Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Հաշտութեան բանակցութիւններ

Պատուիրակութիւնը պատրաստւում էր դէպի Տրապիզոն շարժուել, երբ ստացուեց Բրեստ-Լիտովսկում բանակցութիւններ վարող բոլշեւիկեան պատուիրակութեան քարտուղար, հայազգի Լեւոն Կարախանի հեռագիրը: Նա յայտնում էր, թէ Քառեակ Զինակցութիւնը պարտադրում է Խ. Ռուսաստանին Կարսը, Արդահանն ու Բաթումը զիջել թուրքերին: Այս ցնցող լուրը շփոթի է մատնում Սէյմի անդամներին, յետաձգւում է պատուիրակութեան մեկնումը: Յետոյ ստացւում է Բրեստ-Լիտովսկի դաշնագրի ստորագրման լուրը: Սէյմի կողմից բողոքի հեռագրեր են յղւում ամենուրեք, ազդարարւում է բոլորին, թէ Սէյմը իբրեւ առանձին պետութիւն չի ընդունում դաշնագիրը: Բայց դեռ ինքնին հարց էր այլ պետութիւնների կողմից Կովկասի անկախութեան ճանաչումը, եւ թէ որքանով կարելի էր Սէյմը առանձին պետութիւն համարել: Բրեստ-Լիտովսկի դաշնագրի ստորագրումից յետոյ Սէյմի նիստերում աւելի սուր եւ ակնյայտ են դրսեւորւում ազգայնական սեւեռումները: Մենշեւիկները եւ դաշնակցականները ձգտում էին պայքարել Անդրկովկասի ամբողջականութեան համար, իսկ մահմեդականները, թէ՛ Սէյմում եւ թէ՛ հաշտութեան պատուիրակութեան մէջ, պնդում էին ընդունել թուրքերի դրած պայմանները:

Բանակցութիւնները սկսելու համար պատուիրակութիւնը Մարտ 7-ին Թիֆլիսից ճամբայ է ընկնում դէպի Բաթում եւ այնտեղից էլ՝ նաւով դէպի Տրապիզոն: Խատիսեանը պատմում է, թէ ինչպէս Սեւ Ծովի վրայ ճամբորդելիս, Սեւ Ծովի նաւատորմի բոլշեւիկեան կոմիտէի պահանջով նաւապետը նաւը թեքել է դէպի Սեւաստոպոլ՝ պատուիրակութեան անդամներին բոլշեւիկեան կոմիտէին յանձնելու համար: Հազիւ կաշառքով ու սպառնալիքներով հնարաւոր է դարձել նաւը յետ դէպի Տրապիզոն ուղղել: [1] Հայաստանի այդ օրերի ղեկավարների յուշագրութիւններում պահուած այս մանրամասնութիւնները երբեմն աւելի խօսուն փաստեր են, որ լոյս են սփռում Դաշնակցութեան եւ բոլշեւիկ իշխանութիւնների յարաբերութիւնների վրայ. դրանք մէկ անգամ եւս վկայում են բոլշեւիկեան իշխանութեան չկամութիւնը՝ հանդէպ կովկասեան ինքնիշխան պետութեան եւ նրա բարեացակամութիւնը՝ հանդէպ թուրք հարեւանի:

Վերջապէս Տրապիզոն հասնելով՝ պատուիրակութիւնը շտապում է հանդիպելու թուրքերի հետ, իսկ սրանք դանդաղում եւ անընդհատ խոչընդոտներ են յարուցում: Իրականութիւնն այն էր, որ թուրքերը այլեւս կարիքը չէին զգում բանակցութիւնների եւ Բրեստ-Լիտովսկի դաշինքը գործնականացնելու համար արդէն զինուորական միջոցների էին դիմել:

Տրապիզոնում անորոշ վիճակի մատնուած երկար սպասումից յետոյ պատուիրակութիւնը վերջապէս ընդունւում է թուրքերի կողմից, եւ տարօրինակ պայմաններում Մարտ 14-ին սկսւում են բանակցութիւնները: Այդ ժամանակ արդէն ընկել էր Էրզրումը: Կարաբեքիրի հրամանատարութեան տակ գտնուող Թուրքիոյ ազգայնական բանակը յարձակուել էր արեւմուտքից. քրդերը շարունակում էին ասպատակել հիւսիսից ու հարաւից, իսկ ներսում Էրզրումի մահմեդականները ապստամբութեան էին դիմել: Այս բարդ իրավիճակի մէջ, դժուարին կացութեան մատնուած Էրզրումի պաշտպանութեան ղեկավար Անդրանիկը չկարողացաւ դիմադրել: Թրքական բանակը գրաւելով Էրզրումը եւ ճեղքելով Վանի, Խնուսի ու Ալաշկերտի պաշտպանութիւնները՝ շարժուեց դէպի Կովկաս: Էրզրումի ճակատամարտը, ինչպէս Րիչըրդ Յովհաննիսեանն [2] է նշում, Արեւմտահայաստանի համար տարուած վերջին կռիւն էր, որով թուրքերը վերստին տիրանում էին ռուսների գրաւած հայկական վեց վիլայէթներին: Այնուհետեւ ճակատը արդէն Կովկասի դռները պիտի փոխադրուէր, եւ այս անգամ թուրքերը պիտի կռուէին Բրեստ-Լիտովսկի շնորհած տարածքները իւրացնելու համար: [3] Այսպիսի մի իրադրութեան մէջ, պարզ է, որ բանակցութիւնների ընթացքն էլ դառնում էր արտացոլքը թուրքերի անզիջում պահանջկոտութեան: Իսկ Կովկասեան կառավարութեան պատուիրակները դեռ փորձում էին թուրքերին փաստել իրենց օրինականութիւնը՝ իբրեւ անկախ պետութիւն բանակցութիւններ վարել կարողանալու համար:

Կովկասեան պատուիրակութիւնը բանակցութիւնների հենց սկզբից մերժում է Բրեստ-Լիտովսկի պայմանները, տրամաբանելով, որ Անդրկովկասը մասնակցութիւն չի ունեցել պայմանագրի ձեւաւորման գործընթացին: Թուրքերը առարկում են, թէ այն ժամանակ, երբ տեղի էր ունենում Բրեստ-Լիտովսկի բանակցութիւնները, Անդրկովկասի կառավարութիւնը նոյնիսկ ձեւակերպուած չէր եւ մինչ այժմ էլ այլ պետութիւնների կողմից ճանաչուելու համար ոչինչ չի արել: Բացի այդ, նրանք յիշեցնում էին, որ եթէ անդրկովկասեան կառավարութիւնը ցանկանար, պիտի կարողանար իր ներկայացուցիչը ունենալ Բրեստ-Լիտովսկում, ինչպէս եղաւ Ուկրաինայի պարագայում: Այս հիմունքներով թուրքերը Անդրկովկասի կառավարութեան կողմից Բրեստ-Լիտովսկի պայմանագրի ժխտումը անընդունելի էին գտնում: [4]

Այսպէս, երկար ձգձգումներից յետոյ, Մարտի վերջերին վերսկսեցին բանակցութիւնները: Հակառակ թուրքերի պահանջին, Սէյմը որոշել էր անկախութիւն չյայտարարել, այսինքն՝ անորոշ թողնել Անդրկովկասի անկախութեան հարցը, քանի որ Անդրկովկասը առանց Կարսի, Արդահանի եւ Բաթումի չէր կարող ամբողջական պետութիւն համարուել, իսկ այդ երեք շրջանները ներառնելը եւ անկախութիւն յայտարարելը պիտի յաւելեալ թշնամութիւն առաջացնէր թուրքերի մէջ: Սէյմը, յամենայնդէպս, Չխենկելիին լայն լիազօրութիւն էր տուել՝ լրումի հասցնելու բանակցութիւնները, որոնք կողմերի կարծր կեցուածքի բերումով առայժմ անել կացութեան էին մատնուել: Բանակցութիւնների այս հանգրուանին, թուրքերը Անդրկովկասի պատուիրակութեանն են ներկայացնում մի վերջնագիր, որով պահանջւում էր անյապաղ ընդունել Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը եւ յետոյ, բանակցութիւններին պաշտօնական բնոյթ տալու համար, Անդրկովկասը անկախ յայտարարել: Հակառակ դէպքում նրանք սպառնում էին Բաթում մտնել: Ժամկէտ էր նշանակուած Ապրիլ 13-ը:

Պատուիրակութեան համար ուրիշ ընտրանք չէր մնացել: Պարզ էր, որ եթէ թուրքերը Բաթում մտնէին, կոտորածը անխուսափելի էր լինելու: Քաջազնունին ու Խատիսեանը այդ մասին հեռագրով տեղեկացնում են Սէյմի դաշնակցական ֆրակցիային եւ յարում, թէ թուրքերի պայմաններն ընդունելը կլինի չարիքի փոքրագոյնը: Այս կարծիքին էր նաեւ Չխենկելին, որը վերջնագրի նշած պայմանների մասին տեղեկացնում է Անդրկովկասի կառավարութեան եւ սպասում կարգադրութեան:

 



[1] Նոյն տեղում, էջ 42:

[2] Երախտապարտ եմ այս հայ պատմագէտին, որի կոթողային աշխատանքը հինգ հատորների մէջ պարփակուած՝ Armenia on the Road to Independence եւ The Republic of Armenia, հատոր I-IV, հարուստ փաստագրութեամբ, ուրոյն վերլուծութիւններով եւ Արեւմտեան աշխարհին յատուկ պատմագիտական մօտեցումով, նիւթի ու ներշնչման աղբիւր դարձաւ ինձ համար:

[3] Armenia on the Road to Independence, էջ 137:

[4] Բանակցութիւնների մասին զեկոյցը տես՝ Հ. Հ. Կ. Պ. Պ. Ա. ֆոնտ 222, ցուցակ 1, գործ 119: