ՍԻՄԷՕՆ ԿԱԹՈՒՂԻԿՈՍ ԵՐԵՒԱՆՑԻ
Կաթողիկոս Ամենայն հայոց - (1763-1780) Սիմէոն Ա Երեւանցին ծնուել է Երեւանում (1710 թ.): Հօր անունն էր Կարապետ, մօրը` Գայիանէ: Եղբայրներն էին Մելքիսեդ, Յարութիւն եւ Ղազար: Էջմիածնում աշակերտել է աստուածաբան Յովսէփ վարդապետին եւ Յակոբ Շամախեցուն: Ուսումն աւարտելուց յետոյ նա դասաւանդել է Մայր Աթոռի դպրոցում: Ղազար Ջահկեցի կաթողիկոսի կարգադրութեամբ Սիմէոն Երեւանցին Յարութիւն Ջուղայեցի վարդապետի հետ նուիրակութիւն է մեկնել Բայազետ եւ վերադառնալուց յետոյ ձեռնադրուել սարկաւագ: Յարութիւն Ջուղայեցի վարդապետի հետ Սիմէոն Երեւանցին այնուհետեւ մեկնել է Հնդկաստան եւ այնտեղ վարդապետի մահից յետոյ երեքուկէս տարի շարունակել նուիրակութեան գործն ու արժանացել կաթողիկոսի գովասանքին: Էջմիածին վերադառնալուց յետոյ ձեռնադրուել է վարդապետ: Ղազար Ջահկեցու գահից զրկուելու եւ աքսորի տարիներին Էջմիածնում գրագրութիւնները իրականացրել է Սիմէոն վարդապետ Երեւանցին, իսկ Ղազար Ջահկեցու վերադարձից յետոյ հաշուեյարդարից խուսափելու նպատակով 1748 թ. ուխտի գնալու պատրուակով ճանապարհւում է Երուսաղէմ: Այդ միջոցին նա այցելում է Կ. Պոլիս, որտեղ, մնալով առ ժամանակ, զբաղւում է ուսուցչութեամբ (1748-1751 թթ.): Լսելով Ղազար Ջահկեցի կաթողիկոսի մահուան մասին (1751 թ.)` իրեն հիւրընկալած Եաղուպ ամիրայի հետ գնում է Երուսաղէմ (1752), որտեղ Ղազար Ջահկեցու մահից գահակալել էր Մինաս Ա Ակներցին: 1756 թ. նուիրակութեամբ կրկին լինում է Կ. Պոլսում եւ Զմիւռնիայում: Զմիւռնիայում նա վարել է նաեւ եպիսկոպոսի փոխանորդութեան պաշտօնը: Էջմիածին վերադարձը համընկնում է 1763 թ. մարտի 21-ին Յակոբ Շամախեցի կաթողիկոսի մահուանը: Կաթողիկոսական ընտրութեան Ազգային ժողովը իր հինգերորդ նիստում Սիմէոն Երեւանցուն ընտրում է նոր կաթողիկոս Ամենայն հայոց, եւ նոյն թուականի ապրիլի 20-ին Սիմէոնը օծւում է կաթողիկոս: 1764 թ. փետրուարի 12-ին ստացւում է նաեւ սուլթանի հրովարտակը: Սիմէոն կաթողիկոսը ձեռնամուխ է լինում շինարարական գործերի: Նրա հրամանով 1766 թ. վանքը յարակից շինութիւններով պարսպապատւում է: Յաջորդ տարի կառուցւում է Վաղարշապատ գիւղի եկեղեցին: Կաթողիկոսի նախաձեռնութեամբ կառուցւում են այնուհետեւ նոր սեղանատուն, բերքի համար շտեմարաններ, վանական դպրոցի նոր շէնք, թղթի գործարան, կառուցապատւում է վեհարանը, տաճարի տանիքը եւ այլն: Հեռացնելով մուղանլու տաճիկներին` 1768 թ. նա կրկին բնակեցրեց Օշական գիւղը: Էջմիածնի իրաւասութեանը ենթարկուեցին Աշտարակ, Եղուարդ, Աղունատուն, Ձագավանք, Մուղնի եւ Քիւլթեփէ գիւղերը: Սիմէոն Երեւանցին կարգաւորել է տօնացոյցը, Պետերբուրգ ուղարկելով յատուկ պատուիրակութիւն` ռուսահայոց թեմը դարձրել է էջմիածնապատկան եւ սկզբնաւորել հայ-ռուսական հոգեւոր-եկեղեցական փոխյարաբերութիւնները (1768 թ.): Նա հիմնադրել է Էջմիածնում հայկական տպարան (1771 թ.) եւ տպագրել մի շարք աշխատութիւններ: Եռանդուն պայքար մղելով կաթոլիկութեան տարածման դէմ` կարողացել է սահմանափակել հայոց գաւառներում հակաէջմիածնական պայքարի սրումը: Մեծ ջանքերի գնով Սիմէոն Երեւանցուն յաջողուել է սանձահարել Գանձասարի կաթողիկոսութեան գահի յաւակնողների պայքարը Էջմիածնի դէմ եւ Գանձասարի Աթոռի պառակտման գործում: Վստահ չլինելով ապստամբութեան միջոցով Հայաստանի ազատագրութեան հասնելու հնարաւորութեան մէջ` նա վճռական միջոցների է դիմել անժամանակ քարոզչութիւն ծաւալելու դէմ եւ այդ նպատակով թղթակցութիւններ վարել Շահամիր Շահամիրեանի հետ: Սիմէոն Երեւանցին նախանձախնդիր էր Ամենայն հայոց կաթողիկոսութեան կարգավիճակի ու հեղինակութեան պահպանման եւ յետագայ բարձրացման առումով: Էջմիածնից տարբեր իշխողների հետ վարուող գրագրութիւններում պահանջւում էր խստօրէն պահպանել այն արձանագրային չափանիշերը, որոնք ընդունւում էին ժամանակի պաշտօնական գրագրութիւններում: Ստորին կարգավիճակ էր հանդուրժւում միայն Օսմանեան սուլթանին ու Պարսից շահին ուղղուած նամակների եւ դիմումների մէջ, խնդրագրի տեսքով էին կազմւում գրագրութիւնները` Երեւանի իշխողին ուղղուած գրութիւնները, իսկ մնացած բոլոր դէպքերում կաթողիկոսի կարգավիճակը կա՛մ բարձր էր եւ կա՛մ հաւասար նրանց կարգավիճակին: