Պատմագրություն. Հայոց պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳԼՈՒԽ Ա
ՊԱՐՍԻՑ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ ՇԱՐՔՆ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

 

Պարսից թագավորների պատմությունն ու շարքը եւ նրանց ժամանակը կամենում եմ այստեղ ներկայացնել, բայց չգիտեմ նրանց սկիզբը որտեղից է եղել, քանզի Տրդատի հմուտ քարտուղար լատին [1] Ագաթանգեղոսը եւ Մեծ Մովսես Խորենացին պարթեւ Արշակից [2] են դնում նրանց պատմության սկիզբը մինչեւ Արտեւանը [3]: Նրանք ուսուցչաբար են մեզ հաղորդում՝ ճաշակավոր եւ քաղցր ոճով: Իսկ ես նրանց շարադրանքներից քաղելով կգրեմ այստեղ: Հայտնելով ձեր իմաստությանը, որ ձեր բազմաթիվ գիտությունների հետ ես քիչը կշարադրեմ, որ հետեւյալն է:

Ալեքսանդր Մակեդոնացու [4] որդի Եքդանիլից հետո, որ տիրեցին տիեզերքը, նրա չորս դայակորդիները, որ կոչվեցին Անտիոքոս [5], նաեւ Սելեւկիոս [6]: Սա տիրեց պարսիկներին, մարերին, հայերին եւ կոչվեց Նիկանովր [7]. սա ապրեց երեսունմեկ տարի: Ապա Անտիոքոսը, որ կոչվեց Թեւոս: Ալեքսանդրից վաթսունմեկ տարի հետո Արշակ Քաջը քետուրական [8] ծնունդներից սերված, պարթեւների ցեղից, քուշանների [9] Բահլ [10] աշխարհից, ելավ բազմաթիվ զորքերով եւ հալածեց Անտիոքոսին. ոմանք նաեւ ասում են, թե սպանեց նրան, ինքը տիրեց ամբողջ արեւելքը, արյաց (պարսից) երկիրը եւ հնազանդեցրեց իր իշխանությանը, որ տեւեց մինչեւ երեսուն տարի: Սրանից հետո սրա որդիների որդիները (իշխեցին) բազմաթիվ տարիներ մինչեւ Արտեւանը [11]: Սրա օրերում վերացավ պարսից Արշակունիների թագավորությունը [12]: Մենք այն իր տեղում կպատմենք: Այժմ վերադառնանք մեր խոսքի շարադրանքին: Արշակը ապրելով երեսունմեկ տարի՝ մեռնում է: Արտաշեսը թագավորում է քսանվեց տարի, Արշակը տարիներ... Արշականը երեսուն տարի, Արշակը երեսունմեկ տարի, Արշեյը՝ քսան տարի, Արշավիրը՝ քառասունվեց տարի, Արտաշեսը՝ երեսուներեք տարի, Դարեհը՝ երեսուն տարի, Արտակը՝ տասնինը տարի, Արտաշեսը՝ քսան տարի, Պերոզը՝ երեսուներեք տարի, Վաղարշը՝ հիսուն տարի, Արտավանը՝ երեսունմեկ տարի: Սրա օրոք Պարսկաստանից վերացավ սրանց թագավորությունը: Մենք կթողնենք այլ տեղում պատմելու, իսկ այժմ կպատմենք հայոց թագավորների կարգավորությունը մինչեւ Խոսրովը [13]:

ԳԼՈՒԽ Բ
ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԸ

Քանզի, ինչպես ասացինք, Արշակը [14] թագավորելով Արյաց աշխարհի վրա՝ թագավորեցրեց իր եղբայր Վաղարշակին [15] եւ բազմաթիվ զորքերով ուղարկեց Հայաստան եւ նրան դարձրեց իր երկրորդը՝ դիմակայելու թշնամիներին: Վաղարշակը մեծ ուժերով եկավ տիրեց Հայաստանին՝ թագավորելով քսաներկու տարի: Արշակը՝ տասներեք տարի, Արտաշեսը՝ քսանյոթ տարի, Տիգրանը՝ երեսուներեք տարի, Արտավազդը՝ տարիներ, Արշամը՝ քսան տարի, Աբգարը՝ երեսունութ տարի, Անան՝ տարիներ, Սանատրուկը՝ երեսուն տարի, Երվանդը՝ քսան տարի, Արտաշեսը՝ քառասուներկու տարի, Արտավազդը՝ տարիներ, Տիրանը՝ քսանմեկ, Տիգրանը քառասուներկու տարի, Վաղարշակը՝ քսան տարի, Խոսրովը՝ տարիներ:

Այստեղ դադարեց նաեւ Հայաստանի Արշակունյաց թագավորությունը առժամանակ [16]: Իսկ Պարսկաստանում բոլորովին դադարեց: Քանզի պարսից թագավորն էր Արտավանը, իսկ ոմն Արտաշիր անունով, որ Ստահրացի Սասանի որդին էր, իրեն միաբանեց Պահլավունիների ամբողջ ցեղը եւ բազմաթիվ զորքեր առնելով գնաց Արտավանի վրա, սպանեց նրան եւ ինքը թագավորեց ամբողջ Պարսկաստանի վրա: Այս բանը լսելով՝ հայոց թագավոր Խոսրովը մեծ ցասումով վրեժխնդրությամբ լցվում է իր ազգական Արտավանի արյան համար եւ առնելով իր զորքերը գնում է Արտաշիրի վրա ու հալածում է նրան մինչեւ Հնդկաստան, իսկ ինքը ավերում է երկիրը )Պարսկաստան(, քանդում, գերում եւ անմարդաբնակ է դարձնում ամբողջ երկիրը: Տասնմեկ տարի այսպես արեց, մինչեւ որ ինքն էլ սպանվեց Անակի [17] կողմից, ինչպես որ պատմում է Ագաթանգեղոսը [18]: Իսկ Արտաշիրը տիրում է Հայաստանին մինչեւ Տրդատի գալը: Իսկ մենք հայոց թագավորների մնացած կարգաբանությունը կներկայացնենք, մինչեւ որ սպառվի:

Արդ՝ Խոսրովից հետո թագավորում է Տրդատը՝ նրա որդին, հիսունվեց տարի: Խոսրովը թագավորում է ինը տարի, Տիրանը՝ տասնվեց տարի, Արշակը՝ երեսունչորս տարի, Պապը՝ յոթ տարի, Վարազդատը՝ չորս տարի, Արշակը՝ հինգ տարի, Վաղարշակը՝ տարիներ, Խոսրովը՝ հինգ տարի, Շապուհը՝ չորս տարի, Արտաշիրը՝ վեց տարի: Եվ հայոց թագավորությունը վերացավ մինչեւ այսօր:

ԳԼՈՒԽ Գ
ԱՐՏԱՇԻՐԻ ԹԱԳԱՎՈՐԵԼԸ

Արտաշիրը թագավորեց ամբողջ Պարսկաստանի վրա, ապա (թագավորեցին) նրա որդի Շապուհը, Հազկերտը, Պերոզը, Որմիզդը, Խոսրովը, Կավատը, Արտաշիրը, Խոռեն, Խոսրովը, Բորնը, Զարմանդուխտը, Հազկերտը: Մինչեւ սա, գտանք պարսից թագավորների կարգաբանությունը, բայց սրանից հետո այլեւս չգտանք, քանզի խառնվեցին նրանց թագավորությունները՝ այստեղ-այնտեղ ընկնելով, որդին հորից թագավորություն չառնելով: Այլ ոմանք ավազակաբար, ինչպես Շարայազչին (Կարայազչին)*: Ոմանք էլ (խլեցին( բռնությամբ, ինչպես Կաղ-Թեմուրը (Լենկ Թեմուրը): Իսկ ուրիշներն էլ խաբեբայությամբ տիրեցին թագավորություններին, այդ պատճառով մենք չկարողացանք ուղղել նրանց կարգը, դրա համար էլ նրանց անունները այստեղ չգրեցինք, թեեւ կարող էինք:

Գտանք, որ Ջհանշահը թագավորեց որդվոց որդի մինչեւ մեր ժամանակները, եւ գրեցինք: Նրանց գործերը, արածները ինչ որ լսել ենք համբավով կամ գտել ենք գրքերի հիշատակարաններում, այստեղ կհիշեցնենք առանց ձանձրույթի, նաեւ կգրեմ թվականը: Սակայն թեեւ ոչ նրանց թագավորելու սկիզբը, այլ ինչ որ գտնեմ ժամանակին, այն կգրեմ: Իսկ դուք անմեղադիր եղեք, որովհետեւ այսքան է իմ կարողությունը, թերին ձեր գիտությամբ լրացրեք, իսկ ինձ` Կաղ Զաքեոսիս ազատեք պախարակումից եւ ողջ եղեք Աստծու հոգով. ամեն:

 

* Ճիշտը փակագծվածն է:

ԳԼՈՒԽ Դ
ՋՀԱՆՇԱՀԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Ջհանշահը թագավորեց Ատրպատական երկրում ամբողջ Պարսկաստանի վրա, եւ նրա թագավորությունը խիստ անհաջող անցավ, քան բոլոր առաջին թագավորությունները: Նրան հնազանդվեցին բոլոր պարսիկներն ու մարերը [19]: Նրա սարսափը տարածվեց ամբողջ աշխարհում: Բայց չգիտեմ որ թվին նա թագավոր դարձավ: Բայց Առաքել [20] պատմագիրը ասում է, թե ութ հարյուր յոթանասունութ թվին (1429 թ. ) Ջհանշահը Շամշուլդա բերդը գրավեց, ութ հարյուր իննսուներեքին (1444 թ. ) նվաճեց Ախալցխան եւ գերեվարեց, ինը հարյուր մեկ թվին գրավեց Երզնկան [21]: Այսքանը իմացանք Առաքելից: Իսկ այլ պատմություններից այսպես իմացանք: Ինը հարյուր տասը թվին (1461 թ. )* ելավ մեծ զորքով եւ գնաց Իրաքի երկիրը եւ քանդեց, ավերեց ամբողջ Պարսկաստանը, կոտորեց բոլորին եւ գնաց մինչեւ Տեղյապոլիս, որ Սպահանն է: Այստեղի քաղաքացիք դիմադրեցին նրան: Իսկ Ջհանշահը ուժով գրավեց քաղաքը եւ ավերելով կործանեց, փլուզեց բոլոր շենքերը, կտրեց Ղանտարա գետի ջուրը եւ ջրասույզ արեց ամենը, քանզի հողաշեն էր: Եվ այսպես տիրեց Իրաքի երկրին: Նրա անունը տարածվեց ամբողջ աշխարհում:

Այնտեղից ելավ գնաց Հրե (Հերաթ) ու Խորասան եւ նվաճեց ամբողջ Պարսկաստանը: Այնտեղից վերադարձավ գնաց իր գահանիստը Շահաստան՝ Թավրիզ:

Նրան ընդառաջ գնաց Աղթամարի [22] կաթողիկոս տեր Զաքարիան շատ ընծաներով: Թագավորը նրան ընդունեց սիրով, քանզի սիրում էր մեր քրիստոնյա ազգը: Նրան թղթով ու հրովարտակով տվեց Սուրբ Էջմիածնի կաթողիկոսությունը: Իր ամուսին Ջհանշահի նման նրան սիրեց նաեւ նրա թագուհի Բեկում խաթունը:

Այնպես եղավ, որ Բաղեշի [23] իշխանն ընդդիմացավ նրան. թագավորը ուղարկեց չորս զորապետ տասներկու հազար զորքով Խլաթի [24] վրա: Գնացին, ավերեցին, քանդեցին ամբողջ երկիրը եւ նստան բերդի շուրջ. եւ մոտ էր բերդի գրավումը: Նույնը կամենում էին անել Բաղեշում, Մուշում [25], Խութում [26], Սասունում [27] եւ սրանց բոլոր սահմաններում: Այս լսելով Զաքարիա կաթողիկոսը գնաց աշխարհակալ թագավոր Ջհանշահի եւ թագուհի Բեկում խաթունի մոտ, հաշտեցրեց եւ ինքնակալի բարկությունը իջեցրեց, իսկ ինքը գնաց իր տեղը՝ հրաշափառ աթոռ Սուրբ էջմիածին:

Բայց մեր պատմությունը կաթողիկոսի մասին չէր, այլ վերաբերում էր Ջհանշահին, ինչպես որ խոստացանք սկսել. մինչեւ այստեղ հազիվ կարողացանք նրա մասին (բան) գտնել: Այսուհետեւ ինչ որ գտնեմ, կարգով այն կշարադրեմ մինչեւ մեր ժամանակը:

 

* Իրաքը Ջհանշահը գրավել է 1453 թվին:

ԳԼՈՒԽ Ե
ՅԱՂՈՒԲԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ

Քանի դեռ կենդանի էր Ջհանշահը, ուներ Հասան Ալի անունով մի որդի: Սա գոռոզ, անզգամ, լիրբ, կողոպտիչ եւ հափշտակող մեկն էր. սրան չարության պատճառով հայրը չէր սիրում: Նա ելած ինքգլուխ շրջում էր Արարատյան երկրում՝ այստեղ-այնտեղ, իբրեւ թափառական: Երբ լսեց, թե իր հայրը գնաց Շիրազ [28] եւ Քերման [29], Հասան Ալին կամեցավ բռնել կաթողիկոսին: Նա իմանալով փախավ, մտավ Աղթամար կղզին, ինչպես որ պատմում է Առաքել պատմագիրը:

Ջհանշահը եկավ Թավրիզ եւ իմացավ իր որդու չար արարմունքը, մտածեց. «Սա չի կարող թագավորությունը կառավարել իր ամբարտավանության պատճառով»: Իր մոտ կանչեց իր Յաղուբ թոռին եւ նրան ասաց. «Որդյա՛կ, քո հայրը իր ամբարտավանության պատճառով զրկվեց թագավորությունից (թագավորությունը կառավարելու իրավունքից): Բայց դու արժանի՛ եղար, դրա համար արի ու քա՛ջ եղիր իշխանության եւ մարդաշահության մեջ, պատրաստ եղիր չզրկելու հնազանդվածներին*, իսկ քո հորը թույլ չտաս արեւ տեսնի, այլ կբանտարկես նրան, մինչեւ մեռնի, եւ դու քո կյանքը անցկացրու երկրի վրա թագավորելով: Իսկ ե՛ս, քանի կենդանի եմ, պահիր ինձ, երբ կմեռնեմ, ինձ թաղիր, իսկ քո տատին՝ Բեկում խաթունին, իբրեւ քո մորը, պատվիր: Ինչպես ինձ համար անում ես, այնպես էլ արա նրա համար»: Այս ասաց եւ իր գլխից արքունական թագը հանեց դրեց նրա գլխին ու երկրպագեց նրան: Իսկ Հասան Ալին երբ լսեց իր հոր պատվիրանը իր որդուն, անհետացավ, կորավ, ոչ ոք չիմացավ, թե ինչ եղավ: Տարածեցին, թե գնացել է օսմանցիների երկիրը եւ դարձել է ավազակների ընկեր, որոնք ջալալիներն [30] են: Իսկ Յաղուբը թագավորելով ամբողջ Պարսկաստանի վրա՝ պահպանում էր պապի պատվիրանը, հանդարտ ու խաղաղ կյանքով կառավարում էր թագավորությունը:

Նա մի քույր ուներ, որին կին տվեց Շեյխ Հայդարին՝ Արտաբիլի Շեյխսաֆու որդուն: Սրանք՝ ամուսին եւ կին, մտադրվեցին սպանել Յաղուբ թագավորին եւ իրենք լինեն թագավոր, քանզի Յաղուբը ոչ տղա ուներ, ոչ՝ աղջիկ, որպեսզի թագավորությունը ժառանգորդ ունենա: Եվ մի օր թագավորին հանուն սիրո ճաշի հրավիրեցին եւ մահադեղ խառնելով կերակուրին՝ տվին նրան, երբ կերավ, իմացավ ու հրամայեց իր քրոջը եւ փեսային բռնի ուտեցնել, եւ այդպես երեքն էլ մեռան միասին՝ Յաղուբը, քույրը, փեսան: Այսպես վերացան նրանք: Բայց Յաղուբի ոչ թագավորության թվականը գտա եւ ոչ մահվան:

 

* Բնագրում` Պատրաստ լեր ի զրկելոյ զհնազանդեալսն, ֆրանսերեն հրատարակության թարգմանիչ Բրոսեն այս արտահայտությունը թարգմանել է. «Պատրաստ եղիր զրկելու անհնազանդներին». ռուսերեն այն թարգմանվել է` «պատրաստ եղիր»: Մենք կարծում ենք ի զրկելոյ պետք է լինի ի չզրկելոյ կամ չզրկելոյ:

ԳԼՈՒԽ Զ
ԻՍՄԱՅԻԼԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես ասացինք, Յաղուբի մահը թունավորմամբ եղավ, սակայն մինչդեռ հոգուհետ էր, հրամայեց Հայդարի ողջ ազգատոհմը բնաջնջել, որ եւ արին: Հայդարը Իսմայիլ անունով մի որդի ուներ, որ ծնվել էր Յաղուբի քրոջից, նրան փախցրին Աղթամար կղզին: Խռովություն ու մեծ աղմուկ եղավ պարսից զորքի մեջ թագավորության վերանալու հետեւանքով: Այս պատճառով ոչ թագավորական տոհմից ոմն Ալվանդ, որ աննշան տոհմից էր, տեսնելով ազգի անտերությունը, իր հետ միաբանեց իշխաններից ոմանց եւ ինքնագլուխ թագավոր եղավ: Իշխանները դժգոհ լինելով՝ Աղթամար (մարդ) ուղարկեցին, բերին Իսմայիլին եւ ցույց տվին զորքին՝ ասելով, թե սա Ջհանշահի թոռն է եւ Յաղուբի քեռորդին, սրան է արժան թագավոր դնել: Այս բանին ամենը համաձայնվեցին եւ նրան թագավոր կարգեցին: Սա քաջ եւ ուժեղ մարդ էր եւ պատերազմներում զորեղ: Սա իր թագավորության ժամանակ հալածեց Ալվանդին եւ հնազանդեցրեց զորքը: Ինը հարյուր հիսուն թվին (1501 թ. ) սա դարձավ թագավոր: Ինը հարյուր վաթսուներեք թվին ոմն Սալիմա եղավ ավազակ եւ թաքուն հարձակվեց շահի զորքերի վրա ու շատերին կոտորեց: Իսկ շահը նրա դեմ զորքեր ուղարկեց եւ հալածեցին նրան ու նրա զորքերը: Սրա մասին պատմում են հետեւյալ զրույցը. «Փորում էր հողը եւ հոր էր անում, խոյ էր բերում եւ մինչեւ եղջյուրները թաղում էր հողում, իսկ ինքը ձի էր հեծնում եւ հեռվից արշավում էր, երբ մոտենում էր խոյին, ձիուց կռանում եւ բռնում էր խոյի եղջյուրներից եւ ցնցմամբ վեր էր քաշում գբից, երեք անգամ պտտեցնում էր իր շուրջը եւ գցում էր իր առջեւը, որին ձին չէր հասնում: Այս պատճառով նա անվանվեց Ղոչղափան, այսինքն՝ խոյաբարձ: Շահի քաջությունը պատմեցին օսմանցիների սուլթան Սելիմ թագավորին, սա պատգամավորներ ուղարկեց շահի մոտ, որպեսզի պատերազմով հանդիպեն միմյանց: Խոսքը հաստատվեց ու պայման դրին, որ Չըլդր [31] դաշտում պատերազմեն:

Իսկ շահը գտնելով նույնանուն ոմն Իսմայիլ եւ նրան ձեւացրեց թագավոր, դարձրեց կուսակալ եւ նրան պատվեր տվեց, թե որ պատահի իրեն սպանեն կամ բռնեն, դու մնաս կենդանի, լինես արյաց ազգի թագավոր: Բոլոր մեծամեծների առջեւ Շահ Իսմայիլ անվանվածը ընդունեց այս պատվերը եւ մնաց իսկական շահին հնազանդ: Եվ 964 թվին սկսվեց պատերազմը: Օսմանցիների զորքերի բազմության պատճառով պարսից զորքը դիմեց փախուստի: Ասում են՝ 80 հազար ենիչերի [32] հետապնդեցին շահին, իսկ շահը քիչ մարդկանցով խույս տվեց եւ պահվելով ինչ-որ տեղում՝ թաքնվեց: Իսկ նրանք բռնեցին շահ անվանված կարծեցյալ Իսմայիլին, կարծելով, թե իսկական շահն է, որովհետեւ շահի նշան ուներ: Առնելով տարան իրենց Սելիմ թագավորի մոտ: Սելիմը նրան հարցրեց. «Դո՞ւ ես Շեյխսաֆու թոռ եւ Շեյխ Հայդարի որդի Շահ Իսմայիլը»: Իսմայիլը պատասխանում է, թե ես արժանի չեմ շահ կոչվելու, այլ շահի ետնյալ ծառան եմ: Թեպետ նրա անվանակիցն եմ, սակայն անվանակցությունը ինձ համար մեծություն չէ, այլ իմ տեր Շահ Իսմայիլի՝ իմ անվանակցի նվաստ ծառան եմ: Սելիմն ասում է. «Քո ազգը անիծիր, իսկ ես քեզ կազատեմ»: Իսմայիլը ասում է. «Անեծք թող ընկնի նրանց վրա, որոնք իմ ազգը ուրանում են. եւ թող նզովվես դու եւ անիծվես, որ մարդ ես, օրենք ու դավանություն չունես եւ ոչ էլ հավատի կրոն»: Եվ երբ այս լսեց նրանից՝ արհամարհանք իր եւ իր ազգի նկատմամբ, հրամայեց քարկոծել նրան: Իսկ նա միշտ գոհ էր իր ազգից եւ անիծում էր ու հայհոյում օսմանցիներին: Ասում էր. «Գնացեք, պատմեցեք իմ անվանակից տիրոջը, թե քո նույնանուն ծառան հանուն քո անվան սիրո նահատակ դարձավ: Իսկ դու մի թողնիր իմ արյունը եզդի քրդերին (վրիժառու եղիր) եւ թիթեռ մի իջեցնի իմ իջեւանի հանգրվանում» (ուզում է ասել՝ իմ վրեժը լուծիր, մի թողնիր, որ ես մոռացվեմ):

Եվ քարկոծեցին նրան, եւ նա մեռավ, իսկ այլ կալանավորներ, որ այնտեղ էին գտնվում եւ ազատվեցին փոխարինվելով, գնացին, պատմեցին շահին: Այդ պատճառով պարսից երգիչները նրա մասին երգեր հորինեցին ըստ նրա խոսքի: Իսկ երբ շահը լսեց Իսմայիլի մահը եւ պատվիրանը, հրավիրակներ ուղարկեց սաստով իր ողջ տերության տարածքը )զորակոչ անելու(: Եկան ու հավաքվեցին անթիվ ու անհամար ոչ միայն ազնվական զորքեր, այլեւ ռամիկներ, հողագործներ, մինչեւ իսկ կանայք: Շահը բացեց իր գանձատունը եւ ամենքին առատ ռոճիկներ բաշխեց եւ հորդորեց գնալ օսմանցիների վրա: Լրտեսները գնացին պատմեցին Սելիմին: Իսկ նա քմծիծաղով հեգնեց՝ ասելով. «Նա, ինչ որ տեսավ եւ կերավ ինձնից, ինչպե՞ս կհամարձակվի գալ ինձ վրա»: Նույնիսկ նա զորակոչ արեց եւ գնաց Դամասկոսի վրա, որ Շամն է:

Իսկ շահը ելավ, զորքով գնաց օսմանցիների կողմը եւ շատ տեղեր քանդելով ավերեց, շատերին գերեց: Եվ գտնելով Սելիմ անունով մի թուրք՝ հրամայեց քարկոծել նրան՝ իբրեւ հատուցում Իսմայիլի: Ապա մեծ ավարով վերադարձավ Թավրիզ, եւ քիչ օրեր անց մեռավ ինը հարյուր յոթանասունհինգ թվին (1526) թագավորելով քսանհինգ տարի:

ԳԼՈՒԽ Է
ԹԱՀՄԱԶԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Շահ Թահմազը իր հայր Իսմայիլից հետո թագավոր նստավ ինը հարյուր յոթանասունհինգ (1526) թվին: Սա մի բարերար, շենարար )շենացնող(, առանց ագահության քրիստոնյաներին սիրող մարդ էր, չափավոր էր ուտելու, խմելու եւ հագնելու մեջ: Չէր պճնվում, այլ ինչպես հասարակ մարդիկ հագնում են, նույնպես էլ ինքն էր անում: Եվ ներողամիտ էր, քանզի տասնհինգ տարվա կես հարկը շնորհեց ամեն մեկին: Բոլոր գողերին, ավազակներին վերացրեց երկրից: Նաեւ լկտի ու անամոթ կանանց, որոնք նստում էին փողոցում եւ հյուրանոցում եւ հրապարակավ պոռնկություն էին անում, թագավորներին հարկեր էին տալիս, իսպառ վերացրեց իր թագավորության երկրից: Նաեւ վերացրեց ճանապարհների մաքսը, ճանապարհների բոլոր հանգրվաններում շինեց պանդոկներ, փորեց ջրհորներ բոլոր

ճանապարհների վրա: Սրա ժամանակ որեւէ տեղ չմնաց անշեն: Նաեւ դատարանում իրավարար էր եւ ճշմարտադատ: Այսպես կառավարեց իր թագավորությունը իր կյանքում:

Ինը հարյուր իննսուն (1541) թվին վրացիք չարացան, ինչքան պարսիկներ որ Թիֆլիս էին գնում, վրացիները կողոպտում էին եւ բրածեծ էին անում: Շահը, լսելով, զորքով գնաց նրանց վրա, նվաճեց Թիֆլիսն ու ամբողջ գավառը, դարձավ իր տեղը՝ Թավրիզ: Ուղղեց քաղաքային կարգերը, մոթերը (ծանրության չափ), կոտերը )չափամանները(, կշռաքարերը եւ բոլոր արհեստավորներին, կրպակները, պանդոկները եւ այն տեղերը քաղաքում, որտեղ առեւտուր էր լինում՝ առք ու վաճառք, խարդախներին մահվամբ վերացնում էր: Ոչ ոք չէր կարողանում կեղծել, որովհետեւ (կեղծողին) չարամահ էին անում: Իսկ հնդիկների Հումա անունով թագավորը, լսելով սրա բարի գործերի մասին, առատ ընծաներով (տպ. մեղմ. ձեռ. բազում) եկավ նրա մոտ: Միառժամանակ մնաց եւ խաղաղ կերպով վերադարձավ:

Շահը Ալխաս անունով մի եղբայր ուներ, որ եղբոր թագավորելով փախավ՝ վախենալով սպանվելուց: Նա անհայտացավ, գնաց խոնդկարի մոտ (միջին դարերում այդպես էին կոչվում օսման թագավորները, որ նշանակում է տեր): Եղբայրը օսման թագավորին առնելով բերում է եղբոր վրա 990 թ. (1541 թ. ): Սա բազում ոճիրներ է գործում՝ ավերելով, գերելով բազմաթիվ տեղեր: Ապա Թահմազ թագավորը ելավ, գնաց օսմանցիների երկրի վրա, ավերեց Խնուսը [33], Բասենը [34], Կարինը [35], Դերջանը [36], Կեղին [37], Բաբերդը [38], Երզնկան21, Սպերը [39] եւ այլ շատ վայրեր, ապա վերադարձավ Թավրիզ:

Խռովություն ծագեց օսմանցիների թագավորի երկու որդիների միջեւ. սրանք պատերազմեցին միմյանց դեմ Իկոնիոնում [40], որ Ղոնիան է, 1008 (1559 թ. ) թվին: Սելիմը Բայազետին հաղթեց, փախցրեց մինչեւ Կարին: Այնտեղից ելավ չորս որդով եւ երեսուն հազար մարդով գնաց Շահ Թահմազի մոտ, եւ սա ընդունեց նրան, որդիներին զորքի հետ միասին ուղարկեց Ղզիրան, որ Ղազվինն է: Այս պատճառով պարսիկ գովերգիչները երգեր երգեցին Բայազետի մասին շատ գովքերով:

Սրա ժամանակ թագավոր էր վրաց ազգից Սիմոն անունով մեկը: Սա երբ լսեց Բայազետի՝ շահի մոտ գնալը, իմացավ, որ ոչ ոք չի կարող ընդդիմանալ նրան եւ ելավ իր կամքով գնաց շահի ոտքը 1025 (1576) թվին: Նաեւ Կախեթի թագավոր Ալեքսանդրը իր որդի Կոստանդինին պատանդ ուղարկեց շահի մոտ: Շահի մոտ երկուսն էին՝ Սիմոնը եւ Կոստանդինը: Այս Շահ Թահմազը ուներ շատ որդիներ, որոնցից առաջինի անունը Իսմայիլ էր, որ խիստ չարագործ էր. հայրը նրան դրեց ինչ-որ բերդում, որ այնտեղ մնա մինչեւ մահվան օրը, իսկ ինքը` Շահ Թահմազը, մեռավ: Ոմանք ասում են, թե սա իր մահով մեռավ 1022 (1573) թվին, ոմանք էլ ասում են, թե բաղնիսում խեղդել են 1027 (1578) թվին: Ճշմարիտը Աստծուն է հայտնի, որ ամեն ինչ իմանում է:

ԳԼՈՒԽ Ը
ԻՍՄԱՅԻԼԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Այն պատմությունը, որ վերաբերում է Իսմայիլին, երկբայություն է առաջացնում, քանզի Առաքել պատմագիրը նշում է երեք Իսմայել՝ մեկը Հայդարի որդին, որ Շահ Թահմազի հայրն է եւ մեռավ 975 (1526) թվին: Իսկ երկրորդ Իսմայելը, ասում է, թագավորեց 1023 թվին. սա թագավորեց երկու տարի եւ 1025 (1576) թվին մեռավ: Իսկ փոքր Իսմայելը, բանտից հանեցին, նստեց գահին: Առաքելի պատմությունը այս է: Իսկ բանավոր այսպես լսեցի, թե առաջ Շահ Իսմայիլը մեռավ. նրա կինը հղի էր, ծնեց մի որդի, անվանեցին Իսմայել՝ հոր անունով, որ նրան Շահ Թահմազը ընդունում էր, քանի որ նրա հետ համամայր էր, որ թագավորեց իր եղբայր Շահ Թահմազից հետո 1023 թվի շեմին: Բայց տարին չլրացրեց, այլ նույն տարին մեռավ: Իսկ երրորդ Իսմայելը՝ Շահ Թահմազի որդին, որ նրան հայրը բանտ էր դրել, երբ լսեց Իսմայելի մահը, բանտից ելավ եւ եկավ թագավորեց 1024 (1575) թվին: Սրա մասին Ծարեցի [41] Հովնան վարդապետը ասում է, թե այս Իսմայելը իր յոթ եղբորն էլ սպանեց: Ապա սկսեց կոտորել իշխաններին: Այս բանը իմանալով զորքերը՝ հայտնում են Ամիրխան անունով Թավրիզի իշխանավորին եւ Արարատյան իշխանավոր Թոխմախ-Մահմուդ կոչվածին: Սրանք եկան գաղտնի սպանեցին նրան, ոչ ոք չիմացավ նրա մահը, եւ դատ չեղավ, կարծվեց, թե գնացել է լրտեսության, մի տարի հետո գալու է: Հետո իմացան նրա ոչնչացումը: Սա թագավորեց երեք տարի:

ԳԼՈՒԽ Թ
ԽՈՒԴԱԲԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Այս Խուդաբանդը Շահ Թահմազի որդին էր եւ Իսմայելի եղբայրը: Սրա հայր Թահմազը սրան ուղարկեց Խորասան եւ նրան հանձնեց ամբողջ երկիրը: Նա գնաց, տիրեց նրանց: Սա զեխ էր եւ աչքերի լույսը տկար: Զորքերը տեսնելով, որ թագավորությունը ժառանգ չունի, գնացին նրան բերին եւ դարձրին թագավոր 1027 (1578) թվին: Սա պատերազմների նկատմամբ անարի ու անտարբեր էր: Սրա երկրորդ տարում եկավ Լալա փաշան եւ ավերեց Երեւանը, գերեց 60 հազար քրիստոնյա անձեր եւ թուրքեր: Լալայից հետո եկավ Ֆահրադ փաշան եւ շինեց Երեւանի բերդը (բերդ շինեց Երեւանում) եւ ելավ, գնաց Աղվանքի Գանձակ եւ գրավեց այն: Գրավեցին Թավրիզը, Շամախին եւ Դամուրղափը [42], որ ալանների դուռն է, եւ մինչեւ Խուդաֆրին [43] օսմանցիները տիրեցին:

Իսկ պարսից Խուդաբանդ թագավորը հավաքեց իր զորքերը եւ գնաց Գանձակի վրա. մինչդեռ արդեն գրավումը մոտ էր, անիծված պարսից ազգը անաստվածություն (անխղճություն) արեց: Նա մի որդի ուներ, որ պահում էր նրան թագավորի տեղի համար, անունը Ամիրհամզա էր: Զարկին, նրան սպանեցին, իսկ նա կրկին կուրացավ: Թողեց պատերազմը, ելավ, գնաց Խորասան իր մյուս որդու՝ Աբասի մոտ եւ այնտեղ մեռավ՝ թագավորելով երեք տարի, ոմանք ասում են՝ ինը տարի: Բայց սրա մահվան մասին ասում են, թե գնաց բաղնիք, գլուխը խուզեցին եւ երբ ծնոտի տակ էին ուզում խուզել, ածելիով կտրեցին վիզը: Նրա անարի լինելու պատճառով, պարսից գովերգուները նրա համար արհամարհական երգ հորինեցին. երգի մեջ ասում էին. «Քանդեցիր Թավրիզը, աղբեցիր Մարանդում»: Նաեւ առասպել կցմցեցին այսպես. ասում էին, թե «Թագավո՛ր, օսմանցիները այսինչ քաղաքը գրավեցին, դու ինչո՞ւ ես նստած»: Իսկ նա սաստում էր նրանց՝ ասելով. լուռ մնացեք, քանզի կատուների հարսանիքներն են: Եվ նա զարդարում էր կատուները դիպակ հագուստով, զանգակներ էր կախում կատուների պարանոցներին եւ հրամայում էր փող փչել, իսկ ինքը ծափ էր զարկում ու ծիծաղում: Այս առասպելաբանեցին նրա տկար ու անարի լինելու համար, որ նշանակում է, թե իբրեւ կատու տանն է բնակվում եւ դուրս չի գալիս, նույնպես նաեւ, որ սա իբրեւ կատու ընկած է տանը, անտարբեր աշխարհի վերաբերմամբ:

Մի այլ բան էլ հորինեցին կուրության համար, որովհետեւ երբ դուրս էր գալիս եւ ձի էր հեծնում ու շրջում ազատ դաշտում, նրա հետ եղած մարդիկ ծաղրելով կատակում էին եւ ասում. «Թագավոր, պուրակ է ու անտառ, խոնարհիր գլուխդ, որպեսզի չկպչի ծառերին», եւ նա ցած էր պահում գլուխը երկար ժամեր:

Եվ այսպես անարգանքով անցկացրեց իր կյանքը մինչեւ մահ:

ԳԼՈՒԽ Ժ
ԱՌԱՋԻՆ ԵՎ ՄԵԾ ԱԲԱՍԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1029 (1580) թվին թագավոր նստեց Շահ Աբասը. սա քաջ մարդ էր պատերազմում, ճոխաբան էր, շատ խելոք, բազմահնարագյուտ, խորագետ եւ ճարտարախոս, ամեն հնարներով օժտված էր, ամեն գործի մեջ հաջողակ էր, համառ եւ աներկյուղ: Իր թագավորելու ժամանակ հաջող ընթացան նրա գործերը, քանզի նրա հոր ժամանակ Ջոջանեթ երկիրը, որ Գիլանն է, ապստամբեց: Այս Աբասը գնաց հնազանդեցրեց, ենթարկեց իրեն: Իսկ ինքը գնաց Արտաբիլ ողորմություն բաժանելու նրա բնակիչներին:

Պահլավունի ազգը, որ օզբեկներն [44] են, գնացին Բուխարա եւ պարսիկներից առան Հրե քաղաքը: Շահ Աբասը զորքով գնաց, հալածեց նրանց եւ նրանցից շատերին կոտորեց. բռնեց նրանց թագավորի որդուն իր հետ առավ գնաց Խզիրան, որ Ղազվինն [45] է: Սրա բոլոր գործերը ամենը անպակաս կերպով նկարագրել է Առաքել պատմագիրը: Ով կամենում է ստույգը իմանալ, թող կարդա այն (նրա գրածը) եւ նրանից սովորի: Իսկ ես ինչ որ լսել եմ այս Շահ Աբասի մասին, թե սուտ, թե առասպել, ճշմարիտ, թե իրավացի, ամենը կգրեմ, լինի պարսավանք կամ նախատինք, թե գոհություն կամ գովություն, թող լինի նրանց համար, որոնք մեզ պատմեցին, քանզի նրանք, որ ականատեսներ էին, ստույգը պատմեցին, իսկ նրանք, որ ականջալուրներ էին, վայրիվերո ասացին, իսկ մենք ինչ որ լսեցինք, նույնը կպատմենք, լինի սուտ կամ ճշմարտացի:

 



[1]            Պատմիչը Ագաթանգեղոս հունական անունից ենթադրում է, որ այդ անունը կրողը լատին է՝ այսինքն հույն:

[2]            Պարթեւները պետություն ունեին Իրանի բարձրավանդակում: Պարթեւական ժողովուրդը ապրել է Կասպից ծովի հարավարեւելյան տարածքներում: Այս պետության առաջին թագավորը եղել է Արշակ Մեծը, որի անունից էլ Արշակունիները:

[3]            Արտեւանը պարթեւ Արշակունիների վերջին թագավորն էր, որ սպանվեց Սասանյան Արտաշիրի ձեռքով 224 թվին: Սրանով վերջ դրվեց պարսիկ Արշակունիների հարստությանը:

[4]            Ալեքսանդր Մակեդոնացին աշխարհի առաջին մեծ զորավարն է: Գրեթե ողջ աշխարհը նվաճեց: Ծնվել է մ. թ. ա. 356 թվին, Մակեդոնիայում, մեռել է 323-ին՝ ընդամենը ապրելով 33 տարի:

[5]            Անտիոքոսը . թ. ա. ) 242-187 թվերին Սելեւկյան մեծ պետության թագավորն էր, որի տիրույթների կենտրոնը Ասորիքն էր՝ Սիրիան, Բաբելոնը եւ Ասորեստանը:

[6]            Սելեւկիոսը Սելեւկյան մեծ պետության հիմնադիրն է: Թագավորել է 358-281 թվերին:

[7]            Նիկանովր պետք է լինի Նիկատոր (հաղթող):

[8]            Քետուրան ըստ Աստվածաշնչի՝ Աբրահամ նահապետի վերջին կինն էր Սառայից հետո: Ըստ Աստվածաշնչի՝ արաբական ցեղերը սերվել են Աբրահամից ու Քետուրայից:

[9]            Քուշանները ապրում էին Կենտրոնական Ասիայում: Մ. թ. ա. 2-րդ դարում ունեին պետություն: Մ. թ. ա. առաջին դարում նրանք տիրում էին Միջին Ասիան, Աֆղանստանը, Պարսկաստանը, Հայաստանի մի մասը: Մ. թ. 2-րդ դարում նրանք սկսում են անկում ապրել եւ վերջապես վերանում են պատմության թատերաբեմից:

[10]          Բահ լը քուշանների թագավորության մայրաքաղաքն էր:

[11]          Տե՛ս ծանոթ. 3:

[12]          Արշակ Մեծը պարսից թագավոր էր: Նա իր պետության մայրաքաղաքը դարձրեց Բահլը: Թագավորեց 53 տարի: Հետագայում Արշակունիները կոչվեցին պահլավներ՝ Բահլ մայրաքաղաքի անունով: Այս Արշակը պարսից թագավորն էր, որ ըստ Խորենացու Վաղարշակին կարգում է հայոց թագավոր, որից սկսվում է հայ Արշակունիների հարստությունը:

[13]          Խոսրով Արշակունին Անակի դավադիր ձեռքով սպանվեց 245 թվին, եւ ժամանակավորապես Արշակունիների հարստությունը ընդհատվեց:

[14]          Տե՛ս ծանոթ. 2:

[15]          Վաղարշակը Արշակունի հայոց առաջին թագավորն էր, որ պարսից Արշակ Մեծի կողմից կարգվեց հայոց թագավոր:

[16]          Խոսրովի սպանությունից հետո միառժամանակ հայոց թագավորությունը ընդհատվեց` մինչեւ Տրդատը, որ սկսեց թագավորել 298 թվից:

[17]          Անակը Գրիգոր Լուսավորչի հայրն է: Արտաշիր Սասանականը Անակին ուղարկում է Հայաստան, որ Խոսրովին դավադրաբար սպանի: Երկու տարի Անակը մտերմանում է Խոսրով հայոց թագավորի հետ, վերջապես հաջողում է սպանել Խոսրովին եւ փախչել, բայց հետապնդվում, բռնվում եւ սպանվում է իր ողջ ընտանիքով: Միայն հաջողվում է մի երեխայի ազատել եւ փախցնել:

[18]          Ագաթանգեղոսը 5-րդ դարի հայ պատմիչ է, որ գրել է Գրիգոր Լուսավորչի միջոցով հայոց քրիստոնությունն ընդունելու պատմությունը:

[19]          Մարերը կամ մեդացիները իրանական բարձրավանդակի հյուսիս-արեւմուտքում են ապրել, ունեցել են պետություն: Համարվում են ներկայիս քրդերի նախահայրերը:

[20]          Առաքել պատմագիրը 17-րդ դարի հայ պատմիչ Առաքել Դավրիժեցին է, որ գրել է 17-րդ դարի հայ ժողովրդի տնտեսական, քաղաքական ծանրագույն վիճակի պատմությունը՝ նպատակ ունենալով առավել մանրամասն նկարագրել հայության բռնագաղթը Շահ Աբաս Առաջինի ձեռքով:

[21]          Երզնկան Արեւմտյան Հայաստանի նշանավոր քաղաքներից է: Գտնվում է Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի Եկեղյաց գավառում՝ Եփրատի աջ ափին: 1915 թվից առաջ Երզնկան ուներ 15 հազար հայ բնակիչ: Հայկական խոշոր մշակութային կենտրոն էր:

[22]          Աղթամարը Վանա ծովի կղզիներից է, որտեղ կառուցված է Սուրբ Խաչ վանքը մեծ ճարտարապետ Մանվելի նախագծով 615-921 թվերին: Սա հայոց չքնաղ ճարտարապետության գլուխգործոցներից մեկն է, որ չնայած մոտ 80 տարի վանքը թուրքերի տիրապետության տակ է եւ այնտեղ ոչ մի հայ մուտք չի գործել, բայց վանքը կանգուն է: 1113 թվից մինչեւ 1895 թիվը այնտեղ էլ կաթողիկոսություն կար:

[23]          Բաղեշը Բիթլիսն է, որ Մեծ Հայքի Աղձնիք նահանգի քաղաքներից է: Գտնվում է Վանա լճից18 կմ հարավ-արեւմուտք:

[24]          Խլաթը Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Բզնունյաց գավառի քաղաքներից է: Գտնվում է Վանա լճի հյուսիս-արեւմտյան ափին:

[25]          Մուշը Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառի կենտրոնական քաղաքն էր մինչեւ 1915 թիվը:

[26]          Խութը Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի գավառներից մեկն է:

[27]          Սասունը Մեծ Հայքի Աղձնյաց նահանգի 10-րդ գավառն է: Հյուսիս-արեւելքում սահմանակից է Տարոն գավառին` Մուշ կենտրոնով:

[28]          Շիրազը քաղաք է Իրանի հարավ-արեւմուտքում, Ֆարսիստանի վարչական կենտրոնն է: Հռչակավոր է իր վարդերով:

[29]          Քերման կամ Քիրման Իրանի հարավ-արեւելյան քաղաքներից է:

[30]          Ջալալի բառը ապստամբ է նշանակում: Առաջացել է Թոխաթ (Եվդոկիա) քաղաքի ապստամբության առաջնորդ Ջելալի անունից: Դրանից հետո Օսմանյան կայսրության դեմ ապստամբները կոչվում էին ջելալի:

[31]          Չըլդրի դաշտը Չըլդր լճի մոտ է, իսկ լիճը Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արեւելքում է, Արդահանի շրջանում:

[32]          Ենիչերին հատուկ զորամասի զինվոր էր: Այս զորամասերը պատրաստում էին թուրքերը քրիստոնյա գերիներից, իսկ ավելի ուշ հավաքում էին քրիստոնյա երեխաներ եւ նրանցից պատրաստում էին քրիստոնեասպան զորք: Այս զորքը աչքի էր ընկնում ծայրահեղ անգթությամբ: Ենիչերիությունը սկսվեց 14-րդ դարում եւ հետագայում պատիժ դարձավ Օսմանյան կայսրության համար: 1826 թվին Մահմադ սուլթան 2-րդը վերացրեց:

[33]          Խնուսը Բարձր Հայքի քաղաքներից է Կարինի վիլայեթում: 1915 թվին ուներ 2163 հայ բնակիչ:

[34]          Բասենը գավառ է Մեծ Հայքի Այրարատ նահանգում: Գտնվում է Արաքսի վերին հոսանքի վայրում: Հյուսիս-արեւմտյան սահմանները հասնում են մինչեւ Վանանդ, մի ժամանակ Կարսը եւս պատկանել է Բասենին:

[35]          Կարինը (Էրզրումը) Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի կենտրոնական քաղաքն է Արաքս եւ Եփրատ գետերի ակունքների մոտ:

[36]          Դերջանը Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի շրջաններից մեկն է, որի կենտրոնը Մամախաթունն է:

[37]          Կեղին կամ Քղին Բարձր Հայքի գավառներից է եւ գավառի կենտրոնն է: Քղիի 3500 բնակիչներից 2500-ը հայեր էին:

[38]          Բաբերդը Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի Սպեր գավառում Ճորոխի ձախ ափին է: Ուներ 10 հազար հայ բնակչություն:

[39]          Սպերը բերդաքաղաք է Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգում: Սպեր նույնանուն գավառի կենտրոնն է:

[40]          Իկոնիոնը (Կոնիա, Իկոնիա) Փոքր Ասիայի քաղաքներից է:

[41]          Ծարեցի Հովհան վարդապետը 16-րդ դարում գրել է Կաղանկատվացու երկի համար իբրեւ լրացում Աղվանքի համառոտ պատմությունը:

[42]          Դամուրղափը Դերբենդի լեռնանցքն է:

[43]          Խուդաֆրինը կամուրջ էր Արաքսի վրա Հայաստանի ու Պարսկաստանի միջեւ Աղավնագետի խառնուրդի մոտ:

[44]          Օզբեկները ուզբեկներն են: Պահլավունի են կոչվում, որովհետեւ Բահլից են եկել գրավել Աֆղանստանի Հերաթը:

[45]          Խզիրան կամ Ղազվինը Իրանի քաղաքներից է, գտնվում է իրանի հյուսիս-արեւելքում: