Նալբանդյանագիտության հարցեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

/5/ XIX դարի երկրորդ կեսի հայ հասարակական մտքի պատմությունն անխզելիորեն կապված է մեծ հրապարակախոս, գրող, հեղափոխական-դեմոկրատ Միքայել Նալբանդյանի անվան հետ: Գրական-հասարակական գործունեությունը սկսելով 1850-ական թվականների սկզբներին, Նալբանդյանը դարձավ 60-ական թվականների հեղափոխական ճգնաժամի փոթորկուն իրադարձությունների ոչ միայն ականատեսը, այլեւ համառուսական քաղաքական անցքերի մեկնաբանը եւ հեղափոխական շարժումների մասնակիցը:

Դաստիարակվելով աշխատավորական միջավայրում, Նալբանդյանը վաղ երիտասարդական տարիներից նետվեց անհավասար պայքարի մեջ` պաշտպանելու հայրենի քաղաքի հասարակության շահերը: Այնուհետեւ արդեն` նրա ամբողջ կյանքը վերածվեց անընդմեջ պայքարի, դարձավ անմնացորդ նվիրումն` դավանած գաղափարներին: 1853 թ. մեկնելով Մոսկվա` Նալբանդյանը կապվեց ժամանակի լուսավորական շարժման առաջադիմական ուժերի հետ եւ իր եռանդուն գործունեությամբ նոր շունչ հաղորդեց հայ հասարակության մտավոր վերածնության համար մղվող պայքարին:

Արեւելյան  Հայաստանի  տնտեսական  ու  հասարակական  կյանքի աշխուժացումը Ղրիմի պատերազմից հետո թեւակոխում է զարգացման նոր փուլ: Ռուսական հասարակական կյանքում տեղի ունեցած լուրջ տեղաշարժերը` պայքարը ճորտատիրական իրավունքի դեմ, դեմոկրատական-լուսավորական շարժման բուռն վերելքը, խթանում են եւ հայ ժողովրդի մշակութային-գաղափարական կյանքի զարգացմանը:

Ռուս խոշոր լուսավորիչների գործունեությունը հիմնականում ծավալվում էր ճորտատիրական իրավունքի վերացման, ճորտ գյուղացիության դրության բարելավման, առհասարակ երկրի եվրոպականացման ուղղությամբ:

Հայ լուսավորիչները մտահոգված էին ազգային կյանքի բուրժուա-դեմոկրատական վերափոխումների  խնդիրներով Նրանք պայքարում /6/ էին հայ հասարակական կյանքի առաջընթացն արգելակող կղերաֆեոդալական հոսանքի գաղափարախոսության, սնոտիապաշտության ու նախապաշարումների դեմ: Այդ գործիչներին առանձնապես հուզում էր աշխարհաբար լեզվին քաղաքացիական իրավունք տալու հարցը, որի միջոցով միայն կարող էր հնարավոր դառնալ հայ գրականության եւ մշակույթի զարգացումը, հայությանը ժամանակի գիտության եւ քաղաքակրթության նվաճումներին հաղորդակցելու առաջնահերթ խնդրի լուծումը:

Խաչատուր Աբովյանը կատարում է առաջին կարեւոր քայլը` իր հայրենակիցներին մտավոր ընդարմացումից սթափեցնելու, դպրոցականկրթական գործին նոր ուղղություն տալու, հայ նոր գրականության սկզբնավորման, աշխարհաբարի քաղաքացիական իրավունքները հռչակելու խնդրում: Նրա ժամանակակից, հայտնի մանկավարժ եւ գրող Գաբրիել Պատկանյանը, շարունակելով Աբովյանի սկսած գործը` 1850-1851 թթ. խիզախում է Թիֆլիսում աշխարհաբար լեզվով հրատարակել «Արարատ» շաբաթաթերթը:

Դորպատի համալսարանի շրջանավարտ, Աբովյանի ժամանակակից եւ դասընկեր Ստեփանոս Նազարյանը Լազարյան ճեմարանում հնարավորություն է ստանում մանկավարժական գործունեության հետ մեկտեղ զբաղվելու գիտական աշխատանքով եւ հրատարակելու մանկավարժական, հոգեբանական, բանասիրական ուսումնասիրություններ: Սակայն, լուսավորական իր ծրագրերը նա կկարողանար իրականացնել` անմիջականորեն ժողովրդին դիմելու, հրապարակախոսական ամբիոնի միջոցով: Այդ իսկ նպատակով Նազարյանը դեռեւս 1844 թ. Կազանում ծրագրում է հիմնադրել մի թերթ, բայց նրա դիմումը մերժվում է:

1853 թ. ամռանը տեղի է ունենում Նազարյանի ծանոթությունը Նոր Նախիջեւանից Մոսկվա ժամանած Նալբանդյանի հետ: Հայացքների հոգեհարազատությունը, Նալբանդյանի մտավոր զարգացումը եւ ժողովրդին անվերապահ ծառայելու նրա կամքը ոգեւորում են Նազարյանին, եւ նա, այս անգամ արդեն նեցուկ ունենալով իր երիտասարդ բարեկամին, 1854 թ. ճեմարանի տնօրինությանն է ներկայացնում «Ռուսիա» խորագրով ամսագիր հիմնադրելու դիմում: Ժամանակները Ռուսաստանում անբարենպաստ էին նոր պարբերականի հրատարակության իրավունք ստանալու համար եւ այդ հայցը նույնպես մերժվում է:

1855 թ. Նիկոլայ I-ի մահից հետո «գրաքննական ահաբեկչության» ժամանակներին հաջորդում է լիբերալ բարեփոխումների մի ժամանակաշրջան, որն ինչ-որ չափով նպաստավոր պայմաններ է ստեղծում ռուսական պարբերական մամուլի եւ գրականության զարգացման հա/7/մար: Արդեն զգալիորեն դյուրին է դառնում  նոր  պարբերականների հիմնադրման գործը. քաղաքական ոստիկանության եւ կրկնակի գրաքննական հետապնդումներից որոշ չափով ձերբազատված ռուսական հասարակական միտքը մեծ վերելք է ապրում: Ռուսական առաջավոր մամուլը  եւ  հրապարակախոսությունը գրականության  հետ  մեկտեղ, դառնում են հասարակական կյանքի առաջընթացի թերեւս ամենազորեղ գործոնները: Ռուսաստանը ոտք էր դնում «վաթսունական թվականների» պատմական նոր ժամանակաշրջանի սեմին:

Ղրիմի պատերազմին հաջորդած մտավոր կյանքի աշխուժացման այս պայմաններում, Նազարյանը կրկին ներկայացնում է իր դիմումը եւ այս անգամ ստանում «Հյուսիսափայլ» ամսագրի հրատարակության իրավունքը: Պատմական ժամանակաշրջանի տրամաբանությամբ է բացատրվում եւ այն, որ 1858 թ. հրատարակության թույլտվություն են ստանում հայկական երկու պարբերականներ եւս` «Ճռաքաղը» (Մոսկվա) եւ «Մեղու Հայաստանին» (Թիֆլիս): Այսպիսով, ռուսահայ իրականության մեջ նույնպես սկսվում է մտավոր վերելքի մի ժամանակաշրջան, որը միանգամայն ներդաշնակում էր 60-ական թվականների Ռուսաստանի համընդհանուր վերածնության ոգուն:

1858 թվականը բախտորոշ եղավ հայ հասարակական մտքի համար: Այդ թվականին տպագրվեց Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը, որը  մի  ամբողջ  հեղաշրջում  կատարեց  հայ  մտավոր  կյանքում Այդ թվականին սկսեց լույս ընծայվել ժամանակի դեմոկրատական-լուսավորական օրգան «Հյուսիսափայլը», որն առաջին իսկ համարից հայ հասարակական կյանքում վճռական վերափոխումներ մտցնելու հայտ ներկայացրեց: «Հյուսիսափայլն» ազդարարում էր, որ ժամանակի ծնունդն է եւ ստանձնել է հայ հասարակական կյանքի առաջադրած հարցերին պատասխանելու դժվարին խնդիրը: Եթե ամսագիրը հուսախաբ չարեց իր ընթերցողներին ու մեծապես խթանեց հայ կյանքի վերածնության գործին, դրանում անգնահատելիորեն մեծ էր ամսագրի գլխավոր աշխատակցի` Միքայել Նալբանդյանի դերը:

* * *

Նալբանդյանը  հայ  հրապարակախոսության  քառուղիներ  մուտք գործեց  հասարակական  պայքարի  եւ  գրական  աշխատանքի  զգալի փորձով: Նոր Նախիջեւանում` տեղի հետադիմական ուժերի դեմ ծավալած պայքարը մարտական կոփվածք էր հաղորդել նրան, իսկ Մոսկվայում ապրած հինգ տարիները, համալսարանական ուսումնառությունը, շփումները  ռուսական  միջավայրի ռուս  առաջավոր  գործիչների  եւ /8/ երկրի   տարբեր   վայրերից   եկած  հայ ուսանողության հետ, գրակաստեղծագործական աշխատանքը` նպաստավոր հող էին նախապատրաստել նրա հրապարակախոսական գործունեության համար:

Դեռեւս 1854-1855 թթ. Նալբանդյանը գրում է «Յաղագս հայկական մատենագրութեան ճառ» ծավալուն ուսումնասիրությունը, որտեղ քննության է առնում հայ գրականության հատած ուղին` V դարից մինչեւ իր օրերը: Ուշագրավ այդ հոդվածում, որն, ի դեպ, երկար տարիներ մնացել է անտիպ Նալբանդյանը հին մատենագրության` նորօրյա եւ շատ համարձակ իր գնահատականներով հակադրվում է գոյություն ունեցող ավանդական կարծիքներին եւ շեշտում աշխարհաբար լեզվով գրականություն ստեղծելու անհրաժեշտությունը: Հրապարակախոսական շնչով գրված այս «Ճառում», թեեւ գրաբար լեզվով, Նալբանդյանը կարդում է վաղուց ի վեր մահկանացուն կնքած գրաբարի դատավճիռը եւ   այդ   միտքը  հաստատում`   լեզուների   զարգացման   պատմական օրինաչափությամբ:

Երկրորդ նշանակալից գործը որը  ձեռնարկում  է Նալբանդյանը` Էժեն Սյուի «Թափառական հրեա» վեպի առաջին հատորի թարգմանությունն էր, որը հրատարակվեց 1857 թ. [1]: Նալբանդյանի խառնվածքին խիստ բնորոշ է ֆրանսիացի վիպասանի այդ երկի ընտրությունը, որը պայմանավորված է վեպի  հակակղերական  միտվածությամբ: Հստակ գրական լեզվով թարգմանված այդ վեպին թարգմանիչը կցել է մի առաջաբան, որտեղ հրապարակում է հայ նոր գրականության ստեղծման եւ դրա հետագա զարգացման ուղիներին վերաբերող իր նկատառումները:

Իր  ժամանակի  գրաբարալեզու  գրականությունը  բնութագրելով իբրեւ «տխուր մատենագրություն», Նալբանդյանը` աշխարհիկ ոգով եւ ժողովրդին մատչելի լեզվով նոր գրականության ստեղծումը համարում է հայ ժողովրդին լուսավորելու առաջին պայմաններից մեկը: Հանգամանորեն քննարկելով այս խնդիրը, նա գրողներին ուսուցանում է ստեղծել միայն այնպիսի գործեր, որոնք գրված լինեն ժողովրդին հասկանալի լեզվով եւ արծարծած հարցերով նպաստեն նրա կրթությանը:

«Թափառական հրեայի» առաջաբանում Նալբանդյանը` իբրեւ ժողովրդին լուսավորելու հարակից պայմաններ, պահանջում է ստեղծել ազգային դպրոցների, պարբերական մամուլի, ուսումնական ընկերությունների լայն ցանց, հայրենակիցներին հորդորում` օժանդակել գրողների երկերի տպագրությանը:

/9/ «Հյուսիսափայլի»                   հրատարակության նախօրյակին Նալբանդյանն  արդեն  համակողմանիորեն  պատկերացնում  էր հայկական լուսավորականության առանձնահատկությունները եւ այդ պահին        իսկ`        դարձել        էր        լուսավորական        շարժման առաջամարտիկներից:

«Հյուսիսափայլի» հիմնադրումից հետո Նալբանդյանը նվիրվում է հիմնականում հրապարակախոսական գործունեության: Դա հասկանալի է: Հրապարակախոսությունը գրական աշխատանքի այն լավագույն եղանակն էր, որով նա կարող էր լրագրային զանազան ժանրեր օգտագործելու միջոցով քննարկել ժամանակի հասարակական-քաղաքական կյանքի հրատապ խնդիրները: Հրապարակախոսության միջոցով է, որ Նալբանդյանը պետք է անզիջում պայքարի ելներ իր դարն ապրած ֆեոդալական հաստատությունների, կրոնական սխոլաստիկ աշխարհայացքի դեմ, հզոր բանավիճողի իր գրչով բացահայտեր կղերաֆեոդալական հոսանքի պարբերականների ժամանակավրեպ հարցադրումները: Հրապարակախոսության միջոցով է, որ Նալբանդյանը, հայ ընթերցողներին դաստիարակելով իր դարաշրջանի առաջադիմական գաղափարների ոգով, պետք է նրանց համակեր քաղաքացիական պարտքի գիտակցումով, հասցներ ազգային ինքնաճանաչման, իսկ ավելի ուշ` ուժ ներարկեր դիմելու ազգային-ազատագրական եւ սոցիալ-քաղաքական պայքարի հուսալի ուղիներին: Հիրավի, «Հյուսիսափայլի» էջերում, այնուհետեւ հրապարակախոսական երկերում, Նալբանդյանը դրսեւորում է հասարակական-քաղաքական խոշոր գործչի եւ բոցաշունչ հրապարակախոսի իր բացառիկ տաղանդը:

Նալբանդյանը միաժամանակ գրում է եւ ամսագրում լույս ընծայում գեղարվեստական մի շարք արժեքավոր ստեղծագործություններ («Մեռելահարցուկ» վեպը, բանաստեղծություններ), ինչպես նաեւ տպագրում թարգմանական գործեր, որոնք նույնպես շաղախված են հրապարակախոսական կրքով եւ տոգորված` քաղաքացիական ազնիվ ու բուռն պաթոսով:

Մի կողմ թողնելով Նալբանդյանի գեղարվեստական ժառանգության արժեվորումը, հետեւենք այն ճանապարհին, որով անցել է Նալբանդյան-հրապարակախոսը: 1858 թ. «Հյուսիսափայլում» տպագրված «Նկատողությունք» հոդվածում Նալբանդյանը ներկայացնում է հրապարակախոսի իր հավատամքը, լայն հետնախորքի վրա քննարկում ժամանակի հայ իրականության առաջնահերթ խնդիրները: Այստեղ նա առաջադրում է ազգի լուսավորության, նրա թերությունները հրապարակելու  միջոցով  նրան  ինքնաճանաչման  հասցնելու լուսավորության /10/ գործից         հոգեւորականությանը    մեկուսացնելու   եւ   մի  շարք   այլ հարցեր:

«Նկատողությունք» հոդվածում Նալբանդյանն առաջին անգամ ձեւակերպում է հայ դեմոկրատական հրապարակախոսության հիմնական թեզերից մեկը, ըստ որի` «մի ազգի հասարակական շինվածքի հիմքը» հասարակ ժողովուրդն է: Այստեղ էլ հենց նա հայ մտավորականներից պահանջում է «կենդանի կապակցություն» պահպանել «հասարակ ժողովրդի» հետ:

Հայ հասարակական կյանքում արձանագրելով տարբեր հասարակական հոսանքների եւ ուղղությունների գոյության փաստը, Նալբանդյանն անհրաժեշտ է համարում դրանց միջեւ եղած հակասությունները պարզաբանել հրապարակային ազատ բանավեճի միջոցով եւ անզիջում պայքարի ճանապարհով միայն բացահայտել պատմական ժամանակաշրջանի առաջադրած հարցերի պատասխանը:

Հայ  դեմոկրատական  հրապարակախոսության   այս  յուրօրինակ ծրագրային փաստաթղթի` «Նկատողությունք» հոդվածի միջոցով է, որ հայ իրականության մեջ գիտական մեկնաբանություն են ստանում եւ շրջանառության մեջ դրվում ազգ, ազգություն, «հասարակ ժողովուրդ», հասարակական հոսանքներ, բանավեճ, լրագրության կոչում եւ այլ հասկացությունները:

Նալբանդյանի հյուսիսափայլյան շրջանի հրապարակախոսական լավագույն երկը, որի հրատարակությունը Կոմս Էմմանուել գրական կեղծանունով տեւել է շուրջ երեք տարի, հանրահայտ «Հիշատակարանն» է: Դրա էջերում քննարկվում էին հայ հասարակական կյանքն ալեկոծող այն հարցերը, որոնք այս կամ այն չափով առնչվում էին ժողովրդի հոգսերին: Այդ երկն այսօրվա սերնդին է ներկայացնում ժամանակի արեւելահայ իրականության պատկերն իր ամբողջ բարդությամբ, լայնությամբ ու բազմազանությամբ:

Նալբանդյանի  համար  հիշատակարանի  ժանրը  մի  կատարյալ գյուտ էր, որի օգնությամբ նա ժողովրդին դիմում էր հարազատ որդու սրտացավությամբ, խոսում նրա հետ մտերմիկ ոճով, երբեմն կշտամբանքի երանգով եւ նույնիսկ ցասումով, բայց երբեք չկորցնելով հավատը հայության վերահաս հաջողությունների, հայ ժողովրդի լավագույն ապագայի նկատմամբ: Այդ ապագայի երաշխիքը լուսավորությունն էր, մի սեւեռուն գաղափար, որը բազմակողմանիորեն քննարկվում է «Հիշատակարանում»:

Նալբանդյանն   ընթերցողներին   ծանոթացնում   է  բարոյական  եւ տնտեսական այն նսեմ վիճակին, որի մեջ գտնվում էր հայ ժողովուրդը:

/11/ «Ես որդի եմ մի անբախտ ազգի,     ներկայանում է նրա հերոսը, որ  երբեմն ունեցել է յուր քաղաքականությունը, յուր հողը, օրենքը, սուրը եւ  դրոշակը: Որ այս րոպեիս բեւեռից մինչեւ բեւեռ ցրված աշխարհի երեսին, գտանվում է խղճալի վիճակի մեջ, գերի եւ ստրուկ խավար նախապաշարմունքների եւ ամենեւին անհոգ լուսավորության մասին» [2]:

Քաղաքական առումով մեռած մի ազգի վերանորոգությունը, նրա բարոյական վերածնությունը Նալբանդյանը պայմանավորում է միմիայն   «ճշգրիտ  եւ   ստույգ»  լուսավորությամբ:   «Լուսավորություն, գրում է նա, ահա մի մեծ եւ հոյակապ խնդիր, որ ազգի կարողքը եւ  ուսումնականքը պարտական են լուծանել. չկա աշխարհի երեսին մի այնպիսի բան, որ ահարկու լիներ խավարից. սա մի զարհուրելի վարագույր է, որի տակ իրավունք ունին մարդիկ եւ մահ ենթադրել» [3]: Այս գիտակցությամբ է, որ  առանց  խնայելու իր հայրենակիցներին, Նալբանդյանը նշավակում է ազգի հանրության բարոյական ընդարմացման տխուր վիճակը, ընդգծում, որ «նանրահավատությունը եւ նախապաշարմունքը անկիրթ ժողովրդի համար վաղուց դարձել է հոգեղեն կամ իմացական կյանքի մի մասը»:

Թե՛ «Հիշատակարանում» եւ թե՛ 1859 թ. տպագրված «Մեռելահարցուկ» վեպում արծարծելով ազգը լուսավորելու հարցերը, Նալբանդյանը դրա առաջին աստիճանը համարում է բարեկարգ դպրոցների հաստատումը` որպես ժողովրդի փրկության «առաջին եւ վերջին ճանապարհ»: Նալբանդյանի կողմից մշակված դպրոցական ծրագիրը, որով նախատեսվում էր «աշխարհիկ լուսավորությունը չշփոթել կրոնի կամ կրոնավորների հետ», ձայնակցում էր դպրոցական կրթության մարզում ժամանակի ռուսական առաջադիմական հրապարակախոսության պահանջներին:

Հրապարակախոսի  լուսավորական  ծրագրի  հաջորդ  աստիճանը ենթադրում էր ամբողջ ժողովրդի մտավոր մակարդակի բարձրացումը, նրա մտքի եւ բանականության ազատության ապահովումը: Միայն «ազգության մեքենայի»` ժողովրդական լայն խավերի լուսավորության միջոցով էր Նալբանդյանը պատկերացնում նրանց քաղաքական կյանքի /12/ հստակ հեռանկարը:

Ժամանակի գիտական մտքի բարձրակետից Նալբանդյանը քննության է առնում հայ հասարակական կյանքի առջեւ ծառացած անհետաձգելի խնդիրները, որոնք հայ ժողովրդին պետք է օգնեին հանգելու ազգային ինքնաճանաչության: Դրանք էին` հայ նոր գրական լեզվի եւ գրականության զարգացման, գրաքննադատության ստեղծման, հայկական թատրոնի  սկզբնավորման բնական  գիտությունների  քարոզչության հետ կապված հարցերը, հայրենասիրական-լուսավորական ընկերությունների կազմակերպումը, հայ ժողովրդի գիտական պատմության ստեղծման խնդիրը եւ այլն:

Խոսքն առավել ներգործուն դարձնելու նպատակով, Նալբանդյանը «Հիշատակարանում» օգտագործում է բազմապիսի գրական ժանրեր` հրապարակախոսություն, բանավեճ, գրաքննադատական հոդված, թատերախոսություն, նամակ, երկխոսություն, բանաստեղծություն, որոնք նրա գրավոր խոսքին հաղորդում էին դինամիկ ընթացք, տոգորում այն խորին  հուզականությամբ Այս  էր  պատճառը որ  ընթերցողներից  ոչ մեկն անտարբեր չէր մնում «Հիշատակարանի» նկատմամբ: Եթե հայ հասարակության որոշակի շրջաններում «Հիշատակարանը» խթանում էր մտքերի շարժմանը եւ ուսումնառության ձգտմանը, աշխուժացնում հասարակական կյանքը, ապա մյուս կողմից առաջ էր բերում հետադիմական խավերի անբարյացակամությունը, տեղիք տալիս լուտանքների եւ թշնամական հարձակումների, որոնք հեղինակի համար անսպասելի չէին: Իր հոդվածներում Նալբանդյանը մեկ անգամ չէ, որ խոսում էր հայ հասարակական կյանքում առկա գաղափարական հակադիր ճակատների բախման անխուսափելիության մասին: «Իջանելով հայ դպրության ասպարեզը, գրում է Նալբանդյանը, մեք գիտեինք, որ դարավոր տգիտությունը պատերազմ պիտի հայտնե գիտությանը, որին լինելով մի  լոկ  սպասավոր  օրհնեցինք  եւ  ընդունեցինք  այդ  պատերազմը» [4]:

Մտավոր այդ «պատերազմն» ընդգրկում էր հարցերի եւ երեւույթների հսկայական շառավիղ: Դա հին ավանդույթների, կրոնական մոլեռանդության առճակատումն էր բանականության, գիտության, նախապաշարումներից ձերբազատված անհատի մարդկային արժանապատվության հետ, որը վեր էր հանում դարավոր խավարի ու հին բարոյականության դատապարտվածությունը: Պատմական ժամանակաշրջանի անկասելի այս առաջընթացը ոգեւորում էր Նալբանդյանին. չէ՞ որ պայքարի բովում ժողովուրդը միաժամանակ կոփվում էր, առնականանում, /13/ ապացուցում                               իր    կենսունակությունը:    «Անհնարին էր, նշում է նա այս առիթով, որ ուրիշ ազգերի մեջ պատահածը չպատահեր եւ մեր մեջ. այս րոպեում անչափելի է մեր ուրախությունը, ըստ որում հայությունը մի քայլափոխ արել է արդեն» [5]:

Այս պայքարն իր առավել ցայտուն արտահայտությունը գտավ ժամանակի պարբերականների միջեւ ծավալված բանավեճում, որը շարունակվեց մի քանի տարի: «Հյուսիսափայլի» բանավիճային հոդվածները շոշափելի լինելու չափ տեսանելի էին դարձնում հակառակորդների հայացքների հակապատմական, հակագիտական ելակետը, նրանց պարբերականների ներգործության ոլորտի անձկությունը:

60-ական թվականների արեւելահայ լրագրային բանավեճի առաջամարտիկ Նալբանդյանի «Հիշատակարանը» լի է բանավիճային պայքարի  բովում  ստեղծված  բազում  գյուտերով Կանգ  չառնելով  Նալբանդյան-բանավիճողի արվեստի առանձնահատկությունների վրա, հիշենք միայն նրա օգտագործած հնարքներից մեկը: Հավանաբար այնպիսի տպավորություն ստեղծելու համար, թե իբր «Մեղու Հայաստանի» կամ «Ճռաքաղ» պարբերաթերթերը հակահարված էին ստանում երկրի տարբեր  կողմերում  ապրող գործիչների  ստվար  խմբի կողմից, Նալբանդյանը «Հիշատակարանում» ստեղծում է թղթակիցների մտացածին անուններ, որոնց հանդես է բերում այլեւայլ իրավիճակներում, հնարամտությամբ պահպանելով իրականի պատրանքն ու երանգները: Այս կերպ Նալբանդյանն ընդարձակում էր պայքարի դաշտը, ավելի նպատակասլաց եւ ներգործուն դարձնում ամսագրի հարվածները:

«Հիշատակարանում»  ստեղծված  գրական  կերպարների   թվում առանձնանում է Կոմս Էմմանուելի ամբողջական կերպարը: Գրեթե երեք տարի Կոմսն իր հիշատակարանի միջոցով հաղորդակցվում է հայ ընթերցողների հետ, իր գոյության լինելիությունը հավաստում նաեւ «Մեռելահարցուկ» վեպում` իբրեւ գլխավոր հերոս: Նալբանդյանն այդ գրական  կեղծանունով  է  ստորագրում  եւ  իր  բանաստեղծությունների  մի մասը: Նալբանդյանի ստեղծած կերպարը` քաղաքացիական իր առնական նկարագրով եւ ժողովրդի շահերին անսահման նվիրվածությամբ դաստիարակել է հայ դեմոկրատական մտավորականության բազմաթիվ սերունդներ:

«Հիշատակարանի»  առաջին  գլուխներում  արտացոլվել  են  Նալբանդյանի արմատական դեմոկրատական, լուսավորական հայացքները, որոնք կարճ ժամանակից նկատելի բարեշրջություն են ապրել /14/ դեպի                   հեղափոխական   դեմոկրատիզմը  եւ  հայ  ժողովրդի օգտին ծավալած նրա լուսավորական քարոզչությունը քաղաքական խոր բովանդակություն է ձեռք բերել: Արդեն 1859 թ. Նալբանդյանն ազգ հասկացության մեջ հստակ տարբերակում է մտցնում: «Երբեւիցե խոսելով ազգի վերա, գրում է նա, միշտ մեր աչքի առաջեւ ունինք հայոց հասարակ  ժողովուրդը, եւ  ազգ ասելով  չենք իմանում այն մի քանի մարդիկը, որ արծաթի սանդուղով վեր էին բարձրացել ազգի մակերեւութից, այլ այն խեղճ եւ կարեկցության արժանի ժողովուրդը, որի վերա    ծանրացել    է     ազգային    ապաբախտության    հետեւանքը» [6]:

Աշխատավոր ժողովրդին համարելով ամբողջ ազգության հիմքը, Նալբանդյանն իր հրապարակախոսական գործունեությունն անմնացորդ ծառայեցնում է ժողովրդի այդ խավի կյանքի բարօրության ստեղծմանը:

Գրաքննական   նկատառումներով   հնարավորություն  չունենալով վերլուծել հասարակական կյանքում առկա սոցիալական անհավասարության բոլոր պատճառները, Նալբանդյանը բավարարվում է գրելով. «Հարկադրվում ենք այսքան միայն ասել, որ հին բարոյական աշխարհի եւ  հին խելքերի դրությունքը չէին կարող այլ հետեւանք դուրս դնել»:

Սակայն, Նալբանդյանն ընդվզում է այդ «հետեւանքի» դեմ իր անմահ «Ազատություն» բանաստեղծությամբ, որը ծնվում է «Հիշատակարանի» հենց այն էջերում, որտեղ քննարկվում էին հայ ժողովրդի բարոյական վերածնության եւ տնտեսական վերանորոգության հարցերը:

Նալբանդյանն իր ժամանակակիցների թվում միակն էր, որը մամուլի էջերում արծարծեց հնդկահայերի կտակած գումարների ստացման իրական ճանապարհների հարցը: Այնուհետեւ նրա ճանապարհորդությունը դեպի Հնդկաստան եւ գումարների ձեռքբերման հետ կապված մաքառումները`  նրա  քաղաքացիական  սխրանքի  վառ  դրսեւորումը դարձան:

* * *

1860  թ աշնանը Հնդկաստան  մեկնելու  առիթով Նալբանդյանն առաջին  անգամ  գալիս  է  Հայաստան Ճանապարհին  նա  տասն  օր անցկացնում է Թիֆլիսում, այնուհետեւ մեկ ու կես ամիս ապրում Էջմիածնում, ծանոթանում ժողովրդի կյանքի պայմաններին, այցելում է Օշական եւ Քանաքեռ, հարգանքի տուրք մատուցում հայոց երկու Մեծերի հիշատակին: Հոկտեմբերի վերջին, ավարտելով գործերը, Նալբանդ/15/յանը    մեկնում    է    Թիֆլիս    եւ    այնտեղից                     ուղեւորվում արտասահման: Նոյեմբերի 20-ին նա հասնում է Կ. Պոլիս, որտեղ մեկ ամիս շարունակ ծանոթանում է արեւմտահայության կյանքին: Հնդկաստանից վերադարձի ժամանակ` 1861 թ. դեկտեմբերին, նա մեկ ամիս անց է կացնում Կ. Պոլսում: Այս ամիսներին Նալբանդյանը հնարավորություն  է  ստանում  ի  մոտո  ծանոթանալու  արեւմտահայ դեմոկրատ  գործիչների  հետ որոնք  հենց  նրա  Կ Պոլիս  գնալու նախօրյակին  հաղթանակ  էին  տարել`  սուլթանական  Թուրքիայում Ազգային սահմանադրության ձեռքբերումով: Սակայն, հաղթանակի խանդավառությունը ինչ-որ չափով աղարտվում էր հակասահմանադրական,   հետադիմական   ուժերի,   մասնավորապես «Երեւակ» թերթի խմբագիր Հովհաննես Տերոյենց-Չամուռճյանի հակաժողովրդական գործունեությամբ: «Մեղու» թերթում տպագրած հոդվածներով Նալբանդյանը պսակազերծ է անում Չամուռճյանի` իմաստունի համբավը, բացահայտում XIX դ. 60-ական թվականներին դեւերի գոյությունը հիմնավորող աստվածաբանի եւ «ինքնակոչ փիլիսոփայի» ողորմելի մտածելակերպը:

Այդ օրերին Կ. Պոլսի հայ մտավորականները վրդովված էին եւս մեկ իրողությամբ, որը հարկադրում է Նալբանդյանին` միջամտել պոլսահայ համայնքի խաղաղությունը խռոված վեճերին: Վանի առաջնորդ Պողոս վարդապետը չարաշահելով  իր  պաշտոնը անբարոյական  ու  բիրտ արարքներով հարուցել էր ժողովրդի զայրույթը: Քանի որ Կ. Պոլսի կրոնական ժողովը, քննարկելով Վանից ստացված բողոքները, շատ մեղմ վճիռ էր կայացրել, «Մեղուին» հղած նամակում Նալբանդյանը բողոքում է այդ որոշման դեմ եւ պահանջում քրեական հանցանքներ կատարած հոգեւորականին դատել քաղաքացիական դատարանում:

Այստեղ Կ. Պոլսում  Նալբանդյանը  մասնակցում  է առաջադիմական հայրենասիրական  կազմակերպությունների  աշխատանքներին, դրանց  գործունեությունը  նպատակամղում  դեպի  ազգային-ազատագրական շարժումները: Շուտով Նալբանդյանը մեկնում է Փարիզ: Նա Եվրոպայում  ճանապարհորդել  էր  եւ  նախկինում բայց  1861  եւ  1862 թվականներին ամիսներ շարունակ ապրելով Փարիզում եւ Լոնդոնում, արդեն հիմնավորապես բարեկամանում է ռուս հեղափոխական վտարանդիների հետ, նրանց օգնությամբ մշակում հայության երկու հատվածի ազգային-ազատագրական պայքարի ծրագիրը, կոնկրետ հեղափոխական պարտավորություններ ստանձնում` Ռուսաստանում նախապատրաստվող գյուղացիական հեղափոխությանն օժանդակելու համար:

/16/ Կայուն հարաբերություններ հաստատելով հեղափոխական շրջանների հետ, Նալբանդյանը չի դադարեցնում հրապարակախոսական   գործունեությունը   եւ   օգտվելով   1859   թ. Փարիզում Ճանիկ Արամյանի հիմնադրած տպարանի ընձեռած հնարավորություններից, 1861 թ. գարնանը տպագրում է «Երկու տող» պամֆլետը, իսկ մեկ տարի անց` «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատությունը:

Հետաքրքրական է այն փաստը, որ դեռեւս 1859 թ. սեպտեմբերին Նալբանդյանը մեծ գոհունակությամբ էր խոսում Արամյանի տպարանի մասին: Կարելի է ենթադրել, որ Լոնդոնում Ա. Ի. Գերցենի հիմնադրած ռուսական Ազատ տպարանի օրինակը եւ գործունեությունը նկատի ունենալով  էր  նա  գրում «Ազատ  գրատպությունը  մեծ  քայլափոխ  է դեպի հառաջադիմություն. եւ ամենայն մարդ, որ կարող է որեւիցե կերպով, ընթացք տալ ազատության, արժանի՛ եւ արժանի՛ է մեծ շնորհակալության» [7]: Ահա փարիզյան ազատ տպարանում հրատարակելով հրապարակախոսական այս երկերը, Նալբանդյանը հայ իրականության մեջ սկզբնավորում է ռուսական Ազատ մամուլի ստեղծման ավանդույթը: Եթե հաշվի առնենք, որ «Երկու տող» եւ «Երկրագործությունը որպես ուղիղ  ճանապարհ»  երկերը  տպագրվել  են  գրաքննությունից  ազատ արտասահմանյան տպարանում ու հետագայում լայնորեն տարածվել երկու հատվածի հայ առաջադեմ մտավորականության շրջաններում ապա Նալբանդյանի այդ գործերը կարելի է համարել XIX դ. 60-ական թվականների հայ դեմոկրատական Ազատ մամուլի առաջին օրինակները:

Ծրագրային  այդ  աշխատություններում  Նալբանդյանը ելնելով 1859-1861  թթ հեղափոխական  ճգնաժամի  իրադրությունից քննարկում էր հայ ժողովրդի վիճակը, ընթերցողներին ծանոթացնում Ռուսաստանում հեղափոխական-դեմոկրատական շարժման հեռանկարների եւ եվրոպական երկրներում վերջին տասնամյակներում ծավալված ազատագրական շարժումների հետ:

«Երկու տող» պամֆլետի ժանրի ընտրությունը կապվում էր այն հարցի լրջության հետ, որին նվիրված էր աշխատությունը: Չամուռճյանի եւ վանեցի Պողոսի արարքների առիթով Նալբանդյանը բարձրացնում է հետադիմական երեւույթների, խավարի, կամայականության եւ սխոլաստիկ մտածողության դեմ անողոք պայքարի անհրաժեշտության հարցը եւ նշում աշխատավորության իրավունքների պաշտպանության, /17/ նրանց     լուսավորության     եւ համակողմանի      ազատության կարեւորությունը:     Շատ    հետաքրքրական     է,     որ     Չամուռճյանի բարոյական ոչնչությունն առավել ընդգծելու նպատակով նա օգտագործում է Գերցենի բանավիճային հնարքներից մեկը` Ֆոքսին հղված նամակը [8], իսկ գրքի շապիկի չորրորդ էջում զետեղում խավարի խորհրդանիշը` չարագուշակ բուի պատկերով [9]:

Նալբանդյանն առաջինն էր, որ քննարկելով հեղափոխական ճանապարհով հայ ժողովրդի ազգային եւ սոցիալ-քաղաքական ազատագրության խնդիրները, գործնականում եւս պայքարում էր այդ նպատակի իրականացման  համար Արեւելահայության  ազատագրության  գաղափարը նա անբաժանելի էր համարում ռուսական գյուղացիական հեղափոխության ծրագրից եւ Ռուսաստանի տիրապետության տակ գտնվող ժողովուրդների (այդ թվում հայերի) ազատագրման հեռանկարը պայմանավորում ինքնակալության տապալմամբ:

«Երկրագործությունը  որպես  ուղիղ  ճանապարհ»  աշխատության մեջ վերլուծելով հետռեֆորմյան Ռուսաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը, Նալբանդյանն ընդգծում է, որ ինքնակալությունն ու ժողովուրդն «ամենայն րոպե» հեռանում են միմյանցից: Միանգամայն համոզված այն բանում, որ ինքնակալությունն անընդունակ է լիարժեք ազատություն շնորհելու ճորտ գյուղացիությանը, նա ազդարարում է. «Այս ջերմախտական եւ լարյալ վիճակը անհնար է, որ լինի երկարատեւ: Եթե, վաղօրոք, խելք գործ չդրվի, ստրուկը յուր հողով հաներձ կատարելապես ազատ չքարոզվի, եւ այս կերպով այն կնճիռը չլուծվի, ստրուկը կացինով կվճռե գործը» [10]:

Ռուս հեղափոխական դեմոկրատների հետ մեկտեղ, Նալբանդյանը հեղափոխական հանգուցալուծման վճռական պահը «շատ մոտեցած եւ կարծվածից ավելի մոտեցած» էր համարում: Նա մարգարեանում էր կանխատեսելով «Ռուսիո  մեջ  խմորված  ազատությունը  համարձակ կարելի է մարդկային ազատություն անվանել» [11]:

«Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» գրքում Նալբանդյանը սուր քննադատության է ենթարկում ժամանակի բռնապետական տերություններին, որոնք ստրկացնելով այլ ժողովուրդների, ճգնում էին իրենց գիշատչական քաղաքականությունը ներկայացնել իբրեւ այդ ժո/18/ղովուրդներին  քաղաքակրթելու «մարդասիրական»    նպատակ: Խորապես ատելով բռնակալությունը` Նալբանդյանը բանականության հետ անհամատեղելի է համարում ժողովուրդների ստրկացումը եւ հայտնում այն միտքը, թե «ճնշված մարդերի համար, ազգությունն է նոցա միակ դրոշը, որ կարող է բացվիլ բռնակալությանն ընդդեմ»: Բայց միաժամանակ նա հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը դիտում  էր  իբրեւ  տնտեսական  եւ  քաղաքական  ազատության համար մղվելիք պայքարի անբաժանելի մաս:

Հեղափոխական գործչի եւ տեսաբանի խորաթափանց հայացքով Նալբանդյանը նկատում էր, որ օտար լծի ներքո հեծող հայերը ենթարկվելով նաեւ սեփական ժողովրդի հարստահարիչների եւ հոգեւորականության ճնշմանը, հասել են «մի ծայրացյալ թշվառության»: Ուստի, եւ հայ ժողովրդի ազատագրական պայքարի խնդիրներից հիմնականը համարելով հողի եւ ազատության ձեռքբերումը, նա ուսուցանում էր. «Ազգությունը ազատություն չէ ժողովրդին. նա փոխում է միայն նորա լուծը»:

Անձնական կապեր հաստատելով ռուսական հեղափոխական ընդհատակի գործիչների հետ . Ի. Գերցեն, Ն. Պ. Օգարյով, Մ. Ա. Բակունին եւ ուրիշներ)` Նալբանդյանը հեղափոխական ճգնաժամի վերելքի օրերին, «Երկու տող» պամֆլետում, իր կյանքի «բուն խորհուրդը եւ նպատակը» համարում էր հասարակ ժողովրդի ոտնահարված իրավունքների պաշտպանությունը: Ժամանակի հայ գործիչները, որ խորապես հավատում էին Նալբանդյանին, ոգեւորությամբ էին համակվում` կարդալով հայ դեմոկրատիայի առաջնորդի երդումը. «Այս նպատակին հասանելու համար չէ պիտո ընկրկինք ոչ բանտի եւ ոչ աքսորի առաջեւ, ոչ միայն բանիվ եւ գրչով, այլեւ զենքով եւ արյունով, եթե մի օր արժանի լինինք զենք առնուլ մեր ձեռքը եւ մինչեւ այժմ քարոզած ազատությունը նվիրել եւ սրբել մեր արյունով:

Ահավասիկ  մեր  դավանությունը որի  մեջ  տեսանում  ենք  ազգի փրկությունը» [12]:

Արեւմտահայության ազատագրության հարցը Նալբանդյանը պայմանավորում էր եվրոպական երկրներում նախապատրաստվող ազգային-ազատագրական շարժումներով: Կ. Պոլսում Նալբանդյանն անդամագրվում է «Բարեգործական ընկերությանը», որի հենքի վրա ստեղծված գաղտնի կազմակերպությունը պետք է կապեր հաստատեր «Եվրոպայում  եւ  Ռուսաստանում  արծարծվող  ազգային-ազատագրական  ու /19/ գյուղացիական   շարժումների   եւ    դրանց    ղեկավարների    հետ» [13]: Ակադեմիկոս   Աշոտ   Հովհաննիսյանը   նշում   էր,   որ   Նալբանդյանի արեւմտահայ զինակիցները «կապված էին կամ աշխատում էին կապվել իտալական, լեհական եւ ռուսական շարժման ղեկավարների հետ» եւ որ նրանց «զբաղեցնում էին քաղաքական, ռազմական, կազմակերպական ծանրակշիռ գործեր, մասնավորապես, գործնական ու անմիջական խնդիրներ, որոնք կապ ունեին «Լոնդոնի պրոպագանդիստների» հեղափոխական հեռանկարների հետ» [14]:

Աշխուժացնելու  համար  իր  հայրենակիցների  ազատասիրական եռանդը, Նալբանդյանը «Երկու տող» պամֆլետում վկայակոչում է եվրոպական ժողովուրդների 1848-1861 թթ. ազատագրական շարժումները եւ կշտամբում հայերին` ճգնաժամային այդ օրերին մանրիկ ծխական հաշիվներով եւ հոգեւորականների դավերով զբաղված լինելու համար: Նա անուղղակիորեն հորդորում է իր ազգակիցներին` հետեւել հերոսական այդ ժողովուրդների օրինակին, որոնց համար ազատության կորուստը հավիտենական վիճակ չէր դարձել:

«Երկու տողում» Նալբանդյանն առաջադրում է այն հիմնահարցը, որը նրան մշտապես զբաղեցնում էր. «Ի՛նչ մնաց մեզ մեր անցած օրերից, ի՛նչ վիճակի մեջ ենք ներկայումս, ի՛նչ ճանապարհ է մեր գնացածը եւ ո՛ւր է դորա ելքը» [15]: Ելքը նա մատնանշում է այլաբանորեն. «Տարիները վազում են փայլակի շուտությամբ, օրերը թռչում են, որպես մի վայրկյան Վախենում  ենք  եւ  իրավունք  ունինք  վախենալու թե  մի՛ գուցե, մինչեւ հայը կշտանա յուր մահանման քնից, լուսինը անդնդասույզ գնա հորիզոնից ներքեւ» [16]:

Զինված ապստամբության ճանապարհով հայ ժողովրդի ազատագրության շուրջ` Նալբանդյանը հրապարակախոսական աշխատություններից զատ, արտահայտվել է նաեւ իր բանաստեղծություններում եւ նամակներում: Դեռեւս 1859 թ. եվրոպական շրջագայության ընթացքում նա գրում է «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունը, որն իտալացիների ազատագրական պայքարի մի հիացական ներբող է:

Ազգային  դրոշը  պարզած`  իտալացիները  նետվում  են  մարտի դաշտ` կործանելու ավստրիական շղթաները: Իտալիայի ազատագրումը ձեռք է բերվում նրա որդիների արյամբ, եւ բանաստեղծը երազում է /20/ այն       պահը,       երբ       նրանց    խանդավառության կեսը կամ գեթ կեսի կեսն ի հայտ գար հայերի մոտ: Նա կշտամբում է հայերին եւ միաժամանակ քաջալերում նրանց.

Ամենայն տեղ մահը մի է,

Մարդ մի անգամ պիտ մեռնե.

Բայց երանի՜, որ յուր ազգի

Ազատության կը զոհվի:

Իտալական ազատագրական շարժումների հենքը հնարավորություն է տվել Նալբանդյանին` իր ժամանակի եւ հետագա տասնամյակների սերունդներին հաղորդելու ազգային-ազատագրական պայքարի այս պայծառ ավանդույթը:

Իրադարձությունները Եվրոպայում եւ Ռուսաստանում շիկանում են: 1863-1864 թթ. տեղի է ունենում լեհական ապստամբությունը, որը խեղդվում է արյան մեջ: 1860-ական թվականների սկզբներին իտալական ազգային-ազատագրական շարժումը թեւակոխում է նոր փուլ. իտալացիների հերոսական պայքարը 1870 թ. հանգեցնում է Իտալիայի միավորմանը եւ նրա վերջնական ազատագրմանը հաբսբուրգյան լծից: Ռուսաստանում  հզորանում  են  հեղափոխական  շարժումները 1862 թվականից իր գործունեությունն է ծավալում «Զեմլյա ի վոլյա» ընդհատակյա  հեղափոխական կազմակերպությունը «Հյուսիսափայլում» 1861   թ.   կողք-կողքի   տպագրվում   են   «Իտալացի   աղջկա   երգը» բանաստեղծությունը  եւ  հունգարացի  բանաստեղծ հեղափոխական-դեմոկրատ Շանդոր Պետեֆիի ազատասիրական երկու երգերը` Մ. Բուդաղյանի թարգմանությամբ [17]:

Նալբանդյանն այդ օրերին գտնվում էր Եվրոպայում: Ռուսաստանում գործում էին նրա հայ զինակիցները, որոնք Նալբանդյանի եւ Պետեֆիի ազատասիրական բանաստեղծությունների տպագրությամբ արձագանքում էին երկրում խորացող հեղափոխական իրադրության պահանջներին: Հիրավի, Նալբանդյանի նամակները Սվաճյանին, վերջինիս արմատական դեմոկրատական հոդվածները «Մեղու» թերթում, Թագվորյանի  այլաբանական  նամակը Նալբանդյանի  թղթերի հետ բռնագրավված ծածկագիր գրությունների գաղտնագիրը եւ բանալին, Մ. Բուդաղյանի, Հ. Քուչուբեկյանի, Ս. Շահազիզի, Ա. Սուլթանշահի, Գ. ՏերՀովհաննիսյանի (Քաջբերունու) եւ այլոց գործունեությունը վկայում է Ռուսաստանում եւ Թուրքիայում հայ դեմոկրատական երիտասարդու/21/թյան` Նալբանդյանի համախոհների որոշակի շրջանակի առկայության մասին:

Ժամանակի այդ գործիչներն էին հենց, որ Նալբանդյանի ձերբակալությունից, ապա եւ վաղաժամ վախճանից հետո մամուլի էջերում ժողովրդականացնում էին նրա բանաստեղծությունները, ձեռագիր օրինակներով բազմացնում «Երկրագործությունը», «Ազատություն» բանաստեղծության լուսապատճենները (հեղինակի նկարով հանդերձ)` իբրեւ հեղափոխական  կոչ  տարածում  երիտասարդության  մեջ Նրանք  եւ նրանց հետնորդները երիտասարդությանը ոգեւորում էին Նալբանդյանի հայրենանվեր գործունեությամբ, հետագա սերունդների համար միշտ կենդանի եւ բորբոք պահում մեծ մտածողի լուսավոր ավանդույթները:

* * *

1862 թ. երկրորդ կեսն իր հետ բերում է հետադիմության շունչը: Ինքնակալությունը կատաղի պայքար է սկսում հեղափոխական շարժումների դեմ: Հեղափոխական խմբակները ցրվում են, առաջադիմական կազմակերպությունները` հետապնդվում, ութ ամսով փակվում են «Սովրեմեննիկ» եւ «Ռուսսկոյե սլովո» ամսագրերը: Մինչ այդ, 1861 թ. աշնանը, ձերբակալվել եւ շղթայակապ Սիբիր էր աքսորվել հեղափոխական գործիչ, ռուս հրապարակախոս եւ բանաստեղծ Մ. Լ. Միխայլովը:

1862 թ. հուլիսին ռուս հեղափոխական վտարանդիների հետ ունեցած կապերի մեղադրանքով ձերբակալվում են մի խումբ գործիչներ, այդ թվում Ն. Գ. Չերնիշեւսկին, Ն. Ա. Սերնո-Սոլովյովիչը, Մ. Նալբանդյանը: Շուրջ երկու տարի ձգձվում է Չերնիշեւսկու, Նալբանդյանի եւ «32-ի գործով» կալանավորված մյուս գործիչների դատավարությունը: Մինչդեռ Ալեքսանդր II-ի անմիջական հսկողությամբ սենատի աստիճանավորները վարձու «վկաներ» էին հավաքագրում եւ կեղծ մեղադրանքներ հերյուրում` Պետրոպավլովյան ամրոցի Ալեքսեեւյան ռավելինի պատերի ներսում Չերնիշեւսկին գրում էր իր դարաշրջանի լավագույն երկերից մեկը` Ռուսաստանի հեղափոխական երիտասարդության գործունեության ու պայքարի ուղեցույցը` «Ի՞նչ անել» վեպը: Նալբանդյանը նույնպես, 1862 թ. հուլիսից մինչեւ 1865 թ. մայիսն ընկած ժամանակահատվածում լարված աշխատում էր: Հարազատների եւ իրեն այցելող մի քանի մտերիմ ընկերների միջոցով նա կապ էր պահպանում հայ հասարակական շրջանների հետ, անհրաժեշտ տեղեկություններ ստանում ինչպես արեւելահայերի, այնպես էլ արեւմտահայերի առօրյայի մասին: Նա առանձնահատուկ ուշադրությամբ էր հետեւում Սվաճյանի գործունեությանը եւ ստանալով ազատախոհ «Մեղուի» հետապնդումների լու/22/րը`  ի  պաշտպանություն  այդ  թերթի,   գրում   է   «Ազգային թշվառություն»           հոդվածը:           Սերունդները           Նազարյանի անձնուրացությանն  են  պարտական  այն  բանի  համար որ Նալբանդյանի  հոդվածը`  «Հյուսիսափայլի»  խմբագրի ստորագրությամբ լույս է ընծայվել ամսագրում [18]: Նազարյանի շնորհիվ է Նալբանդյանի հոդվածը կատարել իր պատմական դերը` ուղղություն տվել արեւմտահայ դեմոկրատական ուժերի պայքարին: Նալբանդյանի ամենօրյա   նամակները,   որոնք   անվանապես   հասցեագրված   էին եղբորը, բայց իրականում հայ բարեկամներին, յուրատեսակ հրապարակախոսական ելույթներ էին, որոնցում, կարծեք «Հիշատակարանի» թերթերի միջոցով, նա արծարծում էր հայ հասարակությանը հուզող օրվա հարցերը:

Պետրոպավլովյան  ամրոցում  Նալբանդյանը  շատ  ժամանակ  էր հատկացնում նաեւ գրական-գիտական աշխատանքներին: Բերդում նա գրում է գեղագիտական, լեզվաբանական, փիլիսոփայական իր լավագույն ուսումնասիրությունները որոնց միջոցով  ձգտում էր նպաստել հայ նորաստեղծ գրականության զարգացման, հայ փիլիսոփայական մտքի  կազմավորման առհասարակ  գիտական  մտքի  առաջընթացի գործին:

Այստեղ Նալբանդյանը գրում է «Սոս եւ Վարդիթերի» կրիտիկան», որը նոր դարագլուխ է բացում հայ գրականության պատմության մեջ: Այն, որ «Կրիտիկան» ժամանակին չի հրապարակվել եւ չի կատարել իր դերը XIX դ. երկրորդ կեսի մեր գրական գործընթացում, բնավ չի նսեմացնում  գեղագիտական  մտքի  այդ հոյակապ  հուշարձանի արժեքը:

«Սոս եւ Վարդիթերի» կրիտիկան» հավաստում է հայ գրականագիտական մտքի զարգացման մի աստիճան, որը միանգամայն ներդաշնակում էր XIX դ. 40-60-ական թթ. ռուսական հեղափոխական-դեմոկրատական գեղագիտական մտքի նվաճումներին:

Անհրաժեշտ սկզբնաղբյուրների սակավության եւ հեղինակի` իրականությունից կտրված լինելու հանգամանքները թեեւ խանգարում են «Աշխարհաբարի քերականության» ստեղծմանը, բայց Նալբանդյանին, այնուամենայնիվ, հաջողվում է բանտում գրել 35 մամուլ ծավալով ծրագրված այդ աշխատության շուրջ 15 մամուլը: Դժբախտաբար, ձեռագիրը կորել է, բայց 1900 թ. տպագրված ու մեզ հասած փոքր հատվածներն իսկ վկայում են այդ հետազոտության անուրանալի արժանիքների մասին:

/23/ Պետրոպավլովյան ամրոցում   Նալբանդյանը կարդում է գերմանացի    փիլիսոփա    Ռ.    Հայմի    «Հեգելը    եւ    նրա    ժամանակը» աշխատությունը  եւ  այդ  առիթով  գրի  առնում  իր  նկատառումներն  ու դիտողությունները («Քաղվածք եւ մտածությունք»): Նալբանդյանը քննադատում է Հեգելի փիլիսոփայական ուսմունքը, որն իդեալականացնում էր ժամանակի պրուսական հետադիմական վարչակարգը,       սահմանափակում        մարդու       համոզմունքների ազատությունը: Այս առումով, Նալբանդյանը նախապատվությունը տալիս է Ֆոյերբախին, որը բանականության չափանիշ դարձնում էր մարդուն:      «Երկրագործությունը      որպես      ուղիղ      ճանապարհ» աշխատության համար իբրեւ բնաբան նա ընտրել է Ֆոյերբախի «Քրիստոնեության էությունը» աշխատության դրույթներից մեկը [19]: Նալբանդյանը փիլիսոփայությունը կապում է միայն իրականության հետ: «Մտահայաց փիլիսոփայությունը, գրում է նա, արժեք չունի մեր օրերում:

Այն փիլիսոփայությունը, որ անմիջապես չէ բխում մարդկային կյանքից եւ որ չէ դադարում դարձյալ մարդկային կյանքի վերա, քանի որ մարդը ապրում է եւ օդ է շնչում, մեք հրատարակում ենք նորան իմաստականություն  եւ  խաբեություն Մարդն  է  փիլիսոփայության  ե՛ւ  հեղինակը, ե՛ւ առարկան» [20]:

Նալբանդյանը մի քայլ առաջ է անցնում Ֆոյերբախից, նրա հայեցական մատերիալիզմին հակադրելով փիլիսոփայության ակտիվ, ներգործուն բնույթը: Նալբանդյանն անվերապահորեն չի հրաժարվում հեգելյան փիլիսոփայության ժառանգությունից եւ մերժելով նրա իդեալիզմը` գնահատում է այդ ուսմունքի դիալեկտիկ մեթոդը: Դիալեկտիկական մեթոդը Նալբանդյանը, ինչպես եւ նրա մեծ ժամանակակիցները` ռուս հեղափոխական դեմոկրատները, ծառայեցնում է ժողովրդի լուսավորության, նրա ազատագրական պայքարի գործնական նպատակներին: Փիլիսոփայական ճշգրիտ տեսության որոնումների ճանապարհին Նալբանդյանը միակն էր հայ իրականության մեջ, որի փիլիսոփայական հավատամքը սերունդներին առաջնորդում էր վճռական պայքարի` հանուն ժողովրդի ազատագրման եւ նրա բարօրության ձեռքբերման:

Պետրոպավլովյան ամրոցի կիսախավար եւ խոնավ խցիկը գիտական աշխատասենյակ չէր, թեեւ Չերնիշեւսկին, Նալբանդյանը, Պիսարեւն /24/ իրենց  աննկուն  կամքի  շնորհիվ    ստեղծագործում էին օր ու գիշեր:

Բանտային դաժան պայմանները, այն հիվանդությունները, որոնցով տառապում էր Նալբանդյանը եւ որոնք հաճախ սրվում էին` նրա կյանքը դարձնելով մղձավանջային, չէին խախտում նրա աշխատանքային ռիթմը: Անընկճելի կամքի ուժով նա հաղթահարում է ֆիզիկական թուլությունը, արհամարհում բանտային հսկիչների մշտարթուն ներկայությունը:

Նալբանդյանը  շտապում  էր…  նա  տենդագին  աշխատում  էր  ոչ միայն հայ հասարակական կյանքի առաջադրած` օրվա հարցերին պատասխանելու, այլեւ իր ժողովրդի ապագայի, «հայոց ազգի համար հարյուր տարի հետո գալոց օրերի» բարվոքման մտահոգությամբ:

Նալբանդյանի`  իբրեւ  հրապարակախոսի  եւ  քաղաքացու  նկարագիրը, աշխատանքի ոճը բնորոշ են 60-ական թվականների բոլոր հեղափոխական-դեմոկրատներին, որոնց հայրենասիրությունը եւ նվիրվածությունը ժողովրդին, քաղաքացիական արիությունը, սկզբունքայնությունը, հավատարմությունն իրենց նվիրական գաղափարներին, դաստիարակել  են  դեմոկրատական  մտավորականության  եւ  հեղափոխական երիտասարդության բազում սերունդների:

«Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատությունը ձոնելով հայ երիտասարդությանը, Նալբանդյանն իր լավագույն հույսերը կապում էր այդ սերնդի հետ: Նրան կոչ անելով նայել դեպի առաջ, պայքարել ապագայի համար` նա մարգարեաբար գուշակում էր, որ այդ պայքարն ապարդյուն չի անցնի եւ տառապած հայ ժողովուրդն անվերապահորեն  կհասնի  իր  «կենսանորոգ  եւ  որոտընդոստ  հարության» բաղձալի ժամանակներին:

Նալբանդյանն իր հասարակական-հեղափոխական գործունեության ընթացքում մշտապես կապված է եղել ռուս հեղափոխական-դեմոկրատ գործիչների հետ եւ կրել Բելինսկու, Չերնիշեւսկու, Գերցենի հայացքների   բարեբեր   ազդեցությունը:   Ելնելով   հայկական   կյանքի առանձնահատկություններից եւ արտահայտելով իր ժողովրդի դեմոկրատական խավերի ազատասիրական տենչերն ու ձգտումները` նա հայ  հասարակական  միտքը  հասցրել  է  ռուսական  հեղափոխական-դեմոկրատական մտքի մակարդակին:



[1]     [Թափառական հրեա գործ Էժեն  Սյու  ֆրանսիացու, Միքայել Նալբանդյանցի աշխատութենով, Մոսկվա, 1857, հ. 1: ]

[2]     Միքայել Նալբանդյան, Հիշատակարան կոմս Էմմանուելի օրգրական թերթերից 1858-1860.   Միքայել   Նալբանդյան ԵԼԺ,   հ.   3,   Երևան 1982,   էջ   130:   [Թեպետ ժողովածուում ընդգրկված հոդվածների մի մասի տպագրությունը նախորդել է 1979-1997 թթ. ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի կողմից իրականացված` Նալբանդյանի Երկերի լիակատար ժողովածուի լույս ընծայմանը, այդուհանդերձ, նպատակահարմար գտանք հեղինակի քաղվածքները հղել` ըստ այդ հրատարակության: Ի դեպ, ինչ վերաբրում է սույն հոդվածին` քաղվածքների էջերը հեղինակը նշել է բնագրում]:

[3]     Նույն տեղում, էջ 182:

[4]     Նույն տեղում, էջ 203:

[5]     Նույն տեղում:

[6]     Նույն տեղում, էջ 181:

[7]     Նույն տեղում, էջ 165:

[8]     Միքայել Նալբանդյան, Երկու տող. Նույն տեղում, հ. 4, Երևան, 1983, էջ 10-11:

[9]     [Տե՛ս Մ. Մխիթարյան, Երկու հազվագյուտ շապկանկար. «Գրական թերթ», 16. XI. 1979: ]

[10]   Միքայել Նալբանդյան, Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ. Միքայել Նալբանդյան, ԵԼԺ, հ. 4, Երևան, 1983, էջ 54:

[11]   Նույն տեղում, էջ 57:

[12]   Միքայել Նալբանդյան, Երկու տող, էջ 18-19:

[13]   Աշ. Հովհաննիսյան, Նալբանդյանը և նրա ժամանակը, գիրք I, Երևան, 1955, էջ 534։

[14]   Նույն տեղում, էջ 504:

[15]   Միքայել Նալբանդյան, նշվ. աշխ., էջ 26:

[16]   Նույն տեղում, էջ 25:

[17]   «Հյուսիսափայլ», 1861, թիվ 11, էջ 400-404: [Տե՛ս մանրամասն Մ. Հ. Մխիթարյան, 1848-1849 թթ. հունգարական հեղափոխության արձագանքները հայ իրականության մեջ, Երևան, 2003, էջ, 81-82: ]

[18]   «Հյուսիսափայլ», 1864, թիվ 3:

[19]   [Իմ աշխատության գաղափարքը միայն եզրակացությունք են, փաստերի հետևանք, նոքա ըստինքյան գաղափարք չեն, այլ կերպարանած, կենդանի կամ պատմական իրողությունք: ]

[20]   Միքայել Նալբանդյան, Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ, էջ 69: