Աւարայրի ճակատամարտից դէպի Նուարսակի պայմանադրութիւնը

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳԼՈՒԽ Գ
«ՊԱՐՍԿԻ ԱՌՆ ԵՐԿԻՐ ՈՉ ՊԱԳՑՈՒՔ»

Խաղաղուել էր փոթորիկ ապրած Հայաստանը, բայց խաղաղութիւնը սգալից էր: Իր աշխատութեան վերջին էջերում Եղիշէն սրտաճմլիկ մի պատմութիւն է անում այն կանանց մասին, որոնց ամուսիններն ընկել էին պատերազմի դաշտում կամ քշուել աքսոր: Խօսքը վերաբերում է ազնուականներին. դժբախտացած ընտանիքների փափկասուն կանայք են ողբում դառը ճակատագիրը: Եղիշէն պատկերում է այն, ինչ տեղի էր ունեցել Հայոց երկրում ապստամբութեան ճնշումից յետոյ, այն, ինչ որ տեսած պիտի լինէր իր իսկ աչքով: Բայց մեծ վարպետի գրիչը միաժամանակ կերտում է ընդհանրացած մի պատկեր, տեսարանը զուգորդութիւններ է առաջացնում, որոնք ընթերցողի միտքը կապում են սպանութեան ու աքսորի հետ, անկախ տեղից ու ժամանակից:

Յազկերտ Բ-ի 17-րդ տարում, այն է՝ 455 թ., Վրաց բդեշխ Աշուշային յաջողւում է ազատագրել Հմայեակ Մամիկոնեանի որդիներին, որոնց Վասակը տարել էր Տիզբոն, «որպէսզի այնտեղ մեռնեն»: Բդեշխը, որ նրանց մօրաքրոջ ամուսինն էր, 451 թ. սպանուած ապստամբ իշխանի զաւակներին կարողացաւ տեղափոխել իր մօտ՝ Գուգարք: Փրկագինը շատ խոշոր է եղել՝ Աշուշան ազատեց տղաներին՝ «բազում եւ անհամար կարասի ծախեալ» [Ղազ. Փարպ., գլ. ԾԹ] [1]:

457 թ. Յազկերտ Բ-ը վախճանուեց: Նրա Որմիզդ եւ Պերոզ որդիները իսկոյն սկսեցին կռուել գահին տիրանալու համար: Յաղթանակեց կրտսեր՝ Պերոզը, աւելի շուտ՝ նրա Ռահամ դայեակը, Միհրան հզօր տոհմից: Ռահամը ջարդեց Որմզդի զօրքը, սպանեց թէ՛ նրան, թէ՛ Յազկերտի միւս որդիներին՝ արքայից արքայ հռչակելով Պերոզին: Երկպառակութիւնը տեւեց 2 տարի. Պերոզը գահի վրայ հաստատուեց միայն 459 թ.: Կատարելով իր խոստումը՝ նա 464 թ. ազատեց Աւարայրից յետոյ գերի տարած նախարարներին, հաստատեց նրանց իշխանութիւնը եւ ճանաչեց սեփականութեան իրաւունքները: Նրանք վերադարձան հայրենիք՝ պահպանելով քրիստոնէութիւնը:

Նախորդ գլխում ասուեց, որ Վասակ Սիւնու փոխարէն Հայոց երկրում մարզպան էր նշանակուել Ատրորմիզդ Արշականը: Յայտնի է նաեւ, որ 482 թ. Հայոց մարզպան է եղել Ատրվշնասպ Յոզմանդեանը՝ դարձեալ պարսիկ: Մենք չգիտենք, երբ է աւարտել ծառայութիւնն առաջինը, եւ երբ է ստանձնել իր պաշտօնը երկրորդը: Ամենայն հաւանականութեամբ, երեսուն տարուայ ընթացքում եղել են նաեւ այլ մարզպաններ, սակայն դրանց մասին աղբիւրները կատարեալ լռութիւն են պահպանում: Այսպէս թէ այնպէս, աքսորեալ նախարաները վերադարձան պարսիկ մարզպանի վարչական իշխանութեան ներքոյ գտնուող Հայաստան:

Անորոշ է նաեւ սպարապետութեան հարցը: Ժ-ԺԱ դարերի հեղինակ Ասողիկը պնդում է, որ Վարդան Մամիկոնեանից յետոյ Պերոզի օրօք Հայոց սպարապետ է դառնում Վարդանի որդի Մանգնոսը՝ այդ գործակալութիւնը վարելով 20 տարի [Աս., էջ 79]: Մանգնոս անունը, որն ուղղակի կամ միջնորդաբար ծագում է լատ. Magnus, մեծ անունից, խորթ է հայոց անուանակազմին: Մեր Մանգնոսից բացի, Հ. Աճառեանը յիշում է միայն մէկ ուրիշ Մանգնոսի, 627/628 թ. [2]: Ասողիկից առաջ ոչ մի հեղինակ այդ Մանգնոսին չի ճանաչում, ուստի Վարդան Մամիկոնեանի ժառանգորդին վերաբերող այդ տեղեկութիւնը տարակուսանք է առաջացնում: Հաստատ գիտենք, սակայն, որ 482 թ. առաջ (հաւանաբար տարիներ առաջ) սպարապետ է եղել Վարդանի եղբօրորդի Վահանը, որը եւ գլխաւորեց 482-484 թթ. ապստամբութիւնը:

Վահան Ամատունուց յետոյ Հայաստանում տեղացի հազարապետ չի եղել, բացառութեամբ թերեւս այն առեղծուածային Մանանի, որի մասին ասուեց Բ գլխում: Բայց մաղխազութիւնը դեռեւս հայերի ձեռքն էր, Խորխոռունի մաղխազներ յայտնի են նաեւ Արշակունեաց թագաւորութեան վերացումից յետոյ: Այսպիսով, կտրելով մարզպանական Հայաստանի սահմանագիծը՝ հայրենադարձ նախարարները մտան մի երկիր, որը լրիւ չէր կորցրել ինքնավարութեան հաստատութիւնները:

Ինչպէս ասացինք, 451 թ. աշնանը մի շարք անուանի եկեղեցականների հետ Յովսէփ կաթողիկոսին տարան Պարսկաստան: 454 թ. նրանք իրենց կեանքն աւարտեցին՝ որպէս մարտիրոսներ: Հովուապետի Աթոռը յաջորդաբար գրաւեցին Մելիտէ եւ Մովսէս Մանազկերտցիները: Մելիտէն մասնակցել է Շահապիվանի եկեղեցական ժողովին, ապա իր ստորագրութիւնն է դրել այն գրութեան տակ, որը կազմել էին հայերը՝ ի պատասխան Միհրներսեհ մեծ հազարապետի նամակի: Երկուսն էլ պատկանել են Աղբիանոսի տոհմին, յամենայն դէպս, բռնել էին աւանդական դարձած նրա պարսկամէտ դիրքը: Այդ առումով Յովսէփի յաջորդները կրկնել էին նրա նախորդների՝ Սուրմակի, Բրքիշոյի, Շմուէլի գիծը: Մ. Օրմանեանի հաշւումների համաձայն՝ Մելիտէն կաթողիկոս է եղել 452-456, իսկ Մովսէսը՝ 456-462 թթ. [3]: Թուագրումը պայմանական է, բայց ներկայ դէպքում դա էական չէ:

Գիւտ կաթողիկոսի հովուապետութեամբ սկսուեց նոր շրջան: Եզնիկ երէցը Գիւտին յիշում է տէր Գադ անուան տակ: Կաթողիկոսն, այսպիսով, նոյն անձնաւորութիւնն է, ինչ եւ Շահապիվանի ժողովի Գադ եպիսկոպոսը, իսկ Միհրներսեհին ուղղուած թղթում առկայ է Վանանդի եպիսկոպոս Գադի ստորագրութիւնը: Գիւտն ուսում էր առել Հոռոմոց աշխարհում: Ղազար Փարպեցին ասում է, որ կաթողիկոսը լի էր «գիտութեամբ հայովս եւ առաւելեալ յունիւն» [էջ 110. 22]: Այդ բառերից դժուար չէ կռահել, որ Գիւտը պատկանել է Մաշտոցի եւ Սահակի գլխաւորած լուսաւորչական հոսանքին: Բայց յատկապէս կարեւոր է, որ Գիւտի կաթողիկոսութեան տարիներին եկեղեցին հնարաւորութիւն էր ստացել վերականգնել իր անկախութիւնը, հանդէս գալ որպէս ազգային քաղաքական ձգտումների կողմնակից ու պաշտպան:

Աքսորից վերադարձած նախարարները զայրոյթով պիտի դիտէին, թէ ուրացութիւնը ինչպիսի տարածում էր ստացել հայրենիքում: Ասացինք, որ, իբրեւ երեւոյթ, այն ծագել էր դեռեւս Արշակունեաց շրջանում, երբ Սասանեան գերիշխանութիւնը սկսել էր իրեն աւելի ու աւելի զգացնել: Ուրացութիւնը տարածուել էր երկրի բաժանումից եւ յատկապէս՝ մարզպանութեան կազմակերպումից յետոյ: 450-451 թթ. այն արտայայտուել էր լայնօրէն, իսկ Աւարայրի ճակատամարտում հայ քրիստոնեաները դէմ են դուրս եկել նաեւ հայ ուրացողներին:

Վարդանանց ապստամբութիւնից յետոյ ուրացութիւնը դարձել էր աչքի ընկնող հասարակական երեւոյթ: Եթէ մինչ այդ խօսք էր լինում մեծ մասամբ անյայտների մասին, ապա ապստամբութիւնից յետոյ ուրացութիւնը զանգուածային բնոյթ էր ստացել: Խօսելով ուրացողների մասին՝ Ղազար Փարպեցին օգտագործում է դասք, ջոկք, փաղանգ բառերը [էջ 116. 23, 120. 83, 126. 4, 164. 4, 169. 33]: Ապստամբութեան թեժ պահին ուխտանենգների դասը դաւաճանեց Վրաց Վախթանգ թագաւորին [էջ 146. 20]: Ուրացողներն իրօք որ կազմել են մի յատուկ հասարակական շերտ:

Եղել են դէպքեր, երբ կրօնափոխութիւնը ակամայ մի զիջում էր, սեփական քաղաքական գիծը ապահովելու հնարաւորութիւն: Այսպիսին է եղել Վարդան Մամիկոնեանի եւ նրա ընկերների առերես ուրացութիւնը 450 թ. ապրիլին: Այդպիսին է եղել նաեւ սպարապետ Վահան Մամիկոնեանի ուրացութիւնը (այդ մասին՝ ստորեւ): Բայց հասարակական կարծիքը հրաժարւում էր զանազանել ուրացութեան երանգները: Եղիշէն նկարագրում է այն զայրոյթը, որն առաջացաւ Հայաստանում Վարդանի եւ միւսների ուրացութեան կապակցութեամբ, չնայած նա նշում է, որ հայ նախարարները Յազկերտի կամքը կատարել են իբր թէ [Եղ., էջ 50. 9]: Իսկ Վահանի ուրացութեան դէպքում Ղազար Փարպեցին չի բաւարարւում հասարակական բողոքի նկարագրութեամբ եւ հէնց իր անունից մեղադրանքի խօսքեր է ուղղում իր բարեկամի եւ հովանաւորի հասցէին:

Եղիշէի օրօք ուրացութիւնը դեռեւս արտասովոր երեւոյթ էր: Հեղինակն ասես քաշւում է այդ քայլի մասին պարզորոշ կերպով հաղորդել: Տիզբոն կանչուած նախարարների մասին նա գրում է. «Եւ ամէնքն այս անքակտելի ուխտը դնելով Աստծոյ հետ, որ հաստատ մնան իրենց նախկին մտադրութեան վրայ՝ իրենց միեւնոյն խրատատուին պատգամաւոր ուղարկեցին ներս, իբր թէ կատարուելու է նրա (Յազկերտի) անօրէն կամքը» [Եղ., էջ 50. 7-10]: Իսկ Ղազար Փարպեցին նոյն դէպքը նկարագրելիս պարզ կերպով ցոյց է տալիս, թէ ինչ արին նախարարները՝ աւելացնելով, որ այդ քայլին դիմեցին խաբէութեամբ, զպատճառանօք եւ ոչ ճշմարտութեամբ [էջ 53. 33-40 եւ այլն]: Եւ ամենայն մանրամասնութեամբ, առանց որեւէ բան թաքցնելու, ներկայացնում է այն տեսարանը, երբ Վահան Մամիկոնեանը տկարանայր ի հաւատն [Ղազ. Փարպ., էջ 116. 39]: Ժամանակները փոխուել էին, ուրացութիւնը դարձել էր սովորական:

Վարդանանց պատերազմի շրջանում պարսիկները քրիստոնեաներին յաճախ բռնի կերպով ենթարկում էին կրօնափոխութեան: Յաջորդ շրջանում աղբիւրները նման քայլերի մասին համարեայ չեն խօսում: Ուրացութիւնը, որ թափ է ստանում հէնց այդ շրջանում, լինում է կամաւոր, առանց բացարձակ ճնշման: Այն արտօնութիւնները, որ ակնկալում էին ուրացողները, բաւական են եղել, որպէսզի դրդեն նրանց դիմելու այդ քայլին:

Նախորդ գլխում ասացինք, որ մարզպանութեան շրջանում նախարարական կազմը ենթարկուել էր որոշ փոփոխութեան. տոհմիկները յետ էին մղւում, իսկ նրանց տեղերը գրաւում էին անտոհմիկները, որոնք ուրացութեան շնորհիւ նոր դիրք են գրաւում, նեղում բուն ազնուականներին [տե՛ս էջ 118. 25-28]: 483 թ. զինադադարի ժամանակ Վահան Մամիկոնեանը համոզում էր Պարսից Միհրան զօրավարին. Հայաստանը մեծ եւ պիտանի երկիր է, բայց ո՞վ է այնտեղ ստացել տանուտէրութիւն արժանաւորապէս, թագաւորի օգնութեամբ: Իշխանութիւնը պատկանում է աւազակներին եւ անպիտաններին, հացկատակներին եւ վատատոհմիկներին: Անտոհմիկները ետ են մղում տոհմիկներին, գրաւում նրանց տեղերը: Պարզւում է, որ վատատոհմիկները եւ անպիտանները միաժամանակ ուրացողներ են՝ փառքն ու տէրութիւնը կրակն աստուած ճանաչելու դիմաց են գնում [էջ 136. 38-39]: Ուրացողները «ունեն գահ ու պատիւ, ամէն մէկն իր գաւառում իշխան է, ձիու, զէնքի, գնդի տէր է, մինչդեռ ուխտապահներին չի մնացել ոչ տուն, ոչ ծառայ, ոչ գունդ, ոչ էլ տանուտէրութիւն» [էջ 168. 24-28]: Ինչպէս տեսնում ենք, հակասութիւններն աճում էին նաեւ զուտ նիւթական հողի վրայ:

Աւելացնենք նաեւ, որ բաժանումը տոհմիկների եւ անտոհմիկների բացարձակ բնոյթ չի կրել: Ղազար Փարպեցու անտոհմիկներն ու անպիտանները կարող էին իրապէս պատկանել հին ազնուականութեանը, բայց, դառնալով ուրացող, ուխտապահների աչքում զրկւում էին ազնուական համարուելու պատուից:

Պարսիկները նման քաղաքականութիւն էին վարում նաեւ Վրաստանում: 484 թ. գարնանը Վիրք է ներխուժում զօրապետ Զարմիհր Հազարաւուխտը: Նրան յաջողւում է իր շուրջը ժողովել վրաց ուրացողներին: Ինչպիսի՞ միջոցներով. մէկին թագաւորութիւն էր խոստանում, երկրորդին՝ գահ, պատիւ, մեծ պարգեւ, միւսներին՝ այն, ինչի պէտքն էին զգում [էջ 146. 23-24]:

Դաւանանքն ապրանքի էր վերածուել: Զարմանալի չէ, որ կրակապաշտութիւնն ընդունած ուրացողների համար սրբութիւն չի եղել նաեւ նոր տարերքում: Դիմելով պարսիկ զօրավարին՝ Վահանն ասում է. «Երբ ուրացողները ձեզնից մի քիչ հեռու են լինում, ապա միզում են կրակի մէջ, իսկ մոխրի մէջ իրենց աղբն են թափում» [էջ 136. 39-40]: Ոմանք կատակով աստուածներ էին գնում, բայց միաժամանակ թշնամանում թէ՛ աստուածների, թէ՛ անմիտ վաճառականների դէմ [էջ 111. 15-16]: Ուրացողները ոչ այնքան նոր կրօն, որքան նոր դիրք էին ընդունում: Իսկ երբ պայմանները փոխւում էին, ապա այդ նորաթուխ կրակապաշտները հեշտութեամբ վերադառնում էին իրենց նախնիների հաւատին: 482 թ. հայերը ապստամբութեան որոշում են ընդունում: Աւետարանի վրայ երդւում են միաբանութեամբ թէ՛ քրիստոնեաները, թէ՛ ուրացողները, մանկական պարզութեամբ արձանագրում է Ղազար Փարպեցին [էջ 120. 12-13]:

Ուրացութիւնը քրիստոնէութեանը հարուածում էր ներսից, Հայ եկեղեցին, բնականաբար, չէր կարող անտարբեր մնալ դրան: Հին ուժն ու հմայքը բաւական չէին: Թւում է, թէ հիմքն ամրապնդելու համար եկեղեցին հէնց այդ պահին էր նպաստել Գրիգոր Լուսաւորչի պաշտամունքի առաջացմանն ու տարածմանը (աւելի մանրամասն՝ Դ գլխում): Բայց ուրացութիւնը ոչ միայն եկեղեցուն էր վտանգում, այն քայքայիչ դեր էր կատարում նաեւ հասարակական հիմունքների նկատմամբ: Ուրացութիւնը սպառնում էր նախարարութեանը, նրա աւանդական կարգին եւ այդ իմաստով էլ հակազդեցութիւն առաջացնում: 484 թ. Վահան Մամիկոնեանը թուարկում է Նուարսակում զինադադարի եւ նրան յաջորդող խաղաղութեան պայմանները: Առաջին պայմանն էր՝ «թողէ՛ք մեզ մեր հայրենի եւ բնիկ օրէնքը, որեւէ հայի մոգ չդարձնէ՛ք, իսկ մոգութեան համար ոչ ոքի գահ եւ պատիւ չշնորհէ՛ք» [էջ 161. 11-18]:

Նուարսակի պայմանադրութեան մէջ ճշտիւ արձանագրուել են այն հանգամանքները, որոնք մշտական բողոք են առաջացրել եւ ենթակայ էին վերացման: Համաձայնութեան երկրորդ կէտում Վահանը պահանջ էր դրել, որպէսզի մարդուն գնահատելիս պարսիկները չառաջնորդուեն կամայականութեամբ (ոչ իշխանաբար ճանաչէք), այլ արդար կերպով ճանաչեն թէ՛ լաւին, թէ՛ վատթարին, զանազանեն պիտանին անպիտանից, հասկանան՝ որն է տոհմիկ, որն՝ անտոհմիկ, թող բարձրացնեն պատուականներին, քաջերին եւ օգտակարներին, իսկ վատերին եւ անպիտաններին լրիւ արհամարհեն: Ամէն պարագայի, հարկաւոր է սիրել վաստակաւորին, ատել անվաստակին, մօտեցնել իմաստունին եւ նրան դիտել որպէս խորհրդատու, իսկ անմիտին հալածելով հեռացնել ասպարէզից [էջ 161. 19-25]: Պայմանադրութեան այդ երկու կէտերն առնչւում են մէկը միւսի հետ, չէ՞ որ ուրացողները դուրս են մղում տոհմիկներին եւ լաւերին՝ իրենք պատկանելով վատերի եւ անտոհմիկների դասին:

Շահանշահի գերագոյն իշխանութիւնը իրացուել է նախ եւ առաջ մարզպանական վարչակազմի առկայութեամբ: Դժուար չէ պատկերացնել, թէ մարզպաններն ինչպիսի ազատութիւն էին ապահովել իրենց համար, յատկապէս այն դէպքում, երբ լինում էին ոչ թէ տեղացի, այլ եկուոր: Նուարսակի երրորդ պայմանը եղել է այն, որ արքայից արքան անձամբ խորամուխ լինի Հայաստանի գործերին, ամէն ինչ իր աչքով տեսնի, լսի իր ականջով եւ խօսի իր բերանով: Թող նա չնայի ուրիշի աչքով, չլսի ուրիշի ականջով, ուրիշի միջնորդութեամբ թող չճանաչի՝ որ մարդն է լաւ, որը՝ վատ, միւսի բերանով չարտասանի պէտքերը: Միայն անձնական մօտեցումը կարող է ապահովել իր հպատակների բարեխիղճ ծառայութիւնը եւ այլն [էջ 161. 29-162. 3]: Հռետորական ոճով արտայայտուած պահանջը մի պարզ նշում է, թէ ինչպիսի խախտումներ են եղել, երբ վարչութիւնն ամբողջութեամբ վստահւում էր մարզպանին: Եւ եթէ այդ պահանջը մտել է համաձայնութեան առանձին՝ երրորդ դրոյթի մէջ, ապա հեշտութեամբ կարելի է պատկերացում կազմել մարզպանական վարչութեան դէմ աճող բողոքի մասին:

Ի մի բերելով այդ փաստերը՝ հնարաւոր է պատկերացնել, թէ ինչն է ստիպել հայերին Ե դարի 80-ական թուականներին կրկին դիմելու զէնքի: Հաւանաբար կային նաեւ այլ հանգամանքներ (կարեւոր հանգամանքներ), որոնց մասին ոչինչ չգիտենք կամ կարող ենք միայն կռահել: Բայց դրանց մասին խօսքը վաղաժամ է, այդ հարցին կ՚անդրադառնանք ապստամբութեան արդիւնքներն ամփոփելիս: Իսկ այժմ տեսնենք, ինչպիսի ձեւ եւ ընթացք էր ստացել Ե դարում օտարակալութեան դէմ ուղղուած երկրորդ յուժկու ըմբոստութիւնը:

Այն քաղաքականութիւնը, որը վարել էր Յազկերտ Բ Աւարայրին նախորդող ամիսներին եւ յատկապէս ճակատամարտից յետոյ, եղել է զիջում, որը հետեւանք էր համընդհանուր խմորումի: Հարցերի լուծումը կիսատ էր, Տիզբոնին ենթակայ ժողովուրդները լիովին չէին բաւարարուել: Բաւական էր ճնշումը թեթեւանար, կառավարութեան ուշադրութիւնը շեղուէր, որպէսզի հարկատու երկրները գլուխ բարձրացնէին:

Յազկերտի օրօք, երբ Աղուանքը վեր էր ածուել մարզպանութեան, այնտեղ շարունակում էր, այնուամենայնիւ, տիրել տեղացի Վաչէ թագաւորը: Վաչէն ամուսնացած էր Յազկերտի թոռան (նրա դստեր աղջկայ) հետ [4]: Աղուանից թագաւորը ծնուել էր քրիստոնեայ, սակայն Յազկերտը նրան բռնի կերպով մոգ էր դարձրել: Ասացինք, որ Յազկերտի մահից յետոյ խռովութիւն առաջացաւ, շահանշահի Որմիզդ եւ Պերոզ որդիները գահին տիրանալու համար մահու կռիւ էին սկսել: Հէնց այդ ժամանակ Վաչէն «աւելի լաւ համարեց պատերազմում մեռնել, քան թէ ուրացութեամբ թագաւոր լինել»: Մերժեց ծառայել Արեաց աշխարհին, ներս թողեց կովկասեան լեռնցիներին, միաբանեց 11 հարեւան թագաւորների հետ եւ սկսեց ջարդել արքունի բանակը: Պատերազմը տեւեց մէկ տարի: Պարսիկները օգնութեան կանչեցին կովկասեան կիսավայրենի այլ ցեղերի՝ խայլանդուրներին եւ հոներին, Վաչէի զօրքը լքեց իր թագաւորին, սակայն ապստամբ արքան շարունակում էր դիմադրել եւ հարուածներ հասցնել հակառակորդին:

Պերոզը, որն արդէն յաղթել էր իր եղբօրը, համաձայն էր, որպէսզի Վաչէն մնայ քրիստոնեայ, շարունակի տիրել իր երկրում, միայն թէ յետ ուղարկի Պարսից արքայի քրոջն ու քեռորդուն: Վերջին պահանջը Վաչէն կատարեց, սակայն իշխանութիւնից հեռացաւ եւ դարձաւ միայնակեաց [Եղ., էջ 197-199, Մով. Դասխ. Ա, 10]:

Եղիշէն պատմում է, որ Վաչէն Հայոց երկիրն աւերելու համար գրով եւ պատգամներով յանդիմանում էր պարսիկներին, յիշեցնում նախարարների սպանութիւնը եւ չարչարանքները: «Այնչափ սիրոյ եւ վաստակների համար փոխանակ կեանք շնորհելու, _ պնդում էր Աղուանից թագաւորը, _ նրանց արեւը խաւարեցրիք». քրիստոնէութիւնը պաշտպանելու համար նա յանձն էր առել նրանց չարչարանքները: Պատմիչը նաեւ ասում է, որ Աղուանքի ապստամբութեան պատճառով հայ գերեալ նախարարների վերադարձը հայրենիք հետաձգուեց: Պերոզն, ըստ երեւոյթին, լաւ էր հասկացել, որ պայքարն օտարակալութեան դէմ ողջ Այսրկովկասի համար ընդհանուր է եղել, ուստի ձգտում էր կանխել հնարաւոր միութիւնը:

Հայոց երկիրն այդ շրջանում արտաքնապէս խաղաղ էր, բայց ներքին հակասութիւններն աւելի ու աւելի էին աճում: Լարուել էին յարաբերութիւնները քրիստոնեայ ազնուականների եւ ուրացողների միջեւ: Քրիստոնեայ իշխանները համախմբւում էին Գիւտ կաթողիկոսի շուրջ, միասին ծրագրեր էին մշակում, թէ ինչպիսի ելք գտնեն ստեղծուած վիճակից: Ծրագրում էին թողնել երկիրը, գնալ օտարութիւն կամ էլ օգնութիւն խնդրել կայսրութիւնից եւ ապստամբել: Ապաւինում էին բիւզանդական կայսր Լեւոն Ա-ին (457-474): Գաղտնի կերպով նրա մօտ ուղարկեցին երկու պատգամաւորութիւն: Լեւոնը իբր ուզում էր օգնել, բայց այդպէս էլ ոչինչ չարեց, եւ եղած ծրագրերը խափանուեցին:

Ուրացողների զօրագլուխն ու քաջալերիչը մաղխազ Գադիշոյ Խորխոռունին էր (ինչպէս գիտենք, Վարդանանքի ժամանակ նա Վասակի կողմնակիցներից էր, իսկ այժմ խիստ թշնամական դիրք էր բռնել ուխտապահների նկատմամբ): Կաթողիկոսը, - յայտնում էր Գադիշոն Պերոզ արքային, - կանչում է նրանց, ովքեր պատրաստ են ծառայել պարսիկներին, եւ նրանց մտքերը հիմնովին փոխում: Ամենայն հաւանականութեամբ, Բիւզանդիայի հետ կապուած գաղտնի ծրագրերը թաքցնել չէր յաջողւում: Գադիշոն յայտնում էր նաեւ, որ կաթողիկոսը բանակցութիւններ էր վարում կայսեր հետ, նրան, ինչպէս նաեւ Դռան մեծամեծներին իր կողմը քաշում:

Ամբաստանութիւնը հասաւ նպատակին: Կաթողիկոսը ստիպուած եղաւ ներկայանալ Պարսից Դուռ եւ պատասխան տալ մաղխազի ասածի կապակցութեամբ: Ղազար Փարպեցու ասելով՝ կաթողիկոսն իբր արդարացաւ արքայի առջեւ: Ասաց, որ քրիստոնէութիւնը մանկուց է ընտրել եւ մնում է նրան հաւատարիմ: Գադիշոն այս կէտում իրաւացի է: Ինչ վերաբերում է Հոռոմների մօտ գնալուն, ապա այստեղ մաղխազը ստում է: Կաթողիկոսն իր ողջ գիտելիքները Հոռոմներից է ստացել, այնտեղ բազմաթիւ ծանօթներ եւ ուսումնակիցներ ունի: Բացի այդ, եկեղեցական հագուստը այնտեղ են գնում, ուրիշ տեղ այդպիսի ապրանք չեն արտադրում: Ամփոփելով ասաց, որ քրիստոնեայ օրէնքը պահանջում է հնազանդուել եւ ծառայել աշխարհիկ տէրերին: Վկայակոչելով, անշուշտ, Աւետարանի խօսքերը՝ կաթողիկոսը, սակայն, իր կողմից աւելացրեց՝ երբ այդ տէրերը լինում են իսկական եւ արժանի (զդիպողսն եւ զարժանաւորսն):

Մեր պատմիչն ասում է, որ ծանօթանալով Գիւտի ստոյգ եւ մտացաբեր խօսքերին՝ Պերոզն այլեւս չխորացաւ հարցի էութեան մէջ, այլ պարզապէս կաթողիկոսին առաջարկեց ընդունել կրակապաշտութիւն. այն ժամանակ, աւելացրեց արքայից արքան, նա կ՚արժանանայ չտեսնուած պատուի եւ շքեղութեան: Հակառակ դէպքում նա կը զրկուի հովուապետութիւնից եւ հայրենիք կը վերադառնայ անարգանքով: Գիւտը հրաժարուեց եւ ստիպուած եղաւ լքել կաթողիկոսարանը [գլ. ԿԴ]:

Դիմադրութիւնը պարսկամէտ ուրացողներին Գիւտի տապալումով չդադարեց: Այս նոր շրջանում քրիստոնեայ նախարարութիւնը համախմբուել էր Վահան Մամիկոնեանի շուրջը, որը դարձել էր Հայոց երկրի քաղաքական առաջին դէմքը:

Վահանը Վարդան Մամիկոնեանի հարազատ եղբայր Հմայեակի որդին էր: Ասուեց, որ Հմայեակը սպանուեց 451 թ. աշնանը Տայքում, որդիներին՝ Վահանին, Վասակին, Արտաշէսին որպէս պատանդ տարան Տիզբոն (նրանց մանկահասակ Վարդ եղբայրը դայեակների հետ մնաց, թւում է, թէ Տայքում. հետագայում, սակայն, նա եւս տարուեց Պարսից մայրաքաղաք): 455 թ. Աշուշայ բդեշխին յաջողուեց ազատագրել երիտասարդներին եւ տեղափոխել իր մօտ՝ Գուգարք: Այնտեղ նրանք միացան իրենց մօրը՝ Ձուիկին, որը բդեշխի քենին էր: Եւ ահա Վահանին տեսնում ենք Հայաստանում՝ սպարապետի բարձր պաշտօնով [5]: Ուրացողները երկիւղ են կրում նրանից եւ դիմում փորձուած միջոցի՝ Պերոզ արքայի առջեւ ամբաստանում են Վահանին:

Մամիկոնեանների տիրոյթ Տայք նահանգում, Փառանգիոն եւ Բողբերդ վայրերում ոսկու յայտնի հանքեր կային: Ամենայն հաւանականութեամբ հէնց այդ հանքերն էին Վահանի տնօրինութեան ներքոյ: Այդ հանքերի վրայ նշանակւում էր գործակից, պարզապէս՝ հսկիչ, որը, թւում է, պիտի ապահովէր հաշուետւութիւնը եւ հանուող ոսկուց Դռան եկամուտը: Հսկիչը Վրիւ անունով մի ասորի էր: Վահանը նրան թոյլ չէր տալիս մօտենալ հանքերին եւ դրանով տապալում Վրիւի արքունի գործը: Դժգոհելով ստեղծուած վիճակից՝ Վրիւը արքայից արքային յայտնում էր, որ Վահանը իր մօտ է հաւաքել աշխարհի ոսկին, մտադիր է գնալ կայսեր կամ յոյների մօտ՝ ոսկու օգնութեամբ զօրք խնդրելու եւ ապստամբելու:

Ղազար Փարպեցին [գլ. ԿԴ] պատկերաւոր եղանակով է շարադրում Վահանի յաջորդ քայլերը: Նա հաւաքում է իր մօտ եղած ոսկին եւ ուղեւորւում դէպի արքունիք: Պերոզը զարմանում է. Վահանը ոչ միայն շտապում է ներկայանալ արքայից արքային, այլեւ հետը ինչ-որ բան է բերել. այդպիսի վարմունքն ամենեւին չի համապատասխանում Վրիւի ասածին: Իմանալով այդ ինչ-որ բանի, այսինքն՝ ոսկու չափերը՝ Պերոզն ուրախանում է, իսկ Վահանը փորձում է արդարանալ: Վահանը լաւ գիտէ Արեաց ուժը ապստամբելով. հնում շատ ազգեր են ենթարկուել սաստիկ երկիւղի եւ հնազանդուել: Վրիւը պնդում է, որ Վահանը մտադիր է ապստամբել, բայց Վահանը ծառայ անգամ չունի, որպէսզի տիրոջը կերակուր պատրաստի: Ամբողջ գնդում կայ 2-3 պատանի, եւ նրանք էլ չեն ենթարկւում հրամանատարին: Եւ վերջապէս, եթէ նա՝ Վահանը, օտարութիւն գնալու ծրագրեր մշակէր, ինչո՞ւ պիտի հետը այսքան ոսկի բերէր:

Պատմիչն ասում է, որ Պերոզն ու աւագանին հաւատացին Վահանի իմաստուն խօսքերին, ամաչեցրին եւ արհամարհեցին Վրիւին, Վահանը վերադարձաւ մեծարանքով եւ շքեղութեամբ: Բայց այդ բոլորի հետ մէկտեղ սպարապետ Վահան Մամիկոնեանը, ներկայանալով արքունիք, «տկարանայր ի հաւատն», այսինքն՝ ստիպուած եղաւ ընդունել մոգութիւն: Վերցնելով բերած ոսկին՝ Պերոզը շարունակում էր, այնուամենայնիւ, կասկածել Հայոց սպարապետի հաւատարմութեան վրայ: Հետագայ անցքերը ցոյց տուեցին, որ արքայից արքայի կասկածամտութիւնն անհիմն չէր:

 

Ե դարում ապագայ միասնական Վրաստանը բաժանուած էր Բիւզանդիայի եւ Սասանեանների միջեւ: Վերջիններիս իշխանութիւնը տարածւում էր արեւելեան հատուածի վրայ, որը վրացերէն կոչւում էր Քարթլի, հայերէն՝ Վիրք: Ի տարբերութիւն Հայաստանի, թագաւորական իշխանութիւնն այստեղ վերացուած չէր. Ե դարի երկրորդ կէսին Քարթլիում տիրում էր հզօր Վախթանգ Գորգասալ արքան (446-502): Վախթանգ
Գորգասալը ձգտում էր իրեն ենթարկել նաեւ արեւմտեան հատուածի առանձին մասեր: Նրա օրօք Թբիլիսին (Տփղիսը) դառնում է պետութեան մայրաքաղաք, թագաւորի հրամանով քաղաքը շրջպատում են ամուր պարսպով: Աշխարհիկ եւ եկեղեցական շինարարութիւնը մեծ թափ է ստանում:

Դրա հետ մէկտեղ՝ Վախթանգը ստիպուած է հաշտուել Իրանի գերագոյն իշխանութեան հետ, որն այստեղ մօտաւորապէս նոյն քաղաքականութիւնն էր վարում, ինչ որ Հայաստանի իրեն ենթակայ հատուածում եւ Աղուանքում: Վրաց ժողովուրդը նոյն սպառնալիքի առաջ է գտնուել, ինչ որ նրա քրիստոնեայ հարեւանները: Սասանեանների իշխանութիւնը կոչուած էին ապահովելու Գուգարքում նստած բդեշխները:

Առնուազն Հայոց թագաւոր Արտաշէս Ա-ի . ա. 189-160) ժամանակներից սկսած՝ Գուգարքը եղել է Մեծ Հայքի կազմում: Լինելով երկրի 4 բդեշխութիւններից մէկը՝ այն կարեւոր դեր էր կատարում երկիրը թշնամիներից պաշտպանելու գործում: Գուգարքը տարածւում էր Կուր գետի վերին հոսանքով, իր աշխարհագրական դիրքով յարելով ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Վրաստանին: 387 թ. բդեշխութիւնն անջատւում է Հայոց թագաւորութիւնից եւ, որպէս առանձին միաւոր, մտցւում Վրաց մարզպանութեան մէջ [6]: Բդեշխների իշխանութիւնն այստեղ ժառանգական է: Ե դարի կէսերին Գուգարքի տէրն էր մեզ արդէն ծանօթ Աշուշայ բդեշխը, Հմայեակ Մամիկոնեանի քենակալը: Լաւ յարաբերութիւններ պահպանելով Պարսից Դռան հետ՝ նա միաժամանակ ապաստան է տալիս այդ Դռան դէմ ապստամբածների ընտանիքներին, պայմաններ է ստեղծում, որպէսզի Գուգարքում եկեղեցին ծաղկի: Բոլորովին այլ դիրք էր բռնել Աշուշայի որդի Վազգէնը (վրաց աղբիւրները նրան Վարսկէն են անուանում):

Վազգէնը, ինչպէս ասացինք, ամուսնացած էր Վարդան Մամիկոնեանի դուստր, Սահակ Պարթեւի թոռ Շուշանիկի հետ: Նա ուղեւորւում է Տիզբոն, ընդունում մոգութիւն եւ, թագաւորից մէկ ուրիշ կին առնելով, վերադառնում Վիրք (այդ երկրորդ կինը եղել է իբրեւ թէ թագաւորի զոքանչը): Մանրամասնութիւնները գիտենք Շուշանիկի վկայաբանութիւնից, որը պահպանուել է հայերէն եւ վրացերէն տարբերակներով [7]: Վկայաբանութիւնը կազմուած է՝ հետեւելով կանոններին, ուստի շատ կէտերում հեղինակը պարզապէս ենթարկւում է գրական այդ տեսակի պահանջներին: Այնուամենայնիւ, վկայաբանութիւնը հարուստ է իրական տարրերով, եւ դրանց շնորհիւ կարելի է ընդհանուր պատկեր կազմել Վազգէնի մասին: Ընդունելով մոգութիւն ոչ թէ հարկադրաբար, այլ կամովին՝ Վազգէնը նոյնն է պահանջում նաեւ կնոջից, որը կտրականապէս հրաժարւում է եւ, չդիմանալով ամուսնու պատճառած բազմամեայ տանջանքներին, վախճանւում է (հետագայում սուրբ է ճանաչւում ինչպէս Հայոց, այնպէս եւ Վրաց եկեղեցիների համար): Վազգէնն, այսպիսով, ուրացող է, մոլեռանդ կրակապաշտ, քրիստոնէութեան հալածիչ: Եւ ահա Պերոզի 25-րդ տարում, այն է՝ 482 թ. [8], Վախթանգ թագաւորը սպանում է բդեշխին: Այդ սպանութիւնը պարզ, աներկբայելի նշան էր, որ Վիրքի տիրակալը հրաժարուել է ճանաչել շահանշահի իշխանութիւնը եւ ապստամբել:

Հայոց զօրքն այդ տարի գնացել էր Աղուանք՝ սահմանապահ բերդերի կայազօրի ապստամբութիւնը ճնշելու: Նրանց հետ էին Զարմիհր Հազարաւուխտը եւ Հայոց աշխարհի մարզպան Ատրվշնասպ Յոզմանդեանը: Հայերը ցնծութեամբ ընդունեցին Վիրքում սկսուած ապստամբութեան լուրը: Ոգեւորում էր նաեւ Վախթանգի խոստումը. «Չեմ թողնի որպէսզի որեւէ մէկը պատերազմ տեսնի, այլ այնչափ հոն կը հանեմ, որ Պարսից զօրքը նրան չի կարողանայ դիմադրել»: Հայ զօրականները մի պահ մտածեցին, որ նրանց կարող են Տիզբոն քշել, բայց նրանց ուղարկեցին Հայաստան: Զօրքը մտաւ Շիրակի դաշտ, որտեղ եւ բնակուել էր Ատրվշնասպ մարզպանը եւ նրան միացած Հայոց հազարապետ Վեհվեհնամը: Հէնց այստեղ էլ որոշում ընդունեցին կապ հաստատել Վահան Մամիկոնեանի հետ, համոզել, որ նա միանայ ապստամբներին: Նրանց յայտնի էր Վահանի տրտմութիւնն իր մոգութեան պատճառով: Ժամը պատեհ էր՝ ե՛ւ Վահանը, ե՛ւ նրանք կ՚ազատուեն, առաջինը՝ իրեն տանջող մտքերից, միւսները՝ հնազանդ վիճակից: «Այդ Վրաց արքայ Վախթանգը իսկական տղամարդ է, թերեւս, Աստուած կը տեսնի մեզ սպառնացող վտանգը եւ կը գայ օգնութեան, իսկ վրացիների հետ միասին մի փոքր կը նեղենք պարսիկներին»:

Եւ մի գիշեր գաղտնի կերպով այդ բոլորը յայտնեցին սպարապետին: Վահանը սկզբնապէս տատանւում էր: Ճիշտ է, նա գիշեր-ցերեկ մտածմունքի մէջ է՝ ինչպէ՞ս վերացնել ուրացութեան կնիքը, բայց ապստամբութեան գաղափարը մերժում է: Պարսիկները զօրեղ են, հոռոմները թոյլ են եւ խաբեբայ, դուք իմ փորձից գիտէք, թէ ինչպէս մեր հայրերին երդուեցին պահել ուխտը եւ ստեցին: Վիրքը մեծ ուժ չունի, նրա այրուձին սակաւաթիւ է, յոյներին չի կարելի վստահել: Բայց ամէնից շատ վախեցէք հէնց ձեզնից, _ ասում է սպարապետը, _ դուք սուտ եւ անվստահ մարդիկ էք. հրաժարուէք ձեր մտքերից եւ ապաւինէք միայն Աստծոյ օգնութեանը: Նախարարները լիովին համաձայնեցին Վահանի հետ, յայտնեցին, որ յոյսը կապում են ո՛չ Հոռոմների, ո՛չ էլ Յոյների, այլ միայն Աստծոյ հետ: Շարունակելով խօսքը նոյն ոճով՝ յիշեցրին նախնիների նահատակութիւնը, ապա իրենց պատրաստակամութիւնը յայտնեցին աւելի շուտ մեռնել, քան տեսնել, թէ թշնամիները ինչպէս են ամէն օր հարուած հասցնում քրիստոնէութեանը: Վահանը յիշեցրեց նաեւ, որ իր Վարդ եղբայրը Պարսիկների ձեռքում է, եթէ իմանան բանակցութիւնների մասին, նրան կը կապեն եւ կը տանջեն: Այնուամենայնիւ, ինչպէս եւ սպասելի էր, նա տուեց իր համաձայնութիւնը, եւ ահա թէ՛ քրիստոնեաները, թէ՛ ուրացողները (!) երդուեցին իրենց գաղափարից չհեռանալ [Ղազ. Փարպ., գլ. ԿԶ]: Հաւանաբար հէնց այդ ժամանակ դաշինք հաստատեցին Վախթանգի հետ [տե՛ս էջ 132. 29-30, 133. 12] եւ մինչեւ վերջ հաւատարիմ մնացին իրենց ուխտին:

Համընդհանուր ապստամբութիւնը դարձել էր իրականութիւն:

Ղազար Փարպեցու աշխատութիւնը մեր միակ գրաւոր սկզբնաղբիւրն է ապստամբութեան ընթացքի եւ առհասարակ շարժման հետ կապուած գլխաւոր հարցերի ուսումնասիրութեան համար: Ուստի շատ դէպքերում մենք աւելի նպատակայարմար ենք դիտում պարզապէս վերաշարադրել մեր հեղինակի ասածը: Ընթերցողն, անշուշտ, կռահում է, որ պատմիչը ոչ միայն փաստերն արձանագրում է իրենց իրական հերթականութեամբ, այլեւ այդ փաստերին տալիս է գրական կերպարանք: Շատ դէպքերում նա ցոյց է տալիս ոչ միայն ինչպէ՛ս էր, այլ ինչպէ՛ս պիտի լինէր: Կարելի է հաստատ ասել, որ նախարարների եւ Վահանի միջեւ եղած բանակցութիւնները մեծ մասամբ երեւակայութեամբ են նկարագրուած: Բայց դրանք ժամանակակցի, իրազեկ մարդու, վերջապէս, իմաստուն պատմիչի երեւակայութեան ծնունդ են: Ղազարի խօսքերը չի կարելի անվերապահօրէն ընդունել, բայց կարելի է վստահ լինել, որ ժամանակի ոգին նա արտայայտում է ճշտութեամբ: Իսկ դա յաճախ աւելի կարեւոր է դարաշրջանը հասկանալու համար, քան առանձին փաստերի չոր ու ցամաք արձանագրումը:

Ապստամբութիւնը սկզբից եւեթ եղել է կազմակերպուած: Ապստամբները Վահանին ճանաչեցին Մամիկոնեան տոհմի տանուտէր, ընտրեցին նրան սպարապետ, իսկ Սահակ Բագրատունուն՝ մարզպան: Այդ փաստերը նշանակալից են. ապստամբները պահպանում են եղած վարչական համակարգը, պահպանում են մարզպանի պաշտօնը, այսինքն՝ այն կառուցուածքը, որը իմաստ է ստանում հէնց Պարսից գերագոյն իշխանութեան պայմաններում: Նրանք ընդհանուր առմամբ պատրաստ են ճանաչելու Սասանեաններին, միայն թէ դրա հետ մէկտեղ ճանաչուեն նաեւ հայերի պահանջները: Արտասանելով այն ճառերը, որոնք նրա բերանն է դնում Ղազար Փարպեցին՝ Վահան Մամիկոնեանը հէնց այդ ոգով է արտայայտւում: Կատարեալ անկախութիւնը եղել է անհնարին, ապստամբները ձգտել են ինքնավարութեան եւ, վերջ ի վերջոյ, հասել իրենց նպատակին:

Գաղտնի խորհրդակցութեան արդիւնքները պարսիկներին անշուշտ յայտնի են դառնում: Ատրվշնասպ մարզպանը եւ Վեհվեհնամ հազարապետը փոխում են արիներից եւ հայ ուրացողներից կազմուած իրենց ենթակայ ջոկատների դիրքը, նրանց կենտրոնացնում Անի ամրոցի մօտերքում, իսկ իրենք փախչում Արտաշատ: Ապստամբները հետապնդում են նրանց, սակայն ապարդիւն: Յաջողւում է հակառակորդի միայն գումակը բռնել եւ ձերբակալել մաղխազ Գադիշոյ Խորխոռունուն:

Հայոց ջոկատները հասնում են Դուին, այնուհետեւ պաշարում Արտաշատը: Մարզպանին ու հազարապետին յաջողւում է այս անգամ էլ ազատուել՝ օգտուելով գիշերուայ մութից. նրանք փախչում են Ատրպատական: Մարզպանին համոզում են, որ Վահանի ուժերը սակաւաթիւ են. ո՛չ հոներից, ո՛չ էլ կայսրից նա օգնութիւն չի ստանալու, մնում է եռանդուն կերպով գործն առաջ տանել եւ դրանով թէ՛ իր, թէ՛ հայ ուրացողների համար պատիւներ եւ պարգեւներ վաստակել: Սիրտ առնելով՝ մարզպանը հաւաքում է իր զօրականներին, օգնութիւն ստանում հարեւան մարզերից եւ, առաջնորդելով նրանց, մօտենում Երասխ գետին: Ատրպատական երկրից թշնամին մէկ անգամ եւս արշաւեց Հայաստան [գլ. ԿԷ]:

Հայկական ուժերի անբաւարարութիւնը զգում էր նաեւ Վահանը, նա նոյնիսկ մտածում էր ժամանակաւորապէս ամրանալ Տայքում: Յաղթանակեց, սակայն, հակառակ կարծիքը. սպարապետը եւ մարզպան Սահակ Բագրատունին մնում են ոստանում [9] եւ նեղում թշնամուն: Վահանի հետ էր Բաբիկ Սիւնին, որին ապստամբները ճանաչեցին Սիւնիքի տէր, սպարապետի եղբայր Վասակը, մաղխազ Գարջոյլ Խորխոռունին, Կամսարական եղբայրները (Շիրակի տէր Ներսեհը եւ Հրահատը), Գնունի եղբայրները՝ Ատոմն ու Առաստամը: Բանակում էր նաեւ Գիւտի յաջորդը՝ կաթողիկոս Յովհան Մանդակունին: Բայց փայլուն հրամանատարների տրամադրութեան տակ կար ընդամէնը 400 զինուոր:

Արեաց զօրքը որոշել էր Նախճաւանի մօտ անցնել Երասխը: Ղազար Փարպեցու կարծիքով նրանց ընդհանուր թիւը 7000 զօրական էր: Սպարապետին եւ մարզպանին թողնելով ոստանում՝ նախարարները շարժուեցին դէպի գետը: Պայմանաւորուել էին մի գաղտնի տեղում սպասել, մինչեւ Արեաց զօրքի կէսը անցնի Երասխի այս ափը եւ ապա գրոհել: Բայց երբ մտան Վարազկերտ գիւղը, յայտնի դարձաւ, որ թշնամին արդէն անցել է գետը:

Առաջապահ ջոկատի հետ միասին Վասակ Մամիկոնեանը մտաւ Կռուակք գիւղը՝ նպատակ ունենալով հետախուզել հակառակորդի ուժերը: Բայց լուսաբացին նոյն գիւղը մտաւ նաեւ Ատրվշնասպ մարզպանը: Վասակն իրեն չկորցրեց, հրամայեց իր մարդկանց փոքրիկ (2-3 հոգի) խմբերով աննկատ հեռանալ գիւղից: Ինքը ձեւացնում էր, թէ իբր եկել է բանակցութիւնների: Իմանալով, որ ջոկատն ամբողջութեամբ դուրս է եկել գիւղից եւ Վարազկերտում միացել գլխաւոր ուժերին՝ Վասակն ինքն էլ անվնաս հեռացաւ:

Միանալով եղբօրը՝ Վասակ Մամիկոնեանը յայտնեց, որ Պարսից բանակը մեծ է, սակայն նրանցից շատերը «անպիտանք են եւ քերթաքաղ իշաւարեան» [10]: Զգուշաւոր Վահանը հրաման տուեց ամրանալ լեռնակողմում: Հայերը բանակ դրին Մասիսի ստորոտում՝ Ակոռի գիւղի մօտ: Հէնց այստեղ տեղի ունեցաւ առաջին մեծ ճակատամարտը:

Ինչպէս ասացինք, Հայոց զօրքը եղել է փոքրաթիւ՝ 400 հոգի պարսիկների 7000-ի դիմաց: Այդ 400-ը բաժանուեցին 4 առաջի (ճակատի), ընդ որում պայման կար, որ եթէ մի կողմը թուլանայ, ապա միւսն անմիջապէս օգնութեան գայ: Ինչպէս հայերը, այնպէս եւ պարսիկները կռւում էին կատաղութեամբ: Ճակատամարտի թեժ պահին Գարջոյլ Խորխոռունի մաղխազը իր 100 զինուորների հետ անցաւ թշնամու կողմը: Այնուհետեւ նա իր ուժերին միացրեց կատիշներից [11] կազմուած ջոկատը, ապա հայ ուրացողներին եւ ձորի կողմից մտաւ հայերի թիկունքը: Զօրականներից մէկը, տեսնելով, որ կատիշները կոտորում են հայերին, այդ մասին յայտնեց Կամսարականներին: Նրանք զայրացան լրաբերի դէմ, թէ՝ դա մեր գունդն է, դու խաբէութեամբ ուզում ես մեծ գործը տապալել. քիչ էր մնում, որ նրան սպանէին: Շուտով, սակայն, համոզուեցին, որ պիտի ընկնէին ծուղակը, եւ իրենք յարձակուեցին դաւաճանի վրայ:

Այդ ընթացքում Վասակ Մամիկոնեանի եւ Բաբգէն Սիւնու հատուածում սպանուել էր Պարսից մարզպան Ատրվշնասպը: Գարջոյլի դէմ գործողութիւններն աւարտուեցին փառաւոր յաջողութեամբ: Մեր հեղինակը շարունակում է. կատարելով սատանայի կամքը՝ երկու նախարար լուր տարան սպարապետին, մարզպանին, կաթողիկոսին (որոնք Դուին ոստանում էին), իբր պարսիկները յաղթանակ են տարել, Վասակ Մամիկոնեանը, Բաբգէն Սիւնին, Կամսարականները, Գնունիները՝ սպանուել, իսկ լանջակողմը, որտեղ գտնւում է Ակոռի գիւղը, ծածկուել է հայերի դիակներով: Բայց այդ լուրը դեռ չտարածուած՝ երեւաց Առաստամ Գնունին եւ յայտնեց. «Սուրբ Խաչի զօրութիւնը յաղթեց եւ մի՛շտ կը յաղթի»: Շուտով մօտեցան եւ յաղթութիւն նուաճած զօրամասերը:

Ջախջախելով Պարսից բանակը՝ հայ մարտիկները հնարաւորութիւն ստացան հանգիստ անցկացնել ձմեռը: Կռահելով, որ գարնանը կռիւը պիտի վերսկսուի՝ համապատասխան պատրաստութիւն տեսան [գլ. ԿԸ-ԿԹ]:

Եւ իրօք, 483 թ. սկզբին պարսիկները նոր արշաւանք ձեռնարկեցին: Ինչպէս եւ նախորդ տարում, նրանք դուրս եկան Ատրպատականից՝ փուշտիպանան սաղար Ատրներսեհի գլխաւորութեամբ [12]: Վահան Մամիկոնեանը Դուինից անմիջապէս դուրս եկաւ նրանց ընդառաջ եւ բանակեց Ներսեհապատ գիւղի մօտ՝ Արտազ գաւառում: Բանակում էր գտնւում Յովհան Մանդակունի կաթողիկոսը: Հայերը պիտի մենակ դիմադրէին պարսիկներին: Դեռեւս ձմռանը դեսպան էին ուղարկել Վախթանգ թագաւորին, որպէսզի օգնութեան ուղարկի հոների խոստացած զօրամասը: Երկար բանակցութիւններից յետոյ Վրաց թագաւորը ուղարկեց 300 հոն զինուոր, բայց մէկ ամիս չանցած՝ ետ պահանջեց նրանց… [էջ 126. 24-30]:

Զօրականներն ամբողջ գիշերը աղօթքով անցկացրին, իսկ առաւօտեան Յովհան կաթողիկոսը դիմեց նրանց քաջալերիչ խօսքով. այդպիսին է եղել դարաշրջանի սովորութիւնը: Այնուհետեւ Վահան Մամիկոնեանը ճակատը բաժանեց 3 կողմերի (Ղազար Փարպեցու մէկ ուրիշ նկարագրութիւնից գիտենք, որ կողմ յատուկ տերմինը, որպէս հոմանիշ, ունեցել է առաջ բառը): Ինքը սպարապետը իր այրուձիով կանգնեց ձախ կողմի աջից: Վրէն Վանանդացին իր հրամանատարութեան ներքոյ գտնուող այրուձիով առանձին տեղ գրաւեց: Պատրաստ էին նաեւ կողմերը: Վահան Մամիկոնեանը զգուշացրեց այդ կողմերի աւագներին՝ մեր առջեւ են գտնւում պարսիկների, կատիշների եւ Սիւնեաց գնդի ընտիր զօրականները [13], պէտք չէ շտապել, եթէ սպարապետին յաջողուեց փախուստի մատնել այն ուժերը, որոնք անմիջապէս իր առաջ են գտնւում, ապա կը նահանջեն նաեւ միւս կողմերը:

Ճակատամարտը կատաղի էր, Բարշղ Վահեւունու զինուորները չդիմացան եւ լքեցին մարտի դաշտը: Սահակ Բագրատունին եւ փուշտիպանների պետ Ատրներսեհը մենամարտի բռնուեցին նիզակներով, վրիպեցին, ապա մարտը շարունակեցին ձեռնակռուով: Վահանը Վրէնին հրամայեց շարժուել առաջ, բայց Վրէնը հրաժարուեց. «Չեմ կարող. այս պահին դու ինձ վրայ յոյս չդնես»: Եւ ահա սպարապետը Կամսարական եղբայրների հետ միասին վճռական յարձակում կատարեց: Հայ զօրականները կործանում էին թշնամուն, Ներսեհ Կամսարականը մահացու հարուած հասցրեց Պարսից առաջնորդներից մէկին՝ Ատրվշնասպ Տապեանին: Տեսնելով այդ յաջողութիւնները՝ ոգի էին առնում փախստականները, վերականգնում շարքերը եւ անցնում յարձակման:

Յաղթանակը կատարեալ էր. ջարդելով թշնամուն՝ հայերը բանակ վերադարձան «բարի անուամբ եւ բազում փառօք, լաւ աւարաւ եւ սաստիկ ընչիւք», - ասում է պատմիչը [գլ. ՀԱ]:

Ներսեհապատի ճակատամարտը տեղի է ունեցել 483 թ. գարնանը: Նոյն գարնան երկրորդ մեծ յաջողութիւնը Վահանի եղբայր Վարդ Մամիկոնեանի ազատութիւնն էր: Վարդը մնացել էր պարսիկների հսկողութեան տակ: Վահանը միացաւ ապստամբներին՝ քաջ գիտակցելով, թէ ինչպիսի վտանգի է ենթարկում իր եղբօր կեանքը: Եւ ահա Վարդին յաջողւում է փախչել, այն էլ՝ ոչ մենակ, այլ իր հետ տանելով ծառաներին, շքախումբը, ամբողջ ունեցուածքը: Հասնելով Հայոց երկիրը՝ Վարդը միացաւ ապստամբներին: Օգնութիւնը ժամանակին էր, առաջիկայում պատերազմը պիտի աւելի սաստկանար [գլ. ՀԲ]:

Հայոց զօրքը տեղաւորուել էր Ծաղկոտն գաւառում՝ Այրարատ աշխարհի հարաւում: Ճակատամարտից յետոյ Վարշակի կոչուող ջերմուկի մօտ մտադիր էին հանգիստ առնել: Հէնց այստեղ սուրհանդակը նամակ է բերում Վախթանգից: Վրաց թագաւորը յայտնում էր. «Իմ Վրաց երկիրը մի մեծ գունդ է մտել. տեսնելով որ չեմ կարող դիմադրել՝ դիմել եմ փախուստի դէպի Հայոց լեռները եւ այստեղ, Վիրքի սահմանների մօտ ձեզ եմ սպասում»: Միաժամանակ Վախթանգը յայտնում էր, որ հոներին հրաման է տուել՝ գալ եւ միանալ ապստամբներին: Հոները դեռեւս չեն երեւացել, բայց նախքան հայերի գալուստը անշուշտ տեղ կը հասնեն: Հայերը, վրացիները, հոները միանալով կը ջախջախեն պարսիկներին: Աւելին՝ եզրակացնում էր Վրաց թագաւորը, երբ հոները գան, մեզ անելիք չի լինի. նրանք իրենք կը կատարեն գործը, մանաւանդ որ Վախթանգը կոչ էր արել հոների անչափ բազմութեանը:

Մինչդեռ հոները յապաղում էին, եւ Վախթանգը ճիգ էր անում այս կամ այն կերպ բացատրել նրանց ուշացումը: Մէկ ձգձգում էր լեռնականների գալուստը, մէկ էլ ասում, որ հոները միայն այն դէպքում կ՚իջնեն լեռներից, եթէ համոզուեն, որ հայերն արդէն պատերազմի դաշտում են գտնւում: Յայտնում էր նաեւ, որ իբր Միհրանը թողել է Վիրքը եւ Աղուանից կողմերն անցել: Ղազար Փարպեցին այդ բոլորը գիտակցուած խաբեբայութիւն է համարում, բայց ի՞նչ էր մնում անել նեղն ընկած Վրաց թագաւորին, հայերի օգնութիւնն ապահովելու համար:

Հոներն այդպէս էլ չերեւացին, իսկ հայ զօրականները, հաւատարիմ լինելով Վախթանգի հետ կնքած դաշինքին («վասն զի երդումն էր Աւետարանաւ եւ խաչիւ ընդ թագաւորին Վրաց Վախթանգայ»), շտապեցին օգնութեան եւ մտան Գուգարքի Կանգարք գաւառը: Այստեղից նրանք իջան Ճարմանայնի դաշտը՝ Կուր գետի հովիտը. հէնց այստեղ տեղի ունեցաւ երրորդ մեծ ճակատամարտը:

483 թ. ամառն էր կամ վաղ աշունը՝ սաստիկ շոգ էր, նկատում է պատմիչը: Հայ իշխաններից ոմանք շարժումը դէպի Վիրք սխալ էին համարում, բայց փոքրամասնութիւն կազմելով՝ վերջ ի վերջոյ, ստիպուած եղան համաձայնել: 3 թէ 4 օրից երեւաց Միհրանը: Պարսիկները բանակ դրեցին Կուրի միւս ափին՝ հայ զօրքի դէմ-յանդիման: Հայերը թողեցին իրենց տեղը եւ ամրացան մի այլ վայրում, հակառակորդից աւելի հեռու:

Մինչդեռ կատարուեց այն, ինչ նման դէպքերում սովորական էր: Հայոց զօրքի մի մասը գաղտնի բանակցութիւններ սկսեց Միհրանի հետ: Վահանն իբր բռնի կերպով էր ստիպել նրանց զէնք բարձրացնել արիների դէմ: Եթէ դուք, - ասում էին նրանք՝ դիմելով պարսիկներին, - մեզ թողութիւն շնորհէք, ապա մենք կը վերադառնանք նախկին ծառայութեանը: Իսկ վաղը, երբ ճակատամարտը սկսուի, մենք կը փախչենք գնդից, մեզ հետ էլ կը տանենք շատ շատերին [գլ. ՀԳ]:

Դաւաճանների այդ քայլը քայքայեց հայոց զօրքը. Վահանը գիտէր, որ իր բանակը կորցրել է երբեմնի կամքն ու պատերազմելու ցանկութիւնը: Այնուամենայնիւ, նա դասաւորեց իր ուժերը այնպէս, ինչպէս դա թելադրում էր պատերազմ վարելու այն ժամանակուայ գիտութիւնը: Հայերը եւ վրացիները կռուելու էին կողք-կողքի: Նրանք գտնւում էին ըստ երեւոյթին Կուրի աջ՝ հարաւային ափին, իսկ պարսիկները, ժամանելով Աղուանքից, ամրացել էին հիւսիսային ափին: Ճակատամարտը սկսուեց, Մամիկոնեանները եւ Կամսարականները կռւում էին հերոսաբար, սակայն հայկական ջոկատները ստիպուած եղան յետ նահանջել. տագնապ պատեց նաեւ վրացիներին: Այդ ճակատամարտում սպանուեցին Վասակ Մամիկոնեանը եւ մարզպան Սահակ Բագրատունին:

Վահանը հեռացաւ դէպի Տայոց կողմերը, ապաստան որոնելով Մամիկոնեանների ժառանգական տիրոյթում (նախորդ գլխում ասացինք, որ 451 թ. աշնանը Տայքում էր ամրացել Վահանի հայր Հմայեակ Մամիկոնեանը): Նրան միացան Ճարմանայնի փախստականները: Սպարապետի հետ անբաժան էին երկու Կամսարական եղբայրները՝ Ներսեհը եւ Սահակը: Այստեղ եկաւ Միհրանն իր գնդով եւ բանակեց սահմանամերձ Դու գիւղում: Դուն գտնւում էր Պարսից Հայաստանի հատուածում, մինչդեռ Վահանն ամրացել էր հոռոմոց մասում: Միհրանի նպատակն էր կամ Վահանին ջարդել պատերազմում, կամ խորամանկութեամբ գերի վերցնել, կամ էլ համոզել, որ կամովին ենթարկուի պարսիկներին:

Վահանը բանակել էր Մկնառինջ գիւղում, Դուից 2 հրասախ (այսինքն՝ մօտաւորապէս 12 կմ) հեռաւորութեան վրայ: Եւ ահա սկսեցին գիւղից գիւղ անցնել սուրհանդակներ, Միհրանը ապստամբ սպարապետի հետ ձեռնամուխ եղաւ բանակցութիւնների: Պարսից զօրապետը համոզում էր Վահանին՝ «Մի՛ կորչիր, արքայից արքայի ծառայութիւնից դուրս մի՛ եկ. Հայոց աշխարհը դէպի կործանում մի՛ տանի: Հնազանդուի՛ր թագաւորին, իսկ ես [ձեր երկուսի միջեւ] կը լինեմ միջնորդ: Բարի հոգու տէր լինելով՝ նա սիրում է ինձ, ականջ դնում իմ ասածին: Ես կը դիմեմ թագաւորին, կը հաշտեցնեմ ձեզ եւ կ՚աշխատեմ, որպէսզի նա տայ քեզ այն, ինչին որ արժանի ես»: Բայց Վահանը թուարկում էր պարսիկների կատարած այն ոտնաձգութիւնները, որոնք եւ առաջացրին ապստամբութեան վերածուած բողոքը [էջ 136-139]: Ճառերն, ինչպէս եւ այլուր, Ղազար Փարպեցու ստեղծագործութիւնն են, դրանց իսկական կորիզը մենք բերեցինք շարժման պատճառների մասին խօսելիս: Այդ ճառերի հիման վրայ կարելի է պատկերացում կազմել հայկական հասարակական հոգեբանութեան մի շարք առանձնայատկութիւնների մասին:

Բանակցութիւնների ընթացքում շօշափուեց մի հարց եւս: Տասնեակ տարիներ էին անցել այն պահից, երբ հայերը դարձել էին արքայից արքայի հպատակներ: Վահան Մամիկոնեանի ժամանակակիցները դրանից չեն տրտնջում (եթէ առհասարակ տրտնջացել են): Բայց ահա Պերոզը հրապարակաւ վատաբանում է հայերին. «Ասորին վատ մարդ է եւ անպէտք զօրական, բայց ասորուց վատթարն ու անպիտանը հայն է»: Այդ յայտարարութիւնն ընկալւում է ոչ միայն որպէս ազգային ինքնասիրութեան վիրաւորանք: Արքայից արքան կասկածի տակ է դրել հայ ազգի (միաժամանակ նաեւ զօրքի) բարձր դիրքը, որը վաստակած են եղել հայաստանցի հպատակները: Միւս խախտումների հետ մէկտեղ, այդպիսի վերաբերմունքը անպայման պիտի բողոք առաջացնէր [գլ. ՀԵ]:

Բանակցութիւնները չաւարտած՝ Միհրանին անսպասելիօրէն յետ կանչեցին Պարսկաստան: Ճանապարհ ընկնելով, նա իր հետ տարաւ Հրահատ Կամսարականին եւ Յազդ Սիւնուն: Կամսարականին յաջողուեց փախչել, իսկ Յազդ Սիւնին պիտի ընտրութիւն կատարէր մահուան եւ ուրացութեան միջեւ: Սիւնին յետ չկանգնեց իր հաւատից եւ 483 թ. սեպտեմբերի 12-ին իր կեանքն աւարտեց որպէս վկայ:

Միհրանի գնալը Վահանին հնարաւորութիւն տուեց շունչ քաշել: Սպարապետը տեղափոխուեց Այրարատ եւ ձմեռեց Դուինում: Փաստը նշանակալից է՝ 483-484 թթ. ոչ թէ պարսիկները, այլ ապստամբներն են տիրում Հայոց երկրի բուն սրտում՝ ոստանում:

Ձմռանը Վիրքից դեսպաններ եկան, բերելով բոլորովին աներեւակայելի մի լուր: Նրանց ասելով՝ Սահակ Բագրատունի մարզպանը եւ սպարապետի եղբայր Վասակ Մամիկոնեանը Ճարմանայնի մարտից յետոյ կենդանի են մնացել: Ծանր վէրքերով, մեծ փորձութիւններից յետոյ նրանք վերջապէս ապաստան են գտել ինչ-որ աբեղայի մօտ, իսկ այժմ սպասում են, որ նրանց օգնութեան կը գան, եւ նրանք կրկին կը մասնակցեն ընդհանուր պայքարին: Այդ լուրը Ղազար Փարպեցին անուանում է անմիտ մարդկանց սատանայական խօսքեր: Սպարապետը մեծ կասկածով ընկալեց դեսպանների պատմածը: Լուրը գալիս է չարամիտ մարդկանցից, բացատրում էր նա ընկերներին՝ իմանալով, որ գարնանը Պարսից բանակը մտնելու է Հայաստան, մտածում են, որ կարող են ոստանում գտնուող Հայոց զօրքը քայքայել, պառակտում մտցնել, ցրել այն [էջ 142. 36-143. 3]:

Այնուամենայնիւ, զիջելով անխորհուրդ եւ թեթեւամիտ մարդկանց, մի ջոկատ են կազմում եւ Մուշէղ Մամիկոնեանի գլխաւորութեամբ ուղարկում Վիրք: Հայ զօրականները տեղ հասնելով, անշուշտ, ոչ ոքի չեն գտնում [14]:

Աւարտուեց պատերազմական նաեւ երկրորդ ձմեռը, երբ 484 թ. իր զօրքով Հայաստան ներխուժեց Զարմիհր Հազարաւուխտը (482 թ. նա ամրականների ըմբոստութիւնը ճնշելու համար եղել էր Աղուանքում): Հայ ուրացողները հասցրին հաղորդել նրան, որ Հայոց զօրքի գրեթէ կէսը գտնւում է Վիրքում, ոստանում եղած Վահանի ուժերը փոքրաթիւ են: Հազարաւուխտը որոշում է գրոհել Վահանի վրայ Դուինի մօտ, այն մայրի անտառի կողմից, որը տնկել էր Խոսրով Բ Կոտակ (330-338) Հայոց թագաւորը: Վահանը եւ իր մարտիկները կռւում էին քաջաբար, սակայն ստիպուած եղան նահանջել: «Հզօր մարդու քաջաբար կատարուած փախուստը յաջորդ գործի վերաբերմամբ, սաստիկ ահ է ներշնչում թշնամու գնդին», այդ կապակցութեամբ նկատում է պատմիչը [էջ 144. 30-31], սակայն չի թաքցնում, որ դրութիւնը շատ ծանր էր: Պարսիկները Դուինից դուրս մղեցին ապստամբներին, ճանապարհին վիրաւորուեց եւ քիչ էր մնում գերի ընկնէր կաթողիկոսը: Նոյն օրը Վիրքից յետ եկաւ Մուշեղ Մամիկոնեանը, բայց նրան մնում էր միանալ նահանջողներին [գլ. ՀԸ]:

Վահանը լաւ էր պատկերացնում իրավիճակը: Նա որոշեց քաշուել Խաղտիք, որը գտնւում էր Բիւզանդական հատուածում: Սպարապետն իր զօրքով կանգ առաւ Վարայրվարում Հոռոմ տան, այսինքն՝ Հայաստանի բիւզանդական բաժնում), Շաղագոմք գաւառում: Հազարաւուխտը յոյս ունէր, որ իրեն անվտանգութեան մէջ գտնելով, Վահանը կը կորցնի զգօնութիւնը: Նա գրոհեց, անակնկալի եկած սպարապետը չկարողացաւ դիմադրել: Ղազարն ասում է, որ պարսիկները «զբազումս ի ռամիկ մարդկանէն Հայոց սպանանէին» [էջ 145. 33-34]: Տեղացի՞ էին դրանք, թէ՞ փախստականներ: Վահանին յաջողուեց, այնուամենայնիւ, իր հիմնական ուժերով փախչել, ուստի Հազարաւուխտի այդ արշաւանքը ամէնից կարեւոր կէտում նպատակին չհասաւ: Զարմիհր Հազարաւուխտը տեղաւորուեց Դու գիւղում, որտեղից անցեալ՝ 483 թ. բանակցութիւններ էր սկսել Վահան Մամիկոնեանի հետ: Միհրան զօրավարը, սակայն, արդէն յաջորդ օրը հրաման ստացաւ ուղեւորուել Վիրք: Հրամանն ասում էր՝ կամ բռնել, կամ սպանել, կամ էլ իր երկրից հալածել Վախթանգ թագաւորին [էջ 146. 13-14]: Հայաստանի նոր մարզպան էր նշանակուել Շապուհը՝ Միհրան տոհմից, իր յատուկ գնդով [գլ. ՀԹ]:

Վախթանգ թագաւորը նոյնպիսի ծանր վիճակում էր գտնւում, ինչ որ եւ Վահանը: Երբ Հազարաւուխտն իր զօրքով մտաւ Արեւելեան Վրաստանի սահմանները, ազատանու մի մասը, ուրանալով, միացաւ նրան: Պարսից զօրավարին շրջապատում էին նաեւ նրանք, ովքեր նախկինում «միաբանութեան մէջ էին արքայից արքայի հետ» [էջ 146. 22-23]: Խոստումներ տալով՝ Հազարաւուխտը կարողացաւ ի մի բերել այդ բազմութիւնը («միաբանեցուցեալ զշատս յաշխարհէն Վրաց»), կազմելով մի յատուկ գունդ: Սեփական հպատակների դաւաճանութիւնը Վախթանգին ստիպեց ապաստան որոնել Եգեր աշխարհում, այն է՝ Էգրիսի, Արեւմտեան Վրաստան:

Հայաստանում բախումներ են տեղի ունենում, սակայն մեծ ճակատամարտեր չեն լինում: Ղազար Փարպեցին միշտ նշում է ապստամբների յաջողութիւնները, մինչդեռ նրա շարադրանքից եւս պարզ է, որ Վահան Մամիկոնեանի վիճակը արտակարգ ծանր է եղել: Սպարապետը իր ուժերը կենտրոնացրել էր պարսկա-բիւզանդական սահմանագծի մօտերքում, բայց սահմանն անգամ ապահովութիւն չէր տալիս պարսիկների յարձակումներից:

Պէտք է ասել, որ հակառակորդի յաջողութիւններն էլ էին տարակուսելի: Ապստամբութիւնը շարունակւում էր, չէր յաջողւում ո՛չ ջարդել Վահան Մամիկոնեանին եւ Վախթանգին, ո՛չ էլ գերի վերցնել: Պարսիկները վախ են ունեցել, որ հայերը կը դիմեն Բիւզանդական հատուածում բնակուող իրենց հայրենակիցներին: Խօսքը Անձիտի, Ծոփքի, Հաշտեանքի մասին է՝ այն տիրոյթների, որոնք Դ դարի վերջերից գտնւում էին Կայսրութեան հովանաւորութեան ներքոյ եւ վայելում էին ինքնավարութեան լայն իրաւունքներ: Մարզպանական Հայաստանի բնակչութեան համար նրանք եղել են ազգակիցներ՝ ազգականներ: Ղազար Փարպեցու վկայութեամբ՝ Շապուհը գտնում էր, որ Պերոզը պէտք է վերադառնայ տուն եւ անձամբ ղեկավարի ռազմական գործողութիւնները Հայաստանում: Եւ ահա պարսիկների համար այդ ծանր պահին յայտնի է դառնում, որ հեփթաղների պատերազմում իր մահն է գտել արքայից արքայ Պերոզը: Դա տեղի է ունեցել 484 թ. գարնանը կամ ամռանը [15] [գլ. ՁԴ-ՁԵ]:

Պարսիկների պարտութիւնն Արեւելքում բացայայտեց Իրանի արտաքին քաղաքականութեան ողջ ճգնաժամը: Ամենայն հաւանականութեամբ, իր դերը կատարէց նաեւ հայ-վրացական ապստամբութիւնը, հայերի ու վրացիների յամառ դիմադրութիւնը: Երբ Պերոզի սպանութեան բոթը հասաւ Այսրկովկաս, Շապուհն ու Հազարաւուխտը անմիջապէս դուրս հանեցին իրենց զօրքերը: Իսկ Վահան Մամիկոնեանը յաղթական մուտք գործեց Դուին: Բայց սպարապետը նախապէս «ողջախորհուրդ եւ աննենգ նախարարների հետ միասին» անցաւ Վաղարշապատ: Այժմեան մայր տաճարը դեռեւս չկար, չկար անգամ նրա հիմքը կազմող հին կառոյցը: Նրա տեղում գտնւում էր մի հին եկեղեցի, որը հիմնարկել էին Վահանի նախնիները: Վահանն առատ նուիրատւութեամբ ապահովեց այդ եկեղեցու նորոգումը մեծապայծառ շքեղութեամբ: Շինարարութիւնը գալիք խաղաղ շրջանի առաջին նշանն էր:

Զէնքը վայր չդնելով հանդերձ՝ հայերը դադարեցրել էին ռազմական գործողութիւնները: Պարսից արքունիքն իր հերթին երազում էր խաղաղութեան մասին: Մօտակայ ամիսների բովանդակութիւնը կարելի է որակաւորել որպէս Իրանի, Հայոց եւ Վրաց երկրների միջեւ եղած յարաբերութիւնների կարգաւորման շրջան:

Սպանուած Պերոզի թափուր գահը գրաւեց նրա եղբայրը Վաղարշը (484-488): Փարպեցու «Պատմութեան» մէջ նա հանդէս է գալիս որպէս միանգամայն դրական կերպար: Անցեալի անյաջողութիւնները վերագրուել էին Պերոզի բռնաւոր կամաւորութեանը, ապստամբութիւնը յայտարարուել էր Պերոզի անմիտ քաղաքականութեան հետեւանք, մինչդեռ նոր արքան շրջապատի աչքում թւում է «այր քաղցր եւ աշխարհաշէն»: Ուրուագծելով արքայի հետագայ քայլերը՝ Վրաստանից վերադարձած Զարմիհր Հազարաւուխտը կոչ է անում, ի միջի այլոց, որ նա իւրաքանչիւրին ճանաչի ըստ իսկական արժանիքների՝ լինի դա արի կամ անարի: Պէտք է տարբերել պիտանուն եւ անպիտանին, խորհրդակցել իմաստունների հետ, ապա ըստ արժանւոյն վարձատրել վաստակաւորներին: Այդ՝ իրականում երբեք չարտասանուած ճառը արտայայտում է ապստամբ հայերի պատկերացումը արդար շահանշահի մասին: Չէ՞ որ ապստամբութեան պատճառներից մէկը հէնց այն էր, որ Վաղարշի նախորդները, խախտելով նախարարական համակարգը, չէին զանազանում պիտանիին եւ անպիտանին: Այսպէս թէ այնպէս, Հայոց երկիրը հարկաւոր էր նուաճել խաղաղ եղանակով՝ այս հարցում Վաղարշի խորհրդատուները միաձայն էին: Իսկ նրանցից մէկը՝ Հայոց մարզպան Շապուհ Միհրանը, ընդգծում էր նաեւ, որ քանի հայերը մեզ էին ենթարկւում, ո՛չ Վիրքը, ո՛չ էլ Աղուանքը չէին համարձակւում հակառակ լինել:

Հետեւելով ընդհանուր կարծիքին՝ Վաղարշը Հայոց երկիր է ուղարկում Նիխոր Վշնասպդատին՝ «այր հեզ եւ մտացի եւ աշխարհաշէն»: Շահանշահը կարգադրում է. «Գնա՛ Հայաստան եւ ամենայն քաղցրութեամբ եւ սիրով, Վահանի եւ նրա ընկերների կամքին համաձայն, համոզի՛ր նախարարներին եւ բե՛ր նրանց Արիներին ի ծառայութիւն»: Բայց խաղաղ պատուիրակութեան գործունէութիւնը ապահովելու համար Նիխորին տրուել էր մի մեծ զօրաբանակ: Այն կազմուած էր Ատրպատականի, Հեր եւ Զարեւանդ գաւառում գտնուող այրուձիուց [գլ. ՁԵ-ՁԶ]:

Նիխոր Վշնասպդատը փորձ չարեց մտնել Հայաստանի խորքը, այլ կանգ առաւ Նուարսակ գիւղում, Ատրպատականի եւ Հայոց աշխարհի սահմանագծի մօտ: Հէնց այստեղ էլ սկսուեցին բանակցութիւնները նրա եւ սպարապետի միջեւ: Ղազար Փարպեցին մանրամասն նկարագրում է բանակցութիւնների հերթականութիւնն ու կարգը, վերարտադրում (աւելի շուտ՝ յօրինում) մասնակիցների ճառերը եւ այլն: Այստեղ շատ բան պայմանաւորուած է «Պատմութեան» ժանրային պատկանելութեամբ, սակայն հիմք չունենք մտածելու, որ բանակցութիւնների էութիւնը հաղորդելիս հեղինակը շեղւում է ճշմարտութիւնից:

Նիխորն իր հետ բերել էր Վաղարշ թագաւորի հրովարտակը, ուր ասուած էր՝ նուաճել հայերին խաղաղութեամբ: Կողմերը, սակայն, չէին վստահում միմեանց, ուստի բանակցութիւնները սկզբնապէս կատարւում էին միջնորդների մասնակցութեամբ: Նիխորը ընտրել էր 2 հոգի՝ Շապուհ դպրին եւ Միհրվշնասպ Ճուարշացուն, եւ նրանց ուղարկել Վահանի մօտ, Նուարսակ գիւղը: Իմանալով նրանց գալստեան մասին՝ սպարապետը իր մօտ հրաւիրեց ուխտապահների գունդը՝ նախարարներին եւ ազատներին, ողջ այրուձին, եւ հրամայեց նորեկներին հրապարակաւ յայտնել Վաղարշի եւ աւագանու տեսակէտը: Երբ ասելիքն աւարտելով՝ պատգամաւորները լռեցին, Վահանն ասաց, որ պատասխան կստանան վաղը:

Յաջորդ օրը դահլիճում ներկայ էին ինչպէս հայ ազնուականները, այնպէս էլ Նիխորի պատգամաւորները: Դիմելով վերջիններիս՝ Վահանն (ըստ Ղազար Փարպեցու խմբագրութեան) ասաց հետեւեալը. շատ եւ կարեւոր խօսքեր ունենք ասելու ապստամբութեան պարագաների մասին, նաեւ այն մասին, ինչն է ստիպել մեզ մասնակից դառնալ այսպիսի խոշոր եւ մահաբեր գործի: Անհնարին է գրի առնել այդ խօսքերը կամ հաղորդել դեսպանի միջնորդութեամբ: Կարող եմ դրանք հասցնել անմիջապէս Արեաց թագաւորին, նրա հետ միասին նաեւ ձեզ, որ պատկանում էք Պարսից Դռան աւագանուն: Բայց 3 գաղափար պիտի յայտնեմ ձեզ: Եթէ այս երեք մտքերին արքան պատասխանի այնպէս, ինչպէս կամենում եմ ես եւ այստեղ գտնուողները, եթէ պատասխանը լինի գրաւոր, վաւերացուած արքայական կնիքով, ապա ընդունելի կը լինեն ձեր ասածները, կը լսենք ձեզ մեր նախնիների օրինակով: Դուք լսում եք այժմ ոչ միայն իմ, այլեւ այստեղ գտնուողների խօսքերը: Այն երեք պահանջները, որ պիտի ներկայացնեմ ձեզ, այսօր չէ, որ առաջացել են. դրանց մասին մտածել ենք այն պահից, երբ մեզ յանձնել ենք մահաբեր գործի: «Եթէ պարսիկները բաւարարեն մեզ այս երեք հարցում՝ կը ծառայենք նրանց՝ իբրեւ բնիկ եւ հաւատարիմ ծառաներ: Եթէ չհամաձայնեն եւ խստանան՝ կը ցրուենք աշխարհով մէկ, կը կործանուենք, ուրախութեամբ կը հրաժարուենք կեանքից, բայց պարսկի առջեւ չենք խոնարհուի» [16]:

Տեսնում ենք, որ բանակցութիւնների հէնց սկզբից Վահանը իրեն պահեց եթէ ոչ որպէս յաղթող, ապա ոչ էլ որպէս պարտուած: Խօսում է կտրուկ՝ մշտապէս յիշելով արժանապատւութեան մասին: Հաշտութեան եւ խաղաղութեան երեք պայմաններն են՝

1. «Մեր հայրենի եւ բնիկ օրէնքը (հաւատը) մեզ էք թողնում, որեւէ հայ մարդու մոգ չէք դարձնում, մոգութեան դիմաց որեւէ մէկին գահ եւ պատիւ չէք շնորհում, կրակարանը հեռացնում էք մեր Հայոց աշխարհից, մենք այլեւս չենք տեսնելու աղտեղի եւ անպիտան մարդկանց թշնամանքը եկեղեցու նկատմամբ, ինչպէս դա եղել է մինչ այժմ: Թոյլ էք տալիս, որպէսզի աշխարհիկ քրիստոնեաները եւ հոգեւորականները համարձակ եւ աներկիւղ հետեւեն քրիստոնեայ կարգին եւ պաշտամունքին՝ այնտեղ որտեղ եւ կը կամենան»:

2. Անկարելի է մարդկանց ճանաչել իշխանաբար, հարկաւոր է իրաւաբար զանազանել լաւերին՝ վատթարներից, տոհմիկներին՝ անտոհմիկներից եւ այլն: Երբ դա այդպէս լինի, Արեաց աշխարհի գործերը կ՚ընթանան յաջող եւ անսխալ: «Ապա եթէ նախընտրէք ինչպէս ցայժմ հակառակը եւ ոչ ճիշտը՝ հակառակ կը լինեն նաեւ գործերը, այնպէս, ինչպէս որ եղել են (հնում) եւ ինչպէս դուք ինքներդ այդ տեսաք»:

3. Թագաւորը պիտի տեսնի իր աչքով, լսի իր ականջով, ինքը ճանաչի (լաւն ու վատը), խօսի իր բերանով, այլ ոչ թէ դիմի իր ծառաների միջնորդութեանը: Հակառակ դէպքում վաստակները կ՚ոչնչացուեն ծառաների ձեռքով, իսկ աշխարհը եւ նրա բնակիչները այլեւս չեն մնայ անսասան եւ հաստատուն: Հարցին ճիշտ մօտեցումն է ապահովում աշխարհի շէնութիւնը եւ նրա տիրոջ պայծառ վիճակը:

Ինչպէս ասուեց վերեւում, առաջին հերթին՝ թուարկուած հանգամանքները պատճառ եղան, որ հայերը դիմեցին զէնքի, դրանց վերացումը պիտի խաղաղութիւն բերէր: Եւ Վահանը եզրափակեց. «Արդ, եթէ դուք այսպէս խոստանաք, խոստացածն էլ գրով ու կնիքով հաստատէք եւ մեզ տաք, ապա կոչէք մեզ, եւ մենք կը գանք եւ կը լսենք ձեր խօսքերին, հաւանութիւն կը տանք թագաւորի ասածին, ինչ եւ որ ասելու լինի: Ապա եթէ այս երեք պահանջները չապահովէք, գտնէք, որ անհնարին է՝ դրանով մեզ մահուան առջեւ կը կանգնեցնէք. մենք պատրաստ ենք մեռնել, բայց Արեաց տիրոջը չենք ծառայի: Եւ եթէ ես գամ, ապա այլ հարցերի մասին ինքս կը խօսեմ նրա (թագաւորի) հետ, իսկ եթէ այդպիսի պատեհութիւն չլինի, թող ասելիքս ինձ հետ մնայ» [գլ. ՁԹ]:

Աւարտելով իր խօսքը՝ Վահանը պատգամաւորներին յետ է ուղարկում Նիխորի մօտ: Նրանց ուղեկցում են մի քանի անուանի հայ նախարարներ: Առաջիկայում բանակցութիւնները վարելու են անմիջապէս Վահանն ու Նիխորը: Ստանալով սպարապետի գրութիւնը՝ Նիխորը մի պատասխան նամակ է ուղարկում նրան եւ Վահանին հրաւիրում իր մօտ: Նամակից պարզ էր, որ Նուարսակի պայմաններն ընդունուած են՝ Արեաց տէրը եւ աւագանին յանձն են առնում ամբողջութեամբ հետեւել նրանց:

Բաւարարուած լինելով բանակցութիւնների այդ շրջանի արդիւնքներով՝ Վահանը շարժւում է դէպի Արտազ գաւառը (Նիխորը սպասում էր նրան Հեր գաւառում): Զօրավարն իր գնդի հետ կանգ է առնում Արտազի Եղինդ գիւղում: Պարսիկների ոտնձգութիւններից իրեն ապահովելու համար, պահանջում է, որ Նիխորն իր մօտ ուղարկի անուանի մարդկանց, որոնք Վահանի բացակայութեան ժամանակ կը մնան հայ նախարաների հսկողութեան տակ: Նիխորին մնում է կատարել Վահանի պահանջը, 8 պարսիկ, որոնց թւում՝ Ատրպատականի կառավարիչ (շահապ) Բազէն, Հայոց երկրի նախկին հազարապետ Վեհվեհնամը եւ Միհրանի եղբայր Ներսշապուհը անցնում են Հայոց բանակը: Արժանաւորապէս պատուելով նրանց, հայերը միաժամանակ աչք չպէտք է հեռացնէին նրանցից:

Վահան Մամիկոնեանը առիթը բաց չէր թողնում ցոյց տալու, որ նա հաւասարի պէս է վարելու բանակցութիւնները, շարունակ հաստատում էր Հայոց կողմի արժանապատւութիւնը: Ուղեւորուելով այն գիւղը, ուր նրան սպասում էր Նիխորը՝ նա հրաման է տալիս, որպէսզի զինուորները դուրս գան կատարելապէս զինուած, այնպէս, ինչպէս ռազմական գիտութիւնն է պահանջում ճակատամարտի պատրաստուելիս: Զօրականներն, անշուշտ, կատարում են սպարապետի կամքը: Այնուհետեւ Վահանը նշան է անում, որպէսզի հնչեցնեն պատերազմական փողերը, եւ նրանց ձայնից թնդում էր երկիրը, նկատում է պատմիչը: Նիխորի բանակում տագնապ է առաջանում. կայ-չկայ Վահանը եկել է ոչ թէ խաղաղութիւն հաստատելու, այլ վնաս հասցնելու, բացականչում են ահաբեկուած պարսիկները:

Նիխորը պատուիրում է Վահանին զգուշացնել, որ նա խախտում է Արեաց կարգը, որովհետեւ փող հնչեցնելով իբր միայն Պարսից սպարապետը կարող է մտնել բանակ: Վահանը հեգնանքով պատասխանում է. «Նախ դարձրո՛ւ ինձ Արեաց տիրոջ ծառայ եւ յետոյ միայն կարգադրութիւններ արա»: Ինչ վերաբերում է Արեաց աշխարհի կարգին, ապա Նիխորից ուսանելու կարիքը չունի, յիշողութիւնը տեղն է, մանաւանդ որ շատ ժամանակ չի անցել այն պահից, երբ նա հեռացել է Պարսկաստանից: Պատմիչն, անշուշտ, ճոխացրել է միջադէպը, սակայն բանակցութիւնների մթնոլորտը ճիշտ է արտայայտուած:

Վերջապէս տեղի ունեցաւ Նիխորի եւ Վահան Մամիկոնեանի հանդիպումը: Պէտք է ասել, որ յատկապէս բանակցութիւնները նկարագրելիս Ղազար Փարպեցին ազատութիւն է տալիս իր գրչին, շարադրանքը լցնում երկար մենախօսութիւններով: Վահան Մամիկոնեանը եւ Նիխորը, երկուսն էլ պատերազմի մարդիկ, ասես մրցակցում են հռետորաբանութեան մէջ, դժուար է ասել, թէ նրանցից ով ում է գերազանցում: Անհնարին է այս էջերը դիտել որպէս իրականութեան անմիջական արտացոլում: Սակայն ընդհանուր առմամբ այդ էջերը չեն հակասում առաջացած իրավիճակին եւ հնարաւորութիւն են տալիս բացայայտելու մի շարք կարեւոր հանգամանքներ:

Պարսից կողմը դատապարտել էր սպանուած Պերոզին, նրա վրայ դրել կրած անյաջողութիւնների պատասխանատւութիւնը: Նիխորի ասելով՝ Պերոզը կործանեց իրեն, կործանեց Արեաց աշխարհի ուժն ու զօրութիւնը, մեծ եւ ազատ թագաւորութիւնը ենթարկեց հեփթաղներին [էջ 166. 23-25]: Ապստամբութեան պատճառը եղել է Պերոզը, Վահանը կտրուկ քայլերի է դիմել ի պատասխան Պերոզի բռնի չարութեան եւ ոչ թէ իր կամքով, ապստամբների զոհերը Պերոզի ամբարտաւանութիւնից են, իսկ նրանք, ովքեր կենդանի մնացին, բոլորովին անմեղ են [էջ 162. 38-39, 166. 17-19]: Այսպիսով, ապստամբներին ապահովուած էր կատարեալ թողութիւն: Պերոզի նկատմամբ եղած բացասական վերաբերմունքը նոր երանգ էր մտցնում հասարակական-քաղաքական մտքի մէջ, որն իր հերթին հնարաւորութիւններ էր բացում կարգաւորել յարաբերութիւնները Սասանեան հարեւանների հետ: Այսրկովկասեան ժողովուրդները դրանից անշուշտ շահեցին:

Բանակցութիւնների ընթացքում պարզուեց մէկ հանգամանք եւս՝ ուրացողներն այլեւս չէին դիտւում իբրեւ քաղաքական ուժ, որի վրայ կարող էր յենուել Արեաց պետութիւնը: Նիխորը արհամարհում է նրանց, թոյլ չի տալիս, որ մասնակցեն Վահանի պատուին կազմակերպուած ընդունելութեանը: Բանն այնտեղ էր հասել, որ ուրացողները ցանկացած գնով ուզում էին ստանձնել ապստամբութեան անունը, բայց ոչ ոք չէր համաձայնում նրանց շնորհել այդ պատիւը [էջ 170. 10-11]: Վահանն իր հերթին մերկացնում էր ուրացողների դերը, ցոյց տալիս այն վնասները, որ հասցրել էին նրանք ոչ միայն իրենց ազգակիցներին, այլեւ հէնց պարսիկներին: Սպարապետը նրանց անուանում է «արք անպիտանք, ատեցեալք յամենայն սրբասէր մարդկանէ, փախստականք յաշխարհէն ըստ աղտեղի գործոց իւրեանց, լեառնախոյսք (այսինքն՝ մարդկանցից հեռացող՝ լեռներ փախչողներ), աւազակապետք, արիւնապարտք, հացկատակք, բանորսողք, խաբեբայք, շաղակրատք, անյարուչք [17], վատատոհմիկք» եւ այլն, եւ այլն [էջ 167. 16 եւ այլն]: Ուրացութիւնից գալիք վտանգը ընդհանուր առմամբ վերացուած էր:

Նիխորի եւ Վահանի բանակցութիւնները Նուարսակի անմիջական շարունակութիւնն են եղել: Սպարապետը զարգացնում էր այն գաղափարները, որոնք առաջ էր քաշել Նուարսակի պայմանադրութեան մէջ, եւ յատկապէս պահանջում, որպէսզի հաշտութեան պայմանները հաստատուեն Վաղարշ թագաւորի գրով եւ կնիքով. միայն դրանով հնարաւոր կը լինի ապահովել հայերի հաւատարմութիւնը՝ ծառայութիւնը [գլ. ՂԱ-ՂԳ]:

Նիխորը պատրաստ էր ընդառաջել Վահան Մամիկոնեանի պահանջին, բայց իր կողմից մի ուրիշ պայման դրեց: Ապստամբել էր Պերոզի որդի Զարեհը, Նիխորը ցանկանում էր, որպէսզի խռովութիւնը ճնշի Հայոց այրուձին: Վերադառնալով Դուին՝ Վահանը առանձին գունդ կազմեց, հրամանատար նշանակելով Վրէն Վանանդացուն եւ իր Վասակ եղբօր որդուն՝ Գրիգորին: Զարեհը պարտութիւն կրեց ու սպանուեց, իսկ Վրէնն ու Գրիգորը փառքով վերադարձան տուն: Նրանց քաջութեան համբաւը հասել էր անգամ Վաղարշ թագաւորին: Ռազմական ծառայութիւնից բացի այդ քայլը դիտուել էր, ըստ երեւոյթին, որպէս հայերի հաւատարմութեան իւրատեսակ ապացոյց [գլ. ՂԴ]:

Մի քանի օր անց սկսուեց բանակցութիւնների երրորդ՝ եզրափակիչ փուլը: Շրջապատուած ուխտակից նախարաներով՝ Վահանը հասաւ Պարսից Դուռը, ներկայացաւ Վաղարշ թագաւորին: Ըստ Ղազար Փարպեցու՝ առաջին օրը թագաւորը, նկատի ունենալով ճանապարհի դժուարութիւնները, բաւարարուեց նրանով, որ տեղեկացաւ Վահանի ողջութեան մասին: Յաջորդ օրը ատեանը լցուած էր Դռան աւագներով, անուանի մարդկանցով, պատմիչի արտայայտութեամբ՝ սաստիկ որերով: Պերճախօսութեան մրցումը այս անգամ շարունակւում էր թագաւորի եւ սպարապետի միջեւ: Բանակցութիւնները պտտւում էին հին թեմաների շուրջ: Վաղարշն ասաց, որ ապստամբութեան պատճառները Պերոզի գործած սխալներն են: Վահանն իր հերթին դատապարտեց սպանուած արքայից արքային, շեշտեց, որ եթէ նրա բռնապետութեան միւս զոհերը նիւթապէս էին տուժում, ապա հայերը ունենում էին հոգեկան կորուստներ՝ «իսկ զմեզ՝ հոգւովք հարկանէին» [էջ 173. 14]: Սպարապետը կրկին ու կրկին անդրադարձաւ լաւերին ու անպիտաններին շփոթելու վտանգին (հայ նախարարների համար դա դարձել էր հիւանդագին մի հարց): Այժմ, եզրափակեց սպարապետը, եթէ պարսիկները ճիշտ դիրք ընդունեն, ապա հայերը կը լինեն նրանց վստահելի հպատակները:

Վաղարշը համաձայնեց ճանաչել հայերի բոլոր պահանջները, քանի որ ապստամբութեան պատճառը Պերոզի բռնութիւնն էր. հայերն, ասաց նոր արքան, ընդմիշտ թողութիւն են ստանում: Միաժամանակ առիթը բաց չթողեց շեշտելու, որ իրենց տէրերի նկատմամբ նրանք պիտի լինեն հաւատարիմ ծառաներ [գլ. ՂԵ]:

Վահանը ճանաչուեց Մամիկոնեանների տանուտէր, հաստատուեց, ըստ իր նախնիների օրինակի, Հայոց սպարապետ (հետաքրքիր է, որ նոր շահանշահը նորոգում էր իր նախորդի որոշումները, որոնք ապստամբութեան պատճառով հաւանաբար չեղեալ էին համարուել): Ճանաչուեցին նաեւ Վահանի զինակիցների իրաւունքները: Որոշուեց Կամսարական տոհմի տանուտէրը. դա, ըստ երեւոյթին, եղել է Սահակը [18]: Ինչ վերաբերում է Արծրունիներին, ապա արքայից արքան հետաձգեց հարցի լուծումը, մինչեւ որ այդ տոհմը իր վաստակներով արժանանայ արքայական շնորհին [գլ. ՂԶ]:

Հրաժեշտ տալով արքայից արքային՝ Վահանը վերադառնում է հայրենիք: Նրան ընդառաջ է գալիս կաթողիկոս Յովհան Մանդակունին, նրանք միասին մտնում են Վաղարշապատ: Վահանը նուէրներ է տալիս Կաթողիկէ եկեղեցուն եւ սուրբ կոյսերի մատուռներին, այդ օրերը եկեղեցիներում ճոխ արարողութիւններ են լինում, որից յետոյ Վահանը հանդիսաւոր կերպով մուտք է գործում Հայոց աշխարհի բուն ոստանը (տուեալ դէպքում մայրաքաղաքը՝ Դուին) [գլ. ՂԷ]:

Ահա թէ ինչպէս աւարտուեց հայերի համար 482-484 թթ. ապստամբութիւնը: Վահան Մամիկոնեանը կարող էր գոհ լինել՝ նրա բոլոր պահանջները բաւարարուած էին, քաղաքական ուժն անցել էր նրա եւ նրա կողմնակիցների ձեռքը: Շատ ժամանակ չանցած, պարսիկները աւելի լայնացրին Հայոց ինքնավարութեան սահմանները:

Հայոց երկրի Անդեկան անունով պարսիկ մարզպանը նստած էր Դուինում: Պատմիչը նրան համարում է «այր խելացի, մտադիր, իմաստահայեաց, որ գիտէր ճանաչողութեամբ որոշել զիմաստունն յանմտէն եւ զլաւն ի վատթարէն»: Անդեկանի եւ Վահանի միջեւ հաստատուեցին բարեկամական յարաբերութիւններ: Անդեկանն ինքն առաջարկեց, որ Հայոց մարզպան լինի Վահան Մամիկոնեանը: Հետաքրքիր է պատճառաբանութիւնը. քչերը կարող են համեմատուել Վահանի հետ իրենց իմաստութեամբ, բացատրում էր Անդեկանը թագաւորին: Բացի այդ, շարունակում էր նա, Հայոց աշխարհը մեծ է, մարդ 2-3 տարում հազիւ կարողանայ ճանաչել այն, զանազանել լաւը վատթարից, պիտանուն՝ ապիրատից (պատմիչն է, թերեւս, Անդեկանի բերանով կրկին ու կրկին վերադառնում այդ հարցին): Պարսիկ մարզպանը գալիս է իր ընտանիքով, ծառաներով, աղախիններով: Ծախսի տակ են ընկնում թէ՛ Արեաց թագաւորը, եւ թէ՛ հաւատարմագրուած երկիրը: Եթէ մարզպան լինի Վահանը, իր տան պաշարով կապրի, օգուտ բերելով արքունի գանձատանը: Դժուար է ասել, իրօք Դուռը նկատի է ունեցել այդ հանգամա՞նքը, թէ՞ Անդեկանի յանձնարարութեան եղանակը պատկանում է Փարպեցու ստեղծագործական մտքին: Փաստն այն է, որ, մնալով Հայոց սպարապետ, Վահան Մամիկոնեանը ստանձնեց նաեւ մարզպանի պաշտօնը: «Վաղվաղակի հրամայէր թագաւորն Վաղարշ, միաբանութեամբ ամենայն աւագանւոյ դրանն եւ Արեաց՝ հրովարտակ առնել ի Հայս, եւ զտէրն Մամիկոնէից եւ զզօրավարն Հայոց Վահան՝ մարզպան ի վերայ աշխարհին կարգել» [էջ 178. 11-14]: Հաղորդելով սա՝ Ղազար Փարպեցին անսպասելի մի նշում է անում՝ իմանալով հայերի նախանձի («զխանտածութիւն Հայ մարդկան») մասին Վահանը տատանւում է, սակայն չի համարձակւում թագաւորական հրամանին ընդդիմանալ… Ինչեւէ, այսուհետեւ ինչպէս ռազմական, այնպէս էլ վարչական իրաւունքը նրան է պատկանում: Հայոց ինքնավարութիւնը մի մեծ քայլ է անում դէպի առաջ: Աւելացնենք, որ Վահանին, որպէս մարզպան, յաջորդեց նրա Վարդ եղբայրը՝ դարձեալ ապստամբութեան մասնակից [19]:

Կասկած չկայ, որ ապստամբութեան յաղթական աւարտը Վրաստանում եւս ամրապնդեց ինքնավարութիւնը, այն էլ՝ սեփական թագաւորութեան ձեւով: Նոյնը եւ Աղուանքում, ուր շուրջ երեսնամեայ ընդմիջումից յետոյ թագաւոր ճանաչուեց Վաչէ Բ Արշակունու եղբօր՝ Յազկերտի որդին՝ Վաչագան Բարեպաշտը:

 

Ե դարի հակասասանեան առաջին եւ երկրորդ ապստամբութիւնները, իրենց էութեամբ շատ մօտ լինելով, ունեցել են տարբեր ընթացք: Առաջինը տեւել է ընդամէնը մէկ տարի՝ 450 թ. ամառուայ ամիսներից մինչեւ 451 թ. մայիսը: Երկրորդի տեւողութիւնն է մօտ երկու տարի, այն սկսուել է 482 թ. եւ աւարտուել 484 թ. կէսին [20]: Առաջին ապստամբութեան համեմատ, երկրորդը եղել է աւելի զանգուածային, տարածուել երկրով մէկ: Ճիշտ է, երկու դէպքում էլ ապստամբութիւնն ընդգրկել էր միայն մարզպանական Հայաստանը: Մի քանի անգամ Վահանն ապաստան է որոնել Բիւզանդական հատուածում, սակայն այդ հատուածի հայութիւնն ընդհանուր առմամբ անտարբեր մնաց արեւելցիների ճակատագրի նկատմամբ: Պարսիկներն, այնուամենայնիւ, չէին բացառում, որ կայսեր հայ հպատակները կարող են միանալ իրենց ազգակիցներին եւ, բնականաբար, երկիւղ էին կրում այդ հնարաւորութիւնից: Եթէ Վարդանանց պատերազմը գլխաւորապէս Աւարայրի ճակատամարտն է, ապա Վահանի ապստամբութեան ընթացքում, չհաշուած բազմաթիւ փոքր բախումները, տեղի է ունեցել 3 մեծ ճակատամարտ՝ Ակոռիում, Ներսեհապատում, Ճարմանայնի դաշտում: Առաջին ապստամբութիւնը գերազանցապէս հայկական էր, երկրորդին մասնակցել են թէ՛ հայեր, թէ՛ վրացիներ:

Ղազար Փարպեցու մանրամասն շարադրանքի հիման վրայ հնարաւոր է պարզել շարժման որոշ առանձնայատկութիւններ: Երկու կողմերի բախումը ունեցել է զուտ ռազմական բնոյթ, նրան մասնակցել են միայն զինուորական ստորաբաժանումներ: Տեղացի բնակչութեան նկատմամբ գործադրած ճնշման մասին մենք ոչինչ չգիտենք, բացառութեամբ մէկ-երկու միջադէպի: Այսպէս, 484 թ. գարնանը, երբ ապստամբներն առաւել ծանր վիճակում էին գտնւում, պարսից ջոկատները «զբազումս ի ռամիկ մարդկանէ Հայոց սպանանէին» (էջ 145. 33-34): Դէպքը տեղի է ունեցել Շաղագոմք գաւառում, Հայոց աշխարհի բիւզանդական հատուածում: Խօսւում է նաեւ այն մասին, որ Պարսից զինուորները յարձակուեցին Կարինի մօտերքում հունձ անող մշակների վրայ, բայց նախարարներին յաջողուեց պաշտպանել գիւղացիներին [էջ 148-149]: Այսպիսով, ընդհանուր առմամբ՝ ապստամբութեան յաջողութիւնը կախուած էր ռազմական գործողութիւնների արդիւնքներից, ընդ որում այդ գործողութիւնները երկու կողմն էլ վարում էր հետեւելով ժամանակի կանոններին: Ճարմանայնի ճակատամարտի նախօրէին Վահանը կազմեց իր գունդը «ըստ օրինի ճակատուն պատրաստութեան» [էջ 134. 4]: Փարպեցու շարադրանքի մէջ կան մի շարք նման դիտողութիւններ: Վահանի զօրքը եղել է շարժունակ, սպարապետը այն հեշտութեամբ տեղափոխում էր Այրարատից դէպի Տայք, անցնում պարսկա-բիւզանդական սահմանը, իսկ երբ իրադրութիւնը փոխւում էր՝ անմիջապէս վերադառնում Դուին:

Ե՛ւ հայերի, մասամբ ե՛ւ վրացիների մօտ գլխաւոր դերը կատարում էր այրուձին, որը կազմուած էր գերազանցապէս ազատներից ու նախարարներից, այդ իսկ պատճառով Ղազարի շարադրանքը լի է ազնուական անունների յիշատակութեամբ: Բայց ռամիկները եւս մտել են այրուձիի կազմի մեղ [տե՛ս էջ 144. 21-23]: Որոշ ակնարկներից կարելի է եզրակացնել, որ թէ՛ առաջին, թէ՛ երկրորդ ապստամբութեան շրջանում յատուկ հասարակական դեր են կատարել նաեւ ռամիկ-շինականները: Ներսեհապատի ճակատամարտում, հաղորդում է պատմիչը, նախարարների եւ ազատների կողքին կռուել են նաեւ ռամիկներ [էջ 128. 27-28]: Ռամիկների դերի մասին անուղղակի կերպով վկայում է նաեւ հետեւեալ միջադէպը. երբ Վահան Մամիկոնեանը ներկայանում է Նիխոր Վշնասպդատին, վերջինս դռնփակ զրոյցից յետոյ հրաման է տալիս «ամենայն եկելոցն ընդ Մամիկոնենին Վահանայ՝ նախարարաց եւ ռամկաց, մտանել յատեանն առ նոսա» (էջ 169. 23-24): Իր դերն է կատարել նաեւ հոգեւորականութիւնը, հայ մարտիկների հետ է եղել ինքը կաթողիկոսը:

Շարժումն, անշուշտ, միաձոյլ չի եղել, ընդ որում ուրացութիւնը չէ միայն, որ վնասել է միասնութեանը: Երբեմն, ի վնաս ընդհանուր շահերի, յաղթանակել են տեղական շահերը: 484 թ. ապրիլի 9-ին Վահան Մամիկոնեանի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ իսկական պատերազմ է սկսուել (յաղթանակ են տարել սպարապետի մարդիկ): Բնականաբար, կատարեալ համաձայնութիւն չի եղել նաեւ հայերի եւ վրացիների միջեւ: Ըստ Ղազար Փարպեցու՝ Վրաց թագաւորը շարունակ խորամանկութեան է դիմել, դրանով երբեմն վնաս հասցնելով իր դաշնակիցներին: Սակայն մասնակի հակասութիւնների կողքին, այդ շրջանում դեռեւս միադաւան հայերին ու վրացիներին ամուր կապել է ընդհանուր նպատակը եւ դրացիական յարաբերութիւնների բազմադարեան աւանդոյթը:

Թուական գերակշռութիւնը մշտապէս պարսիկների կողմն է եղել: Ակոռիի ճակատամարտում 7000 պարսիկ զինուորների դէմ դուրս են եկել 400, հետագայում, մաղխազ Գարջոյլի դաւաճանութիւնից յետոյ՝ 300 հայ: 483 թ. Դու գիւղի մօտ եղած մարտում պարսիկների թիւը հասել է հազարների, իսկ հայերինը՝ ընդամէնը հարիւրների [էջ 137. 15-16]: Ղազար Փարպեցին բազմաթիւ օրինակներ է բերում, երբ Վահանի տասնեակները դուրս են եկել հակառակորդի հարիւրների եւ հազարների դէմ [էջ 136. 7-8, 156. 22, 158. 36-37, 159. 4-5 եւ այլն]: Նման տուեալների ստուգութեանը կարելի է կասկածել, բայց, ինչպէս էլ որ դատելու լինենք, փոքրաթիւ ապստամբները դուրս էին եկել բազմաքանակ Պարսից զօրքի դէմ:

482-484 թթ. ապստամբութիւնը վերացրեց այն տագնապալից երեւոյթները, որոնք առկայ էին Հայաստանում շարժման նախօրէին: Չէր վերացել, անշուշտ, Պարսից գերագոյն իշխանութեան լուծը, մնում էին այն հակասութիւնները, որոնք յատուկ են միջնադարեան հասարակութեանը: Այնուհանդերձ, պայքարի յաղթական աւարտը լիցքաւորեց, բարոյական նոր ուժ տուեց հայերին: Նոյնը կարելի է ասել նաեւ հարեւան վրացիների մասին: Ինքնավարութեան վերականգնումը ե՛ւ հայերի, ե՛ւ վրացիների համար ապահովեց պատմական զարգացման բուն ընթացքը: Այդ էր 482-484 թթ. ապստամբութեան ամէնից կարեւոր արդիւնքը:

Դա միաժամանակ եղել է Ե դարի հասարակական զարգացման եւ ազատագրական պայքարի բուն ելակէտը:

 



[1]     Ստորեւ նշուած անանուն յղումները (գլուխ կամ էջ) նկատի ունեն Ղազար Փարպեցու Պատմութիւնը:

[2]      Հ. Աճառեան, Հայոց անձնանունների բառարան, հտ. Գ, էջ 197-198

[3]      Մ. Օրմանեան, Ազգապատում, սիւն. 411-412

[4]      Վաչէի ազգակցական կամ խնամիական կապը Սասանեանների հետ դժուար է որոշւում: Եղիշէն ասում է, որ Աղուանից թագաւորը եղել է Որմիզդի եւ Պերոզի քեռորդին, Պերոզը պահանջում է յետ ուղարկել նրա մօտ գտնուող իր քրոջն ու քեռորդուն, ի վերջոյ Վաչէն ենթարկւում է արքայից արքայի կամքին: Նոյն բառերը գտնում ենք նաեւ Մովսէս Դասխուրանցու մօտ տարբերութիւն Եղիշէի, նա տալիս է նաեւ Աղուանից արքայի անունը): Մեզ թւում է, որ Վաչէն եղել է Յազկերտի թոռան` նրա դստեր աղջկայ ամուսինը եւ յետ է ուղարկել իր կնոջը եւ նրա մօրը (որոնք ի բնէ մոգ էին): Ինչ վերաբերում է Եղիշէի ասածին, որ Վաչէն եղել է Յազկերտի որդիների քեռորդին, ապա գուցէ պէտք է ենթադրել (եթէ դա գրչի սայթաքում չէ), որ հին հայերէնում քեռորդի բառը կարող էր նշանակել նաեւ քրոջ աղջկայ ամուսնուն` փեսային: Տե'ս Եղ. էջ 197. 13, 198. 21, 24. Մով. Դասխ., էջ 15. 13, 17. 6-10 (տե'ս նաեւ Ա. Յակոբեան, «Վաչագանի վէպը» եւ Արշակունեաց թագաւորութեան խնդիրը Դ-Զ դարերի Աղուանքում, ՀԱ, ՃԺԷ տարի, 2003, սիւն. 93-95):

[5]      Պէտք է խոստովանել, որ այդ ապստամբութեանը նախորդող շրջանի մասին խօսելիս Ղազար Փարպեցին Վահանին սպարապետ չի անուանում: Մի տեղ միայն նա ասում է, որ հայերը եւ Հայոց զօրավար (=սպարապետ) Վահանը Սահակ Բագրատունուն մարզպան կարգեցին, հաստատեցին Սահակի մարզպանութիւնը եւ Վահանի` Մամիկոնեան տէրութիւնը եւ Հայոց սպարապետութիւնը [էջ 121. 30-33]: Բայց այդ, նախադասութիւնը վերաբերում է այն պահին, երբ ապստամբութեան որոշումն արդէն ընդունուած էր, հայերը երկրի ներսում հալածում էին պարսիկներին եւ նրանց կողմնակիցներին: Այնուամենայնիւ, քանի որ պարսիկների համար Վահանն է եղել Հայաստանի առաջին դէմքը, պիտի եզրակացնել, որ հէնց նա է ճանաչուել որպէս սպարապետ եւ այդ պաշտօնով ներկայացել Պերոզ արքային (տե'ս ստորեւ):

[6]      Այդ մասին տե'ս Բ. Յարութիւնեան, Մեծ Հայքի Գուգարք աշխարհը ըստ «Աշխարհացոյց»-ի, ԲԵՀ, 1977, թիւ 2, էջ 185-195:

[7]      Պ. Մ. Մուրադեան, Սուրբ Շուշանիկի վկայաբանութիւնը. Բնագրեր եւ հետազօտութիւն, Երեւան, 1996

[8]      К. Н. Юзбашян, Хронология армяно-грузинского восстания против Сасанидов  в конце V в., "Палестинский сборник", вып. 28 (91), 1986.

[9]      Ոստանը` Հայոց երկրի կենտրոնական մասն էր, Արշակունիների երբեմնի տիրոյթը, ուր գտնւում էին ինչպէս Դուինը, այնպէս եւ Արտաշատը: Ոստան էր կոչւում միաժամանակ նաեւ մայրաքաղաքը, այսինքն` Դուինը:

[10]    Ղազար Փարպեցի, էջ 123. 26: Քերթաքաղ` հին եւ մին քուրչիներ, ցնցոտիներ հաւաքող. իշաւարեան` իշաւար գոյականի յոգնակին. տե'ս Ստ. Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան, հտ. Դ, էջ 570:

[11]   Կատիշներ իրանական ցեղ

[12]    Փուշտիպանան սաղար` թիկնապահների (փուշտիպանան) պետ, ինչպէս ասացինք Ա գլխում, Արշակունեաց Հայաստանում նրան իր պաշտօնով համապատասխանել է մաղխազը:

[13]    Ինչպէս Սասանեան պետութիւնը, այնպէս եւ զօրքը եղել է բազմազգ: Տուեալ հատուածում ամէնից հետաքրքիրը Սիւնեաց գնդի յիշատակութիւնն է: Խօսքն, անշուշտ, սիւնեցի ուրացողների մասին է, որոնք վճռական պահին զէնքով դուրս եկան քրիստոնեայ մնացած հայրենակիցների դէմ:

[14]    Այդ միջադէպը առեղծուածային է. բանն այն է, որ Վասակ Մամիկոնեանի եւ Սահակ Բագրատունու սպանութեան պարագաների մասին Ղազար Փարպեցին չի հաղորդում: «Պատմութեան» մայր ձեռագիրը, որից բխում են միւս գրչագրերը, ըստ երեւոյթին, այդ մասում մի բաց ունի: Եթէ երբեւիցէ գտնուի անթերի գրչագիր, հաւանաբար կը պարզուի, թէ ինչ հողի վրայ է առաջացել Վասակի եւ Սահակի կենդանի մնալու առասպելը:

[15]    Սասանեան պետութեան արեւելեան հարեւաններին հայ հեղինակներն անուանում են քուշաններ, ապա հեփթաղներ, ընդ որում քուշաններին նոյնացնում են հոներին (Յազկերտը «խաղաց գնաց միանգամայն ի վերայ տէրութեան Հոնաց աշխարհին, զօր Քուշանս անուանեն»` Եղ., էջ 11. 22-23): Բուն քուշանները արդէն վերացել էին պատմական թատերաբեմից, Յազկերտի եւ Պերոզի հակառակորդները հեփթաղներն են եղել: Պէտք է ասել, որ վերջիններիս ծագումը եւ անգամ լեզուն դեռեւս բաւարար կերպով չեն լուսաբանուած (տե'ս К. В. Тревер, Кушаны, хиониты и эфталиты по армянским источникам IV-VII вв. истории народов Средней Азии), - "Советская археология", 1954, էջ 131-147). հմմտ. Б. Г. Гафуров, Таджики, Москва, 1972, էջ 193-211:

[16]   Պարսկի առն երկիր ո'չ պագցուք: _ Վահան Մամիկոնեանի ճառի այդ պատկերաւոր արտայայտութիւնն ընտրել ենք որպէս սոյն գլխի վերնագիր:

[17]   անյարուչք _ կռուարարներ

[18]    Տեկորի սուրբ Սարգսի վկայարանը կառուցել է Սահակ Կամսարականը. նա յիշատակուած է նաեւ «Թուղթ Հայոց ի Պարսս առ ուղղափառս» յայտնի վաւերագրում (ԳԹ, էջ 48, ՊԲՀ, 1962, թիւ 2, էջ 51. Հ. Աճառեան, Հայոց անձնանունների բառարան, հտ. Դ, էջ 353-354, թիւ 18):

[19]    Հ. Աճառեան, նշ. աշխ., հտ. Ե, էջ 69-70: Նախորդ ծանօթագրութեան մէջ յիշատակուած թղթում Վարդը հանդէս է գալիս որպէս Մամիկոնենից տէր եւ Հայոց մարզպան (տե'ս ԳԹ, էջ 48):

[20]    Ինչպէս ասացինք վերեւում, Վազգէնի սպանութիւնը, որից եւ սկսուել է ապստամբութիւնը, տեղի է ունեցել Պերոզ արքայի 25-րդ տարում: Այդ տարին աւարտուել է 482 թ. յուլիսի 13-ին` ըստ պարսկական տոմարի, կամ յուլիսի 18-ին` ըստ հայկականի: