Դրուագներ Հայաստանի XIV-XVIII դարերի պատմագրութեան

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԶԱՔԱՐԻԱ ԱԳՈՒԼԵՑԻ

Հայաստանի 17րդ դարի երկրորդ կեսի տնտեսական կյանքի, հայ առեւտրավաշխառուական կապիտալի ներկայացուցիչների ծավալած գործունեության, նրանց եւ Երեւանի ու Նախիջեւանի խաների, ինչպես եւ պարսկական արքունիքի փոխհարաբերությունների, պետությանն ու եկեղեցուն տրվող հարկերի, կառավարող շրջաններում տիրող արատավոր բարքերի պատմության ուսումնասիրության համար ստուգապատում ու կարեւոր սկզբնաղբյուր է Ագուլեցի վաճառական՝ Քրդունց Զաքարիայի «Դավտարը»՝ օրագրությունը [1]: Այն հիմնականում տեղեկատու բնույթ ունի, գրված Երեւանի եւ Նախիջեւանի խանությունների սահմաններում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների հենքի վրա:

Զաքարիան ծնվել է1630թ. Ագուլիս գյուղաքաղաքում, վաճառականի ընտանիքում եւ պատանեկության հասակից վաճառականությամբ է զբաղվել, մահացել է 1691թ.: Առեւտրական աշխույժ գործունեություն է ծավալել Պարսկաստանի եւ Թուրքիայի քաղաքներում, եղել է նաեւ Իտալիայում, Հոլանդիայում Իսպանիայում, եւ Պորտուգալիայում:

Թէ ինչ կրթություն է ստացել Զաքարիան, հայտնի չէ, իր հավաստմամբ սովորել է հորեղբորորդու՝ քահանա Տեր-Մելքումի մոտ «Ես Զաքարէս այս  Տէր-Մելքումիս մօտ կարդացի» [2]:

Ագուլեցու «Օրագրությունը», ըստ պարունակած բովանդակության, տպագրության ժամանակ Ս. Տեր-Ավետիսյանը ճիշտ կերպով բաժանել է երեք մասի: Առաջին մասը (1-26 էջ), որ Ս. Տեր-Ավետիսյանը պայմանականորեն անվանել է «Ուղեչափություններ»,    բովանդակում է առեւտրական երթուղիների նկարագրությունը: Նրանում տրված են այն քաղաքները, գյուղերը, իջեւանատները, որոնցով անցել են Զաքարիան եւ մյուս առեւտրականները:

Ցույց են տրված բնակավայրերի ու կայարանների միմյանցից ունեցած հեռավորությունը, փոխադրամիջոցները, մաքսերի չափերը, օգտագործվող կշիռները, չափերն ու դրամները: Երկրորդ հիմնական մասը (27-155 էջ) Զաքարիայի ճանապարհորդական հիշատակությունն է կամ օրագրությունը, ուր մանրամասն նկարագրված են նրա ճանապարհորդությունները, սկսած 1647թ. մարտի 5-ից մինչեւ 1681թ. հոկտեմբերի11-ը: Այստեղ ամենայն մանրամասներով գրի են առնված Զաքարիայի, նրա եղբոր ու հորեղբոր տղաների ընտանիքների հետ կապված բոլոր անցուդարձները՝ ամուսնություն, ուխտագնացություն, ծնունդ, մահ, շարժական ու անշարժ ունեցվածքի ձեռք բերում, շինարարություն, սնանկություն, ծանր տնտեսական կացություն, ժառանգության բաժանում եւ շատ այլ իրողություններ: «Օրագրութեան» երրորդ մասը, որ Ս. Տեր-Ավետիսյանը խորագրել է «Աւարտաբանութիւն եւ ընտանեկան ժամանակագրութիւն» (155-165 էջ), պարունակում է Զաքարիայի հոր՝ Քրդունց Աղամիրի գերդաստանի ժամանակագրությունը:

Պազամիտ վաճառականի նպատակն է եղել՝ «որ ես Քրդունց Աղամիրի որդի Զաքարիայ այսօր Ագուլաց դուս գնացի... ուր որ գնամք, թե դիւղ եւ եթէ քաղաք թէ մտանիցեմ, կամ թէ զատիկ արարիցեմ, կամ թէ նշանաւոր բան կամ թէ օր հանդիբիցէ, գրիցեմ, պատճառն այս է. որ ով հարցնէ, սուրբ հոգին տացէ պատասխանին, այս է, որ կայ, յառջեւն գրած է» [3]: Եվ գրել է «ոչ թէ մին մարդ, Գ կամ Դ մարդ կուհարցնեմ անունն՝ կամ քանի աղաջ կայ կամ չկայ կամ մին աղաջ յետ կամ թէ առաջ, ոչ թէ չափելով իմացայ, այլ իմաստուն մարդիկ հարցանելով: Ոչ թէ մին անգամ գնալով այս գրեցի. ՌՂՋ յամի Ագուլաց դուրս գնացի մինչի ՌՀԺԳ յամն շուռջ գալով, գնալով, հարցանէլով գրեցի ըստուքն» [4]:

Ըստ Ագուլեցու էլ բոլոր պատուհասների՝ սով, երաշտ, համաճարակ հիվանդություններ, գերառատ ձյուն, երկրաշարժ եւ այլն, պատճառը մարդկանց՝ աստծու հանդեպ գործած մեղքերն են [5]:

Առանձին դեպքերում Ագուլեցին մանրամասնություններ է հաղորդում, որոնք չկան ժամանակակից պատմագիրների մոտ եւ դրանով լրացնում է նրանց ու հնարավորություն ընձեռում մեզ ավելին իմանալու այս կամ այն իրողության մասին: Այսպես, Զաքարիա Քանաքեռցին գրել է Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի՝ Կ. Պոլիս մեկնելու շարժառիթների ու այնտեղ մայր աթոռի շահերը պաշտպանելու մասին, սակայն Ագուլեցուց ենք իմանում, թե ինչ գնով է նա պաշտպանել այդ շահերը: Նա գրում է, թե Երուսաղեմի վարդապետ Եղիազարը եւ Հակոբ Ջուղայեցին Կ. Պոլսում ծախսել են ԲԳՃՌ մարչիլ եւ «Վերջն թագաւորէն ամբր դուրս եկաւ, որ կաթողիկոսն Օսմանցու երկրէն սրգուն քշեցին. ԲՌ թուման պարտքով փախաւ» [6]:

Կաթողիկոսը Կ. Պոլսից վերադառնալուց հետո, թեմերից փող է հավաքել պարտքը վճարելու համար: Ագուլեցին նշում է, որ այդ նպատակով նա 1672թ. դեկտեմբերին գնացել է Նախավկայի վանքը, ուր հավաքվել են Գողթանի բոլոր շրջաններից՝ «կաթողիկոսին պարտքի ջուղաբ արին, վասն շատ պարտք ունէր: Զերայ Ըստամբօլու մարդ էր եկել, թէ՝ կաթողիկոսն ԻԴՌ մարչիլ Մահմուդ աղային տալու այ, տվեք: Զումիաթ ջուղաբ արին, թէ չունքի կաթողիկոսն Օսմանցու երկրէն սրգուն են արել, պարտքն Օսմանցու երկրին հայերըն տայ» [7]:

Այնուհետեւ Ագուլեցին հայտնում է, որ իբր կաթողիկոսի պարտքի մարման պատրվակով Երեւանի Սաֆի-կուլի խանը մարդիկ է ուղարկել գավառները զինված ջոկոտներով, փող հավաքելու: Ագուլեցին արձանագրում է նաեւ, թե ինչպիսի դաժանություններ են գործադրել այդ մարդիկ տեղերում: Այսպես, Ագուլիս էր եկել Քայքայուղ բեկը կաթողիկոսի տեղակալ Սահակ վարդապետի, Նախիջեւանի քալանթարի եւ  30 զինվորների ուղեկցությամբ եւ պահանջել է 1000 թուման: Այդ Բեկը, դառնությամբ նշում է Ագուլեցին, «մին գիշերի ԼԵ մարդ կախեց, շատ անհամութիւն, վերջն՝ Աքուլիս, Դաշտն, Վանքն ամենեցուն, ԳճԾ թուման դուս էլաւ: Ոչ թէ միայն Աքուլիս, ամէն երկրէ առին, որ մինչի ԲՌ թուման կիտեց» [8]: Խանն այդ գումարը չի տվել կաթողիկոսին, որի պատճառով նրանց հարաբերությունները սրվել են եւ կաթողիկոսը ծածուկ փախել է, գնացել Սպահան [9]:

Քանաքեռցին մանրամասն նկարագրել է Հակոբ Ջուղայեցու կաթողիկոսության ժամանակ  երեւանցի ոմն Օնոփրիոս վարդապետի՝ Էջմիածնին պատճառած չարիքների մասին, սակայն Ագուլեցուց ենք իմանում, որ այդ Օնոփրիոսը  Երեւանից կաթողիկոսի փախուստից հետո կաշառք է տվել Սաֆի-կուլի խանին, որպեսզի նա բոլոր վարդապետներին կանչի Երեւան ու իրեն աթռակալ ընտրեն, հետո էլ, երբ ջրօրհնեքը մոտեցել է, նորից խանին կաշառք է տվել, որ նա վարդապետներին նորից հավաքի, որ ինքը ջուրն օրհնի, վարդապետները հավաքվել են եւ բոլորը դեմ են եղել Օնոփրիոսին, պատճառաբանելով, թե կաթողիկոսը նրան անիծել է եւ նա չի կարող օրհնել [10]:

  Ագուլեցին գրում է նաեւ, որ Ցղնա գյուղի՝ ազգությամբ վրացի, պարոն Փարսադան –բեկը այդ Օրնիոփոսի հովանավորողներից է եղել, եւ երբ իմացել է վերջինիս մահվան մասին, զայրացել է կաթողիկոսի վրա, ասելով, թե նա նախանձից է սպանել Օնոփրիոսին, գնացել Երեւանի խանին գանգատվել է, խանը, կաթողիկոսին կանչել է իր մոտ «Բ ամիս մնաց, աստ, անդ կաշառք տալ, Ե, ԶՃ թուման դուրս էլաւ. Պատճառը Օնքփրիոսն» [11]:

Զաքարիա Ագուլեցու կողմից լրացումները կարելի է շարունակել, բայց բավարարվենք այսքանով:

Լինելով առեւտրական, Ագուլեցուն առաջին հերթին հետաքրքրել է իր գրի առած անցուդարձերի նյութական կողմը: Մեր միջնադարյան ոչ մի պատմագիր ժողովրդի տնտեսական կյանքը, շահագործումը, կեղեքումն ու կողոպուտը դրամական արժեքներով ու չափերով չի տվել, ինչպես դա արել է Ագուլեցին: Նրա փոքրածավալ «Օրագրությունը» իր մեջ պարունակում է կոնկրետ ու չափազանց արժեքավոր տեղեկություններ Հայաստանի, Պարսկաստանի, Թուրքիայի, ինչպես նաեւ Եվրոպայի մի շարք երկրների 17րդ դարի երկրորդ կեսում ապրանքների  գների թանգության  ու էժանության գյուղատնտեսական ու շինարարական ծախսերի, պարհակների, հարկաչափերի, ռազմական տուրքերի, հողի արժեքի, առեւտրական գործարքների, կաշառքների, ընտանեկան ծախսերի եւ շատ այլ բնագավառների մասին: Այն պարունակում է նաեւ հարուստ ազգագրական նյութ: Խիստ արժեքավոր են նատկապես Ագուլեցու վկայությունները պաշտոնեության վրա ժողովրդի կատարած ծախսումների մասին: Նա ցույց է տալիս, որ պաշտոնյաների ժամանումները գյուղերի ու քաղաքների հայանքների համար մեծ չարիք են եղել: Ասում է. նրանք գալիս էին իրենց շքախմբերով, զինված ջոկատների ուղեկցությամբ եւ մնում էին ամիսներով: Ագուլիսի օրինակով տալիս է, թե յուրաքանչյուր օր ինչքան են ծախսել նրանց վրա, ինչ են նստել այդ ժամանումները Ագուլիսի համայնքին:

Ագուլիսի հարկահան-դարուղա, ոմն Բահրամ բեկ 1669 թ. 20 ձիավորով գնացել է Ագուլիս, 9 օր մնացել է այնտեղ, նա  «Օրն մին թուման խարջ ունէր» [12]: Բացի այդ, գնալիս էլ 17 թուման «ղուլուղ» էր վերցրել: Մի այլ անգամ 1671թ. այդ նույն Բահրամ բեկը 14 ձիավորներով 40 օր մնացել է Ագուլիսում, օրական ծախսը կազմել է ԲՌ (2000) դիան, գնալիս էլ 60 թուման է վերցրել [13]: Մի ոմն էյնալի աղա նույն1671թ. իր մարդկանցով նույնպես 40 օր մնացել է Ագուլիսում, հայերը նրանց վրա ծախսել են 50-60 թուման, իսկ Ագուլիսում ապրող թուրքերը՝ 200 թուման [14]:

Մի երրորդ անգամ 1673թ. նշված Բահրամ–բեկը 10 ձիավորով մեկ ամիս է մնացել, օրական ծախսը կազմել է 3000 դիան [15]: 1674թ. մի այլ դարուղա Բեհզատ-բեկ անունով 10 ձիավորներով երկու ամիս մնացել է Ագուլիսում եւ Դաշտում, օրական ծախսը կազմել է 3000 դիան, գնալիս էլ  80 թուման է տարել. «Թէ նաղտ, թէ ջնս, թէ ղուլուղ, թէ ահտազ» [16]: Դեռ չենք խոսում մի քանի օրով այցելությունների մասին, որոնց վրա նույնպես քիչ ծախսեր չեն կատարել ագուլեցիները:

Ագուլեցին գրում է, թե խաս գյուղերի մելիքները այդ դարուղաների ժամանումներից խուսափելու նպատակով, գնացել են Երեւան, ուր գտնվել է այդ ժամանակ Ադրբեջանի (Ատրպատական) վեզիր Միրզա Իբրահիմը, «մի քանի թուման փէշքաշ արարին, որ այս տարի (1675թ. . Բ. ) դարուղայ չաղարկի» [17]:

Նա բերում է մի քանի փաստեր այն մասին, որ գյուղերի, քաղաքների բնակիչները չտանելով խաների ու գավառապետերի կամայականությունները, բողոքել են շահին եւ թէ ինչպես շահերն առիթ են դարձրել այդ բողոքները եւ դարձյալ ժողովրդից գումարներ կորզել:

Այսպես նաեւ՝ 7-8 ցղնացիներ գնացել են շահի մոտ, բողոքել իրենց գավառապետ, վերեւում նշված Փարսադան բեկից, «Շահն բուուրմիշ (հրաման-Լ. Բ. ) կանէ, թէ ցղնեցիքն գուդէն վիզն դնեն, տանեն Ցղնայ, դիւան էնտեղ անեն: Զերայ շահին ծուռ ին արզ արել, շահն Ռ. (1000) թուման ջարիմայ գցեց ցղնցուց վիզն»: Փարսադանը նույնպես գնացել է շահի մոտ գանգատավորներին «ոմն գնդած, ոմն բուխաված» հետը բերել է Ցղնի, 6 ամիս այդպես պահել է մինչեւ ջարիմեն վերցրել է ու բաց թողել: Ագուլեցին ավելացնում է «Ահա այս է (7) յամ է, այս Փարսադանս տնով, ախպէրով որ Ցղնայ ուտում այ, շահի յօքմով» [18]:

Նա տեղեկություններ է հաղորդում նաեւ իր ապրած օրերում սնանկացած վաճառականների մասին, որոնց թիվը քիչ չէր եւ որոնց անվանում է «սատակածներ» եւ «Քրիստոսի դատաստանին սեւերեսներ»: Այդ «սատակածների» թվում է եղել եւ իր եղբայր Շմավոնը, որի մահից հետո պարզվել է, որ նա շատ պարտքեր է ունեցել եւ դրա համար օրագիր Զաքարիան շատ չարչարանք է կրել, անգամ Սպահանում շահի հրամանով բանտարկվել է, եւ ստիպված, մեծ դժվարություններ կրելով ու կաշառք տալով մարել է եղբոր պարտքերը: Մի ոմն մեծատուն Ավագի մահվան կապակցությամբ Ագուլեցին բացականչում է. «Ով մահկանացու, մ՛ի շատ ագահութիւն անիլ, վերջն այսպէս կու լինի» [19]:

Ագուլեցին նույնպես նկարագրում է իր հայրական տան վերակառուցումը, իր կատարած ծախսումները. «Ես Զաքարիայ, - գրում է նա, - ամէն շինեցի, թէ՜ ուստի, թէ՜ արկաթեղէնի, թէ՜ փայտի, թէ՜ դուրգար ու թէ՜ գաջի, թէ՜ քարի, չուրի Բ տարին մի ըստ միոջէ դավտարումն ջոկ գրեցի, չուրի մին դինարն գրած եմ ուրիշ դավտարումն, թէ՜ խորակ: Ամենայն հսաբն տէսայ, ջամն տէղս գրեցի, որ էլաւ ԿԵ (65) թուման» [20]: Իր ունեցվածքի օրինակով Ագուլեցին պատկերացում է տալիս նաեւ հայ միջին վաճառականի կարողության մասին: Եղբոր մահից  հետո նա հոր թողած ժառանգությունից բաժին է տվել եղբոր ժառանգներին: Նա գրում է «Ես Զաքարէս վեր առի մին խալի՝ ԷՌ դիան, մին կանաֆէտ՝ գինն ԴՌ դիան, մին քուրսու լխէր՝ գինն ԵՌ դիան, մին քուրսու ջէջիմ՝ ԵՌ դիան, մի բոյլու թվանգ՝ ԲՌ դիան, մին դէղին ֆանար՝ ԲՌ դիան, մին շամդան՝ Ռ դիան, մին ֆնթայ՝ Ռ դիան, մին թամբի թաքալթու՝ Ռ դիան… Դարցեալ, արծաթէղէնն այս է. մին գուլաւդան , Բ փարչ, մին Բուխրդան, Բ. Բարակ թափշի, մին ջամ, մին ղահվադան, մին գինու թաս, մին կուլայ, մին պումպ քաշելու, ջամն ԺԱ ճոթ, քաշն ամեն ՌԵՃ դրամ» [21]:

Արժեքավոր ու արժանահավատ ակնարկումներ ունի Ագուլեցին ճանապարհների անապահովության, աղջկահավաքների, ջալալիների, Ամստերդամից Մոսկվայի թագավորին թանկարժեք ջահ ուղարկելու, Գիլանի ու Ռեշտի վրա ղազախների հարձակման, ներքին հակամարտությունների, եկեղեցու տրվող հարկերի, կոռի եւ ներքին կյանքի շատ բնագավառների մասին:

Էջմիածնի 1678թ. խորհրդաժողովի կապակցությամբ Աշ. Հովհաննիսյանը ճիշտ նկատում է, որ «Բոլոր պարագաներում Էջմիածնի խորհրդաժողովի գումարման համար պիտի շտկելի համարենք 1678 թվականը եւ հավանական նկատենք 1677 թվականը, հիմք ընդունելով դեպքերին համընթաց տարեգրություն կազմող Զաքարիա Ագուլեցուն, որի մոտ ժամանակագրական սխալներ չկան գրեթե, ուստի եւ նրա նշումների արժահավատությանն ապավինած՝ պիտի ճշտվեն անցքերից տարիներ կամ տասնյակ տարիներ հետո մյուս հեղինակների արձանագրած իրողությունների ու դեպքերի կատարման թվականները» [22]:

Լեոն միանգամայն ճիշտ է նկատում, որ Ագուլեցու «Օրագրությունը» շատ հետաքրքրական է նախ եւ առաջ լեզվական տեսակետից, քանի որ ներկայացնում է այն ժամանակվա գործածական աշխարհաբարը, որը մանավանդ առեւտրական լեզու էր: Բացի դրանից, հայ վաճառականի կյանքն այնտեղ պատկերացած է զոկին հատուկ ռեալիզմով եւ մանրապատում ճշտությամբ [23]:

Աշ. Հովհաննիսյանն էլ գրում է, որ Զաքարիա Ագուլեցու «Դավտարը» 17րդ դարի հայ աշխարհիկ լեզվի եւ պատմագրության մեծարժեք հուշարձաններից մեկն է» [24]:



[1]            Զաքարիա Ագուլեցու Օրագրությունը, Երևան, 1938: Այսուհետև՝ Ագուլեցի:

[2]            Նույն տեղում, էջ 93:

[3]            Նույն տեղում, էջ 29:

[4]            Նույն տեղում, էջ 6:

[5]            Նույն տեղում, էջ 62, 74, 85, 94:

[6]            Նույն տեղում, էջ 66:

[7]            Նույն տեղում, էջ 110:

[8]            Նույն տեղում:

[9]            Նույն տեղում, էջ 111:

[10]          Նույն տեղում, էջ 120:

[11]          Նույն տեղում, էջ 128:

[12]          Նույն տեղում, էջ 94:

[13]          Նույն տեղում, էջ 111:

[14]          Նույն տեղում, էջ 112:

[15]          Նույն տեղում, էջ 118:

[16]          Նույն տեղում, էջ 121:

[17]          Նույն տեղում, էջ 126:

[18]          Նույն տեղում:

[19]          Նույն տեղում, էջ 85:

[20]          Նույն տեղում, էջ 91:

[21]          Նույն տեղում, էջ 115-116:

[22]          Աշ. Հովհաննիսյան, Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, գիրք երկրորդ, Երևան, 1959, էջ 208:

[23]          Լեո, Հայոց պատմություն, Հ. Փ, Երևան, 1946, էջ 156:

[24]          Աշ. Հովհաննիսյան, նշվ. աշխ., էջ 208: