Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԼԵՐԱՆ ՍՐԻՆԳԸ
      
       Տակաւ, քանի՛ ցաւըս կ՚ըլլայ ահաւոր,
       Հոգիիս մէջ պայծառութիւն մը կ՚իջնէ.
       Ճերմակ թռչուն մը կարծես լուռ կը ննջէ
       Կուրծքիս վէրքին վրայ թառած, ու աղուո՛ր
       Շունչն իր կ՚ընէ զիս անդորր…
      
       Ահա նորէն սա մութ լերան սրինգն է.
       Գիտեմ, ի՛նքն է,
       Ընկերս աղուոր,
       Որ ամէն օր,
       Իր սրինգով,
       Մութէն գինով,
       Ցուրտ մտածումս կ՚առնինքնէ…
      
       Չ՚երգեր բնաւ տրտմութիւնը հոգեխռով
       Սա անարիւն աշուններուն.
       Ոչ ալ լոյսը արեւներուն
       Որ պիտի գան նորէն կեանքի փոթորիկով…
      
       Ընկերս աղուոր
       - Սարի՜ տղան -
       Ալ ամէն օր
       Իր սրինգով,
       Մահէն գինով,
       Կ՚երգէ միայն՝
       «Ունա՜յն, ունա՜յն…»
      
       Աստղէն համայն
       Լուռ կը մնան.
       Ահ, ինչու որ,
       Սարի տղան
       Իրենց օրօր
       Կ՚ըսէ այնքա՛ն,
       «Ունա՜յն, ունա՜յն…»։