Արտազի հայկական իշխանութիւնը…

Հեղինակ

Բաժին

Թեմա

1. Հայ-մոնղոլական յարաբերութիւնները XIII դ. կէսերին

Երբ մոնղոլները սկսեցին իրենց աշխարհաւեր արշաւանքները եւ, քայլ առ քայլ առաջ շարժուելով, նուաճեցին Միջին Ասիայի, Ռուսաստանի ու Մերձաւոր Արեւելքի բարեբեր երկրամասերը, նրանց դաւանանքի եւ առաջխաղացման քաղաքական դրդապատճառների մասին ծայր առան ու սփռուեցին անստոյգ, մտացածին լուրեր։ Ասում էին, որ իբր այն նոր աշխարհակալները «մոգք են եւ քրիստոնեայք հաւատով, եւ նշանագործք. եւ եկեալ են ի վրէժխնդրութիւն քրիստոնէից, որ ի բռնութենէն տաճկաց։ Եւ ասէին, ունէին եկեղեցի վրանեայ եւ խաչ սքանչելագործ» եւ այլն [1] ։

Մահմեդական իշխողների բռնութիւններին ենթակայ քրիստոնեայ ժողովուրդների լայն շրջաններում, ինչպէս նաեւ արեւմտաեւրոպական մի շարք երկրներում, ու խաչակրաց նոր արշաւանքների ծրագրեր էին մշակւում, մոնղոլների մասին այս «սուտ համբաւը» (Կ. Գանձակեցի), պարարտ հող գտնելով, տարածւում էր անարգել։ Մոնղոլներին համարում էին այն ժողովուրդը, որոնց թագաւոր-մոգերը երկնառաք պատգամով Արեւելքից Բեթղեհէմ էին եկել նորածին Աստուածորդուն՝ Յիսուս Քրիստոսին երկրպագելու [2] ։ Կրկին շրջանառութեան մէջ էր դրուել մէկդարեայ հնութիւն ունեցող լեգենդդը հառաւոր Արեւելքում Յովհաննէս երէցի կողմից հիմնադրուած քրիստոնեայ հզօր պետութեան մասին։ Ինչպէս իրաւացիօրէն նշել են ուսումնասիրողները, այս լեգենդի հիմքում ընկած էր այն իրողութիւնը, որ ասորի նեստորականների ծաւալուն միսիոներական գործունէութիւնը շօշափելի արդիւնք էր տուել Կենտրոնական Ասիայում ստեղծուած Կարակիտայների պետութեան (Բալասագուն մայրաքաղաքով) սահմաններում։ Այս նորելուկ պետութեան հիմնադիր Ելոյ Դաշին (մհ. 1143 թ. ) յենւում էր նեստորականների վրայ, իսկ նրա որդին, որ քրիստոնէական Իլեա անուն էր ստացել, թագաւորելով 1151-1161 թթ., կարողացաւ պահպանել իր հօր ստեղծած ընդարձակածաւալ պետութեան քաղաքական կշիռն ու հեղինակութիւնը. հայր եւ որդի այս զուրխանների գործունէութեան շուրջ արեւմտեան երկրներում տարածուած լուրերի հիման վրայ հիւսուեցին հեռաւոր Արեւելքում գոյութիւն ունեցող քրիստոնէական մեծ մի պետութեան մասին շրջանառութեան մէջ դրուած առասպելները [3] ։

Անհրաժեշտ է այստեղ աւելացնել, որ հեռաւոր արեւելեան այդ այդ երկրամասերում սիրիացի նեստորականների հետ միասին, մանաւանդ XIII դ. կէսերին, եռանդուն գործունէութիւն էին ծաւալել նաեւ Հայոց եկեղեցու պաշտօնեաները, որոնց դերը ստուերի տակ է մնացել։ Մոնղոլ տիրակալների արքունիքներում հայ միսիոներների եւ քաղաքական գործիչների կատարած դերը բացայայտելու համար յատուկ ու մանրակրկիտ ուսումնասիրութիւն պէտք է կատարել, որ դուրս է մեր նպատակներից։ Հարկ է նշել, սակայն, որ XIII դ. 40-50-ական թթ. երբ մոնղոլական հորդաների յետագայ արշաւանքների ուղիներն էին կանխորոշւում, յատկապէս աշխոյժ գործունէութիւն ծաւալեցին հայ դիւանագէտներն ու քարոզիչները, անպարտելի համարուող նոր աշխարհակալների զօրութիւնը հայ ժողովրդի, մասնաւորապէ՝ Կիլիկեան հայկական թագաւորութեան առջեւ ծառացած քաղաքական խնդիրներին ի նպաստ օգտագործելու յոյսով։

Գույուկ խանի (1240-1248) մահուանից յետոյ բովանդակ կայսրութեան փաստական տիրակալ դարձած Բաթու խանի մերձաւոր խորհրդականներիշարքում կային փորձառու հայ գործիչներ. թարգմանի պաշտօն վարող եւ այլ ծառայութիւններ կատարող այդ հայերը առիթ չէին կորցնում սրելու մոնղոլների եւ մահմեդական աշխարհի հակամարտութիւնները [4] ։

Բաթուի ժառանգ Սարթախին նոյնպէս շրջապատում էին «հայ հոգեւորականներ, որոնք գիտէին թուրքերէն եւ արաբերէն» [5] ։ Սրանց մասին տեղեկութիւններ կան նաեւա հայկական աղբիւրներում. Կ. Գանձակեցին, օրինակ, յայտնում է, որ Բաթու խանի մօտ գտնւում էին բազմաթիւ հայ «վարդապետք եւ եպիսկոպոսուք եւ երիցունք», որոնցից Մարկոս վարդապետը, Գրիգոր եպիսկոպոսը, Մխիթար եւ Բարսեղ քահանան (յատկապէս վերջինս) քաղաքական կարեւոր դեր էին կատարում [6] ։

Հեթում թագաւորի՝ Մանգու խանի մօտ այցելելուց մի քանի ամիս առաջ Ղարաղորում էր եկել եւ մեծ խանի հորդայում բարձր դիրք գրաւել Երուսաղէմի Ս. Յակոբեանց վանքի կամ Պաղեստինի մի այլ վանական հաստատութեան միաբան Սարգիս ճգնաւորը։ Այս խորագէտ եւ ճարպիկ գործիչը, աստուածաբանական գիտելիքներ չունեցող ու հազիւ գրագէտ մէկը լինելով, խօսում էր արեւելեան եւ եւրոպական մի շարք լեզուներով։ Մեծ խանի վրանից ոչ հեռու նա կանգնեցրել էր խաչակիր գագաթով մի վրան-մատուռ, զարդարել այն գեղեցիկ սպասներով եւ խանի ու նրա մերձաւորների շրջանում անարգել քարոզում էր քրիստոնէութիւն։ Եթէ մեծ խանը քրիստոնէութիւն ընդունի, համոզում էր նա, ողջ աշխարհը, նաեւ ֆրանկները՝ պապի գլխաւորութեամբ, կենթարկուեն նրան՝ ընդունելով մոնղոլական գերիշխանութիւնը [7] ։

Սարգիս ճգնաւորը պարարտ հող նախապատրաստեց Կիլիկեան Հայաստանի գահակալ Հեթում թագաւորի համար, որը հրաւիրուած էր Ղարաղորում, բանակցելու մեծ խանի հետ։

Հեթումը բարեկամական կապերի մէջ էր Ֆրանսիայի թագաւոր Լիւդովիկոս Թ-ի հետ, որն այդ ժամանակ գտնւում էր Սիրիսայում՝ պատերազմելով Էյուբեանների դէմ։ Քրիստոնեայ այս գահակալները, անտարակոյս, միասնական ծրագիր էին մշակել մոնղոլների հետ բանակցութիւններ վարելու նախօրէին։ 1254 թ. գարնանը դուրս գալով Սիս մայրաքաղաքից ու ծպտեալ անցնելով Իկոնիայի սուլթանութեանը պատկանող շրջաններով՝ Հեթումը հասաւ Հայաստան եւ կանգ առաւ Արագածոտնի տէր Քուրդ Վաչուտեանի իշխանանիստ Վարդենիս գիւղում։ Այստեղ նա տեսակցութիւն ունեցաւ մի շարք հայ իշխանների ու եկեղեցական բարձրաստիճան գործիչների հետ։ Վարդենիս եկաւ նաեւ Յակոբ վարդապետը, որ ուղարկուել էր Տրապիզոնի կայսեր մօտ, դաւանաբանական եւ քաղաքական հարցերի շուրջ բանակցելու յանձնարարութեամբ։ Անհրաժեշտ նախապատրաստութիւններն աւարտելով՝ թագաւորն անցաւ Բաթուի եւ Սարթախի մօտ, որոնք հաստատուել են Կասպից ծովից հիւսիս՝ Վոլգա գետի ափերին։ Այստեղից մեկնեց Ղարաղորում՝ Մագու մեծ խանի արքունիքը, ուր մնաց 50 օր եւ, յաջողութեամբ աւարտելով իր առաքելութիւնը, վերադարձի ուղին բռնեց։ Հեթումին առաջնորդեցին այնպիսի ճանապարհով, որ նա տեսակցութիւն ունենայ Մանգու խանի եղբայր Հուլաղուի հետ։ Իլխանութեան ապագայ հիմնադիրը իր հորդայով շարժւում էր արեւմուտք՝ ստանձնելու նուաճուած Իրանի եւ Անդրկովկասի կառավարչութիւնը, նոր նուաճումներ կատարելու Մերձաւոր Արեւելքում եւ Փոքր Ասիայում։

Հեթումի բանակցութիւնները պսակուեցին հաջողութեամբ. այդ մասին մանրամասն տեղեկութիւններ է գրանցել նրա եղբօրորդի Հեթում պատմիչը՝ 1307 թ. ֆրանսերէն լեզուով թելադրած իր «Պատմութեան» էջերում (պահպանուել է ֆրանսերէն ու լատիներէն խմբագրութիւններով ու բազմիցս հրապարակուել է Եւրոպայում)։ Ուսումնասիրողները իրաւամբ նշել են, որ Հեթում պատմիչը, իր երկը ստեղծելով 1254 թ. բանակցութիւններից կէս դար յետոյ, ժամանակի պահանջներից ելնելով, կարող է չափազանցրած լինել հայ-մոնղոլական բանակցութիւնների արդիւնքը, իր թագաւոր հօրեղբօրը քրիստոնեայ աշխարհին ներկայացնելով որպէս մոնղոլների ահռելի ռազմական ուժը ի նպաստ խաչակիր պետութիւնների օգտագործելու վաղեմի ծրագրերի իրականացման գծով մեծ յաջողութիւններ արձանագրած քաղաքական գործիչ։ Նկատի ունենալով այդ հանգամանքը՝ քննաբար ու զգուշօրէն պէտք է օգտագործել Հեթումի «Պատմութեան» մէջ ամբարուած արժէքաւոր տուեալները։ Սակայն բաւարար հիմքեր չկան մեր պատմիչին անարժանահաւան որակելու, ինպէս հակուած են որոշ ուսումնասիրողներ [8] ։ Պէտք չէ մոռանալ մանաւանդ այն հանգամանքը, որ արքայազարմ պատմիչն իր տեղեկութիւնները քաղել է իրադարձութիւնների գլխաւոր դերակատար Հեթում թագաւորից [9] ։

Արդ, ի մի բերելով Հեթում պատմիչի եւ այլ սկզբնաղբիւրների տուեալները, կիլիկեան հայ գահակալի եւ Մանգու մեծ խանի բանակցութիւնների կարեւոր արդիւնքները կարելի է ամփոփել հետեւեալ վեց կէտերով.

1. Մոնղոլները համաձայն են քրիստոնեայ դառնել, սակայն այդ պէտք է կատարուի իւրաքանչիւրի բարի կամքով, «քանի որ հաւանքը բռնադատութիւն չի հանդուրժում»։

2. Քրիստոնեաների եւ մոնղոլների միջեւ կայուն խաղաղութիւն եւ յարատեւ բարեկամութիւն կլինի, եթէ քրիստոնեաները չխախտեն այն։

3. Քրիստոնէական բոլոր եկեղեցիներն ու եկեղեցու պաշտօնեաները ազատ են լինելու ամէն տեսակ հարկերից։

4. Մեծ խանի կամ նրա եղբայր Հուլաղուի գլխաւորութեամբ մոնղոլներն ազատագրելու են քրիստոնեաների սուրբ երկիրը՝ Պաղեստինը։

5. Բաղդատը պէտք է գրաւուի եւ խալիֆայութիւնը վերացուի։

6. Բոլոր այն շրջանները, որ բռնագրաւել են Կիլիկեան թագաւորութիւնից սելջուկները կամ այլ թշնամիներ՝ պէտք է վերադարձուեն։ Կիլիկիային են կցուելու նաեւ այն տարածութիւնները, որոնք կնուաճի հայոց թագաւորը մահմեդականների դէմ մղուելիք պատերազմների ընթացքում [10] ։

Այսկէտերի մէջ անհաւատալի ոչինչ չկայ։ Մոնղոլ աւագանու ուժեղ մի խմբակցութիւն իրօք հակուած էր քրիստոնէութիւնը պետական կրօն ընդունելու. մի շարք նշանաւոր պետական գործիչներ, եթէ չէին էլ դարձել քրիստոնեայ, ոչ միայն չէին հերքում այդ մասին տարածուող լուրերը, այլ իրենք էին նպաստում դրանց շրջապտոյտին [11] ։ Այդ հանգամանքը նպաստաւոր դիրք էր ապահովում նրանց համար ինչպէս Մերձաւոր Արեւելքում, այնպէս էլ Եւրոպական մայրցամաքում նոր նուաճումներ ձեռնարկելու նախօրէին։ Քրիստոնէական վանքերի ու եկեղեցիների եւ, ընդհանրապէս, բոլոր դաւանանքների սրբատեղիների ու պաշտօնէութեան նկատմամբ մոնղոլները հովանաւորող քաղաքականութիւն էին որդեգրել մինչեւ Մանգու խանի եւ Հեթումի բանակցութիւնները [12] ։ Ուստի ճշմարտացի ու ստոյգ պէտք է համարել Հեթում պատմիչի եւ ժամանակակից միւս հեղինակների հաւաստիացումն այն մասին, որ եկեղեցին ու կղերականութիւնը ապահարկ է ճանաչուել Մանգու խանի կողմից. «Ետ եւ գիր ազատութեան եկեղեցեաց ընդ ամենայն տեղիս», - գրել է Հեթում թագաւորը վերադարձին Վարդենիս գիւղում նրա հետ տեսակցած ու նրա զրոյցներին ունկնդիր դարձած Կիրակոս պատմագիրը [13] ։

Հայ-մոնղոլական համաձայնութեան միւս նախատեսումները (նախկինում Կիլիկեան թագաւորութեան պատկանող շրջանների վերադարձման, Բաղդատի գրաւման, Պաղեստինի ազատագրման մասին) քայլ առ քայլ սկսեցին իրագործուել այն բանից յետոյ, երբ Հուլաղու խանը հաստատուեց Իրանում եւ Անդրկովկասում ու ծնկի բերեց հաշիշեաններին։ 1257 թ. Հեթում թագաւորի զինական օժանդակութեամբ մոնղոլները պարտութեան մատնեցին Իկոնիայի սուլթանութեանը եւ հասան մինչեւ Միջերկրական ու Սեւ ծովերը։ Նոյն թուականին սկսուեց նաեւ մեծ արշաւանք դէպի Միջագետք՝ Բաղդատի խալիֆայի դէմ. մոնղոլական բանակի կազմում կռւում էին նաեւ հայ ֆեոդալների՝ Զաքարիայի, Պռօշ Խաղբակեանի, Սեւադա Խաչեցու, Թաղիադին Կիւրիկեանի եւ այլոց զօրախմբերը։ 1258 թ. փետրուարի 4-ին Բաղդատն ընկաւ։ 1259 թ. Հուլաղուի հրամանատարութեամբ գործող մոնղոլական բանակն արշաւեց Ասորիք, ուր իշխում էր Էյուբեան մելիք Սալլահեդդին Իւսուֆը։ Հեթում թագաւորը միացաւ մոնղոլներին։ Հալեպը գրաւուեց այդ թուականի վերջերին, ապա հնազանդուեցին դամասկոսն ու սիրիական միւս քաղաքները։

Հուլաղուն եւ Հաթումը պէտք է այնուհետեւ արշաւէին Պաղեստին եւ գրաւէին Երուսաղէմը, բայց, իր եղբայր Մանգու խանի մահուան լուրը ստանալով, խանը ետ դարձաւ՝ Ասորիքում թողնելով իր զօրքի մի մասը Քիթբուղայի հրամանատարութեան ներքոյ։ Մոնղոլական ջլատուած ուժերը սկսեցին ծրագրուած արշաւանքը դէպի Պաղեստին, բայց այլեւս անկարող եղան յաջող մարտեր մղել։ Եգիպտոսի սուլթան Կուտուզը (ալ-Մուզաֆֆար Սայֆ ադ-դին Կուտուզ, 1259-1260) պարտութեան մատնեց Քիթբուղային՝ վերստին նուաճելով Սիրիան։ Մեծ կորուստներ տուեցին նաեւ մոնղոլների դաշնակից հայ զօրախմբերը [14] ։

Ինչպէս տեսնում ենք քաղաքական դէպքերի թռուցիկ այս թուարկումից, մոնղոլների եւ Կիլիկեան հայկական թագաւորութեան մինջեւ Հեթումի եւ Մանգու խանի բանակցութիւններից յետոյ, իրօք մշակուել էր քաղաքական սերտ համագործակցութիւն։ Փոքր Ասիայում եւ Մերձաւոր արեւելքում նոր նուաճումներ կատարելու իրենց ծրագրերի իրականացման համար մոնղոլները դաշնակիցների պէտք ունէին, եւ մոնղոլական տիրապետութեան տակ ընկած կամ գերիշխանութիւնը ճանաչած հայ իշխանների մի մասը, ինչպէս բուն Հայաստանում, այնպէս էլ Կիլիկիայում քաղաքական ու տնտեսական իրենց ակնկալութիւններն ունենալով՝ դաշնակցում էին մոնղոլներին։

XIII դ. կէսերի քաղաքական կացութեան համառօտ այս նկարագիրը, ինչպէս կտեսնենք ստորեւ, նպաստելու է Արտազի հայկական իշխանութեան սկզբնաւորման պայմանների ուսումնասիրութեանը։ Բուն նիւթին անցնելուց առաջ անհրաժեշտ է, սակայն, համառօտ մի ակնարկով անդրադառնալ նաեւ նոյն այս տարիներին Հայոց եկեղեցու առջեւ ծառացած քաղաքական ու գաղափարական խնդիրներին։



[1]            Կ. Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, աշխատասիրութեամբ Կ. Ա. Մելիք-Օհանջանեանի, Երեւան, 1961, էջ 202

[2]            Մեծահամբաւ հայ մանրանկարիչ Թորոս Ռոսլինը Կոստանդին կաթողիկոսի պատուէրով 1260 թ. Հռոմկլայում նկարազարդած իր Աւետարանի «Ծնունդ Տեառն» տէրունական նկարում Քրիստոսին երկրպագող եւ նուէրներ մատուցող երեք մոգերի կողքին նկարել է հինգ այլ կարմրազգեստ ու մոնղոլատիպ դէմքեր՝ օժտելով նրանց «»թաթարն երեկ այսաւր (այսօրեկաւ թաթարը) բացատրականով (Երուսաղէմի Ս. Յակոբեանց վանքի մատենադարան, ձեռ. 251, էջ 14բ)։Սրանով մեր մանրանկարիչը, խախտելով Սուրբ Գրքի պատկերագրութեան աւանդական ձեւերը, քաղաքական երանգ է տուել կաթողիկոսի պատուէրով նկարազարդուող փառաշուք այդ Աւետարանին։ Մոնղոլներին դասելով Քրիստոսի Աւետարանով սրբագործուած ժողովուրդների շարքը՝ նա ընդառաջել է նոր այդ աշխարհակալների հետ համագործակցութեան եւ բարեկամութեան դաշինք կնքած Կիլիկեան հայկական թագաւորութեան իշխող շերտերի նկրտումներին։

[3]            Л. Н. Гумилев, Поиски вымышленного царства (легенда о “государстве пресвитера Иоанна”), М., 1970, էջ 128 եւ հետ.

[4]            “Путешествия в восточные страны Плано Карпини и Рубрука”, редакция, вступительная статья и примечения Н. П. Шастиной, М., 1957, էջ 136

[5]            Նոյն, էջ 113

[6]            Կ. Գանձակեցի, էջ 366

[7]        “Путешествия в восточные страны , էջ 138։ Այս գործչի մասին մանրամասն տեղեկութիւններ գրանցած Ռուբրուկը ամէնուրեք նրան կոչում է «հայ կրօնաւոր», մի քանի անգամ յայտնում, որ նա եկել է Երուսաղէմի սուրբ երկրից եւ վերադառնալու է իր եկած վայրը՝ «Սուրբ Յակոբ», այսինքն Երուսաղէմի ՀԱյոց գլխաւոր վանքը (եւ ո՛չ Իսպանիայի հիւսիսարեւմտեան ծայրամասում գտնուող Ս. Յակոբ Կոմպոստելլա վանքի շրջանը, ինչպէս ենթադրել է անգիտութեամբ Ռուբրուկի ռուսերէն թարգմանչուհի-ծնաօթագրողը)։ Չնայած այս բոլորին, որոշ ուսումնասիրողներ, հաւատ ընծայելով Ռուբրուկի ռուսերէն թապգմանչուհի-ծանօթագրողը։ Չնայած այս բոլորին, որոշ ուսումնասիրողներ, հաւատ ընծայելով Ռուբրուկի «Ուղեգրութեան» հրապարակողներից մէկի մտցրած գլխակարգութեանը եւ ինքնահնար խորագրերին (32-րդ գլուխն, օրինակ, խորագրուած է այսպէս «Քրիստոնէական մատուռի եւ Սարգիս անունով նեստորական կեղծ վանականի հետ հանդիպելու մասին»), այս նշանաւոր հայ գործչին նեստորական ասորի են համարել՝ արհամարհելով Ռուբրուկի տասնեակ պարզ ու մեկին պնդումները Սարգսի հայ լինելու մասին։

[8]            Տե՛ս Ա. Յովհաննիսեան, Դրուագներ հայ ազատագրական մտքի պատմութեան, գիրք առաջին, Երեւան, էջ 174-175։

[9]            Ա. Գալստեանը «Հեթումի «Պատմութիւն թաթարաց» գրքի բնութագրման հարցի շուրջ» յօդուածում («Տեղեկագիր», 1958, №9, էջ 63-72) փորձում է համոզել, որ Հեթում պատմիչի գրանցուած տեղեկութիւնների սկզբնաղբիւրը Սմբատ սպարապետն է, որն, իբր, ընկերակցել է իր թագաւոր եղբօրը՝ նրա Ղարաղորում կատարած ճանապարհորդութեան ընթացքում եւ այլն։ Այս յայտարարութիւնները անհիմն են ու անընդունելի։ Տեղին է, սակայն, նշել, որ Ա. Գալստեանը հայ-մոնղոլական քաղաքական կապերի ուսումնասիրութեան գծով զգալի աշխատանք է կատարել. պարզել է շատ թիւրիմացութիւններ ու ճիշտ գնահատել 1254 թ. բանակցութիւնների արդիւնքը։ Տե՛ս նրա «Մոնղոլական շրջանի հայ դիւանագիտական պատմութիւնից» աշխատութիւնը (Լենինական, 1954) եւ «Հայ-մոնղոլական առաջին բանակցութիւնները» յօդուածը («Պատմա-բանասիրական հանդէս» 1964, №1, էջ 91-106)։

[10]          “Recueil des historiens des Croisades. Documents armeniens”, t. II, էջ 164-165։ Հայ-մոնղոլական բանակցութիւնների արդիւնքի մասին հատուածների ռուսերէն թարգմանութիւնը տե՛ս Г. Г. Микаелян, История киликийского армянского государства, Ереван, 1652, էջ 310-312։

[11]          1240-ական թթ. վերջերին, օրինակ, Կիպրոսում գտնուող Լիւդովիկոս IX թագաւորի մօտ եկան մոնղոլ դեսպաններ՝ յայտնելով, թէ մեծ խանը քրիստոնէութիւն է ընդունել ու մեծապէս համակրում է քրիստոնեաներին ( Г. Микаелян, նշ. աշխ., էջ 314)։ Բաթու խանի Սարթախորդու քրիստոնեայ լինելու մասին լուրեր էին շրջում ամէնուրեք. «Սնաւ քրիստոնեայ դայեկօք, եւ ի չափ հաւատաց ի Քրիստոս եւ մկրտեցաւ յասորւոցն», - յայտնում է Կ. Գանձակեցին (էջ 358)։

[12]          Ասորի մեծանուն վաճառական Ռաբան-Աթան, օրինակ, բազմաթիւ եկեղեցիներ էր կառուցել մոնղոլական տիրապետութեան տակ գտնուող այնպիսի վայրերում, ուր մինչ այդ «ոչ իշխէին անուանել զՔրիստոս»։ Խիստ ուշագրաւ են Կ. Գանձակեցու հաղորդած տեղեկութիւնները Ոսկէ Հորդայի հիմնադիր Բաթու խանի եւ Սարթախի կրօնական հաստատութիւնների նկատմամաբ որդեգրած քաղաքականութեան մասին. «Սա (Սարթախը), - գրում է Գանձակեցին, - բազում դիւրութիւն արար եկեղեցւոյ եւ քրիստոնէից», եւ կամաւ հօր իւրոյ գրեաց գիր ազատութեան քրիստոնէից եւ եկեղեցեաց, եւ առաքեաց կողմանս սպառնալիս եւ մահ, եթէ ոք հարկ առնու յեկեղեցւոյ, կամ ի նորին պաշտօնէից, զինչ եւ ազգ եւ իցեն, այլ եւ ի տաճկաց մզքիթացն եւ ի նորին սպասաւորաց» ( Կ. Գանձակեցի, էջ 358)։

[13]          Կ. Գանձակեցի, էջ 367

[14]          Այս դէպքերին սկզբնաղբիւրների վկայակոչմամբ, մանրամասն անդրադարձել է ակադ. Յ. Մանանդեանը (Տե՛ս «Քննական տեսութիւն հայ ժողովրդի պատմութեան», հտ. Երեւան, 1952, էջ 232-236)։