Սիրոյ գիրքը

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  
ՊԻՏԻ ՍՊԱՍԵ՜Մ…
       Սարերի վերով գնաց, եա՜ր, եա՜ր։
       Երե՛ք տարի։ Դեռ կը սպասե՛մ ես իրեն։
Ահա տարտամ հորիզոններն հեռաւոր ,
Ահա ճամբան որ կ’երկարի տրտմօրէն ,
Լռիկ ճամբան որ զայն տարա՜ւ մենաւոր։
       Ու ահա հո՛ն գիւղին վերջին տունը ցած՝
Որուն ետին՝ եղեւինի ծառին քով
Երկա՜ր, երկա՜ր ես մնացի քարացած
Ու իր մեկնի՛լը դիտեցի արցունքով։
       Երե՜ք տարի։ Այս հէգ ճամբուն եզրն ի վար
Երե՜ք անգամ ծընան մարգերը դաշտին ,
Երե՜ք անգամ ձիւնի փաթիլն հողմնավար
Անձայն հիւսեց անոնց պատանքը ցրտին։
       Յուսա՜լ, յուսա՜լ վերադարձի օրերուն ,
Բայց ո՞վ իրեն պիտի երթար պատմելու
Թէ երկրի մութ մէկ անկիւնին մէջ հեռուն ,
Ես կը սպասե՜մ իրեն՝ սիրոյս իմ հըլու։
       Երե՜ք տարի։ Մութ ձայն մը կայ անդադրում ,
Իմ վիրաւոր հոգւոյս մէջ չա՛ր ձայն մը կայ ,
Լացո՜ղ ձայն մը որ գիշերիս մէջ տրտում
Կ’ըսէ ինձ. «Խե՜ղճ աղջիկ, ան չի պիտի գայ…»։
       Ա՜խ, կը ճանչնամ քու բողոքի ձայնըդ, Վի՛շտ ,
Սակայն ի զո՜ւր, ա՛յս է իմ գիրը՛ս նըսեմ ,
Գնա՛ պատմել Տարիներուն թէ ես միշտ
Պիտի սպասեմ, պիտի սպասեմ , սպասե՜մ…
       [1908]