարձակուին ապրանքների հետ վերառնուլ տղան եւ հնար տալ Մ… քաղաքը հասանելու: Իսկ թէ սայլորդքը համարձակուէին կարեկցել ողորմելի տղային, Բէգզադէն սպառնում է ոչ մի կոպէկ վարձ չտալ սայլորդներին ապրանքը բերելու համար:

Այս բաներից յետոյ գնում է Բէգզադէն:

Տղան հաւատացած է, թէ շուտով ինքը եւս գնալու էր դէպի այնտեղ, ուր գտանուելու էր իւր պարոնը:

Բէգզադէի գնալուց մի երկու օր յետոյ գալիս է տղայի մօտ սորա քեռին (այսինքն՝ Բէգզադէի գործակատարը) եւ, յայտնելով, թէ երկու օրից յետոյ պիտոյ է միասին ճանապարհ ընկնէին դէպի Մ…, հարցանում է տղայից, թէ չունէ՞ր արդեօք երկու մանէթի մանր արծաթ: Տղան ասում է, թէ ունի միայն մի հինգ մանէթանոց թղթադրամ, որ ստացել էր պարոնից:

Փոյթ չէ, պատասխանում է գործակատարը, միեւնոյն է, էգուց կը տամ: Այժմ ինձ հարկաւոր է այս չնչին արծաթը այն պատճառով, որ բնակարանս հեռի է եւ չկամէի միւս անգամ գնալ այնտեղ այդքան արծաթի քամակից:

Տղան հանում է եւ տալիս է իւր բոլոր ունեցածը: Գործակատարը ստանում է եւ, դէպուղիղ գնալով իւր բնակարանը, ուր պատրաստ սպասում էր նորան սուրհանդակի կառքը, նստում է… Եւ կառքը յառաջ է շարժւում ամենայն զօրութեամբ:

Երկու օրից յետոյ իմանում է խեղճ պատանին, թէ խաբուել էր իւր քեռուց: Լաց է լինում, ողբում է, բայց ի՛նչ ճար. մնում է միայն այս գազանական անգթութեան ընդդէմ դէպի երկինք բողոքել:

Մի քանի բարեսիրտ Հայեր, խղճալով այս անօգնական տղայի վերայ, ժողովում են մի քանի մանէթ եւ ճանապարհ են ձգում նորան դէպի այն քաղաքը, ուր էր Բէգզադէն:

Եօթներորդ՝ Բէգզադէն Մ… հասանելուց յետոյ՝ մի քանի օրից յայտնւում է հաճոյակատար գործակատարը եւ խնդրում է տալ ինքեան իւր 2000 մանէթը: Բէգզադէն, որ ինքը խոստովանել էր, թէ գործակատարը ունէր 2000 մանէթ, այժմ սկսում է քրքրել իւր սատանայի պոչով գրուած մատեանները, երբեմն գլուխը քորելով եւ երբեմն մի պտղունց թաբակ քիթը լցնելով, ասում է, թէ գործակատարը ոչ թէ միայն 2000 մանէթ, այլ 2076 մանէթ է ստացել, ուրեմն դեռ նա պարտական էր Բէգզադէին 76 մանէթ: Գործակատարը աղաղակում է այս անիրաւութեան ընդդէմ, բայց լսող չկայ: Բէգզադէի սովորական կանոնն է այս: Երկար ու ձիգ խօսակցութենից յետոյ գործակատարը, տեսանելով, որ աւելորդ էր վիճել Բէգզադէի հետ, յանձն է առնում վճարել 76 մանէթը, ուստի եւ խնդրում է իւր անցաթուղթը: Բէգզադէն պատասխանում է. «Մինչեւ 76 մանէթը չբերես, քեզ անցաթուղթ չկայ»:

Ինչ երկար գլխացաւութիւն առնենք ընթերցողներին։ Գործակատարը գնում է, մուշտակը եւ այլ բաները գրաւ դնելով, ճարում է 76 մանէթ արծաթ: Եւ սեւցնելով Բէգզադէին՝ ստանում է անցաթուղթը: Այսպէս վարձատրւում է գործակատարի ոչ միայն այնքան տարիների ծառայութիւնը, այլեւ այն գազանական անգթութիւնը, որ Բէգզադէին հաճոյանալու համար ցոյց տուեց իւր քեռորդուն՝ խլելով նորա ձեռքից Բէգզադէի տուած 5 մանէթը:

Եթէ, ինչպէս յոյս ունինք, մի տեսակ մարդերի օրագիրքը կամ լրագիրքը արդարացնեն Բէգզադէի եօթն հրաշալիքը, այն ժամանակ սուրբ պարտականութիւն կը համարենք դնել նոցա առաջեւ Բէգզադէի ամբողջ եւ լիակատար վարքագրութիւնը (біографія)՝ նորա գործած քառասուն հրաշքների պատմութեամբ հանդերձ, որոնց իւրաքանչիւրքը իւր ժամանակին ընկած են օրագրութեանս մէջ: Յիշատակարանքս հատուած են այդ ընդհանուր եւ մանրամասն օրագրութենից, ուր ամենայն օր թուով եւ համարով գրում եմ տեսածս եւ լսածս:

Բայց հերիք է առ այժմ, շրջենք մեր երեսը այդպիսի մառախլապատ կերպարանքից եւ աղաչենք Ամենակալ Տէրը, որ մաքրէ հայկական մոլախոտեալ անդաստանը:

Արդեօք առանց մեր կողմից ջանքի եւ հոգաբարձութեան, առանց զոհաբերութեան եւ անդուլ աշխատութեան Տէրը կ՚առնէ՞ր այդ գործը անմիջապէս:

Տիրոջ առաջեւ դատապարտուած է ծուլութիւնը եւ անհոգութիւնը, մեք ինքնին պարտական ենք նախ գործ սկսանել եւ ապա խնդրել Տիրոջ յաջողութիւնը:

Առաջին գործը է դպրոցների հիմնարկութիւնը. այս է մեր առաջին եւ վերջին ճանապարհը փրկութեան:

Էջմիածնի մէջ պիտի հիմնուի՞ արդեօք մի օրինաւոր դպրոց, մինչեւ այժմ լուր չունինք:

Թիֆլիսի հոգեւոր դպրոցը պիտի բարեկարգուի՞ արդեօք, նոյնպէս չգիտենք:

Աստրախանի՝ նոր բացուած հոգեւոր դպրոցը, որքան մեզ յայտնի եղաւ դորա ուսման առաջարկութիւնը, շատ աննշան է։ Հարկաւոր է զօրացնել, բայց ասում են, թէ առաջնորդը չունի այն ազատութիւնը գերագոյն իշխանութենից, որից օգուտ են քաղում ուրիշները՝ թերեւս չարաչար գործ դնելով իւրեանց իշխանութիւնը: Աստրախանի առաջնորդ սրբազան Մատթէոս թեմակալ Արքեպիսկոպոսի բարեմտութիւնը եւ ազգասիրութիւնը յայտնի է ոչ միայն մեզ, այլեւ բոլոր ժողովուրդներին, որոնց առաջնորդած է, ուստի եւ ստիպուած ենք դպրոցի աննշանաւորութեան պատճառը վերագրել հնարների եւ կարողութեան սակաւութեանը, քան թէ մեծապատիւ սրբազան Արքեպիսկոպոսի զանցառութեանը: Երանի թէ մեր բոլոր հոգեւորների սիրտը այնքան ցաւէր ազգի վերայ, որքան Մատթէոս սրբազանի սիրտը:

Մի քանի օր սորանից յառաջ ստացած նամակը մի նոր ապացոյց տալիս է մեզ մեր աբեղաների ֆանատիկոսութեան մասին:

«Քահանայի մինը, գրում էր բարեկամս, չգիտեմ՝ ինչ կերպով ստանում է եղած Փարիզի «Արեւմուտք» օրագիրը: Մի անգամ ներս է մտանում նորա տուն մի աբեղայ: Յառաջուց պիտի ծանօթաբանել, որ աբեղայ ասածդ միշտ վեր է համարում իւրեան, քան թէ աշխարհական քահանան եւ այս պատճառով շատ կոշտ են վարւում քահանաների հետ՝ ամենայն րոպէ իշխանութիւն գործ դնելով նոցա վերայ: Apropos. մի անգամ հարցուցի մի աբեղայից, թէ ինչ է նոցա իրաւասութիւնը քահանաների վերայ, ինչո՞վ բարձր են, քան թէ քահանայքը, եւ ինչո՞ւ համար շատ անգամ անգթաբար վարւում են քահանաների հետ: Աբեղան պատասխանեց, թէ ինքեանք, վանքի մէջ չլբուր ուտելով եւ սաղմոս ասելով, հոգեմաշ են լինում, իսկ քահանայք միշտ ժողովրդի մէջ, ամուսինի եւ ընտանիքի տէր, վայելում են աշխարհի վայելչութիւնը:

Աբեղան, տեսանելով, որ քահանան կարդում է մի բան, հարցանում է, թէ ի՞նչ էր կարդացածը: Քահանայն պատասխանում է՝ «Արեւմուտք» օրագիր:

Դու ինչպէ՞ս համարձակւում ես կարդալ այն բանը, որ ես նզովել եմ:

Ի՞նչ նզովելու բան կայ այստեղ. ճշմարտութիւն, մի՞թէ դուք նզովում էք ճշմարտու…

Ձայնդ կտրի՛ր, ասելով՝ դուրս է գնում աբեղան եւ պաշտօնական թղթով զրկում է նորան իւր ծուխից եւ ուղարկում է մի այլ քաղաք, որի ժողովրդի թէ՛ սակաւութիւնը եւ թէ՛ աղքատութիւնը պատիժ պիտի համարուէր քահանային:

Խեղճ քահանայն, հոգսից եւ նեղութենից հիւանդանալով, մեռանում է իւր աքսորի մէջ:

Մեք շուտով մանրամասն կը խօսենք «Արեւմուտքի» մասին: