Կանոնք ժողովոյն Կարնոյ

Հեղինակ

Բաժին

Թեմա

  Կարնոյ ժողովի կանոնները գրականութեան մէջ երբեմն վերագրւում են Սահակ Գ Ձորոփորեցուն (677-703 թթ. ): Սակայն անհրաժեշտ է նշել, որ կանոններում չկայ որեւէ հանգամանք, որը թոյլ կը տար դրանք համարել Է դ. աւարտի կամ Ը դ. սկզբի գործ: Մասնաւորապէս՝ բացակայում են այդ դարում սովորական քննարկումները միակամութեան ( մոնոթելիզմի ) թեմաներով, որոնք յատկապէս առօրէական դարձան Բիւզանդիայում Յուստինիանոս Բ կայսեր տիրապետութեան տարիներին (685-695, 706-711 թթ. ):

Կարնոյ ( Թէոդոսուպօլսի ) ժողովի արձանագրութեան նախաբանում կայ հետեւեալ՝ թուագրում ենթադրող վկայութիւնը. «… որ ժողովեցան յամենայն քաղաքաց եւ յաշխարհաց Յունաց եւ ի Հոռոմոց եւ ի մեծն Հռովմայ, հրամանաւ մեծի թագաւորին Յուստինեայ, որ նախանձայոյզ եղեալ աւրինացն Աստուծոյ եւ սրբոց առաքելոցն քարոզութեան, ժողով հրամայեաց լինել ի միջասահմանս աշխարհին Հայոց, Վրաց եւ Աղուանից: Որ ժողովեցան բազում եպիսկոպոսք յամենայն քաղաքաց հանդերձ կաթողիկոսաւն Հայոց Սահակաւ: Եւ ժողովեցան բազում եպիսկոպոսք Վրաց եւ Աղուանից ի քաղաքին Թէոդոսուպաւղիս եւ միաւորեցան ի հաւատս սրբոց առաքելոցն եւ ի կանոնս սուրբ ժողովոյն …»: Է դ. վերջում դժուար է ենթադրել ոչ միայն Հայոց եւ Յունաց համատեղ ժողովը Արաբական խալիֆայութեան եւ Բիւզանդական կայսրութեան սահմանագիծ Կարինում, այլեւ յատկապէս՝ Վրաց եպիսկոպոսների մասնակցութիւնը այդպիսի ժողովին:

Ժամանակագրական բոլոր տարբերակներում Սահակ Ուղկացու ( կամ Հարքացու ) աթոռակալութիւնն ընկնում է Յուստինիանոս Ա կայսեր օրերում (527-565 թթ. ): Վերջինս աւելի շատ յայտնի է քաղկեդոնականութիւնը դաժանօրէն պարտադրելու իր քաղաքականութեամբ: Սակայն Փիլոն Տիրակացու Ժամանակագրութեան ( գրուած 686 թ. ) տուեալներով, իր իշխանութեան առաջին փուլում կայսրը վարում էր այլ քաղաքականութիւն: Մասնաւորապէս՝ նա յետ կանգնեց իր նախորդ Յուստինոս Ա կայսեր (518-527 թթ. ) գծից, որը չէր շարունակել իր նախորդների՝ Զենոն (474-491 թթ. ) եւ Անաստաս (491-518 թթ. ) կայսրերի հաշտեցուցիչ դիրքորոշումը Քաղկեդոնի ժողովին առնչուող խնդիրներում ( Յուստինոս Ա - ի այդ մօտեցման մասին եւս Ժամանակագրութիւնը համառօտ հաղորդում է ): Աւելացնենք, որ Յուստինիանոս Ա կայսեր ժամանակ Հայոց եկեղեցու կողմից հակաքաղկեդոնական դիրքորոշման մասին անուղղակի հաղորդում է պարունակում նաեւ Սեբէոս պատմիչի մօտ պահպանուած՝ Ներսէս Գ Շինող կաթողիկոսի Կոնստանտ Բ կայսերն ուղղուած 648 թ. նամակը: Այստեղ ասւում է. «… մինչեւ հրաման տալ Կաւատայ արքայի եւ որդւոյ նորին Խոսրովու, եթէ՝ իւրաքանչիւր ոք զիւր հաւատս կալցի, եւ զՀայս նեղել ոք մի իշխեսցէ » ( Խոսրով Անուշիրուան արքայից արքան փոխարինել է հօրը 531 թ. ):

Յուստինիանոս Մեծ կայսեր ժամանակ տեղի ունեցած ժողովի մասին աւելի մանրամասն տեղեկութիւններ է հաղորդում եւ ստորեւ ներկայացուող կանոններից գրեթէ մէջբերումներ կատարում Ը դ. առաջին կէսի հեղինակ Ստեփաննոս Սիւնեցին ( Գիրք Թղթոց ում պահպանուած Ստեփաննոսի Սիւնեաց եպիսկոպոսի, մեծի իմաստասիրի Պատասխանի թղթոյն Անտիոքու եպիսկոպոսի, զոր վասն հաւատոյ գրեալն էր վերտառութեամբ երկում ): Եղած փաստերը բաւարար են թւում Կարնոյ ժողովը Զ դ. 20 կամ 30- ական թթ. թուագրելու համար: Անհասկանալի է մնում միայն, թէ ինչու կանոնների բնագրում յիշատակուած չէ Սասանեան արքայից արքայի ( Կաւատի կամ Խոսրով Անուշիրուանի ) գահակալութեան համապատասխան տարին: Թերեւս, պէտք է ենթադրել, որ դրա պատճառը եղել է ժողովի ` Կարինում, այսինքն ` Հայաստանի բիւզանդական մասում տեղի ունենալը:

Կարնոյ ժողովի կանոնները պահպանուել են Հայոց կանոնագրքի ձեռագրերում՝ ԽԲ, իսկ Բ խմբի օրինակներում ` ԾԹ թուահամարի տակ: Բ խմբի՝ մեր կողմից K b նշանակուող ենթախմբի օրինակներն աւարտւում են աւելի վաղ կանոնախմբերով եւ չունեն Սահակ Ուղկացու կանոնները: Ինչպէս պարզաբանել է Վազգէն Յակոբեանը, Կանոնագրքի 200 օրինակների մեզ հասած երկու ձեռագրախմբերը ծագում են Ժ դ. վերջում (992-997 թթ. միջեւ ) կազմուած մէկ ընդհանուր մայր տարբերակից, որն ունեցել է 40 կանոնախումբ: Նրանից են ծագում Հայոց կանոնագրքի հնագոյն երկու ձեռագրերը՝ A գրչագիրը՝ արտագրուած 1098 թ. ( Նոր Ջուղայի ձեռագիր ), եւ B գրչագիրը՝ արտագրուած, ըստ ամենայնի, միեւնոյն մայր օրինակից ԺԳ դ. ։ Դրանցից կատարուած ընդօրինակութիւնները կազմում են Հայոց կանոնագրքի ձեռագրերի Ա խումբը: Ժ դ. վերջի այդ տարբերակից են արտագրուել նաեւ Հայոց կանոնագրքի ձեռագրերի Բ խմբի մեզ հասած երեք ենթախմբերի մայր գրչագրերը: Նրանցից ոչ մէկը մեզ չի հասել, ուստի Բ խմբի մայր օրինակի ընթերցումների մասին պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է նախապէս վերականգնել բոլոր երեք ենթախմբերի ձեռագրերի մայր գրչագրերի ընթերցումները: Կատարելով այդ աշխատանքը ( Վ. Յակոբեանի համեմատական հսկայածաւալ աշխատանքի օգնութեամբ ) ՝ ենթախմբերը պայմանականօրէն անուանել ենք՝ K a ( acdkmpsv ձեռագրեր՝ ԺԶ - ԺԷ դդ. ) եւ K r ( hloru ձեռագրեր՝ ԺԷ դ. ): Ընդհանուր առմամբ, Վ. Յակոբեանի աշխատանքի շնորհիւ իւրաքանչիւր ենթախմբի նախնական ընթերցումների վերհանումը լուրջ խնդիրներ չի յարուցում ( որոշ կասկածելի դէպքերում շահագրգիռ ընթերցողն ինքը կարող է դիմել Վազգէն Յակոբեանի քննական - համեմատական հրատարակութեան տողատակերի մատուցած սպառիչ նիւթին ):

Կանոնագրքի ձեռագրախմբերի ընթերցումների համադիր օգտագործմամբ կազմուած Կարնոյ ժողովի Կանոնների քննական բնագիրը մեծ հաւանականութեամբ պատկերացում է տալիս նրա վեցերորդդարեան վիճակի մասին։ Ստորեւ ներկայացուած բնագրի տողատակերում հաշուի չեն առնուած Կանոնագրքի առանձին ձեռագրերի տարընթերցումները, քանի որ դրանք հաստատապէս արտագրուել են A, B ձեռագրերից կամ Բ խմբի ձեռագրախմբերի ( վերականգնուած ) մայր օրինակներից, ուստի չեն կարող օգտակար համարուել Կանոնների ինքնագրի վերականգնման հարցում: Հայոց կանոնագրքի կազմող գրիչների կողմից աւելացուած վերնագիրը եւ յօդուածացանկը վերցրել ենք փակագծերի մէջ: Իբրեւ Զ դ. բնագրի վերականգնում՝ բնականաբար, բաց են թողնուած կանոնագրքային ընդհանուր գլխակարգութեան յօդուածահամարները: Բնագրի տողատման եւ կէտադրման խնդրում էապէս օգտուել ենք Հայոց կանոնագրքի քննական հրատարակութեան հեղինակ Վ. Յակոբեանի կատարած աշխատանքից։

Ալեքսան Յակոբեան

ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

1. Աշոտ Գ. Աբրահամեան, Անանիա Շիրակացու մատենագրութիւնը, Երեւան, 1944 ։

2. Հ. Պօղոս Անանեան, Քննութիւն հայ եկեղեցւոյ պատմութեան Ե. եւ Զ. դարերու շրջանին, Վենետիկ - Ս. Ղազար, 1991 ։

3. Գիրք Թղթոց, Երուսաղէմ, 1994 ։

4. Աբրահամ Զամինեան, Հայոց եկեղեցու պատմութիւն, հտ. Ա - Բ, Նոր Նախիջեւան, 1908-1909 ։

5. Կանոնագիրք Հայոց, աշխատասիրութեամբ՝ Վազգէն Յակոբեանի, հտ. Ա, Երեւան, 1964. հտ. Բ, Երեւան, 1971 ։

6. Հ. Վարդան Հացունի, Կարեւոր խնդիրներ Հայ եկեղեցւոյ պատմութենէն, Վենետիկ - Ս. Ղազար, 1927 ։

7. Աբէլ արքեպս. Մխիթարեանց, Պատմութիւն ժողովոց Հայաստանեայց եկեղեցւոյ՝ հանդերձ կանոնադրութեամբ ի պէտս ժառանգաւորաց, Վաղարշապատ - Ս. Էջմիածին, 1874 ։

8. Պատմութիւն Սեբէոսի, աշխատասիրութեամբ՝ Գ. Վ. Աբգարեանի, Երեւան, 1979 ։

9. Նորայր եպս. Պողարեան, Սահակ վարդապետ ( Մռուտ ). Բացայայտութիւն, Երուսաղէմ, 1994 ։

10. Միշել Վան Էսբրուկ, Բիւզանդիայի հայկական քաղաքականութիւնը՝ սկսած Յուստինիանոս Բ - ից մինչեւ Լեւոն Գ, « Էջմիածին », Վաղարշապատ - Ս. Էջմիածին, 1997, թիւ Զ - Է։

11. Մաղաքիա արքեպս. Օրմանեան, Ազգապատում, §§354-355 ։

ՏԱՌԱՆԻՇԵՐ ԲԱՂԴԱՏՈՒԱԾ ՁԵՌԱԳՐԵՐԻ

A - Նոր Ջուղայի ձեռ. թիւ 131 ( ՄՄ լուսանկարների հաւաքածոյ, թիւ 203), ժամանակ՝ 1098 թ.

B - ՄՄ ձեռ. թիւ 6409, ժամանակ՝ ԺԳ դ.

K a, K b, K r - Հայոց կանոնագրքի Բ խմբի ձեռագրախմբերի վերականգնուած մայր օրինակների ընթերցումներ ( ըստ Վազգէն Յակոբեանի համեմատած նիւթի )