Նալբանդյանագիտության հարցեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՊՐՊՏՈՒՄՆԵՐ

Միքայել Նալբանդյանի Երկերի լիակատար ժողովածուի հրատարակությունը, նրա կյանքի տարեգրության լույս ընծայումը, ինչպես նաեւ Աշոտ Հովհաննիսյանի «Նալբանդյանը եւ նրա ժամանակը» երկհատոր մենագրության  հրապարակումը` նալբանդյանագիտության կարեւորագույն նվաճումներից են [1]:

Մեր կարծիքով, սակայն, նալբանդյանագիտության բնագավառներից մեկը դեռեւս կարոտ է քննության: Հայտնի է, որ Նալբանդյանի Երկերի լիակատար ժողովածուի մեջ առաջին անգամ ընդգրկվել են մի շարք հոդվածներ, որոնք «Հյուսիսափայլում» լույս են ընծայվել զանազան գրական կեղծանուններով: Այդ հոդվածների մի մասն, անկասկած, պատկանում է Նալբանդյանի գրչին եւ մեր բանասերները շնորհակալ  գործ են կատարել հարստացնելով Նալբանդյանի ժառանգությունը: Սակայն, դրա հետ մեկտեղ Նալբանդյանին են վերագրվել հոդվածներ, որոնց ուշադիր ընթերցանությունը կասկած չի հարուցում, որ դրանք պատկանում են այլ հեղինակների: Թվում է ժամանակն է, որ մեր բանասերները ուշադրությամբ քննելով այդ հոդվածները, զտեն Նալբանդյանի ստեղծագործությունը եւ ազատեն այն ավելորդ բեռից:

Այդ կարգի հոդվածներից մեր ուշադրությունը գրավել է Ա. Ա. Ե. ստորագրությամբ` «Նամակ Կոմս Էմմանուելը» խորագիրը կրող հոդվածը, որը տպագրվել է «Հյուսիսափայլում» եւ ուղղված է Ստեփանոս քահանա Մանդինյանի դեմ [2]:

Այդ նամակը ժամանակին անվերապահորեն համարելով Նալբանդյանի գրչի արգասիքը, մենք փորձել ենք վերծանել դրանում զետեղված /26/ ֆելիետոնը [3]:   Սակայն,   նամակի    խորազննին ուսումնասիրությունը մեզ հետագայում բերեց այն եզրակացության, որ այն չէր կարող պատկանել Նալբանդյանի գրչին` հետեւյալ նկատառումներով.

1 Նամակը լույս է տեսել «Հյուսիսափայլում» 1861 թ. սեպտեմբերին, այն ժամանակ, երբ Նալբանդյանը 1860 թ. նոյեմբերից ճանապարհորդում էր արտասահմանում եւ ըստ իր իսկ խոստովանության` չուներ թե՛ ժամանակ եւ թե՛ հնարավորություն աշխատակցելու «Հյուսիսափայլին»: Այսպես, 1861 թ. հունիսի 26-ին (հուլիսի 8-ին) Կալկաթայից Անանիա Սուլթանշահին հղված նամակում նա գրում էր. «Ամենեւին ձեռնհաս չեմ «Հյուսիսափայլի» համար աշխատելու. եղանակը, դատաստանական զբաղմունքը, պանդխտության դժնդակ ծանրությունը խլում են ինձանից  իմ  վերջին  հնարները Բայց  դու  աշխատիր  գեթ  մի  հատ ազատամիտ բան թարգմանելու: Ինչ եւ իցե այդ օրագիրը մեր թախըմի օռգանն է. հույս ունիմ, որ շուտով կկատարես խնդիրքս: Նազարյանցը կսրբագրե այն չնչին թերությունքը, որ պիտի լինին քո գրվածքում» [4]:

Գրեթե նույն միտքն է հաստատում եւ Նազարյանը, որը 1861 թ. մարտին գրում էր. «Նալբանդյանը այս րոպեիս Լոնդոնումն է, ոչինչ լուր չունիմ նորանից եւ ոչինչ գործակցություն «Հյուսիսափայլին»: Նա գնացել է այնտեղ Նախիջեւանցոց հանձնարարությամբ, որ գործ կատարե, Հնդկաստանի մեջ կտակած արծաթը ձեռք բերելու Նախիջեւանի օգտի համար: Նա եւ ինձ մոռացել է ուրեմն եւս առավել հեռավորքը» [5]:

Ինչո՞վ ապա բացատրել այն հանգամանքը, որ 1861 թ. հոկտեմբերնոյեմբեր   ամիսներին   «Հյուսիսափայլում»  տպագրվել  են   Ալֆոնզո Ռաթթի  ստորագրությունը  կրող  «Հռոմեական  նամակը»  եւ  Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունը [6]: Բանն այն է, որ բանաստեղծությունը   գրված   էր   նախքան   նրա  արտասահմանյան վերջին ճանապարհորդությունը եւ վաղուց կարող էր գտնվել Նազարյանի տրամադրության տակ: Ինչ վերաբերում է «Հռոմեական նամակին», ապա այդ հոդվածում արծարծված են 1858 թ. վերջին Ներսիսյան դպրոցում տեղի ունեցած ցնցող իրադարձությունները, որոնց մասին Նազարյանը տակավին 1859 թ. մի շարք նամակներ եւ նույնիսկ մի հոդված էր ստացել Թիֆլիսից: Նազարյանի նամակներից մեկից պարզվում է որ  ժամանակին  գրաքննությունը  նրան  արգելել  է  տպագրել  այդ /27/ դեպքը          լուսաբանող`           Գ.    Փարսադանյանի  Մուրադյան) Թիֆլիսից ուղարկած թղթակցությունը, ուստի եւ նա ստիպված է եղել այդ հոդվածն իր ընդարձակ ծանոթագրություններով հանդերձ հետ ուղարկել Թիֆլիսի իր բարեկամներին, որպեսզի նրանք գոնե ձեռագիր վիճակում այն տարածեն հասարակության լայն շրջաններում [7]:

Ելնելով ստեղծված իրավիճակից, Նալբանդյանը, հավանաբար, ստիպված է եղել դիմելու եզոպոսյան լեզվի օգնությանը եւ գրել է «Հռոմեական նամակը», որը, մեր կարծիքով, գրաքննական արգելաները շրջանցելու նպատակով Նազարյանը նպատակահարմար է գտել տպագրել ուշացումով` 1861 թ.:

Մինչ արտասահմանյան ճանապարհորդությունը` Նալբանդյանը հազիվ թե անդրադառնար Ա. Ա. Ե. ստորագրությունը կրող նամակում արծարծված հարցերին: Ինչպես նշեցինք, «Տեսիլ» բանաստեղծությունը տպագրվել էր 1860 թ. հունվարին. Նալբանդյանը 1859 թ. հոկտեմբերից մինչեւ 1860 թ. հունիսը գտնվում էր Պետերբուրգում եւ զբաղված էր իր քննություններով, թեկնածուական թեզով եւ ապա արտասահմանյան ճանապարհորդության նախապատրաստական աշխատանքներով: Նա Մոսկվա է ժամանում միայն հունիսին եւ 11 օր անց մեկնում Նոր-Նախիջեւան: Եթե այդ ժամանակամիջոցում կամ հենց Մոսկվայում նա հասցրած լիներ գրել այդ նամակը, ապա ոչ մի հիմք չենք տեսնում այն բանում, որ բանավիճային այդ ելույթի տպագրությունը Նազարյանը հետաձգեր ամբողջ մեկ տարով:

2 Նալբանդյանին վերագրվող այդ նամակում զետեղված է մի ֆելիետոն, որն սկսվում է հետեւյալ պարբերությամբ.

«Պատվելի առողջամիտ ազգակից, գիտեմ, որ կցանկանայիր իմանալ որեւիցե մեկ նորություն, եթե վաղուց լսած չլինեիր: Անցյալ 1860 թվականի հունվար ամսո 23-ին պատահելով Սատանի հայ Շումե գյուղի մեջ, տեսա մի զարմանալի անասնանոց, թեպետ վաղուց տեսած էի, բայց այդ ամենից զարմանալի էր, որի մուտը արժեր վեց կոպեկ. շուտով հատուցի եւ մտա. բայց ի՛նչպես զարմացա վերահատու լինելով…» [8]:

Այս հատվածը գրեթե բառացիորեն արտագրված է «Հիշատակարանում» (գլուխ Է) զետեղված մի նամակից, որը մեր կարծիքով, ուղղված է Գ. Այվազովսկու «Մասյաց աղավնու» դեմ եւ սկսվում է հետեւյալ պարբերությամբ.

/28/ «Ինձ վաղուց հայտնի է, որ  Հիշատակարան ես գրում եւ կը ցանկանայիր իմանալ որեւիցե անսովոր բան: Այս երկու ամսումը պատահելով  մի  քանի  վաճառահանդեսների  մեջ տեսա  մի թափառական գազանանոց, որի մուտքը արժեր կես մանեթ: Շուտով հատուցի եւ մտա, բայց ի՛նչպես զարմացա վերահասու լինելով նորա տիրոջ խաբեբայությանը» [9]:

Հազիվ թե Նալբանդյան-բանավիճողն արտահայտչական նոր միջոցներ չգտներ եւ ստիպված լիներ 1861 թ. արտագրելու ամսագրերից մեկի դեմ 1858 թ. գրած իր ստեղծագործության թեկուզ եւ մեկ պարբերությունը` բոլորովին այլ պարբերականի դեմ ուղղված նամակում:

3.     «Հիշատակարանի» էջերում կոմս Էմմանուելին հղված նամակներից եւ ոչ մեկում մեծարանքի խոսք չի նկատվում Նալբանդյանի հասցեին: Այդ նամակները որպես կանոն սկսվում են հետեւյալ սեղմ բառերով. «Ողորմած պարոն Կոմս Էմմանուել», «պարոն Կոմս Էմմանուել», «Պատվական եղբայրս Կոմս Էմմանուել», «Սիրելի եղբայրս Կոմս Էմմանուել» եւ «արգո պարոն Կոմս Էմմանուել»: Սակայն, Ա. Ա. Ե. նամակն ուղղված էր իր «ազատամիտ եւ անխարդախ ազգակից», «պատվելի առողջամիտ ազգակից» Կոմս Էմմանուելին, որի «ճշմարիտ ազգասիրության եւ ազգօգուտ գործակատարության» համար նամակագիրը մեծարում էր նրան:

4. Վկայակոչելով Նալբանդյանի «Հիշատակարանում» արտահայտված  այն  միտքը թե  Կոմս  Էմմանուելը  ներկարարի  կարասներ ունի որոնց  մեջ  ընկած  կենդանիները  հասարակությանը  երեւում  են «ներկված եւ դժվար ճանաչելի բրդով», Ա. Ա. Ե. գրում է. «Քո գործարանի կարասները չունին նյութերի պակասություն եւ դու հարկադրված ես այդ գործերը հառաջ տանել մինչեւ ժամանակի վախճանը: Երանի թե ես եւս օգնող լինեի այդ գործակատարությանը, նորա համար, որ Հայաստանի  ծխյալ  ավերակների  մեջ բավականին  հաստամորթ արջեր կան ներկելու: Բայց ավաղ ասելույս, նոքա շատ, եւ ես միայն. եւ կարասներս սակավ եւ ներկիս գույները պակասավոր, խնդրեմ դուք ինքներդ օգնություն հասուցանեք, եթե ո՛չ, ինձ եւս գերի կվարեն դեպի Մասյաց հաղթանդամ ուրվականների ամրոցը» [10]:

Այս նամակում այնքան ակնածանք կա դեպի Կոմս Էմմանուելի տարվա մեջ զանազան գույներով անբան կենդանիներ ներկող ամենակարող տակառները եւ այնքան մտավախություն իր կարասների պակասության եւ գույների սակավության մասին, որ չի կարելի չնշմարել հեղի/29/նակի անվստահությունը    «Հիշատակարանը»        հիշեցնող գործ ձեռնարկելու համար, որի անհրաժեշտությունը, սակայն, խիստ մեծ էր այդ օրերին:

5 Նալբանդյանի հետ միասին մեծարելով Նազարյանին, Ա. Ա. Ե. նրա արժանիքներից է համարում եւ այն, որ «այդ ճշմարտության սպասավորը քաջ գիտենալով յուր սուրբ պարտականությունը դեպի յուր կրոնը եւ դեպի յուր ընկերը, հավասարապես լցուցել է մինչեւ ցայսօր յուր սպասավորության չափը եւ պայմանը» [11]:

Հայտնի է, որ «Հյուսիսափայլում» 1860 թ. տպագրված «Մենդելսոն, Լեսսինգ եւ Լավատեր» հոդվածին [12]  կից ծանոթագրության համար կատաղի հալածանք է սկսվում Նազարյանի դեմ: Նա հռչակվում է լյութերական, աղանդավոր, հայոց եկեղեցու եւ հավատի թշնամի. նույնիսկ Էջմիածնի սինոդը «Հյուսիսափայլը» փակելու վճիռ է կայացնում: Ամսագիրը հաջողվում է փրկել միայն Նազարյանի ահռելի ջանքերի շնորհիվ: Անշուշտ, 1860 թ. վերջերի եւ 1861 թ. սկզբների այս լուրջ իրադարձությունները նկատի ուներ նամակագիրը, երբ շեշտում էր Նազարյանի նվիրվածությունը կրոնին եւ հետեւապես նրա դեմ բարդված հերյուրանքների անհիմն լինելը:

Նախ Նալբանդյանը Նազարյանին չէր կարող գնահատել նրա կրոնասիրության համար: Այնուհետեւ անկախ այդ բանից, նախքան իր արտասահման մեկնելը նա չէր կարող կանխատեսել իրադարձությունների հետագա ընթացքը:

Ի վերջո, արտասահմանյան ուղեւորությունների ժամանակ զբաղված լինելով միանգամայն լուրջ հարցերով, Նալբանդյանը հազիվ թե անհրաժեշտ գտներ ուշադրություն նվիրելու Մանդինյան քահանային:

6 Ա. Ա. Ե. իր նամակում հայտնում է հետեւյալ ուշագրավ միտքը. «Գիտեմ, որ կցանկանայիր իմանալ որեւիցե մեկ նորություն, եթե վաղուց լսած չլինեիր»: Առաջին հայացքից անիմաստ թվացող այս միտքը հետաքրքրական է հետեւյալ նկատառումով. նամակագիրը, հարկավ, համոզված էր, որ Նալբանդյանը «վաղուց», այսինքն արտասահմանյան ճանապարհորդության նախօրյակին կարդացած կլիներ «Մեղու Հայաստանի» թերթի համապատասխան համարը եւ գուցե նույնիսկ մոռացած այն, ուստի նրա ուշադրությունը հրավիրում է այդ հարցի վրա, որի դատավճիռը պատրաստվում էր կայացնել նրա իսկ ոճով ու եղանակով:

7 «Հիշատակարանում» Նալբանդյանն այս կամ այն առիթով խո/30/սելով       Նազարյանի   եւ   իր փոխհարաբերությունների մասին, նրան կոչում է միմիայն «հորեղբայր»: Ա. Ա. Ե. , սակայն, գրում է. «Ձեր համար ասում են, որ ներկարարի կարասներ ունի յուր բարեկամի (ընդգծումը մերն է Մ. Մ. ) գործարանի մեջ»:

8 Ա. Ա. Ե. նամակից ակնհայտ է դառնում, որ Նալբանդյանից բացի հեղինակը կապված է եղել նաեւ Նազարյանի հետ, որի մասին արտահայտվում է պատկառանքով եւ գրեթե երկյուղածորեն:

Նազարյանի հայացքների որոշակի ազդեցության հետ են աղերսվում Ա. Ա. Ե. նամակի մի շարք խորհրդածությունները` կապված հայերի նախնի փառքի եւ ներկա անմխիթար կացության, լուսավորության հաղթանակի, նախահայրերից ժառանգած ավանդույթը պահպանելու եւ այն ապագա սերնդին կտակելու կոչի հետ: Ինքնին հասկանալի է, որ «Երկրագործության»  հեղինակը  1861  թ չէր  կարող  մտորել  նման խղճուկ հարցերի շուրջ:

9 Նամակում բավական տեղ է հատկացված Ստեփանոս քահանա Մանդինյանի  «դպրոցի»  նկարագրությանը  Թիֆլիսում որն անկասկած, պարունակում է ինքնակենսագրական տարր եւ չի առնչվում Նալբանդյանի կենսագրությանը: Հայտնի է, որ խոսելով մանկական տարիներին ստացած կրթության մասին` Նալբանդյանն իր ուսուցչին (Օգսենտ տիրացու) անվանում է «վարպետ» կամ «խալֆա», մինչդեռ այս նամակում որոշակիորեն խոսվում է Ստեփանոս քահանա Մանդինյանի մանկավարժական գործունեության մասին:

10. Նամակի լեզուն դեռեւս անկատար է, լի բարբառային եւ գրաբարյան մի շարք արտահայտություններով, որը բնորոշ չէ Նալբանդյանի` հատկապես այդ օրերին գրած հոդվածների լեզվին:

Այսպիսով, մենք հանգել ենք այն եզրակացության, որ Ա. Ա. Ե. ստորագրությունը կրող նամակը պատկանում է «Հյուսիսափայլի» խմբագրությանը մոտ կանգնած գործիչներից մեկի գրչին, որն իր պարտքն է համարել պաշտպանել ամսագրի խմբագրի պատիվը Մանդինյանի թերթի հարձակումներից եւ մերկացնել վերջինիս գործունեության հակաժողովրդական էությունը: Այդ նամակագիրը չնայած անձամբ չի ճանաչել Նալբանդյանին, բայց այնքան լավատեղյակ է եղել նրա ստեղծագործությանը եւ գաղափարապես այնպես հոգեհարազատ նրան, որ իրեն իրավունք  է  վերապահել  օգտվել  նրա  բանավիճային  զինանոցից  եւ բազմիցս վկայակոչել «Հյուսիսափայլի» զանազան դրվագները: Նամակի ուշադիր ընթերցանությունը բացահայտում է երրորդ անձնավորության ջերմ սիրո արտահայտությունը Նալբանդյանի եւ Նազարյանի նկատմամբ, ինչպես նաեւ այն համեստ տոնը, որով նա արտահայտվում /31/ է իր իսկ կարողությունների մասին:

Ինքնուրույն ոչ մի գաղափարով աչքի չընկնող Ա. Ա. Ե. նամակը լոկ մատնում է Նալբանդյանին նմանվելու հեղինակի ջանքերը: Բնականաբար, այդ նամակը որեւէ բան չի ավելացնում Նալբանդյանի գրական ժառանգությանը եւ մեծ հրապարակախոսը որքան արագ թոթափի իրեն վերագրված նման բնույթի հոդվածների լուծը, այնքան լավ:


 



[1]     [Միքայել Նալբանդյան, Երկերի լիակատար ժողովածու, հ. I-IV, Երևան, 1940-1949; Ա Մ. Ինճիկյան, Միքայել Նալբանդյանի կյանքի և  գործունեության տարեգրությունը, Երևան, 1954; Աշ. Հովհաննիսյան, Նալբանդյանը և նրա ժամանակը, գիրք I-II, Երևան, 1955-1956: ]

[2]     [«Հյուսիսափայլ», 1861, թիվ 9, էջ 221-225: ] 1860 թ. հունվարին Մանդինյան քահանան իր «Մեղու Հայաստանի» թերթում տպագրում է բանաստեղծ Սեյադի «Տեսիլ» պասկվիլային  բանաստեղծությունը`  ուղղված  Ստեփանոս  Նազարյանի  դեմ Թեկուզ ուշացումով, «հյուսիսափայլականները» Ա. Ա. Ե. բանավիճային նամակով պատասխանում են Մանդինյանի ելույթին:

[3]     Տե՛ս . Մխիթարյան, Մ. Նալբանդյանի շուրջ արևելահայ մամուլում ծավալված մի պոլեմիկա. –] ՀՍՍՌ ԳԱ «Տեղեկագիր», 1956, թիվ 4:

[4]     Մ. Նալբանդյան, Երկերի լիակատար ժողովածու, հ. IV, Երևան, 1949, էջ 109:

[5]     Մաշտոցյան Մատենադարան, Պատկանյանների արխիվ, թղթ. 144, վավ. 303:

[6]     . Ռաթթի, Հռոմեական նամակ. «Հյուսիսափայլ», 1861, թիվ 10, էջ 301-330; Կոմս Էմմանուել, Իտալացի աղջկա երգը. Նույն տեղում, 1861, թիվ 11, էջ 400-402: ]

[7]     Տե՛ս նույն տեղում, Երիցյանի արխիվ, թղթ. 150, վավ. 49:

[8]     Միքայել Նալբանդյան, Երկերի լիակատար ժողովածու, հ. II, Երևան, 1947, էջ 362:

[9]     Նույն տեղում, հ. I, Երևան, 1945, էջ 382:

[10]   Նույն տեղում, հ. II, էջ 362:

[11]   Նույն տեղում, էջ 359:

[12]   [Ստ. Նազարյան, Մենդելսոն, Լեսսինգ և Լավատեր: Վիճաբանելով կրոնի վերա. «Հյուսիսափայլ», 1860, թիվ 10, էջ 298-313: ]