Պատմագրություն. Հայոց պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳԼՈՒԽ ԾԱ
ԵՐԵՎԱՆԻ ԱՀԱԳԻՆ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ

1128 (1679) թվի հունիս ամսի 4-ին աստվածասաստ բարկությունը իջավ Արարատյան երկրի վրա, քանզի Աստված բարկությամբ նայեց իր արարածներին: Համբարձման երկրորդ շաբաթից հետո օրվա երրորդ ժամին հանկարծակի երկիրը գոռաց ինչպես ամպերը. գոռալուց հետո ահավոր թնդումով շարժվեց: Արարատյան երկիրը առհասարակ դողում ու երերում էր ըստ խոսքի, թե ո՞վ է նայում երկրին եւ նրան դողացնում* եւ թե երկրի հիմքերը տատանվում էին: Այս երկրաշարժը եկավ Գառնու կողմերից, փլվեցին բոլոր շինվածքները, գեղեցկահարկ բնակարանները, վանքերը, եկեղեցիները: Հետեւյալ եկեղեցիներն են ավերվել Աղջոց վանքը [1], Այրիվանքը [2], Հավուց թառը [3], Տրդատակերտը [4], Խոր Վիրապը [5], Ջրվեժը [6], Ձագավանքը [7], Երեւանի երեք եկեղեցիները, Նորագավիթը [8], Նորագեղը [9], Ձորագեղը, Նորքը, Գամրեզը [10], Երեւանի բերդը հիմքից խորտակվեց, մզկիթ ու մինարեներ: Շատ տեղերում աղբյուրներ բխեցին, բազմաթիվ աղբյուրներ խցվեցին: Փլվեցին քարափներ, լցվեցին առուներ, արգելվեցին ջրերի հոսանքներ: Քանդվեցին բազմաթիվ գյուղեր: Քանաքեռ գյուղում մի հավաբուն անգամ չմնաց: Զարմանալին այն էր, որ նույն Քանաքեռում մի տան մեջ փլվեցին չորս պատերը, իսկ տանիքը չորս սյուների վրա անշարժ մնաց, ինչպես օդից կախված: Երկրաշարժը հասավ մինչեւ գյուղաքաղաք Կարբի, որտեղ երեք մարդ մեռավ: Օհանավանքի Սուրբ ուխտում փլվեցին բոլոր գեղեցիկ ապարանքները, իսկ եկեղեցին խախտվեց, մենք հազիվ ազատվեցինք մահից: Իսկ նրանք, որ հողի տակ մնացին, ինչքան որ կարողացան հանել, հանեցին, իսկ ինչ չկարողացան, գերեզման եղան նրանց համար նրանց տները: Մեռելները ավելի շատ էին, քան ողջերը: Չնայած ամեն տեղ չկարողացան իմանալ մեռյալների (թիվը), բայց իմ հայրենի գյուղ Քանաքեռում հաշվեցին հազար երկու հարյուր քսանութ: Ոչ շուն մնաց, ոչ կատու, ոչ հավ:

Երկրաշարժը տեւեց մինչեւ հոկտեմբեր ամիսը: Ամեն օր երկիրը գոռում էր, օր կար երեք, օր կար չորս, օր կար հինգ անգամ, ապա սկսվում էր երկրաշարժը: Սակայն վնասը առաջին օրը եղավ: Ովքեր կենդանի մնացին, կարպետե վրաններով բնակվում էին այգիներում, պարտեզներում, անշեն տեղերում:

Երկրաշարժի առաջին օրը դեսպաններ եկան Կարինից եւ տեսան երկրաշարժը: Իսկ խանը նույն օրը դեսպաններ ուղարկեց շահի մոտ եւ տեղեկացրեց երկրաշարժի ավերումը: Օսմանցի դեսպաններին չթողեց գնալ, մինչեւ որ եկան շահի պատգամները: Տասնհինգ օր հետո եկավ արագագնաց սուրհանդակը եւ բերդը, եւ եկեղեցիները վերաշինելու հրաման բերեց: Իսկ մունետիկը կանչում էր, թե շահի հրամանն է, որ քրիստոնյաները շինեն այն եկեղեցիները, որոնք քանդված են: Այս պատճառով բազմաթիվ տեղերում շինվեցին եկեղեցիներ թե նրա ժամանակ, թե նրանից հետո:

(Սրանից) հետո արձակեց դեսպաններին:

Ապա եկավ մեծ իշխան Միրզա Իբրահիմը, որին կոչում էին Հադրբեջան Վազրի, նստեց Երեւանում, կանչեց մոտակա խաներին՝ Նախիջեւանի, Պարտավի [11], Զակամի [12], Լոռու, Մակուի, Ակոռու [13], Սադարակի [14], Ծարի [15] սուլթաններին: Սրանք եկան բերդը շինեցին եռաորմ ավել ամուր, քան նախորդը: Նաեւ կամուրջը, որ բերդի տակ Զանգու կոչվող Հրազդան գետի վրա էր, սա եւս ավելի ամուր շինեցին, նաեւ խափանված առուները նորոգեցին եւ ջուր բերին Երեւան քաղաքը: Ապա Երեւանի կարգը ամեն մարմնավոր պիտույքներով հաստատվեց, որքան սա իշխում էր Երեւանին:

 

*Սաղմ. ՃԳ, 22:

ԳԼՈՒԽ ԾԲ
ԵՂԻԱԶԱՐ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԳԱԼԸ

Երբ մեծ հայրապետ Հակոբը Կոստանդնուպոլսում հաստատվեց, կաֆայեցի Մարտիրոս վարդապետը, որ նրա բարեկամն էր ու Երուսաղեմում պատրիարք էր, մխիթարական նամակ գրեց Սուրբ Էջմիածին եւ հայտնեց նրանց, թե չլինի առանց այս կողմերին հարցնելու կաթողիկոս ընտրեք: Բայց ձեր գրությամբ հարցրեք սրանց՝ այսինքն Եղիազարին, որ ինքնագլուխ դարձել է կաթողիկոս, սպասում է լուռ՝ նստած Բերիա քաղաքում՝ այսինքն Հալեպում: Առ այս Սուրբ Էջմիածնում հավաքվեցին բոլոր վանքերի առաջնորդները, եպիսկոպոսները, վարդապետները, իշխանաշուք մարդիկ եւ նրան գրեցին: Նամակի մեջ գրել էին, թե քո սրբությունը (դու) հռոմկլայեցի լինելով՝ արժան է լինելու իր նախնիների շարքերում:

Եվ ընտրեցին Պետրոս անունով մի վարդապետի, որ Գողթան գավառի վերատեսուչ էր՝ ճարտար ու բանիսուն մի մարդ, ուղարկեցին նրա մոտ: Պետրոսը գնաց, նրան առավ բերեց Սուրբ Էջմիածին 1131 (1682) թվի օգոստոսի 14-ին՝ Աստվածածնի փոխման տոնին, Սուրբ Էջմիածնում նստեց կաթողիկոսության աթոռին: Սա մի ճառաբան ու ճարտարաբան մարդ էր, բախտավոր էր ու համառ եւ ատենաբան (հրապարակով ճառող): Երբ սա դարձավ կաթողիկոս, բոլոր կողմերից եկան հնազանդվելու սրան: Եկավ նաեւ Աղթամարի կաթողիկոսը եւ օրհնություն առավ սրանից ու գնաց: Սա շենքեր կառուցեց Սուրբ Հռիփսիմեում [16] ՝ գեղեցկաշեն տներ, բաց պատշգամբներ ու հովանոցներ, հաստատեց միաբաններ: Նույնպես եւ Սուրբ մայր Գայանեն [17] շրջափակելով պարսպեց, արեւմտյան դռանը դրսի կողմից խորաններ շինեց եւ նույն տեղում՝ հյուսիսային կողմում պատրաստեց իր գերեզմանը, տնտեսատները, խցերը, հաստատեց միաբաններ, որ մշտապես ժամ ու պատարագ մատուցվեն:

Նաեւ կճյա գմբեթ կանգնեցրեց իջման տեղի վրա [18], հաստատեց սեղան` պատարագ անելու համար: Եկեղեցու երկու կողմը բարձրացրեց գետնից, ամբիոն շինեց եւ պատարագի սեղան կանգնեցրեց: Պատ շինեց եկեղեցու մեջ հարավային դռնից մինչեւ հյուսիսային դուռը, որպեսզի այնտեղ կանգնեն աղոթքի եւ ոչ թե ավագ խորանի առջեւ: Եկեղեցու տանիքում երեք տեղ կանգնեցրեց գմբեթներ: Նաեւ բարերարություններ արեց, քանզի Աթոռը պարտքեր ուներ, պարտատերերը գալիս պարտքերն էին պահանջում, իսկ նա ասում էր՝ ես չեկա պարտք տալու, այլ եկա շենքեր կառուցելու, եւ եթե ինձ պարտքերի համար ստիպեք, ես կգնամ այնտեղ, որտեղից եկա: Այս ասելով վերացրեց Աթոռի բոլոր պարտքերը: Այսպես մնաց խրոխտ, սարսափազդու իր կյանքի բոլոր օրերում: Մեռավ 1139 (1690) թվի օգոստոս ամսի 14-ին, ճիշտ այն օրը, երբ եկավ Էջմիածին՝ մնալով կաթողիկոս ութ տարի:

Նրանից հետո կաթողիկոս եղավ նրա ձեռնասուն աշակերտ Նահապետ Եդեսացին, որ այժմս է: Այս երկու կաթողիկոսների կողմից ժամանակին շինվեցին ու նորոգվեցին բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ: Սրանք եկեղեցիների շինության համար թույլտվություն էին առնում իշխանից (խանից):

Բայց առաջին կաթողիկոսների կարգն ու կանոնը վերացավ Սուրբ Աթոռից ու բոլոր վանքերից նրանց թուլության պատճառով, որովհետեւ բոլոր առաջնորդները ըստ իրենց կամքի էին գործում, իսկ կաթողիկոսների փույթը չէր, քանզի իրենք ինչպես իրենց երկրում վարել էին, նույնը այստեղ էին անում: Նաեւ ինչ պակասություն տեսնում էին աբեղաների ու քահանաների կողմից արված, բերում էին, գլուխն ու մորուքը խուզում, մահու չափ բրածեծում էին: Այսպես մնում էին իրենց կյանքի ընթացքում:

ԳԼՈՒԽ ԾԳ
ԵՐԿՆԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Երկրաշարժից առաջ ինչ-որ նշան երեւաց երկնքում. մի գիշեր օդում տեսան կապույտ նիզակահուններ երկայն ու լայն` հարավից, հյուսիսից, երկու ծայրերը բարակ էին, ինչպես գեղարդի ծայրեր: Քիչ-քիչ իր պոչերը դարձրեց արեւելք եւ արեւմուտք, այդպես մնաց քսան օր ու անհայտացավ: Սրանից հետո երեւաց սաստիկ մեծ մի աստղ զենիթում, մյուս աստղերից սաստիկ մեծ, գույնով դեղին, երկայն ու լայն գեսերով, ձյունի նման սպիտակ, դեպ արեւմուտք ձգված մի աստղ: Գեսերը փայլում էին, կարծես կայծեր էին թափվում երկրի վրա եւ ահարկու էր տեսնողներին: Այդպես մնաց մի ամիս: Լինում էր այնպես, որ երկու օր երեւում էր մինչ առավոտ, երբեմն կեսգիշերին, երբեմն առավոտյան, երբեք տեղից չէր շարժվում, ապա անհայտացավ:

Սրանից հետո արեւելքում երեւաց մի կարմիր աստղ, ինչպես որդան կարմիր. սա ուներ երեք գես՝ մեկը սպիտակ, երկրորդը՝ աստղագույն, երրորդը՝ խարտյաշ. բոլորագունդ էր, ինքը բարձր, գեսերը կախված էին դեպի երկիր: Ինքը անշարժ էր, գեսերը երբեմն-երբեմն շարժվում էին: Վեց օր մնաց, վեց օրից հետո գեսերը ցրվեցին, իսկ ինքը շատ օրեր երեւում էր, եւ անհետ կորավ:

ԳԼՈՒԽ ԾԴ
ԵՐԿՆՔԻ ՄՅՈՒՍ ՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ

Մինչդեռ ես մանուկ իմ հայրենի գյուղ Քանաքեռում էի, խոսում էինք հասակակից մանուկների հետ: Զրույցի ընթացքում մանուկներն ասացին, թե օձը ապրում է մինչեւ հազար տարի, հազարերորդ տարում դառնում է վիշապ, իսկ Աստծու հրեշտակները նրան քաշում են երկինք եւ թողնում են մեծամեծ քարերի վրա, սատկում է: Այս մանուկների առասպել է, բայց ինձ հավաստի լինել է թվում, քանզի իմ ծերության ժամանակ, երբ ես Սուրբ ուխտ Օհանավանքում էի, մի օր ժամը 7-ին պարզ եղանակի արեւմտյան կողմում երկինքը վառվեց ինչպես հուր, կայծակներ էին իջնում վար, երբեմն ճեղքում էր ինչպես փայլակ, երբեմն խաղաղվում էր: Հրից դեպի ցած կախված էր պարանի նման (մի բան) մինչեւ երկիր, պարանի ծայրին կապված էր վիշապանման մի բան, կապույտ էր ինչպես ամպ: Գլուխը, մեջքը, պոչը որպես ճիշտ եւ ճիշտ վիշապի, պոչը շարժում էր այս ու այն կողմ, գլուխն ու մեջքը գալարվում էին եւ քիչ-քիչ բարձրացավ երկրից եւ հասավ կրակին. կլանեց վիշապին, այնտեղ մի փոքր մնաց, ապա հուրը նորից պատռվեց, վիշապաձեւ սեւացավ ինչպես ածուխ, հանկարծակի ընկավ գետին, բայց չիմացանք, թե ուր ընկավ: Բայց այսքանը շատերը տեսան, ինչ որ նկարագրեցինք:

ԳԼՈՒԽ ԾԵ
ՕՍՄԱՆՑԻՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՖՌԱՆԿՆԵՐԻ ԴԵՄ

1131 (1682) թվին օսմանցիների թագավոր սուլթան Մուրադը զորակոչեց իր բոլոր հպատակներին եւ գնաց ֆռանկների ամրացված քաղաք Պեչի վրա*: Այդ քաղաքը կայսեր իշխանությանն էր ենթարկվում, որին իրենք եփրաթոլ (իմպերատոր) են կոչում: Սա խիստ անառիկ էր, քանզի երեք կողմից ձոր էր եւ պարսպված բակ՝ բարձր ու լայն: Երկու որմերի միջեւ կար փողոց եւ երկու դռները կախված էին փողոցի երկու ծայրերին: Մի դուռը բուն քաղաքի ներսի որմի վրա էր, մի դուռը արտաքին որմի վրա: Այս չորս դռները միմյանց դիմաց էին, բայց ոչ թե գետնին էին հաստատված, այլ կախված էին վերեւից վար: Մեքենաներով քաշում եւ վար էին իջեցնում: Քաղաքի մի կողմում դաշտ էր եւ հարթ, որտեղ դռներն էին:

Այս կողմից թուրքերը (մահմեդականները) կատաղի էին պատերազմում: Նույնպես եւ ֆռանկներն էին կռվում:

Երբ պատերազմը խստացավ, ֆռանկները նրան խաբեցին: Քանզի կռվի ժամին կանաչ դրոշակի հետ էին բռնել եւ խաչվառը:

Եթե խաչվառը բարձրացնեն, ուրեմն հաղթությունը իրենցն է, եթե հաղթությունը թշնամունն է, խաչվառը իջեցնում են: Եվ այս կռվի մեջ խաբեցին նրանց, քանզի ներսի դուռը ամրացրին, իսկ պողոտայի երկու դուռը վեր քաշեցին: Նույնպես նաեւ արտաքին դուռը վեր քաշեցին եւ թողին բաց, ապա խաչվառը խոնարհեցին: Հագարացիները (թուրքերը) տեսան եւ հավատացին, որ ճշմարիտ է եւ հնչեցրին ռազմի փողերը ու գոչեցին ալտըք դալայի, այսինքն՝ բերդը գրավեցինք: Եվ այսպես մտան երկու պարիսպների միջեւ, եւ փողոցը լցվեց ծայրից ծայր: Ապա լատինները (ֆռանկները) իջեցրին փողոցի երկու դռները, եւ մահմեդականների ավելի քան կեսը մնացին ներսում: Քրիստոնյաները բարձրացրին խաչվառը, հնչեցրին փողերը եւ կանչեցին՝ վիվո, վիվո, այսինքն՝ ուրախ եղեք, ուրախ եղեք:

Երբ օսմանցիք տեսան բարձրացված խաչը, սկսեցին փախչել, եւ ֆռանկները ընկան նրանց հետեւից, հալածեցին, կոտորեցին, եւ իսպառ փախցրին մինչեւ իրենց Պուտան քաղաքը, իսկ նրանք, որ մնացին փողոցում, գերվեցին: Տասներկու փաշա իրենց բոլոր զորքերով գնացին, խառնվեցին ֆռանկների զորքերին եւ դարձան քրիստոնյա: Քիչ-քիչ տարան նաեւ իրենց ընտանիքները իրենց մոտ**: Ֆռանկները գրավեցին Պուտան*** քաղաքը եւ թուրքերին հարկատու դարձրին: Գրավեցին նաեւ Բելգրադը եւ երեք տարի մնացին այնտեղ: Երեք տարի հետո կոտորեցին ամբողջ քաղաքը, թողին դատարկ եւ գնացին իրենց տեղերը: Այս բանը պատմեց եվդոկացի մի թուրք ուղտապան, որ փախել էր պատերազմից: Եվ ահա պատերազմ է, իսկ վերջը Աստված է իմանում:

 

* Պեչը Բուդապեշտի մի առանձին մասն էր:

**... եւ զընտանիս իւրեանց վերականգնված է ըստ ռուսերեն հրատարակության, տե՛ս 202 էջ:

*** Պուտան առանձին քաղաք է եղել եւ Պեշտի հետ միացել, կազմել է Հունգարիայի Բուդապեշտ քաղաքը:

ԳԼՈՒԽ ԾԶ
ԶՄՅՈՒՌՆԻԱՅԻ [19] ՊԱՏՈՒՀԱՍԸ

Մինչդեռ մենք Զմյուռնիա քաղաքում էինք, 1131 (1682) թվի մայիս ամսի 7-ին օրվա երրորդ ժամին, արեւելքի կողմից չափազանց շատ մորեխ եկավ, ինչպես կարկտախառն անձրեւ, ըստ Սողոմոնի առածի առանց թագավորի է մորեխը, բայց կարծես մեկից են հրաման ստանում*: Այնքան եկան, որ երկրի վրա ստվեր ընկավ, եւ արեգակի ճառագայթները արգելեցին, ցերեկը դարձավ գիշեր: Սարսափ ընկավ ամենի վրա, բոլոր արհեստավորները խափան մնացին, խանութների ու տների դռները փակեցին: Քաղաքում եղած թռչունները չկարողացան իրենց տեղերից շարժվել եւ լռեցին կրկչալուց:

Օրվա 5-րդ ժամից մինչեւ ժամը ութը եկան ու գնացին թափվեցին ծովը, իսկ ծովի ալիքները նետեցին դուրս: Նեխվեց նրանց գեշը եւ գարշելի հոտից քաղաքը (քաղաքացիք) տագնապի մեջ ընկավ, այդ պատճառով ավազը փորեցին եւ (գեշերը) լցրին փոսերը, ավազով ծածկեցին, հոտը կտրվեց: Օրեր հետո դարձյալ մորեխը եկավ, բայց ոչ այնպես, ինչպես առաջին անգամ, այլ քիչ, կես ժամի չափ:

Երեք տարի հետո լիկիացիների** երկրում սաստիկ սով ընկավ, մանավանդ Զմյուռնիա քաղաքում, քանզի ֆռանկները ծովային ճանապարհները փակեցին, ցորեն չմտավ Կոստանդնուպոլիս, թանկություն եղավ: Թագավորին հայտնեցին, թե ցորենը ցամաքային ճանապարհով է տարվում Զմյուռնիա: Ապա (թագավորը) հրաման տվեց եւ խիստ պատվեր, թե ցորենը որեւէ այլ տեղ չպետք է տարվի, բացի Ստամբուլից: Այդ պատճառով սով ընկավ Զմյուռնիայում եւ ավելի խիստ սաստկացավ: Կերան բոլոր անուտելի կենդանիները: Երբ կենդանիները սպառվեցին, ձիերի թրիքը հավաքում, աղում ու հաց էին անում: Նաեւ ոսկոր էին հավաքում, կացնով մանրում էին, աղում եւ հաց էին անում: Քանի դեռ տաք էր, ուտվում էր, երբ հնանում էր, չէր ուտվում, մանրում էին, հետո էին ուտում: Նաեւ փտած ծառեր եւ ծառերի տերեւները չորացնում էին, փշրում եւ ուտում, բայց այդ չէր օգնում, այլ ավելի վնասում էր ուտողներին: Շատ քրիստոնյաներ իրենց ուստրերին ու դուստրերին էժան գնով վաճառում էին մահմեդականներին իրենց ապրեցնելու համար: Շատերը իրենց մանուկներին տանում գցում էին մահմեդականների դռները եւ փախչում: Իսկ մահմեդականները առնելով նրանց տանում էին իրենց մոտ եւ նրանց մահմեդական էին դարձնում:

Բարեկամների սերն ու գութը վերացավ, ողորմություններ, տուրուառեր, խնամքներ վերացան, բարեկամներն ու սիրելիները օտարացան միմյանցից: Այսպես ամենքը տառապում էին: Սովը մի տարի տեւեց: Երկու տարի հետո աստվածասաստ բարկությունը իջավ Զմյուռնիայի վրա, քանզի Աստված բարկությամբ նայեց իր արարածներին, ուժեղ եւ ահավոր երկրաշարժ եղավ. փլվեցին բոլոր գեղեցիկ կառույցները, եկեղեցիները, պանդոկները, մզկիթները, մինարեները կործանվեցին. ծովը կաթսայի նման եռում էր, շատ նավեր միմյանց ընդհարվեցին ու խորտակվեցին, իսկ այն նավերը, որ գտնվում էին այնտեղ (երկրաշարժի տեղում), ջրասույզ եղան: Շատերը մնացին հողի տակ, չկարողացան հանել, նրանց տները դարձան իրենց գերեզմանները ըստ մարգարեի***: Նույն օրը կրկին Աստծու բարկությունը հասավ նրանց, քանզի կրակ ընկավ եւ այրեց մնացածներին, որոնք երկրաշարժից (ազատվել էին), կրկին պատժվեցին. նրանց նկատմամբ ասվածը կատարյալ եղավ՝ այսինքն կարկուտից մնացածը կուտի մորեխը: Դրանք կատարվեցին Զմյուռնիայի վերաբերությամբ, որովհետեւ նախ եկավ մորեխը, ապա սովը, հետո երկրաշարժը, ապա կրակը:

Բայց երկրաշարժից քանդված եկեղեցիները գեղեցիկ ու հարմար շինեցին նորից: Քանզի արեւելքից եկած վաճառականները հայտնեցին օսմանցիների թագավորին (եկեղեցիների կործանման մասին): Եվ նրանք պատճառ դարձան ոչ միայն հայոց, այլեւ հույների, ֆռանկների եւ բոլոր քրիստոնյաների (եկեղեցիների կառուցման), որոնք ապրում էին Զմյուռնիայում:

 

*Առակք Լ 27:

** Լիկիացիների երկիր ասելով պատմիչը նկատի ուներ Թուրքիան:

***Երեմիա, ԺԹ-10-12:

ԳԼՈՒԽ ԾԷ
ՀՐԵԱՆԵՐԻ ՀԻՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Թեսաղոնիկե քաղաքում, որ այժմ կոչվում է Սելանիկ, շատ հրեաներ են բնակվում: Ասում են, թե այստեղ պահում են կույս աղջիկներ իրենց մեսիայի գալստյան համար: (Հրեաները) ճոխ են, հարուստ, ընչավետ ու մեծատուն: Բայց գոռոզացան եւ դարձան չքավոր: Իրենց կորստյան փուչ խորհուրդը արին: Նրանք հավաքվեցին մի վայրում, կանչեցին իրենց կրոնի գլխավորին, որ կոչվում է խախամ, այսինքն՝ քահանայապետ, եւ ասացին. «Մեզ վրա թագավոր օծիր նրան, ում որ դու հավանում ես»: Նա ընտրեց Սողոն անունով մեկին՝ իմաստուն, ճարտարախոս եւ իրենց օրենքներին գիտակ, նաեւ տեսքով գեղեցիկ էր ու բարձրահասակ: Նրան օծեցին ու անվանեցն Մալեքիմ Սողոն, որ նշանակում է Սողոմոն թագավոր: Նրան հագցրին սպիտակ ու թանկագին պատմուճան եւ գլխին դրին եռաստեղն, կարմիր, կանաչ թագ, նրան բազմեցրին բարձր գահի վրա եւ նրա ձեռքը տվին ոսկեզօծ գավազան, մեջքը ոսկեպատյան թուր կապեցին, իսկ իրենք ընկան գետնին երկրպագեցին:

Նշանակեցին տասներկու դատավորներ ըստ իրենց տասներկու ցեղերի, ընտրեցին բյուրապետեր, հազարապետեր, հարյուրապետեր, հիսնապետեր, տասնապետեր, զորագլուխներ եւ բազմաթիվ զորքեր: Նաեւ գրեցին բոլոր երկրներ, որտեղ որ կան հրեաներ հետեւյալ պատճենով. «Լսեք հրեաների ամբողջ ազգ, որ ընդունում եք Մովսեսի օրենքները, ահա Աստծու շնորհներով մենք թագավորեցինք այստեղ, կամենում ենք մահմեդականներին ոչնչացնել եւ քրիստոնյաներին հարկատու անել. հայերից՝ տասը ոսկի, հույներից՝ ութ: Դուք պատրաստ գտնվեք մահմեդականների ավագ տոնին, որը կոչում են Ղասում գունի, նրանք բոլորը շտապում են մզկիթ` իրենց գիշերապաշտոնին: Դուք զինավառ հարձակվեք նրանց վրա, կոտորեք նրանց եւ նրանց մանուկներին ու կանանց ստրկացրեք: Երբ այս ամենը կանեք, ապա կլինեք մի անձ ու մի խորհուրդ, գառներն ու գայլերը միասին կճարակեն: Այն ժամանակ մեսիան կգա եւ կբնակվի մեզ մոտ»:

Նամակը ուղարկեցին ամեն տեղ սուրհանդակների միջոցով, մինչեւ իսկ Սպահան գրեցին:

Ապա (Սողոն) օսմանցիների բոլոր քաղաքները բաժանեց իր իշխանների վրա, իսկ ինքը իրեն արքունի վայր վերցրեց Բյուզանդիան*: Բրուսա, որ Բուրսան է, տվեց Օվսե անունով մեկին, իսկ Ադրիանապոլիսը, որ Անտրանան է, մի իշխանի: Այստեղ հայտնի դարձավ նրանց չարությունը: Քանզի Օվսեն, որին տվին Բուրսան, ասաց՝ ես ծնունդով ու սնունդով անդրիանացի եմ, իմ հայրենի քաղաքը ինձ տուր: Թագավորն ասում է՝ ինչ որ քեզ եմ տվել, դու նրա վրա իշխիր, չէ՞ որ դու որեւէ քաղաքի վրա իշխանություն չունես: Օվսեն ասում է՝ ես իմ հայրենիքը ուրիշի չեմ տա: Այս բանի վրա առաջացավ աղմուկ ու կռիվ: Թագավորը (Սողոնը) հրամայեց Օվսեին գետնին գցել եւ բրածեծել: Այնքան ծեծեցին նրան, մինչեւ որ կիսամեռ եղավ, ապա դուրս քաշեցին:

Ուրբաթ գիշեր էր, բոլոր մահմեդականները գնում էին մզկիթ աղոթելու, իսկ հրեա Օվսեն կամաց-կամաց գնաց մինչեւ ավագ մզկիթը, որտեղ փաշան էր գալիս աղոթելու, եւ ընկավ մզկիթի դռանը: Լուսանալիս մոլլաները եկան ու տեսան հրեային, ասացին՝ ել եւ այստեղից գնա, որովհետեւ ահա փաշան գալիս է: Հրեան ասում է՝ փաշային ասելու բան ունեմ, որ մեծ օգուտ կլինի ձեր ազգին: Թույլ տվին, մինչեւ որ փաշան աղոթի, ապա հրեային տարան փաշայի մոտ: Գնաց, համբուրեց փաշայի ոտքերը, նստեց նրա մոտ եւ ամբողջը մի առ մի հավելումով պատմեց:

Փաշան լսեց, սարսռաց նրա մարմինը, եւ հարցրեց, թե որքա՞ն ժամանակ է, որ այդ խորհուրդը արել են: Հրեան ասում է՝ տասնհինգ օր է: Փաշան հարցնում է. որքա՞ն մարդ է ծառայում նրան: Հրեան ասում է՝ տասներկու մարդ միշտ ամեն երեկո գալիս են մինչեւ մյուս երեկո ուտում, խմում են եւ խորհուրդ են անում: Սրանք գնում են, ուրիշներն են գալիս, նույնն են անում: Բայց այս երեկո շատերն են գալու վաղվա համար, որ շաբաթ է, եւ դուրս չեն գալիս, ինչ որ չար բան խոսելու են, վաղն են խոսելու:

Ապա փաշան մեծամեծներից շատերին կանչեց եւ ասաց՝ պատրաստ եղեք, քանզի առավոտ լուսանալիս հրեայի հետ գնալու ենք յահուդիներին** բռնելու: Լուսանալիս իրենց առջեւ գցեցին հրեային, գնացին այնտեղ, որտեղ նրանք հավաքված էին իրենց թագավորի հետ: Մտան տունը տեսան, որ թագավորը բազմել էր բարձր գահին: Մահմեդականների գլխավորը ասաց՝ իջիր այդտեղից, քանզի փաշան քեզ է պահանջում: Նա որ կամենում էր թագավորել եւ մահմեդականներին կոտորել, ահա այժմ դողում ու վրվրթում էր եւ բեկբեկուն ձայնով աղաչում էր եւ կամենում էր հագուստները հանել: Բայց չթողին, այլ բոլորի ձեռքերը կապեցին հետեւները, առան, տարան փաշայի մոտ: Փաշան բոլորին հարցաքննեց եւ ստույգ տեղեկացավ: Ապա հրամայեց կոտորել նրանց, իսկ Խախամի*** լեզուն, քիթը, շրթունքները, ականջները, ձեռքերի ու ոտքերի մատները, ամորձիները՝ ամենը հրամայեց կտրել:

Մունետիկներին ասաց, որ բարձր ձայնով կանչեն, թե ամեն ոք թող լսի մեր ձայները, թե քրիստոնյաներ, թե մահմեդականներ, հարձակվեք հրեական ազգի վրա, մեծամեծերին կոտորեք, մանուկներին գերեք, նրանց կանանց պղծելով խայտառակեք, նրանց ունեցվածքը ավարեք, հափշտակեք, մի խնայեք: Իսկ ով որ նրանցից ունեցվածք հափշտակի, իրենն է, թող չխնայվի նաեւ նրանց կյանքը: Ամենքդ լսեք մեծ փաշայի հրամանները:

Եվ քանի որ օրը շաբաթ էր, բոլոր հրեաները տանն էին: Ով մունետիկի ձայնը լսեց, արեց այնպես, ինպես լսեց: Այն օրը կոտորեցին հրեաների երեք մասը եւ մինչեւ երեք օր բոլորին սպառեցին: Նրանցից շատերը մահմեդականացան, շատերն էլ խառնվեցին քրիստոնյաների հետ, մի մասն էլ ելավ քաղաքից փախավ, մի մասն իր ունեցվածքը հանձնեց քրիստոնյաներին, թաքչում էին նրանց տներում: Այսպես նրանք ողորմելի մահով սպառվեցին:

Նրանց ունեցվածքով շատերը ճոխացան եւ դարձան հարուստ:

Այն կույսերը, որ պահում էին մեսիայի համար, հանին տարան փաշայի մոտ, որ տասներկուսն էին, հրապարակավ պղծեցին: Փաշան իրեն բաժին առավ նրանց թագավորի տունը, անթիվ ու անհամար ոսկու եւ արծաթի գանձեր, ապա գրություն գրեց, պատճենը ուղարկեց թագավորին:

Այս պատճառով թագավորն իր բոլոր հպատակներին գրեց, թե որտեղ լինեն հրեաները իր իշխանության ներքո, մեծ հարկեր դնեն նրանց վրա, որպեսզի չքավորանան եւ չլրբանան: Այսպես տանջեցին հրեաներին բազմաթիվ ու տեսակ-տեսակ հարկապահանջությամբ:

Թեպետ մենք այս լսել ենք ուրիշից, բայց ոչ լրիվ ճիշտ: Զմյուռնիայից ես նավով գնացի Կոստանդնուպոլիս, այս ինձ պատմեց Յենի անունով, որ Հոհանն է, մի հոռոմ սարկավագ, որ Սալենիկ քաղաքից էր:

 

*Բյուզանդիան Պոլիսն է:

** Հրեաներ

*** Հրեաների կրոնապետը։

ԳԼՈՒԽ ԾԸ
ՏԱՆՈՒՏԵՐ ԱՎԱԳԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Այս Ավագը Արարատյան գավառի Կոտայքի Եղվարդ գյուղից էր, որը գտնվում է Արա լեռան ստորոտում: Սա նույն գյուղի տանուտերն էր , մի ճարտար եւ հրապարակով խոսող, համարձակ, մեծամեծների կողմից հարգված ու սրտոտ մարդ էր: Գյուղացիները առանց նրա հրամանի ոչինչ չէին անում: Բայց քանի որ գյուղի ջուրը քիչ էր ու չէր բավականացնում նրանց անդաստանները ոռոգելու, ուստի գնալով հյուսիսային կողմը՝ ձորի մեջ գտան ցրված ջուր: Նրանք մեծ չարչարանքով ու շատ ծախսով առու հանին եւ Ղարավերանի հանդերով, որ սեւ ավեր է նշանակում, բերին խառնեցին իրենց ջրին: Ղարավերան գյուղի տերը մի մահմեդական էր, ծագումով ղաջար՝ լիրբ ու հայհոյիչ եւ զազրախոս, հանդուգն ու անհնազանդ, չարագործ ու շնացող, ինքնահավան ու գոռոզ, ըստ ամենայնի՝ հաճոյակատար ու ծառա, հաճելի ու սիրելի սատանայի:

Երբ սա տեսավ, որ ջուրը խառնվեց Եղվարդի բուն ջրին, լցվեց սատանայական չար նախանձով, բորբոքվեց անիրավությամբ ու գյուղացիներից ոմանց ուղարկեց, որ գնացին եւ առուն քանդեցին ու ջուրը իջեցրին իրենց Սեւավեր գյուղը: Եվ գյուղի այն տեր Հապուշ Ղասիմը պարտեզներ գցեց եւ բանջարանոց արեց, առվույտ ցանեց ու ոռոգում էր այն ջրով եւ չէր թողնում, որ այդ ջուրը Եղվարդ գնա:

Եղվարդցիք աղաչում էին նրան, իսկ նա չէր լսում, այլ ծեծում էր, հայհոյում եւ անարգանքով հետ էր դարձնում նրանց: Այս պատճառով եղվարդցիք խիստ վիրավորվեցին եւ գնացին գանգատագիր գրեցին, ուղարկեցին իշխանին, որն ինքը Զալի խանն էր: Սա մեծամեծներին հարցրեց երկու գյուղերի մասին, ու ասացին, որ Ղարավերան գյուղով Եղվարդի մի տան չափ հարկ չեն տալիս, այլ Հապուշ Ղասիմը իր լկտիությամբ ուզում է քանդել այնպիսի մի պատվական գյուղ, որ Երեւանի ամբողջ երկրի համեմատությամբ իր մթերքներով ավելի լավ է: Այդ պատճառով խանը թուղթ գրեց այն պղծին եւ ասաց՝ դու իրավունք չունես այդ ջրի վրա, թույլ տուր որ դա Եղվարդ՝ իր տեղը գնա: Իսկ նրանք թուղթը առան տարան ցույց տվին այն շանը: Երբ կարդաց, պատռեց, տվեց նրանց եւ ասաց՝ տարեք դրեք ձեր կանանց ամոթույքի վրա: Եվ վեր կենալով ծեծեց նրանց փայտով եւ խանին բերան հայհոյեց ու նրանց ծեծով հալածեց:

Նրանք գնացին, մի այլ խնդրագիր գրեցին, պատռված թուղթը դրին նոր գրածի հետ եւ տվին խանին: Երբ խանը լսեց թղթի պատռելու ու նրա արհամարհանքի մասին, խիստ բարկացավ սրտմտությամբ եւ հրամայեց նրանց ու ասաց՝ գնացեք այն շանը բռնեք եւ չարաչար կերպով սպանեք եւ կոտորեք նրանց, որոնք նրան համախոհ են, լինեն մահմեդական, թե քրիստոնյա, իսկ գյուղը քանդեցեք, նրանց հանդերը գրավեք ու նրանց հարկերը դուք տվեք:

Այս հրամանը տվեց խստությամբ, նաեւ թուղթ գրեց, տվեց նրանց, բերանացի էլ պատվիրեց: Իսկ նրանք առան այս հրամանը, գնացին ստորագրություն տվին միմյանց՝ թե եթե որեւէ մեկը տասը տարեկանից բարձր, չգնա խանի հրամանը կատարի, խանին տուգանք վճարի: Ապա խառնիխուռն հավաքվեցին միատեղ: Մի երիտասարդի հագցրին իրենց շորերից, գլխին դրին ավել, նստեցրին էշի վրա եւ նրան անվանեցին ավելագլուխ էշով թագավոր եւ ելան բոլոր ամբոխով զուռնա-դհոլով, ծափերով ու պարերով, խաղալով ու խնդալով բոլոր արուները, մինչեւ իսկ կանայք եւս երգելով:

Երբ մոտեցան Ղարավերան գյուղին, տանուտեր Ավագը խրատ տվեց նրանց ու ասաց. «Միգուցե արյուն թափեք եւ արյենապարտ դառնաք, միայն ծեծով կիսամեռ արեք ու թողեք, այդ բավական է նրանց իբրեւ մահ»: Իսկ ղարավերանցիք տեսան ամբոխի բազմությունը, հասկացան, որ նրանք չարիք գործելու համար են գալիս: Իսկ անիծյալ Հապուշ Ղասիմը նստած էր աթոռին եւ հրաման էր տալիս պարտեզը ոռոգողներին: Նրան հայտնեցին, թե ահա ամբոխ է գալիս քո վրա, բայց նա փույթ չարեց, այլ ասաց՝ գիտեմ, ինձ մոտ աղաչելու են գալիս, իսկ ես նրանց արհամարհանքով, անհարգանքով կվերադարձնեմ:

Ահա ամբոխը եկավ հասավ. ավելագլուխը հրամայեց՝ խփեք ու սպանեք այդ շանը: Այդ ժամանակ բռնեցին նրան, գցին գետնին ոտքերի տակ եւ անողորմ կերպով խփում էին քացիով ու բռունցքով, փայտով ու քարով: Ոտքերը պարանով կապեցին ու քաշեցին: Իսկ այդ անիծածը իմացավ, որ մեռցնելու համար են ծեծում, անճարացավ, որեւէ հնար չգտավ ազատվելու, ընկավ Ավագի ոտքերը եւ մտավ երկու ծնկների միջեւ, բռնեց ամորձիները եւ ծծում էր. ասում էր՝ ես քո շունն եմ, քո աղբը կլիզեմ, մի թողնի, որ ինձ սպանեն, եւ ես քեզ շուն կդառնամ:

Ապա Ավագը գթաց, ընկավ նրա վրա եւ ասաց՝ դրա փոխարեն ինձ սպանեք եւ թողեք դրան: Ապա դադարեցին ծեծելուց: Իսկ անիծյալի կանայք, երբ լսեցին այս բոթը, վրաններից դուրս եկան, ճչալով, ճվալով: Մեկը ասում էր իմ երեխան վիժեցի, մյուսը ասում էր իմ որդուն սպանեցին, մեկը աղաղակում էր, թե բռնելով պղծեցին ինձ: Սակայն սրանցից ոչ մի օգուտ չստացան, այլ ավելագլուխը բարակ ճիպոտով թեթեւ-թեթեւ ծեծում էր նրանց եւ ասում՝ ելեք, կորեք այստեղից: Իսկ նրանք ուղտեր բերին, նստեցին նրանց վրա եւ փախան: Իսկ այն պիղծը չկարողացավ գնալ բազմաթիվ հարվածների պատճառով: Երեք օրից հետո առողջացավ, ելավ կորավ: Գյուղի Հոհան անունով քահանան փախավ, ընկավ ձորը, մտավ աղվեսի մի որջ եւ ազատվեց: Իսկ այն գյուղացիներին, որ նրա համախոհներն էին, բռնեցին խիստ ծեծեցին ու վիրավորեցին, քանդեցին նրանց տները ու տիրեցին գյուղին:

Իսկ անիծյալ Հապուշ Ղասիմը ծածուկ շրջում էր, մնաց մինչեւ աշուն: Իր հետ միաբանեց երեք մահմեդական, մի սուտ քրիստոնյա, գիշերը գնացին Եղվարդ, մահմեդականները մնացին գյուղի եզրում, իսկ սուտ քրիստոնյային ուղարկեցին Ավագի մոտ: Ասացին, թե այսինչ մահմեդականը եկել գյուղից դուրս սպասում է, շտապ խանի հրամանով գնում է Նիգ գավառը, ուստի քեզ եւ քո որդի Սարուբեկին խնդրում է, որովհետեւ ասելիք ունի քեզ: Իսկ Ավագը գտնվում էր մի տան մեջ երկու մահմեդական հարկահանների հետ, իսկ որդին ծառայում էր նրանց:

Սուտ քրիստոնյան գնաց նրանց ասաց այն, ինչ սովորել էր: Երբ Ավագը լսեց բարեկամի անունը, շտապ վեր կացավ, առավ որդուն, հայի հետ գնաց: Երբ տեսան նրան, բռնեցին. պիղծը բարձր ձայնով գոչում էր ու ասում, թե ինքը Հապուշ Ղասիմն է, որ Ավագը իրեն չսպանեց, իսկ ինքը նրան սպանում է: Որդին պրծավ, մինչեւ հայտնվեց գյուղին, նրանք սպանեցին Ավագին ու անհայտացան: Նրան վերցրին, տարան գյուղ եւ հաջորդ օրը հայտնեցին խանին: Խանը հրամայեց գտնել նրան, բայց չգտան, քանզի նա գնաց Արտաբիլ: Այնտեղից զղջման թուղթ առավ, եկավ Երեւան, ծածուկ շրջում էր: Նույն ձմեռը սատկեց, տարան խոռճկեցին: Նույն գիշեր երեք մահմեդական նրան գյոռից հանեցին, պատանը պատռելով, պատեցին վիզը եւ երկար հաստ մի փայտ սրելով մտցրին նստուկը, ցցեցին գոռի վրա, առնանդամը կտրեցին դրին երախը ու փախան: Հաջորդ օրը տեսան այդ, հայտնեցին խանին: Խանը ասաց՝ այն շունը քանի կենդանի էր, իր անտերը երախում էր պահում, երբ սատկեց երախում երեւում է: Թաղել չտվեց նրան, թողին այնպես, շներն ու ագռավները լափեցին: Իսկ Ավագը նահատակվեց ժողովրդի համար եւ պսակվեց Քրիստոսի կողմից:

ԳԼՈՒԽ ԾԹ
ԲԱՂԴԱՍԱՐ ՊԱՏԱՆՈՒ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Այս պատանի Բաղդասարը Եվդոկիա քաղաքից էր, որ այժմ կոչվում է Թոխաթ: Ազգությամբ հայ էր, քրիստոնյա ծնողների զավակ: Սա մի դրացի մահմեդական ուներ, որ կոշկակար էր: Բաղդասարին տվին նրան աշակերտ: Մահմեդականը Բաղդասարին առավ գնաց Զմյուռնիա, այնտեղ իրենց արհեստն էին բանեցնում: Մի օր վարպետը ելավ գնաց ինչ-որ գործով եւ ուշացավ: Այն հարկահանները, որ օտարներից հարկ են առնում, որ կոչվում է խարաջ, Բաղդասարին ասացին՝ հարկ տուր: Բաղդասարն ասում է՝ «Թողեք իմ վարպետը գա, ինչ որ պահանջում եք, նա կտա»: Իսկ նրանք չներեցին, այլ առան տարան հարկապետի մոտ: Հարկապետը հարցրեց՝ ինչո՞ւ քո հարկը չես վճարում: Երանելի պատանին ասում է՝ ասացի, թողեք մինչեւ իմ վարպետը գա, նա կտա: Հարկապետն ասում է՝ եկ, դարձիր մահմեդական, եւ մենք կզիջենք քո հարկը, նաեւ կավելացնենք, քեզ շատ դրամ կտանք: Բաղդասարն ասում է՝ հինգ մարջլի (դրամական միավոր, հավասար է մեկ ռուբլի վաթսունվեց կոպեկի) համար իմ հավատը չեմ ուրանա:

Ապա անօրենները բռնեցին անմեղ պատանուն, գցեցին գետինը, բռնի թլպատեցին, տվին բեռնակրի շալակը եւ տարան գցեցին իրենց արհեստանոցը: Վարպետը եկավ տեսավ իր աշակերտին այդպես վիրավորված: Բարկացած ելավ գնաց հարկահանի մոտ, կռվեց ու հայհոյեց նրանց՝ ասելով միթե անօրենությամբ ուրացնելը օրենք է:

Հարկապետը հրամայեց դուրս անել նրան: Գնաց իր խանութը, ամեն օր տեսնում էր, որ մանուկը լալիս է եւ գտնվում էր տրտմության մեջ: Ապա վարպետը իր աշակերտին ասում է՝ որդյակ իմ Բաղդասար, ահա դու հայտնի ես, դրա համար չես կարող այստեղ քրիստոնյա մնալ, վեր կաց գնա քո ծնողների մոտ, այնտեղ ինչպես կամենում ես, այնպես մնա: Նրան փող տվեց ու հանձնեց կարավանապետին:

Եկավ ծնողների մոտ լալով պատմեց: Ծնողները ասացին՝ որդյակ, ահա բոլորը իմացան քո մասին, իսկ դու չես կարող ծածուկ պաշտել քո հավատը, գնա դու հայոց երկիրը՝ Սուրբ Էջմիածին եւ բոլոր վանքերը, այնտեղ համարձակ պահիր հավատդ: Այստեղ մնալով գուցե քեզ նեղեն: Իսկ երանելի մանուկ Բաղդասարը որպես բարի հող ընդունեց ուրախության սերմը եւ հազարավոր պտուղ տվեց: Ծնողների օրհնությունը եւ ինչ-որ պաշար ճանապարհի պետքերի համար առնելով ուղղություն վերցրեց գնալու դեպի Արարատ: Ելավ լալով ու խնդությամբ գնաց հասավ Սուրբ Էջմիածին եւ բոլոր վանքերը շրջագայեց, ինչպես Վահան Գողթնացին [20], ապա Զաքարիա անունով մի վարդապետ գտավ եւ աշակերտեց նրան՝ Սաղմոսը սովորեց անգիր: Երբ վարդապետը մեռավ, նա գնաց Երեւան քաղաքը եւ պատահեց մի քրիստոնյայի, որ իր արհեստակիցն էր, այնտեղ միամիտ ապրում էր: Իսկ չար սատանան մի մահմեդականի վեր կացրեց նրա դեմ: Նա եկավ երանելու մոտ եւ ասաց՝ ես թոխաթցի եմ, քո ծնողները շատ աղաչեցին ինձ՝ ասելով, թե Աստծու սիրուն, երբ գնաս Երեւան, որոնիր մեր տղային, ուր էլ լինի, գտիր քեզ հետ բեր: Ես շրջեցի բոլոր վանքերը, ահա այստեղ գտա քեզ, եկ որ գնանք:

Իսկ միամիտ պատանի Բաղդասարը նրա նենգությունը չհասկացավ, նաեւ ծնողների սերը հիշեց, ուստի պատրաստվեց գնալ: Մահմեդականն ասաց, թե դու դրամ ունես փոխարինաբար տուր ինձ, որ իմ մաքսը տամ, գնանք Կարին, այնտեղ մետաքսը կվաճառեմ եւ քո փողը կտամ: Անմեղ մանուկը հանեց միամտությամբ տվեց, ինչ որ ուներ: Եվ ելավ կարավանի հետ գնացին հասան Կարին: Բաղդասարը տեսավ մի մահմեդական, որ իր հոր մոտիկ դրկիցն էր եւ իրեն արհեստակից, միմյանց տեսնելով չափազանց ուրախացան: Մահմեդականն ասաց՝ ես կամենում եմ գալ Երեւան քո ծնողների խնդրանքով, եւ քանի որ այստեղ ես եկել, միասին կգործենք եւ միասին կգնանք: Միմյանց հետ սիրով իրենց արհեստն էին բանեցնում:

Իսկ այն անիծյալ մահմեդականը, որ խաբելով նրան հանեց բերեց Կարին, երբ տեսավ, թե մնաց այստեղ եւ չի կամենում իր հետ գնալ, չարացավ: Առած դրամի համար վարանում էր, թե ինչպես ուրանա: Մի օր, երբ իմացավ, որ նրա ընկերը գնացել է գյուղ իրենց համար անհրաժեշտ բաներ բերելու, գնաց փաշայի մոտ եւ մատնեց երանելի մանուկ Բաղդասարին: Ասաց՝ մի մահմեդականի որդի թոխաթցի գնացել է Երեւան հայություն անելու: Առա բերի մինչեւ այստեղ, այստեղ էլ է հայություն անում: Փաշան նրա հետ երկու զորականներ դրեց եւ ասաց՝ գնացեք, բերեք նրան: Իսկ այն անիծյալը առաջ ընկավ, զորականները հետեւից, երբ մոտեցան այն տեղին, որտեղ մանուկն էր, այն պիղծը հեռու կանգնեց, մատով ցույց տվեց կրպակը եւ ասաց՝ այն է նրա բնակությունը, քանզի այդ անիծվածը վախենում էր նրա ընկերոջից:

Զորականները տեսնելով նրան՝ հարցնում են՝ դո՞ւ ես թոխաթեցի Բաղդասարը: Պատանին պատասխանում է՝ այո՛, ես եմ: Զորականները ասում են, վեր կաց, որովհետեւ փաշան քեզ պահանջում է: Իսկ պարկեշտ մանուկը իմացավ, որ այդ պիղծը իր դրամի համար մատնեց իրեն: Ելավ խանութից, բանալին տվեց մյուս խանութպանին եւ ասաց՝ երբ իմ ընկերը գա, բանալին կտաք նրան: Իսկ ինքը ուրախությամբ գնաց զորականների հետ: Մտավ փաշայի մոտ եւ ողջունեց: Փաշան ասաց՝ դու մեր երկրում մահմեդական ես եղել, գնացել ես Պարսկաստան, դարձել ես քրիստոնյա: Արդ՝ դարձյալ դարձիր դեպի մահմեդականությունը, ես քեզ կնշանակեմ զորագլուխ:

Մանուկն ասում է՝ ես քրիստոնյաների ծնունդ եմ, սնվել եմ քրիստոնեական հավատով, մահմեդականությունը բոլորովին չգիտեմ: Փաշան ասում է՝ այդ ինչ ասում ես, սուտ ես ասում, որեւէ մեկին հույս ու ապավեն մի՛ համարի, այլ եկ մեր ճշմարիտ հավատին: Իսկ եթե չգաս, չարաչար կերպով կմեռնես: Բաղդասարն ասում է՝ ես իմ հավատից չեմ հրաժարվի, իսկ դու ինձ հետ ինչ որ անելու ես, արա: Իշխանը հրամայեց նրան էլ բանտ նետել եւ ոտքերը դնել կոճղերի միջեւ, որ նշանակում է թոմրուզ:

Ապա եկավ նրա մահմեդական ընկերը, տեղեկացավ, թե եկել տարել են փաշայի մոտ եւ իմացավ, որ հավատի համար են տարել:

Գնաց իշխանի մոտ, աղաչեց, որ բաց թողնի նրան եւ ասում էր, թույլ տուր դրան թող գնա դժոխք, դրա թրքությունը մեր ինչի՞ն ա պետք: Այս ասում էր, թերեւս ազատելով փախցնի նրան Երեւան գնալու: Նրան չլսեցին, այլ անարգանքով սաստեցին նրան (որ էլ չխոսի):

Գնաց բանտը, համբուրում էր նրան, լալիս էր ու ասում՝ վայ ինձ, որդյակ, երանի թե քեզ չէի տեսել, քան թե տեսա տառապանքի մեջ: Երանելի Բաղդասարը նրան ասում է՝ աղաչում եմ քեզ, վարպետ, Աստծու սիրուն եւ քո որդիների արեւին, ինձ մի քահանա բեր, որպեսզի ինձ հաղորդի, գիտեմ, ինձ կենդանի չեն թողնի: Թուրքը ելավ գնաց, գտավ Հակոբ անունով մի քահանա, որ երբեմն մաքսապետ էր եղել. եկավ հաղորդեց եւ զգուշացրեց, չվախենալ մահից: Հաջորդ օրը հանեցին բանտից, կանգնեցրին իշխանի առջեւ: Իշխանը հարցրեց, թե խելքի եկա՞ր, թե դեռ խելագարության մեջ ես: Բաղդասարը ասաց՝ ես ի բնե խելոք էի, բայց եթե քեզ լսեմ, այդ ժամանակ կխելագարվեմ: Այդ ժամանակ իշխանը բարկացավ ու ասաց՝ դու իմ խոսքերը չընդունեցիր, քանի որ ես կամենում էի քեզ մեծացնել, իսկ դու այդ անարգեցիր: Մանուկն ասաց՝ ես հենց սկզբից ասացի, թե արա, ինչ որ կարող ես, քանզի ես պատրաստ եմ:

Իշխանը բարկանալով՝ մահմեդականներին հրամայեց՝ քաղաքից դուրս հանել նրան ու սպանել: Նրան առան տարան, ճանապարհին ծեծում, բռնցքահարում էին, թքում: Իսկ նա գնում էր Սաղմոս երգելով եւ ասում էր. «Երանի այն ամենին, որ երկյուղում են տիրոջից եւ գնում են նրա ճանապարհով*»:

Առան տարան այն բլուրը, որ կոչվում է Սուրբ Նշան եւ այնտեղ սրբի գլուխը կտրեցին: Իշխանի հրամանով քրիստոնյաները բարձրացրին սրբի պատվական մարմինը գլխի հետ միասին նաեւ արյունաշաղախ հողը եւ տարան ընդհանուր գերեզմանատունը՝ եկեղեցու հարավային կողմը, որմի տակ թաղեցին սրբին: Օրվա ժամը ութն էր եւ պայծառ արեգակ: Ահա մի բոլորակ գունդ ինչպես վառված հուր պատռելով իջավ երկնքից եւ կպավ եկեղեցուն սփռվելով սրբի գերեզմանի վրա: Բազմաթիվ մահմեդականներ այս տեսնելով՝ երկմտեցին հավատքից: Իսկ ես այնտեղ լինելով մի տարի՝ սրբի նահատակության ժամին չպատահեցի, այլ մյուս օրը հարցրի նրա թուրք ընկերոջը, նա ամենը պատմեց՝ ծնունդից մինչեւ նահատակություն, եւ գրեցի, ինչպես լսեցի:

Սուրբ Բաղդասարը վախճանվեց հազար հարյուր տասներեք (1664) թվին Սուրբ Հռիփսիմյանների օրը: Երեք տարի հետո նահատակվեց գզիր Հակոբը եւ դրվեց Բաղդասարի գերեզմանի մոտ:

ԳԼՈՒԽ Կ
ՇՆՈՐՀԱՎՈՐԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Այս կինը մարերի** երկրից էր Շնորհավոր անունով՝ հավատով քրիստոնյա էր, ազգությամբ՝ հայ: Սա այրի էր, չուներ ուստր կամ դուստր: Իր եղբոր հետ բնակվում էր միեւնույն տանը, ձեռագործով էր զբաղվում եւ դրանով ապրում էր: Սատանայի փորձանքներից մեկը պատահեց՝ մի քուրդ չար երեսով ցանկացավ նրան, ուստի նրա մոտ ուղարկեց կավատ պառավների՝ համաձայնեցնելու նրա չար կամքին՝ պառկելու նրա հետ: Իսկ բարեպաշտ կինը անարգանքով հետ էր վերադարձնում նրանց:

Մի օր քուրդը ինքն է գալիս նրա մոտ. խոսում է զազրելի ու լկտի խոսքեր: Պարկեշտ ու սրբասեր կինը նրան ասում է. «Ով քուրդ, հեռացիր ինձնից, գուցե թե իմ եղբայրը գա քեզ տեսնի ինձ հետ խոսելիս, դաժանորեն սպանի քեզ»: Մինչդեռ նա այս խոսում էր, ինչոր մարդիկ եկան այնտեղ, եւ քուրդը ելավ, գնաց: Մի օր Շնորհավորը գնում էր իր գործին, ահա հանդիպեց այն շուն քուրդը, ձեռքը գցեց նրա օձիքը, քաշեց դեպի իրեն, կատաղած կամենում էր համբուրել, իսկ պարկեշտ այն կինը խփեց նրա երեսին, ճանկռեց ու թքեց: Շնորհավորի եղբայրը հեռվից տեսավ, որ իր քույրը բռնության է ենթարկվում, շտապով հասավ նրան եւ ասաց. «Անիծված, էդ ի՞նչ աղբ ես լափում, մի՞թե անտեր է դա»: Եվ հանելով դաշույնը խրեց քրդի կոկորդը եւ սպանեց նրան, իսկ ինքը փախավ այնտեղից: Այդ բանը այլ քրդեր տեսնելով՝ գնացին պատմեցին իրենց գլխավորին:

Գլխավորը մարդ ուղարկեց, Շնորհավորին տարավ իր մոտ եւ ասաց՝ ո՞ւր է քո եղբայրը, որ քրդին սպանեց: Կինն ասաց. «Ոչ թե իմ եղբայրը սպանեց նրան, այլ ես սպանեցի նրան»: Գլխավորը ասաց՝ քանի որ դու սպանեցիր, եկ մահմեդական դարձիր, որ ներենք հանցանքդ: Շնորհավորն ասաց. «Աստված թող չանի, քանզի սպանեցի նրան, եղա մահապարտ, իսկ եթե Քրիստոսին ուրանամ, կլինեմ աստվածուրաց եւ Աստծուն ատելի»: Քուրդը բարկացավ եւ ասաց՝ եթե դրան կենդանի թողնենք, մենք կդառնանք ամենքի ծաղրատեղը: Եվ մյուս քրդերին ասաց՝ զարկեք այդ անիծյալին, սպանեք: Հարձակվեցին նրա վրա, ինչպես գազանները գառի վրա՝ փայտով, դաշույնով եւ նահատակեցին պատվական կին բարի հավատով Շնորհավորին:

Քրիստոնյաները եկան, վերցրին, պատվով թաղեցին նրան ի փառս Քրիստոսի: Հազար հարյուր երեսուներեք (1684) թվին ես գնացի Սկյուտար քաղաք Հայսմավուրքի մեջ գտա այս (պատմությունը) եւ գրեցի, ինչպես որ էր:

 

*Սաղմոս ՃԼԷ, 11:

**Մարերը համարվում են քրդերի նախահայրերը:

 



[1]            Աղջոց վանքը Գեղարդավանքից հարավ 7 կմ հեռավորությամբ վանք է: Գտնվում է հին Մազուզ գավառում (այժմ Կոտայքի շրջան):

[2]            Այրիվանքը Գեղարդավանքի հին անվանումն է: Գտնվում է Մեծ Հայքի Արարատ նահանգի Մազուզ (Գառնի) գավառում Գառնի նշանավոր գյուղից 7 կմ հյուսիս-արեւելք: Նշանավոր ուխտատեղի է առ այսօր:

[3]            Հավուց թառը գտնվում է Գառնի գյուղից արեւելք Ազատ գետի ձախ ափի բարձունքի վրա: Կառուցվել է 1013 թվականին: Ծաղկման շրջան է ապրել 12-14-րդ դարերում: Կործանվել է 1679 թվի երկրաշարժից:

[4]            Տրդատակերտը Գառնիում կառուցված հոյակապ տաճարն է, որ փլվել էր 1679 թվականի երկրաշարժից եւ վերակառուցվել է 1970-ական թվերին:

[5]            Խոր Վիրապի վանքը գտնվում է Արարատյան դաշտի արեւելյան մասում, Փոքր Վեդի գյուղի մոտ, Արաքսի ձախ ափին: Վանքը կառուցվել է 17-րդ դարում Խոր Վիրապի մոտ, որտեղ կալանավորված էր Գրիգոր Լուսավորիչը Տրդատի հրամանով: Գրիգորը չէր երկրպագում կուռքերին:

[6]            Ջրվեժը Երեւանից արեւելք է գտնվում` արդեն միացած Երեւանին, պահպանում է իր անունը: Այստեղ հայտնի է 12-13-րդ դարերի թաղածածկ եկեղեցին: Հավանորեն սրա մասին է պատմիչի խոսքը: Բայց այստեղ ավելի հին եկեղեցին կառուցվել է 6-7-րդ դարերում:

[7]            Ձագավանքը Կոտայքի վանքերից է, Բալահովիտ գյուղից հարավ-արեւմուտք Գետառ գետի ափին: Այժմ կոչվում է Գետարգել:

[8]            Նորագավիթը Երեւանի հարավում, Երեւանին կպած գյուղ է:

[9]            Նորագեղը Նորագավթին մոտիկ գյուղերից է:

[10]          Գամրեզը` այժմ Կամարիս, Կոտայքի շրջանի գյուղերից է` Աբովյան քաղաքից արեւելք 7-8 կմ, Աղմաղանի փեշերին, Գեղաշեն մեծ գյուղից արեւմուտք, Արամոնքից 3 կմ արեւելք:

[11]          Պարտավը Մեծ Հայքի Ուտիք նահանգի քաղաքներից է, այժմ կոչվում է Բարդա: 5-րդ դարում հիմնել է Վաչե թագավորը:

[12]          Զակումը Արցախի գյուղերից է եղել, այժմ գոյություն չունի:

[13]          Ակոռին Մասիսի հյուսիսային լանջին գյուղ էր, որ երկրաշարժից կործանվեց 1840 թվին:

[14]          Սադարակը, ըստ Ալիշանի, գտնվել է Վեդիի եւ Շարուրի սահմանների վրա:

[15]          Ծարը Մեծ Հայքի Արցախ նահանգի հին գավառներից է:

[16]          Հռիփսիմե վանքը հայ ճարտարապետության հրաշալիքներից է, գտնվում է Էջմիածին քաղաքի արեւելյան դարպասների մոտ: Կառուցված է 7-րդ դարի կեսերին, մինչեւ հիմա կանգուն է եւ ոչ մի ճեղք չի տվել:

[17]          Գայանեի վանքը գտնվում է Էջմիածնի հարավ-արեւելյան կողմում: Կառուցվել է 7-րդ դարում: Վանքի տանիքը քանդված է եղել, 1651 թվին վերակառուցել է Փիլիպոս կաթողիկոսը:

[18]          Իջման տեղը Էջմիածնի վանքում այն կետն է, որտեղ ըստ ավանդության, Գրիգոր Լուսավորիչը երազում տեսել է, որ Քրիստոսը իջել է հենց այդ կետում, երբ վանքը դեռեւս կառուցված չէր:

[19]          Զմյուռնիան Թուրքիայի Իզմիր քաղաքն է Եգեյան ծովի ափին: 1915 թվից առաջ քաղաքը ուներ 30 հազար հայ բնակիչ:

[20]          Վահան Գողթնացի (մոտ 700-737) իշխան: 705-ին Նախճավանի եւ Խրամի կոտորածի ժամանակ հոր` Խոսրովի զոհվելուց հետո, բռնի տարվել է արաբական խալիֆայություն (Ասորիք) եւ բռնի հավատափոխ արվել, վերանվանվել Վահապ, դարձել արքունի դպրապետ: Գողթնի իր հայրենի կալվածներին տիրելու, այնտեղ գործակալներ կարգելու նպատակով 717ին եկել է Հայաստան եւ այլեւս չի վերադարձել: Օմար II խալիֆայի մահից (720) հետո կրկին դարձել է քրիստոնյա եւ կոչվել Վահան, ամուսնացել Սյունյաց իշխանի դստեր հետ: Սակայն արաբները հետապնդել են նրան, կանչել Ռուսաֆա, որտեղ Հիշամ խալիֆան պահանջել է հրաժարվել քրիստոնեությունից եւ վերադառնալ արքունիք: Նա հավատարիմ է մնացել իր դավանանքին եւ նահատակվել: 744-ին նրա վարքը գրի է առել Երաշխավոր վանքի վանահայր Արտավազդ վարդապետը: