Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Եւ որովհետև ահա Քարտաշքն չեկին այժմ ի Վանայ, որպէս ի վերդ ասացաւ, և յետոյ էին գալոց, իսկ տղայքն՝ զորս Յովհաննէս կաթողիկոսն և Մելիք Յովսէփն յղեալ էին ի տանել զքարտաշս՝ դեռ ևս աստ էին մինչև ցարդ. և քարտաշի սպասէին, վասնորոյ՝ այժմ ի յետանալ քարտաշացն, այլ չպահեաց զնոսա աստ սրբազան վեհն. զի անպատշաճ յոյժ եղև իսկ մինչև ցարդ մնալն ևս, այլ յղեալ զնոսա յետս, գրեաց զթուղթ առ Մելիք Յովսէփն, ի պատասխանի թղթոյն , նախ օրհնութիւն և շնորհակալութիւն ուրախութեամբ հանդերձ վասն բարի ընչիցն: Ապա զյետանալն քարահատացն ծանոյց՝ որպէս վերն գրեցաւ, գրելով և զպատճառն, թէ Գասպարն և իւր եղբայրն ի Խօյ են եղեալ: Ուստի՝ գրեալ են ի Վանայ յայլ տեղիս վասն քարտաշ բերելոյ, զի յղեսցեն աստ: Վասնորոյ՝ և մեք այլ չպահեցաք զտղայսդ երկար, զի մի տարակուսիցիք: Իսկ յորժամ եկեսցեն քարտաշքն, մեք զմեր մարդն դնելով ընդ նոսա, յղելով եմք յայդր: Եւ զի զիւանդութիւնս ինչ լսէաք զնմանէ, գրեաց ցաւակցաբար զմխիթարութիւն: Թուղթ ևս առ Յովհաննէս կաթողիկոսն գրեաց, ի պատասխանի թղթոյն: Վասն Գանձասարու տանեաց նորոգութեանն և քարտաշացն նոյն՝ զոր ինչ և Մելիք Յովսէփին գրեաց: Եւ զի այնպէս գրէին խնդիր՝ իբր թէ աստ ի պատասխանի ունիմք, յղեսցուք. գրեաց թէ՝ միթէ դուք ոչ գիտէք, զի մարդահա՛տ է այս երկիրս, և արհեստաւորք ոչ գտանին, զեղեալսն ևս տաճիկք զաւթին. և յորժամ մեզ պիտոյանայ՝ յայլուստ գրեալ բերեմք. այն ևս ոչ բռնութեամբ , զի յՕսմանցւոց երկրոջ են և ի ձեռս տաճկաց: Իսկ սիրով բերեալն՝ ահա այսպէս յետանայ, ամառն անցանի ձմեռն գայ, և բան ո՛չ յառաջանայ. որպէս և դու յանցեալ ամին տեսեր ասէ, (զի աստ էր յաշնանն ), գրեմ ասէ, զի իմասջիք զդժուարութիւնն, որ չէ դիւրին: Եւ զի գրէր թէ՝ ոմանք ի գործակալաց քոց գրեալ են ի Շրուան, թէ հոգևոր տէրն զձեզ տուեալ է Իսրայէլ կաթողիկոսին: Գրեաց թէ՝ ամենեւին սուտ է այդ, մեր միաբանքն զայդպիսի բան չգիտեն, ի ձեր կողմն տես զայդպիսիս: Այլ զի՝ սա և իւր կողմնացիքն կամէին զի Շրուան սմա լիցի, և Իսրայէլ կաթողիկոսն և իւր կողմնացիքն կամէին, զի իւրեանց լիցի: (Որպէս և այժմ եկեալ Գեանջեցւոցն յԵրևան՝ Հայք և Տաճիկք, ի նշանադրել զդուստր խանին մերոյ վասն իւրեանց խանին, որոյ սակս և զմեզ ևս հրաւիրեալ տարաւ խանն յԵրևան, ուր եկեալ նոցա առ սրբազան վեհն՝ զնոյն թախանձէին ): Ո՛ւստի՝ առ ի բառնալ զայս երկար վէճս, գրեաց սմա սրբազան վեհն թէ՝ ահա զԽամսայու կողմն դու՛ ունիս, և զԳեանջայու կողմն նա. Շրուանու երկիրն ևս զկէս արդիւնսն քե՛զ տացեն, և զկէսն նմա: Ահա Իսրայէլին ևս գրեցի զայս. ասէ. և Շրուանցւոցն գրեցի՝ զի զնուիրակութիւնն ինքեանք ժողովեալ ի պատրաստի ունիցին յամենայն տեղիս. երբ քո նուիրակն գնասցէ, զկէս նմա տացեն, և երբ նորա նուիրակն գնասցէ, զկէսն ևս նմա տացեն: Եւ հարկիւ պատուիրեաց այսու կանոնաւ մնալ. խնայելով յինքն. և յինքեանս, մանաւանդ ի սուրբ կարգն քահանայապետական, զի մի՛ ասէ իսպառ ծաղր և ծանակ լիցի տեսողաց և լսողաց: Եւ առ այս բազում բանք: Այս թղթոյս օրինակն ի բոլորագրահամար տետրոջն է, յերեսն ՉՀԷ, ՉՀԸ: Ելին Մովսէս տղայն և ընկերն իւր յապրիլ ԻԲ: