Նամակներ

Հեղինակ

Բաժին

Թեմա

28. ՍՏԵՓԱՆ ՍԱՐԵԱՆԻՆ

[15-20 փետրուար, 1906, Կանտ]

Սիրելի մեծ Հայր,

Ձեր քարտը (դրամին հետ) ժամանակին ստացած եմ, որ միասին հօրս նամակին ամբողջ ամիս մը սրտիս հմայքը կազմեցին։

Կը ներէք նամակիս ուշանալուն, Գրիգորը արդէն Ձեզի գրած ըլլալուն՝ այնքան հոգ չըրի շատ։

Այս օրերուս մէջ քիչ մըն ալ զբաղուած էի՝ բացի դասերէս հրատարակութեան խնդիրներով. բայց ահա 4-5 օր արձակուրդ ունինք, եւ ես քիչ մը ազատ եմ դուրսէ դուրս բաներով զբաղուելու։

«Սարսուռներու» տպագրութիւնը վերջապէս լրացաւ։ Տպագրութեան վերատեսուչը ամբողջ օրինակները ուղարկեց ինձ պայման դնելով, որ 60 ֆրանք վճարեմ. ես խնդրեցի իրմէ, որ սպասէ մինչեւ որ 60 օրինակ ծախուի, որպէսզի կարող ըլլամ հատուցանելու։

Համաձայն է։

Այս օրերուս մէջ քանի մը հատ արդէն վարժարան կը ղրկեմ. անոնք այդ սիրելի յարկին տակ աւելի զուարթ թռիչ պիտի բանան, քանի որ հոդ ծնան եւ հոդ մեծցան գիր առ գիր եւ շեշտ առ շեշտ։ Բայց այդ չնչին հատորը կիսկատար եղաւ, ահա բոլոր ցաւս։

Ամսահաշիւս

սենեակ, ճաշ, փեթրոլ                           75

գրեղէն                                                7

լուացք                                                2, 10

նամակ                                                1, 50

ոտքի փոխադրութեանց                       8

թատրոն                                             1, 70

օճառ, մազ, մանր-մունր                       80


                                                    96, 10

Երախտագէտ շնորհակալութիւն։

Յովսէփին գալը ուրախութեամբ իմացայ, քարտ մը ղրկած էր, գուցէ օր մը զիրար կը տեսնանք. Անվերս քանի մը ժամու ճանապարհ է։

Եւ մաղթելով յաջողութիւն, կը մնամ խոնարհ որդի

Ձեր
. Վարուժան]