ԹՂԹԵՐ

Հեղինակ

Բաժին

Թեմա

    Եկեղեցաքաղաքական յարաբերութիւններում նմանապէս Ներսէս Բագրեւանդացին կարողացաւ ճիշտ օգտագործել Պարսից արքունիքի դրական դիրքորոշումը Հայոց եկեղեցու հանդէպ: Ուժեղացնելով նեստորականութեան դէմ պայքարը՝ Ներսէս Բագրեւանդացի հայրապետը դաւանական հովանու տակ է վերցնում Հայոց եկեղեցուն դիմած ասորիներին եւ նրանց համար եպիսկոպոս ձեռնադրում Աբդիշոյին: Պատասխան Թղթում Ներսէս հայրապետը, Հայոց եկեղեցու ընդունած սկզբունքներին համերաշխ, ուղղափառ ու վաւերական է նկատում ասորիների հակասեւերեան եւ հականեստորական դաւանանքը՝ նրանց յորդորելով « հաստատուն ունել զնոյն ամենայն քաջութեամբ ոչ երկնչել ի սպառնալեաց նոցա » ( նեստորականներին ): Թերեւս առաջին անգամ լինելով՝ Թղթում յանձնարարւում է երից սրբասացութիւնը խաչեցարիւ »): Ի մտի ունենալով այս Թղթի դաւանական կարեւորութիւնը՝ նրանից մի հատուած ներառնուած է Կնիք հաւատոյ ժողովածոյի մէջ:

Նեստորականներից զգուշանալու կոչ - ահազանգ է հնչեցւում նաեւ Տեառն Ներսէսի հայոց կաթողիկոսի թուղթ մեղադրութեան առ եպիսկոպոսունս գրուածքում: Այստեղ արձանագրուած է, որ « վաճառաշահութեան » պատրուակով Հայաստան ներթափանցած նեստորականները, աշխուժանալով նոյնիսկ իրենց « առաջնորդ չեպիսկոպոս կարգեալ », ձգտում են հայերին շեղել իրենց ուղղափառ դաւանութիւնից: Ուստի եկեղեցաքաղաքական այս կարգավիճակի թելադրանքով 554 թ. Ներսէս Բագրեւանդացին գումարում է Դուինի երկրորդ ժողովը, որին մասնակցում են նաեւ ասորիները Աբդիշո եպիսկոպոսի գլխաւորութեամբ: Այստեղ ընդունուած Միաբանութեան ուխտի մէջ յիշատակւում են առաջին երեք տիեզերաժողովները, նզովքի են ենթարկւում նեստորականութիւնը, մծղնէութիւնը, եւ կարգադրւում է « ամենեւին մի վիճել ընդ նոսա հակառակաբանութեամբ, այղ հեռանալ ի նոցանէն՝ արդարեւ որպէս ի թշնամեաց Քրիստոսի Աստուծոյ »: Ժողովում սահմանւում են 37 բարենորոգչական կանոններ, որոնք վերաբերում են գլխաւորաբար քահանայական պաշտօնավարութեանը, եկեղեցի - հասարակութիւն յարաբերութեան կարգաւորմանը: Այդ կանոնները մաս են կազմում Հայոց կանոնագրքի եւ վերահրատարակւում են համաձայն Վ. Յակոբեանի հրատարակութեան:

Ներսէս Բագրեւանդացուց պահպանուել է եւս մի թուղթ՝ Որոշումն նեստորականացն ի սրբոյ եկեղեցւոյ խորագրով: Այստեղ յիշեցւում է Դուինի եկեղեցաժողովի հականեստորական որոշումների եւ դրանք կատարելու խստագոյն անհրաժեշտութեան մասին:

Յակոբ Քէոսէեան

ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

1. Մ. Օրմանեան, Ազգապատում, «« 359-362, 366-370, 372-373 ։

2. Գիրք Թղթոց, էջ 172-205 ։

3. Կնիք հաւատոյ ընդհանուր սուրբ եկեղեցւոյ յուղղափառ եւ ս. հոգեկիր հրացն մերոց դաւանութեանց, յաւուրս Կոմիտաս կաթուղիկոսի համահաւաքեալ, հրատարակութիւն Կարապետ եպիսկոպոսի, Ս. Էջմիածին, 1914, 135-136 ։

4. Կանոնագիրք հայոց, Ա, աշխատասիրութեամբ՝ Վ. Յակոբեանի, Երեւան, 1964, էջ 475-490, 638-640 ։

ՏԱՌԱՆԻՇԵՐ ԲԱՂԴԱՏՈՒԱԾ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԵՒ ՀԱՄԱՌՕՏԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

A - Գիրք Թղթոց, էջ 176-180

B - Կնիք հաւատոյ, էջ 135-136