Տոմսեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
«ՈՒՐԱԽ ԿԵԱՆՔ»
      
       Երկար ատենէ ի վեր սեւ լուրեր կարդալով, հոգիս մթնած, սիրտս պղտորած էր։
       Կը կարծէի թէ անդա՜րձ կորսուեր են «ուրախ եւ երջանիկ օրերը» Խ. Միութեան բոցավառ երկինքէն։
       Անհամար ձերբակալութիւններ, գնդակահարութիւններ Սեւ Ծովէն մինչեւ Պալթիկ ծով եւ Խաղաղական ովկիանոս, «մերկացումներ»՝ մառեշալ Թուխաչեւսկիէն մինչեւ Զապէլ Եսայեանը, - կարելի՞ էր հանգիստ քնանալ։
       Վերջին պահուն օգնութեան հասաւ «Խ. Հայաստան»ը (12 Յուլիս)։ «Անգրագէտ» Ամրօ Դուրգարեանն է որ կ’երգէ. -
      
       Կոլխոզը ալին ա,
       Ցորենը կալին ա,
       Մեզի ուրախութիւն պերող
       Ընկեր Սթալինն ա։
       Մուլքին ու մալին ա,
       Ունեւոր հալին ա,
       Մեզի ազատութիւն տուող
       Ընկեր Ստալինն ա։
       Էլ գեալ ու գեալին ա,
       Կարպետ ու խալին ա,
       Կոլխոզները շէնացնող
       Ընկեր Ստալինն ա։
       Շիրմահ ու շալին ա ,
       Ուրախ ղարալին ա.
       Սավետ աշխարհը կառուցող
       Ընկեր Ստալինն ա։
      
       Հապա սա մի՞ւսը, Ղամարլուի շրջանէն. -
      
       Եկաւ Ստալին,
       Բերաւ բարին, ջան, ջան,
       Աղքատին,
       Օգնեց շատին,
       Ատեց վատին, ջան, ջան։
       Կոլխոզ ա,
       Բանը դուզ ա,
       Ով որ կուգայ, ջան, ջան,
       Օր ունինք,
       Աշխօր ունինք,
       Կուշտ փոր ունինք, ջան, ջան։
       Մեր հալին,
       Կուտը կալին, ջան, ջան.
       Սար ու չոլ
       Ծաղկել ա քէօլ,
       Ապրուստը բոլ, ջան, ջան։
      
       Թերթը կը վկայէ թէ Խ. Միութեան մէկ ծայրէն միւսը, բոլոր ժողովուրդներուն մէջ, մինչեւ անգամ «զառամեալ ծերունիները, դեռափթիթ մանկիկները» միեւնոյն փառաբանութիւնները կ’երգեն, «խորհրդային անսահման սիրով»։
       Ահա, օրինակ, Լէզկիները. -
      
       Աստղերից էլ ու լուսնից էլ
       Արեւը պայծառ է,
       Բայց քո միտքը, մեծ Ստալին,
       Արեւից պայծառ է։
       Արեւը միայն ճառագում,
       Շողում է ցերեկ,
       Իսկ քո պայծառ միտքը -
       Գիշեր ու ցերեկ։
      
       Եւ կամ Ղազախստանի 90 ամեայ աշուղ Ջամբուլը. -
      
       Երբ հասաւ կեանքիս եօթանասուն տարին,
       Լենինն ու Ստալին աչքիս լոյս տուին։
      
       Ի՞նչ մեղքս պահեմ, իմ վրայ ամէնէն աւելի ազդեց «անգրագէտ» Ամբօ Դուրգարեանին երգը.
      
       Կոլխոզը ալին ա,
       Ցորենը կալին ա,
       Մեզի ուրախութիւն պերող
       Ընկեր Ստալինն ա։
      
       Եւ խորապէս ներշնչուած, սկսայ քթիս տակէն մռլտալ, անգիր եւ անարուեստ.
      
       Լենին մարգարէն, Ստալին Ալին ա,
       Մեր կարմիր արեան մոլին ա։
       Գիշեր ցերեկ զառանցում, դաւեր սարքում ա,
       Զնտանը լցնում, գանկեր գլորում ա։
       Գնդակը բոլ ա, թֆանքը դուզ ա,
       Վա՜յ մեր գլխին, վա՜յ մեր սրտին, ջան, ջան…
      
       10 Օգոստ. 1937