Թղթեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

  Շարունակելով իր նախորդի՝ Ներսէս Բ Բագրեւանդեցի հայրապետի հականեստորական, հակաքաղկեդոնական պայքարը՝ Յովհաննէս Բ Գաբեղենացի   կաթողիկոսը 568 թ. թղթեր է յղել Սիւնեաց Վրթանէս եպիսկոպոսին եւ Աղուանից Աբաս կաթողիկոսին։

ա ) Թուղթ, զոր տէր Յովհաննէս Հայոց կաթուղիկոս եւ այլ եպիսկոպոսք առ Սիւնեաց եպիսկոպոսն եւ առ տէրն արարին։

Դուինի 554 թ. ժողովի պարագաների մասին խօսելուց յետոյ Թուղթ ն արձանագրում է այն տագնապալի վիճակը, որը տիրում էր Սիւնեաց աշխարհում՝ « վասն զի ի հաւատարիմ մարդկանէ լուաք, եթէ պեղծ նեստորականք բազումք եւ ի ձեր աշխարհիդ բնակեալ են եւ դուք զդոսա ի սուրբ եկեղեցիս ընդունիք եւ ընդ նոսա հաղորդիք » ։ Յիշեցնելով հայ հաւատքի, դաւանական գիտակցութեան հաստատման մէջ ս. Գրիգոր Լուսաւորչի եւ առաջին երեք տիեզերաժողովների բերած անուրանալի նպաստի մասին՝ հեղինակը կոչ է անում հաւատարիմ մնալ դրանց, չհաղորդուել նեստորականներին եւ այլ հերձուածողներին, չգայթակղուել նրանց « հրապուրող եւ չարաթոյն » խօսքերով։ Թղթի շարադրման փաստն ինքնին ցոյց է տալիս, որ Դուինի 554 թ. ժողովից յետոյ էլ Հայաստանում ( մասնաւորապէս՝ Սիւնիքում ) դեռ լիովին արմատախիլ արուած չէր Հայոց եկեղեցու միասնականութեանը սպառնացող նեստորականութիւնը։

Թուղթ ը շարադրելիս օգտագործուած է հակաճառելու այն փորձառութիւնը, որը հայ դաւանաբանական միտքը ձեռք էր բերել տասնամեակների ընթացքում։ Այս մասին է վկայում ոչ միայն ընդհանուր աղերսը Բաբգէն Ոթմսեցու Թուղթ Հայոց ի Պարսս, առ ուղղափառս Ա թղթի եւ Յովհաննէս Գաբեղեանի ներկայ գրութեան միջեւ, այլեւ « իսկ ի ժամանակիս յայսմիկ Նեստորի անիծելոյ, որ կուրացոյց չարահնար հերձուածովն իւրով զկողմանս Խուժաստանի Եւ ոչ կարացեալ մեր տանել այսպիսի չարաչար եւ դառն հայհոյութեան, փութացաք » հատուածի բառացի համապատասխանութիւնը։

Բացի Գիրք Թղթոց ից, Թուղթ ը պահպանուել է նաեւ ԺԳ դ. վերջի հեղինակ Ստեփաննոս Օրբէլեանի Պատմութիւն Սիւնեաց երկում գրեթէ բառացի արտագրութեամբ։ Ստորեւ հրատարակուող քննական բնագիրը կազմել է Ալեքսան Յակոբեանը՝ Սիւնեաց պատմիչի երկի հրատարակութիւնների ընթերցումների համեմատութեամբ։

բ ) Թուղթ Յովհաննիսի ` Հայոց կաթողիկոսի առ տէր Աբաս՝ Աղուանից կաթողիկոս ( Թուղթ, զոր տէր Յովհաննէս Հայոց կաթուղիկոս եւ այլ եպիսկոպոսունք առ Աղուանից եպիսկոպոսունս արարին ) ։

Թուղթ ն ուղղուած է Աղուանքի Աբաս կաթողիկոսին եւ նրա աթոռակից եպիսկոպոսներին։ Թղթիս գրութիւնը թելադրուած էր Աղուանից կողմերում աշխուժացած նեստորականների եւ քաղկեդոնականների վտանգաւոր գործունէութիւնը կանխելու հրամայականով։ Այստեղ եւս կոչ է արւում արտաքսել հերձուածողներին եւ « զմահաբեր վարդապետութիւն նոցա ամենեւին ոչ առնել արժանի լսելութեան » ։ Երկու եկեղեցիների դաւանանքի միասնութիւնը պահպանելու համար Գաբեղենացին յորդորում է երեք կամ աւելի եպիսկոպոսներ ուղարկել Հայաստան՝ ճշմարիտ վարդապետութեան ուսուցումով նորոգելու եւ զօրացնելու նրանց ուղղափառ դաւանանքը։

գ ) Յովհաննէս Գաբեղենացու գրչին պատկանում է նաեւ Ի Յայտնութիւնն Քրիստոսի ճառը։ Այն հայ եկեղեցական մատենագրութեան մէջ Մամբրէ Վերծանողի համաբնոյթ ճառից յետոյ նոյն նիւթին նուիրուած վաղագոյն երկերից է։ Ինչպէս Մամբրէի ճառում, այնպէս էլ այստեղ չափորոշուած են Տիրոջ ծննդեան 3-4 տեսակներ. եթէ Մամբրէի ճառում կարգորոշուած է Տիրոջ ծննդեան 3 տեսակ՝ Հօրից՝ նախայաւիտենական, Մարիամ Աստուածածնից՝ ժամանակի մէջ, Մկրտութեան պահին՝ Յովհաննէս Մկրտչի ձեռքով, ապա Յովհաննէս Գաբեղենացու Ճառ ում աւելացւում է եւս մէկը՝ Թաղումը եւ Յարութիւնը։ Ըստ Յովհաննէս Գաբեղենացու՝ բացառելով ծննդեան առաջին տեսակը՝ մահկանացու ադամորդին ապրում է մնացեալ երեք տեսակները։ Այս միտքը աստուածաբանական արձագանքն է ս. Գրիգոր Նազիանզացու Ի Մկրտութիւնն ճառ ի « Երիս ծնունդս գիտէ մեզ բանս. որ ի մարմնոյն, եւ ի մկրտութենէ, եւ ի յարութենէ » բառերի։ Ելնելով դաւանական անհրաժեշտութիւնից՝ հեղինակն, ի տարբերութիւն Արտեմոնադիր ընթերցուածոց, շեշտում եւ հիմնաւորում է Ծննդեան եւ Յայտնութեան մէկ տօն լինելը։

Յովհաննէս Բ Գաբեղենացի կաթողիկոսի կարգադրութեամբ յունարէնից հայերէն են թարգմանուել Եւտիքէս Կ. Պոլսեցու (553-565, 577-582 թթ. ) Յաղագս զանազանութեան բնութեան եւ առանձնաւորութեան երկը, ինչպէս նաեւ՝ Գիրք էակացը ։

Յակոբ Քէոսէեան

ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

1. Գիրք Թղթոց, էջ 206-209, 210-214 ։

2. Ստեփաննոսի Սիւնեաց եպիսկոպոսի Պատմութիւն տանն Սիսական, ի լոյս ընծայեաց Մկրտիչ Էմին, Մոսկուա, 1861 ։

3. Ստեփաննոս Օրբէլեան, Պատմութիւն նահանգին Սիսական, ի լոյս ընծայեաց հանդերձ ծանօթութեամբ Կարապետ վրդ. Շահնազարեանց, Փարիզ, 1859 ։

4. Մովսէս Կաղանկատուացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, քննական բնագիրը եւ ներածութիւնը Վարագ Առաքելեանի, Երեւան, 1983, էջ 122-126 ։

5. Հ. Ներսէս Ակինեան, Պ. Տէր - Պօղոսեան, Գրիգոր եպիսկոպոս Արծրունի եւ Յովհաննէս կաթողիկոս Գաբեղեան, ՀԱ, 1975, էջ 129-164 ։

 

ՏԱՌԱՆԻՇԵՐ ԲԱՂԴԱՏՈՒԱԾ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԵՒ ՀԱՄԱՌՕՏԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ԳԹ՝   Գիրք Թղթոց, էջ 206-209, 210-214

Օ՝    Ստեփաննոսի Սիւնեաց եպիսկոպոսի Պատմութիւն տանն Սիսական, ի լոյս ընծայեաց Մկրտիչ Էմին, Մոսկուա, 1861, էջ 66-69

ՊԱ՝   Մովսէս Դասխուրանցի, Պատմութիւն Աղուանից ( ՊԱ A ՝ հնագոյն a ձեռագիր, ՊԱ B ՝ B խմբի bclr ձեռագրեր )