Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  
ՉԸՍԻ՞
      
       Մութը չիջած, իրիկուընէ,
       Իրեն ըսի թէ ինձ համար
       Սէրը տժգոյն ծաղիկ մըն է,
       Զոր շունչիս տակ չէի կրնար
       Ապրեցընել- լուռ, կը խնդար…
      
       Մութը չիջած, իրիկուընէ,
       Իրեն ըսի թէ ինձ համար
       Սէրը հիւանդ կարապ մըն է,
       Զոր շրթունքներս չէին կրնար
       Կեանքի բերել-լուռ, կը խնդար…
      
       Մութը չիջած, իրիկուընէ,
       Իրեն ըսի թէ ինձ համար
       Սէրը մեռնող նշոյլ մըն է,
       Զոր իմ հոգիս ա՛լ չէր կրնար
       Բոցավառել - լուռ, կը խնդար…
      
       Ու լուսնին տակ, կէս գիշերին,
       Երբ կ՚իջնէինք բլուրն ի վար՝
       Կը կշտամբէ՛ր զիս հոգեւին.
       «Տե՛ս, հիւանդ եմ, ու չե՛ս գթար»
       Կը մրմնջէր ու լուռ կու լար…
      
       Բայց ես իրեն չըսի՞, չըսի՞,
       Իրիկուընէ, մութը չիջած,
       Թէ ցուրտ Հովէն եթէ մսի՝
       Այս հոգիովս, ցաւէն շիջած,
       Չէի՛ կրնար հուր տալ, չըսի՞… ։