Հայ ժողովրդի XIII-XVIII դարերի պատմութեան հարցերը

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ XVI-XVII ԴԱՐԵՐՈՒՄ

Մենք արդեն նշեցինք, թե ինչպես շիա դավանանքը տարածվում էր Փոքր Ասիայում եւ թե ինչպես էին օսմանյան տիրակալներն ահաբեկված այդ հանգամանքից։ Մերթ ընդ մերթ սոցիալական բուռն ընդվըզումները դրսեւորվում էին շիիզմի շղարշով։ Դեռ Մեհմեդ Ֆաթիհի ժամանակ օսմանյան հասարակությունը ցնցվեց դերվիշ Թորլակ Հուքեմալինի եւ շեյխ Բեդրեդդեն Սիմավիի հզոր գյուղացիական ելույթներից։ Ուստի Սելիմ Յավուզը, անցնելով իշխանության գլուխ, որոշեց հաշվեհարդար տեսնել շիիզմի հետնորդների հետ։ Շիա դավանանքին պատկանող քառասուն հազար անձինք ձերբակալվեցին ու մահապատժի ենթարկվեցին։ Ի պատասխան դրան, շահ Իսմայիլը մեծ բանակով շարժվեց դեպի օսմանյան տարածքը, մի կողմից իր դավանակիցների վրեժն առնելու, իսկ մյուս կողմից՝ իր մոտ ապաստանած Սելիմի եղբորորդի Մուրադի հավակնություններին սատար կանգնելու նպատակով։ Սելիմը պատերազմ հայտարարեց կզլբաշներին եւ Իսմայիլին հղած նամակում շահին մեղադրում էր «իսլամի դոգմաների անաղարտությունը պղծելու», «սուննիների սրբավայրերը քանդելու եւ այլ բազմաթիվ «չարագործությունների» մեջ եւ հայտարարում էր, որ ուլեմաները եւ շարիաթի մեկնաբանները նրա դեմ մահվան դատավճիռ են կայացրել» եւ որ, ինչքան էլ դա տարօրինակ հնչի, ինքը՝ Սելիմը, իր հզոր բանակով գալիս է «…ազատագրելու այն երկրներն ու ժողովուրդները, որոնք տնքում են քո (Իսմայիլի) լծի տակ» [1] եւ «…որ մենք պահանջում ենք քեզանից անհապաղ հեռանալ մեզանից բռնությամբ խլված երկրից «իմա՝ Հայաստանից Մ. Զ. ), որի նկատմամբ դու ունես ապօրինի հավակնություններ» [2] ։

Արշավանքի ընթացքում սուլթանը Կարամանիայի տիրակալ Ալաուդ-Դեվլեից պահանջեց օգնել օսմանյան բանակին, սակայն զուլքադարի իշխանը պատրվակ բռնելով իր առաջացած տարիքր ոչ միայն չարձագանքեց Սելիմին, այլեւ, ինչպես վկայում են աղբյուրները, համարձակվեց նույնիսկ անհանգստացնել արշավող օսմանյան բանակը [3] ։ Հայաստանի տարածքով Սելիմի ռազմական այս արշավանքի նկարագրությունը տրված է եվրոպացի հեղինակների կողմից, որոնք հանդես են գալիս մերթ որպես ականատեսներ եւ մերթ էլ, որպես ականջալուրներ։ Հատկապես արժեքավոր են իտալացի Պաոլո Ջիովիի վկայությունները, որոնք մեջ են բերված Խալկոնդիլեսի ժամանակագրության շարունակողի կողմից։

Թուրքական բանակի արշավանքի ընթացքում իտալացի հեղինակի պատմելով, «…Հայերը մի կողմից թուրքերի գալստի վախից, իսկ մյուս կողմից՝ Իսմայիլի տված հրահանգից լքել էին թուրքական բանակի անցման հնարավոր ուղիների բոլոր վայրերը» [4] եւ որ «իրենց հետ միասին վերցրել էին անասուններն ու անասնակերը եւ հեռանալով հայրենի տներից այրել էին ամեն ինչ, որը կենսական նշանակություն ուներ», եւ որ երկիրը «…պարզապես վերածվել էր անապատի» [5] ։ Նման պայմաններում թուրքերը «…չէին հանդիպում ոչ մարդու եւ ոչ էլ ձիու որեւէ մի հետքի եւ կասկածում էին, որ իրենց ուղեկցող հայերը դիմել են դավաճանության» [6] ։

Թուրքական բանակը մեծ դժվարությամբ անցնում է Արաքս գետը, տալով բազմաթիվ զոհեր։ Բուն իրանական տարածքը մտնելուց հետո էլ, շահ Իսմայիլի բանակը չէր երեւում ու խուսափում էր ճակատամարտել օսմանցիների հետ։ Պաոլո Ջիովիի հաղորդմամբ, ռազմական նման տակտիկա առաջարկել էր նրա աջ թեւը հանդիսացող Ուստաջլու խանը։ «Ուստաջլու խանը այն կարծիքին էր, …որ անհրաժեշտ է, ինչքան դա հնարավոր է, հետաձգել ճակատամարտը, որպեսզի թուրքական այս մեծ բանակը ինքնաբերաբար ոչնչանա» [7] ։

Չհանդիպելով թշնամուն, գազազած Սելիմը շահ Իսմայիլին հղած նոր նամակում ասում է. «եթե վախենում ես, կանչիր բժշկին, որ քեզ բուժի», իսկ եթե տղամարդ չես, հագիր կանացի հագուստ [8] ։ Մի քանի անգամ ենիչերիները բարձրաձայն բողոքեցին սուլթանին եւ պահանջեցին հետ վերադառնալ [9] ։ Սուլթանը, սակայն, անհողդողդ էր։ Ի վերջո, 1514 թ. օգոստոսի 23-ին Խոյից ոչ հեռու Չալդըրանի դաշտում տեղի ունեցավ մեծ ճակատամարտ, որն ավարտվեց թուրքերի հաղթանակով։ Ճակատամարտում վճռական դեր խաղաց թուրքական հրետանին, որից դեռեւս զուրկ էին կզլբաշները։ Գրավելով Թավրիզը, Սելիմը այն ենթարկեց սարսափելի կողոպուտի։

Սելիմը նպատակադրվել էր շարունակել պատերազմը եւ նվաճել Իրանը, սակայն հանդիպեց ենիչերիների կատաղի դիմադրությանը։ Նա ստիպված եղավ հետ նահանջել։ Հեռանալով Թավրիզից, ինչպես վկայում են իտալացի հեղինակները, «իր հետ վերցրեց Թավրիզի լավագույն արհեստավորներին՝ թվով շուրջ երեք հազար ընտանիք, Կ, Պոլիս տանելու համար, քանզի բոլոր տեսակի կառույցները, ճարտարապետական հուշարձանները իրենց ստեղծագործությունները չեն։ Թուրքերը կոպիտ են ու անտաշ, ու հետեւաբար, հեռու հոգեւոր կյանքից» [10] ։ Այդ արհեստավորների մեջ, ինչպես նշում է Մ. Չամչյանը, կային շատ հայեր [11] ։

Պաոլո Ջիովիոն Սելիմի նահանջի պատճառը տեսնում է ոչ միայն ենիչերիների ըմբոստության, այլեւ շահ Իսմայիլի հետ երկրորդ ընդհարման հնարավորության հետ։ «Լուր տարածվեց այն մասին, հաղորդում է նա, որ Իսմայիլը հավաքել էր իր զորքի մնացորդներին, վրացի, ալբանացի, ադրբեջանցի— պարթեւ (պարսիկ) ձիավորներին, եւ գալիս է նրան (Սելիմին) գտնելու, եւ (սուլթանը) մտաբերելով, թե ինչ անհանգստություն պատճառեց իրեն այս վերջին ճակատամարտը, վախեցավ երկրորդ ցնցումից» [12] ։

1514 թ, սեպտեմբերի 22-ին Սելիմի բանակը գտնվում էր Երեւանի եւ Էջմիածնի շրջակայքում։ Հոկտեմբերի 28-ին սուլթանին ներկայացան մի խումբ, հավանաբար, հայ գյուղացիներ՝ բողոքելով իր զինվորների կատարած խժդժությունների դեմ [13] ։ Գալով Կարսի մոտակայքը, սուլթանը նպատակադրվել էր հարձակվել Վրաստանի վրա, պատրվակ բրռնելով այն, որ իրանական արշավանքի ժամանակ նրանք չէին օգնել թուրքական բանակին։ «Սելիմը մեծ ցանկություն ուներ, կարդում ենք Խալկոնդիլեսի շարունակողի մոտ, հարձակվել վրացիների վրա, չնայած մոտավորապես գիտեր, որ յուրայինները դեմ են լինելու արշավանքին։ Նա նրանց (վրացիներին) մեծապես սպառնաց, թե անպայման, ինչ գնով էլ լինի, կկատարի այդ հարձակումը» [14] ։ Սակայն այստեղ սուլթանը նույնպես տեղի է տալիս ենիչերիների ընդվզումին, նամանավանդ, շուտով վրացիները թուրքական բանակի ճամբարն են ուղարկում «հսկայական քանակությամբ սննդամթերքի պաշար» [15] ։

Սելիմը այնուհետեւ մուտք գործեց «Հայաստանի քաղաք՝ Ամասիա եւ հենց գարնան սկզբին [16] դուրս գալով Ամասիայից՝ եկավ եւ պաշարեց Փոքր Հայքում գտնվող Կամախը, որը պատկանում էր Իսմայիլին» [17] ։ Սելիմը գրավեց քաղաքը եւ այն ամենը, ինչ գտնվում էր այնտեղ, եւ իր զայրույթը թափելով այս խեղճ քաղաքի բնակչության վրա սրի անցկացրեց նրանց մինչեւ վերջին մարդը [18] ։

1515 թ. հունիսին զուլքադարյան տիրակալ Ալա-ուդ-Դեվլեյի անհնազանդությունը պատմելու նպատակով Սելիմի բանակները ներխուժեցին Կարամանիա ու Կիլիկիա եւ հունիսի 12-ին Գյոկսույի դաշտում տեղի ունեցած ճակատամարտում նրան մատնեցին պարտության։ Ռազմի դաշտում սպանվեց նաեւ ինքը՝ Ալա-ուդ-Դեվլեն, եւ ողջ երկրամասն ընկավ օսմանյան տիրապետության տակ [19] ։ Զուլքադարյան երկիրը գրավելուց հետո, ինչպես վկայում է Խալկոնդիլեսի շարունակողը, թուրքերը երկրում անցկացնում են աշխարհագիր, «որպեսզի թուրքերն իմանան, թե ինչ եկամուտներ կարող էր տալ այս նահանգը» [20] ։

Այս բոլորից հետո Սելիմն իր ողջ ուշադրությունը սեւեռեց Քրդստանի նվաճման վրա։ Այս հարցում նրան մեծ օգնություն ցույց տվեց բիթլիսեցի մոլլա Իդրիսը, որը քրդական ցեղերի առաջնորդների մոտ մեծ համբավ էր վայելում; Նրա կոչով շահ Իսմայիլի գերիշխանությունը թոթափելու նպատակով Քրդստանի տարբեր մասերում բռնկվեցին ապստամբություններ։ Սուլթանը քուրդ բեգերին խոստացել էր ավատներ ու բազմապիսի առանձնաշնորհումներ։ Եվ այդ բոլորը տվեց իր արդյունքը։ Քրդստանի ծայրագույն արեւելքից՝ Ուրմիո լճից մինչեւ Մալաթիա ընկած տարածքի վրա գտնվող քուրդ բեգերի զգալի մասը շուտով մեկը-մյուսի հետեւից իրենց հավատարմությունը հայտնեցին թուրքական սուլթանին [21] ։ Ի պատասխան դրան, շահ Իսմայիլը Կարախանի գլխավորությամբ Արեւմտյան Հայաստանի վրայով Արծկե, Արճեշ (Ճապաղզուրի), Քրդստան ուղարկեց կզլբաշների մի բանակ, որի առաջ խնդիր Էր դրված վերանվաճել Աղձնիքը։ Կզլբաշների եւ թուրքերի միջեւ պատերազմն ընթանում Էր փոփոխակի հաջողությամբ։ Ի վերջո հաղթեցին թուրքերը եւ Քրդստանի տարածքի զգալի մասն ընդգրկվեց օսմանյան պետության սահմանների մեջ։

Մոլլա Իդրիսը Օսմանյան կայսրության մատուցած հատուկ ծառայության համար Սելիմից ստացավ ոչ միայն եկամտաբեր ավատներ, այլեւ երկու հազար վենետիկյան ոսկի դուկատ [22] ։

Քրդստանի միացումը օսմանյան պետությանը խիստ բացասական հետեւանք ունեցավ հայ ժողովրդի հետագա ճակատագրի վրա։ Արեւմտյան Հայաստանում զորեղացավ քրդական տարրը, եւ հայ ժողովուրդն ընկավ կրկնակի՝ թուրք ու քուրդ ավատատերերի լծի տակ։

* * *

Չալդըրանի ճակատամարտից հետո՝ չնայած Օսմանյան կայսրության եւ Սեֆյան Իրանի միջեւ լուրջ ռազմական ընդհարումներ տեղի չունեցան, երկու երկրների միջեւ լարվածությունն ու թշնամությունը երբեք չդադարեցին։ Այդ մասին է խոսում այն նամակը, որ սուլթան Սուլեյման Կանունին (1520 —1566 թթ. ) ուղղեց Իրանի նոր տիրակալ՝ Թահմասպ 1-ինը (1524 —1576 թթ. ), որի մեջ, իմիջիայլոց, հայտնում էր, թե «ես որոշել եմ զենքերը փոխադրել Թավրիզ եւ Ադրբեջան, եւ իմ վրանը խփել Իրանում» [23] ։

Ի պատասխան սուլթանի սպառնալիքներին, շահ Թահմասպը, ինչպես դա արել էր մի ժամանակ շահ Իսմայիլը, հատուկ պատվիրակություն ուղարկեց Եվրոպա՝ Հունգարական թագավորի եւ գերմանական կայսր Կարլ 5-րդի մոտ, պաշտպանական եւ հարձակողական դաշինք կնքելու նպատակով [24] ։

1529 թ, հսկայական բանակի գլուխ անցած Սուլեյմանը ասպատակում էր Հունգարիան, նույնիսկ պաշարեց Վիեննան։ Ուստի նա առ ժամանակ հետաձգեց Իրանի վրա արշավելու իր նախնական ծրագիրը։ 1527-1529 թվականների ընթացքում Կիլիկիայի եւ Կարամանիայի հայությունը կրկին ալեկոծության մեջ էր։ Թուրքմենները նորից բարձրացրել էին ապստամբության դրոշը, որին առիթ էին ծառայել ընդհանուր աշխարհագիր անցկացնելու ժամանակ բնակչության նկատմամբ թույլ տրված ծայրահեղ անարդարություններն ու խժդժությունները [25] ։ Մի քանի անգամ կանոնավոր օսմանյան զորքերը պարտություններ էին կրել ապստամբներից, որոնք, ոգեւորված հաջողություններից, պաշարել էին Թոխաթը [26] ։ 1527 թ. սեպտեմբերի 16-ին Թոխաթից ոչ հեռու՝ Հեյուկլու կոչված վայրում տեղի ունեցած ճակատամարտում օսմանյան բանակը կրում է նոր պարտություն [27] ։ Շուտով ապստամբում են նաեւ Ադանայի եւ Տարսոնի թուքմենները [28] ։ Ապստամբությունը կառավարության համար այնպիսի վտանգավոր ընթացք է ստանում, որ մեծ վեզիր Իբրահիմ փաշան ստիպված է լինում անձամբ ղեկավարել պատերազմական գործողություններն ապստամբների դեմ [29] ։ Մեծ վեզիրին հաջողվում է խաբեությամբ, հրի ու սրի միջոցով ճնշել թուրքմենական ցեղերի ապստամբությունը եւ հաշվեհարդար տեսնել նրանց հետ [30] ։ Սակայն 1528 թ. Կիլիկիայի թուրքմենները նորից են ապստամբում թուրքական տիրապետության դեմ եւ Ադանան, Սիսը, Այասը դառնում են ռազմական ընդհարումների հիմնական թատերաբեմ [31] ։ Ի վերջո այս ապստամբությունը նույնպես դաժանորեն ճնշվում է [32] ։

Շուտով բռնկվում է նաեւ պատերազմ Իրանի հետ, որի ծագման համար անմիջական առիթ ծառայել էր հետեւյալը, 1530-ական թվականներին Բիթլիսի քուրդ Էմիր Շարաֆ խանը, դժգոհ թուրքական կառավարությունից, ապստամբեց ու անցավ շահ Թահմասպի կողմը. միաժամանակ Ադրբեջանի կառավարիչ Ուլամեն, դավաճանելով շահին, ապաստան գտավ թուրքերի մոտ։ Սուլթանական կառավարությունը սիրով ընդունեց Ուլամեին եւ նրան նշանակեց Բիթլիսի ու նրա շրջակայքի կառավարիչ՝ Շարաֆ խանի փոխարեն, տարեկան երկու միլիոն ակչե (չորս հարյուր հազար ոսկի դուկատ) եկամուտով [33] ։ Ուլամեն թուրքական հիսուն հազար հեծյալների գլուխ անցած գալիս պաշարում է Բիթլիսը, սակայն Շարաֆ խանը նրան ուժեղ դիմադրություն է ցույց տալիս, ու միաժամանակ դիմում շահին՝ հայցելով օգնություն։ Այս իրադարձությունները հետեւյալ կերպ են նկարագրվում ժամանակակից իտալացի հեղինակների մոտ։ «Ուլամեն կռվում էր Սուլեյմանի, իսկ Շարաֆ (խանը) Սոֆիի հովանու ներքո, յուրաքանչյուրը իր օգնությունն էր ցույց տալիս իր կողմնակցին, քանզի պատերազմը, իմիջիայլոց, ծագեց այս երկուսի միջեւ, բայց ի վերջո՝ Ուլամեն սպանեց Շարաֆ (խանին) եւ գլուխն ուղարկեց Սուլեյմանին…։ Այս դեպքերը տեղի ունեցան հազար հինգ հարյուր երեսուն երեքին…Ուլամեն ամեն օր ավելի ու ավելի ոգեւորում էր Սուլեյմանին սկսել պատերազմը (Իրանի դեմ)» [34] ։

1533 թ. գարնանը մեծ վեզիր Իբրահիմ փաշան Հալեպի վրայով շարժվեց դեպի Վան, Արծկե եւ Խլաթ [35] ։ Այս քաղաքները, ինչպես եւ Ավնիկի ամրոցը, շուտով հանձնվեց մեծ Վեզիրին։ Թուրքական բանակը Խոյի եւ Սալմաստի վրայով 1534 թ. հուլիսի 14-ին մուտք գործեց Թավրիզ։ Շուտով անձամբ ղեկավարելով մի մեծ բանակ, դեպի Թավրիզ շարժվեց նաեւ ինքը՝ սուլթան Սուլեյմանը։ Սուլթանի արշավանքը նույնպես ընթանամ էր Հայաստանի վրայով (Էրզրում-Կարս-Թավրիզ) [36] ։ Թուրքական բանակը Թավրիզ է մտնում սեպտեմբերի 27-ին, սակայն այստեղ երկար չի մնում, սուլթանը այնտեղ թողնում է մեծ կայազոր (Ուլամեի, Յադիգյար բեգի ու այլոց ղեկավարությամբ) եւ շարժվում դեպի Բաղդադ [37] ։

Օգտվելով դրանից, շահ Թահմասպր տասը հազարանոց բանակով գալիս է Թավրիզ, ջարդում թուրքական կայազորը եւ մուտք գործում մայրաքաղաք [38] ։ Ուլամեն փախչում է Վան, իսկ կզլբաշները հետապնդում են նրան, որի հետեւանքով ամբողջ Վասպուրականը ենթարկվում է մի մեծ փորձության, եւ պատահական չէ, որ այդ դեպքերը հայ ժողովրդի պատմության մեջ են մտել «Վանի աղետ» ընդհանուր անունով։ Դրանք մանրամասն նկարագրված են այդ տարիների ձեռագրերի հիշատակարաններում եւ Հովհաննես Արճիշեցու տարեգրության մեջ [39] ։ Այսպես, ձեռագրի մի հիշատակարանում կարդում ենք հետեւյալը, «ի սոյն ամի, յորում էր թիւն եւ ՋՁԳ (= 1534) սօլթան Սուլեյմանն եկաւ ի վերայ կարմիր գդակին եւ նա ոչ կաբաց զդեմ առնել՝ փախաւ յարեւելս, իսկ նորա հետամուտ եղեալ եւ Էառ զբազում քաղաքս, ընդ նմին եւ զՎան քաղաք, զամուրն շռայլին Շամիրամայ եւ գնաց մինչ ի Սո(լ)թանիա, դարձեալ ի յետ գնաց ի Բաղդատ, եւ զձմեռն անց եկաց եւ կարմիր գդակն դարձալ ի վերայ Վանայ եւ դ(4) ամիս խսարեաց, աւաղ եւ վայ է զիս հազար բերան, թե որքան անձինս կորեան, հաւատացեալ եւ անհաւատ, զի կարծես էր, թե քան զԺԶԴ (16, 000 անձիս մեռան, աւելի եւ ոչ պակաս» [40] ։

1535 թ. ապրիլին սուլթան Սուլեյմանը իր բանակը Քրդստանի եւ Մարաղայի վրայով նորից շարժեց դեպի Թավրիզ։ Սա անակնկալի է բերում Թահմասպին։ «Թահմասպը կարծելով, որ թուրքերը կբավարարվեն իրեն հասցված վնասներով եւ բազմիցս համոզված լինելով, որ (թշնամի) մի մեծ բանակ չի կարող երկար մնալ Պարսկաստանում, այլ աստիճանաբար կոչնչանա, գտնվում էր այն ժամանակ Թավրիզ քաղաքում» [41] ։ Շահը Թավրիզ էր եկել, անշուշտ, թողնելով Վանի պաշարումը, «սակայն լսելով իր թշնամիների գալուստը, —այնուհետեւ կարդում ենք Խալկոնդիլեսի շարունակողի մոտ, անհապաղ դուրս եկավ այնտեղից ու դիմեց փախուստի եւ որպեսզի խափանի թշնամու հետապնդման բոլոր հնարավորությունները, նա համընդհանուր ավերածության ենթարկեց այն վայրերը, որտեղից որ անցնում էր՝ իր հետ տանելով տեղի բնակչությանը ու հետեւը թողնելով ամայի ու անմարդաբնակ մի անապատ» [42] ։ «Թուրքական կայսրը, այնուհետեւ գրում է ժամանակագիրը, տեսնելով, որ ինքը չի կարող հասնել պարսիկներին (les Azémites), եւ այսպես երկարաձգվող պատերազմը ի հաճույք թշնամիների կոչնչացներ իր բանակը, որոշեց հետ նահանջել» [43] ։ Նա այդ կատարեց քաղաքը չլսված ավարի ու ավերի ենթարկելուց հետո [44] ։ Դարձյալ Հայաստանի վրայով նահանջի ճանապարհ «հրկիզեցին դաշտերն ու բնակելի վայրերը…Եվ այս բոլոր դժբախտություններին որպես լրացում՝ իրենց հետ միասին արհեստի որոշ ճյուղերի մարդկանց ցմահ ծառայության մատնելու նպատակով տարան Կ. Պոլիս ամբողջ ընտանիքներով։ Ի վերջո, Կ. Պոլիս ուղարկեցին նաեւ ծաղկուն հասակ առած այս ժողովրդի երկսեռ գեղեցկադեմ երիտասարդներին, դարձնելով նրանց հաղթողի զոհերը» [45] ։

Վերադառնալով Թավրիզ եւ մայրաքաղաքն ու նրա շրջակայքը տեսնելով ավերված ու կողոպտված վիճակում շահը «երդվեց վրեժ առնել» [46] ։ Կզլբաշների բանակը նորից ներխուժում է Արեւմտյան Հայաստան եւ, «օգտագործելով երկրի բնակչության ատելությունը թուրքերի նկատմամբ» [47], ասպատակություն է սփռում երկրում։ Նահանջող թուրքական բանակի նկատմամբ կզլբաշները կիրառում են պարտիզանական կռիվներ ու մեծ վնաս պատճառում նրանց [48] ։

Այս բոլորը նշանակում է, որ 1531-1535 թվականների պատերազմների ընթացքում թուրքերին չհաջողվեց կզլբաշներին շոշափելի հարված հասցնել։ Բացառությամբ Բարձր Հայքի (Դերջան, Էրզրում, Կարս եւ այլն), ամբողջ Արեւմտյան Հայաստանը փաստորեն շարունակում էր մնալ Սեֆյանների ձեռքում։ Երկու պետությունների միջեւ եղած լարվածոլթյունն է´լ ավելի էր մեծանում։

* * *

1547 թ. շահ Թահմասպի եղբայր Ալխաս Միրզան ապստամբեց նրա դեմ եւ Շիրվանն ու Վրաստանը ասպատակելուց հետո Սեւ ծովի վրայով մեկնեց Ստամբուլ ու ապավինեց սուլթան Սուլեյմանին, արժանանալով պատշաճ մեծարանքի։ Ալխաս Միրզան շահական գահին տիրանալու ձգտումով սուլթան Սուլեյմանին դրդում էր Իրանի դեմ սկսել պատերազմ:

1548 թ, մարտի 28-ին հսկայական բանակի գլուխ անցած սուլթան Սուլեյմանը Կոնիա-Սեբաստիա-Ամասիա-Էրզրում-Արծկե ճանապարհով շարժվեց դեպի Թավրիզ [49] ։ Թուրքական բանակի արշավանքին ուղեկցող ֆրանսիական թագավորի դեսպան դ’Արամոնի վկայությամբ, թուրքական բանակը կազմված էր «300 հազար զինվորներից եւ 300 թնդանոթից», ի դեպ՝ դ’Արամոնը սուլթանի ռազմական խորհրդատուն էր եւ մեծապես շահագրգռված էր իրանական այս արշավանքի շուտափույթ ավարտման մեջ, որպեսզի Ֆրանսիան հնարավորություն ունենար օգտագործելու օսմանյան ռազմական ուժերը Եվրոպայում, իր գլխավոր թշնամու՝ Հաբսբուրգների դեմ։ Ֆրանսիայի եւ Օսմանյան կայսրության միջեւ դաշնակցային կապերը, որոնք հաստատվել էին 1535 թվականին, իրենց ազդեցությունն են թողել դ’Արամոնի՝ թուրքական արշավանքի նկարագրությանը նվիրված աշխատության վրա։ Իրական փաստերի մասին դ’Արամոնը գիտակցաբար լռում է եւ փորձում է սուլթանին վերագրել «հոգատարություն» քրիստոնյա հպատակների նկատմամբ։

Ողջ Արարատյան դաշտավայրի եւ Իրանական Քրդստանի մի մասը նվաճելուց, հետո սուլթան Սուլեյմանը գալիս, պաշարում ու գրավում է Թավրիզը եւ մի քանի օր հետո շարժվում է դեպի Վան ու 1548 թ. օգոստոսին գալիս միանում է Վանը պաշարած թուրքական զորքերին։ Ամբողջ մի շաբաթ Վանը ռմբակոծվելուց հետո գրավվում է թուրքական բանակի կողմից [50] ։ Այդ առթիվ ֆրանսիական թագավոր Հենրիխ 2-րդին հղած նամակում սուլթանը հանդես է գալիս հպատակ քրիստոնյա բնակչության (հայերի) հովանավորողի դիրքերից եւ բացատրում իրանյան այս արշավանքի դրդապատճառները։ Ավելորդ չենք համարում այստեղ բերել այդ նամակի կարեւորագույն հատվածները։ «Հայտնի է, գրում է Սուլեյմանը, որ վերջին ժամանակներս պարսիկ ժողովուրդը կուրացած իր աղանդով՝ ըմբոստացավ կրոնով նախատեսված պարտականությունների եւ ավանդույթների դեմ եւ փարվեց շիիզմի արգահատելի վարդապետությանը։

Դիվային ոգի ունեցող Ալխասը՝ Թահմասպի եղբայրը, այս ժողովրդի ներկայիս առաջնորդը, վերջերս եկավ խնդրելու մեր հովանավորությունը եւ մեր կողմից գտավ պատշաճ ընդունելություն։ Մենք լսեցինք նրա բողոքները եւ իր հորդորանքների վրա մեր հաղթական դրոշը բարձրացրեցինք եւ մեր զենքի հզորությամբ աշխատեցինք փարատել կրոնին հասցված վնասն ու անարգությունը։ Մենք շարժվեցինք դեպի Արեւելք եւ երբ մեր դրոշները ծածանվեցին Ադրբեջանում եւ մեր զորքերը մուտք գործեցին Թավրիզ, պարսիկները դիմեցին փախուստի եւ հեռացան այս նահանգից ու նրա ենթակա շրջաններից։ Նրանք ցույց չտվեցին ո՛չ քաջություն եւ ո՛չ էլ իրենց իշխանի հանդեպ հավատարմություն։ Մեր զորքերի համբավը ստիպեց նրանց մրջյունների նման հողի տակ թաքնվել, այս երկրամասի բոլոր բնակիչները հոգատարությամբ շրջապատվեցին։ Նրանք ոչ միայն զերծ մնացին խժդժություններից, կողոպուտից, այլեւ արժանացան մեր հատուկ համակրանքին եւ մեր կայսերական հովանավորությանը։

Մեր արշավանքի հիմնական նպատակն էր Ադրբեջանի նվաճումը ու նրա կցումը կայսրությանը։ Այս ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է նախ եւ առաջ, Պարսկաստանի ամենանշանավոր եւ ամենաանառիկ ամրոցին՝ Վանին, տիրանալը «Մենք հաջողությամբ հասանք այս վայրը 955 թվականի ռեջեբ ամսի առաջին օրերը (1548 օգոստոս)։ …Ես հարձակման ազդանշանը տվի, իմ մոտն ունենալով իմ հռչակավոր մեծ վեզիր Ռուստամ փաշային, մյուս վեզիրներին, սանջակբեգերին, բեկլեյբեգերին, նազիներին եւ իմ հաղթական զինվորներին։ Նախախնամությունը մեզ նախատեսել էր այս վայրի նվաճումը, որը կարճ ժամանակամիջոցում ընկավ մեր ձեռքը իր բոլոր շրջակայքով հանդերձ։ Ես այնտեղ թողեցի պահակազոր եւ կարգուկանոնի պահպանման համար ոստիկանների մի ջոկատ» [51] ։

Թե ինչ ապահովություն էր բերում սուլթանը հայերին, երեւում է Ներսես Վարագեցու 1548 թ. հետեւյալ հաղորդագրությունից. «…քակեցին առհասարակ զգիւղս եւ զքաղաքս՝ զծառս եւ զտունկս առ ի յայրել զփայտս ի խանութ եւ յայլ ինչ պետս իւրեանց» [52] ։ Եվ, վերջապես, հակառակ թուրքերի նկատմամբ իր տածած համակրանքին, դ’Արամոնը ստիպված է խոստովանել, որ ճանապարհին արշավող բանակի հնարավոր վտանգներից խուսափելու համար Հայաստանի շատ վայրերում բնակչությունը ստիպված է եղել լքել հայրենի վայրերը ու ապաստան փնտրել սարերում ու քարայրներում։ Այսպես խոսելով Արճեշի մասին, նա գրում է. «հուլիսի 6-ին եւ 7-ին (1548) մոտենալով քիչ թե շատ մի բերքառատ երկիր, մտանք Սոֆիի փոքրիկ մի քաղաք՝ Արճեշը, որը լքված էր բնակչությունից եւ ուր եւ ոչ մի մարդ չէր ապրում» [53] ։ Այնուհետեւ խոսելով Խոյի մասին, նա շարունակում է, «Այս վատ ճանապարհներից (մինչ այդ թուրքական բանակը շարժվել էր ամայի ու քարքարոտ վայրերից Մ. Զ. ) մենք հասանք Խոյ կոչվող մեծ ու գեղեցիկ գյուղին, որը լավագույնն էր մինչ այդ մեր տեսածների մեջ, սակայն բոլոր բնակիչները դիմել էին փախուստի» [54] ։ Սուլթանական բանակի նահանջից անմիջապես հետո, շահ Թահմասպը իր ուժերը մտցրեց Արեւմտյան Հայաստանի տարածքը, մեծ ավերածություններ գործելով Վանի, Մուշի, Բիթլիսի, Արծկեի եւ Խլաթի շրջաններում։ Հայկական եւ արեւելյան աղբյուրներում այդ մասին պահպանվել են ընդարձակ տեղեկություններ [55] ։ Երբ սուլթանը գտնվում էր Սեբաստիայում, կարդում ենք դ’Արամոնի մոտ, «…լուր ստացվեց, որ նրա (շահ Թահմասպի Մ. Զ. ) զորքերը մտել էին իր երկրի խորքերը եւ կողոպտել էին գավառներն ու գյուղերը» [56] ։

Պաշարված Խլաթը համառ դիմադրել էր շահ Թահմասպին։ Խաբված Իրանի տիրակալի կեղծ խոստումներից։ պաշարվածները բաց արեցին քաղաքի դռները եւ կզլբաշները անասելի կոտորած կազմակերպեցին [57] ։ Խլաթից շահի որդի Իսմայիլ Միրզան շարժվեց դեպի Էրզրում եւ պարտության մատնեց տեղի թուրքական կայազորը [58] ։ Իսմայիլ Միրզան, համաձայն հայերեն մի ձեռագրի հիշատակարանի, ասպատակում է նաեւ Վանն ու իր շրջակայքը. «Զի յաւուրս ձմեռայնոյ՝ ի տօնի սուրբ Յակոբին ելաւ որդին շահ Դահմանին Իսմայիլ Միրզեն բազում հեծելօք վերայ երկրին Վանայ) երեք մասունս արարեալ (զզօրս իւր) զմին մասն ի յԱմուկ ուղարկեալ, եւ զմին մասն ի Հայաձորն եւ ինքն մնաց ի Խօշապն եւ զօրքն սփռեցաւ առհասարակ, զոմանս սպանանելով, զայլսն թալանելով՝ բայց գերի ոչ արարին եւ դարձան բազում ավարավ ի տեղիս իւրեանց» [59] ։

Արեւմտյան Հայաստանում կզլբաշների այս նոր ասպատակությունները թուրքերի առաջ հրամայական պահանջ էին դնում եւս մեկ անգամ հարձակվելու Սեֆյան Իրանի վրա։ Իրանական նոր արշավանքի համար սերասքեր նշանակվեց մեծ վեզիր Ռուստամ փաշան [60] ։ Միաժամանակ սուլթանը Փոքր Ասիայի բոլոր կառավարիչներին հայտնում էր, որ ինքը շուտով անձամբ ղեկավարելու է կզլբաշների դեմ ուղղված նոր արշավանքը։

1553 թ. ամռանը սուլթան Սուլեյմանը ձեռնարկեց իր նոր արշավանքը դեպի Իրան, որն այս անգամ իրագործվեց Էրզրումի, Կարսի, Շորագյալի վյրայով դեպի Երեւան եւ Նախիջեւան։ Էրզրումից թուրքական սուլթանը շահ Թահմասպին հղեց, ինչպես մի ժամանակ իր հայրը շահ Իսմայիլին, սպառնալիքներով եւ հայհոյանքներով լի մի նամակ։ Սպառնալիքներին շուտով հաջորդեցին Շորագյալի (Շիրակի), Երեւանի, Նախիջեւանի ու Ղարաբաղի աննկարագրելի ավերումն ու կողոպուտը։ Այդ մասին են գրում հենց իրենք՝ թուրք պատմիչները եւ, մասնավորապես, Ի. Փեչեվին [61] ։

Դեռեւս 1549 թ., երբ թուրքական բանակը Էրզրումում էր, սուլթանը զորամասեր ուղարկեց Վրաստան՝ երկիրը նվաճելու նպատակով։ Հենրիխ 2-րդին հղած նամակում սուլթանը հետեւյալ կերպ է բացատրում Վրաստանի վրա հարձակվելու շարժառիթները. «Նենգ ցեղին պատկանող վրացիները սահմանակից են մեր կայսրությանը, մերթ ընդունում են մեր հովանավորությունը, մերթ էլ անցնում են մեր թշնամիներ պարսիկների կողմը։ Նրանց ապօրինություններն ու քստմնելի վարվելաձեւը մեզ ստիպեցին նրանց նկատմամբ ձեռնարկել խիստ միջոցներ» [62] ։ Այնուհետեւ սուլթանը մանրամասն թվարկում է Վրաստանի այն ամրոցները (Սերլիգան, Թորթում, Էմրիտ, Ակչեկալե եւ այլն), որոնք նվաճվեցին թուրքերի կողմից եւ ավելացնում՝ «կարճ՝ թշնամուց վերցված երեսունհինգ ամրոցներից տասնչորսը հողին հավասարեցվեցին, իսկ քսանմեկում նշանակվեցին պահակազորեր եւ ռազմական կառավարիչ։ Երկիրը վերածվեց (օսմանյան) բեգլերբեգության եւ բաժանվեց չորս սանջակների եւ ամբողջությամբ միացվեց կայսրությանը» [63] ։ Խոսքը վերաբերում է Արեւմտյան Վրաստանին, որը հետ այսու կոչվելու էր «Վիլայեթ-ի Գյուրջիստան»։ Սակայն Սուլեյմանի 1553—1554 թթ. արշավանքի ժամանակ Վրաստանի հասցեին արված նոր սպառնալիքները վկայում են, որ թուրքերը այս հարցում հպարտանալու քիչ տեղ ունեին։

Գրավելով Արեւելյան Հայաստանի մի զգալի մասը, թուրքերը ստիպված եղան դադարեցնել բանակի հետագա առաջխաղացումն ու հետ նահանջել։ Երկյուղ կրելով, որ հաջորդ՝ 1555 թ, թուրքերը նորից կհարձակվեն Իրանի վրա, շահ Թահմասպը հատուկ պատվիրակություն ուղարկեց Ամասիա՝ սուլթանի հանգստավայրը, օսմանյան տիրակալից հայցելով հաշտություն։

Երկար բանակցություններից հետո [64] 1555 թ, մայիսի 26-ին Ամասիայում արեւելյան երկու պետությունները հաշտություն կնքեցին, համաձայն որի հարավարեւմտյան Հայաստանը (Վան, Մուշ, Բիթլիս եւ այլն) անցավ Օսմանյան կայսրությանը, իսկ Արեւելյան Հայաստանը, Արեւելյան Վրաստանն ու ամբողջ Ադրբեջանը մնացին Սեֆյանների տիրապետության տակ։ Պայմանագրով նախատեսված էր երկու պետությունների սահմանագծում գտնվող Կարս քաղաքը դարձնել ամայի ու անմարդաբնակ։

* * *

1555 թ. մայիսի 26-ին Ամասիայում կնքված հաշտության պայմանագիրը, ըստ էության, ժամանակավոր զինադադար էր, քանզի արեւելյան երկու պետությունների միջեւ տնտեսական եւ քաղաքական բնագավառում գոյություն ունեցող սուր հակասությունները շարունակում էին լարված վիճակում պահել նրանց փոխհարաբերությունները։ Ողջ Անդրկովկասի նկատմամբ թուրքերն առաջվա նման տածում էին ագրեսիվ նկրտումներ։ Նրանց հիմնական ստրատեգիան էր անմիջական շփման մեջ մտնել միջինասիական թուրքերի հետ ու համատեղ ոչնչացնել «կրոնի ու պետտւթյան թշնամի» Սեֆյան Իրանը։ 1609 թ. Լիոնում հրատարակված ու Օսմանյան կայսրության պատմությանը նվիրված աշխատության մեջ հատուկ նշվում է, որ «Իրանի հետ պատերազմի պատճառը ոչ թե կրոնական հին հակասություններն են, այլ Մուրադ 3-րդի կայսրության սահմաններն ընդարձակելու գոռոզ ձգտումները» 64 ա։

1576 թ. մահացավ շահ Թահմասպը, մի տիրակալ, որն ինչպես եւ իր հայրը պաշտվում էր իրանական հասարակության կողմից, որպես աստված, չնայած նա իր ողջ ներքին հակաժողովրդական քաղաքականությամբ արժանի էր արգահատանքի։ «Ժողովրդի հարգանքն ու սերը տիրակալի հանդեպ, կարդում ենք Վինչենցո դ’Ալեսանդրիի մոտ, հակառակ վերեւ հիշված բաների (իմա՝ դաժան ներքին քաղաքականության— Մ. Զ. ), որ խորհել է տալիս, թե նա պետք է որ ատվեր, անհավատալի է, որովհետեւ նրանք պաշտում են նրան ոչ իբրեւ թագավորի, այլ որպես աստուծո» [65] ։

Շահ Թահմասպը Մերձավոր արեւելքի երկրների նկատմամբ ոչ պակաս զավթողական նպատակներ ուներ, քան թուրքերը։ Այդ մասին է խոսում իր զեկուցագրի մեջ նույն Վինչենցո դ’Ալեսանդրին։ «Այս թագավորը, գրում է նա, հավակնություն եւ պահանջ ունի այն երկրների հանդեպ, որ օսմանյան կայսրերը առել են նրանցից մի կողմից Եփրատ գետից մինչեւ Բաբելոն (Babelonia —Բաղդադ), արեւմուտքում Բենբեքի (Դիարբեքիր) երկրները եւ Փոքր Հայաստան, որ պարունակում է Ուրֆա (Urfa), Մերդին (Merdin), Բիր (Bira), Ադիլջեւազ (Adiligus), Բիթլիս (Bitis), Վան, Ոստան (Vastan), Խիզան (Cassan), Ալաշկերտ (Calasci), Հալիջան (Haligan), Բայբուրդ (Baiiburd), Բաբերի եւ ուրիշ վայրեր» [66] ։ Այս քաղաքականությունից չէին կարող հրաժարվել նաեւ նրա հաջորդները:

Սակայն շահ Թահմասպի մահից հետո քաղաքական իրադրությունն Իրանում այլ էր։ Կառավարման ղեկը, իր իշխանության վերջին տարիներին, ծերունի Թահմասպը պահում էր միայն անվանապես։ Երկրի փաստական տերը թյուրքական ցեղերի ավագանիներն էին։ Թահմասպի մահից հետո այդ ուժերն արդեն դարձան երկրի լիիրավ տեր ու տնօրենը։ Տարբեր հոսանքների պատկանող ավագանիների խմբերը ձգտում էին իրենց թեկնածուին բազմեցնել իրանական գահի վրա։ Գահակալական այդ ներքին երկպառակությունները մեծապես թուլացրել էին Իրանը։ Սահմանում գտնվող Վանի թուրքական կառավարիչ Խոսրով փաշան, որն ուշի-ուշով հետեւում էր Իրանի ներքին խառնակ վիճակին, իր կառավարությանը հղած անվերջ զեկուցագրերում հորդորում էր օսմանյան ղեկավար շրջաններին՝ անհապաղ օգտվել Իրանի թուլացումից ու հարձակվել նրա վրա [67] ։ Եվ ահա այսպես է, որ ծագեց հերթական թուրք-իրանական պատերազմը, որի հիմնական թատերաբեմն այս անգամ էլ դարձան Հայաստանն ու ողջ Անդրկովկասը։

Դեռեւս պատերազմը բացահայտ բնույթ չստացած, ինչպես վկայում են աղբյուրները, սահմանային ընդհարումները երկու պետությունների միջեւ ընդունել էին հանապազօրյա բնույթ։ Երկու կողմերն էլ իրար հասցնում էին շոշափելի վնասներ։ Իսկ երբ 1578 թ, գարնանը հսկայական բանակի գլուխ անցած թուրքական զորքերի գերագույն հրամանատար (սերասքեր) Մուստաֆա փաշան շարժվեց դեպի Հայաստան, ապա Երեւանի կառավարիչ Թոքմաք խանը երեսուն հազար սեֆյաններով ասպատակեց սահմանագծում գտնվող Արդահանն ու Չլդըրը [68] ։ Իր հերթին Վանի կառավարիչը Վասպուրականից ներխուժեց Սեֆյան Իրանի սահմանները, պարտության մատնելով նրանց առաջապահ ուժերը [69] ։

1578 թ. օգոստոսի 9-ին Արդահանից շարժվելով, սերասքեր Մուստաֆայի զորքերը կանգ առան Չլդըրի մոտ, ուր եւ հաջորդ օրը թշնամի երկու կողմերի միջեւ տեղի ունեցավ մեծ ու արյունալի ճակատամարտ։ Մեծ կորուստների գնով թուրքերը վճռեցին այն իրենց օգտին [70] ։

Պատերազմական գործողություններն աղետալի հետեւանքներ ունեցան հայ ժողովրդի համար եւ արտացոլվեցին այդ տարիներին արտագրված հայերեն ձեռագրերի հիշատակարաններում։ Մի հիշատակարանում մասնավորապես ասված է, որ թուրքերը «…զբազում քաղաքս եւ զգեղս եւ զգաւառս աւերեալ քանդեցին, զարսն սրով սպանին, եւ զկանայսն եւ զտղայսն գերի վարեցին» [71] ։

Դեռեւս մինչեւ Չլդըրի ճակատամարտը սերասքեր Մուստաֆան Վրասաանի ղեկավարներին ուղղված հատուկ նամակով պահանջեց ամեն տեսակի կապերը խզել Սեֆյան Իրանի հետ եւ թեքվել օսմանցիների կողմը։ Այդ նամակին արձագանքեց միայն Արեւմտյան Վրաստանում իշխող Մանուչարը, իսկ դրան հակառակ Թիֆլիսում թագավորող Դավիթը, որն ազգակցական կապեր ուներ Սեֆյան պալատի հետ, անպատասխան թողեց Մուստաֆայի առաջարկը։ Ուստի վերջինս Չլդըրի ճակատամարտից հետո ներխուժեց Վրաստան եւ, գրավելով Թումեք (Թմուկ), Ախալքալաք բերդերը, մտավ Թիֆլիս։ Նա քաղաքի երկու եկեղեցիները վերածեց մզկիթների [72] ։

Թիֆլիսի վրայով օսմանյան բանակը շարժվում է դեպի Շիրվան։ Սեֆյան բանակը դիմում է պարտիզանական կռիվների հնարներին։ 1578 թ. օգոստոսի 29-ին Կուրի վտակներից Կանակ գետն անցնելիս օսմանյան բանակը տալիս է ծանր կորուստներ։ Թուրքական բանակին հետապնդող Թոքմաք խանի, Էմիր խանի եւ Իմանկուլի խանի զորքերը նրան կորուստներ են պատճառում՝ թակարդի մեջ գցելով թշնամուն [73] ։

Այսուհանդերձ, պատերազմի հենց առաջին տարում՝ 1578 թ., թուրքերին հաջողվեց զավթել Վրաստանի ու Շիրվանի մի մասը։ Դեռեւս այս երկու երկրների նվաճումը չավարտած, սերասքեր Մուստաֆան այս երկրամասերը վերածելով սովորական օսմանյան նահանգների, դրանք բաժանեց առանձին բեգլերբեգությունների [74] ։ Միայն Շիրվանը, որի կառավարիչը նշանակվել էր թուրքական առաջապահ զորքերի մի այլ հրամանատար՝ Ուլդեմիր Օսման փաշան [75], զավթիչներին տարեկան քսանհինգ միլիոն երկու հարյուր հազար ոսկու եկամուտ էր բերելու [76] ։

1578 թ. ձմռանը թուրքական բանակը վերադառնում է Էրզրում՝ հանգստանալու։ «Եվ որովհետեւ ձմեռը բավականին խորացել էր, եւ (դեպի Էրզրում) վերադարձի ճանապարհը չափազանց երկար էր, ուստի նա (Մուստաֆան— Մ. Զ. ) որոշեց հետ քաշվել Էրզրում, եւ նախքան մեկնելը Օսման փաշային նշանակեց Շիրվանի նահանգի կառավարիչ, հրահանգելով նրան զավթել Շամախին եւ Դերբենդը, միանալ թաթարական զորքերին, որոնք ըստ հասած տեղեկությունների արդեն հասել էին Դերբենդ քաղաքի մոտակայքը» [77] ։

Օգտվելով այն հանգամանքից, որ օսմանյան հիմնական բանակը նահանջել էր դեպի Էրզրում, 1578 թվականի դեկտեմբերին սեֆյան զորքերն անցան համընդհանուր հարձակման մի շարք ուղղություններով՝ Արարատյան դաշտավայրով դեպի Կարս եւ էրզրում, Շիրվան եւ Բաղդադ [78] ։ Շիրվանում եւ Ղարաբաղում միայն Ադիլ-Գիրայի Ղրիմի թաթարական զորքերի օգնությամբ Ուզդեմիր Օսման փաշային հաջողվեց ոչ միայն ետ շպրտել իրանյան բանակը, այլեւ նրան հասցնել շոշափելի պարտություն [79] ։ Սակայն շուտով պարտություն կրած սեֆյան բանակին օգնության է հասնում տաղանդավոր զորավար, թագաժառանգ Համզա Միրզան եւ Արեշի մոտ խուճապի մատնում թշնամուն, սարքում մեծ կոտորած ու գերի վերցնում Ադիլ-Գիրային [80] ։

1579 թ. գարնանը, տեսնելով Արեւելքում թուրքերի կատարած նվաճումների հեղհեղուկ վիճակը, սուլթան Մուրադ 3-րդը կարգադրեց իր սերասքերին, հակառակ Ամասիայի հաշտության պայմանագրի, վերակառուցել Կարս քաղաքում ամրոցը։ Կարսի ամրոցի վերակառուցումը կատարվել է տեղական բնակչության (հայ) բռնի աշխատանքի լծելու պայմաններում։ Մի հիշատակարանում կարդում ենք, որ սերասքեր Մուստաֆան «…եկեալ եւ բնակեցաւ ի դաշտն Բասենու եւ հրաման էլ յաշխարհս, եւ ժողովեցան բազում ճարտարք եւ քարագործք, եւ ձեռնարկեալ շինեցին զբերդն եւ զքաղաքն առ ի հակառակութիւն կարմիր գլխուն»։

Վինչենցո դ’Ալեքսանդրիի վկայությունից երեւում է, որ XVI դարի կեսերից ամայացված էր ոչ միայն Կարսը, այլեւ թուրք-իրանական սահմանամերձ շրջանները. «թագավորի (իմա՝ շահ Թահմասպի— Մ. Զ. ) ուժը այն է, որ նա երկիրը ավերակ է դարձրել թուրքական սահմանների վրա՝ ամեն կողմ վեց օրվա ճանապարհ հեռավորությամբ, եւ շրջանում քանդած է բոլոր ամրոցները, որպեսզի զորացնե իր դիրքերը եւ թուրքերը հակում չունենան գրավելու եւ պահելու այն» [81] ։

Իտալացի դիվանագետ Մարիանին նույնպես նշում է Կարս բերդ-ամրոցի ավերակ լինելու եւ Օսմանյան կայսրության պաշտպանության համար ունեցած մեծ նշանակության մասին [82] ։ «Ղազվինում, գրված է եվրոպական մի զեկուցագրի մեջ, չգիտեին, թե որն էր թուրքերի եւ Մուրադի նպատակը վերակառուցելով Կարսի ամրոցը, սակայն ենթադրում էին, որ նա կարող էր ծառայել Թիֆլիսի պաշտպանության գործին։ Պարսկաստանի թագավորը որոշեց Վրաստան ուղարկել Սիմոն բեկին, որն իրենց մոտ գտնվում էր գերության մեջ եւ Ալիկուլի խանին, որը պարսից զորքի գերագույն հրամանատարն էր՝ մի քանի հազար զինվորներով եւ մեծ թվով թնդանոթներով՝ Կարսի ամրոցի վերակառուցումը խանգարելու նպատակով։ Մուստաֆան գալով Կարս (մեծ) վեզիր Մեհմեդի (իմա՝ Սոկոլլիի— Մ. Զ. ) որդի Հասան փաշային քսան հազար զինվորներով, ամեն տեսակի զենքի ու զինամթերքի, դրամի եւ պարենի հետ ուղարկեց Թիֆլիս (թուրքական կայազորին) օգնելու։

Հասանը գնաց օգնելու այս վայրին, սակայն անցնելով Դմանիսի կիրճը, անսպասելիորեն հարձակման ենթարկվեց Ալիկուլիի եւ Սիմոնի կողմից, որոնք թաքնվել էին մոտակա անտառներում։ Նրանք մեծ կորուստներ պատճառեցին Հասանին։ Սակայն տեսնելով որ իրենք պաշարված են մեծ թվով զինվորներով, փախուստի դիմեցին։ Արիասիրտ չհանդիսացող Ալիկուլին գերի ընկավ։ Այնուհետեւ Հասանը մտավ Թիֆլիս եւ ոգեւորեց զինվորներին պերճախոսությամբ, դրամով, զենքով ու զինամթերքով ու հետ վերադարձավ»։ Այնուհետեւ զեկուցագրում պատմվում է, որ վրաց թագավոր Սիմոնը բազում թնդանոթներով սպասում էր Թիֆլիսից վերադարձող Հասանին մի կիրճի բերանում։ Սակայն լրտեսների միջոցով Հասանը տեղեկանում է Սիմոն Լուարսաբի ձեռնարկմանը եւ վերադարձը շարունակում է այլ ճանապարհով։ Սիմոնին մնում էր միայն հետապնդել թշնամուն եւ հարվածներ հասցնել նրան [83] ։

Այսպիսով, թուրքերին հաջողվում է սովի ճիրաններին մատնված թուրքական կայազորին ցույց տալ ժամանակավոր օգնություն։ Սակայն իրենց համար տխուր իրավիճակը թուրքերն անզոր էին փրկել։ Եվրոպական մի այլ զեկուցագրի մեջ այդ մասին ասված է. «Չնայած թուրքերին հաջողվեց գրավել մի շարք շրջաններ, սակայն ինչպես Վրաստանում, այնպես էլ Շիրվանում նրանք ունեցան մարդկային մեծ կորուստներ։ Բացի այդ թուրքերի գրաված շրջանների մի կարեւոր մասը վերանվաճվեց պարսիկների կողմից։ Ավելին՝ համաճարակը եւ ավելի հաճախ սովը թուրքական բանակի մեծ մասի անբաժան ուղեկիցն էր եւ որոշ տեղեկությունների համաձայն մահացել էին ավելի քան յոթանասուն հազար թուրքեր, ոմանք սրից, մյուսները՝ համաճարակից եւ սովից» [84] ։ Մարիանիի մի այլ տեղեկությունից իմանում ենք, որ 1579 թ. ամռանը իրանցիները «…նպատակահարմար գտան մնալ պաշտպանական դիրքերում՝ թուրքերի բանակում համաճարակի տարածման պատճառով» [85] ։

Կարսի ամրոցի վերակառուցման աշխատանքներին զուգընթաց օսմանյան բանակը Ջաֆեր փաշայի ղեկավարությամբ ասպատակում է Երեւանի շրջակայքը եւ գերեվարում մեծ թվով հայեր եւ թյուրքեր։ Թուրք պատմագիր Ի. Փեչեվիի ասելով, գերիները հարց հարուցեցին, թե արդյո՞ք խաղաղ բնակչության գերեվարումը օրինակա՞ն է։ Մուֆտի Քեմալ-փաշա զադեն իր ֆեթմաներով (մեկնություններով) հաստատեց դրա «օրինականությունը»։ Մուֆտին մինչեւ իսկ գտավ, որ «շարիաթով թույլատրվում է կանանց հետ միասին գերի վերցնել նաեւ նրանց փոքրահասակ երեխաներին» [86] ։

Նկատի ունենալով թուրքերի կրած ծանր կորուստներն Արեւելքում, սուլթան Մուրադ 3-րդը շուտով Մուստաֆային մանզուլ (պաշտոնազուրկ) է անում եւ նրա փոխարեն սերասքեր նշանակում Սինան փաշային [87] ։ Հասնելով Սեբաստիա, նոր սերասքերը նկատելով, որ թուրքական բանակը գտնվում է անմխիթար վիճակում, նամակ է հղում սուլթանին, պահանջելով եվրոպական մասում գտնվող թուրքական բանակի մի մասը անհապաղ տեղափոխել Փոքր Ասիա [88] ։

Շահ Խուդաբանդան (1578-1585), օգտվելով Սինան փաշայի սերասքեր նշանակվելու առիթից, փորձեց հաշտության եզրեր գտնել վերջինիս հետ։ Այդ նպատակով նա Մաքսուդ խանի գլխավորությամբ Սինան փաշայի մոտ ուղարկեց հատուկ դիվանագիտական պատվիրակություն՝ թուրքերին առաջարկելով Թիֆլիսն ու Կարսը հանձնել նրանց [89] ։ Բանակցությունները վերջանում են ապարդյուն [90] ։

Այս բոլորից հետո Սինան փաշան որոշում է իր առաջին հարվածն ուղղել Վրաստանի դեմ, նպատակ ունենալով, մի կողմից օգնության հասնել աղետալի վիճակում գտնվող Թիֆլիսի թուրքական կայազորին, մյուս կողմից, չեզոքացնել պրոիրանական ուժերին։ Սեֆյաններն, իրենց հերթին, անում են ամեն ինչ, խափանելու թուրքերի մտադրությունները։ Ահա թե ինչ ենք կարդում այդ մասին եվրոպական զեկուցագրերից մեկում։ «Այս ժամանակ Պարսկաստանի թագավորը քաշվել էր Շիրվանի եւ Թավրիզի արանքում գտնվող ու անհրաժեշտ ամեն ինչով առատ, Ղարաղաջ կոչեցյալ վայրը եւ այնտեղ հավաքելով երեսուն հազարանոց մի բանակ սպասում էր Սինանին, քանզի կարծում էր, որ նա շարժվելու է դեպի Թավրիզ կամ Շիրվան եւ գերազանցելու է Մուստաֆայի փառքը, եւ համոզված լինելով, որ անհրաժեշտ է Վրաստանի Թիֆլիս քաղաքին օգնության (հասնել) կարգադրեց իր երկու գլխավոր զորավարներին՝ Թոքմաք խանին եւ Իմանկուլի խանին, իրենց զորքերով միանալ Սիմոնին եւ հարվածել թուրքերին, քանի դեռ նրանք այդ բանը չեն արել (մեզ)։ Սինանը գալով Էրզրում եւ հավաքելով իր հիմնական բանակը եւ զինամթերքը շարժվեց դեպի Կարս եւ Կարսից էլ անձամբ Վրաստան՝ Թիֆլիս, նպատակադրվելով Դմանիսի կիրճի մատույցում կառուցել մի ամրոց։ Գալով Դմանիս, բանակը մնաց ութ օր եւ ութ գիշեր տեղացող հորդառատ անձրեւի տակ, նա ստիպված եղավ թողնել Դմանիսը եւ շարժվել դեպի Թիֆլիս, որին (կայազորին) նա պիտի օգներ նյութապես եւ զինամթերքով, սակայն հասնելով Տրիալի, նա տեղեկացավ, որ Պարսկաստանի թագավորը մեծ բանակով գալիս է իր դեմ» [91] ։ Սինան փաշան շարժվում է դեպի Արդահան եւ Չլդըր [92] ։ Սերասքերի այս քայլը, համաձայն զեկուցագրի, ոչ այլ ինչ էր, քան մի փորձ՝ ահաբեկելու շահական զորքերին, քանզի, ինչպես ասված է վավերագրում, Սինանը ձգտում էր խաղաղության, համոզված լինելով, որ «…Պարսկաստանի հետ պատերազմն ամբողջությամբ ոչնչացնելու էր թուրքերին» [93] ։

Շահ Խուդաբանդան թուրքական ճամբար ուղարկեց նոր պատվիրակություն՝ Իբրահիմ խանի գլխավորությամբ [94] ։ Հաշտության բանակցությունները, սակայն, այս անգամ եւս շոշափելի արդյունք չտվեցին։ Ուստի Սինան փաշան նորից շարժվեց դեպի Թիֆլիս եւ քաղաքի ղեկավարությանը հանձնեց մուսուլմանություն ընդունած Լուարսաբի որդի Գորգինին, որը հետ այսու կոչվելու էր Յուսուֆ փաշա։ Փառասիրական նպատակներով իսլամին փարվեց նաեւ Մանուչարը, ընդունելով Մուստաֆա անունը։ Սակայն վաթսուն հազարանոց բանակի գլուխ անցած շահի դեպի Վրաստան կատարած արշավանքի լուրը սերասքերին ստիպեց դիմել նահանջի ու մեկնել մայրաքաղաք։ Առաջվա նման Վրաստանը չէր ենթարկվում սուլթանի կամքին ու նման էր ժայթքող հրաբխի։ 1582 թ. օգոստոսին թուրքական բանակն Էրզրումից նորից շարժվեց դեպի Կարս եւ Ախալքալաք [95] ։ Վերջին վայրում Մուստաֆան (Մանուչարը) միացավ թուրքական բանակին։ Գորիի մոտ տեղի ունեցած ճակատամարտում թուրքերը պարտություն կրեցին վրացական եւ իրանական ուժերից։ Գորիի մոտ կրած պարտությունը, եվրոպական աղբյուրների վկայությամբ, զայրացրեց սուլթան Մուրադ 3-րդին եւ նրա մեծ վեզիրին ուղղած այն հարցին, թե ինչ պետք է լինի այսպես կոչված «պարսկական արշավանքի» հետագա ճակատագիրը, վերջինս պատասխանեց. «Անհրաժեշտ չէ շատ մեծ ծախսերի հետ կապված պատերազմի շարունակությունը այդքան ամրոցներով ու պաշտպանական շինություններով պատված թշնամու երկրում սպառել պետական միջոցները եւ ժողովրդին հասցնել ծայրահեղ աղքատության, այլ ավելի ճիշտ կլիներ, որ նորին մեծությունը անձամբ մեկնելով Կարաամիդ, Հալեպ կամ թեկուզեւ Ամասիա գլխավորեր պարսկական արշավանքը» [96] ։

Սուլթանը պաշտոնազրկում է մեծ վեզիրին եւ իրանյան արշավանքի նոր սերասքեր է նշանակվում Ֆերհադ փաշան (1582 թ. դեկտեմբերի 5), որը եւ վաթսուն հազարանոց բանակով շարժվում է դեպի Երեւան եւ ձեռնամուխ լինում նրա նոր բերդի կառուցմանը։ «Ֆերհադը, կարդում ենք եվրոպական զեկուցագրի մեջ, իր բանակը հավաքելով Ամասիայի ու Էրզրումի ճանապարհով եկավ Կարս ու դիմավորվեց տեղում եղած բանակի կողմից, այնտեղից անցավ Ակչեկալե եւ, տեղում թողնելով հինգ հարյուր հոգուց բաղկացած կայազոր եւ որոշ քանակությամբ հրետանի, շարժվեց դեպի Թոքմաք խանի նստավայր հանդիսացող Երեւան» [97] ։ Երեւանի այս նոր բերդի (Կալա-ի ջեդիդ) կառուցման առթիվ Յոզ. Համմերը, հենվելով թուրքական աղբյուրների վկայության վրա, նշում է, որ Երեւանի «բեգլերբեգի, դաֆթարդարի (ֆինանսների վերակացուի) տարեկան եկամուտները… կազմում էին քսանվեց միլիոն ակչե» [98] ։ 1583 թ. գարնանը Ֆերհադ փաշան իր բանակը շարժեց դեպի Նախիջեւան, ուր լուր ստացվեց այն մասին, որ Խուդաբանդա շահը մի մեծ բանակի գլուխ անցած նույնպես մտադրվել է գալ Նախիջեւան եւ ճակատամարտել [99] Ֆերհադ փաշայի հետ։ Սակայն Թիֆլիսում գտնվող թուրքական կայազորի աղետալի վիճակը Ֆերհադին ստիպում է նորից բանակն ուղղել դեպի Վրաստան, ուր եւ հանդիպում է լուրջ անհաջողության։ Սիմոն խանի (այդպես է նշված աղբյուրում) եւ քրիստոնեության գիրկը վերադարձված Մանուչարի զորքերը Սեֆյանների հետ համատեղ լուրջ հարվածներ են հասցնում թուրքերին [100] ։ Շուտով Ֆերհադ փաշայի դեմ ըմբոստանում է նաեւ թուրքական բանակը, եւ սերասքերին ոչինչ չի մնում անել, քան նահանջել դեպի Էրզրում՝ արդյունքում ստանալով պաշտոնազրկման մասին սուլթանի հրամանը [101] ։ Նրա փոխարեն «պարսկական արշավանքի» սերասքեր է նշանակվում Ուզդեմիր Օսման փաշան [102], որն աչքի էր ընկել Դաղստանում եւ Շիրվանում կատարած վայրագ ասպատակություններով [103] ։

1584 թ. օգոստոսին գալով Էրզրում, Ուզդեմիր Օսման փաշան Կարսի եւ Չլդըրի վրայով շարժվում է դեպի Չալդըրան, այնուհետեւ՝ Խոյը, Մարանդը եւ Սոֆյանն անցնելով հայտնվում է Թավրիզի առաջ։ «Օսմանը գալով Էրզրում եւ իր բանակի կարիքների համար հավաքելով մարդիկ ու պարենամթերք, կարդում ենք եվրոպական մի զեկուցագրում, օգոստոսի սկզբին մեկնեց (քաղաքից) աղմուկ հանելով, թե ինքը գնում է Նախիջեւան եւ անցնելով Կարսի եւ Չլդըրի ճանապարհներով, հասավ Չալդըրանի դաշտը… եւ սուր կրող հարյուր հիսուն հազար զինվորներով, չհաշված ծառայող անձնակազմը եւ արհեստավորները, անցնելով Խոյը, Մարանդը ու Սոֆյանը, հայտնվեց Թավրիզի առաջ» [104] ։ Շահ Խուդաբանդայի զորքերը «…այնքան հզոր չէին, որպեսզի կարողանային դիմել բաց ճակատամարտի, ուստի որոշեցին մղել մանր մարտեր, թուլացնել թշնամուն ու նրան ստիպել հետ նահանջել» [105] ։ Հիրավի, այդ նույն աղբյուրներում մանրամասն նկարագրվում են պարտիզանական այն կռիվները, որ մղում էին Սեֆյանները դեպի Թավրիզ շարժվող թուրքական բանակի դեմ՝ նրան հասցնելով շոշափելի հարվածներ [106] ։ Այսուհանդերձ, 1584 թ. սեպտեմբերի 21-ին թուրքերը մտնում են Սեֆյանների մայրաքաղաքը՝ անասելի կողոպուտի եւ կոտորածի ենթարկելով նրա բնակչությանը [107] ։

Սակայն շուտով օգտվելով սերասքեր Օսման Ուզդեմիրի հիվանդության պատճառով թուրքական բանակում տիրող անորոշությունից, Սեֆյանները նորից անցնում են հակահարձակման եւ Թավրիզի մոտակայքում տանում են «կատարյալ մի հաղթանակ… սպանելով շուրջ երեսուն հազար թուրքերի» [108] ։ Սպանվում է նաեւ Օսման Ուզղեմիրը, եւ թուրքերը ստիպված են լինում նահանջել դեպի Վասպուրական՝ ասպատակելով Վանն ու իր շրջակայքը, ինչպես մեզ այդ մասին տեղեկացնում է Արճեշում արտագրված մի ձեռագրի հիշատակարանում Կարապետ եպիսկոպոսը, որտեղ մասնավորապես գրված է. «… Եւ ելեալ ի յստմպօլայ Վեզիր փաշայ մի Աւսման անուն ի վերայ Արզռումայ գնաց երելով ու աւերելով, եւ զհայոց ազգս կողոպտելով՝ գնաց ի Շահաստան ի Թաւրէզ եւ ի տեղն բերդ պատրաստեաց եւ ինքն (անդ) սատակեցաւ եւ հեծելազօրքն անգլուխ ի յետ դարձան, եւ եկեալ զծովու բոլորս (Վանայ) երելով եւ աւերելով՝ եւ զհայոց ազգս կողոպտելով եւ զորն բռնէին իսկանջէին (տանջէին) եւ զօրապահաց թէ թագուցած կեր, թե ի հացէ, թե ի փարթալէ շորեղենէ) թե ինչ որ գումանք (կասկած) ունէին զամէն ի ձեռներն տային, դեռ չէին ազատեր, եւ զորն ֆար ու ֆասադ (զրպարտանք) անէին եւ զհայոց ազգս խիստ դառն ու դիժար նեղէին. միթե Աստուած զվերջն բարի առնէ եւ զհայոց ազգս ազատէ» [109] ։

Սուլթան Մուրադ 3-րդն այս բոլորին տեղեկանալով երկրորդ անգամ սերասքեր է նշանակում Ֆերհադ փաշային եւ 1585 թ. գարնանը նրան ուղարկում «պարսկական արշավանքի», որը նույնպես անզոր է գտնվում բեկում մտցնել պատերազմական գործողությունների մեջ։ Եվրոպական աղբյուրի վկայությամբ «պարսիկների բոլոր հաջողությունները ամենեւին չընկճեցին Մուրադի սիրտը, քանզի նա, հարելով Ֆերհադ փաշային եւ Օսման փաշայի մահից հետո նրան տալով բարձրագույն աստիճանի պաշտոնի կնիքը, մի նոր բանակով ուղարկեց նրան Պարսկաստան, եւ ի պատասխան դրան Պարսկաստանի թագավորը դեպի Վան առաքեց 24. 000-անոց պարսկական մի բանակ Վելի Սուլթանի եւ Իմանկուլի խանի ղեկավարությամբ, քանզի Ամասիայի վրայով նրա (Ֆերհադ փաշայի) զորքերը հասել էին արդեն այս շրջանները» [110] ։ Այս անգամ թուրքական բանակը խուսափում է Սեֆյանների հետ ռազմական ընդհարումներից։ Եվրոպական աղբյուրում այս իրողությունը բացատրվում է թուրքերի ունեցած ֆինանսական եւ այլ կարգի դժվարություններով։ Ռազմական գործողությունների ժամանակ, ասվում է այնտեղ, «բանակը յուրաքանչյուր տարի հավաքում էր մեծ քանակությամբ հացահատիկ՝ ժողովրդին պատճառելով մեծ չարիք՝ հուսահատության տրամադրություններ առաջացնելով նրա մոտ։ Գտնում եմ, որ այս հանգամանքներն են (մի քիչ վերեւում նշված է, որ միայն Հալեպի վաճառականները պատերազմական կարիքների համար պիտի տրամադրեին մինչեւ 60. 000 դուկատ գումար— Մ. Զ. ), ահա, որ պատճառ հանդիսացան այն բանի, որ այս բանակը թողնելով ամեն ինչ վերադարձավ Կոստանդնուպոլիս» [111] ։

Հիրավի՝ երկարատեւ պատերազմներն Իրանի հետ հյուծել էին պետական գանձարանը: Եվ երբ օսմանյան բանակը վերադառնում է Կոստանդնուպոլիս, սուլթանը, ի վիճակի չլինելով վճարել նրա ռոճիկները, «…ցանկացավ ժողովրդի վզին փաթաթել նոր արտակարգ հարկեր, որին Մուֆթին կտրականապես ընդդիմացավ» [112] ։

1585 թ. շահ Խուդաբանդայի մահից հետո Իրանում ծայր առան նոր գահակալական կռիվներ, որից եւ օգտվեցին թուրքերը ու երեք տարվա ընթացքում՝ մինչեւ 1588 թ., ամբողջ Անդրկովկասը Հարավային Ադրբեջանի հետ միասին իրենց ենթարկեցին։

1587 թ. Բաղդադի մոտ՝ «Կռունկների հովիտ» անվանված վայրում, Ֆերհադ փաշան, որն իր բանակը համալրել էր քրդական զորաջոկատներով, ծանր պարտության է մատնում իրանցիներին։ Հունիսին Սեֆյան Իրանի գահին բազմեց երիտասարդ ու հեռատես քաղաքագետ շահ Աբասը (1587-1629), որը հաշվի առնելով երկրում առաջացած ծայր աստիճան ճգնաժամային վիճակը (ամբողջ Իրանում թյուրքախոս ցեղերի կենտրոնախույս ավագանիները գլուխ էին բարձրացրել) հաշտության առաջարկով դիմեց թուրքական կողմին, որը եւ, ի վերջո, կնքվեց Կոստանդնուպոլսում 1590 թ. մարտի 21-ին։ Դրա համաձայն օսմանյան նվաճողների արյունոտ տիրապետության տակ անցան ողջ Անդրկովկասը եւ Հարավային Ադրբեջանը՝ Թավրիզի հետ միասին։ Երկու պետությունների սահմանները, որոնք որոշվեցին թուրքերի պատվիրակ Հըզըր փաշայի եւ Սեֆեվիների ներկայացուցիչների կողմից, հետեւյալն էին՝ Թավրիզի նահանգն Իրանից սահմանաբաժանվում էր Մարաղայի մոտով՝ Դելիկլիտաշ կոչված կիրճով, Արաքսի եւ Կուրի հոսանքներով [113] ։



[1]            J. Hammer, IV, էջ 180։

[2]            Նույն տեղում, էջ 182։

[3]            Նույն տեղում, էջ 184։

[4]            Chalcondyles, XIII, էջ 361։

[5]            Նույն տեղում։

[6]            Նույն տեղում։

[7]            Նույն տեղում, էջ 365։

[8]            J. Hammer, IV, էջ 189-190։

[9]            Նույն տեղում, էջ 191:

[10]          Chalcondyles, XIII, էջ 371:

[11]          Մ. Չամչյան, հ. Գ, էջ 511, «Եւ ժողովեալ զամենայն արուեստագետս քաղաքին՝ առաքեաց ի Կոստանդինուպօլիս, չորս բազումք էին յազգէ Հաչոց»։ «Սելիմը քիչ մնաց Թավրիզում, կարդում ենք Ժ. Շարդենի մոտ բայց իր հետ վերցրեց հարուստ ավար եւ երեք հազար ընտանիք արհեստագործներ, մեծամասամբ հայերից, որոնց տեղավորեց Կոստանդնուպոլսում (J. Chardin, II, էջ 340)։

[12]          Chalcondyles, XIII, էջ 371։

[13]          J. Hammer, IV, էջ 206։

[14]          Chalcondyles, XIII, էջ 372։

[15]          J. Hammer, IX, էջ 205։

[16]          Թուրքական աղբյուրների վկայությամբ մայիսի 5-ին (տե՛ս. J. Hammer, IV, էջ 212)։

[17]          Chalcondyles, էջ 373։

[18]          Նույն տեղում, էջ 375։ 1515 թ. արտագրված հայերեն մի ձեռագրում Մարտիրոս գրիչը այս դեպքերի մասին հայտնում է, որ Սելիմն «…էառ զբերդն Կամախայ եւ զբազումն կատարեաց ի քրիստոնէից եւ անհաւատից» (Մատենադարան, ձեռ. N 4515, էջ 259)։

[19]          J. Hammer IV, էջ 212-213։

[20]          Chalcondyles, XIII, էջ 375։

[21]          J. Hamer, IV, էջ 222-224։

[22]          Նույն տեղում, էջ 258։

[23]          Նույն տեղում, էջ 64։

[24]          Նույն տեղում, էջ 65։

[25]          Նույն տեղում, V. էջ 93։

[26]          Նույն տեղում, էջ 94։

[27]          Նույն տեղում։

[28]          Նույն տեղում։

[29]          Նույն տեղում էջ 93։

[30]          Նույն տեղում, էջ 95։

[31]          Նույն տեղում, էջ 100-101։

[32]          Նույն տեղում։

[33]          Նույն տեղում, էջ 204։ Chalcondyles, XIV, էջ 527։

[34]          Նույն տեղում, էջ 205։

[35]          Նույն տեղում, էջ 209։

[36]          Նույն տեղում, էջ 211-212։

[37]          Նույն տեղում, էջ 528։

[38]          Նույն տեղում։

[39]          Մանրամասն տե՛ս Մ. Կ. Զուլալյան. Արեւմտյան Հայաստանը XVI-XVIII դդ., էջ 36-38։

[40]          Ցուցակ հայերեն ձեոագրաց Մատենադարանի Մխիթարեանց ի Վիեննա, կազմեց Ն. Յակովբոս Տաշեան, Վիեննա, 1895, էջ 434։

[41]          Chalcondyles, էջ 530։

[42]          Նույն տեղում։

[43]          Նույն տեղում։

[44]          Նույն տեղում։

[45]          Նույն տեղում, էջ 531։

[46]          Նույն տեղում։

[47]          Նույն տեղում։

[48]          Նույն տեղում։

[49]          J. Hammer, V, էջ 10-11։

[50]          Նույն տեղում, VI, էջ 12։

[51]          Le voyage de Monsieur d’Aranon, appendice, p. 262-263.

[52]          Մատ., ձեռ. 6273, էջ 438։

[53]          D’Armon, էջ 78-79։

[54]          Նույն տեղում, էջ 80-81։

[55]          Տե՛ս Մ. Կ. Զուլալյան, Արեւմտյան Հայաստանը XVI-XVIII դդ., էջ 41-42։

[56]          D’Aramon, էջ 94։

[57]          J. Hammer VI, էջ 54։

[58]          Նույն տեղում։

[59]          Մատ., ձեռ. 6273, էջ 452-453։

[60]          J. Hammer, VI, էջ 55։

[61]          Տե՛ս Մ. Զալալյան, Արեւմտյան Հայաստանը XVI-XVIII դդ., էջ 44-45։

[62]          D’Aramon, appendice, էջ 264։

[63]          Նույն տեղում, էջ 265։

[64]          Մանրամասն տե´ս J. Hammer, VI. էջ 65-70։

64 ա        Histoire des ottomans ou empereurs des Turcs, p. 306.

[65]          Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 346։

[66]          Նույն տեղում, էջ 352։

[67]          J. Hammer, VII, էջ 75։ Վանի Խոսրով փաշան, կարդում ենք եվրոպական մի զեկուցագրում, սուլթանին սպառիչ տեղեկություններ էր հաղորդում Պարսկաստանի վիճակի մասին եւ ոգեկոչում նրան սկսել պատերազմը, ասելով, «որ նա իր դեմ գտնելու է», ոչ թե «…Եվրոպայի լավ պաշտպանված ամրոցների, թնդանոթների ու զենքերի, այլ թուր ու նիզակների, Ասիայի անպաշտպան ու բաց քաղաքների» (Histoire des ottomans…, էջ 308)։

[68]          J. Hammer , VII, էջ 80։

[69]          Նույն տեղում, էջ 81։

[70]          Histoire des ottomans…, էջ 311։

[71]          Մատ., ձեո. 8273, էջ 510-511։ Հայերեն ձեռագրերի հիշատակարանները խոսում են հայերի զանգվածային գերեվարության երեւույթների մասին։ 1578 թ. մի ձեռագրում նշված է. «ի թվին ՌԻԵ (1578) Հոռոմեցին (թուրքը— Մ. Զ. ) սաֆար արավ ի Սոֆուն (ձեռագրում ի Սովուն) վրայ եւ երեֆանայ ԿՌ (60. 000) գերի առին հայ ազգ, թող կոտորածն»։ Բարսեղ Վարագեցու տարեգրության մեջ նշվում է, որ «Երեւանայ աշխարհի քաղաքն եւ երկիրն, եւ ամենայն շուրջագայ գաւառքն եւ ամենայն աշխարհս քրիստոնէից ի յանօրէն ազգացն պարսից եւ իսմայելացւոց սրբաջինջ եղեւ» (Մանր ժամանակագրություններ, հ. I, երեւան, 1951, էջ 172)։ 1579 թ. Նախիջեւանից եւ այլ գավառներից գերեվարության ենթարկված հայերի թիվը նշված է ավելի քան «զքառասուն հազարն» . Ալիշան, Այրարատ, Վենետիկ, 1890, էջ 300 եւ հետ)։

[72]          J. Hammer, VII, էջ 66։

[73]          Նույն տեղու. մ, էջ 87։ Histoire des ottomans, էջ 312-313։

[74]          J. Hammer, VII էջ 88-89։

[75]          Այս Ուզդեմիր փաշան մինչեւ իրանական արշավանքը, համաձայն հայերեն ձեռագրի մի հիշատակարանի, իր բանակով գտնվելիս է եղել Էրզրումում ու խժդժություններ է կատարել հայ բնակչության նկատմամբ։ Օսման փաշան, կարդում ենք հիշատակարանում «…եկեալ բազմութեամբ զօրօք ի Թեոդապօլիս՝ որ է Առզրում եւ զչարիսն զոր արար ով կարէ պատմել կամ գրով արկանել կացեալ անդ աւուրս բազում, որ եւ զայր մարդիկ ի դուրս յգէին եւ կանայս եւ զկոյս աղջկանս եւ զտղայս խայտառակեին, այսպիսի պիղծ գործավք էին անօրենքն ազգն մահմեդի» (Մատ., ձեո, 4515, էջ 319)։

[76]          J. Hammer, VII, էջ 90։

[77]          Histoire des ottomans, էջ 314։

[78]          J. Hammer, VII, էջ 93։

[79]          Նույն տեղում, էջ 94։ Օսման Ուզդեմիրի Շիրվան եւ Ղարաբաղ կատարած այս արշավանքի մասին ահա թե ինչ է հաղորդում Իսրայել գրիչը «…երեկ Աւսման փաշէն Հոռոմացոց (թուրքերի— Մ. Զ. ) Դամուր ղապուն էառ ի աշխարհն, Շիրվանայ եւ կոտորեաց ազգս զիզիլպաշին, բազում խանս եւ սուլթանս եւ արար փախստական։ Երեկ ազգ մի կայր զայտաղ կու ասեն եւ գերեաց բազում տեղիս Ղարայպաղն, Ղարաղաջն, Խաչեն, Վարանդայ մինչեւ Տիզակ» (Մատ., ձեռ. 173, էջ 95ա)։

[80]          Historie des ottomans, էջ 315—316։

[81]          Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 352։

[82]          Fernard Braudel. Le Méditerrannée et le monde méditerranéen a l'epoque de Philippe II, Paris, 1949, p. 1013.

[83]          Histoire des ottomans, էջ 319-320։

[84]          Chalcondyles, XVI, էջ 768։

[85]          Fernand Braudel, էջ 1014։

[86]          Որ գերյալների մեծ մասը հայեր էին, երեւում է նաեւ XVI դարի անգլիացի վաճառական ճանապարհորդ Ջոն Նյուբերիի հետեւյալ վկայությունից. «Պարսկաստանի վերջին պատերազմներում (1578-1584 թթ. Մ. Զ. ) շատ քրիստոնյա գերիներ էին վերցրել Երեւանում եւ ուրիշ տեղերում», (Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 544)։

[87]          Histoire des ottomans, էջ 420։ Chalcondyles, XVI, էջ 768։

[88]          Chalcondyles, նույն տեղում, էջ 769։

[89]          Նույն տեղում, Histoire des ottomans, էջ 320։

[90]          Նույն տեղում։

[91]          Chalcondyles, XVI, էջ 769։

[92]          Նույն տեղում, Histoire des ottomans, էջ 324։

[93]          Chalcondyles, XVI, էջ 770։

[94]          Նույն տեղում։

[95]          J. Hammer, VII, էջ 106։

[96]          Chalcondyles, XXI, էջ 773։

[97]          Նույն տեղում, էջ 774։

[98]          J. Hammer, VII, էջ 109։ Երեւանի բերդի կառուցումը ծանր է անդրադառնում հայ բնակչության համար եւ այլ իմաստով։ Ծառ գյուղում արտագրված մի ձեռագրի հիշատակարանում գրիչը տեղեկացնում է մեզ, թե Երեւանի բերդը կառուցելու համար, «բազում եկեղեցիք, խաչ եւ տապանք քակեցին եւ քարն ի բերդն տարան, քրիստոնէից ազգս ամէն թալանուեցաւ, որ առաջ քան հասունել փաշային ի քաղաքն Երեւան, թաջալ ազգն արձակեց ի վերայ քրիստոնէից ազգիս, որպէս գայք ի վերայ ոչխարաց՝ քշեցին տարան մինչեւ Գանճայ ի հետ իւրեանց եւ անդ թալանեցին, բազումս սպանին եւ բազումս գերեցին։ Եւ ես անարժան գծողս անդ թալանած, փախստական եկի եւ գրեցի սուրբ աւետարանս» («Էջմիածին», 1950, XI-XII, էջ 87)։

[99]          Chalcondyles, XVI, էջ 775։

[100]        Նույն տեղում, էջ 776։

[101]        Նույն տեղում։

[102]        Նույն տեղում։

[103]        Մանրամասն տե´ս J. Hammer, VII, էջ 116-120։

[104]        Chalcondyles, XVI, էջ 777։

[105]        Նույն տեղում։

[106]        Նույն տեղում։

[107]        Նույն տեղում։

[108]        Նույն տեղում, էջ 778։

[109]        Մատ., ձեռ. 8939, էջ 274ա, 274բ, ձեռ. 6273, էջ 517, 518։

[110]        Chalcondyles, XVI, էջ 780։

[111]        Նույն տեղում, էջ 780։

[112]        Նույն տեղում, էջ 781։

[113]        Bekir Kütükoĝlu. Les relations entre l'empire ottoman et l'Iran dans la seconde moitié du XVIe siècle, „Turcica", Revue d'études turques. T. VI, Paris-Strasbourg, 1975, p. 143.