Երեւանի պատմութիւնը (1500-1800 թթ.)

Հեղինակ

Բաժին

Թեմա

Բ) ԱՌԵՎՏՈԻՐ

Երեւանի առեւտրի նշանակության բարձրացումը։ Ներքին առեւտրի բնույթը եւ կազմակերպումը քաղաքում։ Ապրանքների տեսակներն ու գները։ Դրամահատությունը եւ դրամի միավորները։ Արտաքին առեւտրի բնույթը։ 1639 թ. հաշտությունը եւ նրա ազդեցությունն արտաքին առեւտրի զարգացման վրա։ Պետական մյուս պայմանագրերում առեւտրին նվիրված հոդվածների բնույթը։ Ճանապարհները։ Հաղորդակցության միջոցները։ Ճանապարհների վտանգավորությունը։ Արտաքին քարավանային առեւտուրը։ Մաքս։ Չափ ու կշռի միավորները։ Առեւտրականների ու վաճառականների խմբերը։ Կապիտալի համակենտրոնացման աստիճանը։

 

Ֆեոդալական Պարսկաստանում եւ նրա կազմի մեջ մտնող Երեւանի խանությունում տիրապետող էր փակ բնատնտեսությունը։ Առեւտրի լայն զարգացման համար չկային համապատասխան սոցիալ-տնտեսական պայմաններ, նրա ծավալմանը խանգարում էր նաեւ ֆեոդալական մաքսային սիստեմը, ճանապարհների անբարեկարգությունն ու վտանգավորությունը, չափ ու կշռի անորոշությունն ու բազմազանությունը, բնակչության ցածր գնողունակությունը եւ մանավանդ պատերազմները, որ մղվում էին Թուրքիայի ու Պարսկաստանի միջեւ։ Երեւանի խաներն իրենց կողոպտիչ քաղաքականությամբ գյուղացիությանը հասցրել էին ծայր աղքատության։ Գյուղացին շուկա դուրս բերելու համար չուներ ավելցուկ մթերքներ, այն աննշան քանակությամբ մթերքներն էլ, որ նա էր դուրս բերում վաճառքի, անում էր հարկադրաբար՝ դրամական որոշ տուրքեր տալու եւ իր տնտեսության մեջ պակասող իրեր ձեռք բերելու համար։ Բայց այդ նույնը չի կարելի ասել խանության կենտրոն Երեւանի առեւտրի վերաբերյալ։ Երեւանում պայմանները որոշ չափով այլ էին։ Այստեղ առկա էին որոշ ազդակներ, որոնք նպաստում էին ներքին առեւտրի ծավալմանը։ Արարատյան աշխարհը, Զաքարիա Սարկավագի խոսքերով ասած, «պարարտ է եւ առատ յամենայն իրաց՝ եւ թեթեւագին», որի պատճառով «յամենայն կողմանց գան յԵրեւան, եւ գնեն զոր ինչ եւ կամին, եւ դառնան ´ի տեղիս իւրեանց» [1] ։ Ճիշտ է նկատում Յու. Յարալովը, չնայած Երեւանը XVI—XVIII դարերում մի շարք անգամ անցել է ձեռքից ձեռք եւ ենթարկվել ավերման, բայց այդ ժամանակներում նա կարեւոր դեր էր խաղում ոչ միայն որպես սահմանային բերդ, այլ նաեւ կարեւոր կետ էր դարձել եվրոպական ապրանքները Տրապիզոնի վրայով դեպի արեւելք եւ Հնդկաստանից եկող ապրանքները դեպի արեւմուտք առաքելու ճանապարհի վրա [2] ։ Հակառակ գյուղական վայրերի, որտեղ գյուղացիության ծայրաստիճան աղքատության պատճառով նրա գնողունակությունն աննշան էր, իսկ ինքն էլ ավելցուկ մթերքներ չուներ կամ շատ քիչ ուներ շուկա դուրս բերելու համար, Երեւանում, իբրեւ խանության կենտրոն, առկա էր բարձր պահանջներ ունեցող սպառողների մի բազմամարդ խումբ։ Դրա մեջ մտնում էին՝ սարդարը, նրա պալատի ծառայողները եւ սպասարկողները, հարեմը, կայազորը, խաներ, միրզաներ, բեկեր, տարբեր կարգի հոգեւորականներ ու աստիճանավորներ, որոնք իրենց հսկայական եկամուտների մի մասը ծախսում էին Երեւանի շուկայում՝ իրենց շռայլ կյանքի պահանջմունքները բավարարելու համար։ Ի. Շոպենի վկայությամբ, XIX դ. սկզբներին Երեւանում ապրող 10 խաներից յուրաքանչյուրը միջին հաշվով տարեկան Երեւանի շուկայում ծախսում էր 3 000 թուման [3], իսկ սարդարի եւ նրա բարձրաստիճան պաշտոնյաների ծախսումներն, անշուշտ, ավելի մեծ մասշտաբներ են ունեցել։ Բազմաթիվ միրզաները, բեկերն ու մյուս աստիճանավորները եւս բավական միջոցներ են ծախսել Երեւանի շուկայից իրենց աղայական ապրուստին համապատասխան ապրանքները գնելու համար։ Ինքը՝ սարդարը եւս զբաղվել է առեւտրով, մասնակցել է խոշոր վաճառականների գործարքներին։ Սարդարի օրինակին հետեւել են մյուս խաները, որոնք իրենց շահերից ելնելով, դրամ են մատակարարել վաճառականներին եւ նրանց վերցրել իրենց հովանավորության ներքո [4] ։

Միշտ չէ, որ սարդարի քաղաքականությունը նպաստել է Երեւանի առեւտրի զարգացմանը։ Եթե նա իր բազմամարդ պալատով եւ զորքով եղել է քաղաքի մեծագույն սպառողը, խոշոր վաճառականների հովանավորն ու նրանց առեւտրի ակտիվ մասնակիցը, ապա որոշ ապրանքների համար սարդարական մենաշնորհ սահմանելով՝ դրանով իսկ անուղղակի կերպով արգելակել ու խափանել է ներքին առեւտրի զարգացումը։ XIX դ. սկզբներին սարդարի մենաշնորհումին ենթակա էին բամբակն ու չալթուկը։ Ամբողջ խանության ավելցուկ բամբակն ու չալթուկը սարդարի հրամանի համաձայն պարտավոր էին որոշված ցածր գներով վաճառել իրեն, որը, դրանց միացնելով հարկերի ու տուրքերի ձեւով ստացվածները, վաճառականների միջոցով ուղարկում էր Վրաստանի, Պարսկաստանի կամ Թուրքիայի շուկաները [5] ։ Անուղղակի մի քանի վկայություններ գալիս են ասելու, որ բացի բամբակի ու չալթուկի առեւտուրն իր մենաշնորհը հայտարարելուց, եւ նրա խախտման դեպքեր թույլ չտալու համար խիստ հսկողություն սահմանելուց, սարդարը խանական պահեստներում հավաքված մյուս տեսակի ապրանքները ժամանակին եւ բարձր գներով վաճառելու համար նույնատեսակ ապրանքների վաճառքը կամ միանգամից արգելում էր, կամ զանազան պատրվակներով խափանում։ Երեւանի «վաճառականները... սպասում են, մինչեւ որ» սարդարը «կարողանա յուր բաժինը վաճառել..., նա նեղում է ոչ միայն ներքին առեւտուրը, այլեւ արտաքինը, ուշադրության չառնելով դաշնագրերը, ինչպես Ադամ Սմիթի սիստեմը, որոնք նրա օրով եւ նրա համար գրված բաներ չեն» [6] ։ Նույնպիսի քաղաքականություն էին վարում նաեւ XVII-XVIII դարերի խաները։

Այնուամենայնիվ, Երեւանի առեւտուրը կրում էր աշխույժ բնույթ։ Նրա շուկաներում ու կրպակներում վաճառվում եւ գնվում էին գյուղատնտեսական ապրանքներ, արհեստավորական արտադրանքներ, ինչպես եւ ներմուծված ապրանքներ։ Դրամով կատարվող առեւտրի հետ միասին տարածված էր նաեւ ապրանքափոխանակությունը։

Երեւանի ներքին առեւտուրը հիմնականում մանրածախ բնույթ ուներ։ Այդ առեւտուրը կենտրոնացած էր քաղաքի գլխավոր շուկա-հրապարակում՝ Ղանթարում, որը գտնվում էր այժմյան Ս. Մ. Կիրովի անվան մանկական այգու տեղում եւ բոլոր կողմերից շրջապատված էր մեծ ու փոքր խանութներով, կրպակներով, քարավանատներով եւ պահեստներով։ Գլխավոր շուկա-հրապարակից բացի, կային նաեւ այլ, ավելի մանր շուկաներ։ Երեւանի շուկա-հրապարակների թիվը XVII-XVIII դարերում հասնում էր հինգի։ Դրանք էին՝ Հուսեին-Ալի խանի կամ Մզկիթի, Խանբաղի, Զալխանի, Ֆահլա-բազարի եւ Գլխավոր կամ Մեծ կոչված հրապարակները [7] ։ XIX դ. սկզբներին Խանբաղի շուկան դուրս է գալիս շարքից. Թուրքմենչայի պայմանագրով ներգաղթողները այն ամբողջապես վեր ածեցին բնակելի տարածության։ Հիմնականում գլխավոր շուկա-հրապարակում (կամ ուղղակի՝ Մեյդան) էր կատարվում մրգեղենի եւ սննդամթերքների վաճառքը, իրենց ապրանքներն այստեղ էին բերում Երեւանի շրջակայքի մահլաների ու գյուղերի բնակիչները։ Մեծ հրապարակում էին գտնվում սարդարական կշեռքները՝ ղանթարը (մեծ կշեռքը) եւ միրզանը (փոքր կշեռքը) [8] ։ Քաղաքի գլխավոր շուկայից (բազար) եւ մյուս շուկա-հրապարակներից բացի, մի ոչ մեծ շուկա էլ գտնվում էր բերդում։ Վերջինս շրջապատված էր վատ կառուցված փոքրիկ կրպակներով [9] ։ Կշեռքների վրա սարդարի կողմից նշանակված էր հատուկ հսկիչ, որը կոչվում՝ էր ղանթար-բաշի։ Բոլոր շուկա-հրապարակները եւ կշեռքները տրված էին մենավարձով։

Առեւտրի կազմակերպման համար առանձնահատուկ նշանակություն ունեին քարավանատները, որոնք հիմնականում սպասարկել են երթեւեկ վաճառականներին։ Բոլոր քարավանատները գտնվում էին գլխավոր շուկայում։ Ի. Շոպենի վկայությամբ, Արեւելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու ժամանակներում (XIX դ. առաջին քառորդի վերջերին) Երեւանում պահպանվել էին 7 քարավանատներ, որոնք գոյություն ունեին XVII—XVIII դարերից։ Այդ քարավանատներն էին՝ Գյուրջի (վրացական)՝ 62 խանութներով ու կրպակներով, բացի դրա մոտ գտնվող խանութաշարքը՝ չարսուն՝ իր 24 կրպակներով, Ջուղայի՝ 38 կրպակներով, Զառաբի՝ դարձյալ 38 կրպակներով, Թաղիր, Սուլի, Սուսըզ, երեքը միասին ունենալով 74 խանութ ու կրպակ, եւ Հաջի-Ալիի քարտվանատունը՝ 40 խանութներով [10] ։ Վերջինս XIX դ. 30-ական թվականներին արդեն խարխըլվել էր եւ գրեթե շարքից դուրս եկել։ Պետական-սարդարապատկան քարավանատները տրված էին մենավարձով եւ կապալառուն հավաքում էր հատուկ հարկեր։

Երեւանում խանութների ու կրպակների թիվը բավական մեծ է եղել։ XIX դ. 20-ական թվականների վերջերին Երեւանում եղել է ավելի քան 850 խանութ ու կրպակ, որոնք հիմնականում տեղադրված էին քարավանատներում, առեւտրաշարքերում (չարսունեբում) եւ հրապարակներում։ Աղբյուրների հաղորդած տեղեկությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Երեւանի խանութների ու կրպակների թիվը հարյուրների էր հասնում նաեւ XVII-XVIII դարերում։ Առաջին հայացքից թվում է, թե Երեւանի համար խանութների ու կրպակների այդպիսի մեծ թիվը անհավանական է։ Սակայն, պետք է նկատի ունենալ առնվազն երեք հանգամանք՝ ա) դրանք եղել են շատ փոքր։ Այն կրպակը, որի համար Թիֆլիսում XIX դ. սկզբներին կարող էր մուծել 600 արծաթ ռուբլի, Երեւանում, առեւտրի սահմանափակության եւ կրպակների փոքրության պատճառով, բերում էր տարեկան 25-30 ռուբլուց ոչ ավելի եկամուտ [11], բ) պետք է հաշվի առնել, որ խանութներն ու կրպակները ոչ բոլորն էին իբրեւ խանութներ ծառայում բառիս իսկական իմաստով. դրանց մեծ մասը փաստորեն ոչ թե խանութներ, այլ արհեստանոցներ էին, գ) պատերազմների պատճառով խանութների եւ կրպակների մի զգալի մասը գտնվում էր լքված կամ բոլորովին ավերված վիճակում, եւ դրանցում առեւտուր չէր կատարվում։ Ի. Շոպենը ուղղակի նշում է, որ իր ապրած ժամանակներում Երեւանի շատ կրպակներ ու խանութներ դատարկ ու ամայի են եղել [12] ։

Սովորաբար բոլոր կրպակներն ու խանութները համարվել են պետական-սարդարապատկան եւ վարձով տրվել են արհեստավորներին ու առեւտրականներին։ Վարձակալողները պարտավոր էին լրիվ վճարել կրպակների ու խանութների վարձը, անկախ այն բանից՝ առեւտուր կատարում են, թե ոչ։ Սակայն հետագայում խանութների ու կրպակների մի մասը ժամանակի ընթացքում դարձել են առեւտրականների եւ արհեստավորների սեփականությունը։ Այժմ արդեն սեփական կրպակներում առեւտուր կատարելու համար կրպակատերերը սարդարական դրամարկղն էին մուծում ոչ թե հաստատուն կերպով սահմանված գումար, այլ կատարված առեւտրի չափին համապատասխան, իսկ քանի որ Երեւանում առեւտուրն ուներ փոքր մասշտաբներ, հետեւապես եւ կրպակներից ստացվող սարդարական եկամուտները XIX դ. առաջին քառորդում բավական նվազել էին [13] ։

Կրպակների եւ խանութների կենտրոնացումն իրար մոտ գտնվող քարավանատներում ու առեւտրաշարքերում բխում էր տիրողների (սարդարների եւ խաների) վարչա-ֆինանսական շահերից եւ առեւտրի կազմակերպման պայմաններից։ Առեւտրից եւ արհեստներից պահանջվող տուրքերը նշանակելու, հավաքելու եւ դրանց վրա հսկելու համար սարդարին շատ ձեռնտու եւ անհրաժեշտ էր խանութներն ու կրպակները մի տեղում կենտրոնացնել, որպեսզի դրանք միշտ լինեին վերակացուների եւ հարկահանների աչքի առաջ, ամենօրյա հսկողության տակ [14] ։ Կենտրոնացում ր ձեռնտու էր նաեւ համքարությունների եւ առանձին առեւտրականների ու արհեստավորների համար՝ հումքը գնելու, պատրաստի ապրանքները վաճառելու, համքարությունները ղեկավարելու առումով եւ մի շարք այլ պատճառներով։

Սակայն բացառված չէր նաեւ խանութների ու կրպակների գոյությունը քաղաքի բնակելի թաղամասերում եւ արվարձաններում։ Աղբյուրների անուղղակի վկայություններից երեւում է, որ խանութներ ու կրպակներ կային նաեւ քաղաքի զանազան մասերում։

Հին Երեւանի խանութները ոչ միայն փոքր էին, այլեւ անհարմար ու անշուք։ Այն ժամանակվա մյուս քաղաքների շուկաների նման Երեւանում եւս արագ փչացող ապրանքների համար չկային պահելու հարմարություններ։ Այդ պատճառով էլ արագ փչացող ապրանքների գները առավոտյան ժամերի համեմատությամբ կեսօրից հետո խիստ կերպով իջնում էին, իսկ որոշ ապրանքներ (օրինակ՝ թարմ ձուկը) ամառվա ամիսներին կեսօրից հետո իբրեւ փչացած ապրանքներ թափում էին Հրազդանի մեջ։ Երեւանում հիշատակվող միակ «սառնատուն»-ը 100 ա ոչ թե ծառայում էր մթերքներ պահելու համար, այլ գետնափոր այդ նկուղում զանազան նպատակների համար ձմռանը կուտակում էին սառույց եւ գործադրում տարվա տաք եղանակներին։

Հին Երեւանի շուկան եւ այդտեղ կատարվող մանրածախ առեւտուրը դիպուկ ու վառ գույներով է նկարագրել քաղաքի ներքին կյանքին քաջատեղյակ Միքայել Մանվելյանը [15] ։

Ճիշտ է, մեծ դերասանի եւ գրողի խոսքը վերաբերում է XIX դ. վերջերի եւ XX դ. սկզբների Երեւանին, բայց վերջնիս շուկայի այդ տասնամյակների կյանքը ոչնչով չէր տարբերվում նախորդ ժամանակներից։ Մի այլ տեղում նա նկարագրում է Սիմեոն Թավրիզյանի խանութը եւ Գյուրջի քարավանատունը [16], որոնք իրենց բնույթով ու բովանդակած ապրանքներով նման էին խանական շրջանի վերջին տասնամյակների խանութներին եւ քարավանատներին [17] ։ Հիմնականում այդպիսի բնույթ ու նկարագիր ուներ հին Երեւանի ներքին մանրածախ առեւտուրը դարեր շարունակ, ընդհուպ մինչեւ նորագույն ժամանակները։

Ինչպես ասվեց, Երեւանի ներքին առեւտրի ապրանքները կազմում էին գյուղատնտեսական մթերքները, արհեստավորական արտադրանքները եւ ներմուծովի ապրանքները։ Գյուղատնտեսական մթերքներից եւ հումքից Երեւանում վաճառվում եւ գնվում էին՝ հացահատիկներ (ցորեն, գարի, բրինձ, տարեկան, կորեկ եւ այլն), թարմ եւ չոր մրգեր (խաղող, դեղձ, ծիրան, խնձոր, տանձ, բալ, կեռաս, նուռ, սերկեւիլ, սալորներ, չամիչ, քիշմիշ, չիր եւ այլն), բամբակ, քնջութ, խմիչքներ (գինի եւ օղի), բանջարեղեն (կանաչիներ, վարունգ, բադրիջան, սեխ, ձմերուկ, կաղամբ եւ այլն), խոշոր եւ մանր եղջերավոր անասուններ, ձիեր, ջորիներ, էշեր, թռչուններ, կաթնամթերքներ, միս, բուսական յուղ, մետաքս եւ այլն, եւ այլն։ Արհեստավորական արտադրանքներից Երեւանում վաճառքի էին հանվում գյուղատնտեսական եւ արհեստավորական գործիքներ (բահեր, բրիչներ, մուրճեր, աքցաններ, կացիններ եւ այլն), տնային գործածության իրեր (ճրագ, վառարան, թավա, շամփուր, ամանեղեն, գործվածքներ եւ այլն)։ Բավական բազմազան էին նաեւ ներմուծված ապրանքները՝ սկսած համեմունքներից ու ընտիր գործվածքներից եւ վերջացրած զենքերով։ Դրամով կատարվող առեւտրի հետ միասին տարածված էր նաեւ ապրանքափոխանակությանը [18]: Ընդ որում, արհեստավորական ապրանքները գերազանցապես վաճառվում էին հենց արհեստանոցներում, դրանք դուրս չէին բերվում շուկա, որովհետեւ արհեստավորները հիմնականում աշխատում էին պատվիրատուների համար։ Այդ է պատճառը, որ Երեւանի մասին խոսելիս ժամանակակից հեղինակները գրեթե ոչինչ չեն հաղորդում արհեստավորական արտադրանքների կազմի եւ դրանց գների վերաբերյալ։ Երեւանում արտադրվող ապրանքների մեջ բանջարեղենը համեմատաբար քիչ է դուրս բերվել շուկա, որովհետեւ քաղաքում գրեթե բոլորն ունեին իրենց բանջարանոցները՝ սկսած սարդարից մինչեւ արհեստավորն ու առեւտրականը։ Պետք է նկատի ունենալ նաեւ այն, որ բանջարեղենն այն ժամանակվա տրանսպորտային վատթար պայմաններում հնարավոր չէր երկար տարածությունների վրա տեղափոխել, այլ վայրերից ու քաղաքներից ոչ ոք Երեւանում բանջարեղեն չէր գնում։ Սակայն այդ նույնը չի կարելի ասել գյուղատնտեսական մյուս՝ փչացման քիչ ենթակա մթերքների՝ հացահատիկների, կաշվի, բուսական եւ կենդանական յուղի, կաթնամթերքների, բամբակի ու մետաքսի եւ այլ ապրանքների մասին։ Զաքարիա Սարկավագը վկայում է, որ տարբեր քաղաքներից Երեւան եկող վաճառականները այստեղից գնում եւ իրենց քաղաքն էին տանում զանազան ապրանքներ։ Նա մասնավորապես հիշատակում է Թավրիզից եկող առեւտրական բազմաթիվ քարավանների մասին. «նոյնպէս եկին եւ ՛ի Թաւրիզոյ բազում կարաւան, եւ գնեցին բրինձ, բամբակ, իւղ, պանիր, ճրագու, ձէթ, կաշի, մորթ, եւ այլ զոր ինչ կամեցան՝ առին եւ ի գիշերի գնացին ճանապարհն վասն հովոյն... » [19] ։

Երեւանում բամբակի, բրդի եւ այլ հումքերի հետ միասին վաճառվում էր նաեւ մեծ քանակությամբ մետաքս, որը քաղաքի շուկա էր բերվում Երեւանի խանության մահալներից եւ հարեւան շրջաններից։ Երեւանի շուկայում մետաքսի վաճառքի եւ գնի վերաբերյալ կարեւոր հիշատակություն ունի անգլիացի վաճառական-ճանապարհորդ Ջոն Նյուրերին, որը դեպի արեւելք իր ճանապարհորդությունը կատարել է 1578-1582 թվականներին եւ Երեւանում եղել է Թավրիզից Թոքատ գալիս՝ 1581 թ. դեկտեմբերի 9—12-ը [20] ։ Ահա նրա հիշատակությունը, «Իններորդ օրը [դեկտեմբերի 9-ին] Կամբելլելլայից [մեկնեցինք] եւ նույն օրը [հասանք] Երեւան (Errewan), այստեղ մետաքսի յուրաքանչյուր բեռը (hemel) վճարվում է հինգ չեկին (chekins)» [21]:

Զաքարիա Ագուլեցու մի վկայությունից երեւում է, որ հում մետաքսը Երեւանի շուկա էր բերվում եւ այստեղից արտահանվում դեպի արեւմուտք, հիմնականում Ագուլիսի եւ Նախիջեւանի կողմերից։ Երեւանի խանության մահալներում շերամապահությամբ համեմատաբար քիչ էին զբաղվում։ Ահա թե ինչ է գրում Զաքարիա Ագուլեցին իր հայրենի գյուղից՝ Երեւանի վրայով Իզմիր տարվող եւ այնտեղ վաճառվող մետաքսի առեւտրի մի մասնավոր դեպքի մասին, որը կապված էր իր հետ. «Թվին ՌՂԶ(1647 ) մարտի Եումն Աքուլիս, որ ես Աքուլեցի Քուրդունց Աղամիրի որդի Զաքարէս, որ ես Զաքարէս էի ԺԷ ամանց, նախ եւ առաջի ի ճանապարհ գնալն այս է, որ մին բէռն խամ ապրիշմով, իմ հօր, մօր, իմ եղպայր Շմաւոնի, սոցայ կամով ինձ դրին իմ հօր եխպօր որդի պարոն Նիկողոսին յետ, գնացի Իզմիր» [22] ։

Հայաստանում եւ Վրաստանում արտադրվող մետաքսի քանակության մասին հիշատակություն ունի Ադամ Օլեարին, որը Պարսկաստանում ճանապարհորդել է XVII դ. 30-ական թվականներին։ Նա գրում է, որ Հայաստանն ու Վրաստանը տարեկան արտադրել են 5000 հակ մետաքս [23] ։

Մետաքսը բացառություն չէր կազմում։ Երեւանի շուկայում վաճառվող ապրանքների մեծ մասը գալիս էր դրսից, բերվում էր խանության զանազան մահալներից եւ ներմուծման ճանապարհով։ Այսպես, օրինակ՝ Երեւանի շուկա վառելափայտ ու փայտածուխ էին բերում Դարաչիչակի (Ծաղկաձոր) մահալի բնակիչները, բուսական բորակ (սոդա) էին բերում Արարատյան դաշտի տարբեր մասերից, հացահատիկներ՝ դաշտային եւ նախալեռնային մահալներից, անասուններ, բուրդ, կաթնամթերքներ՝ լեռնային շրջաններից, աղ՝ Կողբից եւ մասամբ Նախիջեւանից, ձուկ՝ Սեւանի կողմերից եւ այլն։ Այնպես որ, Երեւանի շուկայում վաճառվող ապրանքների միայն մի փոքր մասն էր քաղաքային արտադրանք։ Դրանց մեջ էին մտնում արհեստավորական շինվածքներ ու իրեր, խմիչքներ, մրգեր, խաղող, կանաչիներ, բանջարեղեն։

Ինչպես երեւում է, Երեւանում գյուղատնտեսական մթերքների գները հարեւան խանությունների եւ շրջանների շուկաների գների համեմատությամբ ցածր են եղել։ Զաքարիա Սարկավագը վկայում է, որ. «Երկիրն Արարատեան պարարտ է եւ առատ ամենայն իրաց՝ եւ թեթեւագին։ Վասնորոյ յամենայն կողմանց գան յԵրեւան, եւ գնեն զոր ինչ կամին, եւ դառնան ՛ի տեղիս իւրեանց» [24] ։

1677 թվականին վերաբերող իր մի վկայության մեջ Զաքարիա Ագուլեցին նույնպես խոսում է անհրաժեշտ մի քանի ապրանքների՝ ալյուրի, բրնձի եւ գինու էժանության մասին [25] ։ Բայց նրա ասածներից պարզ երեւում է, որ այդ ապրանքներն էժան են եղեք միայն 1677 թվականին, որը եղել է անձրեւոտ եւ բերքառատ տարի [26] ։

Չհաշված Շահ-Աբաս I-ի 1604 թվականի արշավանքին հաջորդած ահռելի սովը, որը բռնկվել էր հսկայական տերիտորիայի վրա եւ խլել բազմաթիվ զոհեր, մեզ հետաքրքրող ժամանակներում հացահատիկների եւ առաջին անհրաժեշտության մի քանի այլ ապրանքների գները պարբերաբար բարձրանում էին, որոշ դեպքերում տեղիք տալով սովի։ Թուրք պատմագիր Նայիմայի վկայության համաձայն, 1636 թվականն անբերրի տարի է եղել։

Նրա ասելով, այդ թվականին ձմռանը խիստ սառնամանիքներ են եղել, բոլոր ճանապարհները փակվել են եւ այդ պատճառով էլ ուժեղացել է սովը։ Նա գրում է, որ «մի սոմար գարին 5 դուռուշով եւ 20 դիրհեմ հացը մի ակչեով (այդ ժամանակ 10-12 ակչեն հավասար էր 1 արծաթ դիրհեմի Թ. Հ. ) էր ծախսվում» [27] ։ Իսկ Զաքարիա Ագուլեցին վկայում է, որ հացի սղություն է եղել 1681 թվականին եւ վերջ ի վերջո բռնկվել է սով։ Նա գրում է, «1130 ումն (1681 թ. ) Երեւան սով ընկաւ, որ ցորենի սօմարն դարցաւ ՌԲՃ (1200) դիան։ Գարին քանց ցորենն թանկ էր, որ սօմարն ԺԲ լիդր Թավրիզի այ, որ է լիդրն ԺԸ խստիլ։ Բրինձն մինչեւ ԲՃ (200) դիան դարձաւ։ Շատ մարդ, աղքատներն պաս չի պահեցին, մածունով, պանիրով անց կացուցին։ Շատ աղքատ, թէ թուրք, թէ հայ, խոտով, կանանչով ապրեցան։ Հացն թուրքով, յասավուլով կուտին մարդի։ Ոչ թէ միայն Երեւան էր այսպէս, ապա Ղափլանթու մինչեւ Թողաթ այսպէս սղութիւն էր։ Ամայ Երեւանայ նման ոչ էր սղութիւն։ Ապայ հացի անուն էր հաց. վայ մեզ, որ հող էր, աթար էր» [28] ։

Ականատես պատմիչի այս վկայությունից հայտնի է դառնում, որ 1681 թվականին անբերրիության պատճառով Երեւանում եւ մասամբ Անդրկովկասի մյուս խանություններում ու Արեւմտյան Հայաստանի վիլայեթներում բռնկվել է սով, որ սովամահությունից փրկվելու համար աղքատ բնակչությունը սնվել է կանաչով ու խոտով, որ շուկայում վաճառվող հացի մեջ կային զանազան խառնուրդներ, եւ ընդհանրապես հացը հազվադեպ էր պատահում։

Երեւանում եւ հարեւան խանություններում մի շարք անբերրի տարիներ են եղել նաեւ հաջորդ՝ XVIII դարում։ Նախիջեւանի Վանանդ գյուղի մզկիթի վրա եղած ընդարձակ արձանագրություններից երեւում է, որ 1732-1733 թվականներին Երեւանի հարեւան Նախիջեւանի խանությունում եւ այլ շրջաններում անբերրիության պատճառով խիստ կերպով բարձրացել էին ցորենի, բրնձի, յուղի, մեղրի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների գները։ Ըստ այդ արձանագրության, նշված թվականներին ցորենի մեկ մանր կամ բաթմանը (Նախիջեւանի բաթմանը հավասար էր 13 կգ-ի, իսկ Թավրիզինը՝ 3 կգ-ի) արժեր 400 դինար, բրնձինը՝ 800 դինար, յուղինը՝ 2800 դինար, մեղրինը՝ 3200 դինար, դոշաբինը՝ 2400 դինար, պանրինը՝ 1600 դինար, չամչինը՝ 2400 դինար, գարունը՝ 350 դինար, բամբակինը՝ 400 դինար եւ այլն [29] ։ Այնուհետեւ արձանագրության մեջ նշվում է, որ երկիրը սովի հետեւանքով դարձել էր իսկական դժոխք [30] ։

Աբրահամ Կրետացու վկայության համաձայն, մեծ թանկություն է եղել 1736-1737 թվականներին։ Նա գրում է, որ 1736 թվականին ցորենի եւ գարու գները ամենուրեք խիստ բարձրացել էին։ Թավրիզում մեկ բաթման (հավասար է 3 կգ) հացահատիկը վաճառվում էր 900 դինարով [31] ։ Այնուհետեւ 1737 թ. վերաբերող իր հիշատակության մեջ կաթողիկոսը գրում է, որ՝ «Եւ ոչ եթէ միայն ´ի Մուղան էր նուազութիւն հացի, այլ յամենայն տեղիս Թավրիզու՝ եւ այսր՝ ե՛ւ ՚ի Տուզախ, ՚ի Կէնճէ, ՚ի Ղազախ, ՚ի Լօռի, ՚ի Վրաստան, ´ի Գեղամայ Ծովի եզերայքն, ՚ի Ծաղկաձորն, ՚ի Ղափան, ՚ի Նախիջեւան, եւ յԵրեւան. այս գրեալ նահանգներն օսման օխասին՝ Ա. Ա. շահի ցորեանն էր, եւ այն եւս ոչ գտանիւր. որ եւ մենք ՚ի Մուղան ՚ի պակասիլ հացին եւ ալիւրն՝ զոր բերեալ էաք ՚ի սուրբ Էջմիածնայ շաբաթ մի եւ այլ աւելի՝ խաշեալ եւ խանծեալ ցորեն կերանք» [32] ։ Ինչպես տեսնում ենք, հացի թանկությունն ու սղությունը 1736-1737 թվականներին զգացվում էր գրեթե ամբողջ Անդրկովկասում եւ Ատրպատականում՝ Թավրիզում, Մուղանում, Գանջայամ, Ղազախում, Լոռիում, Վրաստանում, Մեծ Ղափանում, Նախիջեւանում, Երեւանում եւ այլուր։ Հացն ու ալյուրն այնքան սուղ ու թանկ են եղել, որ Նադիր-Շահի թագադրմանը մասնակցելու համար Մուղան գնացած Աբրահամ Կրետացին ու Երեւանի խանության մեծամեծներն իրենց հետ վերցրել էին հացի ու ալյուրի մի քանի օրվա պաշար, որը վերջանալուց հետո հարկադրված են լինում մի կերպ յոլա գնալ աղանձով («խանծեալ ցորեան»)։ Այդ նույն պատճառով հարկադրված են լինում առանձին խմբերի բաժանել ազատված գերիներին եւ ուղարկել տարբեր շրջանների [33] ։ Դրությունն այնքան ծանր է եղել, որ նոր թագավորող գոռոզ Նադիրը ի վիճակի չի եղել հացով բավարարել իր թագադրության արարողություններին մասնակցելու համար հրավիրվածներին։

Սակայն թանկության պատճառը միայն անբերրիությունները չէին։ Եթե հացի, հացահատիկների եւ առաջին անհրաժեշտության գյուղատնտեսական մյուս մթերքների թանկությունը կամ էժանությունը հիմնականում կապված էին բնական պայմանների եւ երկրի քաղաքական ընղհանուր վիճակի հետ, ապա ներմուծվող ապրանքների գները կարող էին բարձրանալ առանց հիմնավոր պատճառների։ Հազվադեպ չէին նաեւ այն դեպքերը, երբ վաճառականներն ուրիշ երկրներում չնչին գներով առնելով կեղծ ապրանքներ, դրանք բերում եւ տեղում շատ բարձր գներով վաճառում էին ոչ կեղծ ապրանքների անվան տակ։ Այսպես, օրինակ՝ եվրոպացի մի ականատես հեղինակի վկայությամբ Զուղայի վաճառականներից մէկը Վենետիկում 3 ֆրանկով երկու շարան կեղծ գոհար գնելով, երկրում վաճառում էր 30 40 ֆրանկով [34] ։

Այդ հանգամանքների շնորհիվ հնարավոր չէ Երեւանի շուկայում XVI—XVIII դարերում վաճառվող ապրանքների շատ թե քիչ կայուն գներ նշել։ Սակայն սկզբնաղբյուրների հաղորդած տեղեկությունների գիտական համադրմամբ հայտնի է դառնում, որ այդ դարերում առաջին անհրաժեշտության ապրանքների՝ հատկապես հացահատիկների գները անշեղորեն աճել են, իսկ առանձին ժամանակներում, ինչպես ասվեց, երկրում ուղղակի տիրել են հացի խիստ սղություն ու սով։

Երեւանի շուկայում վաճառվող տեղական ապրանքների եւ դրանց գների վերաբերյալ շատ թե քիչ ամբողջական ու համեմատաբար արժանահավատ տեղեկությունները վերաբերում են միայն XIX դ. 20-ական թվականների վերջերին, երթ Ի. Շոպենի գլխավորությամբ 1829-1832 թթ. Հայկական մարզում անցկացվեց կամերալ ցուցակագրում՝ աշխարհագիր։ Այդ աշխարհագրի արդյունքներն ամփոփված են "Исторический памятник Армянской области" վերնագիրը կրող գրքի մեջ, որի տվյալների համաձայն Երեւանի շուկայում վաճառվող աոաջին անհրաժեշտության մի քանի ապրանքների գների մասին մասնագետի եւ ընթերցողի ուշադրությանը կարելի է հանձնել հետեւյալ աղյուսակը.

 

Երեւանի շուկայում վաճառվող մի քանի կարեւոր ապրանքները եւ դրանց գները

 

Ապրանքների տեսակները

Վաճառման գինը ռուսական արծաթե դրամով արտահայտված

բարձր որակի

ցածր որակի

ռ.

կ.

ռ.

կ.

Ցորեն (1 խալվար)

12

6

Գարի (—»—)

7

3

Կորեկ (—»—)

6

3

Չալթուկ (—»—)

12

8

Բրինձ (—»—)

25

16

Կտավհատ (—»—)

25

16

Քնջութ (—»—)

24

15

Բամբակ (—»—)

205

120

Յուղ (1 բարմանը)

1

1

60

Բուրդ (—»—)

60

1

Պանիր (—»—)

30

60

Մեղր (—»—)

1

20

2

Քնջութի ձեթ (—»—)

1

60

2

40

Խաղող եւ այլ մրգեր (—»—)

20 [35]

 

 

 

Նայելով աղյուսակում բերված առաջին անհրաժեշտության ապրանքների գներին, առաջին հայացքից թվում է, թե դրանք էժան են։ Սակայն դա միայն առաջին հայացքից։ Իրականում փակ բնատնտեսության պայմաններում, երբ դրամական հարաբերությունները թույլ էին զարգացած, երբ շրջանառության մեջ գտնվող դրամի քանակը չնչին էր, երբ արհեստավորների, օրավարձով աշխատողների եւ մյուսների աշխատավարձը չնչին կոպեկներ էին, ապա այդ գներն էլ համեմատաբար շատ բարձր էին, էլ չենք խոսում այն մասին, որ ոչ գյուղատնտեսական լայն գործածության ապրանքների գները (գործվածքների, մետաքսյա ապրանքների, օճառի եւ այլն) շատ բարձր էին։ Դրանցից շատերն իրենց թանկության պատճառով (օրինակ՝ օճառը) միանգամայն անմատչելի էին աշխատավոր բնակչությանը։ Դրա հետ միասին պետք է նկատի ունենալ, որ Ի. Շոպենի հաղորդած տեղեկություններն զգալի մասով չէին արտահայտում իրական դրությունը։ Չափ ու կշռի բազմազանության ու անորոշության, բերքատվության մեծ տատանումների (երաշտի, մորեխի, ցրտահարությունների հետեւանքով) եւ ուրիշ պայմանների պատճառով, ցանկության դեպքում էլ նա ի վիճակի չէր ապրանքների գները հաղորդել անգամ մոտավոր ճշտությամբ։ Ինքը՝ Շոպենը զգալով այդ, որոշ վերապահություն է արել ցորենի, գարու, կորեկի, չալթուկի, բրնձի գները հաղորդելուց առաջ։ Ահա թե ինչ է գրում նա. «Բոլոր այս արտադրանքների (ցորենի, գարու եւ այլն Թ. Հ. ) միջին գները կախված են պահանջից եւ բերքից», ավելացնելով, որ՝ «դրանք (գները Թ. Հ. ) հազվադեպ են դուրս գալիս» իր հաղորդած չափերի սահմաններից [36], իսկ նրա հաղորդած նվազագույն եւ առավելագույն գներն իրարից տարբերվում են մեկ եւ կեսից երկու անգամ՝ ավելի անորոշ դարձնելով շատ ապրանքների մոտավոր գները։

Երեւանի խանության տնտեսական պատմության մասնագետ Բ. Մ. Հարությունյանը, ուսումնասիրելով Էջմիածնի վանական տնտեսության մոտ 80 տարվա (1740-1820 թթ. ) նյութերը, եկել է այն եզրակացության, որ այդ ժամանակաշրջանում առաջին անհրաժեշտության ապրանքների՝ գարու, ցորենի, մսի, կտավի եւ այլ ապրանքների գներն անշեղորեն ու կտրուկ բարձրացել են։ Նրա հաշիվներով, գարու գինն այդ նույն 1740-1820 թթ. ընթացքում բարձրացել էր 7, 5 անգամ, ցորենինը՝ մոտ 6 անգամ, մսինը 5 անգամ, կտավինը՝ 4 անգամ եւ այլն [37] ։ Բ. Հարությունյանը նշում է, որ «գներն առանձնապես շեշտակի բարձրացել են XIX դ. առաջին երկու տասնամյակների ընթացքում եւ հետեւանք էին «առաջին հերթին... շրջանառության մեջ գտնվող դրամի կուրսի անկման, ազնիվ մետաղի՝ ոսկու, արծաթի քանակի իջեցման... » [38], եզրակացնում է նա։ Միայն 40 տարվա ընթացքում՝ 1789-1829 թվականների ընթացքում մի քանի առաջին անհրաժեշտության մթերքների՝ ցորենի, գարու, չալթուկի եւ կտավհատի գները բարձրացել են 2-2, 5 անգամ եւ ավելի։

Դրանց գները նշված տասնամյակներին հետեւյալ պատկերն էին ներկայացնում.

 

 

Մթերքների տեսակը

Գինը

1789 թ.

1829 թ.

Ցորեն 1 լիտրը (12 ֆունտ)

80 դիան

175 դիան

Գարի » »

60 »

120 »

Չալթուկ » »

100 »

200 »

Կտավհատ » »

100 »

450 »

Գների այդպիսի արագ բարձրացման հիմնական պատճառներից մեկը Բ. Հարությունյանը համարում է պարսկական դրամի կուրսի անկումը այդ ժամանակներում [39] ։

Պարսկական պետության մի քանի քաղաքներում հատում էին արծաթե, պղնձե եւ ոսկե դրամներ։ Նախորդ ժամանակներից դրամահատություն կար նաեւ Երեւանում։ XVIII դարի ճանապարհորդ Ջեմելիի վկայության համաձայն, Երեւանում հատում էին արծաթե եւ պղնձե դրամներ [40] ։ Դրամահատարանը կամ «փողերանոցը», ինչպես սովորաբար այն կոչում են մեր հեղինակները, պարսկերեն կոչվում էր «զառաբ-խանա»։ Երեւանի զառաբ-խանան գտնվում էր Գյոյ-ջամիի մոտ, այժմյան Լենինի պողոտայի հարավային ծայրում։ Պարսից պետության կողմից մի շարք քաղաքների, որոնց թվում նաեւ Երեւանին դրամ հատելու իրավունք տալը արդյունք էր ոչ թե ծայրամասերին ֆինանսական որոշ ինքնուրույնություն տալու ձգտումի, այլ երկրում զանազան պետությունների դրամական տարբեր միավորների շրջանառության մեջ գտնվելու, որի հետեւանքով տեղերում առաջանում էր մեծ շփոթություն։ Չնայած մյուս շատ քաղաքների նման Երեւանում եւս կային մի քանի տասնյակի հասնող լումայափոխներ («զառաֆներ»), որոնք որոշ տոկոս շահույթ վերցնելով զբաղվել են տարբեր երկրների դրամների փոխանակմամբ, այնուամենայնիվ տեղի բնակիչների համար օտար դրամական շատ միավորներ անծանոթ էին, եւ այդ պատճառով առեւտրի ու փոխանակման մեջ տիրում էր մեծ շփոթություն։ Որոշ քաղաքների դրամ հատանելու իրավունք տալը դրանից խուսափելու եւ շրջանառության մեջ գտնվող տարբեր երկրների դրամները տեղացիների համար հասկանալի դարձնելու միջոցներից մեկն էր։ Բացի դրանից, դրամ հատանելու իրավունքով անձնապես շահագրգռված էին նաեւ խաները, որոնք այդ գործից ստանում էին շոշափելի եկամուտներ [41] ։

Դրամ հատելու իրավունքը տալիս էր շահը։ Այդ պարզ կերպով երեւում է Զաքարիա Ագուլեցու եւ Աբրահամ Կրետացու հետեւյալ վկայություններից։ Զաքարիան՝ խոսելով իր եղբոր՝ Շմավոնի Երեւանում դրամահատության գործը մենավարձով իր ձեռքը վերցնելու մասին, գրում է. «Այս ամէն իմ եղպայր Շմաւոնի հրամանաւ արարի, զերայ Շմաւոն Երեւան Սեֆիղուլի խանի կշտին էր, համ Երեւանայ զառավխանէն Շմաւոնի ձեռացն էր, շահի հօրմով» [42] ։ Նույն եզրակացության կարելի է հանգել նաեւ Աբրահամ Կրետացու հետեւյալ վկայությունից, «Յետ այսորիկ (Նադիր-Շահը թագադրվելուց հետո Թ. Հ. ) մտածեցի վասն երկրին ազատութեան եւ տառապանաց. զի փողն կտրի յոյժ նուազեցաւ եւ քարշեցաւ, եւ գրեթէ իսպառ հատաւ։ Վասնորոյ խնդրեցի ՛ի մեծազօր Խանեն (Նադիր– Շահից Թ. Հ. տալ հրաման վասն զառապխանային բանալոյ յԵրեւան. եւ արզ արարի վասն Մելիք Յակոբջանին. որ եւ վաղվաղակի շնորհեաց... » [43] ։ Ընդ որում, Կրետացու այս վկայությունից երեւվում է նաեւ, որ դրամահատությունը Երեւանում երբեմն ընդհատվել է կամ նվազել։ Նրա ասելով, օրինակ, XVIII դարի 30-ական թվականներին Երեւանում եւ համանուն խանությունում դրամը գրեթե իսպառ հատել էր, անհրաժեշտ էր շահի հրամանը Երեւանի զառաբխանան նորից գործի դնելու մասին, որի համար եւ ինքը նրան խնդրում է։

Սակայն շահի իրավունքն այդ հարցում չէր սահմանափակվում միայն զառաբխանա բաց անելու մասին հրաման տալով։ Ելնելով պետության ընդհանուր ֆինանսական դրությունից եւ շրջանառության մեջ գտնվող օտար երկրների դրամների քանակից ու միավորի մեջ մետաղների պարունակությունից՝ շահը հատուկ հրաման էր տալիս հատել միայն իր կողմից սահմանվող դրամական միավորները։ Պարսից շահի այդ կարգի երկու հրամանների վերաբերյալ վկայություններ ունի Զաքարիա Ագուլեցին։ Ահա դրանք. ա) «Թվին ՌՃԺԱ-ումն (1662 թ. ), որ Շահաբաս իւր օլքին հրաման տվաւ, որ ամէն զառավխանէն աբասին բ մսխալ կտրեն, որ ե շահանոց է, զերայ առաջ դ շահանոց էր» [44] ։ բ) «Թվին ՌՃԺԶ (1667 թ. ) Երեւանայ զառավխանէն Ըսպահան շահին մին աղայ, ոմն Աղայ-Վելի անուն, դուս եկաւ, իջարաք արաւ։ Այս աղէս Շահ-Սէֆուանէ հօքմ արաւ, որ աբասին դ շահանոց կտրեցին. ե շահանոցն վարթարաւ ելաւ» [45] ։

Մեջբերված վկայություններից դժվար չէ կռահել, որ երկրի տնտեսական-ֆինանսական դրությունից ելնելով՝ միեւնույն դրամական միավորը շահի հրամանով կարող էր կտրվել տարբեր քաշով ու մեծությամբ։ Ակնհայտ է դառնում նաեւ այն, որ Երեւանում հատվող հիմնական դրամամիավորը աբասին էր, որը մինչեւ Շահ-Աբաս II-ի թագավորության շրջանը բաղկացած էր 4 շահուց, 1662 թվականի հրամանով դարձվեց 5 շահի, իսկ Շահ-Սեֆիի 1667 թվականի հրամանով նորից վերականգնվեց հինը՝ 4 շահանոց աբասին։ Ընդ որում 5 շահանոց աբասին բովանդակում էր 2 մսխալ արծաթ, իսկ 4 շահանոցը՝ 1, 6 մսխալ։

Երեւանում աբասուց բացի, կտրում էին նաեւ ավելի մանր զանազան սեւ դրամներ («կարա փուլի»)։ Սակայն դրանով չէր սահմանափակվում Երեւանի զառաբխանայի «գործունեությունը»։ Չնայած զառափխանայի մենավարձողը պարտավոր էր դրամ կտրել սահմանված որոշ հարգից (проба) ոչ պակաս արժեքով, բայց նա մեծ օգուտներ է ստացել օտարերկրյա դրամները վերահալելու միջոցով Երեւանի դրամի վերածելուց [46] ։ Մենավարձողը նույն կերպ էր վարվում նաեւ հայտնաբերված հին դրամների հետ, որի պատճառով, ինչպես նկատում է Երվանդ Շահազիզը, հին դրամների մեծագույն մասը ոչնչացվել է, չի հասել մեզ [47] ։

Զառաբխանեն մենավարձով տալու իրավունքն ամբողջապես վերապահված էր Երեւանի խանին։ Վերջինս զառաբխանան համարում էր իր եկամտի հուսալի աղբյուրներից մեկը եւ աշխատում էր դրա կապալագինը ինչքան կարելի է բարձր սահմանել։ Երեւանի վերջին խաների օրոք՝ XIX դարի առաջին քառորդում զառաբխանայի մենավարձի գինը մոտավորապես տարին կազմում էր 300 թուման (ռուսական 1200 ռուբլի) [48] ։ Նախորդ ժամանակներում ըստ երեւույթին զառաբխանայի կապալագինն ավելի բարձր է եղել։ Օրինակ, Զաքարիա Ագուլեցու մի հիշատակության համաձայն 1663 թվականին Աբաս-Ղուլի խանը զառաբխանան մեկ տարի մենավարձով տալով անապատցի Սարգսին եւ երեւանցի Սարգսին, նրանցից ստացել է 1500 թուման. «Այս բ Սարգիսս խանիցն մին ՌԵՃ (1500) թուման իջարայ արին, զառաֆխանէն վեր կալան մինչի մէկ տարի», գրում է նա [49] ։

Երեւանի կապալառու-զառաբ-բաշիները սովորաբար լինում էին պարսիկ վաճառականներից։ Սակայն XVII դարի կեսերից բավական երկար ժամանակով այդ գործն իրենց ձեռքը են վերցնում հայ վաճառականները՝ խոջաները։ Երեւանի առաջին հայ զառաբբաշին եղել է ագուլեցի Քրդունց Աղամիրի որդի Շմավոնը (կամ Սիմավոն), հայտնի ժամանակագիր Զաքարիա Ագուլեցու եղբայրը։ Վերջինիս հիշատակության համաձայն, Շմավոնը զառաբբաշի է կարգվել Նաջաֆ-Ղուլի խանի կողմից 1658 թվականին։ «Թվին ՌՃԷ-ումն (1658 թ. ) Երեւան որ Նաջաֆղուլի խանն Աքուլեցի Քրդունց Աղամիրի որդի Շմաւոն Երեւան զառաբ դրեց, մինչի սայ Երեւան հայ զառաֆբաշի չէր նստած», հաղորդում է Զաքարիա Ագուլեցին [50] ։ Շմավոնը իբրեւ կապալառու-զառաբ–բաշի, մեկ-երկու տարի ընգհատումով, ծառայում է երեք խաների՝ Նաջաֆ-Ղուլիի, Աբաս-Ղուլիի եւ Սեֆի-Ղուլիի օրոք [51] ։ Նրա եղբոր հավաստի ու ընդարձակ վկայություններից երեւում է, որ Շմավոնը, զառաբ-խանայից բացի, մենավարձով իր ձեռքն էր վերցրել նաեւ Երեւանի խանության մաքսապետությունը, որ դրանցից նա ստանում էր հսկայական եկամուտներ, եւ որ այդ միջոցով նա դարձել էր ամենահարուստ վաճառականներից մեկը՝ կրելով պարոն տիտղոսը։ Պատմագիր եղբայրը հաղորդում է, որ Շմավոնը 1669 թվականին ձեռնարկել է Խորվիրապի հորի եւ դրա վրայի եկեղեցու շինարարությունը։ Այդ բոլորի մասին Զաքարիա Ագուլեցին հետեւյալ կերպ է պատմում (բերում ենք համառոտագրելով). «Թվին ՌՃԺԸ (1669 թ. ) մարտի մէկումն Երեւան որ ես Զաքարիայ, իմ եղպայր պարոն Շմաւոն այսօր ըսկսբն արար Լուսավորիչի Խոր Վիրաբի հորն եւ հորի վերայ եկեղեցին շինելոյ։ Այս Շմաւոնս որ է Ագուլեցի Քուրդունց մղդսի Աղամիրի որդի, որ այս ԺԸ ամ է, որ Երեւան այ, որ գ խանի ղուլուղ արաւ, որ է այս՝ Նաջաֆղուլի խանին, Աբասղուլի խանին, Սէֆիղուլի խանին։ ... Դարցեալ քանզի այս խաներիս ղուլուղումն այս էր գործն. համ զառաբխանէն, համ ըռահտարխանէն (մաքսատունը) սորայ ձեռացն էր. շատ շատ շահավէտ էր վաճառականի որ առուտուրի։ Այս պատճառէս խաներն սայ ձեռաց տալ էին։ Այս Շմաւոնս շուտուց ցանկայր Խոր Վիրաբն շինելոյ, քանզի հին ժամանակաց հորն լցված էր, վերայ եկեղեցին խախթված էր, այս Վիրաբս ավերեալ էր, այլոց, թուրքի ձեռաց էր, անբնակ» [52] ։

Սակայն ագուլեցի մահտեսի Աղամիրի որդի պարոն Շմավոնի փառքը երկար չի տեւում։ Զաքարիա Ագուլեցու մի քանի վկայություններից երեւում է, որ նա եւս ենթարկվել է վաճառականների համար սովորական դարձած ճակատագրին՝ սնանկացման։ Պատմագիր եղբոր վկայությամբ Շմավոնը թաղվել է պարտքերի տակ եւ իբր նրան ներկայացնում էին նաեւ անօրինական պահանջներ։ Նա մահացել է Սպահանում, 1670 թվականի դեկտեմբերի սկզբներին [53] ։

Պարոն Շմավոնով սկսվում է հայ զառաբի-բաշիների գործունեության շրջանը։ Զաքարիա Ագուլեցին վկայում է, որ Ամիրգունա խանի որդի Աբաս-Ղուլի խանի օրոք, երբ Շմավոնը գնացել էր Շամախի այնտեղ կարգված նախկին Երեւանի խան Նաջաֆ-Ղուլիի հետ իր հաշիվները պարգելու, 1663 թվականին, մեկ տարի ժամանակով Երեւանի զառաբխանի մենավարձողներ են կարգվում անապատցի խոջա Սարգիսը եւ Երեւանի Ձորաշեն թաղից մի այլ խոջա Սարգիս։ Շմավոնը Շամախիից վերադառնալուց հետո նորից ստանձնում է իր հին գործը մինչեւ 1670 թվականը, երբ նրան կանչեցին Սպահան եւ այլեւս չվերադարձավ այնտեղից։ Այդ ժամանակվա Սեֆի-Ղուլի խանը զառաբ-բաշի է նշանակում ճահուկցի խոջա Աղաբեկին, որը մահանում է 1673 թվականին եւ 1674 թվականին նրան փոխարինում է Երեւանի Ձորագյուղ թաղամասցի՝ վերը նշված խոջա Սարգիսը՝ այդ պաշտոնում մնալով մինչեւ 1679 թվականը՝ մինչեւ Երեւանում Զալ-խանի նշանակումը։ Վերջինս խոջա Սարգսին հեռացնելով՝ նրա փոխարեն Երեւանի զառաբ-բաշի է նշանակում ագուլեցի վաճառական Մասեին, որը մինչեւ այդ ապրում էր Էրզրումում (Կարին) [54] ։

Հետագա ժամանակների հայ զառաբ-բաշիների մասին տեղեկություններ քիչ կան։ Բայց եւ այնպես պարզվում է, որ Երեւանի դրամահատության գործում հայ վաճառականները շարունակում էին կարեւոր դեր խաղալ նաեւ XVIII դարում։

Ինչպես ասվեց, Երեւանում շրջանառության մեջ էին տարբեր երկրների՝ առաջին հերթին հարեւան պետությունների դրամները։ Մեզ հասած աղբյուրներից, սակայն, երեւում է, որ այստեղ ամենից տարածվածը թավրիզյան դրամն էր։ Արխիվներում պահպանված XVII—XVIII դարերի կալվածագրերի, ակտերի, առեւտրական զանազան գործարքներին վերաբերող փաստաթղթերում ամենուրեք հաշիվները կատարված են դրամի թավրիզյան միամորով՝ թավրիզյան դինարով։ Այս պատճառով էլ Երեւանի այդ տարիների տնտեսական կյանքի թվական ցուցանիշների մասին դժվար է գաղափար կազմել, առանց թավրիզյան դրամի արժեքային արտահայտությունն իմանալու։

Երեւանում այնքան շատ տարածված թավրիզյան մեկ թումանը հավասար էր թավրիզյան 10000 դինարի (կամ դիան) [55] ։ Սակայն թումանի արժեքը ժամանակի ընթացքում հսկայական փոփոխության է ենթարկվել։ Եթե XVIII դարի սկզբներին պարսկական մեկ թումանը հավասար էր ռուսական 10 ռուբլու, ապա XIX դարի առաջին քառորդի վերջերին նրա արժեքը իջել էր 60 տոկոսով եւ մեկ թումանն այդ ժամանակ հավասար էր միայն 4 ռուբլու [56] ։ Ի. Պ. Պետրուշեւսկին, վկայակոչելով զանազան աղբյուրներ, գրում է, որ թումանի կուրսը XVIII դ. առաջին քառորդի վերջերին XVII դարի սկզբների համեմատությամբ իջել էր առնվազն 4-5 անգամ [57] ։

Թումանից բացի, մեզ հետաքրքրող ժամանակաշրջանի Երեւանում լայն շրջանառության մեջ էին նաեւ դրա մասերը կազմող դարձյալ իրանական մինալթունը, աբասին, շահին, դիանը, թուրքական ղուրուշը եւ դրամական այլ միավորներ, որոնց մասին խոսվում է սույն աշխատության 1801-1879 թվականներն ընդգրկող գրքում [58] ։

Առանձնահատուկ հետաքրքրություն կարող է ներկայացնել տարբեր երկրների ոսկու դրամական տարբեր միավորների կուրսը մեզ հետաքրքրող ժամանակաշրջանում։ Օգտվելով պատմական աղբյուրների եւ գիտական գրականության տվյալներից՝ Բ. Հարությունյանը կազմել է Երեւանի խանության մեջ XVIII դարի վերջում շրջանառության մեջ գտնվող ոսկեդրամների աղյուսակը՝ նշելով դրանց արժեքը՝ արտահայտված այդ ժամանակվա թուրքական եւ ռուսական ոսկեդրամների կուրսով։ Երեւանի խանության եւ Երեւան քաղաքի տնտեսական պատմության համար խիստ անհրաժեշտ ենք համարում այստեղ զետեղել շրջանառության մեջ գտնվող ոսկեդրամների անունները եւ դրանց կուրսն այն ժամանակվա ռուսական ոսկեդրամներով արտահայտված։

 

Զանազան երկրների ոսկեդրամների կուրսը Երեւանի խանության մեջ XVIII դարի վերջին քառորդում [59] ։

 

№№

Ոսկեդրամի անունը

Կուրսը ժամանակի ռուսական դրամներով արտահայտված

ռուբլի

կոպեկ

1

Ոսկի (տեղական) (1797-1798 թթ. )

1

67

2

«Մաճարու» ոսկի (1797-1798 թթ. )

2

78

3

«Պոլսոյ» ոսկի (1797-1798 թթ. )

1

67

4

«Եալտուզ» ոսկի (1790-1791 թթ. )

3

33

5

«Ուռուսի» ոսկի (իմպերիալ, եփրալ) (1790-1791 թթ. )

10

6

«Մսրու» ոսկի (1797-1793 թթ. )

1

67

7

«Ֆնդըխ» ոսկի (1790-1791 թթ. )

2

78

8

«Նատրի սահիպ դռան» ոսկի (1790-1791 թթ. )

8

33

9

Թունուսի մեծ ոսկի (1789 թ. )

2

22

10

Զարմահպուպ ոսկի (1789 թ. )

1

67

11

«Պաճախլու» ոսկի (1790-1791 թթ. )

2

78

12

«Մանեթ» (1789 թ. )

83

13

«Ալիբեկի» ոսկի (1789 թ. )

1

67

14

Ղռուշ (1790-1791 թթ. )

52, 7

15

«Ռեալ» [սաղ ռեալ] (1798 թ. )

79

16

«Խոյի» ոսկի (1797-1798 թթ. )

2

04

17

«Ճանճիրլու» (1783-1791 թթ. )

1

58

18

«Զոլաթայ» (1783-1791 թթ. )

39, 3

19

Թիֆլիզի աբասի (1798 թ. )

19, 6

 

Բերված աղյուսակը կարող է միայն ուղեցույց ծառայել։ Դրանում տեղ գտած թվերը խիստ մոտավոր են եւ ճշգրիտ հաշիվների համար անհրաժեշտ է յուրաքանչյուր դեպքում ստուգել դրանք այլ աղբյուրների միջոցով։ Ընդ որում «Խոյի», «Ճանճիրլու», «Զոլաթայ», «Ռեալ» ոսկիների եւ Թիֆլիզի աբասու կուրսը ռուսական դրամի վեր ենք ածել մենք, հիմք ընդունելով դրանց կուրսը թուրքական ոսկե դրամներով արտահայտված՝ թուրքական ղռուշը համարելով մոտավորապես հավասար ռուսական 52, 7 կոպեկի, իսկ փարան՝ 1, 31 կոպեկի [60] ։ Ոսկու կուրսը ենթակա էր արագ փոփոխման։ Բացառված չէին այն դեպքերը, երբ ամեն տարի փոփոխվում էր դրա կուրսը։ Այդ պատճառով էլ հարմար ենք համարել յուրաքանչյուր ոսկեդրամի միավորը թվարկելուց հետո նշել, թե դրա որ թվականի կուրսին է վերաբերում մեր խոսքը։

Եթե տարբեր երկրների դրամների ազատ շրշանառությունը մի կողմից նպաստել է առեւտրի զարգացմանը, ապա մյուս կողմից դրանց բազմազանությունը, կուրսի արագ փոփոխությունը եւ անորոշությունը մեծապես հարվածել են ապրանքաշրջանառությանն ու առեւտրին, պատճառ դառնալով նաեւ սովորական դարձած չարաշահումների։

Տեղական բնակչությանը թավրիզյան եւ տեղական դրամամիմիավորներից բացի (որ այնքան շատ էին տարածված եւ լավ հայտնի էին նրանց), ըստ երեւույթին համեմատաբար հայտնի էին «Պոլսի», «Մսրու», «Ալիբեկի» եւ մի քանի այլ դրամներ։ Դրամներից շատերի որպիսությունն ու կուրսը նրանց քիչ էր հայտնի եւ, օգտվելով դրանից, դրամ մանրողները (սեղանավորներ, լումայափոխներ, սառաֆներ) չարաշահությամբ տեր էին դառնում հսկայական հարստության։

Երեւանը, որպես սահմանային ընդարձակ խանության կենտրոն, առեւտրա-տնտեսական առումով XVII—XVIII դարերում ձեռք էր բերել կարեւոր նշանակություն։ Նա տարանցիկ քաղաք էր Թուրքիայի եւ Պարսկաստանի միջեւ։ Բացի դրանից, լինելով ներքին իրավունքներով օժտված կուսակալության կենտրոն, Երեւանում զետեղված էր խանական վարչական բազմամարդ ապարատը եւ բերդապաշտպան կայազորը, որոնք իրենց առօրյա պահանջմունքներով նպաստում էին առեւտրի զարգացմանը։

Ըստ նշանակության եւ ծավալի Երեւանի մեզ հետաքրքրող ժամանակաշրջանի առեւտրի մեջ առաջին տեղը գրավում էր արտաքին ու տարանցիկ առեւտուրը։

Արտաքին եւ տարանցիկ առեւտրի զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծվեցին Թուրքիայի եւ Պարսկաստանի միջեւ կնքված 1639 թվականի հաշտությամբ։ Դրանով բավական երկար ժամանակ հաստատվեց խաղաղություն, որն ընդհատվում էր միայն կարճատեւ ժամանակով։ Երկու բռնակալական պետությունների միջեւ հաստատված խաղաղության նշանակությունը առեւտրա-տնտեսական առումով շատ լավ հասկացել է ժամանակի պատմագիր Զաքարիա Սարկավագը, որի վկայության համաձայն 1639 թվականին կնքված հաշտությունից հետո երկու պետությունների միջեւ երկար ժամանակ տիրում էր խաղաղություն եւ «Կոստանդնուպօլսէ մինչ ի Ասպահան» երթեւեկում էին «առանց երկիւղի եւ ահու» [61] ։ Նույն կերպ է գնահատում 1639 թվականի հաշտությունը նաեւ XVII դարի մատենագիր Հակոբ Կարնեցին [62] ։

XVIII դարում Ռուսաստանն առեւտրական մի շարք պայմանագրեր է կնքում (1711, 1723, 1739, 1774, 1783, 1791 թթ. ) Թուրքիայի հետ, որոնցով նախատեսվում էին երկու երկրների միջեւ կատարվող առեւտրի համար ստեղծել նպաստավոր պայմաններ եւ բոլոր միջոցներով խթանել առեւտրի զարգացմանը՝ [63] ։ Սակայն Թուրքիայի հետ կնքված առեւտրական պայմանագրերը որեւէ չափով Երեւանի հետ չէին առնչվում։ Այդ երկու երկրների միջեւ առեւտուրը հիմնականում կատարվում էր Սեւ ծովի վրայով եւ նշված պայմանագրերը մեծամասամբ այդտեղով կատարվող առեւտրին էին վերաբերում։

Երեւանի արտաքին առեւտրի համար կարեւոր նշանակություն ունեին Ռուսաստանի եւ Պարսկաստանի միջեւ կնքված պայմանագրերը, թեպետեւ դրանց մեծ մասը վերաբերում էր Անդրկովկասի արեւելյան շրջաններին ու Կասպից ծովի վրայով Պարսկաստանի եւ Հնդկաստանի հետ կատարվող առեւտրին, որում մեծ դեր էին խաղում հայ վաճառականները։ Ռուսաստանի եւ Պարսկաստանի միջեւ կնքված՝ մեզ հետաքրքրող ժամանակաշրջանի առեւտրական պայմանագրերից առանձնապես ուշադրության արժանի է Ռեշտի 1729 թվականի փետրվարի 13-ի պայմանագիրը։ Այդ պայմանագրով նախատեսվում է սովորական մաքսի վճարումով թույլատրել երկու կողմերի քաղաքացիներին ու վաճառականներին ազատ առեւտուր կատարել պայմանադիր կողմերի ցանկացած շրջանում ու քաղաքում։ Կողմերը դրանով պայմանավորվում են ապահովել եկվոր վաճառականների ունեցվածքը, խանութներն ու կրպակները, տները, պահեստներն ու քարավանատները։ Այդ բոլորի հետ միասին, պարսկական կողմը պարտավորվում էր պայմաններ ստեղծել եւ ազատ թույլատրել ռուսահպատակ վաճառականներին Պարսկաստանի վրայով Հնդկաստանի հետ առեւտուր կատարելու համար [64] ։ Միանգամայն հասկանալի է, որ երկու երկրների միջեւ ծավալված այդ առեւտուրն իր ոլորտի մեջ էր առնում նաեւ Երեւանի խանությունն ու նրա կենտրոնը։

Երեւանի արտաքին ու տարանցիկ առեւտրի զարգացման համար կարեւոր նշանակություն ունեին քաղաքից դեպի տարբեր կողմեր ձգվող ճանապարհները։ Այդ ճանապարհներից քաղաքի համար ամենակարեւորը Թավրիզ - Ջուղա - Երեւան - Էջմիածին - Կարս - Էրզրում ճանապարհն էր, որն Էրզրումից շարունակվում էր դեպի արեւմուտք եւ հասնում Միջերկրական ծովի ափերը, իսկ արեւելքում Թավրիզից ձգվում էր դեպի Պարսկաստանի խորքերը եւ հասնում Հնդկաստան ու Միջին Ասիա։ Պատմական աղբյուրների վկայություններից ակնհայտ է դառնում, որ այդ ճանապարհն ամենից բարեկարգն էր եւ բանուկը։ Այս ճանապարհի միայն Ջուղայից մինչեւ Կարս ընկած հատվածում XVII-XVIII դարերում, չհաշված Ջուղայի հայտնի կամուրջը, կառուցել էին մոտ 8 կամուրջներ, որոնք ձգվում էին Նախիջեւանի, Արփայի, Վեդիի, Ազատի, Հրազդանի, Քասախի եւ այլ գետերի վրայով։ Դրանցից մեզ համար առանձին հետաքրքրություն են ներկայացնում Հրազդանի եւ Քասախի կամուրջները։ Հրազդանի վրա եղել են մի քանի կամուրջներ, որոնք փլվել են 1679 թվականի կործանիչ երկրաշարժի հետեւանքով։ Փլվել է նաեւ բերդի հյուսիս-արեւմտյան անկյունում գտնվող մեծ կամուրջը, որը գտնվում էր վերը նշված հիմնական ճանապարհի վրա եւ քաղաքը կապում էր Էջմիածնի, Աշտարակի ու այլ վայրերի հետ։ Այս կամուրջը երկրաշարժից հետո շուտափույթ վերականգնվում է եւ շարք մտնում։ Մի քանի վերանորոգումներից հետո մինչեւ օրս կանգուն մնացած քառակամար այդ կամուրջը հին երեւանցիները կոչել են Կարմիր կամուրջ կամ Խոջափլավի կամուրջ [65] ։ Հրազդանի այս կամուրջը մասնագետները համարում են նախահեղափոխական Հայաստանի ամենամեծ կամուրջներից մեկը։ Նրա ընդհանուր երկարությունն ավելի քան 80 մետր է, բարձրությունը՝ 11 մետր, իսկ լայնությունը՝ 8 մետր [66] ։

Քասախի վրա կամուրջներ են եղել նույնպես նախորդ ժամանակներում։ Հայտնի է, օրինակ՝ Քասախի XIII դարի կամուրջը, որի ավերակները գտնվում են Աշտարակում։ Առաքել Դավրիժեցու վկայության համաձայն այդ կամուրջը XVII դարի 60-ական թվականների սկզբներին կիսակործան վիճակում էր գտնվում եւ անհնար էր դրա վրայով երթեւեկություն կատարել։ Բայց քանի որ այն գտնվում էր բանուկ ճանապարհի վրա, ուստի անհրաժեշտ էր շուտափույթ վերականգնել կամ կառուցել նորը։ Այդ գործին ձեռնամուխ է լինում երեւանցի խոջա Գրիգորը՝ հին կամրջի մոտ իր միջոցներով քար ու կրով կառուցելով մի նոր կամուրջ (1664 թ. ) [67], որը պահպանվել է մինչեւ մեր օրերը։

Թուրքիայի, Հայաստանի եւ Պարսկաստանի վրայով դեպի Հնդկաստան ու Միջին Ասիա ձգվող այդ գլխավոր ճանապարհի Երեւան-Էրզրում եւ Երեւան-Ագուլիս հատվածների մասին բավական որոշակի եւ մանրամասն տեղեկություններ է հաղորդում այդ ճանապարհով բազմաթիվ անգամ երթեւեկած ու քաջատեղյակ Զաքարիա Ագուլեցին։ Զանազան ուրիշ տեղեկությունների հետ միասին Զաքարիա Ագուլեցին հիշատակում է նաեւ նշված ճանապարհահատվածների վրա եղած կայաններն ու դրանց միջեւ եղած հեռավորությունները։ Երեւանից մինչեւ Էրզրում նա հիշատակում է հետեւյալ կայարանները.

«Երեւանայ գնաս Ղարսու վերայ, որ գնայ Առզռում, այս է։ Յառաջ Երեւանայ գնայ մինչի Եղվարթ՝ աղաջ դ։

Աստի մինչի Բաշ-Ապարան, աղաջ դ։

Աստի մինչի Ալանգազի սարի կուշտն՝ աղաջ գ։

Աստի մինչի մեծ գետին վերայ Ղարսու՝ աղաջ դ։

Աստի մինչի Ղարսու բերթն՝ աղաջ գ։

Աստի մինչի Գումբէթն՝ աղաջ գ։

Աստի մինչի Դօշ-ղայէն՝ աղաջ գ։

Աստի մինչի Քօրօղլու բերթի կուշտն՝ աղաջ դ։

Աստի մինչի Խարաբա գեղին կուշտն գետին վրայ՝ աղաջ դ։

Աստի մինչի Ժաքաբադ կամ Հասան-ղալեն՝ աղաջ դ։

Աստի մինչի Չօգան-դարէն կամ Բուլամաջն՝ աղաջ գ։

Աստի մինչի Առզռում՝ աղաջ գ» [68] ։

Իսկ Ագուլիս-Երեւան-Էջմիածին ճանապարհահատվածում նշում է հետեւյալ կայարանները.

«... առաջի մանձիլն այս է. Ագուլաց մինչի Խանաղու կարմունջն՝ մին աղաճ։ Խանաղու մինչի Ազատու Դէռ՝ մին աղաջ։ Աստի մինչի Էջիքն՝ մին աղաճ։ Որ էլաւ Գ աղաճ, մանձիլ

2. Աստի մինչի Լէհրամ՝ դ աղաճ, թէ բարցր գնա Ղառղաբազարն՝ գ աղաճ։

3. Աստի մինչի Նախջիվան՝ գ աղաճ։

4. Աստի մինչի Ղարաբաղն՝ դ աղաճ։

5. Աստի մինչի Շարուր մէծ գետն անց կենայ, դ աղաճ։

6. Աստի մինչի Սադարաք՝ գ աղաճ։

7. Աստի մինչի Վէտի՝ գ աղաճ։

8. Աստի մինչի Գառնու գէտն անց կենայ գ աղաճ։

9. Աստի մինչի Երեւան բերդն՝ բ աղաճ։

10. Աստի մինչի սուրբ Էջմիածին՝ գ աղաճ... » [69] ։

Բերված վկայություններից երեւում է, որ՝ ա) երկու կայարանների միջեւ ընկած ճանապարհահատվածը կոչվել է մեկ մանձիլ, բ) Երեւանից մինչեւ Էրզրում հաշվվել է 42 աղաջ, գ) Երեւանից Ագուլիս՝ 29 աղաջ եւ դ) յուրաքանչյուր մանձիլ սովորաբար հավասար է եղել 3 կամ 4 աղաջի, բացառությամբ Գառնի (Ազատ) գետի ձախ ափից մինչեւ Երեւանի բերդը, որ հավասար է եղել միայն 2 աղաջի։

Սակայն պատմիչը չի բավականանում միայն կայարանների ու դրանց միջեւ եղած հեռավորությունների հիշատակմամբ։ Նա հատուկ պայմանական նշաններով նշում է նաեւ մաքսատներն ու բերդ կամ քաղաք-կայարանները։ Նրա հիշատակությունից երեւում է, որ Ագուլիսից մինչեւ Էջմիածին քաղաք էին համարվում միայն Նախիջեւանն ու Երեւանը եւ մաքսատներ կային այդ երկու քաղաք-կայարաններից բացի, նաեւ Էջմիածնում [70] ։

Զաքարիա Ագուլեցու բերված վկայությունների հիման վրա հաշիվներ կատարելիս մեկընդմիշտ պետք է նկատի ունենալ, որ նա ճանապարհի հեռավորությունները տվել է մոտավոր կերպով, որոշ դեպքերում միայն աչքաչափով։ Նա ուղղակի գրում է. «Դարձեալ, այս մանձիլնէրս որ գրած եմ, ոմն սհաթ է գրած, ոմն աղաճ։ Մին աղաճ ճանապարհն ուղտն բ սհաթ գնայ, բ ահաթէն ճանապարհն ուղտով՝ մին աղաճ ճանապարհ է։ Սէսխանէն մին աղաճ ճանապարհն մին սհաթէն կոլ գնայ։ Թէ ուղտ, թէ ձի այս գրածէս ոչ թէ կամաց գնայ կամ վռազ. ղարարով։ Այսպէս իմացայ. զերայ սհաթ էր մօտս. ինչ տեղ որ սհաթ չկէր, աղաճ եմ գրած այս ղարարովս, կամ մին մանձիլն մին սհաթ յետ կամ առաջ, կամ մին աղաճ յետ կամ առաջ... » [71]:

Այստեղից միանգամայն ակնհայտ է դառնում, որ ճանապարհների երկարության մասին Զաքարիա Ագուլեցու հաղորդած տվյալները խիստ մոտավոր են։ Նրա ասելով ուղտի կամ ձիու սովորական արագությամբ երկու ժամ անցած ճանապարհը հավասար է մեկ աղաջի։ Եթե ընդունելու լինենք, որ ուղտը կամ ձին սովորական արագությամբ ժամը անցնում են 4-5 կմ, ապա դուրս է գալիս, որ մեկ աղաջը միջին հաշվով հավասար է 8-10 կմ-ի։ Սակայն պատմագիրը անում է նաեւ մի ուրիշ վերապահություն։ Նա գրում է, որ իր հաղորդած թվերի մի մասը արտահայտված են ժամով, իսկ մյուս մասը՝ աղագներով։ Վերջինիս նա դիմել է միայն այն ժամանակ, երբ մոտը ժամացույց չի եղել։ Այնուհետեւ պատմագիրը հիշեցնում է, որ իր հաղորդած տեղեկությունները յուրաքանչյուր մանձիլում կարող են տատանվել մեկ ժամի կամ մեկ աղաջի սահմաններում։ Եվ քանի որ Արաքսի ափով այն ժամանակներում ձգվող քարավանային առեւտրի ճանապարհը Արփա, Վեդի, Գառնի (Ազատ) եւ այլ գետերի հովիտներում բավական շեղվում էին այժմյան Երեւան-Նախիջեւան խճուղու ուղղության նկատմամբ, ապա հնարավոր չէ դրա իրական երկարության որոշումը նաեւ վերջինիս միջոցով։ Մնում է ընդունել Զաքարիա Ագուլեցու հաղորդած տեղեկությունները՝ նշված վերապահություններով հանդերձ։ Այսպես, ըստ նրա Թավրիզից մինչեւ Ջուղա 19 աղաջ էր, Ջուղայից մինչեւ Երեւան՝ 21 աղաջ, Գառնի (Ազատ) գետից մինչեւ Երեւան՝ 2 1 / 2 աղաջ [72], Երեւանից Էրզրում՝ 41 աղաջ եւ այլն։

Քարավանային այդ գլխավոր ճանապարհի Երեւան-Էրզրում հատվածի մասին վերը մեջբերված վկայությունից երեւում է, որ դրա՝ այժմյան Սովետական Հայաստանի տերիտորիայով ձգվող մասն ավելի մեծ չափով է տատանվում այժմյան Երեւան-Աշտարակ-Թալին-Լենինական պետական խճուղուց։ Նախկին այդ քարավանային ճանապարհը Երեւանից դուրս գալով՝ անցնում էր Եղվարդի, Բաշ-Ապարանի (Ապարան ) վրայով, Ալագյազի (Արագած) արեւմտյան ստորոտներով եւ հասնում Կարս գետի ստորին հոսանքը, իսկ այնտեղից էլ՝ Կարսով, Գումբեթով, Հասան-կալայով ու այլ կայարանների վրայով հասնում Էրզրում [73] ։

Երեւանի վրայով անցնող Զմյուռնիա-Էրզրում-Երեւան-Ջուլֆա-Թավրիզ եւ դեպի Հնդկաստան ու Միջին Ասիա տանող այս ճանապարհը մեծ նշանակություն ուներ նաեւ մեզ հետաքրքրող ժամանակաշրջանում՝ XVIII դարի վերջերին։ 1785 թվականին վերաբերող ֆրանսիական մի քարտեզում կարեւոր այլ ճանապարհների հետ միասին ամենայն մանրամասնությամբ նշանակված է նաեւ Երեւանի վրայով անցնող քարավանային ճանապարհը [74] ։

Էրզրում-Երեւան-Ջուլֆա-Թավրիզ ճանապարհը Երեւանի համար գլխավոր, բայց միակ քարավանային ճանապարհը չէր։ Երեւանր հին ժամանակներից ի վեր Աշտարակով, Ապարանով, ու Փամբակի ձորով եւ Հրազդանի հովտով անցնող ճանապարհներով կապված էր Թիֆլիսի, իսկ Իգդիրով անցնող ճանապարհով՝ Բայազետի հետ։ Այս երեք ճանապարհների վրա մինչեւ օրս կարելի է տեսնել քարավանատների ավերակներ, որոնք ընդհանրապես գտնվում են բարձրադիր լեռնանցքներում կամ դրանց մոտակայքում։ Հրազդանի հովտով եւ Աշտարակով ու Ապարանով ձգվող ճանապարհների ուղղության մասին մենք բավական մանրամասնությամբ խոսում ենք սույն աշխատության առաջին եւ երրորդ գրքերում [75] եւ հարկ չկա նորից անդրադառնալ, մանավանդ որ դրանց ուղղությունը նախկինի համեմատությամբ մեզ հետաքրքրող շրջանում որեւէ փոփոխություն չի կրել։

Ավելի հին էր Իգդիրով դեպի Բայազետ, իսկ այստեղից էլ դեպի Արածանիի հովիտ տանող ճանապարհը։ Հին ժամանակներում Արտաշատ Տիգրանակերտ ճանապարհի (այդ ճանապարհը մեր մատենագրության մեջ հայտնի է եղել «Հայկական արքայական պողոտա» անունով)՝ Արաքսի հովտից մինչեւ Արածանիի ակունքների շրջանը ձգվող հատվածի ուղղությունը մոտավորապես նույնն էր մնացել նաեւ մեզ հետաքրքրող ժամանակներում։ Այդ ճանապարհն անցնում էր Մեծ Մասիսից արեւմուտք գտնվող լեռնանցքներով, որտեղ պահպանվել են տարբեր ժամանակների քարավանատների ավերակներ։ Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում մանավանդ Զորի (Ձորի) քարավանատան ավերակները։ 65 մ երկարություն եւ 20 մ լայնություն ունեցող այդ քարավանատունը [76], որը մասնագետների կարծիքով պետք է կառուցված լինի XIII-XIV դարերում [77], Հայաստանի ամենամեծ քարավանատներից մեկն էր եւ գտնվում էր Զորի (Ձորի) լեռնանցքի մոտ, նրա հյուսիսային կողմում, այժմյան քրդական Զոր փոքրիկ գյուղից 18-20 կմ հեռավորության վրա։ Հավանաբար XVI-XVIII դարերում Զորի քարավանատունը չէր կորցրել իր նախկին նշանակությունը եւ Երեւան-Իգդիր-Բայազետ ճանապարհի նշանավոր քարավանատներից մեկն էր։

Քարավանային ճանապարհներով հիմնականում երթեւեկում էին ուղտերով ու ձիերով։ Հիմնական փոխադրամիջոցները մանավանդ Էրզրում-Երեւան-Ջուլֆա-Թավրիզ ճանապարհում դրանք էին։ Պատահական չէ, որ Զաքարիա Ագուլեցին ճանապարհի հեռավորության համար միավոր է ընդունել ուղտի (կամ ձիու) մեկ ժամվա անցած ճանապարհը։ Եվ միանգամայն հասկանալի է, որ ուղտով կամ ձիով երթեւեկելը կապված էր մեծ դժվարությունների ու անհարմարությունների հետ։ Թավրիզից մինչեւ Երեւան, որ ընդամենը 40 աղաջ էր, բարձած ուղտերով կամ ձիերով հասնում էին 12 օրվա ընթացքում [78] ։ Բնական է, որ ուղտով կամ ձիով հնարավոր չէր մեծ զանգվածներով կամ շուտ փչացող ապրանքներ տեղափոխել։ Այդ պատճառով էլ արտաքին ու տարանցիկ առեւտրում շրջանառության մեջ էին թանկարժեք եւ երկար ժամանակ չփչացող ապրանքները։ Ճանապարհները շատ տեղերում անբարեկարգ էին։ Գարնանային հեղեղների ժամանակ դրանց որոշ հատվածները երբեմն ընդմիշտ դուրս էին գալիս շարքից եւ քարավանները հարկադրված էին իրենց համար «բանալ» նոր ճանապարհներ։ Ձմռանն առատ ձյան եւ խիստ սառնամանիքների պատճառով շատ դժվար էր լեռնային շրջաններով երթեւեկելը, լեռնանցքներից շատերը մի քանի ամսով փակվում էին, դառնում անանցանելի։ Սակայն այդ բոլորը դեռ ոչինչ, մի կերպ կարելի էր հաղթահարել, եթե ճանապարհները վտանգված չլինեին գողերի ու ավազակների կողմից։ Քարավանների վրա կատարվող ավազակային հարձակումները եւ կողոպուտն ու բռնությունները սովորական էին, չնայած դրանցից խուսափելու համար քարավանները կազմվում էին ավելի մեծ թվով վաճառականներից եւ սովորաբար պաշտպանվում էին ուղեկցող զինված ջոկատների կողմից։ Բացառված չէին այն դեպքերը, երբ խաներն ու բարձրաստիճան մյուս պաշտոնյաները իրենք էին գաղտնի կերպով կազմակերպում ավազակային հարձակումներ՝ «չափուներ», ինչպես դրանք կոչված են սկզբնաղբյուրներում [79] ։

Զաքարիա Սարկավագը, խոսելով Երեւանի ժամանակավոր խաներից մեկի մասին եւ նրան բնութագրելով որպես հովանավոր անառակության, գողության, ավարառության, որպես բոլոր ստոր միջոցներով քրիստոնեաներին հալածող գարշելի մի բռնակալ, մասնավորապես նշում է, որ նրա օրոք... «բազմացան աւացակք ի ճանապարհի, եւ գողք ի շէնս. վասն այս պատճառի ո´չ ոք կարէր գնալ ի ճանապարհ, զի կողոպտէին։ Եւ ի բազում եկեղեցիս մտին գողք եւ աւար առին» [80] ։

Վիճակն էապես չէր տարբերվում նաեւ մյուս խաների ժամանակներում։ Հարություն Արարատյանի վկայությամբ XVIII դարի վերջերին նույնպես Երեւանի խանությունում տարածված էր ավազակությունն ու գողությունը, որ այնքան մեծ վնաս էին հասցնում մանավանդ առեւտրին։ «Ես պատրաստ էի ենթարկուիլ ամեն տեսակ վտանգների, գրում է Հարություն Արարատյանը, միայն թէ աչքով կարողանայի տեսնել այն տեղերը (Մասիսի լանջերին Թ. Հ. ), բայց եղբայրս ոչինչ բանով չը համաձայնեց գնալ՝ աւազակների չը հանդիպելու երկիւղից։

Եւ արդարեւ, մեր երկրումն անվտանգ ճանապարհորդելու համար՝ միշտ հաւաքւում են 10, 15 եւ աւելի մարդ, կարաւան են կազմում եւ այնպէս են ճանապարհ գնում» [81] ։

Դրանք, ինչպես նաեւ քաղաքական աննպաստ իրադարձություններն ու երկրի փակ բնատնտեսությունը մեծապես արգելակում էին արտաքին առեւտրի զարգացմանն ու ծավալմանը։ Սակայն դրանք ավելի շուտ ազդում էին ներքին առեւտրի վրա, քան արտաքին ու տարանցիկ առեւտրի։ Մեզ հասած մատենագրական ու արխիվային նյութերը ցույց են տալիս, որ Թուրքիայի ու Պարսկաստանի եւ Պարսկաստանի ու Ռուսաստանի միջեւ կատարվում էր աշխույժ առեւտուր։ Այդ առեւտրում կարեւոր դեր էին խաղում հայ վաճառականները։ Սկզբնաղբյուրների հաղորդած տեղեկություններից ակնհայտ է դառնում, որ Երեւանի վաճառականները հաճախ լինում էին Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում, որտեղից մեծ թվով վաճառականներ էին գալիս Երեւան եւ Անդրկովկասի մյուս քաղաքները։

XVIII դարի թուրք պատմագիր Սուլեյման-Իզզի վկայության համաձայն, Էրզրումի եւ Կարսի կողմերում երթեւեկող վաճառականներն իրազեկ էին Նադիր-Շահի պետության ներքին դրությանը եւ իրերի վիճակի մասին հաղորդում էին պետության մայրաքաղաք Ստամբուլ [82] ։ Այստեղից պարզ երեւում է, որ այդ վաճառականները երթեւեկում էին նաեւ Երեւանի ու նրա հարեւան խանություններում։ Այդ նույն ժամանակներում, ըստ Աբրահամ Կրետացու վկայության, Երեւանի արեւմտյան հարեւան փաշայությունների ու վիլայեթների հետ առեւտուր կատարելու համար մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում հատկապես պարսիկները։ Նադիր-Շահը ընդունելով Աբրահամ Կրետացի կաթողիկոսին, առաջին հերթին հետաքրքրվում է երթեւեկ վաճառականներով, Կարսի, Բայազետի եւ մյուս շրջանների հետ ունեցած հարաբերություններով ու առեւտրով։ Պատմագիր կաթողիկոսը գրում է. «Եւ ՚ի նոյն օրն երեկոյեան ժամու, ոմն ՚ի սպասաւորաց իւրոց առաքեաց եւ կոչեաց զիս. որ եւ ես առեալ ղՔալանթարն փութացայ առ մեծազօր խանն... եւ ծանուցին նմա վասն իմ։ Որ եւ իսկոյն կոչեաց զիս առջեւսն. եւ իմ առեալ զՔալանթարն (Երեւանի– Թ. Հ. ) կացի առաջի իւր. որ եւ սկսաւ հարցանել վասն Երեւանայ կողմանցն, եւ վասն Ղարսայ, եւ կարաւանից երթեւեկողաց, եւ վասն Պայազիտու եւ Քրտստանա կողմանց. որ եւ ըստ պատշաճին տուր զպատասխանին... այլ եւ ըստ հրամանի քում՝ զոր պատուերեցիր ՚ի Թիֆլիզ՝ ինձ եւ Խանին՝ գրել ամենայն ուրեք վասն երթեւեկողացն՝ գրեցաք. այլ եւ Ղարսայ փաշային, եւ զԱրզրումայ Սէասքէրին Ահմէտ փաշային գրեցի. արզաներ վասն վաճառականաց. եւ ահա սկսան գալ կարաւանք եւ վաճառականք՝ թէ մեր ազգէ, եւ թէ յՕսմանցւոց։ Այլ եւ մեծամեծ կարաւանք կան՝ որ մօտ օրերս գալոց են» [83] ։

Պատմիչի վկայությունից պարզ երեւում է, որ Ղարսի, Էրզրումի եւ մյուս շրջանների հետ Երեւանն ուներ մշտական առեւտուր եւ որ այդ առեւտրին մասնակցում էին հայերն ու թուրքերը։

Երեւանի վաճառականներից մեզ հետաքրքրող շրջաններում այցելում էին Արեւմտյան Եվրոպայի երկրներ, Լեհաստան, Ռուսաստան եւ ուրիշ տեղեր։

Հայկական տպագրության մեծ երախտավոր Ոսկան Երեւանցու եղբայր Ավետիսը XVII դարի 60-ական թվականներին Երեւանից Հոլանդիա էր գնացել վաճառականական նպատակներով, որտեղ Մատթեւոս Ծարեցու հետ միասին հիմնել է հայկական տպարան [84] ։ Ավետիսն ու Մատթեւոսը բացառություն չէին կազմում։ Երեւանից եւ Հայաստանի այլ քաղաքներից Հոլանդիա ու Արեւմտյան Եվրոպայի ուրիշ երկրներ այցելում էին հայ շատ վաճառականներ։ Վաճառական Ստեփան Թոփչիեւի գործակատար Գասպար Այվազովը եւ խոջա Գրիգորը վաճառականական նպատակներով նույնպես եղել են Եվրոպայում՝ Լեհաստանում։ Խոջա Գրիգորը Լեհաստանում եղել է 20 տարի շարունակ։ Նա իր հայրենի քաղաք Երեւանից դուրս է եկել ընդամենը 16 տարեկան հասակում եւ նորից այնտեղ է վերադարձել 36—37 տարեկանում։ Հայսմավուրքի վերջում պահպանված է 1652 թվականի մի ընդարձակ հիշատակարան, որտեղ տեղեկություններ են հաղորդված նրա տոհմական ծագման, առեւտրական գործունեության եւ Լեհաստանից վերադառնալուց հետո իր հայրենի քաղաքում կատարած մշակութային ու շինարարական աշխատանքների մասին։ Հիշատակարանում ասված է. «Արդ երես անկեալ աղաչեմ... յիշեցեք... զԽօջայ Գրիգորն զստացող յայսմաւուրիս։ Զի էր սա ի յԱրարատեան, ի գիւղաքաղաքէն Երեւանայ, որդի Արզումբէկի, որդւոյ Սիմէոնի, որ մականուն Մոծակ կոչի։ Եւ յաւուր միում մտաւ ածեալ զգործ վաճառականութեան յուսացեալ ւԱստուած ել յաջողութիւն նորա եւ գնաց։ Եւ ի գնալն նորին էր հասակն իւր ամաց վեշտասանից... ել յերկրէ եւ զազգէ իւրմէ վաճառական պատճառաւ գնաց ի յերկիրն Իլախաց, որ է Լեհ. Զոր բազում նեղութիւն եւ անձկութիւն կրեաց ընդ ծով եւ ընդ ցամաք շրջագայութեամբքն իւրով ամս Ի։ Եւ յետոյ ի միտ էած զաւանդութիւն նախնեացն եւ զանազանութիւն տիրախնամ, աստուածաշէն երկիրն իւրոյ Արարատեան եւ զիջումն միածնին ի նմին եւ զայլ բազումս սրբոցն որք անդ կան կառուցեալ եւ զպայծառութիւն բարձրաբերձ եկեղեցեաց, որք շինեալ կան ի թագաւորաց եւ իշխանացն Հայոց ի բազում ժամանակաց։ Զայս ամենայն ի միտ բերեալ աստուածասէր այրս խօջա Գրիգորն եւ մեծաւ փափագմամբ յուղի անկեալ եկն եհաս ի բնիկ յերկիրն իւր Այրարատ» [85] ։

Հիշատակարանից դժվար չէ կռահել, որ խոջա Գրիգորը 16 տարեկան հասակում գնալով Լեհաստան՝ բազմաթիվ տարիներ զբաղվում է վաճառականությամբ՝ կուտակելով մեծ հարստություն, որի մի մասը հայրենիք վերադառնալուց հետո օգտագործում է բարեգործական նպատակներով։ Կարելի է ենթադրել, որ երիտասարդ, վաճառականի գործարքները չէին սահմանափակվում միայն Լեհաստանով։ Նա վաճառականական նպատակներով 20 տարի շրջագայել է ծովով ու ցամաքով՝ կրելով բազմաթիվ դժվարություններ ու նեղություններ։

Ստեփան Թոփչիեւի գործակից Գասպար Այվազովը Լեհաստանում եղել է ավելի ուշ, XVII դարի 90-ական թվականներին։ Մոսկվայի հին ակտերի կենտրոնական պետական արխիվում տեղեկություններ են պահպանվել Գասպար Այվազովի, ջուլֆեցի խոշոր վաճառական Ստեփան Թոփչիեւի եւ նրա որդու վաճառականական գործունեության մասին, որը հիմնականում կապված էր Ռուսաստանի եւ մասամբ Լեհաստանի հետ [86] ։ Ստեփան Թոփչիեւը Ջուլֆայից էր, իսկ Գասպար Այվազովր նրա գործակատարներից մեկն էր եւ ապրում էր Երեւանում։ Պետրոս Առաջինին ուղղված իր խնդրագրում Գասպար Այվազովը հաղորդում է, որ ինքը Ստեփան Թոփչիեւի կարգադրությամբ Երեւանից նախ գնացել է Թուրքիայի մայրաքաղաք Ցարգրադ (Ստամբուլ), ապա՝ Լեհաստան։ Այնուհետեւ հաղորդում է, որ ինքը Լեհաստանից Մոսկվա է եկել որոշ ապրանքներով եւ, մաքս վճարելով, խնդրում է տալ թույլտվություն Աստրախան գնալ՝ այնտեղից եկած իր ազգակից վաճառականների հետ միասին [87] ։ Նա ստանում է այդ թույլտվությունը եւ Աստրախանով ու Կասպից ծովով վերադառնում իր հայրենի քաղաքը։

Արեւելյան Հայաստանից Արեւմտյան Եվրոպայի երկրներ ու Լեհաստան գացող վաճառականներն, այնուամենայնիվ, առանձին անհատներ էին, որոնք իրենց գործունեությամբ հաճախ թույլ են կապված եղել իրենց հայրենի Երեւան քաղաքի հետ։ Երեւանի եւ Արեւելյան Հայաստանի մյուս քաղաքների արտաքին առեւտրի մեծագույն մասը բաժին էր ընկնում Պարսկաստանին, Ռուսաստանին, Վրաստանին եւ Թուրքիային։ Երեւան այցելող վաճառականները բազմաթիվ էին։ Այստեղ իրենց ապրանքներով գալիս էին Արեւմտյան Հայաստանից, Պարսկաստանից, Թիֆլիսից, Ստամբուլից, Զմյուռնիայից, Աստրախանից եւ ուրիշ շատ տեղերից, Վրաստանի եւ Պարսկաստանի միջեւ կատարվող առեւտուրը հիմնականում տեղի էր ունենում Երեւանի վրայով։ Ականատես հեղինակների վկայությամբ, թիֆլիսեցի վաճառականները, որ գրեթե բոլորը հայեր էին, մեծ քարավաններ էին կազմում եւ զինված էին։ Նրանք պարսկական եւ արեւելյան այլ ծագումի ապրանքները գնելով Պարսկաստանում՝ Թավրիզի ու Երեւանի վրայով տանում էին Թիֆլիս [88] ։

Երեւանը նույնպիսի դեր էր խաղում նաեւ Պարսկաստանի ու Թուրքիայի միջեւ կատարվող առեւտրի բնագավառում։

Ռուսաստանի հետ կատարվող պարսկական առեւտրի մեջ գրեթե մենաշնորհ դեր ունեին հայերը։ Պարսկահայերն իրենց ձեռքն էին վերցրել ռուս-պարսկական առեւտուրը։ Այդ առեւտրի հիմնական հանգույցը Ռուսաստանում Աստրախանն էր՝ Վոլգա գետի մայրուղու սկզբնակետում, իսկ պարսկական պետությունում՝ Շամախին։ Մոսկվայի հին ակտերի կենտրոնական պատմական արխիվում պահպանվել են այդ առեւտրին վերաբերող բազմաթիվ գործեր ու փաստեր [89], որոնց միջոցով հնարավոր է մոտավոր ճշտությամբ վերականգնել ռուս-պարսկական առեւտրի բնույթը, ծավալը, առեւտրի ապրանքները, հայ առեւտրականների ու վաճառականների խաղացած դերը, մաքսային սիստեմի առանձնահատկությունները, այդ առեւտուրը խթանող ու խափանող ազդակները եւ այլն։ Ռուս-պարսկական առեւտրին մասնակցում էին նաեւ Երեւանի վաճառականները, որոնք ծագումով մեծամասամբ Ագուլիսից եւ Ջուղայից էին։

Առեւտրական շրջանառությունը շատ դանդաղ էր կատարվում։ Դրա հիմնական պատճառներից մեկը փոխադրական միջոցներն էին։ Քարավանային եւ արտաքին առեւտուրը բացառապես կատարվում էր ուղտերով եւ ձիերով, որոնք շատ դանդաղաշարժ էին։ Օրինակ՝ Թավրիզից մինչեւ Երեւան քարավանները գնում էին 12 օրում [90] ։ Դեռ այս ճանապարհն ամենաբարեկարգ եւ համեմատաբար անվտանգ ճանապարհներից էր։ Ուրիշ ճանապարհներում քարավանների արագությունն ավելի փոքր էր։

Երթեւեկ վաճառականներին սպասարկելու համար Երեւանում XVIII դարում կար 7 քարավանատուն, որոնց կից կառուցված էին ախոռներ, պահեստներ, գիշերելու համար սենյակներ եւ բազմաթիվ կրպակներ։ Քարավանատներում կրպակները պետական էին եւ տրվում էին մենավարձով [91] ։

Հայտնի է, որ բոլոր ժամանակներում արտաքին առեւտրի վիճակը մեծապես կախված է եղել նաեւ մաքսային հարկադրույքից։ Ինչքան բարձր է եղել հարկադրույքը եւ շատ են եղել մաքսատները, այնքան արտաքին առեւտուրը նեղվել է։ Զաքարիա Ագուլեցու վկայության համաձայն, XVII դարում Երեւանի խանությունում կար երկու մաքսատուն՝ մեկը Երեւանում, իսկ մյուսը՝ Էջմիածնում [92] ։ Սակայն ինչպես երեւում է Սիմեոն կաթողիկոսի հաղորդած տեղեկություններից, Էջմիածնի մաքսատունը տեղական նշանակություն ուներ եւ հսկում էր ու մաքսադրում միայն Էմիածին մտնող ապրանքները այն էլ միայն խաների հատուկ թույլտվությամբ։ Նա գրում է. Սոյն Խալիլ-խանն զզիր մի եւս տայ սրբոյ Աթոռոյս վասն մեր քարավանսարային թէ՝ որպէս ի բնէ կարգն է, վաճառականաց բեռն բացուի եւ կապուի, Երեւան նստող բազազքն մի խօսեցին» [93] ։ Դժվար չէ տեսնել, որ Երեւանի խանություն մտնող վաճառականների ապրանքներն իրավունք ունեին բացել եւ նորից կապել Երեւանի բազազները։ Իբրեւ արտոնություն, բացառության կարգով խաների կողմից այդպիսի իրավունք էր տրված նաեւ էջմիածնի քարավանատանը, որը սակայն իրավունք ուներ բացելու ու փակելու միայն Էջմիածին մտնող ապրանքների հակերը։

Մաքսատները համարվում էին պետական եւ տրվում էին մենավարձով։ Սովորաբար զառաբ-խանան ու մաքսատունը տրվում էր միեւնույն անձնավորությանը։ Զաքարիա Ագուլեցին վկայում է, որ, օրինակ՝ երկար ժամանակ զառաբ-խանայի հետ միասին Երեւանի մաքսատունը եւս մենավարձով տրվել էր իր եղբորը՝ Շմավոնին [94] ։

Երեւանի խաներից շատերը վարում էին առեւտուրը հովանավորող քաղաքականություն։ Նրանք առեւտուրը դիտում էին որպես խանական գանձարանի հարստացման հիմնական ու հուսալի աղբյուրներից մեկը եւ ձգտում էին հնարավորին չափով ընդլայնել այն։ Օրինակ՝ Խոսրով խանը (1648-1654) արտաքին ու տարանցիկ առեւտուրը զարգացնելու համար վերացրել էր ճանապարհային մաքսը [95], իսկ վերջին խանի կին Ֆաթմա խանումը 1805 թվականին կարգադրել էր Էջմիածին ուխտի եկողներից ընդհանրապես մաքսային գանձումներ չկատարել [96] ։ Սակայն եղել են եւ այնպիսի խաներ, որոնք դաժան ու ծանր հարկային քաղաքականության հետ միասին բարձրացրել են նաեւ մաքսային դրույքները՝ անուղղակիորեն հարվածելով արտաքին ու տարանցիկ առեւտրին։ Այդ կարգի ընչաքաղց խաներից էր Խոսրով խանին փոխարինած Լալա-բեկը։ Զաքարիա Սարկավագը գրում է, որ վերջինս, «քայքայեաց զամենայն ուղղութիւնս՝ զոր եդեալ էր Խոսրով խանն։ Վասնզի ծանրացոյց զհարկն. եւ հաստատեաց զմաքսն ճանապարհաց, եւ զոր ինչ վաճառիւր ծանրագնի թէ՛ ցորեան եւ թէ՛ այլ ինչ» [97] ։

«Զմաքսն ճանապարհաց» ասելով չպետք է հասկանալ մաքսն ընդհանրապես։ Ներմուծվող ապրանքներից վերցվող մաքսը երբեք եւ ոչ մի խանի օրոք չի վերացվել։ Խոսքն այստեղ վերաբերում է ճանապարհների, կամուրջների համար վերցվող մաքսին, որն Արեւելքի երկրներում ընդհանրապես չի եղել։ Այս կամ այն բռնակալն ու խանը այդպիսի մաքս մտցնում էր հատուկ հրամանով, որը, սակայն, ժամանակի ընթացքում նորից վերացվում էր։ Տվյալ դեպքում Զաքարիա Սարկավագի խոսքը վերաբերում է նրան, որ Խոսրով խանը վերացրել էր ճանապարհների մաքսը, իսկ նրան փոխարինած Լալա-բեկը նորից այն վերականգնել էր։

Վերցվող մաքսի չափի մասին հավաստի տվյալներ չեն պահպանվել։ Միայն հայտնի է, որ յուրաքանչյուր մաքսատուն ներմուծվող ապրանքներից գանձել է որոշ քանակությամբ մաքս։ Շատ թե քիչ արժանահավատ տվյալները վերաբերում են վերջին սարդարի՝ Հուսեին-Ղուլի խանի ժամանակներին։ Սակայն դրանով եւս հնարավոր չէ ճիշտ գաղափար կազմել արտաքին ու տարանցիկ առեւտրի վերաբերյալ, որովհետեւ վերջին սարդարի վեզիր Միրզա Իսմայելի՝ հարկերի ու տուրքերի մասին թողած ամփոփագրի մեջ տրված է ոչ թե բուն մաքսը, այլ դրա կապալագինը, որ մտնում էր սարդարական գանձատունը որպես եկամուտ։ Ըստ նրա, Հուսեին խանի իշխանության վերջին տարում սարդարական գանձարանը մաքսատունը մենավարձով տալուց ստացել էր 2. 500 թուման (10. 000 ռուբլի) եկամուտ [98], իսկ ըստ Ջեմս Մորիերի վկայության սարդարական այդ եկամուտը 1815 թվականին կազմել էր 12. 000 թուման (48 հագար ռուբլի) [99] ։

Միանգամայն հասկանալի է, որ սարդարական գանձարանը մուծված գումարն իր չափերով չէր կարող համեմատվել մենավարձողի կողմից վերցվող ընդհանուր մաքսի հետ։ Չհաշված չարաշահումները, անօրինական մածումները եւ ուղղակի թալանը, որ հազվադեպ չէին պարսկական եւ թուրքական հետամնաց պետությունների կյանքում, գանձվող մաքսի ընդհանուր քանակը մի քանի անգամ գերազանցում էր սարդարին վճարվող մենավարձի չափից։

Արտաքին ու ներքին առեւտրի զարգացմանը մեծապես խանգարում էր դրամական միավորների եւ չափի ու կշռի բազմազանությունը։ Մենք արդեն տեսանք, որ Երեւանում շրջանառության մեջ էին գտնվում զանազան երկրների տարբեր կարգի դրամական միավորներ, որոնք իրենց պարունակած ոսկու կամ արծաթի քանակությամբ միշտ չէ, որ համապատասխանում էին սահմանված չափին եւ շատ դեպքերում բավական անորոշ էին։ Սակայն դրամական միավորների բազմազանությունն ու անորոշությունը, չափ ու կշիռների միավորների բազմազանության ու անորոշության հետ համեմատած, շատ չնչին էր։ Երեւանի խանությունում եւ Երեւան քաղաքում գործածության մեջ էին պարսկական, թուրքական, տեղական չափ ու կշիռների բազմատեսակ միավորներ, որոնք շատ դեպքերում չունեին իրենց որոշակի սահմանը [100] եւ դրանով իսկ խոչնդոտում էին արտաքին ու ներքին առեւտրի զարգացմանը՝ միաժամանակ պատճառ դառնալով մեծ չարաշահումների։ Այսպես, օրինակ՝ Երեւանում գործածության մեջ գտնվող կշռի հիմնական միավորներից մեկը՝ լիտրը, բուն Պարսկաստանում հավասար էր 6, 95 կգ-ի, Թիֆլիսում՝ 3, 5 կգ-ի, Լոռիոլմ՝ 2, 4, Շիրակի գյուղերում՝ 8, իսկ Երեւանում՝ 4, 8 կգ-ի։

Առեւտրով զբաղվում էին շատ-շատերը՝ արհեստավորներից ու մանր առեւտրականներից սկսած մինչեւ հարուստ վաճառականներն ու ինքը՝ սարգարը։ Հայտնի է, որ մեզ հետաքրքրող ժամանակաշրջանի պարսկական ու թուրքական պետություններում պրոֆեսիոնալ վաճառականությունն՝ ըստ իր կապիտալի մեծության կատարած առեւտրի ծավալի եւ երկրի կյանքում խաղացած դերի, բաժանվում էր չորս խմբի՝ սովդաքյարների, բինախտ արն երի, բազազների եւ չարչիների։ Սովդաքյարները ամենահարուստ, բարձր դիրք ունեցող վաճառականներն էին, նրանք զբաղվում էին մեծածախ առեւտրով, մաքսից բացի, ազատված էին բոլոր կարգի հարկերից եւ պատկանում էին հասարակության բարձր խավին։ Բինախտարներն իրենց հարստությամբ ու իրավունքներով զիջում էին սովդաքյարներին, բայց նրանք եւս հիմնականում զբաղվում էին մեծածախ առեւտրով։ Իսկ բազազներն ու չարչիները (փերեզակներ) զբաղվում էին մանրածախ առեւտրով։ Դրանցից բազազները, որ կազմում էին Երեւանի ամենաուժեղ համքարություններից մեկը, ունեին բավական արտոնություններ, բայց, թե՛ նրանք եւ թե՛ չարչիները համարվում էին հարկատու [101] ։

Արտաքին առեւտրի բնագավառում սովդաքյարները գրեթե ունեին մենաշնորհ դիրք։ Աբրահամ Կրետացին, խոսելով Նադիր-Շահի ժամանակներում հաստատված ժամանակավոր խաղաղության շնորհիվ երկու երկրների՝ Պարսկաստանի եւ Թուրքիայի միջեւ կատարվող առեւտրի համար նպաստավոր պայմաններ ստեղծվելու եւ այդ առեւտրում սովդաքյարների խաղացած դերի մասին, դրում է, «Եւ ըստ պատուիրելոյ մեծի Խանին (Նադիր շահի Թ. Հ. ), ես եւ Երեւանայ Խանն գրեցաք ՚ի Ղարս, յԱրզրում, եւ յայլ տեղիս, ես իմ ազգին, եւ նա եւս յատուկ Ղարսայ Փաշային, եթէ հրաման եղեւ մեզ ի մեծ Խանէն ծանուցեալ յերկրին, եւ արզ առնել մեծի տէրութեան ձերում. որովհետեւ խաղաղութիւն եւ հաշտութիւն եղեւ, յայսմհետէ անկասկած գայցեն սեւտակարքն, եւ ամենայն ոք անկասկած եւ աներկիւղ վաճառեսցեն, եւ գնեսցեն, զոր ինչ կամեսցին եւ արեսցեն։ Եւ այնպէս Կոնդակս ծանուցի ՚ի Ղարս, յԱրզրում, ՚ի Թօխաթ, ՚ի Պայազիտ, ՚ի Վան եւ ՚ի Բաղէշ» [102] ։

Այս առիթով տեղին է նկատել, որ տարբեր պետությունների կազմում գտնվող Արեւելյան Հայաստանն ու Արեւմտյան Հայաստանը խաղաղ պայմաններում իրար հետ ունեին տնտեսական սերտ հարաբերություններ։ Նադիր-Շահի ժամանակներում հաստատված ժամանակավոր խաղաղության առիթից օգտվելով՝ շահի խորհրդով Երեւանի խանը եւ Հայոց կաթողիկոսը, առաջինը Կարսի փաշային ուղղված դիմումով, իսկ երկրորդը՝ արեւմտահայությանը դրած կոնդակով կոչ են անում առեւտուրը զարգացնելու, երթեւեկ վաճառականների համար խոստանալով ստեղծել միանգամայն անվտանգ պայմաններ։

Ինչպես ասվեց, Երեւանում բավական ուժեղ էին բազազները։ Նրանց էր վերապահված Երեւան ներմուծվող ապրանքների հակերը բաց անելու եւ ստուգելու իրավունքը։ Նրանք թեպետեւ զբաղվում էին մանրածախ առեւտրով, բայց բազմամարդ էին եւ իրենց կազմած համքարությամբ մեծ դեր էին խաղում քաղաքի ներքին տնտեսական կյանքում։

Աղբյուրներում սովորաբար բոլոր կարգի վաճառականները հիշատակվում էին մի ընդհանուր՝ խոջա անվան տակ [103] ։ Երեւանում մեզ հետաքրքրող ժամանակներում հիշատակվում են բազմաթիվ խոջաներ՝ Հովսեփ, Հակոբ, Գրիգոր, Իսահակ, Սեթ, Յաղուբ, Սահակ, Աբրահամ, Թորոս, Մանուկ, Թադեւոս, Մատթեոս եւ շատ ուրիշներ [104] ։ Այդ բոլոր խոջաներն առեւտրի ու վաճառականության հետ միասին զբաղվում էին նաեւ տնտեսական այլ գործարքներով՝ կապալառությամբ, վաշխառությամբ, կալվածքների առ ու վաճառքով եւ այլն [105] ։

Վաճառականների կապիտալների մեծության վերաբերյալ շատ թե քիչ արժանահավատ տվյալներ չեն հասել մեզ։ Անուղղակի փաստերը ցույց են տալիս, որ պարսկական տիրապետության վերջին շրջանում Երեւանում հարուստ վաճառական կամ առեւտրական են համարվել նրանք, ովքեր ունեցեք են մինչեւ 6 հազար ոուբլու (արծաթ դրամով հաշված) կապիտալ, եւ այդպիսի առեւտրականների ու վաճառականների թիվը եղել է շատ փոքր։ Տասը հազար ռուբլի եւ ավելի կապիտալ ունեցող վաճառականներ ու առեւտրականներ գրեթե չկային ո՛չ հայերից եւ ո՛չ էլ պարսիկներից, թաթարներից կամ թուրքերից։ Մի քանի վաճառականներ ու առեւտրականներ չնայած կատարում էին 10-20 հազար ռուբլու առեւտուր, սակայն նրանց մոտ շրջանառության մեջ գտնվող փողը պատկանում էր ոչ թե մեկ, այլ բազմաթիվ մարդկանց [106] ։

Նախորդ շրջանի վաճառականների կապիտալների մեծության մասին այնուամենայնիվ պահպանվել են մի շարք անուղղակի փաստեր, որոնք կարող են որոշ գաղափար տալ նրանց դիրքի ու առեւտրա-տնտեսական գործունեության վերաբերյալ։ Պատմական աղբյուրների վկայությունները ցույց են տալիս, որ մեզ հետաքրքրող շրջանի ամենահարուստ եւ հայտնի վաճառական-կապալառուներից մեկը Շմավոնն էր, պատմագիր Զաքարիա Ագուլեցու եղբայրը։ Վերջինս նրա կիտած անբավ հարստությունների մասին գրում է. «Շատ փող, ըռզակ կիտեց, որ համբաւն Հընդստան եւ Ֆռանգստան հասաւ» [107] ։ Զառաբխանայից եւ մաքսատնից ստացված նրա եկամուտները մեծ գումարների են հասնում։ Շատ ուրիշ վաճառականների նման Շմավոնը եւս կատարել է որոշ բարեգործական աշխատանքներ։ Նա իր միջոցներով վերանորոգել է տվել Խորվիրապը եւ կառուցել տվել փոսի վրայի փոքր եկեդեցին [108] ։ Սակայն ուրիշ շատ վաճառականների նման Շմավոնը եւս սնանկանում է։ Նա մահանում է Սպահանում աղքատության մեջ եւ պարտքերի տակ ընկած [109] ։

Շմավոնից ավելի հարուստ եւ ավելի մեծ կապիտալներ ուներ վերը նշված խոջա Գրիգորը՝ Սիմեոնի որդին։ Մեծ կապիտալներով վերադառնալով իր հայրենի քաղաք Երեւան՝ Գրիգորը կատարում է «բարեպաշտական» աշխատանքներ՝ կառուցում է կաթողիկե եկեղեցու ժամատունը՝ եկեղեցուն նվիրելով թանկարժեք զանազան ձեռագրեր, ապրանքներ, Աշտարակի մոտ կառուցել է տալիս մի կամուրջ, Գետառից (Կըրխբուլաղ) քահրեզով ջուր բերում մինչեւ Կաթողիկեի բակը (այժմյան ԳԱ պատմության ու լեզվի ինստիտուտների շենքի մոտ), Երեւան քաղաքին ազատում մուլք վճարելուց եւ այլն։ Հայսմավուրքի հիշատակարանում խոջա Գրիգորի այդ «բարեպաշտության» մասին հետեւյալն է ասվում. «Եւ յԵրեւանու քաղաքիս մուլքն ազատեալ վախմ արար, յիշատակ իւրն եւ ծնողաց իւրոց։ Եւ շինեաց զԿաթողիկէ եկեղեցւոյ ժամատունն ի հիմանց բազում ծախիւք. եւ ետ ընծայս եկեղեցւոյ մէկ Յասմաւուր, մէկ Ճաշոց, մէկ ոսկետուփ մագաղաթ աւետարան, մէկ ատենի Սաղմոսարան, մէկ զառբաբ շուրջառ իւր զգեստովն, մէկ արծաթէ բուրվառ, մէկ ջահ, չորս թուջի կանթեղ, մէկ թիքմայ վակաս մարգարտաշար, մի թիքմայ աղաւարտ մարգարտաշար, երկու բասմայ ծածկոց, մէկ թուջի բուրվառ, երեք շապիկք, մի ջուխտ ծնծղայ, երկու զանգակ, մի ջուխտ արծաթե քղոց, մի խաչվառի խաչ, Ճ (100) մարղլի իւր խաչվառովն, մեկ վարագոյր նորոգեաց իւր խարճովն, մէկ կամուրջ շինեաց Փարաքարայ ջրին վերայ, մէկ քահրեզով ջուր երեր ի Գրխբուլաղի ջրէն Կաթողիկէի շրջապատի միջովն, հասոյց ի մէջ քաղաքին կամարաձեւ կերպիւ, որ եւ Աստուած վարձահատոյց լիցի» [110]:

Դրամի վերածելով կտեսնենք, որ Մոծակ մականվանված խոջա Գրիգորը միայն «բարեպաշտական» նպատակներով ծախսել է տասնյակ Հազար թուման եւ ակնհայտ է դառնում, որ նրա կապիտալները հասնում էին մեծ չափերի։

Հայ վաճառականներն արտաքին առեւտրից ունեին մեծ շահույթ եւ կարող էին արագ հարստանալ ու բարձրանալ։ Եվրոպական ապրանքները նրանք համեմատաբար էժան գնելով տեղում երբեմն վաճառում էին տասնապատիկ ավելի գներով եւ ստանում էին մեծ շահույթ։ Եվրոպացի ականատեսներից մեկը վկայում է, որ ջուղայեցի վաճառականը տասնապատիկ շահույթ էր ստանում Վենետիկից բերած կեղծ գոհարների վաճառքից։ Նա այնուհետեւ նշում է, որ երեւանցի մի մսագործ Ջուղայում վաճառականություն անելով կուտակում է մոտ մեկ միլիոն ֆրանկի հասնող հարստություն [111]:

Բերված փաստերը ցույց են տալիս, որ մեզ հետաքրքրող ժամանակներում XVII—XVIII դարերում հայ վաճառականները, որոնց թվում նաեւ մասամբ Երեւանի վաճառականները իրենց ձեռքում կենտրոնացրել էին հսկայական հարստություններ՝ տասնյակ հազարների հասնող կապիտալներ։

Պատմական աղբյուրների վկայություններից երեւում է, որ Ջուղայի եւ առեւտրական այլ կենտրոնների վաճառականության նման Երեւանում եւս առաջացել էին վաճառականական տներ, որոնց համար աոեւտուրը դարձել էր մի տեսակ ժառանգական զբաղմունք [112] ։ Այդպիսի ընտանիքներում որդին հորից ժառանգելով պատկառելի քանակությամբ կապիտալ, շարունակում է այն մեծացնել եւ կապիտալի համակենտրոնացումն այդ եղանակով հասնում է բավական մեծ չափերի։ Սակայն բացառված չէր նաեւ վաճառականների «աղքատացումը»՝ սնանկացումը, որի հետեւանքով նրանք ոչ միայն կորցնում էին իրենց կուտակած ամբողջ հարստությունը, այլեւ ընկնում էին ծանր պարտքերի տակ։ Մենք տեսանք, որ այդպիսի վաճառական է եղել Զաքարիա Ագուլեցու եղբայրը՝ Շմավոնը։ Պարտքերի համար նրա մահից հետո Սպահանում բանտարկեցին Զաքարիային, որը նույնպես վաճառական էր, առեւտրական նպատակներով ճանապարհորդել էր Պարսկաստանում, Թուրքիայում, Իտալիայում, Գերմանիայում, Հոլանդիայում եւ այդ ընթացքում կազմել էր օրագիր-հիշատակարանը, որն այնքան կարեւոր տեղեկություններ է պարունակում ժամանակի տնտեսական ու առեւտրական կյանքի վերաբերյալ։


[1]            Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 54։

[2]            Ю. Яралов, Ереван, Москва, 1948, էջ 8:

[3]            И. Шопен, Ист. памятник Армянской области, էջ 873։

[4]            Նույն տեղում։

[5]            Նույն տեղում, էջ 872 874։ Տե՛ս նաեւ "Обозрение российских владений за Кавказом", т. IV, СПб, 1836, էջ 280—281։

[6]            А. С. Грибоедов, Полное собрание сочинений, т. I, С. -Петербург, 1889, էջ 42:

[7]            И. Шопен, Ист. памятник Арм. области, էջ 877:

[8]            Տե՛ս Ե. Շահազիզ, Հին Երեւանը, էջ 44։

[9]            Записки декабриста Е. Лачинова об Армении (տե´ս М. Нерсисян, Из истории русско-армянских отношений, кн. I, Документы, էջ 359):

[10]          Մանրամասն տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երեւանի պատմությունը (1801-1879 թթ. ), էջ 97-99։

[11]          И. Шопен, Исторический пам. Арм. области, էջ 469 եւ 882։

[12]          Նույն տեղում, էջ 882։

[13]          Տե՛ս նույն տեղում։

[14]          С. А. Егиазаров, Исследование по истории учрежд. в Закавказье, ч. II, էջ 18։

100 ա      Տե՛ս Սիմեոն Երեւանցի, Ջամբռ, էջ 181։

[15]          Տե՛ս Միք. Մանվելյան, Երեւան (Հատված համանուն վեպից), Հին Երեւանը («Խորհրդային գրականություն» ամսագիր, 1938, 6-7, էջ 98):

[16]          Նույն տեղում, էջ 100։

[17]          Նույն տեղում, էջ 98—99:

[18]          Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երեւանի պատմությունը (1801-1879 թթ. ), էջ 92։

[19]          Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 54։

[20]          Հովհ. Հակոբյան, Աղբյուրներ Հայաստանի եւ Անդրկովկասի պատմության, Ուղեգրություններ, հ. Ա, ԺԳ-ԺԶ դար (1252 -1582), Երեւան, 1932, էջ 450։

[21]          Նույն տեղում, էջ 454։

[22]          Զաքարիա Ագուլեցի, Օրագրություն, Երեւան, 1938, էջ 159։

[23]          Адам Олеари, Путешествие, էջ 185։ Հմմտ. Ե. Շահազիզ, Հին Երեւանը, էջ 90։

[24]          Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 54։

[25]          Զաքարիա Ագուլեցի, Օրագրություն, էջ 133։

[26]          Տե՛ս նույն տեղում։

[27]          «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի եւ Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Ա, էջ 108։

[28]          Զաքարիա Ագուլեցի, Օրագրություն, էջ 155։

[29]          Տե´ս И. П. Петрушевский, Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении в XVI—начале XIX вв., էջ 301:

[30]          Նույն տեղում։

[31]          Աբրահամ Կրետացի, Պատմութիւն անցիցն իւրոց եւ Նատր-Շահին Պարսից, էջ 64։

[32]          Նույն տեղում, էջ 65։

[33]          Նույն տեղում։

[34]          Տե՛ս Du Mans, Estat de la Perse, en 1660, Paris 1860, էջ 47։ Հմմտ. Լեո, Հայոց պատմություն, հ. III, էջ 157։

[35]          Տե՛ս И. Шопен, Исторический пам. Арм. области, էջ 471, 752, 764, 794-796, 809, 853-854, 862, 1119-1120, Հմմտ. Թ. Խ. Հակոբյան, Երեւանի պատմությունը (1801-1879 թթ. ), էջ 93։

[36]          Տե՛ս И. Шопен, Ист. памятник Армянской области, էջ 745։

[37]          Բ. Մ. Հարությունյան, Վարձու աշխատանքը Երեւանի խանության մեջ XVIII դարում XIX դարի առաջին քառորդում («Պատմա-բանասիրական հանդես», Երեւան, 1959, 1, էջ 95)։

[38]          Նույն տեղում, էջ 96։

[39]          Տե´ս «Պատմա-բանասիրական հանդես», 1959, 1, էջ 96։

[40]          Տե՛ս Ղ. Ալիշան, Այրարատ, էջ 311։

[41]          Զաքարիա Ագուլեցի, Օրագրություն, էջ 80— 81։

[42]          Նույն տեղում, էջ 71։

[43]          Աբրահամ Կրետացի, Պատմութիւն..., էջ 26։

[44]          Զաքարիա Ագուլեցի, Օրագրություն, էջ 60։

[45]          Նույն տեղում, էջ 71։

[46]          Երվանդ Շահազիզ, Հին Երեւանը, էջ 91։

[47]          Նույն տեղում։

[48]          Տե´ս Թ. Խ. Հակոբյան, Երեւանի պատմությունը (1801-1879 թթ. ), էջ 205։

[49]          Զաքարիա Ագուլեցի, Օրագրություն, էջ 124։

[50]          Նույն տեղում, էջ 123։

[51]          Նույն տեղում, էջ 80-81։

[52]          Նույն տեղում։

[53]          Նույն տեղում, էջ 81։

[54]          Նույն տեղում, էջ 123—124 եւ 146։

[55]          Տե՛ս Մ. Մաշտոցի անվան Մատենադարան, ֆ. կաթողիկոսական դիվան, թղթ. 248, վավ. 205, Սիմեոն Երեւանցի, Ջամբռ, էջ 148 եւ այլուր

[56]          Տե՛ս «Տեղեկագիր» Արմֆանի, 1940, 3, էջ 74։

[57]          Տե՛ս И. П. Петрушевский, Очерки по истории феодальных отношений в Азер. и Арм. в XVI—нач. XIX вв., էջ 199։

[58]          Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երեւանի պատմությունը (1801-1879 թթ. ), էջ 129-131։

[59]          Տե՛ս ԽՍՀՄ ԳԱ Հայկական ֆիլիալի «Տեղեկագիր», 1940 թ., 3, էջ 73։

[60]          Մեկ թումանը հավասար էր 75 ղռուշի, իսկ 1 ղռուշը հավասար էր 40 փարայի։

[61]          Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 25-26։

[62]          Տե՛ս Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. II, էջ 565։

[63]          Տե´ս Договоры России с Востоком, политические и торговые, собрал и издал Т. Юзефович, С. -Петербург, 1869, էջ 12, 20-21, 24-41, 42-43, 187, 122-123:

[64]          Տե´ս Договоры России с Востоком, էջ 193:

[65]          Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երեւանի պատմությունը (1801-1879 թթ. ), էջ 227-229։

[66]          Վ. Մ. Հարությունյան, Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները, Երեւան, 1960, էջ 73 եւ 123։

[67]          Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 352—353։

[68]          Զաքարիա Ագուլեցի, Օրագրություն, էջ 21։

[69]          Նույն տեղում, էջ

[70]          Նույն տեղում։

[71]          Նույն տեղում, էջ 6:

[72]          Զաքարիա Ագուլեցի, Օրագրություն, էջ 23։

[73]          Նույն տեղում, էջ 21։

[74]          Տե´ս ЦГВИА, Коллекция ВУА, ф. 446, д. 56:

[75]          Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երեւանի պատմությունը (հնագույն ժամանակներից մինչեւ 1500 թվականը), էջ 243-244, նույնի Երեւանի պատմությունը (1801-1879 թթ. ), էջ 123-128։

[76]          Տե՛ս «Христианский Восток», т. III, вып. I, Петроград, 1915, էջ 101-102:

[77]          Վ. Մ. Հարությունյան, Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները, Երեւան, 1960, էջ 63։

[78]          Տե՛ս Աբրահամ Երեւանցի, Պատմութիւն պատերազմացն 1721-1736 թթ., էջ 57։

[79]          Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երեւանի պատմությունը (1801-1879 թթ. ), էջ 113-114։

[80]          Զաքարիա Սարկավագ, Պատմադրութիւն, հ, II, էջ 89։

[81]          «Վաղարշապատեցի Յարութիւն Արարատեանի կեանքը», էջ 156։

[82]          Տե՛ս «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի եւ Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Ա, էջ 199։

[83]          Աբրահամ Կրետացի, Պատմութիւն անցիցն..., էջ 33-34։

[84]          Տե՛ս Մ. Չամչյան, Հայոց պատմութիւն, հ. Գ, էջ 658, Մ. Օրմանյան, Ազգապատում, էջ 2511։

[85]          Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Մեսրոպ Մագիստրոս, Յայսմաւուրք (ժողովածու հիշատակարաններով հանդերձ), գործ 221, էջ 104։

[86]          Տե՛ս ЦГАДА, ф. Сношения России с Арменией, 1960, д. 1, лл. 3-6: Հմմտ. «Армяно-русские отношения в XVII веке, сборник документов», т. I, Ереван, 1953, էջ 201-204:

[87]          Նույն տեղում։

[88]          Տե՛ս «Վաղարշապատեցի Յարութիւն Արարատեանի կեանքը» էջ 172։

[89]          Տե՛ս ЦГАДА, ֆ. 77 (Ռուսաստանի հարաբերությունները Պարսկաստանի հետ), ֆ. 100 (Ռուսաստանի հարաբերությունները հայերի հետ)։ Տե´ս նաեւ Г. А. Эзов, Сношения Петра Великого с армянским народом, Санкт-Петербург, 1898, էջ XVII եւ ալյուր։

[90]          Տե՛ս Աբրահամ Երեւանցի, Պատմութիւն պատերազմացն 1721-1736 թթ., էջ 57։

[91]          Մանրամասն տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երեւանի պատմությունը (1801-1879 թթ. ), էջ 98-102։

[92]          Զաքարիա Ագուլեցի, Օրագրություն, էջ

[93]          Սիմեոն Երեւանցի, Ջամբռ, էջ 213։

[94]          Տե՛ս Զաքարիա Ագուլեցի, Օրագրություն, էջ 80-81, 107 եւ այլուր։

[95]          Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 44-45։

[96]          Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ֆ. կաթ. դիվան, թղթ. 1 դ, վավ. 577։

[97]          Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 44։

[98]          Տե՛ս И. Шопен, Исторический памятник Армянской обл., էջ 1055-1058։

[99]          Նույն տեղում, էջ 1138։

[100]        Մանրամասն տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երեւանի պատմությունը (1801-1879 թթ. ), էջ 133-137։

[101]        Մանրամասն տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երեւանի պատմությունը (1801-1879 թթ. ), էջ 95-96։

[102]        Աբրահամ Կրետացի, Պատմութիւն անցիցն իւրոյ եւ Նատր-Շահին Պարսից, էջ 27։

[103]        Տե՛ս Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ֆ. կաթ. դիվան, թղթ. , վավ. 108, 116, 117, 118, Մատենադարանի պարսկերեն վավերագրերը, I, հրովարտակներ, պրակ երկրորդ (1601-1650 թթ. ), կազմեց Հ. Դ. Փափազյան, Երեւան, 1959, էջ 130-133, Սիմեոն Երեւանցի, Ջամբռ, էջ 181-182, 184, 188-189 եւ այլուր։

[104]        Տե՛ս նույն տեղերում։

[105]        Նույն տեղերում։

[106]        Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երեւանի պատմությունը (1801-1979 թթ. ) էջ 95։

[107]        Զաքարիա Ագուլեցի, Օրագրություն, էջ 95։

[108]        Նույն տեղում, էջ 81-82։

[109]        Նույն տեղում, էջ 70-71, 81, 95։

[110]        Տե՛ս Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Մեսրոպ Մագիստրոս, Ձեռագրաց ցուցակ հիշատակարաններով հանդերձ, գործ 221, էջ 104։

[111]        Տե՛ս Լեո, Հայոց պատմություն, հ. III, էջ 157։

[112]        Տե՛ս Սիմեոն Երեւանցի, Ջամբռ, էջ 180-182, Հ. Դ. Փափազյան, Մատենադարանի պարսկերեն վավերագրերը, Հրովարտակներ, պրակ II, էջ 129-133 եւ այլուր։