Նամակներ

Հեղինակ

Բաժին

Թեմա

101. ԱՆՀԱՅՏ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ

Կամիշին, 1866 թ. <հունվար, երկրորդ կես>

... Այստեղ բժիշկ Նայդենեւը, որ կումիսով պարպում էր ամառները մասնավոր կերպով, դժբախտաբար տեղափոխվում է դեպի Սարատով. ուստի ինձ հարկ եղավ ամսույս 15-ից վաղօրոք խնդիր գրել առ գավառապետն, որ հրաման հանե կամ ինքը տա մայիսի 1-ից մինչեւ օգոստ. 15 երթալ Սամարի գավառը, Սամարից 60 վերստ հեռի, կումիս խմելու թեեւ մինչեւ մայիսի 1-ը հասնելիս աստված գիտե. այս ոչ թե լոկ իմ՝ խոսքն է, այլ այստեղի եղածներից ամենալավ Վինոգրադով բժիշկը ինձ պարզապես ասաց, եւ ես օրե օր մոտենում եմ գերեզմանին: Հավատացեք, այնպես վատած եմ այժմ, որ ինքս ինձ հայելիի մեջ տեսնել վախենում եմ, վկա է աստված. ջերմը ամենայն օր հոգիս է հանում, քրտինքը, հազը եւ թուքը թիվ չունի, ավելցուր սոցա վերա իմ անօգնական միայնությունը. մի կուխարկա (կերակուր եփող աղախին) ունիմ անունով. շչի, կաշա գիտե, որ ես չեմ ուտում, այլ բան բնավ, ուրիշ բան էլ չկա: Ուր թողում բարոյական անախորժությունքը ամենայն քայլափոխ.... Բժիշկը ինձ պատվիրում է սաստիկ խաղաղություն հոգվո, բայց թողո՞ւմ են խաղաղ. մի չնչին խաղաղություն ինչերով է ձեռք գալիս. ինչ օգուտ, գրել չեմ կարող, խոհեմությամբ հասկացիք եւ ..

Միք. Նալբանդյանց

102. ԳՐԻԳՈՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ

8 փետրվարի 1866, Կամիշին

 

Սիրելի եղբայր իմ, Գրիգոր Ղազարյան,

Եղբայրական ողջունիվ hայտ առնեմ, որ հունվարի 11-ից գրած նամակդ ստացա երեկ, այսինքն ամսույս 7-ին. պատճառը չգիտեմ։ Նամակիս հետ վերադարձուցի պահարանը, որ ինքդ աչքովդ տեսնես խոսքիս ստուգությունը:

Սիրելի եղբայր, ես այսքան տարի չարչարված լինելուց հետո, այսօր էլ ծանր հիվանդության տիրացած եմ, որ մաշում է ինձ առավել քան թե տարի, ուստի եւ բնավ սիրտ չունիմ ձեր անճոռնի կռիվները մտիկ անելու եւ, թե որ նամակներուդ մեջն էլ չլինեին անպատշաճ եւ անճոռնի բաներ, հարկավ ձեռքս կպած ժամանակ կպատասխանեի, բայց այնպիսի թուղթերու պատասխանելը իմ գործս չէ:

Որովհետեւ իմ աքսորը եւ տկարությունը մինչեւ այժմ տեւում են եւ դեռ կարող են երկարել, ուստի ես բարվոք համարեցա, դարձյալ ձեր շահը նայելով, գրել տեղվույդ Մագիստրաթին մի խնդիր, որ նա մեր հորը վախճանից հետո ինչ որ մնացել է, ի հայտ բերե, թե՛ շարժական եւ թե՛ անշարժ, եւ այս բոլորը, ինչպես օրենքը՝ կհրամայե, ծախե եւ գումարը պահելով յուր գանձարանում, քննե եւ վճռե ժառանգների իրավունքը եւ ըստ այնմ յուրաքանչյուրին յուր պատկանյալ բաժինը տա:

Այս խնդրի մեջ, որ այսօր այս թղթիս հետ փոշտ տվի, գրած եմ նույնպես, որ եղբորս Ղազարոսին՝ Սերոբեն ստացած 700 մանեթը, եթե ստուգապես հորս փողն է եղած, ուրեմն ես ընդունում եմ իմ հաշվիս վրա։ Իհարկե գրածիս օրինակը քեզ կուտան, եւ դու կտեսնես, որ բնավ կողմնապահություն չկա, այլ ուզածս կատարյալ արդարություն է եւ իրավունք:

Ես երկար բարակ դատաստաններու սիրտ չունիմ եւ մեջտեղի եղածը շարժիլ տավա տալապայի, մնաց որ պատշաճ բան էլ չէ. հույս ունիմ, որ դուն ալ նույն ոգվույն կհետեւիս եւ օր առաջ այս գործը վերջանալուն ջանք կանիս, ապա թե ոչ, վնասը ձեզ կլինի, ինձ չէ, ինչու, որ դուք առուտուրի մարդ եք: Ինձ համար թե որ երկարելու լինի, միեւնույն է գրեթե:

Գրում ես, թե անպատճառ միտք ունիս գալու ինձ տեսության, շատ շնորհակալ եմ, բայց այս է բանը, որ շոգենավերը հազիվ հազ ապրիլի 20-ին սկսին ներգործել, իսկ ես մայիսի 1-ին դուրս կուգամ այստեղից Սամարի գավառը խըմըզ խմելու երթալու եւ արդեն մեկ ամիս է, որ մինիստրից խնդրել եմ եւ այս օրերս հույս ունիմ հրամանը անպատճառ ստանալու: Ուրեմն քո գալը զուր կլինի գարնան, ես կվերադառնամ օգոստ. 15-ին եւ, եթե մինչեւ այն ժամանակ հրաման դուրս չգա ինձ Նախիջեւան գալու, այն ժամանակ հրամեցեք, ինձ այստեղ կգտնեք:

Գրում եք, որ գրեմ սրտիս ուզածը ու բերեք, շատ շնորհակալ եմ, ինձ ոչ մի բան հարկավոր չէ, եւ դուք զուր տեղը անհանգիստ մի՛ լինեք:

Տկարությունս չէ ներում երկար բարակ նամակ գրել, ուստի եւ վերջացնում եմ գիրս, ցանկալով քեզ ու քո ընտանիքին առ ի սրտե ամեն բարի, ամեն հաջողություն, առողջություն եւ երջանիկ կյանք:

Ինձանից շատ նամակ մի՛ սպասիլ, ինչո՛ւ, որ չունիմ կարողություն գրելու, հարկավորություն էլ, թե որ ասենք, չկա, շատ սուտ չի լինիլ:

Մնամ քեզ միշտ եւ առ ի սրտե բարյաց փափագող եղբայր

Մ. Նալբանդյանց

103. ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ

11 փետրվ. 1866 , Կամիշին

Սիրելի քույր իմ Գայանե,

Թե որ անցյալ փոշտի եղբորս Ղազարոսին գրած գիրիս մեջ խոստացած չլինեի, թե դիմացի փոշտով քեզի ալ կգրիմ տեյի, հեչ գրելու ուժ չկար վրաս, ինչու որ ան թերմաշ խնդիրը գրեցի Մագիստրատ, մեռելս ելլավ: Ինչեւիցե, ասի, ինչ ալ ըլա նե, գրեմ, աղջիկը աչքը ճամփան թող չի նայի տեյի: Քո գրած գիրդ որդուդ Գաբրիելին գիրին մեջը, առի եւ ձեր ողջությունը իմանալով ուրախ եղա:

Կգրես, թե աս քանիում գիրս է պատասխան չունիմ տեյի. ես քեզիմեն մեկ հատ գիր առիլ էի, պատասխանը հատուկ քո անունովդ գրիլ եմ հունվարի 28-ին, անկից ետեւ մեմ ալ աս էր առածս, քանիում գիրս է տեյին խոռոզլամիշ եղածդ ի՛նչ է, ատմիշ կարդացող պիտ՝ լաս: Գիտեմ որ դուն ալ, սիրելի ճիճաս ալ սիրտերդ թըփ-թըփ կեցիլիք. աճապ ի՞նչ խապեր կառնուք ինձմեն առողջությանս մասին. ինչ գրելուս ես ալ չի գտիմ, միայն կանուխվանեն պեթեր չիմ, քիչ մը աղեկ ալ իմ, ասիմ նե, սուտ չէ, թեեւ կելիրլի կիդերլի է. ինչ ալ ըլանե այժմ անվտանգ մայիսին կհասնիմ եւ խըմըզի ալ կերթամ տեյի, հույս ունիմ, եւ ինձ նայող բժիշկն ալ առաջվան պես չի վախնալ. մեկ ամիս առաջ ես ալ շատ հույս չունեի, բժիշկն ալ նութխը բռնված՝ մայիս չէ, մարտին թարաքը կելլիս, կկանչեր, բայց այժմ սըքլիլ է, բանը քիչ մը աղեկ է, կասե:

Աղեկը ի՛նչ է. ջերմը ամեն օր չի բռնիլ, բռնածն ալ առաջվան չափ էզելմիշ չանիլ. աս ջերմն է իմ տունս քանդողը, ճարին ճարը տակա գտած չիմ: Հույսս խըմըզին վրան է, մեմ ալ տաք տեղ մը երթալու դիմացի ձմեռը կամ Նախիջեւան մնալու. արդխ նայինք, ո՛րը ավելի շուտով կհրամային, բայց Խրիմը ինձի շատ լավ կըլլար: Տարին վաղուց անցավ, որ ես ամեն օր ճար կխմիմ եւ բեհրիզ իմ. կհավատաս՝ հոգիես արեւես զզվիլ եմ. ասօր մեռնիմ նե, աչքիս չերեւնալ, բայց երեւումը տահա կերեզման չերեւնալ, կասե թուղթ նայող Ասվատուրը:

Թէ որ ապրիլի մեջ ճիճայիս ինձի տեսության գալը հաստատ է նե, ճիճայիս ասա ինձի մեկ ճիվթ աղեկ ապուխտ թող բիրե: Երեշկիկ չուզիմ, չիմ ուտիլ, միայն ապուխտ, ան ալ 2 հատ, չըլլա թե ավելի, զերե խըմըզի ատեն ուտելու բան չէ, իսկ վրայեն ալ տաքերը անցնին նե, վերուր թապլե, անոր համար կասիմ, որ երկու հատը խիստ բավական է: Ասկեց ջոկ մեկ կապ մը աղեկ թաժա չորցած թառան ձուկ, կիսաչոր ալ ըլանե, թող առնու, հոս կչորնա, զարար չունի:

Ուրիշ բան պետք չէ, քանի մը հատ լիմոն, փոռթաքալ կուզենայի ամա, ան ժամանակը պեքիմ տահա չի ըլալ, զերե գիտցածս խդրելեզներուն կբերեն Նախիջեւան:

Ուրիշ գրելու բան չունիմ, մարդուդ շատ եւ շատ բարեւ արա, Գաբրիելին նույնպես. նարա ալ ջոկ գիրեր գրելու սիրտ չունիմ, հիմա մեծերուն գրեցինք ու մանրները մնացին: Նամակս պիտ վերջացնեի, ինչու, որ լեշս ելած կգրեմ, բայց աս ալ հիշեմ ասի, որ Մագիստրատ տված թուղթիս մեջ քեզի ալ եւ Մամայիս ալ գրիլ եմ, ասիլ եմ, որ հորս մեռնելեն ետքը, 3 աղբար, 1 քուր եւ մայրս մնաց. նույնպես խնդրիլ եմ, որ քո եւ մորս իրավունքները տեղը բերին եւ ինչ որ կպատկանի նե, ձեզի էլ չի զրկին. աս բանը պարոն Գրիգորին քիթն ’ի վեր չերթալուն գիտեմ, բայց նարա ասելովը բան չի ըլլալ, թե որ օրենքը կտրե: Ղորդ է, պատկանած ժամանակն ալ մեկ մեծ բան մը չէ, բայց ինչ կուզե թող ըլլա, տղոց տեր իս, դուն ալ ան հորը զավակն իս, ինչ օրենք է քեզի զրկել:

Պարոն Գրիգորը ինձի գրել էր մեկ անգամ Պետերբուրգ, թե դուն քո բաժինդ հարսնությանդ ժամանակ ավելոքով առիլ իս, եւ ինքն է եղել պապայիս ստակ տվողը, ադ ալ նոր լսեցինք:

Այս գիրս առնելէդ ետքը, անպատճառ ճիճայիս երթաս եւ գիրս կարդաս ու ինձիմեն ալ արապաներով բարեւ անիս: Մամայիս արդխ բան ալ չիմ գրիլ, ինչու որ չի հասկանալ, կասիք: Սիրական Ղազարոս եղբորս շատ եւ շատ բարեւ, աստված կատարյալ առողջություն տա:

Դիմացի փոշտին ալ Բերբերովին կգրիմ, ամենը մեկ օր չեմ կարող: Է՜հ, տահա ինչ ասիմ. աստուծո ասածը ըլլա:

Եղբայր քո անբաժանելի

Մ. Նալբանդյանց

Ցուրտերը, պոռան խըյամեթները 10 օր է խափաթմիշ արել են ինձի, տանը մեռելկոխ նստիլ իմ, դուրսը մարդ մարդու չի տեսնուլ, օրը 2 անգամ սոպա կվառինք, կենե չի տաքնալ ցուրտին մեծ եղածեն, նայինք երբ պիտի վերջանա: