Ժամանակագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Քննության ենթակա ժամանակագրությունը կազմված է Ս. Անեցու ժամանակագրության օրինակով, բայց ունի բավական ընդարձակ խորագիր. «Մասնաւոր ժամանակագրութիւն եւ գաւազանագիրք սկսեալ ի թուականութեան մարմնառիկ տնօրէնութեան տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի հազարորդի ինն յոբելի եւ երիւք թուովք աւելի, իսկ արամեանս տօմարի եռից երրակ հարիւրի եւ անդուստ հաւաքեալ եւ վիպաբանեալ մինչեւ նարդեանս ամանակի, որում զգիրս գրեցի եւ առ ապա եղելոցն ապառնի. . . ե։

Ժամանակագրական աղյուսակը սկսվում է XV դարի կեսից, թուրքերի կողմից Կ. Պոլսի գրավման հիշատակությամբ, վերջանում է 1734 թ. Աբրահամ Բ. Խոշաբեցու մահվան եւ վերջինիս հաջորդ Աբրահամ Գ. Կրետացու կաթողիկոս օծվելու վկայությամբ, ընդգրկելով 280 տարվա անցուդարձ։

Եթե նկատի ունենանք հեղինակի խոստումը թե « . . . անգուստ [1453 թ. . Հ. ] հավաքեալ եւ վիպաբանեալ մինչեւ նարդեանս ամանակի, որում զգիրս գրեցի. . . ե մի կողմից եւ ժամանակագրության վերջին եզրը՝ 1734 թվականը մյուս կողմից, կարելի է ենթադրել, որ հեղինակն իր կազմած ժամանակագրության վերջին դեպքերին եղել է ժամանակակից, ուրեմն նա XVIII դարի առաջին կեսի անձնավորություն է։ Ժամանակագրության աղբյուրները որոշակի մատնացույց անել հնարավոր չէ։ Կան մի շարք վկայություններ, որոնք գտնում ենք Սամվել Անեցու ժամանակագրության շարունակության մեջ, սակայն այդ չի նշանակում, թե առաջարկվող ժամանակագրության հեղինակը աշակերտել է Ս. Անեցու ժամանակագրության շարունակողին. ընդհակառակը, երկու բնագրերի համապատասխան վկայությունները ծավալի եւ մանրամասնությունների մեջ շեղվում են իրարից. այդ կարելի է ցույց տալ մի քանի օրինակով.

Սամ. Անեցի ժամանակագրություն

1. Էջ 175. «ՋԲ սուլտան Մահմատն էառ զՍտամբօլ ի Մանուէլ թագաւորէ Յունացե։

2. Էջ 177. «ՌԿԳ Առաջին Շահ Ապասն զաջ Լուսաւորչին, եւ զքարերն Ս. Էջմիածնի տարաւ ի Սպահանե։

XXIII ժամանակագրություն

1. «ՌՆԾԵ(ՋԲ) զԿոստանդինուպօլիս էառ սուլթան Մահմատն եւ անտ հաստատեաց զաթոռ թագաւորութեանն։ Եւ էր թագաւոր Յունաց վերջին Կոստանդին, որ սպանաւ ի նմինե։

2. ՌՈԺԵ (ՌԿԲ) զՄելիքսէթ կաթողիկոսն չարչարեցին եւ Ը քար նշանաւոր սուրբ Էջմիածնի եւ զաջ Լուսաւորչին տարան ի Սպահան հրամանաւ շահ Ապասինե։

Նման օրինակները կարելի է շարունակել։

Ժամանակագրության մեջ արձանագրված դեպքերին զուգընթաց հանդիպում ենք ժամաակի կաթողիկոսների աթոռակալության տարիների վկայություններին։ Սրանք սկսվում են Գրիգոր Մակուեցու Ջալալբեկյանի աթոռակից Արիստակեսի 1455 թվականին կաթողիկոս դառնալու եւ վերջանում 1734 թվականին Աբրահամ Կրետացու կաթողիկոս օծվելու վկայությամբ։ Ընդհանուր առմամբ համապատասխանելով Ա. Դավրիժեցու բերած եւ N 1721 ժողովածուի մեջ գտնվող կաթողիկոսների գահակալության վերաբերող ժամանակագրության վկայություններին, ինչպես եւ Օրմանյանի հաշվումներին հանդես է գալիս որպես արժանահավատ աղբյուր, թեեւ աղբյուրագիտական տեսակետից առանձին նորություն չի ներկայացնում այս բնագավառում։

Առաջարկվող ժամանակագրության վկայությունները չեն սահմանափակվում Հայաստանին վերաբերող տեղեկություններով, ընդհակառակը սրա հետ մեկտեղ գտնում ենք բազմաթիվ վկայություններ, որոնք վերաբերում են՝ օսմանական սուլթանների եւ պարսկական շահերի գահակալություններին, սրանց վարած պատերազմներին, ասպատակություններին, պաքատական ինտրիգներին, Եվրոպայի առանձին երկրների եւ այլն։

Ժամանակագրության բազմաթիվ վկայությունները հաստատվում են ուրիշ սկզբնաղբյուրների կողմից, որոնք ցույց կտանք բնագրին առընթեր ծանոթագրություններում։

Ընդհանուր առմամբ ժամանակագրության վկայությունները արժանահավատ են, սակայն կան նաեւ այնպիսի վկայություններ, որոնք մի փոքր շեղվում են կատարված դեպքերի ստույգ ժամանակից, ասենք Ամերիկայի գյուտի, 1679 թ. Երեւանում եւ այլուր տեղի ունեցած երկրաշարժի, Հակոբ Ջուղայեցու մահվան վկայությունները եւ այլն։