Հայ ժողովրդի XIII-XVIII դարերի պատմութեան հարցերը

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԵՐԿՈԻ ԽՈՍՔ

Տարիներ առաջ, երբ զբաղված էինք ուշ միջնադարյան ժամանակաշրջանի հայ ժողովրդի պատմության հարցերով, նկատեցինք, որ XIII-XVIII դարերի եվրոպացի հեղինակների թողած ուղեգրությունները (ինչպես նաեւ այլ բնույթի սկզբնաղբյուրներ) ըստ ամենայնի ու ըստ արժանվույն չեն ներառված գիտական շրջանառության մեջ։ Մինչդեռ այդ նյութերը, որոնք անմիջական աղերս ունեն մեր պատմական իրականության հետ, միանգամայն արժանի են ոչ միայն հատուկ ուսումնասիրության, այլեւ առանձին-առանձին թարգմանվելու ու ներկայացվելու մեր գիտական հասարակությանը։ Անշուշտ, այդ թարգմանություններին անհրաժեշտ է կցել առաջաբաններ եւ գիտական ծանոթագրություններ։ Հույս ունենք, որ այդ խոշոր բացը մոտակա տարիներին կլրացվի մեր շնորհաշատ մասնագետների կողմից եւ կուղղվեն անցյալում թույլ տրված ցավալի բացթողումները։

Այս առումով ներկա ուսումնասիրությունը XIII-XVIII դարերի հայ ժողովրդի պատմության հարցերը եվրոպացի հեղինակների տվյալներով հետազոտելու առաջին փորձն է։ Սույն աշխատության առաջին գիրքը նվիրված է քաղաքական պատմության առավել հետաքրքիր դրվագներին։ Երկրորդ գիրքը շոշափելու է սոցիալ-տնտեսական պատմության հարցեր, իսկ երրորդն ու չորրորդը համապատասխանաբար նվիրվելու են միսիոներական գործունեության եւ մշակույթի խնդիրների լուսաբանությանը։

Յուրաքանչյուր գրքի վերջում նախատեսված է թարգմանաբար քաղվածքներ հրատարակել եվրոպացի հեղինակների առավել հետաքրքրություն ներկայացնող աշխատություններից։ Առաջին գրքի հավելվածի նյութերը թարգմանել են Մերուժան Կարապետյանը եւ Էլիզ Թաջիրյանը։

Հաճելի պարտքս եմ համարում շնորհակալություն հայտնել սույն գործի հաջողությանը նպաստող բոլոր գործընկերներիս՝ մասնավորապես Մերուժան Կարապետյանին, որը ջանք չխնայեց աղբյուրների ու գրականության ցանկը լրացնելու եւ առավել ամբողջական դարձնելու համար։