Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՅՈՅՍ-ՏԱՐԱԿՈՅՍ
      
       Աշուն է, բայց այնպե՛ս արեւն է գինով,
       Ու երկինքն այնպէ՛ս կապոյտ, օրօրուն,
       Որ պատրանքն ունիմ անոյշ օրերուն.
       Ահ, կարծես ամա՛ռ է կախարդ գոյնով…
      
       Դեռ ամէն թռչուն կ՚երգէ անտարբեր,
       Ո՛չ մէկ շիւղ հովին տերեւ մը տուաւ.
       Ահ, կարծես անո՛յշ օրերն են, իրաւ,
       Կարծես մահ չկայ, ալ կեա՛նքն է եկեր…
      
       Միայն թէ ինչո՞ւ, ամէն իրիկուն,
       Ճիշտ երբ երկնքին քերթուածը մարի,
       Ախտաւոր հեւք մը հովին կը փարի,
       Տրտմութեան թոյնը տալով իրերուն…
      
       Եւ յետոյ, մութի մեջ կարծես կու լան…
       Մինչ ամրան ծիծա՛ղ միայն լսեցի.
       Այս առտու վարդ մը քաղել ուզեցի,
       Բայց հազիւ հպայ՝ թերթերը փլան…. ։